ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Բրյուսել, 3-7 հուլիսի 2006 թ.)

Հարգելի գործընկերներ, հիրավի, հեշտ չէ ելույթ ունենալ անգլիացի խորհրդարանականի այսչափ բուռն և զգացմունքային ողջունաճառից հետո: Այս ամբիոնից հեշտ չէ արձագանքել առանձին հռետորների արտահայտություններին նաև այն պատճառով, որ նրանց ելույթները չափից ավելի են հիշեցնում հանճարեղ Ֆյոդոր Դոստոևսկու կողմից «Կարամազով եղբայրները» վեպում փայլուն նկարագրված ժամանակները: Ժամանակներ, երբ խավարի իշխան Նեռը ներկայանում էր Մեծ հավատաքննիչի դերում: Ստորգետնյա թաավորության դարպասները պահպանող առասպելական Կերբերի նման` նա հաջողացնում էր հանդես գալ որպես քրիստոնեական ուսմունքի մաքրությունը եռանդագին պաշտպանող: Եվ, ի՞նչ եք կարծում, ումի՞ց էր նա պաշտպանում աստվածաշնչյան պատվիրանների անարատությունը կամ ո՞ւմ էր բարոյախոսություն կարդում: Խրատում էր հենց իրեն, մեր Տեր Աստծուն` Հիսուս Քրիստոսին: Ցավոք, թվում է, թե մեր օրերում պատմությունը կրկնվում է: Ահա և այսօր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այս բարձր ամբիոնից պատերազմի Աստծո` Մարսի նորելուկ ժառանգրդները, որոնք ավելի քան 15 տարի անթաքույց տնտեսական պատերազմ են մղում Հայաստանի դեմ, իրականացնում են մեր հանրապետության շրջափակումը, այստեղ խաղաղարարական քարոզներ են կարդում հույներին, կիպրոսցիներին, հայերին: Սակայն այս պարագայում, չգիտես ինչու, նրանք` թուրք և ադրբեջանցի գործընկերները, լռության են մատնում այն հանգամանքը, որ, օրինակ, շրջափակման պատճառով Հայաստանի տնտեսությունը տարեկան կրում է 1,2-ից մինչև 1,5 մլրդ դոլարի վնաս: Եվ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ հարևան Թուրքիայի համար մեր հանրապետության օրենսդրությամբ, ըստ էության, սահմանված է առևտրում առավելագույն բարենպաստ ռեժիմ: Բավական է նշել, որ միայն 2005 թ. Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 139,9%, իսկ թուրքական ապրանքների ներմուծման աճի տեմպը` 145,4%: Հարկ է նշել, որ դա էլ այն դեպքում է, երբ Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ապրանքաշրջանառության ընդամենը 3,8%-ը, իսկ բացասական հաշվեկշիռը տարեկան կտրվածքով կազմել է 55 մլն դոլար: Հիրավի, պետք է կատաղի երևակայություն ունենալ, որպեսզի այս պայմաններում հաջողացնել ճարտարախոսել խաղաղությունից և սովորեցնել մեզ` ինչպես ապրել հետագայում: Ավելին, ցինիկությունը հասնում է այնտեղ, որ 1974 թ. անկախ Կիպրոսի Հանրապետության դեմ Թուրքիայի բացահայտ ռազմական ինտերվենցիան այստեղ մատուցվում է որպես խաղաղարար և մարդասիրական գործողություն, որը նպատակ ուներ փրկել կիպրոսցի թուրքերին կիպրոսցի հույների և Հունաստանի այն տարիների ոչ ժողովրդավարական կառավարության ռազմատենչ ոտնձգություններից:

Իրոք, անկեղծ էր Թուրքիայի Հանրապետության նախկին ղեկավար Սուլեյման Դեմիրելը, երբ պնդում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, սակայն` մեկ ազգ և մեկ ժողովուրդ: Այս պնդման ճշմարտացիության մեջ մենք կրկին համոզվեցինք և այսօր, երբ ադրբեջանական պատվիրակության անդամները իրենց թուրք գործընկերների հետ հանդես են գալիս իբրև մեկ ազգ` ամբողջովին կրկնօրինակելով նրանց մարտավարությունը: Ավելին, ադրբեջանցիները ուխտադրժությամբ գերազանցեցին վերջիններիս: Նրանց «քարոզները» երբեմն անհեթեթության են հասնում: Այսպես, երեկ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը հասավ այնտեղ, որ Հայաստանն անվանեց տարանցիկ երկիր, որտեղով թմրանյութեր են փոխադրվում: Հավանաբար, նա մոռացել էր, իսկ միգուցե հույսը դրել էր ԵԱՀԿ պատվիրակների բացարձակ անտեղյակության վրա, առ այն որ Հայաստանի Հանրապետությունը բաց սահմաններ ունի միայն Իրանի և Վրաստանի հետ: Ուստի, ադրբեջանական կողմը, ըստ էության, մեղադրեց հենց այդ երկրներին թմրանյութերի վաճառքին համամասնակից լինելու մեջ:

 

Ինչ-որ գեղեցիկ չի ստացվում մեր ադրբեջանցի գործընկերների մոտ, երբ նրանք, այնպիսի հեղինակավոր ներկայացուցչական ժողովում, ինչպիսին է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, մեղադրում են Վրաստանին և Իրանին` Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներին և տնտեսական խոշոր գործընկերներին այդ աստիճանի ծանրագույն հանցագործությանը մեղսակից լինելու մեջ: Բայց դրանով էլ միջազգային նորաթուխ մեղադրողների` մեր հարևանների մոլեգնած երևակայությունը չսպառվեց: Նրանք հասան այն բանին, որ իրենք` լինելով Ղարաբաղի անտառների, գյուղատնտեսական հանդերի հրկիզողներ, խորհրդարանի ամբիոնում մեր աչքերի առջև կերպարանափոխվեցին և առանց քաշվելու հրշեջի արտահագուստ հագան: Ղարաբաղի անտառային զանգվածները և գյուղատնտեսական հանդերը գիշերները ադրբեջանական կողմից ենթարկվում են գնդակոծման` հրկիզող լուսածրող գնդակներով և հրետանային ռումբերով, իսկ առավոտյան հենց իրենք էլ ամբողջ ձայնով շեփորահարում են «հայերի խարդավանքների մասին», որոնք, իբր թե, «ադրբեջանական տարածքներում» իրականացնում են «այրվող հողի» մարտավարություն: Ակնառու է դասական օրինակն այն բանի, երբ ստի կախարդների դրոշի վրա գրված են արդարության կոչեր: Այս հեղինակավոր համաժողովում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, վճռականորեն հայտարարում եմ. ղարաբաղցին չի հրկիզի իր սեփական տունը, կրակի չի մատնի իր սեփական անտառները և դաշտերը: Նրանց կողմից շատ մեծ գին է վճարված ղարաբաղյան ամեն մի թիզ հողի համար, չափազանց շատ արյուն է թափված:

Ակամայից միտք ես անում, ի՞նչ է թաքնված ադրբեջանական պետական քարոզչության այդ ստի հետևում: Նպատակը մեկն է` Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնել զավթիչի դերում և դրանով արդարացնել ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը երկրի ռազմականացման գործում: Ընդ որում, դա չի սահմանափակվում միայն նրանց բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմատենչ ճարտասանությամբ: Նշենք, վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են ավելի քան 3 անգամ և այժմ կազմում են Հայաստանի Հանրապետության ամբողջ բյուջեի 60%-ը: Գործնականում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ առաջատար անդամ-պետությունները վերջին 4 տարիների ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարությունների մեջ ներդնելով ավելի քան 7 մլրդ դոլար, ըստ էության, նպաստեցին Ադրբեջանի բացահայտ ռազմականացմանը: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանում տնտեսական խոշոր նախագծերի իրականացումը և Հայաստանի օտարումը այդ աշխատանքներում ներգրավված լինելուց, Ադրբեջանի ղեկավարության մոտ պատրանք առաջացրեց` ինքնորոշված անկախ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության վերաբերյալ: Ոմանք, հավանաբար, երազում են, որ մեր օրերում նույնպես հնարավոր կլինի կրկնել XX դարասկզբին Հարավային Կովկասում իրականացված արյունալի սցենարը, երբ, անգլիացի մի հայտնի քաղաքական գործչի պատկերավոր արտահայտության համաձայն, «ադրբեջանական նավթի գինը ավելի բարձր եղավ, քան հայերի թափված արյան գինը»: Քաղաքական արկածախնդրությունների սիրահարներին ցանկանում եմ զգուշացնել, որ XXI դարում մեր տարածաշրջանում պատմությունը չի կարող կրկնվել անգամ իսկ զավեշտի տեսքով: Հայաստանն այսօր այն չէ, ինչ էր 1915-1923թթ. ողբերգական տարիներին` Եղեռնի տարիներին: Ոչ ոքի չի հաջողվի կոտրել Լեռնային Ղարաբաղի ազատատենչ և հպարտ ժողովրդին: Համոզված եմ, որ աշխարհն էլ արդեն ուրիշ է: Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, որը ժամանակին գործնական քայլեր չձեռնարկեց Հայաստանը տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին` նավթատարի և գազատարի շինարարություններին ներգրավելու հարցում, դրանով իսկ Հարավային Կովկասում սկիզբ դրեց դեզինտեգրացիոն գործընթացների, այսօր արդեն թույլ չի տա, որ նավթադոլարները, որոնք երկնային մանանայի նման լցվում են Ադրբեջանի բյուջե, այս անգամ ևս ծառայեն տարածաշրջանում պատերազմ սանձազերծելու ստոր գործին:

Անհետաձգելի անհրաժեշտություն է հասունացել, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունի հատուկ բանաձև, որը խստորեն կսահմանափակի ԵԱՀԿ ողջ տարածքում նավթադոլարների օգտագործումը էներգակիրներ արտահանող երկրների ռազմականացման նպատակով: Այդպիսի բանաձևի ընդունումը, մեր կարծիքով, կհանդիսանա նստաշրջանի ընթացքում բազմակողմանիորեն քննարկվող «ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու անվտանգության ամրապնդումը» բանաձևի նախագծի տրամաբանական շարունակությունը:

Էներգակիրների արտահանումից ստացված շահույթների խաղաղ օգտագործման դրական օրինակ է ցույց տալիս Ռուսաստանի Դաշնությունը: Այստեղ, ինչպես դուք գիտեք, սկսվել է ազգային խոշորամասշտաբ չորս նախագծերի իրականացում, որոնք ունեն բացառապես խաղաղ, կառուցողական ուղղվածություն: Թող օրինակ վերցնեն Ռուսաստանից այդ հարցում և ոչ ոք դրան դեմ չի լինի:

Շատ էական ենք համարում «ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու անվտանգության ամրապնդման» բանաձևում այնպիսի ուղղումը չընդունելը, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանում կառուցված, Հայաստանը շրջանցող խողովակատարն ընդունել որպես օրինակ, որը, իբր թե, նպաստում է Հարավային Կովկասի երկրների տնտեսական ինտեգրմանը: Անհրաժեշտ է կրկին նշել, որ այդ նավթատարը և գազատարը ոչ միայն ունեն տնտեսական դեզինտեգրացիոն հետևանքներ, այլև բարձրացրել են Հարավային Կովկասում զինված հակամարտության վտանգը: Այս առումով մենք դրական ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումը: Վերջերս ամերիկյան կոնգրեսականները հայտնել են իրենց բացասական վերաբերմունքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախաձեռնվող Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգծի կառուցման նկատմամբ, ինչը կհանգեցնի Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգծի վերջնական սառեցմանը, որը ժամանակին ունեցել է նույն ֆունկցիոնալ նշանակությունը: Նոր երկաթգծի կառուցումը կբերեր Հայաստանի հետագա մեկուսացմանը Հարավային Կովկասում իրականացվող տնտեսական որևիցե նախագծից:

Հարգելի գործընկերներ, ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության ղեկավար տիկին Մամեդովայի կողմից բարձրացված հարցերին, ասեմ հետևյալը. նրան, չգիտես ինչու, դուր չեկավ հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հիշատակած պատմական այն փաստը, որ բալկանյան ժողովուրդները, այդ թվում նաև չեռնոգորցիները այդպես էլ չհաշտվեցին ապրել Օսմանյան կայսրության լծի տակ: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի մելիքությունների անհնազանդության փաստը այդ նույն թուրք-օսմաններին` ամբողջովին հունից հանեց ադրբեջանցի գործընկերոջը: Նա խորհուրդ տվեց մեզ կարդալ Թուրքիայի «փառավոր» պատմությունը: Չեմ թաքցնի, առիթ ունեցել եմ կարդալ ինչպես Օսմանյան կայսրության անփառունակ վախճանի, այնպես էլ 1923-ից սկիզբ առած Թուրքիայի Հանրապետության պատմությունը: Այդ պատմությունից, մասնավորապես, տպավորվել է այն, որ դեռևս 1919 թ. մայիսի 26-ին Օսմանյան կայսրության Արտակարգ ռազմական տրիբունալի որոշմամբ (որը հիմնադրվել էր վերջին սուլթան Մուհամմեդ VI Վահիդ Էդդինի կողմից) «Արևելյան վիլայեթներում հայերի զանգվածային կոտորածների համար» մահապատժի են դատապարտվել Էնվերը, Թալեաթը, Ջեմալը, Նազըմը և երիտթուրքերի կառավարության այլ ղեկավարներ:

Հարգելի պատվիրակներ, սրանք Հայաստանի պատգամավոր Արտաշես Գեղամյանի պնդումները չեն, ասվածը վավերագրական փաստեր են Թուրքիայի, ինչպես պատկերավոր կասեր տիկին Մամեդովան, «փառավոր» պատմությունից: Կան նաև այլ բնույթի պատմական փաստեր, որոնք շարադրված են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի զեկույցում: Այսպես, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի 1974 թ. տվյալների համաձայն, Օսմանյան կայսրության անկումից հետո կանգուն մնացած 913 հայկական եկեղեցական շինություններից 464-ը ամբողջովին ոչնչացված են, 252 տաճարներ և եկեղեցիներ վերածվել են ավերակների, 197-ը կարիք ունեն լուրջ վերականգնողական աշխատանքների: Ցավոք, թալանի և ոչնչացման է ենթարկվել նաև Սբ. Մակարի եկեղեցին, որը գտնվում է Նիկոսիայից 30 կմ հյուսիս-արևելք` ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության տարածքում: Այնպես որ, տիկին Մամեդովա, ես դեմ չեմ, որ Թուրքիայի «փառավոր» պատմության առանձին էջեր դառնան ԵԱՀԿ 53 երկրների պատվիրակների սեփականությունը: Այո, ես չսխալվեցի` ասելով 53 երկրների, քանի որ Հայաստանում չափազանց լավ գիտեն այդ պատմությունը, այն էլ ոչ միայն դասագրքերով: Սարսափազդու այդ պատմության ողբերգական հետևանքներն իր վրա զգացել է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք, պատմություն, որի էջերը գրված են 1,5 մլն անմեղ հայ նահատակների արյունով: Իրենց հերթին, ադրբեջանցի և թուրք պետական այրերը, հավանաբար, նույնպես վատ չգիտեն սեփական պատմությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում այդքան հետևողականորեն և հմտորեն աղավաղում են` մոլորության մեջ գցելով, ավա՜ղ, ոչ միշտ լուսավորյալ մեր աշխարհը:

Հարգելի պարոն նախագահ, հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ մի փոքր խախտեցի լիագումար նիստի ժամանակակարգը: Սակայն որպեսզի Ձեզ մոտ չստեղծվի այն տպավորությունը, թե մենք ոչինչ չենք ցանկանում ընդօրինակել մեր հարևաններից` Թուրքիայից և Ադրբեջանից, նկատեմ, որ դա ոչ միշտ է այդպես: Ինձնից առաջ ելույթ ունեցած Թուրքիայի պատգամավորը կրկնակի գերազանցեց իրեն հատկացված ժամանակը և Դուք ստիպված էիք հինգ անգամ զանգով հիշեցնել նրան դրա մասին: Ինձ զգուշացնող Ձեր երկրորդ զանգից հետո` ես շնորհակալություն եմ հայտնում ներկաներից ուշադրության համար և հայցում եմ նրանց ներողամտությունը ևս, որ ինքս էլ ակամայից հետևեցի թուրք պատգամավորի օրինակին և խախտեցի ելույթների համար հատկացված ժամանակը: Դե, ինչ, նման դեպքերում Ռուսաստանում կասեին` «Ցավոք, վատ օրինակը վարակիչ է»:

download English version (*.doc)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր