«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»


ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ - 2008

ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ
ԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2. ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
4. ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
5. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ
6. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
7. ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՓՈՓՈՒՄ


ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Հարգելի՜ հայրենակիցներ, 2007 թ. նոյեմբերի 27-ին կայացավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվեց նախագահական առաջիկա ընտրություններում երաշխավորել ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Չթաքցնեմ, որ գործընկերներիս որոշմանը և դրան իմ համաձայնությունը տալուն մոտեցել եմ ժողովրդիս առաջ պատասխանատվության բարձր գիտակցումով, նկատի ունենալով այն բարդ, պայթյունավտանգ իրավիճակը, որ ստեղծվել է երկրում ու նրա շուրջ:
Ձեր դատին եմ ներկայացնում «Հայաստան 2008. Արարման ծրագիր» իմ հեղինակած փաստաթուղթը, ինչպես նաև «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամների հիմնավորումներն ու իմ պարզաբանումները արված ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին: Աշխատել եմ Ձեզ ներկայացնել և բացահայտել վերջին շրջանում անձիս դեմ ի ուրախություն գործող իշխանությունների` նախկին իշխանությունների սանձազերծած սև քարոզչությունը:
Սիրելի՜ հայրենակիցներ, ակնկալում եմ, որ ուշադրությամբ կընթերցեք ներկայացվող նյութերը և բոլորիդ համար պարզ կդառնա, ողջ ճշմարտությունը, թե ինչու եմ այդ աստիճան անցանկալի թե՜ գործող և թե՜ նախկին իշխանությունների համար:
Խիղճս ազգի, մեր պետականության առաջ հանգիստ է, նպատակներս` ազնիվ, հաղթանակս` անխուսափելի:
Ձեզ հարգող, նվիրված ու հավատարիմ` Մամիկոնի և Սոնյայի որդի

28 դեկտեմբերի 2007թ.                                                                                                     Արտաշես Գեղամյան


ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Արդեն 11-րդ տարին է, ինչ ղեկավարում եմ «Ազգային Միաբանություն կուսակցությունը»: Կուսակցություն, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միավորում է, ուր ընդգրկված անձինք իրականացնում են ազատության, ժողովրդավարության, անհատական պատասխանատվության սկզբունքները, ովքեր ապացուցել են, որ կարող են արարել` արտադրել, կառուցել, կառավարել, օգնել մարդկանց, պաշտպանել երկիրը:
Ինձ համար հիմնարար են անձի գերակայությունը, մարդկային կարևորագույն արժեքները` բարությունը, սերը և բարոյականությունը, օրենքի առաջնայնությունը, իշխանության թևերի տարանջատումը, պետության վրա հասարակության դեմոկրատական վերահսկողությունը, մասնավոր սեփականությունը, տնտեսական ազատությունը, բոլոր քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը:
Ես քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգությանը, երկրի կյանքի բոլոր ոլորտներին նայում եմ շարքային քաղաքացու` այն նույն «հասարակ մարդու» տեսանկյունից, որին ավելի քան 17 տարի է, ինչ հաշվի չեն առնում իրար հաջորդող կառավարություններն ու «խոշոր քաղաքագետները»:
Իմ գործունեության հիմքում դրված է հասարակության կյանքի բոլոր կողմերի առողջացումը, ժողովրդի ստեղծարար ներուժի վերածննդի ապահովումը, ժողովուրդ, որը, հենվելով շուկայական ազատական տնտեսության լայն հնարավորությունների վրա, չմերժելով պետության կարգավորիչ դերը, իմ խորը համոզմամբ, ընդունակ է իրականացնել հասարակական հարստության արդարացի բաշխումը:
Ես կողմ եմ սոցիալական շուկայական ժամանակակից տնտեսությանը, պետության սոցիալական ազդեցիկ քաղաքականությանը ոչ միայն այն պատճառով, որ դա ինձ համար բարոյական անվերապահ կատեգորիա է, այլ որովհետև կարող է ու պետք է ծառայի որպես տնտեսության շարժիչ ուժ, դառնա տնտեսական քաղաքականության իմաստն ու նպատակը:
Կողմ եմ անձի ազատությանը և մարդու իրավունքները հարգելուն, բազմակարծության ընդլայնմանը և հանդուրժողականության ապահովմանը, քաղաքականության, տնտեսության, մշակույթի բնագավառներում ու ամենօրյա կյանքում անհատի ազատ ընտրությանը:
Ես դեմ եմ իրենց գործողություններով քաղաքացիական անգործունակության մղող իշխանությունների մշտական փորձերին, իշխանությանը տիրող անձանց ցանկացած գործողություն անմռունչ ընդունելուն, քաղաքական խնդիրներն ուժային և արյունալի ուղիներով լուծելուն, խստորեն դատապարտում եմ իշխանության անգործունակությունը հասարակության համար խիստ վտանգավոր` պետական մարմիններում կոռուպցիայի և անօրինականությունների դրսևորումները, պաշտոնատար անձանց նշանակմանը` անձնական նվիրվածության ու ազգակցականության սկզբունքով:
Անհրաժեշտ եմ համարում վերահսկողություն իրականացնել, որպեսզի օրենքները չխախտվեն, ժողովրդավարությունը զուգակցվի կարգուկանոնին, մարդիկ պաշտպանված լինեն իշխանությանը սերտաճած կլանների, մի խումբ հանցագործների ու սրիկաների կամայականություններից:
ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում աշխատելու եմ հասնել պետական այնպիսի մարմինների ձևավորմանը, որոնք կունենան ուժ, կամք Հայաստանի Հանրապետությունում օրինականություն և անհրաժեշտ կարգուկանոն հաստատելու գործում:

* * *

Իմ հայացքները, ըստ էության, համահունչ են պահպանողական կուսակցությունների գաղափարներին, քանի որ մեր կուսակցությունը կոչված է աջակցելու հայ ժողովրդին բնորոշ կայուն արժեքների ամրապնդմանը, որոնցից ամենագլխավորներն են` սերն ու նվիրվածությունը նախնիների հողին և նրա սրբություններին, ընտանիքի և գերդաստանի անսասանությունը, Հայրենիքի ազատությունը, հասարակության մեջ յուրաքանչյուր մարդու ինքնադրսևորման իրավունքի պաշտպանությունը, նորի զգացումը, կարեկցանքն ու արձագանքը նեղ վիճակում հայտնված մարդկանց ճակատագրին, համերաշխությունը բախտորոշ փորձությունների պահին:
Իմ գաղափարները համահունչ են նաև ազատական բնույթի կուսակցությունների գաղափարներին, քանի որ ի սպաս են դրվում քաղաքացու իրավունքներին, նրա տնտեսական ազատությանը, որը հիմնվում է մասնավոր սեփականության, ազատ ու արդարացի շուկայական մրցակցության վրա` ի շահ մեծամասնության ժողովրդավարական կամքի կենսագործման և փոքրամասնության իրավունքների պաշտպանության:
Գաղափարներս միաժամանակ համահունչ են սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կուսակցությունների գաղափարներին, քանի որ ըստ ամենայնի սատարում են մարդու սոցիալական պաշտպանվածությունը, նրա արժանապատվությունը, որ պետք է լինի պետական հոգածության առարկա:
Բայց և գտնում եմ`
- մոլորության մեջ են ազատականության այն կողմնակիցները, ովքեր կարծում են, թե ժողովրդավարության, սոցիալականության և իրավունքի սահմանադրորեն ամրագրված գերակայությունները կարող են ստեղծվել ու պահպանվել մի հասարակության մեջ, ուր առկա է բնակչության սոցիալական խորը շերտավորում, ուր չկա համընդհանուր համերաշխություն,
- մոլորության մեջ են արդյունաբերողների, հողատերերի և մտավորականների միավորումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե կարելի է կացութաձևի ու նպատակների հավասարակշռություն պահպանել հարուստների և աղքատների միջև, և թե բոլորի համար հնարավոր է ապահովել իրավական ու քաղաքական ազատություն` տնտեսական, սոցիալական և մշակութային ազատությունը թողնելով որպես զուտ ընտրյալ փոքրամասնության արտոնություն,
- մոլորության մեջ են ազգայնական շարժումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե համերաշխ, իրավական, ժողովրդավարական հասարակություն կարող է կառուցվել մարդկանց անհավասարության և «ազգից» դուրս գտնվող առանձին անհատի ազատության ապահովման հիման վրա,
- մոլորության մեջ են սոցիալ-դեմոկրատական ուղղվածության այն կուսակցությունները, որոնք գտնում են, թե միայն կենտրոնացված կառավարվող տնտեսությունը կարող է նպաստել մարդու ինքնուրույն, ներդաշնակ զարգացմանը` չխոչընդոտելով անհատի ազատ ձևավորմանը:

* * *

Կյանքում և քաղաքականության մեջ ձգտում եմ ղեկավարվել պարզ ու հասկանալի հետևյալ սկզբունքներով.
- պատասխանատվության սկզբունք. պատասխանատու քաղաքականությունը ենթադրում է հաշվետու լինել ստանձնած պարտավորությունների համար: Պետական ու քաղաքական յուրաքանչյուր գործչի պատվի գործն է իշխանությունից հեռանալ այն պահին, երբ պարզվում է, որ չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները: Պատասխանատվության իմ ընկալումը ներառում է և պատասխանատվություն ապագայի համար. թե՜ ապագան և թե՜ նրա հեռանկարները ինձ համար ունեն մեծ կարևորություն:
- բարոյականության սկզբունք. բացառվում է, որ վարեմ անբարո քաղաքականություն: Քաղաքականությունը պետք է վարել մաքուր ձեռքերով. նպատակը չի արդարացնում միջոցները: Քաղաքական նպատակներին հասնելու միջոցները ինձ համար պակաս կարևոր չեն, քան բուն նպատակները. ավելին` օրինականությունը չի կարող զոհաբերվել նպատակահարմարությանը: Դեմ եմ այնպիսի քաղաքականությանը, որի ուժով որոշ մարդիկ և սոցիալական խմբեր առավելություն են ձեռք բերում ուրիշների տառապանքների հաշվին, երբ մի առանձին խավ բարգավաճում է` զանգվածային աղքատացման ֆոնի վրա:
- կանխատեսելիության սկզբունք. քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի. յուրաքանչյուր քայլը պետք է հաշվարկվի մարդկանց համար դրա հնարավոր հետևանքների տեսակետից: Նրանք, ովքեր 1993 թ. թույլ տվեցին գների աճ 109 անգամ, չէին մտածել հետևանքների մասին: Այդ պատճառով բազմահազար մարդիկ զրկվեցին իրենց խնայողություններից: Ես դեմ եմ բախտախնդրությանը քաղաքականության մեջ, քանի որ քաղաքականության մեջ ամեն փորձարարություն հղի է վտանգով` փորձանք դառնալ մարդկանց, ժողովրդի համար: Այս իմաստով ես և մեր կուսակցությունը միանգամայն կանխատեսելի ենք և պատրաստ` բանակցելու, միավորվելու, զիջումների դիմել այն դեպքերում, երբ ակնկալվում է Հայաստանի առաջընթացը դեպի մեր հռչակած գաղափարները:
- պրոֆեսիոնալիզմի սկզբունք. գտնում եմ, որ պետությունը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Պրոֆեսիոնալը ոչ միայն իր գործի գիտակն է, այլև բարոյական անձ, որը հավատարիմ է մասնագիտական պատվո կոդեքսին և ենթարկվում է կատարողական կարգապահությանը: Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հարյուրավոր մարդիկ, ովքեր պետական իշխանության մարմիններում աշխատանքի մեծ փորձ ունեն: Նրանց հետ ունեմ հայացքների միասնություն և փոխըմբռնում: Սա էլ հենց կոչվում է «թիմ»: Միասնաբար մենք կարող ենք և պատրաստ ենք ստանձնել երկրի առողջ բոլոր ուժերը միավորելու` հանուն Հայաստանի Հանրապետությունում արարման գործընթացները անշրջելի դարձնելու համար:
Ձեր ուշադրությանը և դատին եմ ներկայացնում «Հայաստան 2008. Արարման ծրագիրը»: Ծրագիր, որի կարգախոսն է` «Հանուն ազգային միաբանության»:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

2003 թ. նախագահական ընտրություններին հաջորդած տարիները բնութագրվեցին հասարակության կյանքի բոլոր կողմերի վտանգավոր զարգացումների հետագա խորացմամբ: Ակնհայտ են հայրենական ապրանքարտադրողների արտադրանքի մրցունակության կորստի ակնհայտ միտումները, արդյունաբերության լճացումը, հարաբերությունների ֆեոդալիզացումը (ավատականացումը) ագրարային ոլորտում, արդի գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի Հանրապետության տնտեսության ոչ միայն հետագա առաջադիմության, այլ նաև գոյատևման ռազմավարության լիակատար բացակայությունը: Դա առավելապես պայմանավորված է պետական շինարարության ընդհանուր գաղափարախոսական դիրքորոշումների ամլացմամբ, գաղափարախոսություն, որը պետք է նպատակ ունենար միաբանել հասարակությանը, որպեսզի կարողանա դիմակայել համաշխարհային մրցակցության մարտահրավերներին և աշխատանքի համաշխարհային բաժանմանը: Սա, իր հերթին, հանգեցրեց հայ հասարակության հոգևոր, գաղափարական և բարոյական խորը ճգնաժամի: Անկախության 17 տարիների ընթացքում իշխանություններն այդպես էլ չկարողացան կառուցել հասարակական կյանքի մի այնպիսի կարգ, որ Հայաստանի քաղաքացիները լինեին ազատ, իսկ իրենք` իշխանություններն էլ չտրտնջային մեր հանդեպ հարևան պետությունների ու նրանց հովանավորների անարդար վերաբերմունքի դրսևորումներից: Բարձրագույն իշխանությունների համար ազատության ու արդարության, քաղաքացիների նյութական բարեկեցության ապահովման ձգտումն այդպես էլ չդարձավ առանցքային: Հայաստանի քաղաքացիները զրկված են ազնիվ աշխատանքով և ձեռներեցությամբ իրենց արժանավայել գոյությունն ապահովելու հնարավորությունից: Ամենուրեք` սկսած գյուղական, ավանային ու քաղաքային ինքնակառավարման մարմինների ղեկավարների և վերջացրած Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններով, Հայաստանի իշխանությունները կոպտորեն ոտնահարում են ընտրություններում և քաղաքական կյանքում մասնակցելու, օրենսդիր ու գործադիր իշխանություններ ձևավորելու քաղաքացիների ընտրական ու սահմանադրական հանընդհանուր իրավունքները:
2003 թ. նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բիրտ կեղծումը, ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու ուղղությամբ 2005 թ. հանրաքվեի արդյունքների ցինիկ նենգափոխումը հասարակական հարաբերություններում է՜լ ավելի խորացրեցին հարկադրման, ցանկացած այլախոհության ճնշման, քաղաքացիների անձնական արժանապատվության զգացմունքի ոտնահարման տեխնոլոգիան: ՀՀ անօրինական իշխանություններն անցկացնում են կիրթ, խելացի, զարգացած մարդկանց դիմազրկելու նպատակասլաց քաղաքականություն` սաղմի մեջ ոչնչացնելով պետության, հասարակական կյանքում, քաղաքացիական հասարակության կայացման մեջ գործուն մասնակցելու նրանց բնական ձգտումը: Արմատավորվում է մի մթնոլորտ, ուր գաղափարին փոխարինելու է գալիս վախը:
Չինովնիկական ուռճացված ապարատը ճնշում է գործնական նախաձեռնությունը, օտարում է ազգաբնակչության պատկառելի մասը հանրօգուտ ձեռներեցությունից: Պետական իշխանության գրեթե բոլոր մակարդակներում բարգավաճում է կոռուպցիան, որը քայքայում է պետության հասարակական ու սոցիալական կառուցվածքը, հանգեցնում է օրինական շրջանառությունից ֆինանսական խոշորածավալ միջոցների դուրսմղմանը: Կոռուպցիան աղքատություն է առաջ բերել Հայաստանում, իսկ աղքատությունը ծնել է շահամոլ մարդուն, որն անձնական շահի համար վաճառքի է հանել իր քաղաքացիական իրավունքները, այդ թվում ընտրության միջոցով իշխանություն ձևավորելու իր սահմանադրական իրավունքը: «Տարածաշրջանային զարգացման կենտրոն - Թրանսփարենսի ինթերնեյշնլ – Հայաստան» հասարակական կազմակերպության 2006 թ. օգոստոսին անցկացրած ուսումնասիրությունները (Հայաստանի բոլոր մարզերի պատահական ընտրված 1500 անհատական տնտեսություններում) հայտնաբերել են պետական ողջ մեխանիզմի էրոզիայի վտանգավոր միտումներ: Այսպես, հարցվածների 44.5 տոկոսը երկրի նախագահին խիստ կոռումպացված է համարել, 18.0 տոկոսը` կոռումպացված և 12.9 տոկոսը` մասամբ կոռումպացված: Հարցվածների 51.3 տոկոսը ՀՀ կառավարության աշխատակազմը համարել է խիստ կոռումպացված, 26.0 տոկոսը` կոռումպացված և 12.5 տոկոսը` մասամբ կոռումպացված. ընդհանուր հաշվով` 89.8 տոկոսը ՀՀ կառավարության աշխատակազմը համարել է տարբեր աստիճանի կոռումպացված: Ըստ այդ նույն հարցման, 93.7 տոկոսը այն կարծիքին է եղել, որ ՀՀ նախարարները և 84.8 տոկոսը` ՀՀ դատախազության համակարգը տարբեր աստիճանի են կոռումպացված: Հանգամանք, որը, թերևս, անուղղակիորեն ընդունում է նաև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը:
Օրենքի գերակայությունը դեռևս կյանքի անխախտ կանոն չի դարձել ինչպես պետության ու իշխանությունների, այնպես էլ առանձին քաղաքացիների համար: Ակներև են փաստեր, երբ պետական իշխանությունն ամենուրեք նահանջում է, անկանոն կերպով խուսափում պատասխանատվությունից: Այս վակուումը լցվում է ինքնավստահ ու անհիմն հավակնություններ ունեցող գործիչներով, որոնք մի շարք դեպքերում իրենցով փոխս են գցում իշխանությանը` «բարեգործական» լայնածավալ ձեռնարկումներ անցկացնելով հաճախ հանցավոր ծագում ունեցող, միանգամայն կասկածելի աղբյուրներից ձեռք բերած փողերով: Դեպի ժողովրդավարություն քայլելու փոխարեն` Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին գլորվել-ընկել է օլիգարխների, կլանների իշխանության կրնկի տակ, որն իր անչափելի և ոչնչով չարդարացված ամբիցիաներով վարկաբեկում է գործարար հանրությանը: Արդյունքում` Հայաստանում ժողովրդավարության բոլոր հիմնական գաղափարներն ամլացվել են: Հասարակական առողջ բանավեճի փոխարեն` երկրի քաղաքացիները հայտնվել են բարձրագույն իշխանության շարքերում նյութվող համատարած խարդավանքների ճիրաններում:
Լուրջ անհանգստություն է առաջացնում չինովնիկական ապարատի հետ քրեածին տարրերի սերտաճումը: Պետությունը իրավախախտների հետ խոսում է ոչ թե օրենքի, այլ նրանց լեզվով` մի բան, որ հանգեցրել է հասարակական բարոյականության հետնահանջին և բռնության, հանցավորության ու իրավական ժխտողականության հետագա աճին: Անելանելիության զգացումը բերում է ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի էական աճին: Ազգային վիճակագրական ծառայության ամենամյա պաշտոնական հաշվետվությունների համաձայն, 2003 թ. տեղի է ունեցել 188 ինքնասպանություն և 189 ինքնասպանության փորձ, 2004 թ. համապատասխանաբար` 184 ու 201, 2005 թ.` 199 և 200, ու 2006 թ.` 244 ինքնասպանություն և 221 ինքնասպանության փորձ: Վիճակը գրեթե անփոփոխ է մնացել նաև 2007 թ., ավելին հունվար-սեպտեմբերին արձանագրվել է սպանության 51 դեպք, իսկ սպանության փորձ կատարածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 25%-ով:
Իրավական ժխտողականությունը բնութագրում են այն տվյալները, որ 2003 թ., չնայած դատական ատյանների որոշումներին, կատարողական բոլոր վարույթներում բյուջեի օգտին չվերականգնված մնացորդ գումարները կազմել են 47 մլրդ 705 մլն 948 հազար դրամ, 2004 թ.` 32 մլրդ 534 մլն 78 հազար դրամ, 2005 թ.` 25 մլրդ 803 մլն 587 հազար դրամ, 2006 թ.` 18 մլրդ 715 մլն 364 հազար դրամ: Խիստ մտահոգիչ է այն, որ 2007 թ. հունվար-սեպտեմբերին բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարը կազմել է 22 մլրդ 52 մլն 614 հազար դրամ:
Ահագնանում է իշխանական կառույցների ու դրանք սպասարկող կուսակցությունների քաղաքական դեմագոգիան, վտանգավոր ծավալներ է ձեռք բերում հասարակական կարծիքը ձեռնածելու ընթացքը, պետության հիմքերի համար ավերիչ դեր են սկսում խաղալ, այսպես կոչված, «ադմինիստրատիվ ռեսուրսը» և «մեծ փողը»: Իրողություններ, որոնց խիստ բացասական հետևանքները զգացնել տվեցին Ազգային ժողովի 2007 թ. ընտրությունների վերջնաարդյունքում, երբ ԱԺ պատգամավորների շարքերում կրկին հայտնվեցին ժողովրդի մեջ հարգանք չվայելող, օրինաստեղծ աշխատանքից հեռու անձինք: Հիրավի, ժողովրդավարության էությունը հանդիսացող ընտրական համակարգը փոխակերպվում և վերածվում է «կոմպրոմատների» պատերազմի, «ուղեղների լվացման», պաշտոնների ու «փողատեր մեշոկների» մրցության: Դա ընտրողներից խլում է այն հավատը, որ իրենց ձայներով նրանք, իրոք, ի զորու են որոշել, թե` ո՜վ իշխանություն կստանա իրենց կամքով ու իրենց անունից: Ընտրություններին նվազաչափ ներկայանալը և բոլորին դեմ քվեարկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ բողոք մեր քաղաքացիների հիմնական իրավունքի բռնատիրման դեմ: Տեղեկատվության և մամուլի ազատությունը ճզմված է իշխանության հետ կատարելապես սերտաճած իշխող մեկուսախմբի կլանի ճիրանների մեջ: Մամուլային և հեռուստատեսային ձեռնածությունները հանգեցրել են սուտ, մարդկանց ապակողմնորոշող կամ դիտավորյալ ցնցող տեղեկատվության տարածմանը: Իրողություն, երբ «դափնիները» իրարից խլում են գործող և նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները: Դա իջեցնում է մամուլի և հեռուստաալիքների բարոյական ու ինտելեկտուալ մակարդակը և դրանց սպառողներին, ասել է, թե` Հայաստանի քաղաքացիներին անպաշտպան է դարձնում «ուղեղների լվացման» հանդեպ:
Առանց համապատասխան իրավական երաշխավորման անցկացվող տնտեսական բարեփոխումների չկշռադատվածությունն առաջ է բերել վարձու աշխատավորի անպաշտպանվածություն` զբաղվածության, աշխատանքի վարձատրման ու սոցիալական երաշխիքների ապահովման պետական համակարգերի քայքայման պայմաններում:
Իսկ իրականացվող ռեֆորմների հիմնական հետևանքները տագնապահարույց են: Երկրի առջև ծառացած հիմնախնդիրներն անաչառորեն վերլուծելու և տնտեսական աճի գիտականորեն հիմնավորված ռազմավարություն մշակելու փոխարեն, արդեն 17-րդ տարին է, ինչ գործադրվում է ազատական տնտեսական մի կեղծ քաղաքականություն, որի հիմնական իմաստն է ազգային եկամտի բաշխման համակարգի պահպանումը հօգուտ իշխանամերձ այն օլիգարխիկ կառույցների, որոնք հարստացել են ժողովրդին և պետությանը կեղեքելու հաշվին (թերևս, բացառություն կարելի է համարել 2008 թ. բյուջեն): Ավելին` շարունակվում է «դնովի» անձերի միջոցով բնապաշարների` աղետալի հետևանքներով հղի անզուսպ շահագործման, երկրից կապիտալի (դրամագլխի) անարգել արտահանման և պետական գույքի անպատասխանատու ծախծխման հանդեպ «ընտրյալների» իշխող մեկուսախմբի իրավունքն ամրագրելու երկրի իշխանությունների քաղաքականությունը:
Վարվող տնտեսական և դրամավարկային քաղաքականության ուղեգիծը հանգեցրել է նրան, որ տնտեսության իներցիոն զարգացումը գնալով դառնում է փակուղային: Չեն հաղթահարվում գիտաարդյունաբերական ներուժի անկման կամ էլ հետնահանջի միտումները, չեն լուծվում կարևորագույն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` հիմնական ֆոնդերի արդիականացումը, ոչ էներգատար ու գիտատար փոքր տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման հիման վրա հայրենական արդյունաբերության տեխնոլոգիական մակարդակի և մրցունակության բարձրացումը: Բավարար մրջոցներ չեն ձեռնարկվում երկրի գիտատեխնիկական ներուժի քայքայման առաջն առնելու ուղղությամբ: Ըստ էության, հանրապետության տնտեսությունն ընկել է տևական լճացման մեջ, ամրագրվել է համաշխարհային տնտեսության եզրակայքում որպես էժան աշխատուժի և հումքի աղբյուր ծառայելու նրա վիճակը (երևույթ, երբ ամեն գնով շահ կորզելու միտումը անդառնալի կորուստներ է պատճառում երկրի բնապահպանական համակարգին): Լիովին բացակայում է ինովացիոն ձեռնարկատիրությունը, պատշաճ ուշադրություն չի դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների լայն ներդրմանը:
Առանձնահատուկ մտահոգություն է հարուցում մտավորականության փաստացի ապադասակարգայնացումը (լյումպենիզացիան): Չհաշված շահամոլների ու հարմարվողականների մի նեղ խավի` մտավորականները հայտնվել են տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցելու ոլորտից հեռացված վիճակում կամ էլ իշխող մեկուսախմբային վարչակարգի համար դարձել վահան:
Հայոց պետականության հիմքերի համար լուրջ վտանգ է ներկայացնում զուտ ֆիզիոլոգիական գոյապայքարի կացության մեջ խրված մարդկանց ահագնացող քանակը: Նրանք չեն վստահում պետությանը, իշխանությունների կարգախոսներին ու պոպուլիստական խոստումներին, նրանց հավատ չեն ներշնչում աղքատության հաղթահարման կամ բնակչության զբաղվածության ապահովման ուղղությամբ պետության կողմից առաջարկվող տարաբնույթ ծրագրերը: Հանրապետությունում ձևավորված և խորացող իրադրությունն այնպիսին է, որ քաղաքացիների զգալի մասը դուրս է մղվել երկրում ընթացող իրական զարգացումներից: Մեր հասարակությունն սկսում է կորցնել հայ մարդուն, ընտանիքին ներհատուկ ավանդականությունը, հոգևոր-բարոյական ավանդույթների կրողի ու տիրոջ իր առաքելությունը: Մարդկանց հայացքները, նրանց ներգրավվածությունը կյանքի մեջ այնքան երկրորդական են դարձել, որ, թվում է, նրանք ներկա են Հայաստանում սոսկ ֆիզիկապես: Գերիշխում է պետության համար վտանգավոր միակը դարձած ընդհանուր դիրքորոշումը. ի՞նչ կարող է փոխվել, եթե պետական գործառույթների արդյունքում քաղաքացուն ամեն պահ ասես թե ներշնչում են, որ անձամբ ինքն ու իր նմանները ոչինչ չեն կարող շտկել հասարակության մեջ, որ իրենց մասնակցությունը երկրի կյանքին որևէ օգուտ չի տալիս: Դրա հետևանքով քաղաքացիների մեծ մասն ընկնում է խորը հիասթափության և անտարբերության, պետության կյանքում իրենց մասնակցության անիմաստության գիտակցման մեջ: Պետության կողմից արմատավորվող այդօրինակ մտածելակերպը, անգործությունը, անտարբերությունը զգալի չափով խտացնում են պաշտոնավորների ու իշխանակալների` մեր երկրում այժմ թագավորող անպատժելիության մթնոլորտը: Անօրինական իշխանության կողմից վարվող հակազգային քաղաքականության արդյունքում մարդկանց զգալի մասը դատապարտված է միմիայն իրենց ֆիզիկական գոյության համար պայքարելուն: Մեր քաղաքացիների պատկառելի զանգվածը ստիպված է կատարել այլազան «սոցիալական դերեր»` մտավոր աշխատանքի մարդուց վերածվելով բանվորի, մանրավաճառի կամ վարձու հողագործի, կամ էլ` տնայնագործ արհեստավորի:
Վտանգավոր միտումներ են արձանագրվել ազգաբնակչության զբաղվածության ոլորտում: Այսպես, 1999 թ. Հայաստանի տնտեսության մեջ զբաղված է եղել 1 մլն 320.1 հազար մարդ, այն դեպքում, երբ 2006 թ. նրանց թիվը կրճատվել և հասել է 1 մլն 112.4 հազարի: Ասել է, թե` այդ ժամանակամիջոցում զբաղվածների թիվը կրճատվել է 207700 մարդով:
Նման միտումը շարունակվել է նաև 2007 թ. հունվար-սեպտեմբերին, երբ տնտեսության մեջ զբաղված է եղել 1 մլն 84 հազ. մարդ` 10 հազ. 900 մարդով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:
Չափազանց տագնապալի նշագծի է իջել ազգաբնակչության բնական աճը: Օրինակ, 1997 թ. այն կազմել էր 19944 մարդ, իսկ 2006 թ.` ընդամենը 10419 մարդ: Այսինքն` վերջին 9 տարիներին Հայաստանի ազգաբնակչության բնական աճը կրճատվել է գրեթե 50 տոկոսով: Ավա՛ղ, դրական տեղաշարժ գրեթե չի արձանագրվել 2007 թ. ինը ամիսների կտրվածքով, երբ բնական հավելաճի տեմպը կազմել է ընդամենը 0,6%:
Հարկ է նշել, որ չքավորության մեջ է նաև զբաղված մարդկանց մեծամասնությունը: Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսության մեջ զբաղված յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում երկու չաշխատող: Սա, իր հերթին, նշանակում է, որ մեկ աշխատող մարդը պետք է կերակրի և՜ իրեն ու ևս երկուսի: Եթե հաշվի առնենք, որ պաշտոնական վիճակագրության տվյալներով 2007 թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության մեջ զբաղված աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 74028 դրամ, իսկ 2007 թ. նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվել է շուրջ 33145 դրամի չափով, ապա երկրում մեկ շնչին ընկնող միջին եկամուտները կազմել են 24676 դրամ, որը կազմում է սպառողական նվազագույն զամբյուղի 74,4 տոկոսը կամ պահանջվածի երեք քառորդը:
Աղետալի վիճակի մեջ են շարունակում մնալ կենսաթոշակառուները: Նրանց ամսական եկամուտներն ավելի քան 2 անգամ ցածր են նվազագույն սպառողական զամբյուղից և ավելի քան մեկ քառորդով ցածր են նվազագույն պարենային զամբյուղի արժեքից: Այստեղ հարկ եմ համարում գոհունակությամբ նշել, որ 2008 թ. պետական բյուջեով նախատեսված է կենսաթոշակների 60%-ի չափով ավելացում: Դա իր որոշակի դրական ազդեցությունը կունենա շուրջ 300000 թոշակառուների վրա: Կարևորում եմ նաև այն, որ նման հնարավորության հասնելու ճանապարհները հստակ մատնանշված են եղել 2007 թ. իմ կողմից գրված «Հակաճգնաժամային ծրագրում»:
Խախտված է անհատի, հասարակության և պետության շահերի միասնությունը, այն հավասարակշռված ու ներդաշնակ չէ տնտեսական, սոցիալական, միջազգային, տեղեկատվական, ռազմական և բնապահպանական հիմնախնդիրների հետ: Այս խախտված միասնությունը չի կարող դառնալ ազգային շահի հիմք ու բովանդակություն:
Առ այսօր չեն իրականացվում անհատի շահերը, սահմանադրական իրավունքների ու ազատությունների հիման վրա` քաղաքացիների անվտանգության ապահովումը, մարդկանց կյանքի ու բարեկեցության որակական մակարդակի բարձրացումը նրանց ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման պայմաններում:
Արհամարհվում են հանրության շահերը, անտեսվում են քաղաքացիական հասարակության վրա խարսխված իրավական, սոցիալական պետության հիմքերը ստեղծելու անհրաժեշտ գործոնները: Հասարակությունը միաբանելու փոխարեն, նրա մեջ էլ ավելի են խորացել դիմակայությունն ու անհանդուրժողականությունը:
Ոտնահարված են պետության շահերը, երաշխավորված չէ սահմանադրական դրույթների գործառությունները, խախտված է քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունությունը, որոնք օրինականություն և հանրային կարգուկանոն ապահովելու պարտադիր պայմաններ են: Երկրի ազգային շահերն այդպես էլ իրենց արտացոլումը չեն գտնում հասարակության բարոյական և հոգևոր հիմքերի ձևավորման, հայրենասիրական ու մարդասիրական արժեքների ամրապնդման ու պահպանման մեջ:
Արդ, որո՞նք են երկրի առաջընթաց զարգացումը խոչընդոտող մյուս պատճառները: Թվարկեմ դրանցից ամենակարևորները:
Առաջին. ազգային անվտանգության հայեցակարգի հիման վրա ընդունված պետական շինարարության ռազմավարության բացակայությունը հանդիսանում է հետխորհրդային Հայաստանի տնտեսական և իրավական ողջ համակարգի թուլության պատճառներց մեկը: Դրա հետևանքով անհնար է դարձել կուտակման և զարգացման համարժեք մեխանիզմի ստեղծումը, որը, իր հերթին, հանգեցրել է`
- տնտեսական կյանքի պետական կարգավորման կատարյալ բացակայության պայմաններում էկոնոմիկայի, ներքին և արտաքին շուկաների հապճեպ ու չկշռադատված ազատականացմանը,
- պետական ձեռնարկությունների «նոմենկլատուրային», հանցավոր սեփականաշնորհման, որը նպաստեց բնակչության թալանին և նախկին ու գործող պաշտոնյաների հետ սերտաճած մեկուսախմբերի միջև պետական ունեցվածքի բաժան-բաժան անելուն, կողոպուտին: Ժողովրդական բարիքի քաշել-տանելը տեղի էր ունենում «սեփականաշնորհված» ձեռնարկությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շուկայական միջավայրի ու ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայության պայմաններում,
- բյուջետային պակասուրդը ծածկելու և մակրոտնտեսական կայունությունը պահպանելու անհրաժեշտությունից դրդված` անընդհատ արտաքին նորանոր վարկերի փոխառությանը դիմելու քաղաքականությանը, որն իր հերթին երկիրն օրեցօր ընկղմում է արտաքին պարտքի ճահճի մեջ: Ելնելով հենց այդ իրողությունից` ՀՀ կենտրոնական բանկը ճարահատյալ իրականացնում է կոշտ դրամավարկային (մոնետար) քաղաքականություն, որն էլ կասեցնում է մեր տնտեսական զարգացումը:
Երկրորդ. ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հիմնական սխալները հանգեցրել է`
- դատաիրավական ողջ համակարգը քրեամենաշնորհայնացված իրավիճակում հայտնվելուն, սեփականության իրավունքների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրական և գործուն մեխանիզմների բացակայությանը, երկրում օրինականություն հաստատելու ոչ թե օրենքի, այլ` իշխանությունների` միակ ուժային միջոցի դերում հանդես գալուն,
- իշխանությունների կողմից արժեքների արատավոր համակարգի արմատավորմանը, որը ստեղծել է այնպիսի մի վիճակ, երբ անձի պաշտոնեական և մասնագիտական առաջխաղացման համար պարտադիր պայմաններ դարձան կաշառատվությունը, խաբեությունը, անբարոյականությունը: Ազգաբնակչության զգալի մասը ամեն օր ստիպված է լինում «ընտրություն» կատարել իր ընտանիքի համար գոյապայքարի և հայրենիքի միջև: Կամ կանգնել ժողովրդի, հասարակության շահերի պաշտպանության դիրքերում, կամ էլ իր ընտանիքի ապրուստի նվազագույն չափն ապահովելու համար հրաժարվել պետական շահը պաշտպանելու սուրբ առաքելությունից: Ահա նման երկընտրանքի առաջ է կանգնած մեր քաղաքացիների գրեթե մեծամասնությունը: Մարդկանց որոշակի զանգված վերածվել է այս աշխարհում ամեն սուրբ բան աստիճանաբար կորցնող խաբեբաների: Արմատախիլ են արվում հոգևոր և բարոյական արժեքները, Հայաստանում արդար ու ազնիվ աշխատանքով ապրելու հնարավորության հավատը: Ահա, սա է հենց ամենամեծ կորուստը,
- վարվող քաղաքականությունը առավել հարուստ փոքրամասնության շահերի պաշտպանությանն է ստորադասել հասարակության կայունության հիմքը հանդիսացող միջին խավ ձևավորելու անհրաժեշտությունը, իրավիճակ: Դա բերել է սոցիալական վտանգավոր շերտավորման և եկամուտների մակարդակով երկբևեռ պայթյունավտանգ հասարակության ձևավորմանը: Սա ազգաբնակչության մեծամասնության աղքատացման գլխավոր պատճառներից մեկն է: Երևույթ, որը էապես կասեցնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:
Երրորդ. պետականության գլխավոր հիմքերը կազմող գործոնները մոտեցել են վտանգավոր սահմանագծի. պետությունն այլևս ընդունակ չէ իրականացնել իր գործառնությունները պատշաճ մակարդակով, ասել է, թե` ապահովել ազգաբնակչության առողջության վերարտադրությունն ու պահպանումը, բանակի մարտունակությունը, գիտության, կրթության և արտադրական ենթակառուցվածքների կանոնավոր գործունեությունը:
Չորրորդ. նախագահական, օրենսդիր և գործադիր իշխանությունները չեն կարողացել համախմբել հասարակությունը, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայության պարագայում խավերի, կուսակցությունների, անհատականությունների շահերը և առաջնորդների ձգտումները նպատակաուղղվեին երկրի կողմից գլոբալիզացիայի մարտահրավերները հաղթահարելու պատրաստակամությանը: Դրա փոխարեն ունենք կուսակցությունների ու խմբավորումների, տեղական և գյուղական հայրենակցական միավորումների, եկեղեցական ու կրոնական համայնքների, աղանդների աննախադեպ աճ: Խորանում է ազգի պառակտումը: Դեռ ավելին. կան կուսակցություններ, որոնք, արհամարհելով ոչ հեռավոր անցյալի պատմական դասերը, իրենց համարում են հասարակության առանցք և միմիայն սեփական անձերի մեջ են տեսնում համազգային առաջնորդություն իրականացնելու իրավունքը: Սպառնալի չափերի է հասել պետական իշխանության տարբեր մակարդակի մարմինների, դրանց ղեկավարների, կուսակցությունների հանդեպ քաղաքացիների վստահության անկումը:
Հինգերորդ. երկիրը հայտնվել է հոգևոր խորը ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է ազգային մշակույթի, գիտության և կրթության անկումով: Մշակույթի ու կենցաղի ոլորտում շարունակվում են արմատավորվել հայ ժողովրդին խորթ ավանդույթներ ու սովորույթներ: Ժողովրդի լայն խավերի համար դեռևս մատչելի չեն առողջապահությունն ու կրթությունը: Սպառնագին չափերի են հասել պոռնկությունը, թմրամոլությունը և աղանդավորությունը:
Վեցերորդ. երկրում ձևավորվել է մեկուսախմբային տնտեսություն: Իշխանության մարմիններում խորապես արմատակալած կոռուպցիան, կաշառակերությունը, պետական միջոցների շարունակվող թալանը հասել է վտանգավոր չափերի: Սասանվել է մարդկանց հավատը, խռովվել են նրանց հոգիները: Այս ամենը, վերջիվերջո, խոցելի է դարձրել մեր պետությունը արտաքին ոտնձգությունների համար:
Հայաստանի Հանրապետության հասարակությունը պառակտված է, անելանելիության զգացումը կաթվածահար է անում ժողովրդի հավաքական կամքը: Իշխանություններն անընդունակ եղան միավորել երկրի հայրենասիրական բոլոր ուժերը: Ազգային ինքնությունը վտանգող սպառնալիքը համաժողովրդական պայքար է պահանջում, որ պիտի համախմբի հասարակության առողջ ուժերին:
Հայ ժողովուրդը հանդես է գալիս կենսահույզ սուր հարցադրումով. ինչպե՞ս ապրել այսուհետ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ

Համընդհանուր մրցակցության պայմաններում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործնական կազմակերպման համար անհրաժեշտ է քաղաքական նոր դաս, որն ընդունակ կլինի երկրին և, առաջին հերթին, նրա երիտասարդությանը առաջարկել հեռանկար և գործ: Դրա համար անհրաժեշտ է իշխանության նոր կազմակերպում, որը հստակ կսահմանի երկրի զարգացման ուղղությունը, կառաջադրի զարգացման նպատակները և կկազմակերպի հասարակության ու պետության համախմբումը առկա բոլոր միջոցներով` դրա իրականացման համար: Այլ ճանապարհ հանրապետությունը չունի, քանի որ ներկայումս մեր տնտեսությունը մոտեցել է իր զարգացման եզրագծին` կայացած համակարգի սահմաններում:
Հրամայական պահանջ է առաջիկա 10-15 տարիներին պետության զարգացման սեփական մոդելի ստեղծումը: Եվ երկրի համար ուրվագծվող ապագան անհրաժեշտ է, որ կապված լինի գործունեության նոր համակարգերի ստեղծման հետ, որոնք և ապահովելու են որակական աճ կյանքի բոլոր բնագավառներում:
Որպես գործունեության գերակայություններ ենք հռչակում ժամանակակից առողջապահական համակարգի ստեղծումը, «Հայաստանի տարածաշրջաններում հավասարակշռված զարգացման» պետական ծրագրի հաստատումը` բնական և աշխատանքային պաշարների առավել արդյունավետ օգտագործման հիման վրա, հաշվի առնելով Երևանի ու հանրապետության մարզերի միջև սոցիալ-ժողովրդագրական հաշվեկշռի հավասարեցման արդիական անհրաժեշտությունը, դրա հետևողական բարելավումը, հատկապես` բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններում:
Պետական քաղաքականության կարևոր ուղղություն եմ համարում հանրապետության բնակչության` ողջ կյանքի ընթացքում որակյալ ու անընդհատ կրթություն ստանալու վերաբերյալ ազգային նախագծի հաստատումը, երիտասարդության հարցերով` «Գլոբալացման դարաշրջանում երիտասարդության հարմարեցման (ադապտացիայի)» ազգային ծրագրի իրականացումը` հաշվի առնելով ժամանակակից հայկական կյանքի իրողությունները: Երիտասարդության հարցերով ազգային նախագծի շրջանակներում առաջնահերթ եմ համարում երիտասարդ ընտանիքներին հարմարավետ և մատչելի բնակարաններով ապահովելու համապետական միջոցառումների մշակումը:
Ազգային նախագծերի գերակայության պայմաններում դրանց անվիճելի կարևորությունն այն է, որ իշխող քաղաքական դասի գործունեության հիմքում դրված լինի արարումը, այսինքն` նոր կազմավորվող առաջատար ինֆրակառուցվածքների և արտադրական համակարգերի ստեղծումը, հասարակության սոցիալական կառուցվածքի ղեկավարումը:
ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում իմ գործունեության հիմքում կդրվի վերը շարադրված նպատակների կենսագործումը և իմ գործողությունները կծավալեմ համապետական ու ազգային նշանակություն ունեցող խնդիրների իրականացման հիման վրա:
Ընդ որում, ինձ հաշիվ եմ տալիս, որ առաջարկվող ազգային նախագծերի իրականացումը հնարավոր է միայն գործունեության նոր համակարգի հիման վրա: Այսպես, հնարավոր չէ գոնե կանգնեցնել երկրի ժողովրդագրական անկումը` չստեղծելով մարդկանց ապահով կյանքի և նրանց հարմարավետ տեղաբաշխման նոր ձևեր, որոնք, մասնավորապես, նկատի կունենան բազմազավակ ընտանիքներին, օրինակ` երեք երեխայից բաղկացած: Հնարավոր չէ կյանքը վերադարձնել գյուղ, կանգնեցնել գյուղից աշխատունակ բնակչության արտագաղթի հոսքը, հատկապես` երիտասարդության, առանց տարածաշրջանային զարգացման կազմակերպման և ժամանակակից ինֆրակառուցվածքների ու արդյունաբերության ստեղծման, որոնք հնարավորություն կտան լիարժեք և արժանապատվորեն ապրել ու արարել գյուղում: Եվ, վերջապես, չի կարելի «կացարանային խնդիրը» լուծել բացառապես տնտեսական ու իրավական միջոցներով` առանց պետության կողմից երաշխավորված երիտասարդ ընտանիքների երկարաժամկետ մատչելի վարկավորման` ապագային միտված հեռանկար ունեցող ծրագրերի իրականացման, առանց քաղաքաշինական և տնաշինական համակարգերի արմատական համալիր վերափոխման:
Պետության կողմից հասարակության զարգացման ղեկավարումը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է նաև մատնանշել ընթացիկ խնդիրներն ու պետության դերը շուկայական տնտեսության մեջ:
Հասունացած հիմնահարցերի ընդհանրացումը և դրանց փոխակերպումը նպատակների ու խնդիրների, որոնք թույլ կտան առարկայորեն և տեխնոլոգիապես լուծել նշված հիմնահարցերը` ահա սա է լինելու իմ քաղաքականությունն առաջիկա տարիներին:

ԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ  ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երկրի առաջընթաց զարգացումն ապահովելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է ձերբազատվել միստիկայից և «բարեփոխումներ» կոչվող հասկացությանն առնչվող խոսելախտից: Իսկ դա նշանակում է.
առաջին. երկրում իրականացվող բոլոր բարեփոխումները, տնտեսական վերափոխությունները հարկավոր է հարաբերակցել և ներդաշնակեցնել ազգային անվտանգության շահերի հետ: Հիմնականը պիտի լինի այն, թե ի՜նչ են, ի վերջո, տալիս այդ նորամուծությունները հայոց պետականության ամրապնդման, մրցունակ արտադրության վերստեղծման, ինքնիշխանության և ազգաբնակչության բարեկեցության աճի համար:
Երկրորդ. երկրի ու ժողովրդի շահերը, ազգային անվտանգության ապահովումը պետք չէ պայմանավորել սեփականության այս կամ այն ձևով, պետական հատվածում պետք չէ քանդել այն, ինչը դեռ կա և որը մոտակա ժամանակներում չի կարող լինել մասնավոր սեփականության ոլորտում: Խոսքը վարչահրամայական համակարգի վերականգնման մասին չէ, այլ` չսեփականաշնորհված ձեռնարկությունների կառավարումը շուկայական համակարգի շրջանակների մեջ փոխադրելու մասին է:
Երրորդ. Հայաստանի տնտեսությունն ունի փոքր ու միջին մասնավոր ձեռնարկատիրության և ագարակատիրության պետական հովանավորության քաղաքականության կարիք: Այդ քաղաքականությունը պետք է հենվի շուկայական տնտեսության երեք կարևորագույն սկզբունքների վրա` հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում և սեփականության անձեռնմխելիության երաշխավորում: Եվ այդ ամենը օրենսդրական հիմքերի ապահովման վրա: Այս բնագավառում վարվող քաղաքականությունը պետք է նպաստի ինչպես խոշոր բիզնեսի գործունեությանը, այնպես էլ` համապատասխան գանձապետական (ֆիսկալ) լծակների միջոցով խրախուսի փոքր և միջին ձեռնարկատիրության ու ագարակային տնտեսությունների զարգացումը: Այդօրինակ մոտեցման դեպքում հնարավոր կլինի ստեղծել հազարավոր աշխատատեղեր և էապես բարձրացնել ազգաբնակչության կենսամակարդակը:
Չորրորդ. հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել գիտության զարգացման վրա և ձգտել ապահովելու փոխշահավետ ու բեղմնավոր գործակցություն գիտության և բիզնեսի ամենատարբեր բնագավառների միջև: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան (օրենսդրական, ինստիտուցիոնալ, մտավոր, կազմակերպական) նախադրյալներ և պայմաններ, որպեսզի տնտեսական աճը պայմանավորված լինի ինովացիոն գործունեության առաջատար դերով, որը թույլ կտա ներդնել և՜ նորույթներ, և նրա արդյունքը, որպեսզի գաղափարը, մշակումը և տեխնոլոգիան ներդրվեն շուկայական համատեքստի մեջ ու բավարարեն հանապազօր պահանջմունքները: Հարկավոր է, գործնական նորամուծությունների միջոցով, հասնել իրենց հատկանիշներով ու հատկություններով բարձրորակ ապրանքների, մթերքների, ծառայությունների ու տեխնոլոգիաների ստեղծմանը: Վարվող տնտեսական քաղաքականության հիմքում պետք է դրվի նոր հնարավորությունների, տեխնոլոգիաների ու գաղափարների շահագրգիռ որոնումը, որոնք գործնականում կապահովեն աշխատունակ ազգաբնակչության առավել գործուն մասի համար մտավոր ու ստեղծագործական գործունեության լավագույն պայմաններ:
Հինգերորդ. մեր ազգաբնակչությունն ունի հայրենական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների, մատչելի ծառայությունների, բարձր որակավորում չպահանջող նոր աշխատատեղերի կարիք: Դա հրատապ է դարձնում ներքին շուկայի զարգացման խնդիրը` բնակչության գնողունակության աճի, դեպի հայրենական արտադրություն մարդկանց վերակողմնորոշելու հիման վրա: Խիստ կարևոր ենք համարում նաև արտադրական և գյուղատնտեսական հատվածների ուժերի միավորումն ու սերտ համագործակցությունը:
Վեցերորդ. հարկավոր է բացառել գործերի այնպիսի վիճակի հնարավորությունը, երբ բնակչությանը հուզող, հրատապ հարցերի լուծումը պետությունը փոխանցում է օլիգարխիկ կառույցներին` մի բան, որն անխուսափելիորեն հանգեցնում է պետական ինստիտուտների էրոզիային, դրանց դերի ամլացմանը, երկրի ապաարդիականացմանը և սոցիալական անկմանը:
Այն գլխավոր հարցերը, որոնց պատասխանները իշխանությունից սպասում է հասարակությունը, առաջին հերթին վերաբերում են աղքատության հաղթահարման հիմնախնդիրներին, վերաբերում են աշխատունակ ազգաբնակչության մեծամասնությանը, անվճար կրթություն, բժշկական օգնություն ստանալու, սոցիալական երաշխիքներ հաստատելու հնարավորությանը, անհրաժեշտ հարմարություններով ապահովված, պաշտպանված մանկությանն ու ծերությանը:
Ապրանքային գործելակարգով ապրող մարդկային հասարակության մեջ գործում է համապատասխանության օրենքը, որի համաձայն` տնտեսությունը նորմալ է զարգանում միայն այն դեպքում, եթե հասարակության մեջ հաստատված արտադրական հարաբերությունները համապատասխանում են հասարակության արտադրողական ուժերի միաժամանակ երկու պարամետրերին` զարգացման մակարդակին և դրանց բնույթին: Այսինքն, երբ արտադրողի շահերը համընկնում են երկրի տնտեսական շահերին: Հաշվի առնելով այս հանգամանքը` անհրաժեշտ է որոշել տնտեսական քաղաքականության գերակայությունները, դրանց հասնելու նպատակների ու միջոցների համապատասխանությունը: Հարկ է նաև առանձնացնել երկրի տնտեսական անվտանգությանը սպառնացող գործոններն ու մարտահրավերները, որոնցից գլխավորներն են.
- արտադրական հին հզորությունների` զանգվածաբար շարքից դուրս գալը և, արդյունքում, գիտաարտադրական ու պահուստային ներուժերի կտրուկ կրճատումը,
- տնտեսության կառուցվածքակազմիչ ճյուղերի նկատմանբ պետական և հասարակական հսկողության ու հոգածության լիակատար բացակայությունը,
- մտավոր ներուժի շարունակական քայքայումը,
- դրամական կանոնավոր շրջանառության արգելակումը:
Տնտեսական քաղաքականության մեջ, իբրև գործելակերպ, կարևորում եմ հետևյալ գերակայությունները.
1. գիտատար բարձր տեխնոլոգիական (տեղեկատվական և կենսաբանատեխնոլոգիաներ, գենային ճարտարագիտություն, նանոտեխնոլոգիաներ) արտադրությունների մեջ ներդրումների ծավալների զգալի (3 և ավելի անգամով) ավելացում, որը պարտադիր պայման է առկա գիտաարտադրական ներուժի պարզ վերարտադրության համար,
2. ինովացիոն ծրագրերի լայնածավալ ներդրման երաշխավորումը, ինովացիոն ներուժի վերածումը արտադրականի, այնուհետև` առևտրայինի: Տնտեսության արդիականացումը` նոր տեխնոլոգիական հենքի հիման վրա, որն անհրաժեշտ է երկրի տնտեսությունը ճարակած կառուցվածքային ճգնաժամը հաղթահարելու և գլոբալ մրցակցության պայմաններում կայուն զարգացում երաշխավորելու համար: Այնպիսի պայմանների ապահովում, որ գիտելիքներն ու նոր տեխնոլոգիաները դառնան հիմնական տեխնոլոգիական ռեսուրս,
3. երկրի զարգացմանը միտված խնայողությունների ու ներդրումների միջև փոխշահավետ կապի վերականգնումը, բանկային համակարգի բնականոն, ներդրումային մթնոլորտ խրախուսող աշխատանքի կարգավորումը, հանրապետությունից կապիտալի ապօրինի արտահանման արգելումը,
4. գործուն միջոցների ձեռնարկումը` աշխատավարձի անհրաժեշտ չափի վերականգնման ու զանգվածային գործազրկություն առաջացնող պատճառների վերացման ուղղությամբ և երկրից բարձրորակ ու բարձրակիրթ կադրերի արտահոսքը դադարեցնելուն ուղղված պայմանների ստեղծումը,
5. դրամական շրջանառության, վճարումների ու հաշիվների համակարգի կանոնավորումը, արտադրական գործունեության վերաֆինանսավորման գործընթացի կարգավորումը,
6. մակրոտնտեսական բարենպաստ պայմանների ապահովումը` արտադրությունը զարգացնելու համար, ինովացիոն ու արտադրական ներուժի մակարդակի աճի խթանումը,
7. տնտեսության ապաքրեականացման ապահովումը, շուկայական մրցակցության մեխանիզմների գործողության երաշխիքների ստեղծումը, շուկայում մենաշնորհային դիրքով պայմանավորվող չարաշահումների հնարավորության բացառումը,
8. գլոբալ մրցակցության մեջ հայրենական տնտեսության համեմատական առավելությունները լիովին բացահայտելու, տեխնոլոգիական նորագույն դրվածքի հանգուցային բնագավառներում` համաշխարհային շուկայում միանգամայն մրցունակ արտադրատեխնիկական ու բարձր տեխնոլոգիական կառուցվածքների աճի «լոկոմոտիվներ» առաջ բերելու պայմանների հաստատումը,
9. բյուջետային եկամուտների կրկնապատկման ապահովումը` բյուջետային ռեսուրսների պակասը համալրելու նպատակով` խնդիր ունենալով հաղթահարել հանրապետության առաջ ծառացած և հրատապ լուծումներ պահանջող պրոբլեմները: Իրողություն, որը պայմանավորված է ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի աննշան տեսակարար կշռով, ինչն էլ հետևանք է պետության` իր պարտավորությունները կատարելու անկարողության փաստով: Հարկ է նշել, որ այս հարցը փոքր-ինչ մեղմվել է 2008 թ. պետական բյուջեում, որտեղ հիմնականում ստվերի կրճատման արդյունքում նախատեսված է եկամուտների շուրջ 130% աճի տեմպի ապահովում: Անհրաժեշտ եմ համարում նաև, բյուջետային և վարչական ռեսուրսները կենտրոնացնել Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու համար. հենց այսօրինակ մոտեցումը պետք է դրվի երկրի տնտեսական ուղեգծի հիմքում: Դա երաշխիք է` միջոցները ինքնահոս, առանց շոշափելի դարձարդյունքի մսխելու դեմ, դա ներդրում է մարդկային գործոնի մեջ, ուստիև Հայաստանի ապագա զարգացման գործին,
10. առանձնահատուկ արդիականություն և առաջնայնություն տալ կրթության, բնակատեղի ու առողջապահության ոլորտի զարգացման հարցերին: Որպես պետական կարևորություն հռչակել այն հարցերի լուծման խնդրի հայտարարումը, որոնք անմիջականորեն ազդում են երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա և, որոնք անհրաժեշտ մեկնարկային պայմաններ են ստեղծում մարդկային կապիտալը զարգացնելու համար:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Պետության հիմնական գործառույթը շուկայական համակարգին համապատասխանող օրենսդրության մշակումն է, դրա անշեղորեն կենսագործման նպատակով համապատասխան պայմանների ապահովումը, շուկայական ինստիտուտների ձևավորմանն աջակցելը: Պետության գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև մրցակցային միջավայրի ստեղծումն ու խրախուսումը: Շուկայի բնականոն գործունեության համար այն զգալիորեն ավելի կարևոր է, քան սեփականաշնորհումը: Այս համատեքստում առանձնակի նշանակություն է ձեռք բերում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և աճին նպատակաուղղված ակտիվ քաղաքականությունը:
Հատկապես կարևոր է իսպառ բացառել պետական չվճարումների հնարավորությունը, ներառյալ` որպես վճարման միջոց դրամական զանազան փոխարինիչների պարտադրումը: Կարևոր է, որ ազգային շահերին համապատասխան կարգավորելով բնական ռեսուրսների օգտագործման ուղղությունները, պետության կողմից կիրառվող գործիքները չսասանեն շուկայական մեխանիզմների գործունեության հիմքերը:
Միջոցները կենտրոնացնելով պետբյուջեում` կառավարությունը հնարավորություն է ստանում ապրանքների և ծառայությունների պետական գնումների միջոցով ուղղակիորեն ազդել արտադրական հզորությունների տեղաբաշխման վրա: Պետությունն իր տրամադրության տակ ունի նաև անուղղակի այլևայլ գործոններ` արտոնյալ հարկեր ու ակցիզներ, արտահանումը խրախուսելու միջոցառումներ, ներմուծումը սահմանափակող մաքսային տուրքեր: Դրանց շարքին կարելի է դասել և մրցունակ կառույցների ձևավորման ու արտասահմանյան արտադրական ներարկումների` դեպի մեր երկիր հոսքի ապահովման խթանիչներ, անհրաժեշտ պայմանների ստեղծում` խիստ սահմանափակ մեր բնական ռեսուրսները մանրազնին ընտրված արտադրական ուղղությունների վրա կենտրոնացնելու համար: Այս ամենը կնպաստի, որ հանրապետությունում իրականացվի տեխնոլոգիական ճեղքում:
Պետությունը պետք է երաշխավորի շուկայական տնտեսության մեջ «կոշտ» օրենքների գործողությունը, ինչը թույլ կտա բացառել գործունեության շատ այնպիսի տեսակներ, որոնք տեղ չեն գտնի նախապատվելիների թվում:
Արարման ծրագրի հայեցակարգերի համակարգում կենտրոնական տեղ է գրավում ինստիտուցիոնալ (համակարգային) և կառուցվածքային բարեփոխումների համալիրը, որը ենթադրում է ընդհանուր մակրոտնտեսական ստաբիլիզացիայի խրախուսում տրանսֆերտային և դրամական քաղաքականության կայունություն:
Հայաստանի Հանրապետության կողմից ներկայումս իրականացման կարոտ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներն են.
1. հարկային բարեփոխումներ և հարկային բեռի թեթևացում,
2. բյուջետային համակարգի բարեփոխումներ: Խոսքը վերաբերում է ոչ թե բյուջետային ծախսերի ձևական կրճատմանը, այլ բյուջետային սեկտորի (հատվածի) կառուցվածքային խորը բարեփոխումներ իրականացնելուն, ինչը կապահովի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը,
3. տնտեսական գործունեության ապակարգավորում կամ, որ նույնն է, տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացում: Խոսքը շուկա մուտք գործելու արգելապատնեշները նվազեցնելու, մասնավոր ձեռներեցության գրանցման, արտոնագրման և ձեռնարկատիրության գործունեության վերահսկման համակարգերի ու ներարկումային նախագծերի իրագործման պարզեցման մասին է,
4. մասնավոր սեփականության` ներառյալ մտավոր, երաշխիքների ապահովում, պետական սեփականության օգտագործման արդյունավետության բարձրացում,
5. մաքսային դրույքաչափերի նվազեցում և միօրինականացում,
6. ֆինանսական շուկայի և ֆինանսական հաստատությունների զարգացում: Առանձնահատուկ խնդիր է բանկային համակարգի հուսալիության և արդյունավետության բարձրացումը,
7. բնական մենաշնորհների բարեփոխում, ինչը ենթադրում է դրանց ներդրումային գրավչության բարձրացում, մենաշնորհային և մրցակցային հատվածների բաժանում` մեծացնելով վերջիններիս գործունեության թափանցիկությունը և մրցակցության խթանման առավելագույն հնարավորությունը,
8. սոցիալական աջակցության համակարգի բարեփոխում` չքավորներին օգնելու նպատակով հանրապետությունում առկա պաշարների կենտրոնացման ուղղությամբ,
9. կենսաթոշակային համակարգի արդիականացում` սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում կուտակման սկզբունքների կիրառմամբ:

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.    ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկա իրավիճակը:
Միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն [«Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության 2006 թ. հրապարակած «Անցումային երկրները» զեկույց, «Գելափի» 2006 թ. կոռուպցիայի համաթիվ ուսումնասիրություն, 2006 թ. Համաշխարհային բանկի հրապարակած «Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային տնտեսությամբ երկրներում (երկրորդ հաշվետվություն)» արձանագրվել է, որ, չնայած 2003 թ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակմանը և 2004 թ. Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաստիճան խորհրդի ստեղծմանը, իրավիճակը Հայաստանում, կոռուպցիայի բազմաթիվ բաղադրիչների առումով, դարձել է ավելի վատ, քան 2002 թ.: Մասնավորապես, ինչպես վերն ասվեց, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից 2006 թ. անցկացված հարցման արդյունքներով (հարցումը ներառել է 1500 պատահականորեն ընտրված տնային տնտեսություն) ակնհայտ է դարձել, որ Հայաստանում կոռուպցիայի տարածմանը հիմնականում նպաստում են պետական պաշտոնյաները, և որ այն մեծապես առկա է երկրի կառավարման համակարգի բարձր մակարդակում: Հարցվածներն առավել կոռումպացված պետական ինստիտուտներ են ճանաչել ՀՀ նախագահի, կառավարության և նախարարների ինստիտուտները, շատ մտահոգիչ են դատախազական համակարգին տրված գնահատականները: Խիստ տագնապ է հարուցում նաև այն, որ հարցվածների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը և հարկային ծառայությունը: Հարցումները, որն անցկացվել են ՀՀ-ում 2007 թ. դեկտեմբերի 1-ից 8-ը, վկայում են, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը շարունակում է խիստ մտահոգ լինել երկիրը ճարակած կոռուպցիայի, անօրինականությունների բազում դրսևորումներով: Կոռուպցիայի դեմ պայքարը համարում եմ ազգային անվտանգության ապահովման գլխավոր խնդիրներից մեկը: Պետական ապարատի կոռումպացվածությունը, իմ կարծիքով, արդեն իրական վտանգ է դառնում հայոց պետականության կենսունակության համար: Կոռումպացվածությունը հիմնականում հետևանք է իշխանությունների քաղաքական կամքի բացակայության, ինչպես և վերջիններիս կոռուպցիայի աղբյուր լինելու հանգամանքով: Հասարակական այդ չարիքը մեծապես պայմանավորված է ընտրական ողջ համակարգի զանգվածային կոռումպացվածությունից, որն էլ ձևավորում է իշխանություն:
Գտնում եմ, որ պայքար առաջին հերթին պետք է ծավալվի պետական ապարատում: Խորը մտահոգություն է առաջացնում և այն իրողությունը, որ տեղական իշխանությունները, կաշառելով շարքային քաղաքացիներին և դրանով իսկ վերջիններիս դարձնելով նույնպես կոռումպացված, նրանց զրկում են իրենց քաղաքացիական պարտքը ինքնուրույն կատարելու հնարավորությունից, այն է` սեփական համոզմունքներով մասնակցել ընտրություններին, մասնակից լինել պետական մարմինների ձևավորմանը:
Երկրի դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկը համարում եմ լեգիտիմ ընտրված ՀՀ նախագահի կողմից հակակոռուպցիոն հետևողական քաղաքականության իրականացումը: Դրա հիմքում պետք է դրվի պետության, հասարակության բազմակողմանի ու նպատակասլաց միջոցառումների մշակումը և իրականացումը` կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի պատճառների ու պայմանների նվազագույնի հասցման և վերացման նպատակով:
Հակակոռուպցիոն գործառույթի իրականացումը համարում եմ պետության արմատական խնդիրներից մեկը: Դրա լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում նվազեցնել այդ չարիքի չափերը, մշակել և իրագործել հակակոռուպցիոն քաղաքականություն` որպես պետության մշտապես գործող կենսական նշանակություն ունեցող գործառույթներ:
Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները հետևյալներն են.
- քրեածին տարրերի` Ազգային ժողով ներթափանցելուն նպաստող պայմանների հետևողական վերացում, նրանց կողմից օրենքների ընդունման վրա ազդեցության զգալի սահմանափակում,
- օրենսդրական հիմքի ստեղծում` հասարակության կողմից գործադիր իշխանության մարմինների գործունեության վերահսկելիությունն ու թափանցիկությունն ապահովելու համար,
- պետական և քաղաքացիական ծառայությունների սկզբունքների փոփոխություն` կատարողական գործառույթների և պաշտոնական կարգավիճակի հստակ սահմանում` նրանց գործունեության խիստ ու վերահսկելի պայմանների ստեղծման ճանապարհով: Պայմաններ, որոնք թույլ չեն տա պաշտոնատար անձանց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ իրենց պետական լիազորությունների կատարման ժամկետի ընթացքում,
- բյուջետային միջոցների բաշխման և ծախսման արդյունավետ վերահսկման համար թափանցիկ համակարգի ստեղծում,
- վարչական ու քրեական պատասխանատվության խստացում` հանցագործ ճանապարհով կուտակած եկամուտների քողարկման և լեգալացման համար,
- պատգամավորների և պետական ծառայողների սեփականության շարժընթացը վերահսկող օրենսդրական բազայի ստեղծում,
- Հայաստանի քաղաքացիների շրջանում կրթության բոլոր համակարգերում միջոցների ձեռնարկում հակակոռուպցիոն աշխարհայացքի ձևավորման համար` այդ խնդրի լուծմանը լայնորեն ներգրավելով հեռուստատեսությունն ու ռադիոն,
- կյանքի տարբեր ոլորտներում, ամենօրյա գործունեության մեջ մեծապես ապահովել փոքր և միջին բիզնեսի ձեռներեցների ներգրավումը հակակոռուպցիոն ծրագրերի ու պետական հակակոռուպցիոն քաղաքականության մեջ:

2. ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Ներկա իրավիճակը:
Վերջին տարիներին Հայաստանի էկոնոմիկայում նկատվում են անառողջ միտումներ: Այսպես, 2006 թ. արդյունքներով նվազել են արդյունաբերական արտադրության ծավալները (99,1%` 2005 թ. մակարդակից), էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները (94,1%` 2005 թ. մակարդակից) և այլն: Վտանգավոր այդ միտումները շարունակվել են նաև 2007 թ. հունվար-սեպտեմբերին, երբ արդյունաբերական արտադրանքի ծավալը առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման կազմել է 2006 թ. նույն ժամանակաշրջանի ընդամենը 104,1%-ը, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը 98,9%: Շինարարության աճի բարձր տեմպերը, որ գրանցվել էին 2005-2006 թթ. (համապատասխանաբար 134 և 139,8%), 2007 թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել են ավելի քան 4 անգամ: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ բնակարանային շինարարությունը ըստ էության, ոչ միայն չի թեթևացնում ազգաբնակչության բնակարանային խնդիրների լուծումը, այլև էլ ավելի է սրում հասարակության մեջ սոցիալական լարվածությունը: Հայաստանի քաղաքացիները շատ հստակ պատկերացնում են, որ այդ «ընտրյալների դասակարգի» բնակարանային շինարարությունը որպես կանոն ունի ֆինանսավորման անօրեն աղբյուրներ և, ըստ ամենայնի, բնակարանային շինարարությունը դարձել է ոչ այլ ինչ, քան «կեղտոտ» փողերի, անաշխատ եկամուտների քողածածկույթ:
Լճացած է գյուղատնտեսությունը, շարունակում է բնակչության արտահոսքը գյուղական, հատկապես հանրապետության սահմանամերձ և բարձրլեռնային շրջաններից: Այս գործընթացն ուղեկցվում է զգալի տարածքների և գյուղատնտեսական հանդերի անապատացմամբ:
Առանձնակի տագնապալի իրավիճակ է ստեղծվել արտաքին առևտրում: Այսպես, 2006 թ. առևտրային բացասական հաշվեկշռի աճի տեմպը 2005 թ. նկատմամբ կազմել է 131,1%, ընդ որում, Հայաստանից ապրանքների արտահանումն այդ նույն ժամանակահատվածում նվազել է 21 մլրդ 187 մլն դրամով, իսկ ներմուծվող ապրանքների աճի տեմպը կազմել է 142,8%: Նման տագնապահարույց զարգացումները արձանագրվել են նաև 2007 թ. հունվար-սեպտեմբերին: Այսպես, առևտրային բացասական հաշվեկշռի աճի տեմպը 2006 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 164,56%, ներմուծման աճի տեմպը 2007 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 145,7%:
Երկրի էկոնոմիկան զրկվել է զարգացման տեսանելի հեռանկարից: Տնտեսական ինֆրակառուցվածքի հետամնացության մասին է վկայում Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի մեջ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ծայրահեղ ցածր տեսակարար կշիռը:
Հաշվի առնելով տնտեսական իրողությունները և տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերից Հայաստանի ամբողջովին օտարումը (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար, Բաքու-Թբիլիսի-Էրզերում գազատար, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ)` անհրաժեշտ եմ համարում նոր տնտեսական կուրսի մշակում, որը նպատակ կունենա մակրոտնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենական արտադրության մրցունակության զարգացման, հասարակական-հանրօգուտ խոշորածավալ աշխատանքների կազմակերպման և անցկացման համար` հանրապետության բնակչության լայն շերտերի ներգրավմամբ (ճանապարհների, մատչելի կացարանների, բուժհիմնարկների, մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն, շահագործումից դուրս եկած գյուղատնտեսական հանդերի վերականգնում): Այդ քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը պետք է դառնա Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումափոխարինման համար արտոնյալ պայմանների ստեղծումը, գիտարար և քիչ էներգատար արտադրությունների լայն ներդնումը: Ապրանքաշրջանառության մեջ տարեցտարի ավելացող ներմուծման մասնաբաժինը մեծապես պայմանավորված է նրանով, որ անկախության հռչակումից հետո Հայաստանում այս ոլորտում վարվել է սեփական ապրանքարտադրողի շահերն անտեսող արատավոր քաղաքականություն: Ազգային տնտեսական քաղաքականության բացակայության հետևանք է տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակը, որում արդեն 17 տարի է, ինչ գտնվում է հանրապետությունը: Գլոբալիզացման պայմաններում բացառիկ արդիականություն է ստանում տնտեսական գերակայությունների և դրանց հիմքի վրա Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման հրամայականը:
Նոր տնտեսական քաղաքականության գլխավոր բաղադրիչները պետք է դառնան` գործող հարկային համակարգի արմատական վերափոխումը, հասարակական խիստ վերահսկումը բնական պաշարների օգտագործման և արտահանման նկատմամբ, ներքին պահանջարկի աճը և, որպես դրա հետևանք, ներքին արտադրության զարգացման խրախուսումը, հայրենական արտադրողների համար ազատ և արդար մրցակցային միջավայր ապահովելու անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Նոր տնտեսական կուրսի իրականացման կարևորագույն պայմաններից մեկը համարում եմ հասարակ մարդկանց և ձեռներեցների վստահության վերականգնումը պետական ինստիտուտների նկատմամբ: Դրան կարելի է հասնել կառավարության գործողությունների կանխատեսելիության, էկոնոմիկայի վիճակի անկողմնակալ գնահատման, իրական բյուջեի կազմման, պետության կողմից եղած պաշարների թափանցիկ օգտագործման, ներդրողների հետ ազնիվ և կայուն հարաբերությունների կառուցման ճանապարհով:
Նոր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են.
1. դրամավարկային քաղաքականության բնագավառում հրատապ լուծում պահանջող հիմնական խնդիրն եմ համարում դրամական զանգվածի և ՀՆԱ-ի այնպիսի բալանսը, որի պարագայում հնարավոր կլինի.
- զգալիորեն նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները և արտոնյալ պայմաններ ստեղծել էկոնոմիկայի իրական հատվածի վարկավորման, հատկապես` պետության մասնակցությամբ ներմուծումը փոխարինող արտադրությունների զարգացման համար,
- ապահովել տնտեսության բնականոն գործունեության համար անհրաժեշտ դրամական զանգվածի քանակություն, որը կբացառի ինչպես նրա փոխարժեքի տնտեսապես չհիմնավորված բարձրացումը, այնպես էլ կերաշխավորի ազգային դրամի կայունությունն ու կանխատեսելիությունը: Դա բարենպաստ պայմաններ կստեղծի ինստիտուցիոնալ և կառուցվածքային որակական փոփոխությունների համար, աջակցություն ցույց կտա ագրարային և արդյունաբերական հատվածներին, հատկապես տնտեսության այն ճյուղերին, որոնք մասնագիտացած են ապրանքների արտահանման ոլորտում: Մենք գիտակցում ենք, որ այդպիսի մոտեցումը ենթադրում է ֆիսկալ քաղաքականության մեղմացում, որը կարող է դառնալ գնաճի տեմպի բարձրացման պատճառ: Սակայն նշեմ, որ երբ համախառն ներքին արտադրանքի աճի տեմպը գերազանցում է դրամական զանգվածի աճի տեմպին, ինչպես նաև` ապրանքային զգալի զանգվածի ստվերից դուրս բերելու պայմաններում (մասնագետների կարծիքով` ստվերում է գտնվում ՀՆԱ-ի մինչև 40 %-ը) գնաճը և դրամի հնարավոր արժեզրկումն այս դեպքում դառնում է վերահսկելի ու վտանգավոր չէ:
Հավելեմ, որ ՀՀ կենտրոնական բանկը, հաճախ չհիմնավորված, դրամական զանգվածի զգալի սեղմման հիման վրա դրամավարկային կոշտ քաղաքականությունն արդարացնում է գնաճը կանգնեցնելու ձգտումով: Նման քաղաքականությունը հանգեցրել է էլ ավելի վտանգավոր երևույթի` թաքնված ինֆլյացիայի, որը ծայրահեղորեն բացասաբար է անդրադառնում քաղաքացիների կենսամակարդակի վրա: Այս եզրակացությունը հաստատվում է 2006 թ. նվազագույն պարենային և սպառողական զամբյուղների արժեքների` 2005 թ. համեմատությամբ զգալի աճի փաստով (համապատասխանաբար` 111,6% և 106,1%): Այդ միտումը շարունակվել է նաև 2007թ. հունվար-սեպտեմբերին, երբ արձանագրվել է նվազագույն պարենային զամբյուղի 119,7%-ի, սպառողական նվազագույն զամբյուղի 103,7%-ի աճի տեմպ (2006թ. նույն ժամանակաշրջանի համեմատ), դա էլ այն պարագայում, երբ դրամը արժևորվել է 122,8%-ով: Ստեղծված իրավիճակը հիմնովին հերքում է գնաճի, իբր, ցածր մակարդակի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները: Անհրաժեշտ է հատուկ նշել, որ քաղաքացիների կենսապահովման նվազագույն զամբյուղների գների աճն արձանագրվել է դրամի փոխարժեքի, կրկնում եմ,122,8% աճի տեմպի պայմաններում: Հաշվի առնելով վերը շարադրվածը` գտնում եմ, որ արդիական խնդիր է դառնում մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն տնտեսական բազմապատկչի (մուլտիպլիկատորի) էֆեկտ: Դրա իմաստն այն է, որ տնտեսապես հիմնավորված ներդրումների ժամանակ տնտեսության մեջ ներդրված ամեն մի դրամը կարճ ժամանակահատվածում երաշխավորում է գումարային արտահայտությամբ արտադրության այնպիսի աճի տեմպ, որը անգամներով (պայմանավորված բազմապատկչի մեծությամբ) գերազանցում է ներդրված գումարների ծավալը: Այդպիսի հաջողված օրինակներն աշխարհում բազմաթիվ են, հատկապես, եթե համահունչ են ու սերտորեն փոխկապակցված են տնտեսության զարգացման ռազմավարական ընդհանուր ծրագրի և դրանում ներառված ենթահամակարգերի հետ:
2. Հարկային քաղաքականության բնագավառում անհրաժեշտ եմ համարում այնպիսի մոտեցումների ձևավորումը, որոնց հիմքում դրված է արտահանվող արտադրանքի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ինովացիոն ձեռներեցության խրախուսման անհրաժեշտություն` հարկային բեռի հետևողական նվազման, հարկային վարչարարության որակական բարելավման պարագայում:
Անհրաժեշտ է նաև հետևողականորեն փոխել հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը` նկատի ունենալով հարկային բեռի տեղափոխումը անուղղակի հարկերից դեպի ուղիղ հարկեր: Անթույլատրելի եմ համարում, երբ ուղիղ հարկերի (շահութահարկ և եկամտահարկ) տեսակարար կշիռը 2006 թ. երկրի բյուջեում կազմել է հարկային եկամուտների 23 %-ը` զգալիորեն զիջելով անուղղակի հարկերի տեսակարար կշռին (օրինակ, 2006 թ. ավելացված արժեքի հարկի տեսակարար կշիռը կազմել է 37,7%): Այդ միտումները, ըստ էության, ամրագրվել են նաև 2008 թ. ՀՀ պետական բյուջեում, որի կատարման արդյունքում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը հարկային եկամուտներում կազմելու է 23,9%, ավելացված հարկի տեսակարար կշիռն էլ բյուջետային եկամուտներում կազմելու է 33,2%, ցուցանիշ, որը զգալիորեն գերազանցում է ուղղակի հարկերի, ինչը և մտահոգիչ է:
Հարկային քաղաքականության այսպիսի վերակողմնորոշումը արդիական է դարձնում հարկային և մաքսային մարմինների աշխատակիցների աշխատանքի արդյունավետության չափորոշիչների մշակման խնդիրը` հաշվի առնելով ոչ միայն նրանց կողմից հարկեր ու մաքսային տուրքեր հավաքելու ծրագրերի կատարումը, այլ նաև հարկային ու մաքսային օրենսդրության պահպանման, հաշվարկների ճշգրտության, հարկերի և մաքսային տուրքերի ժամանակին վճարման վերահսկողության կատարման որակը: Այսպիսի մոտեցումը ենթադրում է նաև հարկային ու մաքսային մարմինների աշխատակիցների նյութական խրախուսման մեխանիզմների ներդրում, որոնք հաշվի կառնեն նրանց աշխատանքի համապատասխանությունը նշված չափորոշիչներին:
Որակապես նոր հարկային քաղաքականություն վարելու արդիականությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայում վտանգավոր չափերի է հասնում տնտեսավարող սուբյեկտների զգալի մասի ստվերում գործելու հանգամանքը: Տնտեսավարող սուբյեկտները զանգվածաբար չեն կատարում փոխադարձաբար ստանձնած պարտավորությունները և, դրա հետ մեկտեղ, տարիներով շարունակում են հարկային օրենսդրությունը շրջանցող գործունեություն: Ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ նրանց միջավայրում փաստացի ձևավորված կարգերն ու մոտեցումները հիմնովին տարբերվում են գործող օրենքներից: Այսպես, միայն 2005-2006 թթ. պետական շահագրգիռ կառույցների հայցերով դատարանների վճիռներով պետբյուջե և սոցիալական ապահովության հիմնադրամ պետք է գանձվեր համապատասխանաբար 25 մլրդ 803 մլն և 18 մլրդ 715 մլն դրամ, որը, սակայն, վերականգնված չէ: Այդ միտումը փոքր-ինչ մեղմվել, սակայն շարունակվել է նաև 2007 թ. 9 ամիսների արդյունքում, երբ բյուջեի օգտին չվերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 849 մլն դրամ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի օգտին` 422 մլն դրամ: Գործերի նման իրավիճակը համոզիչ վկայում է, որ Հայաստանում առկա հարկային համակարգը չի համապատասխանում տնտեսավարման ժամանակակից պահանջներին: Դրա ձևավորման ժամանակ, կտրվելով ներկայիս իրողություններից, ելակետային նախադրյալ էր ընդունվել վճարման բարձր կարգապահության անվերապահ կատարումը, տնտեսավարող սուբյեկտների ֆինանսների թափանցիկությունը և դրանց վերահսկողության պատշաճ մակարդակը հարկային մարմինների կողմից: Հանրապետությունում նշված նախադրյալների բացակայության պարագայում հարկային համակարգը, ըստ էության, դարձել է օրինապաշտ հարկատուների պատժման, իսկ «ստվերայինների» և «կլանականների» խրախուսման միջոց: Նկատի ունենալով դա` անհրաժեշտ է արմատապես թեթևացնել հարկային բեռը, ինչը կխրախուսի տնտեսական աճը: Միաժամանակ հարկ է վարչատնտեսական անհետաձգելի միջոցներ ձեռնարկել էկոնոմիկայի զգալի մասը ստվերից հանելու համար, հակառակ դեպքում հարկային մուտքերը բյուջե զգալիորեն կնվազեն, որն էլ խիստ բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` անհրաժեշտ է ելնել այն նախադրյալներից, թե տնտեսավարող սուբյեկտի համար ինչն է ավելի իրատեսական: Վճարել, թե չվճարել հարկերը` անբարեխիղճ հարկատուն որոշելու է` ելնելով կիրառվող տույժի և օրենքով նախատեսված վճարելիք հարկերի չափի համամասնությունից: Օրինապաշտ հարկատուի ծախսերը` հարկային բարձր տոկոսադրույքների պատճառով չափազանց մեծ են, իսկ հարկերից խուսափողների համար հայտավորված տույժերը իրականում չունեն անհրաժեշտ ներգործություն, ինչը պայմանավորված է պատժամիջոցների կիրառման ցածր հավանականությամբ ու այս ոլորտում առկա կոռուպցիայի դրսևորումներով:
Շահութահարկի տեսանկյունից տնտեսավարող սուբյեկտի համար կարևոր է ոչ այնքան շահութահարկի դրույքաչափը, որքան իրավունքը` նվազեցնել հարկվող բազան ռեալ ներդրումային ծախսերի չափով: Ծախսերի կառուցվածքի ազատականացումը շահութահարկի հաշվարկման համար զգալիորեն կնպաստի Հայաստանի տնտեսությունում ներդրումային պայմանների բարելավմանը:
Եկամտահարկի մասով անհրաժեշտ է անցում կատարել դեպի եկամտահարկի միասնական դրույքաչափին, միաժամանակ մտցնելով բարձր չհարկվող նվազագույնը, որը վճարողներին թույլ կտա էապես իջեցնել հարկային վճարումների չափը: Այստեղ սկզբունքորեն կարևոր է չմեծացնել շարքային հարկատուների հարկային բեռը:
Սոցիալական վճարումների մասով անհրաժեշտ է գործատուների հարկային դրույքաչափերը աստիճանաբար մոտեցնել աշխատողներից գանձվող դրույքաչափերին` նկատի առնելով ներկայիս իրողությունները, երբ որքան մեծ է եկամուտը, այնքան նրա ավելի շոշափելի մասն է գնում ստվերային ոլորտ և, համապատասխանաբար, ավելի պակաս է վճարվում հարկերի տեսքով: Անհրաժեշտ է նաև անցում կատարել բացառապես հասցեագրված սոցիալական վճարումներին, երբ աշխատողների անհատական կենսաթոշակային հաշվին պետք է նստի աշխատավարձի հարկվող դրույքի կեսից ոչ պակասը: Միայն այդ դեպքում դրանք կարող են դիտվել ոչ թե պետության կողմից դրված սոցիալական հարկեր, այլ որպես հենց իրենց` աշխատողների ապագա եկամուտներ: Դրանով, կարծում եմ, զգալիորեն կթուլանա «սև» աշխատավարձ ստանալու հիմնական պատճառներից մեկը: Իրավիճակն անհնար է ուղղել միայն պատժամիջոցներով, ընդսմին, առաջարկվում է այս մոտեցումը, որը կխրախուսի ստվերային ոլորտից օրինականին անցումը: Անհրաժեշտ եմ համարում տնտեսավարող սուբյեկտների համար տնտեսական և իրավական պայմանների ստեղծում` դրանց ստվերից հանելու նպատակով: Այս խնդրի լուծումը հնարավոր է հարկային համաներում հայտարարելու միջոցով, որի պարագայում տնտեսավարող սուբյեկտների համար հարկային վճարները չեն գերազանցի 15%-ը: Ստվերից դուրս գալը պետք է դառնա ավելի շահեկան, քան հարկային օրենքների շրջանցումը:
Կարևոր բաղադրիչ եմ համարում երկարատև, հետևողական կոշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացումը հարկերից խուսափողների նկատմամբ, որը պայմանավորված կլինի հարկային և իրավապահ մարմինների գործունեության ակտիվացմամբ: Նման ակտիվությունը կարող է բերել հարկահավաքության որոշակի աճի միայն այն դեպքում, եթե մասնավոր բիզնեսը համոզվի, որ դա մեկանգամյա գործողություն չէ: Այստեղ խոսքը ոչ թե գործարար որոշակի շրջանակների հետ հաշիվ մաքրելու մասին է, այլ պարբերաբար իրականացվող միջոցառումների: Ուստի, նման միջոցառումները, ի սկզբանե, պետք է վերաբերեն էկոնոմիկայի բոլոր ոլորտներին և քաղաքական տարբեր դիրքորոշման պատկանող անձանց:
Այսպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն ինչպես խոշոր բիզնեսի, որն ակտիվորեն օգտագործում է միջնորդական կառույցները գործարքների համար` նպատակ ունենալով խուսափել հարկերի վճարումից, յուրացնել արտահանման հատկացումները, դեպոզիտային-ապահովագրական զանազան ծրագրերը և այլն, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ, որոնք, ձգտելով խուսափել հարկերի վճարումից, օգտագործում են բացառապես չհաշվառված կանխիկ շրջանառությունը: Ընդսմին, չհաշվառված կանխիկ շրջանառության դեպքում հիմնական ուշադրությունը պետք է բևեռել թե՜ հարկատու տնտեսավարող սուբյեկտների վերահսկողության, և թե՜ չհաշվառված կանխիկ շրջանառություն կազմակերպող բանկերի ու ֆինանսական ընկերությունների նմանօրինակ գործունեության կանխարգելման վրա:
Հարկերից խուսափողների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքն անհրաժեշտ է զուգակցել բոլոր մակարդակներում գտնվող պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Դա հատկապես հրատապ է, քանի որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար կաշառքների չափերը երբեմն համադրելի են չվճարված հարկերի գումարների հետ: Պարզ է, որ և՜ կաշառքները, և՜ հարկեր վճարելու անհրաժեշտությունը կհանգեցնի վերջիններիս գործարար ակտիվության նվազեցմանը` այստեղից բխող տնտեսական և սոցիալական բնույթի նեգատիվ բոլոր հետևանքներով:
Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հարկային ժամանակավոր արտոնությունների համակարգի ձևավորման վրա` սեփականաշնորհվող և նոր կազմավորվող ձեռնարկությունների գործունեությունը խթանելու նպատակով, ուշադրությամբ և պետական հոգածությամբ շրջապատել ինովացիոն ուղղվածության նախագծերի կենսագործումը: Միաժամանակ պետք է ընդունվեն հարկային այնպիսի մեխանիզմներ, որոնք կպարտավորեցնեն սեփականաշնորհված ձեռնարկությունների սեփականատերերին գործարկել արտադրությունը կամ հրաժարվել տվյալ սեփականությունից` վաճառելու կամ պետությանը վերադարձնելու ճանապարհով: Խոսքն ամենից առաջ գույքահարկի և ժամանակի ընթացքում աճող հարկավորման մասին է: Քաջ հայտնի է, որ արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններից շատերի վերագործարկմանը մեծապես խանգարում են նաև նախորդ ժամանակաշրջաններում կուտակված մեծ պարտքերը: Խնդրի լուծումը պարտքերի վճարման հետաձգման մեջ է` դրանք որպես պետական երկարաժամկետ վարկ վերաձևակերպելով, եթե ներկայացվի արտադրության թողարկման հստակ ծրագիր: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել կարևորագույն մի շարք խնդիրներ. զգալիորեն կրճատել ստվերային տնտեսության ծավալները, գործարկել նոր հզորություններ և դրա հիման վրա զգալիորեն ավելացնել բյուջեի եկամտային մասը, շոշափելիորեն մեղմացնելով սոցիալական լարվածությունը` բնակչության անապահով և նվազ ապահով խավերի սոցիալական վիճակի բարելավմամբ: Դա, իր հերթին, դրական ազդեցություն կունենա հասարակության և հարկային մարմինների միջև բնականոն ու գործընկերային հարաբերություններ ստեղծելու վրա:
3. Ներդրումային քաղաքականության բնագավառում: Տագնապալի եմ համարում հանրապետության էկոնոմիկայի մեջ ներդրումների կրճատման միտումը: Ինձ անհանգստացնում է, որ 2006 թ. 9 ամիսների ընթացքում ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 195,62 մլն դոլար, ինչը հավասար է Ադրբեջանի էկոնոմիկայի մեջ 20 օրվա ընթացքում իրականացվող ներդրումներին: Դրական համարելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում ՀՀ-ում իրականացված 235 մլն դոլարի ներդրումների ավարտը, հարկ եմ համարում համաշխարհային ֆինանսական կազմակերպություններին ներկայացնել հեռանկարային այնպիսի ծրագրեր, որոնց կատարումը խոստանում է կարճ ժամանակաշրջանում ծախսված գումարների հավելյալ փոխհատուցում: Հաշվի առնելով, որ առանց նպատակային ներդրումների անհնար է ակնկալել տնտեսական զգալի աճ, անհրաժեշտ է մշակել նաև օրենսդրական, ինստիտուցիոնալ, հարկային, իրավական միջոցառումների համակարգ` Հայաստանի տնտեսությանը ներդրումային գրավչություն հաղորդելու նպատակով: Անհրաժեշտ է իրականացնել վարկավորման դրույքաչափի մակարդակի հետևողական նվազեցման քաղաքականություն, զուգահեռաբար խրախուսել գործարարների հետաքրքրությունը ստացված եկամուտներն արտադրության մեջ ներդնելու նպատակով: Դրա համար պետք է իրականացնել արդյունավետ սեփականատիրոջ ձևավորմանը ուղղված պետական քաղաքականություն: Սեփականատեր, որը շահագրգռված կլինի իր ձեռնարկության հեռանկարային զարգացման մեջ: Հարկային օրենսդրությունը պետք է նպատակաուղղված լինի ներդրումների խրախուսմանը, հարկային արտոնությունների ներդրմանը, խոշոր ներդրողների համար կայունության երաշխիքների ապահովմանը, ընդ որում, կարևոր է առաջնահերթության կարգով խրախուսել տեղական ներդրողներին: Դրականորեն գնահատելով մրցակցային միջավայրի ստեղծումը (արտաքին ապրանքարտադրողների մասնակցությամբ) հայրենական արտադրողների համար` նաև անհրաժեշտ է, որ պետությունն իրականացնի հովանավորչական քաղաքականություն, ինչը ոչ միայն կկանգնեցնի հայրենական արտադրության կրճատման տագնապահարույց միտումները, այլև մեծապես կխրախուսի այն ու կհավասարակշռի վտանգավոր չափերի հասնող ներմուծումը: Առանձնահատուկ նշանակություն պետք է տրվի այն միջոցառումներին, որոնք խրախուսելու են հումք և կիսաֆաբրիկատներ արտադրող հայրենական ձեռներեցների անցումը վերջնական արտադրանքի թողարկման:
Հատուկ տեղ պետք է հատկացնել չափազանց ցավոտ հարցի` սեփականաշնորհման ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների ուղղման անհրաժեշտությանը: Հարց է առաջանում, ինչպե՞ս: Կարծում եմ, որ սեփականաշնորհված ձեռնարկությունների ազգայնացումը կհանգեցնի տնտեսական և սոցիալական էլ ավելի ծանր հետևանքների, քան ներկայումս է: Խնդիրը պետք է լուծել ցածր հարկերի, չվճարումների հանգուցալուծման, փոխադարձ հաշվանցումների ծավալների կրճատման միջոցով: Դա պահանջում է անհատական մոտեցում ամեն մի առանձին արտադրության նկատմամբ: Սակայն հարցի էությունն այն է, որ եթե սեփականատերը չի կարողանում վարձատրել աշխատողներին, ապա տնտեսական և ֆինանսական առողջացման համար այդպիսի ձեռնարկության նկատմամբ պետք է կիրառել այնպիսի հայտնի լծակներ, ինչպիսիք են անվճարունակ ճանաչելու մեխանիզմի ներդրումը և սանացիան (առողջացումը), որոնց միջոցով կիրականացվի ձեռնարկության հանձնումը մեկ այլ սեփականտիրոջ, որը կկարողանա կազմակերպել տվյալ արտադրության աշխատանքը` վճարելով պետական հարկերը և աշխատավարձերը: Դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա կարճ ժամկետներում շտկել հիմնական թերություններն ու փոխհատուցել այն կորուստները, որոնք կրել է հասարակությունը վերջին տարիներին:
4. Բյուջետային քաղաքականության բնագավառում: Վերջին տարիներին բյուջետային ծախսերի բնագավառում երկրում իրականացվում է արատավոր քաղաքականություն, մասնավորապես.
- գործնականորեն նախատեսված չեն ֆինանսներ անվճարունակ ձեռնարկությունների վերակազմավորման, դրանց առողջացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար,
- իրական միջոցներ չեն ձեռնարկվում զանգվածային չվճարումները արմատախիլ անելու ուղղությամբ,
- հատկացումների կառուցվածքում կարևորագույն դոտացիոն հատվածներում շարունակում են գերակայել աշխատավարձի ծախսերը, ինչպես նաև ձեռնարկությունների սոցիալական ինֆրակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը,
- մշակված չեն էկոնոմիկայի զարգացման ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները, որտեղ պետք է հաշվի առնված լինեն գլոբալիզացիայի մարտահրավերները, սահմանված չեն տնտեսական գերակայությունները և կարգավորված չէ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի, գիտության ու մշակույթի գերակա ֆինանսավորման համակարգը,
- դեռևս աննշան է ինստիտուցիոնալ վերափոխումների հետ կապված բյուջետային ծախսերի տեսակարար կշիռը,
- լրիվ չափով չի ապահովվում բյուջեի ծախսային մասի կատարումը` առանձին հոդվածների գծով:
Բյուջետային քաղաքականության մեջ գլխավոր և առաջնահերթ խնդիրը համարում եմ մեր կողմից առաջարկվող ազգային ծրագրերի և պետական նախագծերում նշված ու առաջադրված խնդիրների լուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործը: Սկզբունքորեն սխալ եմ համարում նկատվող այն քաղաքականությունը, երբ բյուջետային պակասուրդի ֆինանսավորման ապահովմանը կառավարությունը փորձում է հասնել բացառապես հարկային բեռն ավելացնելու և բյուջետային ֆինանսավորման ծավալները կրճատելու ճանապարհով: Լուրջ վերանայման է կարոտ բյուջեի ծախսային մասի կառուցվածքը: Առաջնահերթ խնդիրներից մեկն է ապահովել բյուջետային այն ծախսերի եռապատկումը, որոնք կուղղորդվեն աղետի գոտու բնակարանային և սոցիալ-մշակութային կառույցների շինարարությանը: Բյուջետային ծախսերի ավելացումը պետք է կատարվի այն հոդվածներով, որոնք հետագայում ռեալ հատուցում կտան: Բյուջետային քաղաքականության գերակա ուղղությունները պետք է դառնան աջակցությունը փոքր և միջին ձեռներեցությանը, վնասով աշխատող այն ճյուղերին, որոնք ունեն տնտեսական առողջացման հիմնավորված ծրագիր: Այս աշխատանքներին զուգընթաց, հարկ է դադարեցնել ոչ շահութաբեր ձեռնարկությունների սնանկ ճանաչելու գործընթացների արհեստական զսպումը: Բյուջետային քաղաքականության կարևոր բաղադրամաս պետք է դառնա նաև հակամենաշնորհային, պետական արդյունաբերական քաղաքականության ակտիվ իրականացումը, հայրենական մրցունակ արտադրանքի թողարկման խրախուսումը և այլն: Քանի որ բյուջետային եկամուտները և ծախսերը փոխկապակցված մեծություններ են, ծախսերի կրճատումն անխուսափելիորեն հանգեցնում է հարկվող բազայի կրճատմանը և հարկային եկամուտների հետագա նվազեցմանը: Հենց այդ պատճառով պետական ֆինանսների իրական, երկարաժամկետ, կայուն առողջացումը սերտորեն կապված է հանրապետության ողջ տնտեսության առողջացման հետ:
5. Ագրարային քաղաքականության բնագավառում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հողի սեփականաշնորհման գաղափարը, հարկ է նշել, որ Հայաստանում հողի և գյուղատնտեսական մյուս հիմնական արտադրամիջոցների նկատմամբ սեփականատիրական կարգավիճակի փոփոխությունը կատարվեց հանցավոր հապճեպությամբ, այդ գործում թույլ տրվեցին կոպիտ սխալներ, որոնք բացասական ազդեցություն ունեցան երկրի ագրոարդյունաբերական և պարենային համալիրների վրա: Արդյունքում աղետալի չափերով նվազեցին գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրության ծավալները, փոշիացվեց ու թալանվեց գյուղատնտեսության տեխնիկական բազան, գյուղացին դեմ առ դեմ մնաց իր հոգսերի ու խնդիրների հետ:
Հողի սեփականության արմատավորված նոր ձևերի պայմաններում գյուղացիական բազմաթիվ տնտեսություններ մինչ օրս չունեն իրենց գործունեությունն ուղղորդող, իրենց շահերն ու իրավունքները պաշտպանող մարմին: Իրավիճակը վատթարացնում է օժանդակ տեխնիկայի, մասնագիտացված կազմակերպությունների զգալի պակասը: Կազմակերպություններ, որոնք պետք է կոչված լինեին տնտեսություններին մատակարարել քիմիկատներ, պարարտանյութ, ապահովեին գյուղտեխնիկայի տեխնիկական վերանորոգումը, ստանձնեին դրանց լիզինգի կազմակերպումը: Կազմակերպական նշված բացթողումների հետևանքով գրեթե աշխատանքներ չեն կատարվում հողերի ագրոտեխնիկական սպասարկման ուղղությամբ, ինքնահոսի են մատնված տոհմաբուծական, ընտրասերման, սերմնաբուծական, անասնաբուժական աշխատանքները: Բարձիթողի վիճակում է շարունակում մնալ ոռոգման համակարգի որոշակի հատվածը:
Ձևավորված չեն շուկայական լիարժեք ենթակառուցվածքները, բացակայում է ագրոհամալիր կատարվող ներդրումների արդյունավետ համակարգը, չի մշակվում հակամենաշնորհային օրենսդրություն, դեռևս իրական գործառնություններ չեն ծավալել ֆերմերային տնտեսությունների կարիքներն ապահովող վարկաֆինանսային, հարկային և ապահովագրական հիմնադրամները, մշակված չեն բնագավառի կառավարումը, կադրերի ուսուցումը և որակավորման բարձրացումը, գիտատեխնիկական ապահովումը կարգավորող օրենսդրական ու նորմատիվ ակտերը:
Կարգավորված չեն գյուղմթերքներ արտադրողների և գնորդների միջև հարաբերությունները, չկան պարենամթերքների մեծածախ շուկաներ, չհաջողվեց ձևավորել արդյունավետ շղթա` արտադրություն-վերամշակում-սպառում, որի հետևանքով ստացվող բերքի որոշակի մասն այդպես էլ չի իրացվում:
Վարելով փակ բնատնտեսություն` գյուղացին լուծում է միայն իր կենսապահովման նվազագույն խնդիրը. հիմնականում օգտագործում է սեփականաշնորհված հողի այն մասը, որն անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար: Ավելին անել նա ուղղակի ի վիճակի չէ` պարարտանյութերի, քիմիկատների, վառելիքի, պահեստամասերի բարձր գների, հողի մասնատվածության պատճառով: Ավելի քան 200 հազար հեկտար վարելահող կամ վարելահողերի 46%-ը շարունակվում են չմշակվել: Դա հանգեցնում է նրան, որ օգտագործվող հողակտորներն արագորեն կորցնում են որակական ցուցանիշները, ծավալվում է բնահողի քայքայումը (էրոզիան) և հողերի անապատացումը:
Ագրարային քաղաքականության մեջ կարևոր գերակայություն եմ համարում բնակչության պարենային անվտանգության ապահովումը: Ագրարային ոլորտում հիմնական խնդիր է` դադարեցնել անկումը, հասնել կայունության և դրա հիման վրա ագրոարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման: Ագրոհամալիրի զարգացումը, իմ խորը համոզմամբ, առաջատար երկիր դառնալու հիմնական պայմաններից մեկն է, ինչպես նաև բնակչության կենսապահովման ոլորտը: Գյուղը դիտարկում եմ ոչ միայն որպես սննդամթերք մատակարարող, այլ առաջին հերթին որպես հայության բնամիջավայր:
Ագրոարդյունաբերական համալիրում իմ գործունեության գլխավոր ուղղություններից է լինելու.
- գյուղացիական տնտեսությունների համար ստեղծել օրենսդրական, նյութական և կազմակերպչական անհրաժեշտ պայմաններ` ագրոհամալիրի բոլոր օղակների համակարգված փոխգործողության համար, գյուղմթերքներ վերամշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի իրական գների ապահովումը, ագրարային ապրանքարտադրողի ազատագրումը մենատերերի և ապրանքամիջնորդային քրեածին տարրերի թելադրանքից,
- հայրենական գյուղմթերք արտադրողների պետական պաշտպանությունն այն սննդամթերք ներկրողներից, որոնք, դեմպինգային գներով (ինքնարժեքից ցածր) իրացնելով Հայաստանում արտադրվող նույնանուն սննդամթերք, անհավասար պայմանների մեջ են դնում հայրենական գյուղացիական տնտեսությունները,
- հարկային համակարգի կատարելագործումը, որը պետք է նպաստի գյուղմթերքների արտադրության և ստացվող եկամուտների աճին: Անհրաժեշտ է կիրառել հողային հարկի տարբերակված սահմանում և մյուս հարկերի վերացում,
- յուրաքանչյուր գյուղացու իրավունքի ամրագրումը` ինքնուրույն ընտրելու գործունեության տեսակը, տնտեսավարման ձևը [կոոպերատիվ, բաժնետիրական ընկերություններ, գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններ, կոլեկտիվ ձեռնարկություններ, կոմբինատներ], արտադրության կազմակերպման և կառավարման գործում դրանց անկախ զարգացումը,
- օրենքի խիստ կիրառում այն դեպքերում, երբ վարչականորեն պարտադրվում են տնտեսավարման ձևերը` հաշվի չառնելով արտադրողների կամքն ու ցանկությունը,
- պայմաններ ստեղծել սեփական բազայի արդյունավետ օգտագործման հիման վրա ընդլայնված վերարտադրության և ագրոհամալիրի բոլոր օղակների հստակ փոխգործողության համար:
Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել ագրարային ոլորտի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որը կներառի.
- հողօգտագործման և հողային հարաբերությունների ոլորտը` հողի շուկայի ձևավորման, հողային հարաբերությունների ամբողջ համալիրի իրավական համակարգի կարգավորման, հողակտորների գոտիավորման միջոցով հողի տնտեսավարական օգտագործման վրա պետության արդյունավետ ազդեցության ապահովման, հողը ոչ արտադրական նպատակներով օգտագործելու և ենթակառուցվածքի զարգացմանը չնպաստելու համար հողօգտագործման որոշակի սահմանափակումներ մտցնելու, սննդի որակական և սանիտարահիգիենիկ օրենսդրական նորմատիվների կիրարկման, ինչպես նաև պետությանը հողերի հետգնման իրավասություն տալով հասարակական կարիքների` ճանապարհների, օդանավակայանների, պուրակների շինարարության համար,
- հողի արդյունավետ վերաբաշխման պայմանները` ընդգրկելով նաև դրա գրավադրման արժեքի (հիպոթեկ վարկերի կիրառման), որակով օգտագործելու կարգի և հողահանդակների` իբրև առքուվաճառքի առարկա շրջանառությունից երկարաժամկետ դուրս մնալը կասեցնող կանոնների մշակումը,
- հողի սեփականության ապահովագրական իրավունքի ստեղծումը, որը կբարձրացնի շուկայում նրա ապրանքային կենսունակությունը` ներդրումների համար գրավիչ դարձնելով, հավելյալ հողերը վաճառելով և, որ կարևոր է, հողը կապիտալի և գրավային երաշխիքի հիմնական աղբյուր դարձնելով: Դա կնպաստի մասնատված հողակտորների միավորմանը և պայմաններ կստեղծի հողի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական արտադրության զարգացման, տեխնիկայի արտադրողականության բարձրացման, պարարտանյութերի արդյունավետ օգտագործման համար:
Պետական կարգավորման ոլորտում պետք է համակարգվեն արտադրանքի որակի հսկողության, գիտահետազոտական աշխատանքների, տեղեկատվական և ենթակառուցվածքի ապահովման ծախսերը:
Ագրարային հատվածում պետական վարկավորման քաղաքականության հիմքում պետք է դրվեն.
- ապրանքային վարկավորման կիրառումը,
- գյուղի սոցիալական ենթակառուցվածքի արդիականացման պետական աջակցությունը` արտոնյալ և երկարաժամկետ վարկերով, շինարարական աշխատանքների իրականացման համար տեխնիկական օգնություն, գյուղական ապրանքարտադրողների եկամուտների պաշտպանության իրականացում, գների կարգավորում և գյուղատնտեսական ապրանքների պետական առևտրի կանոնակարգում, գյուղատնտեսական հումք ձեռքբերելու նպատակով լրացուցիչ վճարի տրամադրում, գյուղարտադրանքի իրացման շուկաներ բացահայտելու նպատակով մարկետինգի կազմակերպում (շուկայի զարգացման ծրագիր, լրացուցիչ վճարներ` արդյունաբերական վերամշակման, պահպանության, տեղափոխման, որակի վերահսկման համար), տնտեսախորհրդատվական աջակցություն, ագրարային ոլորտի ապահովագրության համակարգի ներդրում և հողի վարձակալման զանազան ձևերի կիրառում. դրամական (1 հա դիմաց ամրագրված), զուտ դրամական, ճկուն դրամական (կախված արտադրության պայմաններից կամ գնից, բերքից), խառը դրամական և այլն:
6. Բնապահպանության ոլորտում: Գտնում եմ, որ հանրապետությունում տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխություններ իրականացնելիս ամենայն հետևողականությամբ պետք է հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, քանի որ դրա տերը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներն են:
Բնապահպանական քաղաքականությունը հիմնականում պետք է նպատակաուղղված լինի էկոլոգիապես մաքուր միջավայրում քաղաքացիների կենսագործունեության իրավունքի ապահովմանը: Անհրաժեշտ է բացառել տնտեսական ռեֆորմների բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա, բնակչության գիտակցության մեջ ձևավորել և արմատավորել բնապահպանական աշխարհայացք:
Բնապահպանական քաղաքականության երկարաժամկետ ուղղություններ եմ համարում.
- էկոնոմիկայի վերակողմնորոշում` չվերականգնվող բնական պաշարների օգտագործումից դեպի վերականգնվող պաշարներ,
- Սևանա լճի փրկության ազգային ծրագրի հետևողական իրագործում,
- էրոզիայի ենթարկված հողերի բնապահպանական վերականգնման ծրագրի մշակում և իրականացում, դրանց վերամշակում հողօգտագործողների կողմից, աղտոտված տարածքների մաքրման, վերականգնողական աշխատանքների կազմակերպում,
- այնպիսի պայմանների ստեղծում, որոնց պարագայում տնտեսության կառուցվածքային վերակառուցումը կարող է տալ բնապահպանական իրական, շոշափելի արդյունք:
Կարևորագույն խնդիր եմ համարում բնապահպանական անվտանգության, օդի, ջրի, հողերի, անտառների պահպանության ոլորտները կարգավորող օրենքների ընդունումը:

3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ներկա իրավիճակը:
Վերջին տարիները բնութագրվում են սոցիալական լարվածության շարունակականությամբ, որը մեծապես պայմանավորված է Հայաստանի քաղաքացիների կենսապահովման համար նվազագույն պահանջների բավարարման զգալի թանկացումով: Եթե 2005 թ. ամսական նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմում էր 18308 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղինը` 29843 դրամ, ապա 2006 թ. նվազագույն պարենային զամբյուղի միջին ամսական արժեքը կազմում էր 20436.9 դրամ, իսկ սպառողական զամբյուղինը` 31677.1 դրամ: Ինչպես վերը նշեցի, այդ միտումը շարունակվել է նաև 2007 թ. հունվար-սեպտեմբերին. նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմել է 21,377 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով` 33,145 դրամ: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2006 թ. ընթացքում ազգային փոխարժեքի «թանկացման» աճի տեմպը կազմել է 110 %, ընդ որում նվազագույն պարենային զամբյուղի արժեքի աճը 2006 թվականին 2005 թվականի համեմատ կազմել է 111.6 %, սպառողական զամբյուղինը` 106.1 %: Այսպիսով, 2006 թ., հաշվի առնելով նաև դրամի «թանկացումը», ապրուստի արժեքը Հայաստանում աճել է մոտավորապես 20-25 տոկոսով, ինչն ի չիք է դարձրել կառավարության կողմից հայտարարված բնակչության մեկ շնչին ընկած միջին եկամուտների բարձրացումը: Եթե հաշվի առնենք նաև այն, որ 2007 թ. հունվար-սեպտեմբերին ազգային փոխարժեքի «թանկացման» աճի տեմպը 2006 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 122,8%, նվազագույն սպառողական և պարենային զամբյուղների աճի տեմպերը 2006-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել են համապատասխանաբար 112,7% և 118,5%, ապա, ինքնին հասկանալի է, որ ապրուստի արժեքի առաջընթաց թանկացումը բնակչության միջին եկամուտների բարձրացման համեմատ շարունակվել է նաև 2007 թվականին:
Հասարակության մեջ զգալիորեն աճել են, մեծապես սոցիալական լարվածությամբ պայմանավորված, տագնապալի այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ինքնասպանություններն ու ինքնասպանությունների փորձերը, ծանր և առանձնակի ծանր հանցագործությունները, կատարված հանցագործություններն ընդհանրապես: Այսպես, 2006 թվականին (2005 թվականի համեմատությամբ) գրանցված հանցագործություններն աճել են 9.9 տոկոսով և կազմել են 9757 դեպք: Միջին ծանրության հանցագործությունները (2774 դեպք) աճել են 85.3 տոկոսով, ծանր հանցագործությունները` 15 տոկոսով, առանձնակի ծանր հանցագործությունները` 23 տոկոսով: 2006 թ. գրանցվել է սպանության 75 դեպք (աճը 2005 թվականի համեմատ կազմել է 36.4 %), խուլիգանության 402 դեպք (աճը` 35.4 %), թմրանյութերի հետ կապված հանցագործությունների 957 դեպք (աճը` 29.9 %), անձնական ունեցվածքի գողության 354 դեպք (աճը` 20.4 %): Տագնապ է հարուցում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի աճը. 2006 թ. գրանցվել է ինքնասպանությունների 244 և ինքնասպանության փորձի 221 դեպք (2005 թ. համապատասխանաբար` 199 և 200 դեպք): Այս ոլորտում առկա տագնապահարույց վիճակը շարունակվել է նաև 2007 թվականին. հունվար-սեպտեմբերին գրանցվել է 6510 հանցագործություն, 651 բնակարանային գողություն (աճի տեմպը 2006 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 11,9%), 8,8%-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը` կազմելով 136 դեպք: Հատուկ մտահոգություն է հարուցում այն, որ 25%-ով աճել են սպանություն կատարելու փորձերը, իսկ սպանությունների թիվը կազմել է 51 դեպք (2005 թ. նույն ժամանակահատվածի 38-ի, 2006թ. 54-ի դիմաց):
Հանրապետությունում ծայրահեղ անբարենպաստ սոցիալական իրավիճակի հետևանք է սոցիալական այնպիսի հիվանդությունների բարձր տեսակարար կշիռը, ինչպիսիք են սուր աղիքային հիվանդությունները, շնչառական օրգանների տուբերկուլյոզը, պեդիկուլյոզը (ոջլոտություն): Այսպես, 2006 թ. գրանցվել է սուր աղիքային հիվանդությունների 5330 դեպք կամ գրանցված հիվանդությունների ընդհանուր թվի 5.2 տոկոսը, շնչառական օրգանների տուբերկուլյոզի 1216 դեպք կամ հիվանդությունների ընդհանուր թվի 1.17 տոկոսը, ոջլոտության 4877 դեպք կամ հիվանդությունների ընդհանուր թվի 4.7 տոկոսը: Այսպիսով` հանրապետությունում գրանցված հիվանդությունների ավելի քան 11 տոկոսը պատկանում է, այսպես կոչված, «սոցիալականների» թվին: Վիճակը գրեթե չի բարելավվել 2007 թ. հունվար-սեպտեմբերին, մասնավորապես աճել են սալմանելոզային ինֆեկցիաների գրանցված դեպքերը` 232 դեպք, բրուցելյոզի` 192 դեպք: Այս պայմաններում անթույլատրելի եմ համարում, երբ շուրջ կես միլիոն կենսաթոշակառուների ամսական միջին թոշակները շարունակում են 1,5 անգամ ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, իսկ մեկ շնչին ընկնող ամսական միջին եկամուտները ներկայումս Հայաստանում կազմում են սպառողական նվազագույն զամբյուղի շուրջ երեք քառորդը:
Աներկբա է, որ Հայաստանի գլխավոր հարստությունը մարդն է: Որպեսզի յուրաքանչյուր ոք նպաստի հանրապետության ծաղկմանը, անհրաժեշտ է մշակել և իրականացնել նպատակաուղղված պետական սոցիալական քաղաքականություն: Դրա ելակետային նախադրյալը պետք է լինի ցանկացած մարդու համար հնարավորությունների ստեղծումը` կենսագործել աշխատանք ունենալու իր սահմանադրական իրավունքը, որի արդյունքներով նա ի զորու կլինի արժանապատվորեն պահել իր ընտանիքը: Ազգային վերածննդի և միաբանության գաղափարները վարկաբեկող պատճառներից մեկն էլ հանդիսացավ վերջին տարիներին բնակչության, պետության հիմքը ծառայող հայկական ընտանիքի կենսամակարդակի կտրուկ անկումը:
Աշխատատեղերի սուր դեֆիցիտի պայմաններում կամ էլ դրանց առկայության դեպքում` աշխատանքի ցածր վարձատրության պարագայում ակնհայտ է, որ հանրապետությունում գործող գներն ու սակագները չարդարացված բարձր են, և դրանց իջեցումը կամ փոխհատուցումը համարում եմ սոցիալական քաղաքականության բնագավառում իմ կարևորագույն խնդիրներից մեկը: Պետությունը պարտավոր է մարդկանց ապահովել աշխատանքով և պատշաճ աշխատավարձով: Հայկական ընտանիքը պետք է կրկին հնարավորություն ստանա ապրել արժանապատիվ, և դա հարկ է ամրապնդել նյութապես` առաջին հերթին աշխատանքով ապահովելով ընտանիքի գլխավորին: Նման մոտեցումը օբյեկտիվորեն առաջին պլան է մղում երկու կարևորագույն խնդիրների լուծում, որոնք պետք է ապահովի պետությունը. նոր աշխատատեղերի ստեղծում և բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում:
ՙԱրարման ծրագրի» սոցիալական քաղաքականության հիմքում ընկած է դեպի ներկան և ապագան ուղղված սոցիալական կողմնորոշում ունեցող տնտեսական քաղաքականությունը, որը պետք է ունենա կանխարգելիչ բնույթ և զուգորդի շահութաբերությունն ու մարդասիրությունը` խոչընդոտելով աղքատության և սոցիալական չարիքի առաջացմանը: Սոցիալական քաղաքականության մեջ ես ելնում եմ այն նախապայմանից, ըստ որի ամեն մի անհատ պետք է ունենա պարտավորություններ և պատասխանատվություն կրի հասարակության, պետության առջև, ինչպես և հասարակությունը, պետությունը` անհատի առջև:
Իմ կողմից հռչակված հիմնական արժեքները հաստատվում են սոցիալական հետևողական քաղաքականության իրականացմամբ, որը միտված է հետևյալ նպատակների կենսագործմանը.
-    Հայաստանի քաղաքացիները պետք է ապահովվեն սոցիալական անվտանգության երաշխիքներով` իշխանության բոլոր ինստիտուտների կողմից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանման հիման վրա: Մեր առջև դրված առաջնային խնդիրն է կերակրել և հագցնել մարդկանց, մեծահասակներին ապահովել արժանապատիվ աշխատանքով, նախադպրոցական տարիքի երեխաներին` լիարժեք սննդով և անվճար բուժսպասարկմամբ, դպրոցականներին` անվճար դասագրքերով ու նախաճաշով, կենսաթոշակառուներին` մատչելի դեղորայքով և արտոնություններով, որոնք կապահովեն նվազագույն կենսապայմաններ, պետական հոգածություն և պաշտպանվածություն,
- ընտանիքի ամրապնդում, մայրության և մանկության պահպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն, նրանց աշխատանքի և կենցաղային պայմանների բարելավում, բազմանդամ ընտանիքների աջակցում, ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համազգային ծրագրի ընդունում, հայկական ընտանիքի կայունության ապահովվածություն, երիտասարդության պետական աջակցություն,
- պետական վերահսկողական լծակների օգտագործման միջոցով անհրաժեշտ է մեղմել բնակչության կենսամակարդակի և եկամուտների ծայրահեղ բևեռացումը հասարակության մեջ: Այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն փոխօգնության սկզբունքները. ուժեղն օգնում է թույլին, առողջը` հիվանդին, հարուստը` աղքատին,
- անհրաժեշտ է աշխատանքի վարձատրության, կենսաթոշակի ամենացածր մակարդակը կտրուկ մոտեցնել սպառողական նվազագույն զամբյուղի չափերին, բարձրացնել անաշխատունակների, հատկապես` հաշմանդամների և երեխաների սոցիալական ապահովվածության երաշխիքների մակարդակը:
Մեծապես կարևորում եմ նաև փախստականների հետ տարվող աշխատանքները և ունեմ փախստականներին տնտեսական ու հասարակական կյանքում ներգրավելու համապատասխան ծրագիր:
Համոզված եմ, որ հասարակության համար խիստ վտանգավոր են կեղծավորությունը և բարգավաճման պոպուլիստական խոստումները` առանց բացատրությունների, թե ինչի՞ հաշվին դա կարելի է իրականացնել:
ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում իմ գործունեությամբ ձգտելու եմ հասնել այն բանին, որ ազատական տնտեսությունը մեկ ամբողջի մեջ միավորի շուկայական հարաբերություններն ու սոցիալական ապահովության համակարգը:

4. ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Կրթության ոլորտում իմ առջև դրված են խնդիրներ, որոնք ձևավորվել են` հաշվի առնելով XXI դարում ինովացիոն հասարակություններին ներհատուկ մարտահրավերները: Ես ելնում եմ նրանից, որ կրթությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի հիմքն է: Երրորդ հազարամյակում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական աճը պայմանավորված է պետության ընդունակությունով` ապահովել հասարակության բոլոր անդամների կրթությունը, որպեսզի յուրաքանչյուր մարդ հնարավորություն ստանա հաջողության հասնել արագընթաց փոփոխվող աշխարհում: Պետության կարևորագույն խնդիրն եմ համարում երեք տարրերի կամ «գիտությունների եռանկյունու»` կրթության, հետազոտությունների և ինովացիաների զարգացումն ու ինտեգրումը: Այդ հիմնահարցերի լուծումը հնարավոր է մարդկային ռեսուրսներին ուղղված խոշորածավալ ներդրումներ իրականացնելով, մարդկանց մասնագիտական հմտությունները զարգացնելով, գիտական հետազոտություններ կատարելու համար պայմաններ ստեղծելով: Նշված խնդիրները կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայման է կրթության համակարգի արդիականացման պետական աջակցությունը, որպեսզի այն առավելագույնս համապատասխանի գլոբալ էկոնոմիկայի պահանջներին:
Գտնում եմ, որ գլոբալիզացիայի մարտահրավերների պայմաններում հայկական քաղաքակրթության գոյատևումը հնարավոր է միայն գիտելիքների վրա հիմնված էկոնոմիկայի պարագայում: Ընդսմին, իմ աշխատանքում առաջնահերթ եմ համարում որակյալ կրթություն ապահովող ազգային նախագծի մշակումն ու կենսագործումը: Առաջարկվող` «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի հիմքում դրվելու է դրույթ կրթության ժամանակակից, արդյունավետ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կհամապատասխանի գլոբալ, ինովացիոն հասարակության պահանջներին և յուրաքանչյուր մարդուն հնարավորություն կտա լիարժեքորեն մասնակցելու դրան: Ազգային նախագիծը նպատակաուղղված է լինելու կրթության ոլորտում ներդրումային քաղաքականության խրախուսմանը, ինչը կնպաստի արդյունավետ, կայուն և բարձրակարգ կրթություն ապահովող հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը: Այդ քաղաքականությունը կխրախուսի անընդհատ կրթության ներդրման գաղափարը: Նշեմ, որ «Ութի խմբի» (աշխարհի առավել զարգացած ութ երկրների մասին է խոսքը) Քյոլնյան գագաթաժողովի հռչակագրի սկզբունքների հիման վրա ուսուցման նպատակ ու խնդիրներ են ճանաչվել` մարդկանց հնարավորություն տալ հարմարվելու աշխարհում կատարվող արագընթաց փոփոխություններին, առավելագույնս խորացնելու մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև ակտիվ դեր խաղալու հասարակական ու մասնագիտական գործունեության մեջ: Սկզբունքորեն կարևոր եմ համարում կրթական համակարգի և մասնավոր հատվածի համագործակցության պետական կարգավորումն ու աջակցությունը` նպատակ ունենալով ընդլայնել գիտական հետազոտությունների ցանցը` գիտելիքների կուտակման, ինովացիաների խրախուսման, Հայաստանի տնտեսությունում նոր, բարձր տեխնոլոգիաների արագ ներդրման նպատակով: Ազգային նախագծի համար կարևոր բաղադրիչ պետք է հանդիսանա բարձր չափանիշների ներդրմանն աջակցությունը, հատկապես մաթեմատիկայի, բնական գիտությունների, տեխնիկական ու կիրառական գիտությունների և օտար լեզուների ոլորտներում` կրթության բոլոր մակարդակների վրա: Կարևորում եմ նաև բարձրորակ դասախոսներին գործուն աջակցություն ցուցաբերելը` այդ արդիական բնագավառներում հետագայում նրանց հաստատուն տեղն ամրապնդելու համար:
«Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի կենսագործման կարևոր նախապայման եմ համարում աշխարհի առաջատար երկրների (ՙՈւթի խմբի») աջակցությունը: Նշենք, որ վերջիններս 2006 թ. հուլիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում ընդունեցին «Կրթությունը XXI դարի ինովացիոն հասարակությունների համար» հռչակագիրը: Համոզված եմ, որ իմ կողմից առաջարկվող «Կրթությունը XXI դարում» ազգային նախագիծը, աջակցություն կստանա «Ութի խմբի» երկրների կողմից, քանի որ դրանում ամրագրված նպատակներն ու խնդիրներն ամբողջովին համահունչ են ընդունված հիշատակածս հռչակագրի բուն գաղափարին, որի կենսագործմանը օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնել աշխարհի առաջատար պետությունները:
Կրթության, գիտության և մշակույթի բնագավառում ընթացիկ խնդիրների լուծումը պահանջում է ինչպես հեռանկարային համապատասխան ծրագրի բազայի ստեղծում, այնպես էլ դրանք իրականացնելու համար գործուն միջոցների ձեռնարկում:
Այս ամենը հաշվի առնելով` իմ գործունեության մեջ առաջնորդվելու եմ այն իրողությամբ, որ կրթությունը` որպես գիտելիքների, վարպետության և ավանդույթների փոխանցման համակարգ, այսօր կանխորոշում է ցանկացած ազգի ճակատագիրը ու նրա պատմական հաջողությունը: Հայաստանի Հանրապետությունը կարող է արժանապատիվ ապագա ունենալ միայն իր քաղաքացիների կրթական մակարդակը պահպանելու և անշեղորեն բարձրացնելու ճանապարհով: Կրթությունը պետք է զարգանա` դրա բարձր պահանջարկն ունենալու օբյեկտիվ պայմաններում: Այն պետք է դառնա ազգային գերակայություններից կարևորագույնը:
Հանրակրթական դպրոցի առջև ծառացած հիմնական խնդիրներ եմ համարում.
- կրթական ողջ համակարգի գերակա (նախապատվելի) ֆինանսավորումը,
- պարտադիր սկզբնական կրթությունը, լրիվ միջնակարգ կրթության բարձր մասնաբաժինը, մարզպետարանների ղեկավարության գործունեության գնահատման ժամանակ բնակչության կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված նրանց կատարած աշխատանքի հաշվի առնելը,
- կրթության բնագավառում կապիտալ շինարարությունը, դպրոցական կցակառույցներին և ուսուցիչների համար կացարաններ կառուցելուն նպատակաուղղված պետական ֆինանսավորումը, պետպատվերի հիման վրա դպրոցական մանկավարժների և նախակրթարանների դաստիարակների պատրաստման ապահովումը,
- ուսուցիչների, դասախոսների, կրթության բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձի զգալի բարձրացումը,
- պետական աջակցությունը հեռավոր և մերձավոր արտասահմանի հայկական հանրակրթական դպրոցներին, Սփյուռքում հայկական դպրոցի դերի բարձրացումը, նրա հեղինակության ապահովումը:
Ե՜վ պետական, և՜ մասնավոր կրթության հիմքում պետք է դրվի ազատության ու պատասխանատվության ոգով դաստիարակությունը, մատաղ սերնդի մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացման համար հավասար ու արդար պայմանների ստեղծումը: Անհրաժեշտ է կատարելագործել պետպատվերի և վճարովի ուսուցման համակարգերը: Միաժամանակ, հարկ է կիրառել մասնավոր բուհերի ատեստավորման և արտոնագրման ավելի խիստ պահանջներ:
Գտնում եմ, որ գիտությունը, գիտական դպրոցները, ազգի գիտական ինտելեկտը և դրա օպտիմալ օգտագործումը կարևոր նախապայման են XXI դարում Հայաստանի գոյատևման համար:
Գիտության ոլորտում կարևորագույն հիմնախնդիրներ եմ համարում.
- Հայաստանի տնտեսական, քաղաքական, հոգևոր վերածննդին նպաստող գիտական հետազոտությունների աջակցության պետական ծրագրի մշակումն ու իրագործումը,
- արդիականություն ունեցող գիտական ծրագրերի ու նախագծերի առաջնահերթ ֆինանսավորումը և այդ խնդրի լուծմանն ուղղված պետական դրամաշնորհների համակարգի զարգացումը, այլ ոչ թե աջակցությունը կարծրացած բյուրոկրատական կառուցվածքներով գիտական հիմնարկներին,
- Հայաստանում գիտության հեռանկարային ուղղությունների զարգացման գերակայությունների ճշգրտումը, հայագիտությանն ու ֆունդամենտալ գիտություններին պետական ֆինանսավորման մակարդակի ավելացումը:
Գտնում եմ, որ մեր ազգային մշակույթի պահպանումը, վերածնունդը և զարգացումը պարտադիր պայման են կյանքի մյուս բոլոր բնագավառներում հաջողության հասնելու համար: Այն ազգի համախմբման կարևորագույն միջոց է: Համոզված եմ, որ այսօր, հայոց պետականության կայացման ներկայիս ծանր ժամանակներում, միայն մշակույթը կարող է ապահովել ազգի ինքնատիպությունը, պետության և հասարակության սոցիալական, բարոյական, հոգեբանական բնութագրերի կայունությունը:
Մշակույթի բնագավառում իմ առաջնահերթ խնդիրն է աջակցել մշակույթի գործիչներին` նրանց ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, տաղանդների բացահայտմանը և ինքնադրսևորմանը, մշակույթի պետական հովանավորության ապահովմանը: Այս հարցում կարևորում եմ, որ մշակույթի գործիչների բարոյական և նյութական խրախուսումը պայմանավորված լինի բացառապես գեղագիտական նկրտումներով, ելնի զուտ գեղարվեստական ընկալումներից` անկախ մնալով քաղաքական կոնյունկտուրայից:

5. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երիտասարդության հետ իմ աշխատանքների հիմքում դնելու եմ «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի կյանքում իրականացումը, ինչպես նաև «Գլոբալիզացիայի դարաշրջանում երիտասարդության հարմարեցման (ադապտացիայի)» ազգային ծրագրի մշակումն ու դրա կենսագործումն ապահովող պետական աջակցությունը, «Հայաստանի տարածաշրջաններում հավասարակշռված զարգացման» պետական ծրագիրը և այլն: Ընթացիկ և հեռանկարային ծրագրերի լուծման ժամանակ ելնելու եմ նրանից, որ երիտասարդությունը հասարակության ամենադինամիկ ու առաջավոր մասն է և որ նրա գործունեությամբ, դավանած գաղափարներով, ակտիվ դիրքորոշմամբ են պայմանավորված մեր առաջընթացն ու երկրի հետագա զարգացումը:
Արագորեն գլոբալիզացվող աշխարհի պայմաններում, երիտասարդության հետ իմ աշխատանքներում կարևորում եմ.
- գիտելիքների ծառայեցումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնական ազատությունների, քաղաքացիական հասարակարգի ձևավորման ու զարգացման գործին, և առողջ ազգային ու համազգային առաջադեմ գաղափարների ոգով աճող սերնդի դաստիարակության ապահովումը,
- երիտասարդությանը հաղորդակից դարձնել XXI դարի ինովացիոն հասարակության նոր մարտահրավերներին: Կեցության ստեղծված պայմաններին, գիտական նոր տեսություններին և դրանց վրա հիմնված բարձր տեխնոլոգիաների տիրապետման հարցում նրանց օգնություն ցուցաբերելը,
- երիտասարդության հայրենասիրական, ֆիզիկական ու մշակութային-քաղաքակրթական դաստիարակության կազմակերպումը` սեփական հայրենիքի և քրիստոնեական հնագույն քաղաքակրթության պատկանելու համար հպարտության ոգի սերմանելը,
- երիտասարդ ընտանիքներին բազմակողմանի աջակցության ապահովումը:
Մինչև պետական մակարդակով երիտասարդության ազգային ծրագրի ընդունումը, կարևոր եմ համարում գործուն քայլեր ձեռնարկել, որոնք համահունչ կլինեն հասարակության զարգացման միջազգային առկա միտումներին և կհամապատասխանեն առաջիկա տասնամյակում երիտասարդությանը ներկայացվող գլոբալիզացիայի նոր մարտահրավերների պահանջներին:
Երիտասարդության հետ տարվող քաղաքականության մեջ առաջնահերթ եմ համարում նրանց բնավորության այնպիսի գծերի ու մտածելակերպի ձևավորումը, որոնք պահանջված կլինեն քաղաքակրթության զարգացման վաղվա օրվա մարտահրավերների տեսանկյունից և որոնք դրականորեն կազդեն հասարակության տնտեսական ու սոցիալական զարգացումների վրա: Այս առումով եմ դիտարկում երիտասարդությանը` որպես հիմնական ուժ, որն ունակ է հայկական լճացող հասարակությունը փոխակերպել հետինդուստրիալով, իսկ այնուհետև կարճ ժամանակում նոր` XXI դարի ինովացիոն հասարակությունով:
Գտնում եմ, որ երիտասարդության հետ տարվող քաղաքականության հիմքում պետք է դրվեն արտադրական և միջանձային նոր հարաբերություններ: Կարևորում եմ, որ երիտասարդությունը հնարավորինս արագ կարողանա ադապտացվել և դիմակայել գլոբալիզացվող աշխարհի մարտահրավերներին, կենսագործունեության ապահովման շարժիչ ուժ դառնալ երկրի զարգացման ճանապարհին: Նպատակը մեկն է. կարճ ժամանակահատվածում ձևավորել երիտասարդ սերունդ, որն ընդունակ կլինի ինքնուրույն գործողությունների, արագորեն կընկալի առաջատարն ու նորը, և որին հատուկ կլինեն խիզախությունը, ձեռներեցությունը, հնարամտությունը:
Նոր քաղաքականության ձևավորման պայմաններում ավելի մեծ տեղ կհատկացվի երիտասարդության տնտեսական, արտադրական գործունեությանը, բիզնեսի արդիական` էլեկտրոնային, ինֆորմացիոն, ինովացիոն և այլ բարձր տեխնոլոգիաներով հագեցված ոլորտներում նրանց ներգրավմանը: Հետևաբար, պատանիներն ու աղջիկները պետք է դեռևս վաղ տարիքից լայնորեն դառնան ընտանեկան բիզնեսի մասնակիցը, իրենք էլ կարողանան ապահովել ընտանիքի եկամուտը: Այս ամենն արդիական կդարձնի երիտասարդության ազգային նախագծում առավել ընդգրկուն արտացոլելու խնդրո առարկա ռազմավարական մոտեցումները, որոնք թե՜ հոգեբանորեն և թե՜ մասնագիտորեն կնախապատրաստեն երիտասարդներին ու մեծահասակներին ժամանակի մարտահրավերների արժանապատիվ հաղթահարման համար:
Հատուկ նշանակություն եմ տալիս երրորդ հազարամյակի` տեղեկատվական և տեխնոլոգիական հեղափոխությունների դարաշրջանի նոր անձի ձևավորմանը: Հայաստանի` XXI դար սահուն մուտքի կարևորագույն պայման է հանդիսանում ինտերնետ կապի միջոցով դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների, ինժեներատեխնիկական աշխատողների հաղորդակցումը համաշխարհային գիտության, տեխնիկայի և մշակույթի նորություններին:
Նոր մարդու ձևավորման գործում կարևոր նշանակություն եմ տալիս երիտասարդների` սեփական ուժերի վրա հենվելու, նոր պայմաններին հարմարվելու, դժվարությունները հաղթահարելու, հմտություններ ձեռք բերելու ընդունակությունների ձևավորմանը: Միաժամանակ հրատապ եմ համարում երիտասարդության գիտակցության մեջ այն գաղափարի արմատավորումը, որ լավ սովորելով, գիտելիքներ և մասնագիտություն ձեռք բերելով, սկսած գործը ավարտին հասցնելու հաստատակամությունով է պայմանավորված ինքնուրույն կյանք մտնող մարդու վաղվա հաջողությունը, որի նախապայմանն է միջակության, անտարբերության, կյանքի նկատմամբ սպառողական վերաբերմունքի մերժումը:
Դպրոցական, ուսանողական և գիտական երիտասարդության միջավայրերում անհրաժեշտ է ապահովել.
- հանրակրթական համակարգի արտոնյալ ֆինանսավորում, մանկավարժական երիտասարդ կադրերի բարեկեցության երաշխիքների ստեղծում, կրթական ծրագրերի հարստացում նորերով, որոնք կնպաստեն ժամանակակից գիտելիքների յուրացմանը, երրորդ հազարամյակի մարդու, անձի և քաղաքացու ձևավորմանը,
- շուկայական հարաբերություններին, տնտեսական, սոցիալական և քաղաքական պայմաններին համապատասխանող դաստիարակչական ծրագրերի մշակում, գործնական գիտելիքներ ապահովող, նոր կենսապայմաններին հարմարվելու ունակություն ձևավորող առարկաների ուսուցում,
- ուսումնական ծրագրերի մեջ հոգևոր ու հայրենասիրական դաստիարակությանը նպաստող միջոցառումների մշակում և ներդրում,
- բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում նոր մասնագիտությունների ցանկի ընդգրկում, ինչպես նաև մասնագիտական կրթության կողմնորոշում դեպի համաշխարհային շուկայի պահանջները և Հայաստանի հնարավոր տեղը աշխատանքի միջազգային բաժանման մեջ,
- բուհական և դպրոցական լաբորատորիաների արդիականացում ժամանակակից սարքերով ու սարքավորումներով, աուդիովիզուալ ձեռնարկներով, գրադարանային ֆոնդերի համալրում, էլեկտրոնային գրադարանների ստեղծում և ապահովում ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական և համակարգչային տեխնիկայով, պարտադիր ինտերնետ կապով,
- ապագա մասնագետներին ինովացիոն գործունեությանը նախապատրաստող, գիտահետազոտական աշխատանքներում ուսանողներին ներգրավելու ծրագրերի մշակում և իրագործում,
- գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացում, երիտասարդության գիտական գործունեությանը հետևողական աջակցության ցուցաբերում,
- ուսման և գիտական գործունեության մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցների ու անվանական թոշակների համակարգի ընդլայնում, ուսման վարձավճարների չափերի և պետական ու այլ միջոցներով ուսման վարձի փոխհատուցման հստակ սահմանում` ապահովելով դրանց կիրառման թափանցիկությունը, ներդնելով պարտադիր արտոնություններ անապահով ուսանողների և գերազանցիկների համար, կիրառելով կրթություն ստանալու նպատակով պետական վարկավորման համակարգ,
- ուսանողների կյանքի և առողջության պահպանման ծրագրի մշակում ու հետևողական իրականացում, ուսանողական հանրակացարանների վերանորոգում, դրանցում բնակկենցաղային պայմանների բարելավում:
Բանվոր, ծառայող, գյուղաբնակ և գործազուրկ երիտասարդության միջավայրում անհրաժեշտ է.
- զարգացնել մասնագիտական (արհեստակցական) սկզբնական կրթությունը, այդ հաստատություններում մշակել և իրականացնել հանրակրթական ծրագիր,
- ապահովել երիտասարդ ձեռներեցների, նրանց բիզնեսի և նախաձեռնությունների համար մշտական աջակցություն, որն ուղղված կլինի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- բյուջետային աջակցության ապահովում երիտասարդ ուսուցիչներին, բժիշկներին և այլ մասնագետներին, հատկապես` գյուղերում և սահմանամերձ բնակավայրերում,
- կազմակերպել գործազուրկ երիտասարդության մասնագիտական վերապատրաստում, ապահովել նրանց` ժամանակակից մասնագիտությունների տիրապետումը, ստեղծել երիտասարդական զբաղվածության մարզային կենտրոններ,
- պետության լայն աջակցությամբ կարգավորել գյուղական երիտասարդության զբաղվածության խնդիրները, և առաջին հերթին` սահմանամերձ ու բարձր լեռնային գյուղերում, հանրապետության գյուղական վայրերում կազմակերպել մշակութային կենտրոնների, մարզահրապարակների վերանորոգում ու նորերի կառուցում:

6. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ներկա իրավիճակը:
Հայաստանի բնակչության առողջության վիճակը բնութագրվում է ցածր ծնելիությամբ (11,7 ծնունդ` 1000 բնակչի հաշվարկով), մինչև 1 տարեկան երեխաների մահացության բարձր մակարդակով (13,8 դեպք` 1000 նորածնի հաշվարկով): Ավելին, 2006 թ. նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է մինչև 1 տարեկան երեխաների մահացության աճ` 13,0%-ով: Իրավիճակը գրեթե չի փոխվել նաև 2007 թ. հունվար-սեպտեմբերին. ծնելիությունը 1000 բնակչի հաշվով կազմել է 12 երեխա, մահացածներից մինչև 1 տարեկան երեխաներ են եղել 11,4%-ը:
2006 թ. Հայաստանի բնակչության շրջանում արձանագրվել են 103127 տարբեր հիվանդություններ, որոնցից հիմնականներն են, ինչպես արդեն նշել եմ, սուր աղիքային վարակներ` 5330 դեպք, շնչառական օրգանների սուր վարակներ` 87285 դեպք, գրիպ` 1985 դեպք, շնչառական օրգանների տուբերկուլյոզ` 1216 դեպք և ոջլոտություն` 4877 դեպք: Դրությունը էականորեն չի բարելավվել նաև 2007 թ. հունվար-սեպտեմբերին, երբ արձանագրվել է 67614 հիվանդության դեպք. գրանցվել են 4160 սուր աղիքային հիվանդություններ, 56560 վերին շնչուղիների սուր ինֆեկցիաներ, 878 շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքեր, 2554 ոջլոտության դեպք:
Ազգաբնակչության շրջանում առողջապահության գործում առկա չլուծված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի միջին տևողության վրա. 2006 թ. այն կազմել է կանանց մոտ 71-72, տղամարդկանց մոտ` 68-70 տարեկան:
Հայրենական առողջապահական համակարգի խնդիրներից հարկ է նշել հետևյալները.
- բժշկական սարքավորումների, սանիտարական ավտոտրանսպորտային փոխադրամիջոցների մաշվածություն,
- բժշկական հաստատությունների (հատկապես` մարզերում) ոչ բավարար հագեցվածություն ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով,
- թանկարժեք, բարձր տեխնոլոգիական տեսակների բժշկական օգնություն ստանալու հարցում բնակչության պահանջների ծայրահեղ ցածր բավարարում:
Ավելին, արմատական բարելավման կարիք ունի հիվանդությունների կանխարգելման համակարգը:
Իմ գործունեության ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարում եմ աջակցությունը` ժամանակակից առողջապահական համակարգ ստեղծելուն, որը հետապնդում է հետևյալ նպատակները.
- ամրապնդել Հայաստանի բնակչության առողջությունը, իջեցնել հիվանդացության, հաշմանդամության, մահացության մակարդակները,
- բարձրացնել բժշկական օգնության մատչելիությունն ու որակը,
- ամրապնդել առողջապահության առաջնային օղակը, պայմաններ ստեղծել նախահոսպիտալային փուլում արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու համար,
- զարգացնել առողջապահության կանխարգելիչ ուղղվածությունը,
- բավարարել բնակչության պահանջարկը բժշկական օգնության բարձր տեխնոլոգիական տեսակներում,
- լուծել պետական սոցիալական աջակցության կարոտ քաղաքացիների սոցիալական խնդիրները` բուժսպասարկման մասով:
Ժողովրդի առողջությունը համարում եմ ժամանակակից կայացած հասարակության ու զորեղ պետության և՜ պայմանը, և՜ նպատակը: Իսկ առողջապահական արդիական համակարգի ստեղծումը իմ գործունեության կարևորագույն գերակայություններից մեկն է: Այս մոտեցումը պետք է դրվի առողջապահության ոլորտում պետության քաղաքականության հիմքում, որն ուղղված կլինի մարդկանց առողջության պահպանության ապահովմանը: Գիտակցելով, որ ներկա փուլում առողջապահության գնահատման նախկին չափորոշիչները չեն գործում, անհրաժեշտ է որոշել բուժօգնության այն օպտիմալ հնարավորությունները, որոնք պարտավոր է երաշխավորել պետությունը:
Այս գործում կարևոր պայման է բժշկական ծառայությունների ստանդարտացման անհրաժեշտությունը, պետական և ապահովագրական բժշկությունների համամասնության օպտիմալացումը, ինչը ենթադրում է.
- առողջապահության զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունների որոշում,
- առողջապահության հիմնական սկզբունքների և զարգացման խնդիրների որոշում,
- առողջապահության համակարգի պետականորեն պահպանման ապահովում,
- առաջին բուժօգնություն ցուցաբերող սկզբնական օղակի գերակայության ապահովում,
- բժշկական գիտության զարգացման երաշխիքների ապահովում,
- առողջապահության օպտիմիլացմանը միտված միջոցառումների ապահովում,
- բնակչության բոլոր խավերի համար բժշկական օգնության մատչելիություն,
- ընտանեկան բժշկության ինստիտուտի և ցերեկային ստացիոնարների ցանցի հետագա զարգացման, բնակչության դիսպանսերիզացման ապահովում,
- բուժհիմնարկների սեփականաշնորհման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովում,
- մոր և մանկան առողջության, սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունների գործունեության կտրուկ բարելավմանն ուղղված միջոցառումների ապահովում,
- բժշկական ապահովագրության օրենսդրական հիմքերի սահմանում և երաշխիքների ստեղծում,
- բնակչության առաջին անհրաժեշտության բուժօգնության անվճար կազմակերպում:
Գտնում եմ, որ ժամանակակից առողջապահության պետական համակարգը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ խնդիրների իրականացմանը.
- հասնել բուժական և սանիտարահիգիենիկ միջոցառումների համակարգմանը` ապահովելով կանխարգելիչ և բուժական բժշկության սինթեզը, օգտագործելով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակների բոլոր հնարավորությունները, ժամանակին կազմակերպելով բնակչության դիսպանսերիզացումը,
- բժշկական հիմնարկների ցանցի օպտիմալացման հիման վրա ապահովել դրանց մատչելիությունը,
- վերականգնել գյուղական առողջապահությունը,
- ապահովել հիվանդանոցներին կից ցերեկային ստացիոնարների գործունեությունը,
- ստացիոնար ծառայության օղակում զարգացնել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ բազմապրոֆիլ հիվանդությունների բուժմանն ուղղված պայմանների ապահովումը,
- ֆինանսական լրացուցիչ միջոցներ հատկացնել սրտանոթային, հոգեկան, նարկոլոգիական, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների կանխարգելմանը և բուժմանը,
- զարգացնել և եվրոպական չափանիշներին հասցնել ատամնաբուժական, մաշկավեներական, վիրաբուժական, թերապևտիկ և մյուս ծառայությունները,
- վերականգնել և խորհրդային վերջին տարիների մակարդակին հասցնել մոր ու մանկան պաշտպանությանն ուղղված միջոցառումների համալիր կազմակերպումը,
- ապահովել շտապբուժօգնության մատչելիությունը` ծառայությունը համալրելով բարձրակարգ մասնագետներով,
- ընդլայնել անվճար բուժօգնության ցուցաբերումը որոշակի հիվանդությունների դեպքում (սրտանոթային համակարգի, սուր վիրաբուժական, հոգեկան, նարկոլոգիական, վեներական, վարակիչ, չարորակ նորագոյացությունների, տուբերկուլյոզի, վնասվածքների, երիկամների), ինչպես նաև որոշակի ծառայությունների մատուցման ժամանակ (մոր ու մանկան, շտապօգնության, դիսպանսերիզացման, սանիտարահիգենիկ, ամբուլատոր): Այդ ծառայությունների մատուցումը օրենսդրորեն ամրագրել Մեծ հայրենական, աֆղանական, ղարաբաղյան պատերազմների հաշմանդամների, մինչև 15 տարեկան երեխաների, միայնակ մայրերի, թոշակառուների և սպառողական նվազագույն զամբյուղից ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար,
- քաղաքացիների վերը նշված խմբերին ապահովել անվճար դեղորայքով,
- բազմակողմանիորեն զարգացնել բժշկական գիտությունը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գիտական նվաճումները բժշկական պրակտիկայում ներդնելու համար,
- գործող ենթակառուցվածքներին համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, բուժկանխարգելիչ սպասարկումը:
Առողջապահության ոլորտում ռազմավարական հիմնական ուղղությունները համարում եմ.
- բնակչության առողջության պահպանումը, խնդիր, որը պետք է դառնա պետության ամենօրյա հոգածության առարկան, և որի լուծումը կպահանջի նախարարությունների, գերատեսչությունների ու հասարակության գործունեության համակարգում,
- բնակչության անվճար բուժօգնության ծավալների զգալի աճ: Որոշակի հերթականությամբ` մշակված ծրագրերին համապատասխան, աստիճանական անցում ապահովագրական բժշկությանը,
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին,
- Հայաստանի բնակչությանն ընդգրկել համընդհանուր դիսպանսերիզացման ոլորտ:
Վերը թվարկված հիմնախնդիրների իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Առողջապահությունը շահութաբեր կառույց չէ և առանց պետական ֆինանսավորման ու արտաբյուջետային աղբյուրների աջակցության չի կարող գոյատևել: Առողջապահության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետք է լինեն.
- առողջապահության բյուջեն, որը պետք է ֆինանսավորի պետպատվերը,
- բուժհիմնարկների հարկային բեռի թեթևացումից առաջացած միջոցները,
- առողջապահության երկարաժամկետ զարգացման հիմնավոր ծրագրերի կենսագործմանն ուղղված նպատակային ներդրումները,
- ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքի ակցիզային հարկերի, ինչպես նաև դեղորայքի վաճառքից ստացված ավելացված արժեքի հարկի որոշակի միջոցների ուղղումը առողջապահության բյուջե,
- վճարովի բժշկական ծառայություններից մուտքագրվող միջոցների մի մասը,
- մարդասիրական օգնությունը,
- ներքին ռեզերվների արդյունավետ օգտագործումը:
Առողջապահության բնագավառում ձեռնարկվող քայլերը պետք է նախատեսեն պետպատվերի շրջանակներում անվճար բուժման ենթակա հիվանդությունների ցանկի ընդլայնում, ինչը ենթադրում է առողջապահության տարեկան բյուջեի զգալի աճ:
Առողջապահության ոլորտում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել բժշկական հիմնարկների հարկային բեռի թեթևացում, ինչը հզոր խթան կդառնա սեփական եկամուտներ ստեղծելու գործում:

7. ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանում ազգամիջյան հարաբերությունների բնագավառում վարվելիք քաղաքականության մեջ ղեկավարվելու եմ հետևյալ սկզբունքով. կանխել առանձին անհատների, խմբավորումների, կուսակցությունների կողմից ազգային-մշակութային հնարավորությունների օգտագործումը` ի վնաս ազգային փոքրամասնությունների, հասարակության և այլ անձանց շահերի:
Ազգային քաղաքականության առաջնահերթ խնդիրներ եմ համարում.
- ճանաչել Հայաստանի Հանրապետության էթնոմշակութային բազմազանությունը, որը, որպես հասարակության սեփականություն, ենթակա է պետական պաշտպանության,
- տնտեսական վերափոխումներ կատարելիս հաշվի առնել էթնիկ փոքրամասնությունների (ռուսներ, քրդեր, եզդիներ, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ) տնտեսավարման ավանդական առանձնահատկությունները,
- խստիվ արգելել ու պատժել ազգային խտրականության դրսևորումները, ճիշտ նույն կերպ` բացառել արտոնություններ` ըստ ազգային հատկանիշների,
- անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու հետագա զարգացման համար:

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Իմ ծրագրային խնդիրներն իրագործելիս հենվելու եմ ազգային գաղափարախոսության վրա:
Ազգային գաղափարախոսությունն արժեքների գնահատման և վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև անցյալի ու ապագայի համար: Այն կոչված է համազգային շահերի տեսակետից հետազոտել պատմական իրողությունները, ի հայտ բերել սխալները` դրանց կրկնությունը կանխելու համար:
Ազգային գաղափարախոսությունն ինքնապահպանման հավաքական բնազդի գիտակցված աստիճանն է, հավաքական գոյատևման երաշխիքը:
Ազգային գաղափարախոսությունը հայերիս համար կենսական անհրաժեշտություն է, այն պանթուրքիզմի գաղափարական հակակշիռն է, մի գաղափարախոսություն, որը պարբերաբար ճգնաժամային իրավիճակներ է ստեղծում մեր ժողովրդի համար` վերջնական նպատակ ունենալով ոչնչացնել հայկական պետականությունը: Այս իրողությունը չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր ժխտում են ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը` այն նենգափոխելով պատեհապաշտ կոչերով, կոսմոպոլիտիզմի քարոզչությամբ, դրսից պարտադրված փորձարարական ծրագրերով:
Ազգային գաղափարախոսության հիմքը համարում եմ համազգային հավաքականությունը, որը պահանջում է մշտական պայքար պառակտման ամեն մի դրսևորման դեմ: Ազգային գաղափարախոսությունը պետք է վեր լինի բոլոր խավերից և կուսակցություններից, ելնի համազգային շահերից, քանզի ազգի կորուստը չի կարող կորուստ չլինել նաև նրանց համար:
Ազգային գաղափարախոսությունը հասարակական կյանքի բոլոր պրոցեսները գնահատում է ազգի համախմբման, ազգային դիմագծի, բարոյականության և ոգու պահպանման տեսակետից:
Ազգային գաղափարախոսությունը իրականացնելիս հատուկ տեղ եմ հատկացնելու Սփյուռքին: Առանց Հայրենիքի չկա Սփյուռքի ազգային կեցությունը և, ընդհակառակը, առանց Սփյուռքի քաղաքական, նյութական, բարոյական և մշակութային օժանդակության անհնար է հայոց պետականության ամբողջական առաջընթաց զարգացման ապահովումը:
Ազգային գաղափարախոսությունը պետության և ժողովրդի համար վճռական, պատմության բեկումնային ժամանակահատվածներում իշխանությունների, կուսակցությունների, լիդերների գործունեությունը արժևորում է կորուստները նվազագույնի հասցնելու, դրանց համար պատասխանատվություն ստանձնելու, ժողովրդավարությունը զարգացնելու նրանց կարողության տեսակետից, ինչպես նաև գլոբալիզացմանը հատուկ պրոցեսների մեջ ներդաշնակ ընդգրկվելու, աշխատանքի համաշխարհային բաժանման գործում սեփական երկրի արժանապատիվ դերակատարությունն ապահովելու ընդունակությամբ:
ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում ես ձգտելու եմ ազգային գաղափարախոսությունը դարձնել հայոց պետականության հոգևոր հիմքը` հետևողականորեն աշխատելով, որ ազգային գաղափարախոսությունն իր դրոշի ներքո միավորի հայ հասարակության ազգային բոլոր ուժերը` հասնելով համայն հայության ընդհանուր նպատակի իրականացմանը, Ազգ-Պետության ստեղծմանը:
Ազգային գաղափարախոսության առանցքն եմ համարում`
- ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, ազգային անկախ պետականության, ազգային մշակույթի, կրոնի և եկեղեցու հիմնադրույթների ապահովությունը,
- իրավական և կազմակերպական համապատասխան այնպիսի կառուցվածքների ձևավորումը, որոնք աշխարհասփյուռ հայության համար կապահովեն անհրաժեշտ պայմաններ` համազգային խնդիրները լուծելու ճանապարհին:
Գտնում եմ, որ ազգային գաղափարախոսության հիմքում պետք է դրված լինի սոցիալական արդարությունը, վերջինիս բացակայությունն անհնար է դարձնում հասարակական համաձայնությունը: Ազգային գաղափարախոսությունը մերժում է ծայրահեղականությունը, սոցիալական խիստ բևեռացումը, երբ դեռևս ամբողջովին չձևավորված միջին դասը փորձում են կապող օղակ դարձնել ազգի միավորման, ազգային կայուն համաձայնության և համերաշխության համար: Ազգային գաղափարախոսությունը վնասակար ու անընդունելի է համարում ամեն մի վերափոխություն և գործողություն, որոնք, թեկուզ ժամանակավորապես, թուլացնում են միջին դասը, քանի որ դրանում դիտարկում եմ համազգային ուժի ամլացում:
Ազգային գաղափարախոսությունը կտրուկ սահմանափակում է իշխանությունների սխալ գործելու հնարավորությունները: Ոչ ոք, ոչ մի խումբ, ոչ մի կուսակցություն չպետք է իրավունք ունենա արդարացնելու սեփական սխալները, որոնք խարխլում են մի ամբողջ ժողովրդի անվտանգությունը, նրանց, ովքեր խաբված են:
Ազգային գաղափարախոսությունը տնտեսության ոլորտում առաջնային նշանակություն է տալիս արդյունաբերության և գյուղատնտեսության այն ճյուղերին, որոնք հնարավորություններ են ստեղծում Հայրենիքում մեծ թվով մարդկանց ապրուստի համար, նպաստում են մարզերի, հատկապես փոքր քաղաքների և գյուղական վայրերի համաչափ զարգացմանը, բնապահպանական ծրագրերի իրականացմանը:
Ազգային գաղափարախոսությունը հատուկ ուշադրություն է պահանջում գիտության այն բնագավառների նկատմամբ, որոնց զարգացման կենտրոնը օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետությունն է, իսկ կրողը` հայկական էթնոսը: Քանի որ կրթությունը, գիտությունը և մշակույթը բնութագրում են ազգի ինքնատիպությունը, որոշում նրա տեղը աշխարհում, ազգային գաղափարախոսությունն անթույլատրելի է համարում նահանջը` կենսագործունեության այդ ոլորտներում ձեռք բերած մակարդակից:
Ազգային գաղափարախոսությունը լեզվական և մշակութային ընդհանրության (հայկական էթնոսի) պահպանման պարտադիր պայման է համարում պետական լեզվամշակութային հետևողական քաղաքականության իրականացումը, քաղաքականություն, որը պետք է համախմբի ազգը:
Այսպիսով, ազգային գաղափարախոսության գերակայությունն եմ համարում ազգային բոլոր ուժերի միավորումը մեկ գերխնդրի` Ազգ-Պետության ձևավորման շուրջ, միաժամանակ պահպանելով քաղաքական, սոցիալական, փիլիսոփայական և կազմակերպչական կառուցվածքները, որոնք համայն հայության համար կապահովեն անհրաժեշտ պայմաններ` գլոբալիզացիայի մարտահրավերները հաղթահարելու և XXI դարում համազգային խնդիրները լուծելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդի պատմական, աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ողջ հայության առջև ծառանում են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր զարգացումները` համազգային համերաշխության և միասնության ոգով: Այս կտրվածքով էլ ներկայացնեմ հարցի մասին իմ մոտեցումները:
1. Հարկ է կարճ ժամանակում ստեղծել ոչ կառավարական կարգավիճակ ունեցող հեղինակավոր մի մարմին, որը կկանոնակարգի պետության տարբեր օղակների հարաբերությունները Սփյուռքի հետ: Հենց այդ մարմնի գործուն մասնակցությամբ և ազգային գաղափարախոսության հիման վրա պետք է մշակվեն Հայաստան-Սփյուռք միասնացմանն առնչվող բոլոր հարցերը` տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային և այլն: Դրանք պետք է դրվեն պետական հոգածության ներքո:
2. Հայաստան-Սփյուռք ինտեգրացիայի նախապայմանը պետք է լինի վերջինիս միասնության ապահովումը թե՜ առանձին գաղթօջախներում, թե՜ համասփյուռքյան միասնական ղեկավար մարմիններ ստեղծելու միջոցով: Այսօր Սփյուռքում, կարծում եմ, միասնության հնարավորությունը հայտնի չափով կախված է նաև Հայ առաքելական եկեղեցու միաբանությունից:
3. Հարկ է գիտակցել, որ առանց Հայաստանի Հանրապետության գոյության կդադարի Սփյուռքը: Ուստի, Հայաստանի գոյության ու զարգացման պատասխանատվությունը պետք է բաժանել բոլոր հայերի վրա` անկախ նրանց բնակության վայրից:
4. Հայաստան-Սփյուռք միասնականացումը հնարավոր է ապահովել միայն քաղաքական պատասխանատվության բարձր գիտակցումով: Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնցով սփյուռքահայությունը կմասնակցի երկրի քաղաքականության գերակա հարցերի լուծմանը և քաղաքական որոշակի պատասխանատվություն կվերցնի իր վրա: Մեխանիզմներ, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով ընձեռված հնարավորություններից, և որոնք կկանոնակարգվեն Սահմանադրությանը չհակասող օրենքներով:
5. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակի բարձրացման արդիական հիմնահարցը հայկական գաղթօջախների երկրների հետ տնտեսական ինտեգրման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Սփյուռքահայերի դրամագլխի ներդրումները խրախուսող օրենքների ընդունմանը և դրանց պաշտպանվածության ապահովմանը զուգընթաց, երբ կապահովվի սփյուռքահայի սեփականատիրական իրավունքը, այդ թվում և հողի նկատմամբ, կսկսվի տնտեսական լիակատար միասնականացման գործընթացը:
6. Սփյուռքահայի համար հայրենիքում արտոնություններ նախատեսող օրենսդրական որոշակի դաշտի ստեղծումը միասնականացման պայմաններից մեկն է:
7. Հայ ժողովուրդն ունի համազգային քարոզչական կենտրոնացված մարմնի ստեղծման կարիք, որը կկարողանա համակարգել և ուղղություն տալ աշխարհասփյուռ հայության քաղաքական ու հասարակական կազմակերպությունների աշխատանքներին: Նման կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պետք է ստանձնի պետությունը:
8. Պետք է էլ ավելի աշխուժացնել Հայաստանի և Սփյուռքի միջև մշակութային համագործակցության, երաժշտական, թատերական խմբերի հյուրախաղերի, նկարչական ցուցահանդեսների փոխանակման, մարզական միջոցառումների կազմակերպման գործը:
9. Հարկ է ընդլայնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունները, նոր թափ հաղորդել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման պարբերական դասընթացներին:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային ներկա իրադրությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի, մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայությունների և դրա ռեսուրսային հնարավորությունների որոշման ու ապահովման վերաիմաստավորում և վերագնահատում:
ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծի առաջնային գերակայությունը պետք է լինի անձի, հասարակության և պետության անվտանգության ու շահերի պաշտպանությունը: Անվտանգություն ասելով` պետք է ելնենք այն բանից, թե ինչ իմաստ ենք դնում այդ հասկացության մեջ: Դա, նախևառաջ, ազգային էկոնոմիկայի կայուն գործունեության ապահովումն է, աղքատության հաղթահարումը, միջքաղաքակրթական երկխոսության նախաձեռնումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այդ գործընթացների շրջանակներում գլխավոր ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ հիմնական նպատակների իրագործմանը.
- տարածքային ամբողջականության և երկրի ինքնիշխանության ամրապնդում ու պահպանում,
- սահմանադրական կարգի հիմքերի ամրապնդում, ժողովրդավարական բարեփոխումների հաջող իրագործում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, Հայաստանի առաջընթաց զարգացման, տնտեսության վերելքի, մարդու իրավունքների և ազատությունների պահպանման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում,
- Հայաստանի Հանրապետությանը հարակից տարածաշրջաններում լարվածության և կոնֆլիկտների պոտենցիալ օջախների առաջացումը կանխելու ու եղածների վերացմանը ցույց տրվող աջակցություն, հայկական սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ձևավորում,
- Հայաստանի Հանրապետության ազգային գերակայությունները որոշելիս արտասահմանյան երկրների ու միջպետական միավորումների հետ խնդիրների լուծման գործառույթներում համաձայնության և ընդհանուր շահերի որոնում,
- Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքների ու շահերի համակողմանի պաշտպանություն:
Հայաստանի Հանրապետության շահերը շաղկապված են նաև այլ գործոնների հետ, այդ թվում`
- համաշխարհային տնտեսության գլոբալացում, ընդսմին, մարդկային փոխառնչությունների ընդլայնման, սոցիալ-տնտեսական առաջընթացի լրացուցիչ հնարավորությունների հետ կապված գլոբալիզացումը միաժամանակ բերում է և նոր վտանգներ հատկապես տնտեսապես թույլ պետությունների համար,
- համաշխարհային էկոնոմիկայում և քաղաքականության մեջ միջազգային ինստիտուտների դերի ու կիրառվող մեխանիզմների ուժեղացում, որը պայմանավորված է երկրների փոխկապվածության բնականոն աճով, միջազգային համակարգի կառավարելիության ապահովման անհրաժեշտությամբ,
- տարածաշրջանային պետությունների ռազմաքաղաքական մրցակցություն (Հարավային Կովկասի տարածաշրջան):
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը վտանգավոր փակուղուց դուրս բերելու կարևորագույն նախապայման եմ համարում նախագահական առաջիկա ընտրությունների ազատ, արդար, ժողովրդավարական պահանջներին հարիր անցկացումը: Վերստին հաստատում եմ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմքում դրված անժխտելի հետևյալ իրողությունների ընդունումը.
- Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը պետք է կայանա ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պահպանման գերակայության ճանաչման շրջանակներում,
- հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը,
- հիմնահարցի խաղաղ կարգավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման և ոչ մի պայմանավորվածություն չի կարող լեգիտիմ համարվել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների լիարժեք մասնակցության և հավանության,
- փոխզիջումների հիմքում պետք է դրվեն հակամարտող կողմերի` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունները,
- Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ,
- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող բանակցային գործընթացի ընդունելի համակարգող է շարունակում մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Վերը շարադրված սկզբունքների և իրողությունների ընդունումը, կարծում եմ, կարագացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ողջ գործընթացը` նպաստելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:
Համոզված եմ, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունն ու զարգացումը պետք է մեծապես ամրապնդվի ոչ թե ի հաշիվ մյուս կողմի թուլացման, այլ ընդհակառակը` այդ կողմի անվտանգության զուգահեռ ամրապնդման ու զարգացման:
Տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնարար սկզբունք պետք է դառնա` յուրաքանչյուր երկրի անվտանգությունը բոլորի անվտանգությունն է կարգախոսը, իսկ դրա հիմքում էլ պետք է դրվի` Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հայտնի արտահայտությունը. «Որտեղ էլ որ խախտվի խաղաղությունը, աշխարհն ամենուր է վտանգված դառնում»: Հարավային Կովկասի երկրների անվտանգությունը ներառում է ոչ միայն պաշտպանությունը արտաքին վտանգներից, այլ նաև անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և հումանիտար զարգացումը:
Վերջին տարիներին ակնհայտ է հարևան երկրների (Թուրքիա և Ադրբեջան) կողմից վարվող քաղաքականության ուղղվածությունը, որի առանցքն է Հայաստանի Հանրապետության դուրսմղումը հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշորածավալ ծրագրերից: Խոսքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզերում գազամուղի և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման ու շահագործման մասին է: Դրան զուգահեռ արդեն իսկ ակնհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական ինտեգրումը վերափոխվում է ռազմավարական նշանակության ռազմաքաղաքական դաշինքի: Ստեղծված այս նոր իրավիճակում մեր պետության հնարավորությունները հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու գործում օբյեկտիվորեն սահմանափակվում են: Դա էլ իր հերթին հրամայական է դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակայությունների հստակեցումը: Առաջնությունը պետք է տրվի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և հարստացմանը` ռազմավարական գործընկերության սկզբունքով` Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագիր Կազմակերպության շրջանակներում: Այս գործում կարևոր կռվան է երկու երկրների տնտեսական ինտեգրացիան և միասնական տնտեսական գոտի ստեղծելու համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը, որը ենթադրում է հարկային ու մաքսային օրենսդրության փոխհամապատասխանեցում: Դրա հետ մեկտեղ, չի կարող կասկածի ենթակա լինել այն փաստը, որ համակովկասյան կայունացման առանցքը պետք է լինեն միայն և բացառապես Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: Մյուս շահագրգիռ պետությունները կարող են ներգրավվել Կովկասում առկա վիճահարույց հարցերի կառուցողական, խաղաղ կարգավորման պրոցեսի մեջ` չհավակնելով, սակայն, թելադրել իրենց կամքը: Այս հիմքի վրա կարելի է և պետք է էլ ավելի խորացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, ինչպես նաև երկխոսություն վարել Թուրքիայի հետ` առանց նախնական պայմանների:
Հարավային Կովկասի տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգությամբ շահագրգռված ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են մեծապես նպաստել համագործակցության և շահավետ փոխգործողությունների, տնտեսական բարեփոխումների անցկացմանը, ժողովրդավարության զարգացման և ժողովրդավարական արժեքների ընդհանուր սկզբունքների հաստատմանը: Այդ գործում նրանց դերը և տեղը դժվար է գերագնահատել:
Առանձնահատուկ նշանակություն կտրվի այն երկրներին, որտեղ կան հայկական գաղթօջախներ` սփյուռքահայության իրավունքների պաշտպանությունը համարելով հայոց պետականության արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիրներից մեկը:
Արտաքին քաղաքականության մեջ լրջագույն քայլեր պետք է կատարել հատկապես ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերի, հումքի և սպառման շուկաների վերականգնման ուղղությամբ: Կարևորում ենք նաև Հայաստանի ներգրավումը տարածաշրջանում միջազգային տնտեսական նոր ծրագրերի մշակման գործում` այդ նպատակով լիարժեք օգտագործելով Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված ռուսական կապիտալի ներկայությունը` ի դեմս «Գազպրոմ»-ի, «ՌԱՕ-ԵԷՍ»-ի և «Վիմպելկոմի»:
Հարավային Կովկասում ստեղծված արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում հայկական պետության համար խիստ անհրաժեշտություն է դառնում պատմության տված դասերի արագ յուրացումը, ի հաստատումն այն բանի, որ ազգային ինքնիշխանությունը պետք է գնահատել որպես ժողովրդի համար բարձրագույն նվաճում, աշխարհաքաղաքական խաղաղ միջավայրի հաստատմանն աջակցում` որպես մեզ համար կենսականորեն կարևոր ազգային շահ, ինչպես նաև բոլոր պետությունների հետ կապերի հաստատում և զարգացում, որպես ազգային անվտանգությանը նպաստող առավել արդյունավետ միջոց:
Կարևորում եմ նաև եվրոպական կառույցներին ինտեգրման ոլորտում խոսքից գործի անցնելը, ԱՄՆ-ի հետ թե՜ քաղաքական, թե՜ տնտեսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը, Մերձավոր արևելքում և Ասիայում փոխշահավետ կապերի աշխուժացումը:
Միաժամանակ կարևոր է, որ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը բարյացակամության մթնոլորտում սկսեն իրենց տարաձայնությունների կարգավորման գործընթացը` ելնելով առկա իրողություններից: Հայաստանի քաղաքացիները պետք է սթափ գիտակցեն, որ Հայ դատի արդարացի լուծումը պետք է ընթանա խաղաղ միջոցներով` հենվելով պատմական իրողությունների և համընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Ներկայումս հրատապ է դառնում վերոնշյալ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի իրագործումը, որը բաժանվում է բազմաթիվ բաղադրատարրերի և ուղղված է համընդհանուր ձևով լուծելու այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են` Ցեղասպանության ժառանգությունը, Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը և տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության միացյալ համակարգի ստեղծումն ու դրա գործունեությանը կողմերի հնարավոր մասնակցությունը: Նշված երկրների փոխադարձ անվտանգության ապահովման համար պայմանավորվածությունների ձեռքբերման լավագույն կռվան պետք է լինեն վիճահարույց հարցերի համալիր լուծման վրա հիմնված գործընկերային դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, այլ ոչ թե դեկլարատիվ հայտարարությունները դրանք կարգավորելու վերաբերյալ:
Համոզված եմ, որ ահա այսպիսին պետք է լինի Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական ընտրությունն առաջիկա տարիներին:
Նման ընտրությունը կախված կլինի գավառամիտ մտածելակերպի հրաժարումից և իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության մեջ տիրող անվստահության մթնոլորտի հաղթահարումից, պետության մեջ ազնվության, պատասխանատվության մթնոլորտի հաստատումից ու ներքին համաձայնությունից` ազգի մարդկային բոլոր ռեսուրսները ժամանակակից շրջափուլում միաբանելու նպատակով: Դա հայ ժողովրդի միակ հնարավորությունն է իր կենսունակությունն ապացուցելու, երկար սպասված և ամբողջական անկախությունը ձեռք բերելու, ապագա զարգացման ամուր հիմքերը դնելու համար:

ԱՄՓՈՓՈՒՄ

«Արարաման ծրագիրը» կյանքում իրագործելիս առաջնորդվելու եմ «Ազատություն, Արդարություն, Համերաշխություն» կարգախոսով: Իմ ըմբռնմամբ Ազատություն նշանակում է ազատ լինել պարտադրված կախվածությունից, որը մարդուն, հասարակությանը, երկիրը զրկում է ստեղծարար ուղիներ, կենսակերպ ընտրելու հնարավորությունից, ոտնահարում է անձնական և ազգային արժանապատվությունը:
Ձգտելու եմ, որպեսզի Հայաստանում Ազատությունը հասարակական իրողություն դառնա, երբ հանրապետության բոլոր քաղաքացիներին կընձեռվեն տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային ազատ զարգացման փաստացի հնարավորություններ:
Ձգտելու եմ Արդարության, որը օրենքի ուժով ամեն մի քաղաքացու հասարակության մեջ կերաշխավորի հավասար իրավունքներ և կենսագործունեության ոլորտում համարժեք հնարավորություններ` անկախ նրա զորությունից, իշխանությունից, դիրքից:
Ձգտելու եմ հասարակության մեջ հաստատել Համերաշխության սկզբունքը, որին հետևելով` դարեր ի վեր պետականությունից զրկված հայ ժողովուրդը կարողացել է տոկալ ու գոյատևել: Գլոբալիզացման մարտահրավերների պայմաններում հասարակության անդամները կարող են մարդավայել ապրել, համագործակցել միայն այն դեպքում, երբ պատասխանատվություն կզգան իրենց և այլոց համար ու կօգնեն միմյանց:
Համերաշխությունը, իբրև այդպիսին, իրականանում է այն դեպքում, երբ այդ սկզբունքը գործում է նաև ուժով անհավասարների, հակառակ շահեր հետապնդող մրցակիցների միջև: Բնավ չնշանակելով նահանջ հայացքներից ու սկզբունքներից, նման հայեցակարգը պարտադրում է ուժեղին` սատարել թույլերին, իսկ ամենքիս` համատեղ ջանքեր գործադրել` ի շահ յուրաքանչյուր մարդու, ի շահ ազգի, ի շահ Հայրենիքի:

* * *

Ի մի բերենք ներկայացված Ծրագրի հիմնական դրույթները.
Ծրագրի նշանաբանն է «Հանուն ազգային միաբանության», իսկ նպատակն է համազգային համաձայնության կայացումը, կենսականորեն անհրաժեշտ այն հարցերի արձանագրումը, որոնք հուզում են համայն հայությանը, Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացու, հասարակության բոլոր խավերին: Փորձ է արված պարզ ու հստակ ներկայացնել, թե ինչպիսի տագնապահարույց վիճակում է հայտնվել երկիրը, գլոբալ ինչպիսի մարտահրավերներ են ծառացած Հայաստանի առջև մեր օրերում: Ծրագրում առաջարկվում են հայոց պետականության հիմքերը ճարակած ճգնաժամից դուրս գալու կոնկրետ, համակարգված ուղիներ:
Մեզ հարկավոր է կենսունակ և հզոր Հայաստան, որն ի զորու կլինի դիմակայել մարտահրավերներին, այլ ոչ թե տկար ու հիվանդոտ հասարակական մի մարմին: Սեփական պատասխանատվության գիտակցումով հայ ժողովրդի և Հայաստանի ապագայի համար` ի լուր ամենքի հայտարարում եմ, որ հանուն համազգային առաջընթացի պատրաստ եմ համագործակցել ազգային շահերը պաշտպանող բոլոր ուժերի հետ` հասարակության համախմբման նպատակով` Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար պատմականորեն բախտորոշ ներկա փուլն այսուհետ անկորուստ անցնելու, XXI դարի քաղաքակիրթ ազգերի շարքում իր արժանի տեղն ապահովելու համար:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր