- ԳԼԽԱՎՈՐ
- ՀԱՅԱՍՏԱՆ - ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
- ԳՐՔԵՐ
- ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
- ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ում
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ-ԶԼՄ-ՆԵՐԸ
- ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
- ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԵԼՈՒՅԹՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
- ԱՐԽԻՎ
- ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ
ԵԼՈՒՅԹՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
|
ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ (Վիեննա, 23 փետրվարի 2007 թ.) Հարգարժան գործընկերներ, առաջին աշխարհամարտի նախօրեին Ծովակալության Առաջին լորդ Ուինսթըն Չերչիլը պատմական որոշում կայացրեց. Արքայական Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) բրիտանական նավերի համար` ածուխը որպես վառելիք փոխարինել նավթով: Նա մտադրվել էր դա անել, որպեսզի բրիտանական նավատորմն իր արագացությամբ գերազանցեր գերմանականին: Բայց այդ փոփոխությունը նաև ազդարարեց, որ այդուհետ Արքայական ՌԾՈՒ-երը պիտի հույսները դնեին ոչ թե Ուելսի հանքավայրերի աշխի, այլ` անհանգիստ Պարսկաստանից բերվող նավթի մատակարարումների վրա: Դրանով իսկ Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգությունը վերածվեց պետական ռազմավարության խնդրի: Ավելի քան 90 տարի անց էներգետիկ անվտանգության հարցերը ձեռք են բերել գլոբալ բնույթ: Այս առնչությամբ հիշարժան իրադարձություն եմ համարում 2006 թ. Հուլիսի 15-ից 17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ութ խմբի» ամենամյա գագաթաժողովի օրակարգի մեջ գլոբալ էներգաանվտանգության հարցը Ռուսաստանի կողմից մտցնելու նախաձեռնությունը: Ամփոփիչ փաստաթղթում «Ութի խմբի» առաջնորդներն ընդունեցին գլոբալ էներգետիկ անվտանգության ամրապնդմ,ան գծով գործողությունների սանկտպետերբուրգյան ծրագիրը: Միջազգային հանրության առջև դրվեց փոխկապակցված երեք խնդիրների, ասել է թե` էներգետիկ անվտանգության, տնտեսական աճի ապահովման և բնապահպանության հարցերի արդյունավետ լուծման միանգամայն կոնկրետ հիմնահարցը: Դրված նպատակներին հասնելու համար սահմանվեցին աշխատանքի յոթ հիմնական ուղղություններ: Նախևառաջ, դա գլոբալ էներգետիկ շուկաների թափանցիկության, կանխատեսելիության և կայունության բարձրացումն է: Երկրորդ ուղղությունը` էներգետիկայի բնագավառում ներդրումային կլիմայի բարելավումն է: Երրորդ ուղղությունը` էներգաարդյունաբերության ու էներգախնայողության բարձրացումն է: Չորրորդը` էներգատեսակների տարբերականացումն է: Հինգերորդը` կենսականորեն կարևոր էներգետիկ ենթակառուցվածքի ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Վեցերորդը` էներգետիկ աղքատության ծավալների կրճատումն է, և վերջապես` կլիմայի փոփոխման և կայուն զարգացման խնդիրների լուծումը: ԵԱՀԿ անդամ-երկրների հանրաճանաչ ԶԼՄ-ներում գլոբալ էներգետիկ անվտանգության վերաբերյալ վերջերս հրապարակված բազմաթիվ հոդվածները, ցավոք, չեն մոտեցել անգամ էներգաանվտանգության ապահովման վերոհիշյալ նպատակային իմաստավորմանը: Որպես կանոն, հրապարակումների մեծ մասի հեղինակները հանիրավի քաղաքականացնում են խնդիրը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք դեռևս էներգետիկ անվտանգության մոդելի այն կարծրատիպի գերին են, որը ձևավորվել է 1973-ի համաշխարհային էներգետիկ ճգնաժամի թեժ հետքերով: Հոդվածները հեղինակների հիմնական ուշադրությունը գլխավորապես սևեռվում է այն հարցի վրա, թե ինչպես է պետք հաղթահարել արդյունահանող երկրներից նավթի կամ գազի մատակարարումների յուրաքանչյուր խափանում: Ընդսմին, էներգառեսուրսների մատակարարման խանգառումների մեջ, որպես կանոն, չար դիտավորություն էին նկատում: Ավելին. Եվրաամերիկյան հանրության մեջ այսօր կարծիք են արմատավորում Ռուսաստանի` իբրև նավթի ու գազի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկի կարծեցյալ անհուսալիության մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ` գլոբալ էներգաանվտանգության հիմնախնդրի էության անմիջական խեղաթյուրում ԵԱՀԿ առանձին երկրներում: Ռուսաստանին շանտաժի ենթարկելու գայթակղությանը, ավաղ, տեղի տվեցին նաև եվրոպական որոշ պատգամավորներ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում սույն տարվա հունվարի 23-ին տեղի ունեցած տվյալ հարցի քննարկման ընթացքում: Հարկ է նշել, որ գլոբալ էներգաանվտանգության հարցերը գնահատելիս` քաղաքական ներգրավվածությունը, երկակի ստանդարտների կիրառումը, իսկ հաճախ նաև բանավեճի խնդրո առարկային չտիրապետելու հանգամանքը նշմարվում է և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի որոշ պատգամավորների եկույթներում: ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ (Ստրասբուրգ, 23 հունվարի 2007 թ.) Հարգելի´ գործընկերներ, վեց տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Այդ տարիները յուրահատուկ փորձություն եղան հայկական հնագույն քաղաքակրթության` Հին Հռոմի և Բաբելոնի հասակակցի համար, քաղաքակրթություն, որն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ այսօր, ելույթ ունենալով ԵԽԽՎ այս բարձր ամբիոնից, մի կազմակերպության, որը ԵԽԽՎ նախագահ, հարգարժան պրն Վան դեր Լինդենն իրավացիորեն անվանեց Եվրոպայի խիղճը, ցանկանում եմ խղճմտորեն խորհել Հայաստանի անցած ուղու մասին: Եվ դրանում մեզ անգնահատելի օգնություն են ցույց տալիս մեր գործընկերներ Ժորժ Կոլոմբիեյի և Միկո Էլոյի կողմից հանգամանորեն պատրաստված զեկույցները: Այո, նրանց զեկույցներում իրավացիորեն նշված էր, որ սահմանադրական փոփոխություններն իրավական հիմք են դնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատման և ինքնուրույն գործունեության համար: Ավելին, Հայաստանի քաղաքացիների, Ազգային ժողովի պատգամավորների, ինքնակառավարման մարմինների, դատարանների և Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենսդրորեն հնարավորություն է նախատեսված դիմել Սահմանադրական դատարան` քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվրոպական չափանիշներին համապատասխան ձևափոխված է Արդարադատության խորհուրդը, սկսվել են իրավական համակարգի բարեփոխումները: Եվ այստեղ մեզ համար կարևոր է չտրվել ինքնահանգստացման գայթակղությանը և վերհիշել պատմության դասերը: Վերհիշել ժողովրդավարության հիմնասյուների պատմությունը` հունական քաղաք-պետությունները` պոլիսները, Հանրապետական Հռոմը, որոնք իրենց դարաշրջանի համար ունեին ամենակատարյալ, ժողովրդավարական օրենքները: Ժողովրդավարության օրենքների առկայությունն ապահովում էր դրանց հզորությունն ու առաջընթացը մինչ այն պահը, երբ դրանք սրբորեն պահպանվում և չէին ոտնահարվում իշխանական վերնախավի կողմից ու վերջիններս չէին համարձակվում օրենքները հարմարացնել իրենց քմահաճույքներին: Օրենքների ոտնահարումը հանգեցրեց Հանրապետական Հռոմի անկմանը և նրա տեղում ծնվեց Հուլիոս Կեսարի կայսրությունը: Եվ հեղվեց նրա երբեմնի մերձավոր ընկերոջ` համոզված հանրապետական Կատոն Կրտսերի արյունը, որն ի նշան բողոքի դաշույնով պատռեց սեփական որովայնը և դուրս թափեց ներքին օրգանները, որպեսզի անհնար լիներ փրկել իր կյանքը և Աստված մի արասցե հանկարծ ինքը չապրեր Կայսերական Հռոմում: ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ (Ստրասբուրգ, 23 հունվարի 2007 թ.) Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում քննարկվող «Էներգետիկ պաշարները քաղաքական ճնշումների համար օգտագործելու վտանգը» հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որն իր վրա մշտական ճնշում է զգում հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հենց այդ պետությունների նախաձեռնությամբ` շրջանցելով Հայաստանը, կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Եվ դա այն պայմաններում, երբ, միջազգային փորձագետների միահամուռ կարծիքով, տեխնիկա-տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից խողովակաշարերը պետք է անցնեին Հայաստանի տարածքով: Ի՞նչ է դա, եթե ոչ պերճախոս օրինակ` էներգետիկ պաշարները որպես Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու անթաքույց գործիք` տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերից նրան մեկուսացնելու ճանապարհով: Տնտեսական ճնշում, որը հետագայում փոխակերպվեց քաղաքականի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ժամանակ: Ավելին, հենց էներգառեսուրսներին տիրելը նպաստում է նրան, որ արդեն 17-րդ տարին է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը անպատիժ իրականացնում են Հայաստանի տնտեսական շրջափակումը: Ամենամյա վնասները, որ կրում է Հայաստանի տնտեսությունը, մեկուկես անգամ գերազանցում են հանրապետության բյուջեն: Կրկնում եմ, տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը շրջափակելով անպատիժ են մնում, որովհետև իրենց տարածքով արտահանվող կենտրոնաասիական և կասպիական նավթն ու գազը ապահովում են էներգակիրների ներկրումը Եվրոպա` դիվերսիֆիկացիայի ենթարկելով վերջինիս կախվածությունը ռուսաստանյան ներկրումներից: Ավելին, հավատացած լինելով «սև ոսկու» անկոտրում ուժին, նշված երկրները գնացին Հայաստանի տնտեսական հետագա մեկուսացման ճանապարհով: Արդեն 2007 թ. երկրորդ եռամսյակում կսկսվի Կարս (Արևմտյան Հայաստանի, ներկայումս` Թուրքիայի տարածք)-Ախալքալաք (Վրաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը` ավելի քան 400 մլն դոլար նախագծային արժողությամբ: Եվ դա այն պարագայում, երբ այսօր արդեն իսկ շահագործման պատրաստ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին պարապուրդի է մատնված Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման պատճառով: Ցավոք, Եվրամիության և ԱՄՆ-ի Կոնգրեսի բավականին զգուշավոր հանդիմանությունները, որոնք հանգում էին իրենց հաշվետու ֆինանսական ինստիտուտների կողմից այդ նախագծի ֆինանսավորումը թույլ չտալուն, պարզապես արհամարհվեցին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Սակայն այս հարցերն այդպես էլ չդարձան եվրոպական և ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից բուռն քննարկման առարկա: Եվ դա հասկանալի է. Հայաստանը փոքր պետություն է, նրա ընդերքը չունի ոչ նավթ, ոչ գազ, այնպես որ աշխարհի հզորները կարող են արհամարհել մեր հպարտ ժողովրդի կարիքները: Եվրոպացի և ամերիկացի մեր բարեկամները զուտ ձևականորեն թեթևակի կշտամբեցին նավթով և գազով հարուստ Ադրբեջանին, ու դրանով իսկ հարցը համարեցին փակված: Ահա ձեզ դասական օրինակ, երբ էներգետիկ պաշարներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք: Արդյո՞ք դա չէ ցայտուն վկայությունն այն բանի, որ որտեղ կա նավթ և գազ, այնտեղ իշխում են երկակի ստանդարտներ, լինի դա տնտեսություն, թե քաղաքականություն, իսկ բարոյականության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Հարգելի գործընկերներ, քննարկվող հարցի հրատապությունն ակնհայտ է: Այս պարագայում, իմ կարծիքով, անհրաժեշտ պայման է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի նման կարևորագույն ոլորտում վերջին տարիներին ձևավորվող իրավիճակի անկողմնակալ վերլուծությունը: Խնդրի արդիականությունը շատ բանով պայմանավորված է նաև նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը Եվրամիության երկրներ է ներկրում վերջիններիս կողմից օգտագործվող նավթի ավելի քան մեկ քառորդը և ապահովում է նրանց բնական գազի պահանջարկի ավելի քան 40%-ը: ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ (Ստրասբուրգ, 4 հոկտեմբերի 2006 թ.) Հարգելի գործընկերներ, գլոբալացվող աշխարհի պայմաններում դժվար է գերագնահատել «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ) անդամ-երկրների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսության վիճակի վրա: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում այս հարցի քննարկման ընթացքում մենք իրավունք ունենք ակնկալել պատասխաններ` տնտեսական աշխարհակառուցվածքի հրատապ մի շարք խնդիրների վերաբերյալ: Օրինակ, ՏՀԶԿ-ն ի՞նչ է առաջարկում հակադրել գլոբալացման էլ ավելի բարդացող մարտահրավերներին` լինի դա էներգետիկ գլոբալ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, պայքարը 21-րդ դարի համաճարակների, սովի և անգրագիտության, երկրագնդի կլիմայի գլոբալ տաքացման դեմ և այլն: Գաղտնիք չէ, որ այս և մի շարք այլ խնդիրների լուծումը հնարավոր է միայն ՏՀԶԿ անդամ-երկրների տնտեսությունների դինամիկ զարգացման դեպքում: Մենք պետք է նաև հարց տանք, թե որքանո՞վ է ՏՀԶԿ տնտեսական քաղաքականությունը հաշվի առնում աշխարհի մյուս պետությունների շահերը, որքանո՞վ է նրանց պաշտպանում գլոբալացման հնարավոր բացասական ազդեցությունից: Սրանք ամենևին զուր հարցեր չեն, և մենք իրավունք ունենք ակնկալել, որ հռետորների ելույթներում և տվյալ հարցի շուրջ բանաձևում դրանք պատշաճ ձևով կլուսաբանվեն: Այդ դեպքում միայն տագնապի բնական զգացումը` ՏՀԶԿ անդամ չհանդիսացող պետությունների ապագայի նկատմամբ կարող է վերաճել աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ սեփական արժանի տեղն ունենալու վստահության զգացմունքի: Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել քննարկվող հարցի բացառիկ արդիականությունը աշխարհի երրորդ երկրների ճակատագրերի համար: Եվ իմ այս վստահությունը հիմնված է անկախության 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վայրիվերումների իմաստավորման վրա: Մի փոքր հետադարձ հայացք գցենք պատմությանը. Հայաստանը, լինելով նախկին ԽՍՀՄ և նրան սահմանակից Առաջավոր Ասիայի ամենաառաջատար հանրապետություններից մեկը, անկախության հռչակումից հետո ձեռնամուխ եղավ շուկայական վերափոխումների: Հայաստանը, անշեղորեն ընթանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանձնարարականների ուղիով, որտեղ օրենսդիրները ՏՀԶԿ-ն հիմնողներն են, տնտեսական բարեփոխումների հիմքում դրեց երեք հիմնասյուն. սեփականաշնորհում, շուկայական ազատականացում` կապիտալի և մարդկային ռեսուրսների ազատ շարժի ապահովմամբ, ինչպես նաև ֆիսկալ տնտեսում` ֆինանսական համակարգի ազատականացման և ազգային տարարժույթի ներդրման պայմաններում: Այսինքն` տնտեսական բարեփոխումների հիմքում դրվեցին «Վաշինգտոնյան կոնսենսուսի» գաղափարները, որոնք մշակվել էին 80-ական թվականներին որպես պատասխան Լատինական Ամերիկայի երկրների տնտեսության միանգամայն իրական խնդիրների և ունեին որոշակի իմաստ: Սակայն հետխորհրդային Հայաստանի համար նման բարեփոխման իրականացումը քիչ էր մնում հանրապետության տնտեսությունը հասցներ կոլապսի: Այսպես, արտադրական համալիրի սեփականաշնորհումը վերածվեց պետական ունեցվածքի թալանի, կապիտալների ազատ շարժը` ջրի գնով սեփականաշնորհված բավականին ժամանակակից հաստոցային գործիքակազմի և սարքավորումների ապամոնտաժման ու արտահանման: Իր հերթին, մարդկային ռեսուրսների ազատ շարժն իր հետևից բերեց որակյալ աշխատուժի և մասնագետների զանգվածային արտահոսքի` Հայաստանի սահմաններից դուրս:
|


