«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Հ Ա Կ Ա Ճ Գ Ն Ա Ժ Ա Մ Ա Յ Ի Ն

Ծ Ր Ա Գ Ի Ր

Երևան - 2007

• ՆԱԽԱԲԱՆ
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2007 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ
• ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
• ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
• ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2.ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
3.ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
4.ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
5.ԱՇԽԱՏԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ
6.ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
7. ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

• ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
• ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
• ԱՄՓՈՓՈՒՄ

ՆԱԽԱԲԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցությունը» Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միավորում է, որի մեջ ընդգրկված անձինք իրականացնում են ազատության, ժողովրդավարության, անհատական պատասխանատվության սկզբունքները, ովքեր ապացուցել են, որ կարող են արարել` արտադրել, կառուցել, կառավարել, օգնել մարդկանց, պաշտպանել երկիրը: Այսինքն` «Ազգային Միաբանությունը» շարքային քաղաքացիների և ոչ թե «պետերի» կուսակցություն է. այն արտահայտում է մեր քաղաքացիների` բանվորների, ուսուցիչների, բժիշկների, գիտնականների, գյուղացիների, ձեռներեցների, թոշակառուների, ուսանողների, զինծառայողների շահերը:
«Ազգային Միաբանության» համար հիմնարար արժեքներ են անձի գերակայությունը, մարդկային կարևորագույն արժեքները` բարությունը, սերը և բարոյականությունը, օրենքի առաջնայնությունը, իշխանության թևերի տարանջատումը, պետության վրա հասարակության դեմոկրատական վերահսկողությունը, մասնավոր սեփականությունը, տնտեսական ազատությունը, բոլոր քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը: Կուսակցությունն իր գործունեությունը հիմնում է կամավորության, հավասարության, ինքնակառավարման, օրինականության և հրապարակայնության սկզբունքների վրա:
Մենք քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգությանը, երկրի կյանքի բոլոր ոլորտներին նայում ենք շարքային քաղաքացու` այն նույն «հասարակ մարդու» տեսանկյունից, որին ավելի քան 16 տարի է, ինչ հաշվի չեն առնում հաճախակի փոփոխվող կառավարություններն ու «խոշոր քաղաքագետները»:
Կուսակցությունը հասարակության կյանքի բոլոր կողմերի առողջացման, ժողովրդի ստեղծարար ներուժի վերածննդի կողմնակիցն է, ժողովուրդ, որը, հենվելով շուկայական ազատական տնտեսության լայն հնարավորությունների վրա, չմերժելով պետության կարգավորիչ դերը, ընդունակ է ապահովել հասարակական հարստության արդարացի բաշխումը:
Մենք կողմ ենք սոցիալական շուկայական ժամանակակից տնտեսությանը, պետության սոցիալական ազդեցիկ քաղաքականությանը ոչ միայն այն պատճառով, որ դա մեզ համար բարոյական անվերապահ կատեգորիա է, այլ որովհետև կարող է ու պետք է ծառայի որպես տնտեսության շարժիչ ուժ, դառնա տնտեսական քաղաքականության իմաստն ու նպատակը:
Մենք կողմ ենք անձի ազատությանը և մարդու իրավունքները հարգելուն, բազմակարծության ընդլայնմանը և հանդուրժողականության ապահովմանը, քաղաքականության, տնտեսության, մշակույթի բնագավառներում ու ամենօրյա կյանքում անհատի ազատ ընտրությանը:
Մենք դեմ ենք իրենց գործողություններով քաղաքացիական անգործունակության մղող իշխանությունների մշտական փորձերին, իշխանությանը տիրող անձանց որևէ գործողություն անմռունչ ընդունելուն, քաղաքական խնդիրներն ուժային և արյունալի ուղիներով լուծելուն, խստորեն դատապարտում ենք իշխանության անգործունակությունը հասարակության համար խիստ վտանգավոր` պետական մարմիններում կոռուպցիայի և անօրինականության դրսևորումների դեմ, պաշտոնատար անձանց նշանակմանը` անձնական նվիրվածության ու ազգակցականության սկզբունքով:
Մենք անհրաժեշտ ենք համարում խիստ վերահսկողություն իրականացնել, որպեսզի օրենքները չխախտվեն, ժողովրդավարությունը զուգակցվի կարգուկանոնին, մարդիկ պաշտպանված լինեն իշխանությանը սերտաճած կլանների, մի խումբ հանցագործների ու սրիկաների կամայականություններից: «Ազգային Միաբանությունը» աշխատելու է հասնել պետական այնպիսի մարմինների ձևավորմանը, որոնք կունենան ուժ, կամք Հայաստանի Հանրապետությունում օրինականություն և անհրաժեշտ կարգուկանոն հաստատելու գործում:
«Ազգային Միաբանությունը» միավորում է պետականամետներին, մարդկանց, որոնք ձգտում են օգտագործել պետական մեքենայի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար: Նման պետության ձևավորման դեպքում քաղաքացիները կունենան իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն և քաղաքական որոշումների կայացման պրոցեսի վրա անմիջական ազդեցության կարողություն:

* * *

«Ազգային Միաբանության» գաղափարները, ըստ էության, համահունչ են պահպանողական կուսակցությունների գաղափարներին, քանի որ մեր կուսակցությունը կոչված է աջակցելու հայ ժողովրդին բնորոշ կայուն արժեքների ամրապնդմանը, որոնցից ամենագլխավորներն են` սերն ու նվիրվածությունը նախնիների հողին և նրա սրբություններին, ընտանիքի և գերդաստանի անսասանությունը, Հայրենիքի ազատությունը, հասարակության մեջ յուրաքանչյուր մարդու ինքնադրսևորման իրավունքի պաշտպանությունը, նորի զգացումը, կարեկցանքն ու արձագանքը նեղ վիճակում հայտնված մարդկանց ճակատագրին, համերաշխությունը բախտորոշ փորձությունների պահին:
«Ազգային Միաբանության» գաղափարները համահունչ են նաև ազատական բնույթի կուսակցությունների գաղափարներին, քանի որ ի սպաս են դրվում քաղաքացու իրավունքներին, նրա տնտեսական ազատությանը, որը հիմնվում է մասնավոր սեփականության, ազատ ու արդարացի շուկայական մրցակցության վրա` ի շահ մեծամասնության ժողովրդավարական կամքի կենսագործման և փոքրամասնության իրավունքների պաշտպանության:
«Ազգային Միաբանության» գաղափարները միաժամանակ համահունչ են սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների գաղափարներին, քանի որ ըստ ամենայնի սատարում են մարդու սոցիալական պաշտպանվածությունը, նրա արժանապատվությունը, որ պետք է լինի պետական հոգածության առարկա:
Բայց և «Ազգային Միաբանությունը» գտնում է, որ`
- մոլորության մեջ են ազատականության այն կողմնակիցները, ովքեր կարծում են, թե ժողովրդավարության, սոցիալականության և իրավունքի սահմանադրորեն ամրագրված գերակայությունները կարող են ստեղծվել ու պահպանվել մի հասարակության մեջ, ուր առկա է բնակչության սոցիալական խորը շերտավորում, ուր չկա համընդհանուր համերաշխություն,
- մոլորության մեջ են արդյունաբերողների, հողատերերի և մտավորականների միավորումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե կարելի է կացութաձևի ու նպատակների հավասարակշռություն պահպանել հարուստների և աղքատների միջև, և թե բոլորի համար հնարավոր է ապահովել իրավական ու քաղաքական ազատություն` տնտեսական, սոցիալական և մշակութային ազատությունը թողնելով որպես զուտ ընտրյալ փոքրամասնության արտոնություն,
- մոլորության մեջ են ազգայնական շարժումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե համերաշխ, իրավական, ժողովրդավարական հասարակություն կարող է կառուցվել մարդկանց անհավասարության և «ազգից» դուրս գտնվող առանձին անհատի ազատության ապահովման հիման վրա,
- մոլորության մեջ են սոցիալիստական ուղղվածության այն կուսակցությունները, որոնք գտնում են, թե միայն կենտրոնացված կառավարվող տնտեսությունը կարող է նպաստել մարդու ինքնուրույն, ներդաշնակ զարգացմանը` չխոչընդոտելով անհատի ազատ ձևավորմանը:

* * *

«Ազգային Միաբանությունը» կյանքում և քաղաքականության մեջ ղեկավարվում է պարզ ու հասկանալի սկզբունքներով.
պատասխանատվության սկզբունքը: Պատասխանատու քաղաքականությունը ենթադրում է հաշվետու լինել ստանձնած պարտավորությունների համար: Պետական ու քաղաքական յուրաքանչյուր գործչի պատվի գործն է իշխանությունից հեռանալ այն պահին, երբ պարզվում է, որ չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները: Մեր պատասխանատվությունը ներառում է և պատասխանատվություն ապագայի համար. Հայաստանի ապագան մեզ համար նույնքան կարևոր նշանակություն ունի, որքան և նրա հեռանկարները:
Բարոյականության սկզբունքը: Բացառվում է, որ «Ազգային Միաբանությունը» վարի անբարո քաղաքականություն: Քաղաքականությունը պետք է վարել մաքուր ձեռքերով. նպատակը չի արդարացնում միջոցները: Քաղաքական նպատակներին հասնելու միջոցները մեզ համար պակաս կարևոր չեն, քան բուն նպատակները. ավելին` օրինականությունը չի կարող զոհաբերվել նպատակահարմարությանը: «Ազգային Միաբանությունը» դեմ է այնպիսի քաղաքականությանը, որի ուժով որոշ մարդիկ և սոցիալական խմբեր առավելություն են ձեռք բերում ուրիշների տառապանքների հաշվին, երբ մի առանձին խավ բարգավաճում է` զանգվածային աղքատացման ֆոնի վրա:
Կանխատեսելիության սկզբունքը: Քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի. յուրաքանչյուր քայլը պետք է հաշվարկվի մարդկանց համար դրա հնարավոր հետևանքների տեսակետից: Նրանք, ովքեր 1993 թ. թույլ տվեցին գների աճ 109 անգամ, չէին մտածել հետևանքների մասին: Այդ պատճառով բազմահազար մարդիկ զրկվեցին իրենց խնայողություններից: «Ազգային Միաբանությունը» դեմ է բախտախնդրությանը քաղաքականության մեջ, քանի որ քաղաքականության մեջ ամեն փորձարարություն փորձարարություն է մարդկանց, ժողովրդի վրա: Մեր կուսակցությունն այս իմաստով միանգամայն կանխատեսելի է և պատրաստ` բանակցելու, ստեղծելու դաշինքներ, զիջումների դիմել այն դեպքերում, երբ ակնկալվում է Հայաստանի առաջընթացը դեպի մեր հռչակած գաղափարները:
Պրոֆեսիոնալիզմի սկզբունքը: «Ազգային Միաբանությունը» գտնում է, որ պետությունը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Պրոֆեսիոնալը ոչ միայն իր գործի գիտակն է, այլև բարոյական անձ, որը հավատարիմ է մասնագիտական պատվո կոդեքսին և ենթարկվում է կատարողական կարգապահությանը: Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հարյուրավոր մարդիկ, ովքեր պետական իշխանության մարմիններում աշխատանքի մեծ փորձ ունեն: Նրանց հետ մենք ունենք հայացքների միասնություն և փոխըմբռնում: Սա էլ հենց կոչվում է «թիմ»: Միասնաբար մենք կարող ենք և պատրաստ ենք ստանձնել երկրի առողջ բոլոր ուժերը միավորելու և հանրապետությունը համընդհանուր ճգնաժամից հանելու պատասխանատվությունը:
«Ազգային Միաբանությունը» այսօրվա և վաղվա, ոչ թե անցյալի կուսակցություն է, այն իրական հուսո կուսակցություն է:

* * *

«Ազգային Միաբանության» ծրագրային հիմնադրույթների հիման վրա (ընդունվել է «Ազգային Միաբանություն կուսակցության» II համագումարում` 25. 05. 2000 թ.) ներկայացնենք համընդհանուր ճգնաժամը հաղթահարելուն ուղղված կուսակցության գործողությունների լրամշակված Ծրագիրը, որը 2007 թվականից դառնալու է «Ազգային Միաբանության» գործունեության հիմնական ուղենիշը և որի գլխավոր նպատակն է կանխել ազգային աղետը, ամրապնդել անկախ հայկական պետականությունը` Հայրենիքի հոգևոր վերածնության հիմքի վրա:
Ձեր ուշադրությանը և դատին ներկայացվող «Հակաճգնաժամային ծրագրի» կարգախոսն է` «Հայրենիքը փրկենք Միաբանությամբ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2007 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

2003 թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններին հաջորդած տարիները բնութագրվեցին հասարակության կյանքի բոլոր կողմերի համընդհանուր ճգնաժամի հետագա խորացմամբ: Ակնհայտ են հայրենական ապրանք արտադրողների արտադրանքի մրցունակության կորստի վտանգավոր միտումները, արդյունաբերության լճացումը, հարաբերությունների ֆեոդալիզացիան (ավատականացումը) ագրարային ոլորտում, այժմեության գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի Հանրապետության տնտեսության ոչ միայն հետագա առաջադիմության, այլ նաև գոյատևման ռազմավարության լիակատար բացակայությունը: Դա առավելապես պայմանավորված է պետական շինարարության ընդհանուր գաղափարաբանական դիրքորոշումների բացակայությամբ, որ նպատակ ունի դիմակայելու գլոբալ մրցակցության մարտահրավերներին և աշխատանքի միջազգային բաժանմանը: Սա, իր հերթին, հանգեցրեց հայ հասարակության հոգևոր, գաղափարական և բարոյական խորը ճգնաժամի: Անկախության 16 տարիների ընթացքում իշխանություններն այդպես էլ չկարողացան կառուցել հասարակական կյանքի մի այնպիսի կարգ, որ Հայաստանի քաղաքացիները լինեին ազատ, իսկ իրենք` իշխանություններն էլ չտրտնջային մեր հանդեպ հարևան պետությունների ու նրանց հովանավորների անարդար վերաբերմունքի դրսևորումներից: Բարձրագույն իշխանությունների համար ազատության ու արդարության, քաղաքացիների նյութական բարեկեցության ապահովման ձգտումն այդպես էլ չդարձավ առանցքային: Հայաստանի քաղաքացիները զրկված են ազնիվ աշխատանքով և ձեռներեցությամբ իրենց արժանավայել գոյությունն ապահովելու հնարավորությունից: Ամենուրեք` սկսած գյուղական, ավանային ու քաղաքային ինքնակառավարման մարմինների ղեկավարների և վերջացրած Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններով, Հայաստանի իշխանությունները կոպտորեն ոտնահարում են ընտրություններում և քաղաքական կյանքում մասնակցելու, օրենսդիր ու գործադիր իշխանություններ ձևավորելու քաղաքացիների հանընդհանուր ընտրական ու սահմանադրական իրավունքները:
2003 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների բիրտ կեղծումը, ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու ուղղությամբ 2005 թ. հանրաքվեի արդյունքների ցինիկ կեղծումը է՜լ ավելի արմատավորեցին հասարակական հարաբերություններում հարկադրման, ցանկացած այլախոհության ճնշման, քաղաքացիների անձնական արժանապատվության զգացմունքի ոտնահարման տեխնոլոգիան: ՀՀ անօրինական իշխանություններն անցկացնում են կիրթ, խելացի, զարգացած մարդկանց դիմազրկելու նպատակասլաց քաղաքականություն` սաղմի մեջ ոչնչացնելով պետության, հասարակական կյանքում, քաղաքացիական հասարակության կայացման մեջ գործուն մասնակցելու նրանց բնական ձգտումը: Արմատավորվում է մի մթնոլորտ, ուր գաղափարին փոխարինելու է գալիս վախը:
«Չինովնիկական» ուռճացված ապարատը ճնշում է գործնական նախաձեռնությունը, կտրում է ազգաբնակչության պատկառելի մասը հանրօգուտ ձեռներեցությունից: Պետական իշխանության բոլոր մակարդակներում բարգավաճում է կոռուպցիան, որը քայքայում է հասարակական ու սոցիալական կառուցվածքը, հանգեցնում է օրինական շրջանառությունից ֆինանսական խոշորածավալ միջոցների դուրսմղմանը: Կոռուպցիան աղքատություն է առաջ բերել Հայաստանում, իսկ աղքատությունը ծնել է շահամոլ մարդուն, որն անձնական շահի համար վաճառքի է հանել իր քաղաքացիական իրավունքները: Տարածաշրջանային զարգացման կենտրոն - «Թրանսփարենսի ինթերնեշնլ - Հայաստան»-ի 2006 թ. օգոստոսին անցկացրած ուսումնասիրությունները (Հայաստանի բոլոր մարզերի պատահական ընտրված 1500 անհատական տնտեսություններում) հայտնաբերել են պետական ողջ մեխանիզմի էրոզիայի վտանգավոր միտում: Այսպես, հարցվածների 44.5 տոկոսը երկրի նախագահին խիստ կոռումպացված է համարում, 18.0 տոկոսը` կոռումպացված և 12.9 տոկոսը` մասամբ կոռումպացված, իսկ հարցվածների 51.3 տոկոսը ՀՀ կառավարության աշխատակազմը համարում է խիստ կոռումպացված, 26.0 տոկոսը` կոռումպացված և 12.5 տոկոսը` մասամբ կոռումպացված. ընդհանուր հաշվով 89.8 տոկոսը ՀՀ կառավարության աշխատակազմը համարում է տարբեր աստիճանի կոռումպացված: Ըստ այդ նույն հարցման, 93.7 տոկոսը այն կարծիքին է, որ ՀՀ նախարարները և 84.8 տոկոսը` ՀՀ դատախազության համակարգը տարբեր աստիճանի են կոռումպացված:
Օրենքի գերակայությունը դեռևս կյանքի անխախտ կանոն չի դարձել ինչպես պետության ու իշխանությունների, այնպես էլ առանձին քաղաքացիների համար: Ակներև են փաստեր, երբ պետական իշխանությունն ամենուրեք նահանջում է, անկանոն կերպով խուսափում պատասխանատվությունից: Այս վակուումը լցվում է ինքնավստահ ու ամբիցիոզ գործիչներով, որոնք մի շարք դեպքերում իրենցով փոխս են գցում իշխանությանը` «բարեգործական» լայնածավալ ձեռնարկումներ անցկացնելով հաճախ հանցավոր ծագում ունեցող, միանգամայն կասկածելի աղբյուրներից ձեռք բերած փողերով: Դեպի ժողովրդավարություն քայլելու փոխարեն` Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին գլորվել-ընկել է օլիգարխների իշխանության կրկնի տակ, որն իր անչափելի և ոչնչով չարդարացված ամբիցիաներով վարկաբեկում է գործարար հանրությանը: Արդյունքում` Հայաստանում ժողովրդավարության բոլոր հիմնական գաղափարներն ամլացվել են: Հասարակական առողջ բանավեճի փոխարեն` երկրի քաղաքացիները հայտնվել են բարձրագույն իշխանության շարքերում նյութվող համատարած խարդավանքների ճիրաններում:
Լուրջ անհանգստություն է առաջացնում «չինովնիկական» ապարատի հետ քրեածին տարրերի սերտաճումը: Պետությունը խոսում է իրավախախտների հետ ոչ թե օրենքի, այլ նրանց լեզվով` մի բան, որ հանգեցրել է հասարակական բարոյականության հետնահանջին և բռնության, հանցավորության ու իրավական ժխտողականության հետագա աճին: Անելանելիության զգացումը հանգեցրել է ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի էական աճին: Ազգային վիճակագրական ծառայության ամենամյա պաշտոնական հաշվետվությունների համաձայն, 2003 թ. տեղի է ունեցել 188 ինքնասպանություն և 189 ինքնասպանության փորձ, 2004 թ. համապատասխանաբար` 184 ու 201, 2005 թ.` 199 և 200, և 2006 թ.` 244 ինքնասպանություն և 221 ինքնասպանության փորձ:
Իրավական ժխտողականությունը բնութագրում է այն տվյալները, որ 2003 թ., չնայած դատական ատյանների որոշումներին, կատարողական բոլոր վարույթներում բյուջեի օգտին չվերականգնված մնացորդ գումարները կազմել են 47 մլրդ 705 մլն 948 հազար դրամ, 2004 թ.` 32 մլրդ 534 մլն 78 հազար դրամ, 2005 թ.` 25 մլրդ 803 մլն 587 հազար դրամ, 2006 թ.` 18 մլրդ 715 մլն 364 հազար դրամ:
Ահագնանում է իշխանական կառույցների ու դրանք սպասարկող կուսակցությունների քաղաքական դեմագոգիան, վտանգավոր ծավալներ է ձեռք բերում հասարակական կարծիքը ձեռնածելու ընթացքը, պետության հիմքերի համար ավերիչ դեր են սկսում խաղալ, այսպես կոչված, «ադմինիստրատիվ ռեսուրսը» և «մեծ փողը»: Ժողովրդավարության էությունը հանդիսացող ընտրությունների ինստիտուտը փոխակերպվում և վերածվում է «կոմպրոմատների» պատերազմի, «ուղեղների լվացման», պաշտոնների ու «փողատեր մեշոկների» մրցության: Դա ընտրողներից խլում է այն հավատը, որ իրենց ձայներով նրանք, իրոք, ի զորու են որոշել, թե` ո՜վ իշխանություն կստանա իրենց կամքով ու իրենց անունից: Ընտրություններին նվազաչափ ներկայանալը և բոլորի դեմ քվեարկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ` բողոք մեր քաղաքացիների հիմնական իրավունքի բռնատիրման դեմ: Ձեռնարկվում են խոսքի և ժողովների անցկացման ազատությունը սահմանափակելու աննախադեպ փորձեր: Տեղեկատվության և մամուլի ազատությունը ճզմված է իշխանության հետ կատարելապես սերտաճած իշխող մեկուսախմբի (կլանի) ճիրանների մեջ: Մեկուսախմբային, կոռումպացված իշխանության շահերին միտված մամուլային և հեռուստատեսային ձեռնածությունները հանգեցրել են սուտ, մարդկանց ապակողմնորոշող կամ դիտավորյալ ցնցող տեղեկատվության տարածմանը: Դա իջեցնում է մամուլի և իշխանամետ հեռուստաալիքների բարոյական ու ինտելեկտուալ մակարդակը և դրանց սպառողներին, ասել է, թե` Հայաստանի քաղաքացիներին անպաշտպան է դարձնում «ուղեղների լվացման» հանդեպ:
Առանց համապատասխան իրավական ապահովման անցկացվող տնտեսական բարեփոխումների չկշռադատվածությունն առաջ է բերել վարձու աշխատավորի անպաշտպանվածություն` զբաղվածության, աշխատանքի վարձատրման ու սոցիալական երաշխիքների ապահովման պետական համակարգերի քայքայման պայմաններում:
Իսկ իրականացվող «բարեփոխումների» հիմնական հետևանքներն աղետալի են: Երկրի առջև ծառացած հիմնախնդիրները անաչառորեն վերլուծելու և տնտեսական աճի գիտականորեն հիմնավորված ռազմավարություն մշակելու փոխարեն, արդեն 16-րդ տարին է, ինչ գործադրվում է ազատական տնտեսական մի կեղծ քաղաքականություն, որի հիմնական իմաստն է ազգային եկամտի բաշխման համակարգի պահպանումը հօգուտ իշխանամերձ այն օլիգարխիկ կառույցների, որոնք հարստացել են ժողովրդին և պետությունը կեղեքելու հաշվին: Ավելին` ուրվագծվում է «դնովի» անձերի միջոցով բնապաշարների` աղետալի հետևանքներով հղի անզուսպ շահագործման, երկրից կապիտալի (դրամագլխի) անարգել արտահանման և պետական գույքի անպատասխանատու ծախծխման հանդեպ «ընտրյալների» իշխող մեկուսախմբի իրավունքն ամրագրելու երկրի իշխանությունների ձգտումը:
Անցկացվող տնտեսական և դրամավարկային քաղաքականության ուղեգիծը հանգեցրել է նրան, որ տնտեսության իներցիոն զարգացումը դարձել է փակուղային: Չեն հաղթահարվում գիտաարդյունաբերական ներուժի անկման կամ էլ հետնահանջի միտումները, չեն լուծվում կարևորագույն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` հիմնական ֆոնդերի արդիականացումը, էներգատար ու գիտատար փոքր տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման հիման վրա հայրենական արդյունաբերության տեխնոլոգիական մակարդակի և մրցունակության բարձրացումը: Բավարար մրջոցներ չեն ձեռնարկվում երկրի գիտատեխնիկական ներուժի քայքայման առաջն առնելու ուղղությամբ: Ըստ էության, հանրապետության տնտեսությունն ընկել է տևական լճացման մեջ, ամրագրվել է համաշխարհային տնտեսության եզրակայքում որպես էժան աշխատուժի ու հումքի աղբյուր ծառայելու նրա վիճակը:
Լիովին բացակայում է ինովացիոն ձեռնարկատիրությունը, պատշաճ ուշադրություն չի դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների լայն ներդրմանը:
Առանձնահատուկ մտահոգություն է հարուցում մտավորականության փաստացի ապադասակարգայնացումը (լյումպենիզացիան): Չհաշված շահամոլների ու հարմարվողականների մի նեղ խավը` մտավորականները հայտնվել են տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցելու ոլորտից հեռացված վիճակում, իշխող մեկուսախմբային վարչակարգի համար դարձել ոչ պիտանի:
Հայ պետականության հիմքերի համար լուրջ վտանգ է ներկայացնում զուտ ֆիզիոլոգիական գոյապայքարի կացության մեջ խրված մարդկանց վիթխարի քանակը: Նրանք չեն վստահում պետությանը, իշխանությունների կարգախոսներին ու ամբոխասիրական խոստումներին, նրանց չեն հետաքրքրում աղքատության հաղթահարման կամ բնակչության զբաղվածության ապահովման ուղղությամբ պետության կողմից առաջարկվող տարաբնույթ ծրագրերը: Երկրում ձևավորված և խորացող իրադրությունն այնպիսին է, որ քաղաքացիների զգալի մասը դուրս է մղվել երկրում ընթացող իրական զարգացումներից: Մեր հասարակությունն սկսում է կորցնել հայ ավանդական հոգևոր-բարոյական ավանդույթների կրողի ու տիրոջ իր դերը: Մարդկանց հայացքները, նրանց ներգրավվածությունը կյանքի մեջ այնքան երկրորդական են դարձել, որ, թվում է, նրանք ներկա են Հայաստանում սոսկ ֆիզիկապես: Գերիշխում է պետության համար վտանգավոր միակ ընդհանուր դիրքորոշումը. ի՞նչ կարող է փոխվել, եթե քաղաքացուն ամեն պահ ներշնչում են, որ անձամբ ինքն ու իր նմանները ոչինչ չեն կարող փոխել հասարակության մեջ, որ իրենց մասնակցությունը երկրի կյանքին որևէ օգուտ չի տալիս: Դրա արդյունքում, քաղաքացիների մեծ մասն ընկնում է խորը հիասթափության և անտարբերության, պետության կյանքում իրենց մասնակցության անիմաստության գիտակցման մեջ: Պետության կողմից արմատավորվող այդօրինակ մտածելակերպը, անգործությունը, անտարբերությունը զգալի չափով խտացնում են պաշտոնավորների ու իշխանակալների` մեր երկրում այժմ թագավորող անպատժելիության մթնոլորտը: Անօրինական իշխանության կողմից անցկացվող հակազգային քաղաքականության արդյունքում մարդկանց զգալի մասը դատապարտված է միմիայն իրենց ֆիզիկական գոյության համար պայքարելուն: Մեր քաղաքացիների պատկառելի զանգվածը ստիպված է կատարել այլազան «սոցիալական դերեր»` մտավոր աշխատանքի մարդուց վերածվելով բանվորի, մանրավաճառի կամ էլ վարձու հողագործի, կամ` տնայնագործ արհեստավորի:
Վտանգավոր միտումներ են արձանագրվել ազգաբնակչության զբաղվածության ոլորտում: Այսպես, 1999 թ. Հայաստանի տնտեսության մեջ զբաղված է եղել 1 մլն 320.1 հազար մարդ, այն դեպքում, երբ 2006 թ. նրանց թիվը կրճատվել և հասել է 1 մլն 112.4 հազարի: Ասել է, թե` այդ ժամանակամիջոցում զբաղվածների թիվը կրճատվել է 207700 մարդով: Չափազանց վտանգավոր նշագծի է իջել ազգաբնակչության բնական աճը: Օրինակ, 1997 թ. այն կազմել էր 19944 մարդ, իսկ 2006 թ.` ընդամենը 10419 մարդ: Այսպիսով, վերջին 9 տարիներին Հայաստանի ազգաբնակչության բնական աճը կրճատվել է գրեթե 50 տոկոսով:
Հարկ է նշել, որ չքավորության մեջ է նաև զբաղված մարդկանց մեծամասնությունը: Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսության մեջ զբաղված յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում երկու չաշխատող: Սա, իր հերթին, նշանակում է, որ մեկ աշխատող մարդը պետք է կերակրի և՜ իրեն ու ևս երկուսի: Եթե հաշվի առնենք, որ պաշտոնական վիճակագրության տվյալներով տնտեսության մեջ զբաղված աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմում է 62474 դրամ, իսկ 2006 թ. նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվել է շուրջ 31677 դրամի չափով, ապա երկրում շնչին ընկնող միջին եկամուտները կազմել են 20825 դրամ, այսինքն` ապրուստի նվազագույն չափաբաժնի 65.7 տոկոսը:
Աղետալի վիճակի մեջ են շարունակում մնալ կենսաթոշակառուները: Նրանց ամսական եկամուտներն ավելի քան 2 անգամ ցածր են նվազագույն սպառողական զամբյուղից և ավելի քան մեկ քառորդով ցածր են նվազագույն պարենային զամբյուղի արժեքից:
Խախտված է անհատի, հասարակության և պետության շահերի միասնությունը, այն հավասարակշռված չէ տնտեսական, սոցիալական, միջազգային, տեղեկատվական, ռազմական և բնապահպանական հիմնախնդիրների հետ: Այս խախտված միասնությունը չի կարող դառնալ ազգային շահի հիմք ու բովանդակություն:
Առ այսօր չեն իրականացվում անհատի շահերը, սահմանադրական իրավունքների ու ազատությունների հիման վրա` քաղաքացիների անվտանգության ապահովումը, մարդկանց կյանքի ու բարեկեցության որակական մակարդակի բարձրացումը նրանց ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացման պայմաններում:
Արհամարհվում են հասարակության շահերը, խարխլվում են իրավական, սոցիալական պետություն ստեղծելու հիմքերը: Հասարակության միաբանության փոխարեն, նրա մեջ էլ ավելի են խորացել դիմակայությունն ու անհանդուրժողականությունը:
Ոտնահարված են պետության շահերը, երաշխավորված չէ Սահմանադրության գործողությունը, խախտված է քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունությունը, որոնք օրինականություն և հանրային կարգուկանոն ապահովելու պարտադիր պայմաններ են:
Երկրի ազգային շահերն այդպես էլ իրենց արտացոլումը չեն գտնում հասարակության բարոյական և հոգևոր հիմքերի ձևավորման, հայրենասիրական ու մարդասիրական արժեքների ամրապնդման և պահպանման մեջ:
Արդ, որո՞նք են համընդհանուր ճգնաժամի մյուս պատճառները: Թվարկենք դրանցից ամենակարևորները:
Առաջին. ազգային անվտանգության հայեցակարգի հիման վրա ընդունված պետական շինարարության ռազմավարության բացակայությունը հանդիսանում է հետխորհրդային Հայաստանի տնտեսական և իրավական ողջ համակարգի թուլության պատճառներց մեկը: Դրա հետևանքով անհնար է դարձել կուտակման և զարգացման համարժեք մեխանիզմի ստեղծումը, որը, իր հերթին, հանգեցրեց`

- տնտեսական կյանքի պետական կարգավորման կատարյալ բացակայության պայմաններում էկոնոմիկայի, ներքին և արտաքին շուկաների հապճեպ ու չկշռադատված ազատականացմանը,
- պետական ձեռնարկությունների «նոմենկլատուրային», հանցավոր սեփականաշնորհման, որը նպաստեց բնակչության թալանին և հին ու նոր պաշտոնյաների հետ սերտաճած մեկուսախմբերի միջև պետական ունեցվածքի բաժանմանը: Ժողովրդական բարիքի քաշել-տանելը տեղի էր ունենում «սեփականաշնորհված» ձեռնարկությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շուկայական միջավայրի ու ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայության պայմաններում,
- բյուջետային պակասուրդը ծածկելու և մակրոտնտեսական կայունությունը պահպանելու անհրաժեշտությունից դրդված` անընդհատ արտաքին նորանոր վարկերի փոխառությանը դիմելու քաղաքականությանը, որն իր հերթին երկիրն օրեցօր ընկղմել է արտաքին պարտքի ճահճի մեջ: Ելնելով հենց այդ իրողությունից` ՀՀ կենտրոնական բանկը ճարահատյալ իրականացնում է կոշտ դրամավարկային (մոնետար) քաղաքականություն, որն էլ կասեցնում է մեր տնտեսական զարգացումը:
Երկրորդ. ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հիմնական սխալները հանգեցրին.
- դատաիրավական ողջ համակարգը քրեամենաշնորհայնացված իրավիճակում հայտնվելուն, սեփականության իրավունքների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրական և գործուն մեխանիզմների բացակայությանը, երկրում օրինականություն հաստատելու ոչ թե օրենքի, այլ` իշխանությունների` միակ ուժային միջոցի դերում հանդես գալուն,
- իշխանությունների կողմից արատավոր արժեքների համակարգի արմատավորմանը, որը ստեղծեց մի այնպիսի վիճակ, երբ անձի առաջադիմության համար պարտադիր պայմաններ դարձան կաշառակերությունը, խաբեությունը, անբարոյականությունը: Ազգաբնակչության զգալի մասը ամեն օր ստիպված է լինում «ընտրություն» կատարել իր ընտանիքի համար գոյապայքարի և հայրենիքի միջև, կանգնել ժողովրդի, հասարակության շահերի հաշվին իր ընտանիքի ապրուստի նվազագույն չափն ապահովելու անհրաժեշտության երկընտրանքի առջև: Մարդկանց որոշակի մասը վերածվել է այս աշխարհում ամեն սուրբ բան աստիճանաբար կորցնող խաբեբաների: Արմատախիլ են արվում հոգևոր և բարոյական արժեքները, Հայաստանում արդար ու ազնիվ աշխատանքով ապրելու հնարավորության հավատը: Ահա, սա է հենց ամենամեծ կորուստը,
- վարվող քաղաքականությունը առավել հարուստ փոքրամասնության շահերի պաշտպանությանը ստորադասեց հասարակության կայունության հիմքը հանդիսացող միջին խավ ձևավորելու անհրաժեշտությունը, իրավիճակ, որը բերեց սոցիալական վտանգավոր շերտավորման և եկամուտների մակարդակով երկբևեռ պայթյունավտանգ հասարակության ձևավորմանը: Սա ազգաբնակչության ճնշող մեծամասնության աղքատացման գլխավոր պատճառներից մեկն է, ինչը էապես կասեցնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:
Երրորդ. պետականության գլխավոր հիմքերը կազմող գործոնները մոտեցել են վտանգավոր սահմանագծի. պետությունն այլևս ընդունակ չէ իրականացնել իր գործառնությունները պատշաճ մակարդակով, ասել է, թե` ապահովել ազգաբնակչության առողջության վերարտադրությունն ու պահպանումը, բանակի մարտունակությունը, գիտության, կրթության և արտադրական ենթակառուցվածքների կանոնավոր գործունեությունը:
Չորրորդ. նախագահական, օրենսդիր և գործադիր իշխանությունները չկարողացան համախմբել հասարակությանը, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայության պարագայում խավերի, կուսակցությունների, անհատականությունների շահերը և առաջնորդների ձգտումները նպատակաուղղվեին երկրի կողմից գլոբալիզացիայի մարտահրավերները հաղթահարելու պատրաստակամությունը: Դրա փոխարեն ունենք կուսակցությունների ու խմբավորումների, տեղական և գյուղական հայրենակցական միավորումների, եկեղեցական ու կրոնական համայնքների, աղանդների աննախադեպ աճ: Խորանում է ազգի պառակտումը: Դեռ ավելին, կան կուսակցություններ, որոնք, արհամարհելով մոտ անցյալի պատմական դասերը, իրենց համարում են հասարակության առանցք և միմիայն սեփական անձերի մեջ են տեսնում համազգային առաջնորդություն իրականացնելու իրավունքը: Սպառնալի չափերի է հասել պետական իշխանության տարբեր մակարդակի մարմինների, դրանց ղեկավարների, կուսակցությունների հանդեպ քաղաքացիների վստահության անկումը:
Հինգերորդ. երկիրը հայտնվել է հոգևոր խորը ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է ազգային մշակույթի, գիտության և կրթության անկումով: Մշակույթի ու կենցաղի ոլորտում շարունակվում են արմատավորվել հայ ժողովրդին խորթ ավանդույթներ ու սովորույթներ: Ժողովրդի լայն խավերի համար մատչելի չեն առողջապահությունն ու կրթությունը: Սպառնագին չափերի են հասել պոռնկությունը, թմրամոլությունը և աղանդավորությունը:
Վեցերորդ. երկրում ձևավորվել է մեկուսախմբային տնտեսություն: Իշխանության մարմիններում խորապես արմատակալած կոռուպցիան, կաշառակերությունը, պետական միջոցների շարունակվող թալանը հասել է վտանգավոր չափերի: Սասանվել է մարդկանց հավատը, խռովվել են նրանց հոգիները: Այս ամենը, վերջիվերջո, խոցելի է դարձրել մեր պետությունը արտաքին ոտնձգությունների համար:
Հայ հասարակությունը պառակտված է, անելանելիության զգացումը կաթվածահար է անում ժողովրդի հավաքական կամքը: Իշխանություններն անընդունակ եղան միավորել երկրի հայրենասիրական բոլոր ուժերը: Ազգային ինքնությունը վտանգող սպառնալիքը համաժողովրդական պայքար է պահանջում, որ պիտի համախմբի հասարակության առողջ ուժերին:
Հայ ժողովուրդը հանդես է գալիս կենսահույզ սուր հարցադրումով. ինչպե՞ս ապրել այսուհետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ

Համընդհանուր մրցակցության պայմաններում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործնական կազմակերպման համար անհրաժեշտ է նոր քաղաքական դասակարգ, որն ընդունակ կլինի երկրին, և առաջին հերթին նրա երիտասարդությանը, առաջարկել հեռանկար և գործ: Դրա համար անհրաժեշտ է իշխանության նոր կազմակերպում, որը հստակ կձևավորի երկրի զարգացման ուղղությունը, կառաջադրի զարգացման նպատակները և կկազմակերպի հասարակության և պետության համախմբումը իրենց բոլոր միջոցներով` դրա իրականացման համար: Այլ ճանապարհ հանրապետությունը չունի, քանի որ ներկայումս մեր տնտեսությունը մոտեցել է իր զարգացման եզրագծին` կայացած համակարգի սահմաններում:
«Ազգային Միաբանությունը» առաջարկում է առաջիկա 10-15 տարիներին պետության զարգացման սեփական մոդելը: Եվ այդ ապագան կապված է գործունեության նոր համակարգերի ստեղծման հետ, որոնք և ապահովելու են որակական աճ կյանքի բոլոր բնագավառներում: Որպես գործունեության գերակայություններ մենք հռչակում ենք ժամանակակից առողջապահական համակարգի ստեղծումը, Հայաստանի տարածաշրջանների հավասարակշռված զարգացմանը միտված պետական ծրագրի հաստատումը` բնական և աշխատանքային պաշարների առավել արդյունավետ օգտագործման հիման վրա, հաշվի առնելով Երևանի և հանրապետության տարածաշրջանների միջև սոցիալ-ժողովրդագրական հաշվեկշռի հավասարեցման արդիական անհրաժեշտությունը, դրա հետևողական բարելավումը, հատկապես` բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններում: Պետական քաղաքականության կարևոր ուղղություն ենք համարում հանրապետության բնակչության` ողջ կյանքի ընթացքում որակյալ ու անընդհատ կրթություն ստանալու վերաբերյալ ազգային նախագծի հաստատումը, երիտասարդության հարցերով` «Գլոբալացման դարաշրջանում երիտասարդության հարմարեցման (ադապտացիայի) ազգային ծրագրի» իրականացումը` հաշվի առնելով ժամանակակից հայկական կյանքի իրողությունները: Երիտասարդության հարցերով ազգային նախագծի շրջանակներում արդիական ենք համարում երիտասարդ ընտանիքներին հարմարավետ և մատչելի բնակարաններով ապահովելու համապետական միջոցառումների մշակումը:
Ազգային նախագծերի գերակայության պայմաններում դրանց անվիճելի կարևորությունը կլինի այն, որ իշխող քաղաքական դասակարգի գործունեության հիմքում դրված կլինի արարումը, այսինքն` նոր կազմավորվող առաջատար ինֆրակառուցվածքների և արտադրական համակարգերի ստեղծումը, հասարակության սոցիալական կառուցվածքի ղեկավարումը:
«Ազգային Միաբանությունը» իր աշխատանքի հիմքում կդնի վերը շարադրված նպատակների կենսագործումը և իր գործողությունները կծավալի համապետական ու ազգային նշանակություն ունեցող խնդիրների իրականացման հիման վրա:
Հասունացած հիմնահարցերի ընդհանրացումը և դրանց փոխակերպումը նպատակների ու խնդիրների, որոնք թույլ կտան առարկայորեն և տեխնոլոգիապես լուծել նշված հիմնահարցերը` դա է բնորոշելու «Ազգային Միաբանություն կուսակցության» քաղաքականությունն առաջիկա հինգ տարիներին:
Ընդ որում, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ առաջարկվող ազգային նախագծերի իրականացումը հնարավոր է միայն գործունեության նոր համակարգի հիման վրա: Այսպես, հնարավոր չէ գոնե կանգնեցնել երկրի ժողովրդագրական անկումը` չստեղծելով մարդկանց կյանքի և տեղաբաշխման նոր ձևեր, որոնք կառուցված կլինեն բազմազավակ ընտանիքների շուրջ, օրինակ` երեք երեխայից բաղկացած: Հնարավոր չէ կյանքը վերադարձնել գյուղ, կանգնեցնել գյուղից աշխատունակ բնակչության արտագաղթի հոսքը, հատկապես` երիտասարդության, առանց տարածաշրջանային զարգացման կազմակերպման և ժամանակակից ինֆրակառուցվածքների ու արդյունաբերության ստեղծման, որոնք հնարավորություն կտան լիարժեք և արժանապատվորեն ապրել ու արարել գյուղում: Եվ, վերջապես, չի կարելի լուծել «կացարանային խնդիրը» բացառապես տնտեսական ու իրավական միջոցներով` առանց պետության կողմից երաշխավորված երիտասարդ ընտանիքների երկարաժամկետ մատչելի վարկավորման` ապագային միտված հեռանկար ունեցող ծրագրերի իրականացման, առանց քաղաքաշինական և տնաշինական համակարգերի արմատական համալիր վերափոխման:
Պետության կողմից հասարակության զարգացման ղեկավարումը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է նաև մատնանշել ընթացիկ խնդիրներն ու պետության դերը շուկայական տնտեսության մեջ:

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ համընդհանուր ճգնաժամը հաղթահարելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է ձերբազատվել միստիկայից և «բարեփոխումներ» կոչվող հասկացությանն առնչվող խոսելախտից: Իսկ դա նշանակում է.
առաջին. երկրում իրականացվող բոլոր բարեփոխումները, տնտեսական վերափոխությունները հարկավոր է հարաբերակցել ազգային անվտանգության շահերի հետ: Հիմնականը պիտի լինի այն, թե ի՜նչ են, ի վերջո, տալիս այդ նորամուծությունները հայ պետականության ամրապնդման, մրցունակ արտադրության վերստեղծման, ինքնիշխանության և ազգաբնակչության բարեկեցության աճի համար:
Երկրորդը. երկրի ու ժողովրդի շահերը, ազգային անվտանգության ապահովումը պետք չէ պայմանավորել սեփականության այս կամ այն ձևով, պետական հատվածում պետք չէ քանդել այն, ինչը դեռ կա և մոտակա ժամանակներում չի կարող լինել մասնավոր սեկտորում: Խոսքը վարչահրամայական համակարգի վերականգնման մասին չէ, այլ` չսեփականաշնորհված ձեռնարկությունների կառավարումը շուկայական աշխատակարգի շրջանակների մեջ փոխադրելու մասին:
Երրորդ. Հայաստանի տնտեսությունն ունի փոքր ու միջին մասնավոր ձեռնարկատիրության և ագարակատիրության պետական հովանավորության քաղաքականության կարիք: Այդ քաղաքականությունը պետք է հենվի շուկայական արդար մրցակցության և արդյունավետ մասնավոր սեփականության ձևավորման համար պայմաններ ապահովող օրենսդիր հիմքի վրա, այն պետք է նպաստի ինչպես խոշոր բիզնեսի գործունեությանը, այնպես էլ` համապատասխան գանձապետական (ֆիսկալ) լծակների միջոցով խրախուսի փոքր և միջին ձեռնարկատիրության ու ագարակային տնտեսությունների զարգացումը: Այդօրինակ մոտեցման դեպքում հնարավոր կլինի ստեղծել հազարավոր աշխատատեղեր և էապես բարձրացնել ազգաբնակչության կենսամակարդակը:
Չորրորդ. հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել գիտության զարգացման վրա և ձգտել ստեղծել փոխադարձ շահավետ ու բեղմնավոր գործակցություն գիտության և բիզնեսի ամենատարբեր բնագավառների միջև: Հարկավոր է ստեղծել համապատասխան (օրենսդրական, ինստիտուցիոնալ, մտավոր, կազմակերպական) պայմաններ և նախադրյալներ, որպեսզի տնտեսական աճը պայմանավորված լինի ինովացիոն գործունեության առաջատար դերով, որը թույլ կտա ներդնել և՜ նորույթներ, և նրա արդյունքը, որպեսզի գաղափարը, մշակումը և տեխնոլոգիան ներգծվեն շուկայական համատեքստի մեջ ու բավարարեն հանապազօր պահանջմունքները: Հարկավոր է, գործնական նորամուծությունների միջոցով, հասնել իրենց հատկություններով լավագույն ապրանքների, մթերքների, ծառայությունների ու տեխնոլոգիաների ստեղծմանը: Անցկացվող տնտեսական քաղաքականության հիմքում պետք է դրվի նոր հնարավորությունների, տեխնոլոգիաների ու գաղափարների որոնումը, որոնք գործնականում կապահովեն աշխատունակ ազգաբնակչության առավել գործուն մասի համար մտավոր ու ստեղծագործական գործունեության լավագույն պայմաններ:
Հինգերորդ. մեր ազգաբնակչությունն ունի հայրենական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների, մատչելի ծառայությունների, բարձր որակավորում չպահանջող, նոր աշխատատեղերի կարիք: Դա հրատապ է դարձնում ներքին շուկայի զարգացման խնդիրը` բնակչության գնողունակության բարձրացման, դեպի հայրենական արտադրություն մարդկանց վերակողմնորոշելու հիման վրա: Խիստ կարևոր ենք համարում նաև արտադրական և գյուղատնտեսական հատվածների ուժերի միավորումն ու սերտ համագործակցությունը:
Վեցերորդ. հարկավոր է բացառել գործերի այնպիսի վիճակի հնարավորությունը, երբ բնակչությանը հուզող, հրատապ հարցերի լուծումը պետությունը փոխանցում է օլիգարխիկ կառույցներին` մի բան, որն անխուսափելիորեն հանգեցնում է պետական ինստիտուտների էրոզիային, դրանց դերի ամլացմանը, երկրի ապարդիականացմանը և սոցիալական անկմանը:
Այն գլխավոր հարցերը, որոնց պատասխանները իշխանությունից սպասում է հասարակությունը, առաջին հերթին վերաբերում են աղքատության հաղթահարման հիմնախնդիրներին, վերաբերում են աշխատունակ ազգաբնակչության մեծամասնությանը, անվճար կրթություն ստանալու, սոցիալական երաշխիքներ ապահովելու հնարավորությանը, անհրաժեշտ հարմարություններով ապահովված, պաշտպանված մանկությանն ու ծերությանը:
Ապրանքային գործելակարգով ապրող մարդկային հասարակության մեջ գործում է համապատասխանության օրենքը, որի համաձայն տնտեսությունը նորմալ է զարգանում միայն այն դեպքում, եթե հասարակության մեջ հաստատված արտադրական հարաբերությունները համապատասխանում են հասարակության արտադրողական ուժերի միաժամանակ երկու պարամետրերին` զարգացման մակարդակին և դրանց բնույթին: Եթե ասվածը թարգմանենք գիտական լեզվից, կնշանակի` երբ արտադրողի շահերը համընկնում են երկրի տնտեսական շահերին: Հաշվի առնելով այս հանգամանքը` անհրաժեշտ է որոշել տնտեսական քաղաքականության գերակայությունները, դրանց հասնելու նպատակների ու միջոցների համապատասխանությունը: Հարկ է նաև առանձնացնել երկրի տնտեսական անվտանգությանը սպառնացող գործոններն ու իրողությունները, որոնցից գլխավորներն են.
- հին արտադրական հզորությունների` զանգվածաբար շարքից դուրս գալը և, արդյունքում, գիտաարտադրական և պահուստային ներուժերի կտրուկ կրճատումը,
- տնտեսության կառուցվածքակազմիչ ճյուղերի նկատմանբ պետական և հասարակական հսկողության ու հոգածության լիակատար բացակայությունը,
- մտավոր ներուժի վերջնական քայքայումը,
- դրամական կանոնավոր շրջանառության արգելակումը:
Տնտեսական քաղաքականության մեջ, իբրև գործելակերպ, «Ազգային Միաբանությունը» առանձնացնում է հետևյալ գերակայությունները.
1. գիտատար բարձր տեխնոլոգիական (տեղեկատվական և կենսատեխնոլոգիաներ, գենային ճարտարագիտություն) արտադրությունների մեջ ներդրումների ծավալների զգալի (3 և ավելի անգամով) ավելացում, որը պարտադիր պայման է առկա գիտաարտադրական ներուժի պարզ վերարտադրության համար,
2. ինովացիոն ծրագրերի լայնածավալ ներդրման ձեռքբերումը, ինովացիոն ներուժի վերածումը արտադրականի, այնուհետև` առևտրայինի: Տնտեսության արդիականացումը` նոր տեխնոլոգիական դրվածքի հիման վրա, որն անհրաժեշտ է կառուցվածքային ճգնաժամը հաղթահարելու և գլոբալ մրցակցության պայմաններում կայուն զարգացման համար: Այնպիսի պայմանների ապահովում, որ գիտելիքներն ու տեխնոլոգիաները դառնան հիմնական տեխնոլոգիական ռեսուրս,
3. խնայողությունների ու ներդրումների միջև կապի վերականգնումը, բանկային համակարգի աշխատանքի կարգավորումը, կապիտալի ապօրինի արտահանման արգելակումը,
4. գործուն միջոցների ձեռնարկումը` աշխատավարձի չափավոր մակարդակի վերականգնման ու զանգվածային գործազրկություն առաջացնող պատճառների վերացման ուղղությամբ և երկրից բարձրորակ ու բարձրակիրթ կադրերի արտահոսքը դադարեցնելու պայմանների ստեղծումը,
5. դրամական շրջանառության, վճարումների ու հաշիվների համակարգի կանոնավորումը, արտադրական գործունեության վերաֆինանսավորման գործընթացի կարգավորումը;
6. մակրոտնտեսական բարենպաստ պայմանների ապահովումը` արտադրությունը զարգացնելու համար, ինովացիոն ու արտադրական ներուժի մակարդակի աճի խթանումը, արտաքին ֆինանսական ու տեխնոլոգիական ռեսուրսներից կախվածության նվազեցման ապահովումը,
7. տնտեսության ապաքրեականացման ապահովումը, շուկայական մրցակցության մեխանիզմների գործողության երաշխիքների ստեղծումը, շուկայում մենաշնորհային դիրքով պայմանավորվող չարաշահումների հնարավորության բացառումը,
8. գլոբալ մրցակցության մեջ հայրենական տնտեսության համեմատական առավելությունները լիովին բացահայտելու, տեխնոլոգիական նորագույն դրվածքի հանգուցային բնագավառներում` համաշխարհային շուկայում միանգամայն մրցունակ արտադրատեխնիկական ու բարձր տեխնոլոգիական կառուցվածքների աճի «լոկոմոտիվներ» առաջ բերելու պայմանների ստեղծումը,
9. բյուջետային եկամուտների կրկնապատկման ապահովումը` բյուջետային ճգնաժամը հաղթահարելու համար, ճգնաժամ, որը պայմանավորված է ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի աննշան տեսակարար կշռով, ինչն էլ հետևանք է պետության` իր պարտավորությունները կատարելու անկարողության: Բյուջետային և վարչական ռեսուրսները կենտրոնացնել Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու համար. հենց այսօրինակ մոտեցումը պետք է դրվի երկրի տնտեսական ուղեգծի հիմքում: Դա երաշխիք է` միջոցները իներտորեն, առանց շոշափելի դարձարդյունքի մսխելու դեմ, դա ուղեգիծ է մարդու մեջ, ուստիև Հայաստանի ապագա զարգացման գործին ուղղված ներդրումների առումով,
10. առանձնահատուկ արդիականություն և առաջնայնություն տալ կրթության, բնակատեղի ու առողջապահության ոլորտի զարգացման հարցերին: Որպես պետական կարևորություն` ա՜յն հարցերի լուծման խնդրի հայտարարումը, որոնք անմիջականորեն ազդում են երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա և, որոնք անհրաժեշտ մեկնարկային պայմաններ են ստեղծում մարդկային կապիտալը զարգացնելու համար:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ պետության հիմնական գործառույթը կայանում է շուկայական համակարգին համապատասխանող օրենսդրության մշակման, դրա անշեղորեն կենսագործման նպատակով համապատասխան պայմանների ապահովման, շուկայական ինստիտուտների ձևավորմանն աջակցելու մեջ: Պետության գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև մրցակցային միջավայրի ստեղծումն ու խրախուսումը: Շուկայի բնականոն գործունեության համար այն զգալիորեն ավելի կարևոր է, քան սեփականաշնորհումը: Այս համատեքստում առանձնակի նշանակություն է ձեռք բերում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և աճին նպատակաուղղված ակտիվ քաղաքականությունը:
Հատկապես կարևոր է իսպառ բացառել պետական չվճարումների հնարավորությունը, ներառյալ` որպես վճարման միջոց դրամական զանազան փոխարինիչների պարտադրումը:
Կարևոր է, որ ազգային շահերին համապատասխան կարգավորելով բնական ռեսուրսների օգտագործման ուղղությունները, պետության կողմից կիրառվող գործիքները չսասանեն շուկայական մեխանիզմների գործունեության հիմքերը:
Միջոցները կենտրոնացնելով պետբյուջեում, կառավարությունը հնարավորություն է ստանում ապրանքների և ծառայությունների պետական գնումների միջոցով ուղղակիորեն ազդել արտադրական հզորությունների տեղաբաշխման վրա: Պետությունն իր տրամադրության տակ ունի նաև անուղղակի այլևայլ գործոններ` արտոնյալ հարկեր և ակցիզներ, արտահանումը խրախուսելու միջոցներ, ներմուծումը սահմանափակող մաքսային տուրքեր: Դրանց շարքին կարելի է դասել նաև մրցունակ կառույցների ձևավորման և արտասահմանյան արտադրական ներարկումների` դեպի մեր երկիր հոսքի ապահովման խթանիչներ, անհրաժեշտ պայմանների ստեղծում` խիստ սահմանափակ մեր բնական ռեսուրսները մանրազնին ընտրված ուղղությունների վրա կենտրոնացնելու համար: Այս ամենը կնպաստի հանրապետությունում իրականացնել տեխնոլոգիական ճեղքում:
Պետությունը պետք է երաշխավորի շուկայական տնտեսության մեջ «կոշտ» օրենքների գործողությունը, ինչը թույլ կտա բացառել գործունեության շատ այնպիսի տեսակներ, որոնք տեղ չեն գտնի նախապատվելիների թվում:
Համընդհանուր ճգնաժամի հաղթահարման հայեցակարգերի համակարգում կենտրոնական տեղ է գրավում ինստիտուցիոնալ (համակարգային) և կառուցվածքային բարեփոխումների համալիրը, ներառյալ` քաղաքականy, ընդհանուր մակրոտնտեսական կայունության խրախուսման պարագայում, առաջին հերթին` տրանսֆերտային և դրամական քաղաքականության կայունություն:
Հայաստանի Հանրապետության կողմից ներկայումս իրականացման կարոտ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներն են.
1. հարկային բարեփոխումներ և հարկային բեռի կրճատում,
2. բյուջետային համակարգի բարեփոխումներ: Խոսքը վերաբերում է ոչ թե բյուջետային ծախսերի ձևական կրճատմանը, այլ բյուջետային սեկտորի (հատվածի) կառուցվածքային խորը բարեփոխումներ իրականացնելուն, ինչը կապահովի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը,
3. տնտեսական գործունեության ապակարգավորում կամ, որ նույնն է, տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացում: Խոսքը շուկա մուտք գործելու արգելապատնեշները իջեցնելու, գրանցման, արտոնագրման և մասնավոր ձեռնարկատիրական գործունեության վերահսկման համակարգերի և ներարկումային նախագծերի իրականացման պարզեցման մասին է,
4. մասնավոր սեփականության` ներառյալ մտավոր, երաշխիքների ապահովում, պետական սեփականության օգտագործման արդյունավետության բարձրացում,
5. մաքսային դրույքաչափերի նվազեցում և միօրինակացում,
6. ֆինանսական շուկայի և ֆինանսական հաստատությունների զարգացում: Առանձնահատուկ խնդիր է բանկային համակարգի հուսալիության և արդյունավետության բարձրացումը,
7. բնական մենաշնորհների բարեփոխում, ինչը ենթադրում է դրանց ներդրումային գրավչության բարձրացում, մենաշնորհային և մրցակցային հատվածների բաժանում` բարձրացնելով վերջիններիս գործունեության թափանցիկությունը և մրցակցության առավելագույն հնարավոր խթանումը,
8. սոցիալական աջակցության համակարգի բարեփոխում` չքավորներին օգնելու նպատակով առկա պաշարների կենտրոնացման ուղղությամբ,
9. կենսաթոշակային համակարգի արդիականացում` սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում կուտակման սկզբունքների կիրառմամբ:

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկա իրավիճակը:
Միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն [«Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության հրապարակած «Անցումային երկրները» 2006 թ. զեկույց, «Գելափի» 2006 թ. կոռուպցիայի համաթիվ ուսումնասիրություն, Համաշխարհային բանկի 2006 թ. հրապարակած «Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային տնտեսությամբ երկրներում (երկրորդ հաշվետվություն)] արձանագրված է, որ չնայած 2003թ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակմանը. և 2004 թ. Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաստիճան խորհրդի ստեղծմանը իրավիճակը Հայաստանում, կոռուպցիայի բազմաթիվ բաղադրիչների առումով, դարձել է ավելի վատ, քան 2002 թ.: Մասնավորապես, ինչպես վերն ասվեց, «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Հայաստան» կենտրոնի կողմից 2006 թ. անցկացված հարցման արդյունքներով (հարցումը ներառել է 1500 պատահականորեն ընտրված տնային տնտեսություն) ակնհայտ է դարձել, որ կոռուպցիայի տարածմանը հիմնականում նպաստում են պետական պաշտոնյաները, և որ այն ավելի շատ առկա է Հայաստանի կառավարման համակարգի բարձր մակարդակում: 2006 թ. հարցվածներն առավել կոռումպացված պետական ինստիտուտներ են ճանաչել նախագահի, ՀՀ կառավարության աշխատակազմի և նախարարների ինստիտուտները, շատ մտահոգիչ են դատախազական համակարգին տրված գնահատականները: Խիստ տագնապ է հարուցում նաև այն, որ հարցվածների մեծ մասը որպես ամենակոռումպացված մատնանշել է ընտրական համակարգը և հարկային ծառայությունը:
«Ազգային Միաբանությունը» կոռուպցիայի դեմ պայքարը համարում է ազգային անվտանգության ապահովման գլխավոր խնդիրներից մեկը: Պետական ապարատի կոռումպացվածությունը, մեր կարծիքով, արդեն իրական վտանգ է դառնում հայոց պետականության կենսունակության համար: Կոռումպացվածությունը շատ բանով հետևանք է ոչ լեգիտիմ իշխանությունների քաղաքական կամքի բացակայության, որոնք իրենք են հանդիսանում կոռուպցիայի աղբյուր: Հասարակական այդ չարիքը սկիզբ է առնում ընտրական ողջ համակարգի զանգվածային կոռումպացվածությունից, որն էլ ձևավորում է իշխանությունը:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ պետության բարձրագույն շահերը հրամայաբար պահանջում են օրենսդիր և գործադիր լեգիտիմ իշխանությունների ձևավորում Ազգային ժողովի ազնիվ ու ժողովրդավարական ընտրությունների հիման վրա և դրանում է տեսնում կոռուպցիայի դեմ հետագա պայքարի կազմակերպման հիմնական նախադրյալները: Պայքար, որը, առաջին հերթին, պետք է ծավալվի պետական ապարատում: Խորը մտահոգություն է առաջացնում և այն իրողությունը, որ ոչ լեգիտիմ իշխանությունները, կաշառելով շարքային քաղաքացիներին` դրանով իսկ վերջիններիս դարձնելով նույնպես կոռումպացված, նրանց զրկում են ինքնուրույն իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հնարավորությունից, այն է` սեփական համոզմունքներով մասնակցել ընտրություններին, մասնակից լինել իշխանության մարմինների ձևավորմանը:
Երկրի դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկը «Ազգային Միաբանությունը» համարում է լեգիտիմ ձևավորված իշխանությունների կողմից հակակոռուպցիոն հետևողական քաղաքականության իրականացումը: Դրա հիմքում պետք է դրվի պետության և հասարակության կողմից բազմակողմանի ու հետևողական միջոցների մշակում և իրականացում` կյանքի զանազան ոլորտներում կոռուպցիայի պատճառների ու պայմանների նվազագույնի հասցման և վերացման նպատակով:
«Ազգային Միաբանությունը» հակակոռուպցիոն գործառույթը համարում է պետության արմատական խնդիրներից մեկը: Դրա լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում նվազեցնել կոռուպցիայի չափերը, մշակել և իրագործել հակակոռուպցիոն քաղաքականություն` որպես պետության մշտապես գործող օրգանական գործառույթներ:
Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ «Ազգային Միաբանության», հետևյալն են.
- քրեական տարրերի` Ազգային ժողով թափանցելուն նպաստող պայմանների հետևողական վերացում, նրանց կողմից օրենքների ընդունման վրա ազդեցության զգալի սահմանափակում,
- օրենսդրական հիմքի ստեղծում հասարակության կողմից գործադիր իշխանության մարմինների գործունեության վերահսկելիությունն ու թափանցիկությունն ապահովելու համար,
- պետական և քաղաքացիական ծառայությունների սկզբունքների փոփոխություն` կատարողական գործառույթների և պաշտոնական կարգավիճակի հստակ սահմանում` նրանց գործունեության խիստ և վերահսկելի պայմանների ստեղծման ճանապարհով, որոնք թույլ չեն տա պաշտոնատար անձանց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ իրենց լիազորությունների ժամկետի ընթացքում,
- բյուջետային միջոցների բաշխման և ծախսման արդյունավետ վերահսկման համար թափանցիկ համակարգի ստեղծում,
- վարչական ու քրեական պատասխանատվության խստացում` հանցագործ ճանապարհով կուտակած եկամուտների քողարկման և լեգալացման համար,
- պատգամավորների և պետական ծառայողների սեփականության շարժընթացը վերահսկող օրենսդրական բազայի ստեղծում,
- Հայաստանի քաղաքացիների շրջանում կրթության բոլոր համակարգերում միջոցների ձեռնարկում հակակոռուպցիոն աշխարհահայացքի ձևավորման համար` այդ խնդրի լուծմանը լայնորեն ներգրավելով հեռուստատեսությունն ու ռադիոն,
- կյանքի տարբեր ոլորտներում, ամենօրյա գործունեության մեջ լայնորեն ապահովել փոքր և միջին բիզնեսի ձեռներեցների ներգրավումը հակակոռուպցիոն ծրագրերի ու պետական հակակոռուպցիոն քաղաքականության մեջ:

2. ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Ներկա իրավիճակը:
Վերջին տարիներին Հայաստանի էկոնոմիկայում նկատվում են անառողջ միտումներ: Այսպես, 2006 թ. արդյունքներով նվազել են արդյունաբերական արտադրության ծավալները (99,1%` 2005 թ. մակարդակից), էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները (94,1%` 2005 թ. մակարդակից) և այլն: Բնակարանային շինարարության բարձր տեմպերը, ըստ էության, ոչ միայն չեն թեթևացնում բնակարանային խնդիրները, այլև էլ ավելի են սրում հասարակության մեջ սոցիալական լարվածությունը: Հայաստանի քաղաքացիները շատ հստակ պատկերացնում են, որ այդ «ընտրյալների դասակարգի» բնակարանային շինարարությունն ունի ֆինանսավորման հանցավոր արմատներ և, ըստ էության, բնակարանային շինարարությունը դարձել է ոչ այլ ինչ, քան «կեղտոտ» փողերի, անաշխատ եկամուտների քողածածկույթ: Լճացած է գյուղատնտեսությունը, շարունակում է բնակչության արտահոսքը գյուղական, հատկապես հանրապետության սահմանամերձ և բարձրլեռնային շրջաններից: Այս գործընթացն ուղեկցվում է զգալի տարածքների և գյուղատնտեսական հանդերի տափաստանացմամբ:
Առանձնակի տագնապալի իրավիճակ է ստեղծվել արտաքին առևտրում: Այսպես, 2006 թ. առևտրային հաշվեկշռի բացասական սալտոյի աճի տեմպը 2005 թ. նկատմամբ կազմել է 131,1%, ընդ որում, Հայաստանից ապրանքների արտահանումն այդ նույն ժամանակահատվածում նվազել է 21 մլրդ 187 մլն դրամով, իսկ ներմուծվող ապրանքների աճի տեմպը կազմել է 142,8%:
Երկրի էկոնոմիկան զրկվել է տեսանելի հեռանկարից: Էկոնոմիկական ինֆրակառուցվածքի հետամնացության մասին է վկայում Հայաստանի Հանրապետության ՆՀԱ-ի ընդհանուր ծավալի մեջ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ծայրահեղ ցածր տեսակարար կշիռը:
Հաշվի առնելով տնտեսական իրողությունները և տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերից Հայաստանի ամբողջովին օտարումը (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար, Բաքու-Թբիլիսի-Էրզերում գազատար, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ)` «Ազգային Միաբանությունը» անհրաժեշտ է համարում նոր տնտեսական կուրսի մշակում, որը նպատակ կունենա մակրոտնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենական արտադրության մրցունակության զարգացման, հասարակական-հանրօգուտ խոշորածավալ աշխատանքների կազմակերպման և անցկացման համար` հանրապետության բնակչության լայն շերտերի ներգրավմամբ (ճանապարհների, մատչելի կացարանների, բուժհիմնարկների, մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն, շահագործումից դուրս եկած գյուղատնտեսական հանդերի վերականգնում):
Այդ քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը պետք է դառնա Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումափոխարինման համար արտոնյալ պայմանների ստեղծումը, գիտարար և քիչ էներգատար արտադրությունների լայն ներդնումը: Ապրանքաշրջանառության մեջ տարեցտարի ավելացող ներմուծման մասնաբաժինը շատ բանով պայմանավորված է նրանով, որ անկախության հռչակումից հետո Հայաստանում այս ոլորտում վարվել է սեփական ապրանքաարտադրողի շահերն անտեսող արատավոր քաղաքականություն: Ազգային տնտեսական քաղաքականության բացակայության հետևանք է տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակը, որում արդեն 16 տարի է, ինչ գտնվում է հանրապետությունը: Գլոբալիզացման պայմաններում բացառիկ արդիականություն է ստանում տնտեսական գերակայությունների և դրանց հիմքի վրա Հայաստանի զարգացման ռազմավարության մշակումը:
Նոր տնտեսական քաղաքականության գլխավոր բաղադրիչները պետք է դառնան. գործող հարկային համակարգի արմատական վերափոխումը, հասարակական խիստ վերահսկումը բնական պաշարների օգտագործման և արտահանման նկատմամբ, ներքին պահանջարկի զարգացումը և, որպես դրա հետևանք, ներքին արտադրության զարգացման խրախուսումը, հայրենի արտադրողների համար ազատ և արդար մրցակցային միջավայր ապահովելու անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
«Ազգային Միաբանությունը» նոր տնտեսական կուրսի իրականացման կարևորագույն պայմաններից մեկը համարում է հասարակ մարդկանց և ձեռներեցների վստահության վերականգնումը պետական ինստիտուտների նկատմամբ: Դրան կարելի է հասնել կառավարության գործողությունների կանխատեսելիության, էկոնոմիկայի անկողմնակալ վիճակի գնահատման, իրական բյուջեի կազմման, պետության կողմից եղած պաշարների թափանցիկ օգտագործման, ներդրողների հետ ազնիվ և կայուն հարաբերությունների կառուցման ճանապարհով:
Նոր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են.
1. դրամավարկային քաղաքականության բնագավառում հրատապ լուծում պահանջող հիմնական խնդիրն ենք համարում դրամական զանգվածի և ՀՆԱ-ի այնպիսի բալանսը, որի պարագայում հնարավոր կլինի.
- զգալիորեն նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները և արտոնյալ պայմաններ ստեղծել էկոնոմիկայի իրական հատվածի վարկավորման, հատկապես` պետության մասնակցությամբ ներմուծումը փոխարինող արտադրությունների զարգացման համար,
- ապահովել տնտեսության բնականոն գործունեության համար անհրաժեշտ դրամական զանգվածի քանակություն, որը կբացառի ինչպես նրա փոխարժեքի տնտեսապես չհիմնավորված բարձրացումը, այնպես էլ կերաշխավորի ազգային դրամի կայունությունն ու կանխատեսելիությունը: Դա բարենպաստ պայմաններ կստեղծի ինստիտուցիոնալ և որակական կառուցվածքային փոփոխությունների համար, աջակցություն ցույց կտա ագրարային և արդյունաբերական հատվածներին, հատկապես տնտեսության այն ճյուղերին, որոնք մասնագիտացած են ապրանքների արտահանման ոլորտում: Մենք գիտակցում ենք, որ այդպիսի մոտեցումը ենթադրում է ֆիսկալ քաղաքականության մեղմացում, որը կարող է դառնալ գնաճի տեմպի բարձրացման պատճառ: Սակայն նշենք, որ երբ համախառն ներքին արտադրանքի աճի տեմպը գերազանցում է դրամական զանգվածի աճի տեմպին, ինչպես նաև` ապրանքային զգալի զանգվածի ստվերից դուրս բերելու պայմաններում (մասնագետների կարծիքով` ստվերում է գտնվում ՀՆԱ-ի մինչև 40 %-ը), գնաճը և դրամի հնարավոր արժեզրկումն այս դեպքում դառնում է վերահսկելի և վտանգավոր չէ:
Հավելենք, որ ՀՀ կենտրոնական բանկը, հաճախ չհիմնավորված, դրամական զանգվածի զգալի սեղմման հիման վրա դրամավարկային կոշտ քաղաքականությունն արդարացնում է գնաճը կանգնեցնելու ձգտումով: Այսպիսի քաղաքականությունը հանգեցրեց էլ ավելի վտանգավոր երևույթի` թաքնված ինֆլյացիայի, որը ծայրահեղորեն բացասաբար է անդրադառնում քաղաքացիների կենսամակարդակի վրա: Այս եզրակացությունը հաստատվում է 2006 թ. նվազագույն պարենային և սպառողական զամբյուղների արժեքների` 2005 թ. համեմատությամբ զգալի աճի փաստով (համապատասխանաբար` 111,6% և 106,1%): Ստեղծված իրավիճակը հիմնովին հերքում է գնաճի, իբր, ցածր մակարդակի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները: Անհրաժեշտ է հատուկ նշել, որ քաղաքացիների կենսապահովման նվազագույն զամբյուղների գների աճն արձանագրվել է դրամի փոխարժեքի 10% բարձրացմանը զուգահեռ: Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Ազգային Միաբանությունը» գտնում է, որ արդիական խնդիր է դառնում մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն տնտեսական բազմապատկչի (մուլտիպլիկատորի) էֆեկտ: Դրա իմաստն այն է, որ տնտեսապես հիմնավորված ներդրումների ժամանակ տնտեսության մեջ ներդրված ամեն մի դրամը կարճ ժամանակահատվածում երաշխավորում է գումարային արտահայտությամբ արտադրության այնպիսի աճի տեմպ, որը անգամներով (պայմանավորված բազմապատկչի մեծությամբ) գերազանցում է ներդրված գումարների ծավալը: Այդպիսի հաջողված օրինակներն աշխարհում բազմաթիվ են, հատկապես, եթե համահունչ են և սերտորեն փոխկապակցված են ընդհանուր տնտեսության զարգացման ռազմավարական ծրագրի և դրանում ներառված ենթահամակարգերի հետ:
2. Հարկային քաղաքականության բնագավառում «Ազգային Միաբանությունը» անհրաժեշտ է համարում այնպիսի մոտեցումների ձևավորումը, որոնց հիմքում դրված է արտահանվող արտադրությունների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ինովացիոն ձեռներեցության խրախուսման անհրաժեշտություն` հարկային բեռի հետևողական նվազման, հարկային վարչարարության որակական բարելավման պարագայում:
Անհրաժեշտ է նաև հետևողականորեն փոփոխել հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը` նկատի ունենալով հարկային բեռի տեղափոխումը անուղղակի հարկերից դեպի ուղիղ հարկեր: Անթույլատրելի ենք համարում, երբ ուղիղ հարկերի (շահութահարկ և եկամտահարկ) տեսակարար կշիռը 2006 թ. երկրի բյուջեում կազմել է հարկային եկամուտների 23 %-ը` զգալիորեն զիջելով անուղղակի հարկերի տեսակարար կշռին (օրինակ, 2006 թ. ավելացված արժեքի հարկի տեսակարար կշիռը կազմել է 37,7%):
Հարկային քաղաքականության այսպիսի վերակողմնորոշումը արդիական է դարձնում հարկային և մաքսային մարմինների աշխատակիցների աշխատանքի արդյունավետության չափորոշիչների մշակման խնդիրը, հաշվի առնելով ոչ միայն նրանց կողմից հարկեր ու մաքսային տուրքեր հավաքելու ծրագրերի կատարումը, այլ նաև նրանց կողմից հարկային ու մաքսային օրենսդրության պահպանման, հաշվարկների ճշգրտության, հարկերի և մաքսային տուրքերի ժամանակին վճարման վերահսկողության կատարման որակը: Այսպիսի մոտեցումը ենթադրում է նաև հարկային ու մաքսային մարմինների աշխատակիցների նյութական խրախուսման մեխանիզմների ներդնում, որոնք հաշվի կառնեն նրանց աշխատանքի համապատասխանությունը նշված չափորոշիչներին:
Որակապես նոր հարկային քաղաքականություն վարելու արդիականությունը շատ բանով պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայում վտանգավոր չափերի է հասնում տնտեսավարող սուբյեկտների զգալի մասի ստվերային գործունեությունը: Տնտեսավարող սուբյեկտները զանգվածաբար չեն կատարում փոխադարձաբար ստանձնած պարտավորությունները և, դրա հետ մեկտեղ, տարիներով շարունակում են հարկային օրենսդրությունը շրջանցող գործունեություն: Ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ նրանց միջավայրում փաստացի ձևավորված կարգերն ու մոտեցումները հիմնովին տարբերվում են գործող օրենքներից: Այսպես, միայն 2005-2006 թթ. շահագրգիռ պետական կառույցների հայցերով դատարանների վճիռներով պետբյուջե և սոցիալական ապահովության հիմնադրամ պետք է գանձվեր համապատասխանաբար 25 մլրդ 803 մլն և 18 մլրդ 715 մլն դրամ, որը, սակայն, վերականգնված չէ: Գործերի նման իրավիճակը համոզիչ վկայում է, որ Հայաստանում գործող հարկային համակարգը չի համապատասխանում տնտեսավարման ժամանակակից պահանջներին: Դրա ձևավորման ժամանակ, կտրվելով առկա իրողություններից, ելակետային նախադրյալ էր ընդունված վճարման բարձր կարգապահության անվերապահ կատարումը, տնտեսավարող սուբյեկտների ֆինանսների թափանցիկությունը և դրանց վերահսկողության պատշաճ մակարդակը հարկային մարմինների կողմից: Հանրապետությունում նշված նախադրյալների բացակայության պարագայում հարկային համակարգը, ըստ էության, դարձել է օրինապաշտ հարկատուների պատժման, իսկ «ստվերայինների» և «կլանականների» խրախուսման միջոց: Նկատի ունենալով դա` անհրաժեշտ է արմատապես թեթևացնել հարկային բեռը, ինչը կխրախուսի տնտեսական աճը: Միաժամանակ հարկ է վարչատնտեսական անհետաձգելի միջոցներ ձեռնարկել էկոնոմիկայի զգալի մասը ստվերից հանելու համար, հակառակ դեպքում հարկային մուտքերը բյուջե զգալիորեն կնվազեն, որն էլ խիստ բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` անհրաժեշտ է ելնել այն նախադրյալներից, թե տնտեսավարող սուբյեկտի համար ինչն է ավելի իրատեսական: Վճարել, թե չվճարել հարկերը` անբարեխիղճ հարկատուն որոշելու է` ելնելով կիրառվող տույժի և օրենքով նախատեսված վճարելիք հարկերի չափի համամասնությունից: Օրինապաշտ հարկատուի ծախսերը` հարկային բարձր տոկոսադրույքների պատճառով չափազանց մեծ են, իսկ հարկերից խուսափողների համար հայտավորված տույժերը իրականում չունեն անհրաժեշտ ներգործություն, ինչը պայմանավորված է պատժամիջոցների կիրառման ցածր հավանականությամբ ու այս ոլորտում առկա կոռուպցիայի դրսևորումներով:
Շահութահարկի տեսանկյունից տնտեսավարող սուբյեկտի համար կարևոր է ոչ այնքան շահութահարկի դրույքաչափը, որքան իրավունքը` նվազեցնել հարկվող բազան ռեալ ներդրումային ծախսերի չափով: Ծախսերի կառուցվածքի ազատականացումը շահութահարկի հաշվարկման համար զգալիորեն կնպաստի Հայաստանի տնտեսությունում ներդրումային պայմանների բարելավմանը:
Եկամտահարկի մասով անհրաժեշտ է անցում կատարել դեպի եկամտահարկի միասնական դրույքաչափին, միաժամանակ մտցնելով բարձր չհարկվող նվազագույնը, որը վճարողներին թույլ կտա էապես իջեցնել հարկային վճարումների չափը: Այստեղ սկզբունքորեն կարևոր է չմեծացնել շարքային հարկատուների հարկային բեռը:
Սոցիալական վճարումների մասով անհրաժեշտ է գործատուների հարկային դրույքաչափերը աստիճանաբար մոտեցնել աշխատողներից գանձվող դրույքաչափերին` նկատի առնելով ներկայիս իրողությունները, երբ որքան մեծ է եկամուտը, այնքան նրա ավելի մեծ մասն է գնում ստվերային ոլորտ և, համապատասխանաբար, ավելի պակաս է վճարվում հարկերի տեսքով: Անհրաժեշտ է նաև անցում կատարել բացառապես հասցեագրված սոցիալական վճարումներին, երբ աշխատողների անհատական կենսաթոշակային հաշվին պետք է նստի աշխատավարձի հարկվող դրույքի կեսից ոչ պակասը: Միայն այդ դեպքում դրանք կարող են դիտվել ոչ թե պետության կողմից դրված սոցիալական հարկեր, այլ որպես հենց իրենց` աշխատողների ապագա եկամուտներ: Դրանով, կարծում ենք, զգալիորեն կթուլանա «սև» աշխատավարձ ստանալու հիմնական պատճառներից մեկը: Իրավիճակն անհնար է ուղղել միայն պատժամիջոցներով, ընդսմին առաջարկվում է այս մոտեցումը, որը կխրախուսի ստվերային ոլորտից օրինականին անցումը: «Ազգային Միաբանությունը» անհրաժեշտ է համարում տնտեսավարող սուբյեկտների համար տնտեսական և իրավական պայմանների ստեղծում` դրանց ստվերից հանելու համար: Այս խնդրի լուծումը հնարավոր է հարկային համաներում հայտարարելու միջոցով, որի պարագայում հարկային վճարները չեն գերազանցի 15%-ը տնտեսավարող սուբյեկտների համար: Ստվերից դուրս գալը պետք է դառնա ավելի շահեկան, քան հարկային օրենքների շրջանցումը:
Կարևոր բաղադրիչ ենք համարում երկարատև, հետևողական կոշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացումը հարկերից խուսափողների նկատմամբ, որը պայմանավորված կլինի հարկային և իրավապահպան մարմինների գործունեության ակտիվացմամբ: Նման ակտիվությունը կարող է բերել հարկահավաքության որոշակի աճի միայն այն դեպքում, եթե մասնավոր բիզնեսը համոզվի, որ դա մեկանգամյա գործողություն չէ: Այստեղ խոսքը ոչ թե գործարար որոշակի շրջանակների հետ հաշիվ մաքրելու մասին է, այլ պարբերաբար իրականացվող միջոցառումների: Ուստի, նման միջոցառումները, ի սկզբանե, պետք է վերաբերեն էկոնոմիկայի բոլոր ոլորտներին և քաղաքական տարբեր դիրքորոշման պատկանող անձանց:
Նման միջոցառումներ պետք է իրականացվեն ինչպես խոշոր բիզնեսի, որն ակտիվորեն օգտագործում է միջնորդական կառույցները գործարքների համար, նպատակ ունենալով խուսափել հարկերի վճարումից, յուրացնել արտահանման հատկացումները, դեպոզիտային-ապահովագրական զանազան ծրագրերը և այլն, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ, որոնք, ձգտելով խուսափել հարկերի վճարումից, օգտագործում են բացառապես չհաշվառված կանխիկ շրջանառությունը: Ընդսմին, չհաշվառված կանխիկ շրջանառության դեպքում հիմնական ուշադրությունը պետք է բևեռել թե՜ հարկատու տնտեսավարող սուբյեկտների վերահսկողությանը, և թե՜ չհաշվառված կանխիկ շրջանառություն կազմակերպող բանկերի ու ֆինանսական ընկերությունների նմանօրինակ գործունեության կանխարգելման վրա:
Հարկերից խուսափողների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքն անհրաժեշտ է զուգակցել բոլոր մակարդակներում գտնվող պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Դա հատկապես հրատապ է, քանի որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար կաշառքների չափերը երբեմն համադրելի են չվճարված հարկերի գումարների հետ: Պարզ է, որ և՜ կաշառքները, և՜ հարկեր վճարելու անհրաժեշտությունը կհանգեցնի վերջիններիս գործարար ակտիվության նվազեցմանը` այստեղից բխող տնտեսական և սոցիալական բնույթի նեգատիվ բոլոր հետևանքներով:
Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հարկային ժամանակավոր արտոնությունների համակարգի ձևավորման վրա` սեփականաշնորհվող և նոր կազմավորվող ձեռնարկությունների գործունեությունը խթանելու նպատակով, ուշադրությամբ և պետական հոգածությամբ շրջապատել ինովացիոն ուղղվածության նախագծերի կենսագործումը: Միաժամանակ պետք է ընդունվեն հարկային այնպիսի մեխանիզմներ, որոնք կպարտավորեցնեն սեփականաշնորհված ձեռնարկությունների սեփականատերերին գործարկել արտադրությունը կամ հրաժարվել տվյալ սեփականությունից` վաճառելու կամ պետությանը վերադարձնելու ճանապարհով: Խոսքն ամենից առաջ գույքահարկի և ժամանակի ընթացքում աճող հարկավորման մասին է: Քաջ հայտնի է, որ արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններից շատերի վերագործարկմանը մեծապես խանգարում են նաև նախորդ ժամանակաշրջաններում կուտակված մեծ պարտքերը: Խնդրի լուծումը պարտքերի վճարման հետաձգման մեջ է, դրանք որպես պետական երկարաժամկետ վարկ վերաձևակերպելով, եթե ներկայացվի արտադրության թողարկման հստակ ծրագիր: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել կարևորագույն մի շարք խնդիրներ. զգալիորեն կրճատել ստվերային տնտեսության ծավալները, գործարկել նոր հզորություններ և դրա հիման վրա կրկնապատկել բյուջեի եկամտային մասը, շոշափելիորեն մեղմացնելով սոցիալական լարվածությունը` բնակչության անապահով և նվազ ապահով խավերի սոցիալական վիճակի բարելավմամբ: Դա, իր հերթին, դրական ազդեցություն կունենա հասարակության և հարկային մարմինների միջև բնականոն ու գործընկերային հարաբերություններ ստեղծելու վրա:
3. Ներդրումային քաղաքականության բնագավառում: «Ազգային Միաբանությունը» տագնապալի է համարում հանրապետության էկոնոմիկայի մեջ ներդրումների կրճատման միտումը: Մեզ անհանգստացնում է, որ 2006 թ. 9 ամիսների ընթացքում ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 195,62 մլն դոլար, ինչը հավասար է Ադրբեջանի էկոնոմիկայի մեջ 20 օրվա ընթացքում իրականացվող ներդրումներին: Հաշվի առնելով, որ առանց նպատակային ներդրումների անհնար է ակնկալել տնտեսական զգալի աճ, անհրաժեշտ է մշակել օրենսդրական, ինստիտուցիոնալ, հարկային, իրավական միջոցառումների համակարգ` Հայաստանի տնտեսությանը ներդրումային գրավչություն հաղորդելու նպատակով: Անհրաժեշտ է իրականացնել վարկավորման դրույքաչափի մակարդակի հետևողական նվազեցման քաղաքականություն, զուգահեռաբար խրախուսել գործարարների հետաքրքրությունը ստացված եկամուտներն արտադրության մեջ ներդնելու նպատակով: Դրա համար պետք է իրականացնել արդյունավետ սեփականտիրոջ ձևավորմանը միտված պետական քաղաքականություն: Սեփականատեր, որը շահագրգռված կլինի իր ձեռնարկության հեռանկարային զարգացման մեջ: Հարկային օրենսդրությունը պետք է նպատակաուղղված լինի ներդրումների խրախուսմանը, հարկային արտոնությունների ներդրմանը, խոշոր ներդրողների համար կայունության երաշխիքների ապահովմանը, ընդ որում, կարևոր է առաջնահերթության կարգով խրախուսել տեղական ներդրողներին:
Դրականորեն գնահատելով մրցակցային միջավայրի ստեղծումը (արտաքին ապրանքարտադրողների մասնակցությամբ) հայրենական արտադրողների համար` անհրաժեշտ է նաև, որ պետությունն իրականացնի հովանավորչական քաղաքականություն, ինչը ոչ միայն կկանգնեցնի հայրենական արտադրության կրճատման վտանգավոր միտումները, այլ մեծապես կխրախուսի այն և կհավասարակշռի վտանգավոր չափերի հասնող ներմուծումը: Առանձնահատուկ նշանակություն պետք է տրվի այն միջոցառումներին, որոնք խրախուսելու են հումք և կիսաֆաբրիկատներ արտադրող հայրենական ձեռներեցների անցումը վերջնական արտադրանքի թողարկման:
Հատուկ տեղ պետք է հատկացնել չափազանց ցավոտ հարցի` սեփականաշնորհման ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների ուղղման անհրաժեշտությանը: Հարց է առաջանում, ինչպե՞ս: Կարծում ենք, որ սեփականաշնորհված ձեռնարկությունների ազգայնացումը կհանգեցնի էլ ավելի ծանր տնտեսական և սոցիալական հետևանքների, քան ներկայումս է: Խնդիրը պետք է լուծել ցածր հարկերի, չվճարումների հանգուցալուծման, փոխադարձ հաշվանցումների ծավալների կրճատման միջոցով: Դա պահանջում է անհատական մոտեցում ամեն մի առանձին արտադրության նկատմամբ: Սակայն հարցի էությունն այն է, որ եթե սեփականատերը չի կարողանում վարձատրել աշխատողներին, ապա առողջացման համար այդպիսի ձեռնարկության նկատմամբ պետք է կիրառել այնպիսի հայտնի լծակներ, ինչպիսիք են անվճարունակ ճանաչելու մեխանիզմի ներդրումը և սանացիան (առողջացումը), որոնց միջոցով կիրականացվի ձեռնարկության հանձնումը մեկ այլ սեփականտիրոջ, որը կկարողանա կազմակերպել տվյալ արտադրության աշխատանքը` վճարելով պետական հարկերը և աշխատավարձերը: Դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա կարճ ժամկետներում շտկել հիմնական թերություններն ու փոխհատուցել այն կորուստները, որոնք կրել է հասարակությունը վերջին տարիներին:
4. Բյուջետային քաղաքականության բնագավառում: Վերջին տարիներին բյուջետային ծախսերի բնագավառում երկրում իրականացվում է արատավոր քաղաքականություն, մասնավորապես.
- գործնականորեն նախատեսված չեն ֆինանսներ անվճարունակ ձեռնարկությունների վերակազմավորման, դրանց առողջացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար,
- իրական միջոցներ չեն ձեռնարկվում զանգվածային չվճարումները արմատախիլ անելու ուղղությամբ,
- հատկացումների կառուցվածքում կարևորագույն դոտացիոն հատվածներում շարունակում են գերակայել աշխատավարձի ծախսերը, ինչպես նաև ձեռնարկությունների սոցիալական ինֆրակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը,
- մշակված չեն էկոնոմիկայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ուր ներառված պետք է լինեն գլոբալիզացիայի մարտահրավերները, սահմանված չեն տնտեսական գերակայությունները և կարգավորված չէ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի, գիտության ու մշակույթի գերակա ֆինանսավորման համակարգը,
- դեռևս աննշան է ինստիտուցիոնալ վերափոխումների հետ կապված բյուջետային ծախսերի տեսակարար կշիռը,
- լրիվ չափով չի ապահովվում բյուջեի ծախսային մասի կատարումը` մի շարք հոդվածների գծով:
Բյուջետային քաղաքականության մեջ գլխավոր և առաջնահերթ խնդիրը համարում ենք «Ազգային Միաբանության» կողմից առաջարկվող ազգային ծրագրերի և պետական նախագծերում նշված ու առաջադրված խնդիրների լուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործը: Սկզբունքորեն սխալ ենք համարում իրականացվող այն քաղաքականությունը, երբ բյուջետային պակասուրդի ֆինանսավորման ապահովմանը կառավարությունը փորձում է հասնել բացառապես հարկային բեռն ավելացնելու և բյուջետային ֆինանսավորման ծավալները կրճատելու ճանապարհով: Լուրջ վերանայման է կարոտ բյուջեի ծախսային մասի կառուցվածը: Առաջնահերթ խնդիրներից մեկն է ապահովել բյուջետային ծախսերի եռապատկումը, որոնք կուղղորդվեն աղետի գոտու բնակարանային և սոցիալ-մշակութային կառույցների շինարարությանը: Բյուջետային ծախսերի ավելացումը պետք է կատարվի այն հոդվածներով, որոնք հետագայում ռեալ հատուցում կտան: Բյուջետային քաղաքականության գերակա ուղղությունները պետք է դառնան աջակցությունը փոքր և միջին ձեռներեցությանը, վնասով աշխատող այն ճյուղերին, որոնք ունեն տնտեսական առողջացման հիմնավորված ծրագիր: Այս աշխատանքներին զուգընթաց, հարկ է դադարեցնել ոչ շահութաբեր ձեռնարկությունների սնանկ ճանաչելու գործընթացների արհեստական զսպումը: Բյուջետային քաղաքականության կարևոր բաղադրամաս պետք է դառնա նաև հակամենաշնորհային, պետական արդյունաբերական քաղաքականության ակտիվ ներդնումը, հայրենական մրցունակ արտադրանքի թողարկման խրախուսումը և այլն: Քանի որ բյուջետային եկամուտները և ծախսերը փոխկապակցված մեծություններ են, ծախսերի կրճատումն անխուսափելիորեն հանգեցնում է հարկվող բազայի կրճատմանը և հարկային եկամուտների հետագա նվազեցմանը: Հենց այդ պատճառով պետական ֆինանսների իրական, երկարաժամկետ, կայուն առողջացումը սերտորեն կապված է հանրապետության ամբողջ տնտեսության առողջացման հետ:
5. Ագրարային քաղաքականության բնագավառում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հողի սեփականաշնորհման գաղափարը, հարկ է նշել, որ Հայաստանում հողի և գյուղատնտեսական մյուս հիմնական արտադրամիջոցների նկատմամբ սեփականատիրական կարգավիճակի փոփոխումը կատարվեց հանցավոր հապճեպությամբ, այդ գործում թույլ տրվեցին կոպիտ սխալներ, որոնք բացասական ազդեցություն ունեցան երկրի ագրոարդյունաբերական և պարենային համալիրների վրա: Արդյունքում աղետալիորեն նվազեցին գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրության ծավալները, փոշիացվեց ու թալանվեց գյուղատնտեսության տեխնիկական բազան, գյուղացին դեմ առ դեմ մնաց իր հոգսերի ու խնդիրների հետ:
Հողի սեփականության արմատավորված նոր ձևերի պայմաններում գյուղացիական բազմաթիվ տնտեսություններ մինչ օրս չունեն իրենց գործունեությունն ուղղորդող, իրենց շահերն ու իրավունքները պաշտպանող մարմին: Իրադրությունը վատթարացնում է օժանդակ տեխնիկայի, մասնագիտացված կազմակերպությունների զգալի պակասը: Կազմակերպություններ, որոնք պետք է կոչված լինեին տնտեսություններին մատակարարել քիմիկատներ, պարարտանյութ, ապահովեին գյուղտեխնիկայի տեխնիկական վերանորոգումը, ստանձնեին դրանց լիզինգի կազմակերպումը: Կազմակերպական նշված բացթողումների հետևանքով գրեթե չեն կատարվում աշխատանքներ հողերի ագրոտեխնիկական սպասարկման ուղղությամբ, ինքնահոսի են մատնված տոհմաբուծական, ընտրասերման, սերմնաբուծական, անասնաբուժական աշխատանքները: Բարձիթողի վիճակում է ոռոգման համակարգը:
Ձևավորված չեն շուկայական լիարժեք ենթակառուցվածքները, բացակայում է ագրոհամալիր կատարվող ներդրումների արդյունավետ համակարգը, չի մշակվում հակամենաշնորհային օրենսդրություն, դեռևս իրական գործառնություններ չեն ծավալել ֆերմերային տնտեսությունների կարիքներն ապահովող վարկաֆինանսային, հարկային և ապահովագրական հիմնադրամները, մշակված չեն բնագավառի կառավարումը, կադրերի ուսուցումը և որակավորման բարձրացումը, գիտատեխնիկական ապահովումը կարգավորող օրենսդրական ու նորմատիվ ակտերը:
Կարգավորված չեն գյուղմթերքներ արտադրողների և գնորդների միջև հարաբերությունները, չկան պարենամթերքների մեծածախ շուկաներ, չհաջողվեց ձևավորել արդյունավետ շղթա` արտադրություն-վերամշակում-սպառում, ինչի հետևանքով ստացվող բերքի որոշակի մասն այդպես էլ չի իրացվում:
Վարելով փակ բնատնտեսություն` գյուղացին լուծում է միայն իր կենսապահովման նվազագույն խնդիրը. հիմնականում օգտագործում է սեփականաշնորհված հողի այն մասը, որն անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար: Ավելին անել նա ուղղակի ի վիճակի չէ` պարարտանյութերի, քիմիկատների, վառելիքի, պահեստամասերի բարձր գների, հողի կտրատվածության պատճառով: Ավելի քան 200 հազար հեկտար վարելահող կամ վարելահողերի 46%-ը չեն մշակվում: Դա հանգեցնում է նրան, որ օգտագործվող հողակտորներն արագորեն կորցնում են որակական ցուցանիշները, ծավալվում է բնահողի քայքայումը (էրոզիան) և հողերի անապատացումը:
Ագրարային քաղաքականության մեջ «Ազգային Միաբանությունը» կարևոր գերակայություն է համարում բնակչության պարենային անվտանգության ապահովումը: Ագրարային ոլորտում հիմնական խնդիր է` դադարեցնել անկումը, հասնել կայունության, և դրա հիման վրա ագրոարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման: Ագրոհամալիրի զարգացումը, մեր խորը համոզմամբ, առաջատար երկիր դառնալու հիմնական պայմաններից մեկն է, ինչպես նաև բնակչության կենսապահովման ոլորտը: Մենք գյուղը դիտարկում ենք ոչ միայն որպես սննդամթերք մատակարարող, այլ առաջին հերթին որպես հայության բնամիջավայր:
Ագրոարդյունաբերական համալիրում «Ազգային Միաբանությունն» իր գործունեության գլխավոր ուղղություններից է համարում.
- գյուղացիական տնտեսությունների համար ստեղծել օրենսդրական, նյութական և կազմակերպչական անհրաժեշտ պայմաններ` ագրոհամալիրի բոլոր օղակների համակարգված փոխգործողության համար, գյուղմթերքներ վերամշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի իրական գների ապահովումը, ագրարային ապրանքարտադրողի ազատագրումը մենատերերի և ապրանքամիջնորդային քրեածին տարրերի թելադրանքից,
- հայրենական գյուղմթերք արտադրողների պետական պաշտպանությունն այն սննդամթերք ներկրողներից, որոնք, դեմպինգային գներով իրացնելով Հայաստանում արտադրվող նույնանուն սննդամթերք, անհավասար պայմանների մեջ են դնում հայրենական գյուղացիական տնտեսությունները,
- հարկային համակարգի կատարելագործումը, որը պետք է նպաստի գյուղմթերքների արտադրության և ստացվող եկամուտների աճին: Անհրաժեշտ է կիրառել տարբերակված հողային հարկի սահմանում և մյուս հարկերի վերացում,
- յուրաքանչյուր գյուղացու իրավունքի հաստատումը` ինքնուրույն ընտրելու գործունեության տեսակը, տնտեսավարման ձևը [կոոպերատիվ, բաժնետիրական ընկերություններ, գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններ, կոլեկտիվ ձեռնարկություններ, կոմբինատներ], արտադրության կազմակերպման և կառավարման գործում դրանց ինքնուրույն զարգացումը,
- օրենքի խիստ կիրառում այն դեպքերում, երբ վարչականորեն պարտադրվում են տնտեսավարման ձևերը` հաշվի չառնելով արտադրողների կամքն ու ցանկությունը,
- պայմաններ ստեղծել սեփական բազայի արդյունավետ օգտագործման հիման վրա ընդլայնված վերարտադրության և ագրոհամալիրի բոլոր օղակների հստակ փոխգործողության համար:
Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել ագրարային ոլորտի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որը կներառի.
- հողօգտագործման և հողային հարաբերությունների ոլորտը` հողի շուկայի ձևավորման, հողային հարաբերությունների ամբողջ համալիրի իրավական համակարգի կարգավորման, հողակտորների գոտիավորման միջոցով հողի տնտեսավարական օգտագործման վրա պետության արդյունավետ ազդեցության ապահովման, հողը ոչ արտադրական նպատակներով օգտագործելու և ենթակառուցվածքի զարգացմանը չնպաստելու համար հողօգտագործման որոշակի սահամանափակումներ մտցնելու, սննդի որակական և սանիտարահիգիենիկ օրենսդրական նորմատիվների կիրարկման, ինչպես նաև պետությանը հողերի հետգնման իրավասություն տալով հասարակական կարիքների` ճանապարհների, օդանավակայանների, պուրակների շինարարության համար,
- հողի արդյունավետ վերաբաշխման պայմանները` ընդգրկելով նաև դրա գրավադրման արժեքի (հիպոտեկ վարկերի կիրառման), որակով օգտագործելու կարգի և հողահանդակների` իբրև առքուվաճառքի առարկա շրջանառությունից երկարաժամկետ դուրս մնալն կասեցնող կանոնների մշակումը,
- հողի սեփականության ապահովագրական իրավունքի ստեղծումը, որը կբարձրացնի շուկայում նրա ապրանքային կենսունակությունը` ներդրումների համար գրավիչ դարձնելով, հավելյալ հողերը վաճառելով և, որ կարևոր է, հողը կապիտալի և գրավային երաշխիքի հիմնական աղբյուր դարձնելով: Դա կնպաստի մասնատված հողակտորների միավորմանը և պայմաններ կստեղծի հողի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական արտադրության զարգացման, տեխնիկայի արտադրողականության բարձրացման, պարարտանյութերի արդյունավետ օգտագործման համար:
Պետական կարգավորման ոլորտում պետք է համակարգվեն արտադրանքի որակի հսկողության, գիտահետազոտական աշխատանքների, տեղեկատվական և ենթակառուցվածքի ապահովման ծախսերը:
Ագրարային հատվածում պետական վարկավորման քաղաքականության հիմքում պետք է դրվեն.
- ապրանքային վարկավորման կիրառումը,
- գյուղի սոցիալական ենթակառուցվածքի արդիականացման պետական աջակցությունը` արտոնյալ և երկարաժամկետ վարկերով, շինարարական աշխատանքների իրականացման համար տեխնիկական օգնություն, գյուղական ապրանքարտադրողների եկամուտների պաշտպանության իրականացում, գների կարգավորում և գյուղատնտեսական ապրանքների պետական առևտրի կանոնակարգում, գյուղատնտեսական հումք ձեռքբերելու նպատակով լրացուցիչ վճարի տրամադրում, գյուղարտադրանքի իրացման շուկաներ բացահայտելու նպատակով մարկետինգի կազմակերպում (շուկայի զարգացման ծրագիր, լրացուցիչ վճարներ` արդյունաբերական վերամշակման, պահպանության, տեղափոխման, որակի վերահսկման համար), տնտեսախորհրդատվական աջակցություն, ագրարային ոլորտի ապահովագրության համակարգի ներդրում և հողի վարձակալման զանազան ձևերի կիրառում. դրամական (1 հա դիմաց ամրագրված), զուտ դրամական, ճկուն դրամական (կախված արտադրության պայմաններից կամ գնից, բերքից), խառը դրամական և այլն:
6. Բնապահպանության ոլորտում: «Ազգային Միաբանությունը» գտնում է, որ հանրապետությունում տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխություններ իրականացնելիս ամենայն հետևողականությամբ պետք է հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, քանի որ դրա տերերը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներն են:
Բնապահպանական քաղաքականությունը հիմնականում պետք է նպատակաուղղված լինի էկոլոգիապես մաքուր միջավայրում քաղաքացիների կենսագործունեության իրավունքի ապահովմանը: Անհրաժեշտ է բացառել տնտեսական ռեֆորմների բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա, բնակչության գիտակցության մեջ ձևավորել և արմատավորել բնապահպանական աշխարհայացք:
Բնապահպանական քաղաքականության երկարաժամկետ ուղղությունները «Ազգային Միաբանությունը» համարում է.
- էկոնոմիկայի վերակողմնորոշում` չվերականգնվող բնական պաշարների օգտագործումից դեպի վերականգնվող պաշարներ,
- Սևանա լճի փրկության ազգային ծրագրի հետևողական իրագործում,
- էրոզիայի ենթարկված հողերի բնապահպանական վերականգնման ծրագրի մշակում և իրականացում, դրանց վերամշակում հողօգտագործողների կողմից, աղտոտված տարածքների մաքրման, վերականգնողական աշխատանքների կազմակերպում,
- այնպիսի պայմանների ստեղծում, որոնց պարագայում տնտեսության կառուցվածքային վերակառուցումը կարող է տալ բնապահպանական իրական, շոշափելի արդյունք:
«Ազգային Միաբանությունը» կարևորագույն խնդիր է համարում բնապահպանական անվտանգության, օդի, ջրի, հողերի, անտառների պահպանության ոլորտները կարգավորող օրենքների ընդունումը:

3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ներկա իրավիճակը:
Վերջին տարիները բնութագրվում են սոցիալական լարվածության աճով, որը մեծապես պայմանավորված է Հայաստանի քաղաքացիների կենսաապահովման համար նվազագույն պահանջների բավարարման զգալի թանկացումով: Եթե 2005 թ. ամսական նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմում էր 18308 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղինը` 29843 դրամ, ապա 2006 թ. նվազագույն պարենային զամբյուղի միջին ամսական արժեքը կազմում էր 20436.9 դրամ, իսկ սպառողական զամբյուղինը` 31677.1 դրամ: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2006 թ. ընթացքում ազգային փոխարժեքի «թանկացման» աճի տեմպը կազմել է 110 %, ընդ որում նվազագույն պարենային զամբյուղի արժեքի աճը 2006 թվականին 2005 թվականի համեմատ կազմել է 111.6 %, սպառողական զամբյուղինը` 106.1 %: Այսպիսով, 2006 թ., հաշվի առնելով նաև դրամի «թանկացումը», կյանքի արժեքը Հայաստանում աճել է մոտավորապես 20-25տոկոսով, ինչն ի չիք է դարձել կառավարության կողմից հայտարարված բնակչության մեկ շնչին ընկած միջին եկամուտների բարձրացումը:
Հասարակության մեջ զգալիորեն աճել են, մեծապես սոցիալական լարվածությամբ պայմանավորված, տագնապալի այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ինքնասպանություններն ու ինքնասպանությունների փորձերը, ծանր և առանձնակի ծանր հանցագործությունները, կատարված հանցագործություններն ընդհանրապես: Այսպես, 2006 թվականին (2005 թվականի համեմատությամբ) գրանցված հանցագործություններն աճել են 9.9 տոկոսով և կազմել են 9757 դեպք: Միջին ծանրության հանցագործությունները (2774 դեպք) աճել են 85.3 տոկոսով, ծանր հանցագործությունները` 15 տոկոսով, առանձնակի ծանր հանցագործությունները` 23 տոկոսով: 2006 թ. գրանցվել է սպանության 75 դեպք (աճը 2005 թվականի համեմատ կազմել է 36.4 %), խուլիգանության 402 դեպք (աճը` 35.4 %), թմրանյութերի հետ կապված հանցագործությունների 957 դեպք (աճը` 29.9 %), անձնական ունեցվածքի գողության 354 դեպք (աճը` 20.4 %): Տագնապ է հարուցում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի աճը. 2006 թ. գրանցվել է ինքնասպանությունների 244 և ինքնասպանության փորձի 221 դեպք (2005 թ. համապատասխանաբար` 199 և 200 դեպք):
Հանրապետությունում ծայրահեղ անբարենպաստ սոցիալական իրավիճակի հետևանք է սոցիալական այնպիսի հիվանդությունների բարձր տեսակարար կշիռը, ինչպիսիք են սուր աղիքային հիվանդությունները, շնչառական օրգանների տուբերկուլյոզը, պեդիկուլյոզը (ոջլոտություն): Այսպես, 2006 թ. գրանցվել է սուր աղիքային հիվանդությունների 5330 դեպք կամ գրանցված հիվանդությունների ընդհանուր թվի 5.2 տոկոսը, շնչառական օրգանների տուբերկուլյոզի 1216 դեպք կամ հիվանդությունների ընդհանուր թվի 1.17 տոկոսը, ոջլոտության 4877 դեպք կամ հիվանդությունների ընդհանուր թվի 4.7 տոկոսը: Այսպիսով` հանրապետությունում գրանցված հիվանդությունների ավելի քան 11 տոկոսը պատկանում է, այսպես կոչված, «սոցիալականների» թվին: Այս պայմաններում «Ազգային Միաբանությունը» անթույլատրելի է համարում, երբ շուրջ կես միլիոն կենսաթոշակառուների ամսական միջին թոշակները մեկ քառորդով ցածր են նվազագույն պարենային զամբյուղի արժեքից և ավելի քան 2 անգամ ցածր` նվազագույն սպառողականից, իսկ մեկ շնչին ընկնող ամսական միջին եկամուտները Հայաստանում կազմում են ապառողական նվազագույն զամբյուղի 60 տոկոսից քիչ ավելի:
Մենք գտնում ենք, որ Հայաստանի գլխավոր հարստությունը մարդն է: Որպեսզի այդ հարստությունը նպաստի հանրապետության ծաղկմանը, անհրաժեշտ է մշակել և իրականացնել նպատակաուղղված պետական սոցիալական քաղաքականություն: Իրականացվելիք սոցիալական քաղաքականության ելակետային նախադրյալը պետք է լինի յուրաքանչյուր մարդու համար հնարավորությունների ստեղծումը` կենսագործել աշխատանք ունենալու իր սահմանադրական իրավունքը, որի արդյունքներով նա ի զորու կլինի արժանապատվորեն պահել իր ընտանիքը: Ազգային վերածննդի և միաբանության գաղափարները վարկաբեկող պատճառներից մեկն էլ հանդիսացավ վերջին տարիներին բնակչության, պետության հիմքը ծառայող հայկական ընտանիքի կենսամակարդակի կտրուկ անկումը:
Աշխատատեղերի սուր դեֆիցիտի պայմաններում կամ էլ դրանց առկայության դեպքում` աշխատանքի ցածր վարձատրության պարագայում ակնհայտ է, որ հանրապետությունում գործող գներն ու սակագները չափազանց բարձր են, և դրանց իջեցումը կամ փոխհատուցումը «Ազգային Միաբանությունը» համարում է սոցիալական քաղաքականության բնագավառում իր կարևորագույն խնդիրներից մեկը: Պետությունը պարտավոր է մարդկանց ապահովել աշխատանքով և պատշաճ աշխատավարձով: Հայկական ընտանիքը պետք է կրկին հնարավորություն ստանա ապրել արժանապատիվ, և դա հարկ է ամրապնդել նյութապես` առաջին հերթին աշխատանքով ապահովելով ընտանիքի գլխավորին: Նման մոտեցումը օբյեկտիվորեն առաջին պլան է մղում երկու կարևորագույն խնդիրների լուծում, որոնք պետք է ապահովի պետությունը. նոր աշխատատեղերի ստեղծում և բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում:
«Ազգային Միաբանության» սոցիալական քաղաքականության հիմքում ընկած է դեպի ներկան և ապագան ուղղված սոցիալական կողմնորոշում ունեցող տնտեսական քաղաքականությունը, որը պետք է ունենա կանխարգելիչ բնույթ և զուգորդի շահութաբերությունն ու մարդասիրությունը` խոչընդոտելով աղքատության և սոցիալական չարիքի առաջացմանը: «Ազգային Միաբանությունն» իր սոցիալական քաղաքականության մեջ հիմք է ընդունում այն նախադրյալը, ըստ որի ամեն մի անհատ պետք է ունենա պարտավորություններ և պատասխանատվություն կրի հասարակության, պետության առջև, ինչպես և հասարակությունը, պետությունը` անհատի առջև:
«Ազգային Միաբանության» կողմից հռչակված հիմնական արժեքները հաստատվում են սոցիալական հետևողական քաղաքականության իրականացմամբ, որը միտված է հետևյալ նպատակների կենսագործմանը.
- Հայաստանի քաղաքացիները պետք է ապահովվեն սոցիալական անվտանգության երաշխիքներով` իշխանության բոլոր ինստիտուտների կողմից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանման հիման վրա: Մեր առջև դրված առաջնային խնդիրն է կերակրել և հագցնել մարդկանց, մեծահասակներին ապահովել արժանապատիվ աշխատանքով, նախադպրոցական տարիքի երեխաներին` լիարժեք սնունդով և անվճար բուժսպասարկմամբ, դպրոցականներին` անվճար դասագրքերով ու նախաճաշով, կենսաթոշակառուներին` մատչելի դեղորայքով և արտոնություններով, որոնք կապահովեն նվազագույն կենսապայմաններ, պետական հոգածություն և պաշտպանվածություն,
- ընտանիքի ամրապնդում, մայրության և մանկության պահպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն, նրանց աշխատանքի և կենցաղային պայմանների բարելավում, բազմանդամ ընտանիքների աջակցում, ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համազգային ծրագրի ընդունում, հայկական ընտանիքի կայունության ապահովվածություն, երիտասարդության պետական աջակցություն,
- պետական վերահսկողական լծակների օգտագործման միջոցով անհրաժեշտ է մեղմել բնակչության կենսամակարդակի և եկամուտների ծայրահեղ բևեռացումը հասարակության մեջ: Այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն փոխօգնության սկզբունքները. ուժեղն օգնում է թույլին, առողջը` հիվանդին, հարուստը` աղքատին,
- անհրաժեշտ է աշխատանքի վարձատրության, կենսաթոշակի ամենացածր մակարդակը կտրուկ մոտեցնել սպառողական նվազագույն զամբյուղի չափերին, բարձրացնել անաշխատունակների, հատկապես` հաշմանդամների և երեխաների սոցիալական ապահովվածության երաշխիքների մակարդակը:
«Ազգային Միաբանությունը» մեծապես կարևորում է նաև փախստականների հետ տարվող աշխատանքները և ունի փախստականներին տնտեսական ու հասարակական կյանք ներգրավելու համապատասխան ծրագիր:
«Ազգային Միաբանությունը» հայտարարում է, որ հասարակության համար խիստ վտանգավոր են կեղծավորությունը և բարգավաճման պոպուլիստական խոստումները` առանց բացատրությունների, թե ինչի՞ հաշվին դա կարելի է իրականացնել:
«Ազգային Միաբանությունն» իր գործունեությամբ ձգտելու է հասնել այն բանին, որ ազատական տնտեսությունը մեկ ամբողջի մեջ միավորի շուկայական հարաբերություններն ու սոցիալական ապահովության համակարգը:

4. ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Կրթության ոլորտում «Ազգային Միաբանությունն» իր խնդիրները ձևավորում է` հաշվի առնելով XXI դարում ինովացիոն հասարակությունների մարտահրավերները: Մենք ելնում ենք նրանից, որ կրթությունը յուրաքանչյուր ցանկացած պետության առաջընթացի հիմքն է: Երրորդ հազարամյակում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական աճը պայմանավորված է պետության ընդունակությունով` ապահովել հասարակության բոլոր անդամների կրթությունը, որպեսզի յուրաքանչյուր մարդ հնարավորություն ստանա հաջողության հասնել սրընթաց փոփոխվող աշխարհում: Մենք պետության կարևորագույն խնդիրն ենք համարում երեք տարրերի կամ «գիտությունների եռանկյունու»` կրթության, հետազոտությունների և ինովացիոնների զարգացումն ու ինտեգրումը: Այդ հիմնահարցերի լուծումը հնարավոր է մարդկային ռեսուրսներին ուղղված խոշորածավալ ներդրումներ իրականացնելով, մարդկանց մասնագիտական հմտությունները զարգացնելով, գիտական հետազոտություններ կատարելու համար պայմաններ ստեղծելով: Նշված խնդիրները կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայման է կրթության համակարգի արդիականացման պետական աջակցությունը, որպեսզի այն առավելապես համապատասխանի գլոբալ էկոնոմիկայի պահանջներին:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ գլոբալիզացիայի մարտահրավերների պայմաններում հայկական քաղաքակրթության գոյատևումը հնարավոր է միայն գիտելիքների վրա հիմնված էկոնոմիկայի պարագայում: Ընդսմին, մեր աշխատանքներում առաջնահերթ ենք համարում որակյալ կրթություն ապահովող ազգային նախագծի մշակումն ու կենսագործումը: Առաջարկվող` «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի հիմքում դրվելու է դրույթ կրթության ժամանակակից, արդյունավետ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կհամապատասխանի գլոբալ, ինովացիոն հասարակության պահանջներին և յուրաքանչյուր մարդուն հնարավորություն կտա լիարժեքորեն մասնակցելու դրան: Ազգային նախագիծը նպատակաուղղված է լինելու կրթության ոլորտում ներդրումային քաղաքականության խրախուսմանը, ինչը կնպաստի արդյունավետ, կայուն և բարձրակարգ կրթություն ապահովող հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը: Այդ քաղաքականությունը կխրախուսի անընդհատ կրթության ներդրման գաղափարը: Նշենք, որ «Ութի խմբի» Քյոլնյան գագաթաժողովի հռչակագրի սկզբունքների հիման վրա ուսուցման նպատակ ու խնդիրներ են ճանաչվել` մարդկանց հնարավորություն տալ հարմարվելու աշխարհում կատարվող արագընթաց փոփոխություններին, առավելագույնս խորացնելու մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև ակտիվ դեր խաղալու հասարակական ու մասնագիտական գործունեության մեջ: Սկզբունքորեն կարևոր ենք համարում կրթական համակարգի և մասնավոր հատվածի համագործակցության պետական կարգավորումն ու աջակցությունը` նպատակ ունենալով ընդլայնել գիտական հետազոտությունների ցանցը` գիտելիքների կուտակման, ինովացիաների խրախուսման, Հայաստանի տնտեսությունում նոր, բարձր տեխնոլոգիաների արագ ներդրման նպատակով: Ազգային նախագծի համար կարևոր բաղադրիչ պետք է հանդիսանա բարձր չափանիշների ներդրման աջակցությունը, հատկապես մաթեմատիկայի, բնական գիտությունների, տեխնիկական ու կիրառական գիտությունների և օտար լեզուների ոլորտներում` կրթության բոլոր մակարդակների վրա: Կարևորում ենք նաև բարձրորակ դասախոսներին գործուն աջակցություն ցուցաբերելը` այդ արդիական բնագավառներում հետագայում նրանց հաստատուն տեղը ամրապնդելու համար:
«Ազգային Միաբանությունը» «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի կենսագործման կարևոր նախապայման է համարում աշխարհի առաջատար երկրների («Ութի խմբի») աջակցությունը: Նշենք, որ վերջիններս 2006 թ. հուլիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում ընդունեցին «Կրթությունը XXI դարի ինովացիոն հասարակությունների համար» հռչակագիրը: «Կրթությունը XXI դարում» ազգային նախագիծը, համոզված ենք, աջակցություն կստանա «Ութի խմբի» երկրների կողմից, քանի որ նրանում ամրագրված նպատակներն ու խնդիրներն ամբողջովին համահունչ են ընդունված հռչակագրի բուն գաղափարին, որի կենսագործմանը օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնել աշխարհի առաջատար պետությունները:
Կրթության, գիտության և մշակույթի բնագավառում ընթացիկ խնդիրների լուծումը պահանջում է ինչպես հեռանկարային համապատասխան ծրագրի բազայի ստեղծում, այնպես էլ դրանք իրականացնելու համար գործուն միջոցների ձեռնարկում:
Այս ամենը հաշվի առնելով` «Ազգային Միաբանությունն» իր գործունեության մեջ առաջնորդվելու է այն իրողությամբ, որ կրթությունը` որպես գիտելիքների, վարպետության և ավանդույթների փոխանցման համակարգ, այսօր կանխորոշում է ցանկացած ազգի ճակատագիրը ու նրա պատմական հաջողությունը: Հայաստանի Հանրապետությունը կարող է արժանապատիվ ապագա ունենալ միայն իր քաղաքացիների կրթական մակարդակը պահպանելու և անշեղորեն զարգացնելու ճանապարհով: Կրթությունը պետք է զարգանա` դրա բարձր պահանջարկն ունենալու օբյեկտիվ պայմաններում: Այն պետք է դառնա ազգային գերակայություններից կարևորագույնը:
«Ազգային Միաբանությունը» հանրակրթական դպրոցի առջև ծառացած հիմնական խնդիրներ է համարում.
- կրթական ողջ համակարգի գերակա (նախապատվելի) ֆինանսավորումը,
- պարտադիր սկզբնական կրթությունը, լրիվ միջնակարգ կրթության բարձր մասնաբաժինը, մարզպետարանների ղեկավարության գործունեության գնահատման ժամանակ բնակչության կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված նրանց կատարած աշխատանքի հաշվի առնելը,
- կրթության բնագավառում կապիտալ շինարարությունը, դպրոցական կցակառույցներին և ուսուցիչների համար կացարաններ կառուցելուն ուղղորդված պետական ֆինանսավորումը, պետպատվերի հիման վրա դպրոցական մանկավարժների և նախակրթարանների դաստիարակների պատրաստման ապահովումը,
- ուսուցիչների, դասախոսների, կրթության բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձի զգալի բարձրացումը,
- պետական աջակցությունը հեռավոր և մերձավոր արտասահմանի հայկական հանրակրթական դպրոցներին, Սփյուռքում հայկական դպրոցի դերի բարձրացումը, նրա հեղինակության ապահովումը:
Ե՜վ պետական, և՜ մասնավոր կրթության հիմքում պետք է դրվի ազատության ու պատասխանատվության ոգով դաստիարակությունը, մատաղ սերնդի մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացման համար հավասար ու արդար պայմանների ստեղծումը: Անհրաժեշտ է կատարելագործել պետպատվերի և վճարովի ուսուցման համակարգերը: Միաժամանակ, հարկ է կիրառել մասնավոր բուհերի ատեստավորման և արտոնագրման ավելի խիստ պահանջներ:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ գիտությունը, գիտական դպրոցները, ազգի գիտական ինտելեկտը և դրա օպտիմալ օգտագործումը կարևոր նախապայման են XXI դարում Հայաստանի գոյատևման համար:
Գիտության ոլորտում կարևորագույն հիմնախնդիրներն են.
- Հայաստանի տնտեսական, քաղաքական, հոգևոր վերածննդին նպաստող գիտական հետազոտությունների աջակցության պետական ծրագրի մշակումն ու իրագործումը,
- արդիականություն ունեցող գիտական ծրագրերի ու նախագծերի առաջնահերթ ֆինանսավորումը և այդ խնդրի լուծմանն ուղղված պետական դրամաշնորհների համակարգի զարգացումը, այլ ոչ թե աջակցությունը կարծրացած բյուրոկրատական կառուցվածքներով գիտական հիմնարկներին,
- Հայաստանում գիտության հեռանկարային ուղղությունների զարգացման գերակայությունների ճշգրտումը, հայագիտությանն ու ֆունդամենտալ գիտություններին պետական ֆինանսավորման մակարդակի ավելացումը:
ՙԱզգային Միաբանությունը» գտնում է, որ մեր ազգային մշակույթի պահպանումը, վերածնունդը և զարգացումը պարտադիր պայման են կյանքի մյուս բոլոր բնագավառներում հաջողության հասնելու համար: Այն ազգի համախմբման կարևորագույն միջոց է: Մենք համոզված ենք, որ այսօր, հայոց պետականության կայացման ներկայիս ծանր ժամանակներում, միայն մշակույթը կարող է ապահովել ազգի ինքնատիպությունը, պետության և հասարակության սոցիալական, բարոյական, հոգեբանական բնութագրերի կայունությունը:
Մշակույթի բնագավառում մեր առաջնահերթ խնդիրն է աջակցել մշակույթի գործիչներին` նրանց ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, տաղանդների բացահայտմանը և ինքնադրսևորմանը, մշակույթի պետական հովանավորության ապահովմանը: Այս հարցում կարևոր է, որ մշակույթի գործիչների բարոյական և նյութական խրախուսումը պայմանավորված լինի բացառապես գեղագիտական նկրտումներով, ելնի զուտ գեղարվեստական ընկալումներից` անկախ մնալով քաղաքական կոնյունկտուրայից:

5. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երիտասարդության հետ իր աշխատանքների հիմքում «Ազգային Միաբանությունը» կարևորում է «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի կյանքում իրականացումը, ինչպես նաև «Գլոբալիզացիայի դարաշրջանում երիտասարդության ադապտացիայի» ազգային ծրագրի մշակումն ու դրա կենսագործումն ապահովող պետական աջակցությունը, «Հայաստանի տարածաշրջաններում հավասարակշռված զարգացման» պետական ծրագիրը և այլն: Ընթացիկ և հեռանկարային ծրագրերի լուծման ժամանակ «Ազգային Միաբանությունը» ելնելու է նրանից, որ երիտասարդությունը հասարակության ամենադինամիկ ու առաջավոր մասն է և որ նրա գործունեությամբ, դավանած գաղափարներով, ակտիվ դիրքորոշմամբ են պայմանավորված մեր առաջընթացն ու երկրի հետագա զարգացումը:
«Ազգային Միաբանությունը», արագորեն գլոբալիզացվող աշխարհի պայմաններում, երիտասարդության հետ իր աշխատանքներում կարևորում է.
- գիտելիքների ծառայեցումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնական ազատությունների, քաղաքացիական հասարակարգի ձևավորման և զարգացման գործին, և առողջ ազգային ու համազգային առաջատար գաղափարների ոգով աճող սերնդի դաստիարակության ապահովումը,
- երիտասարդությանը հաղորդակից դարձնել XXI դարի ինովացիոն հասարակության նոր մարտահրավերներին: Կեցության նոր պայմաններին, գիտական նոր տեսություններին և դրանց վրա հիմնված բարձր տեխնոլոգիաների տիրապետման հարցում նրանց օգնություն ցուցաբերելը,
- երիտասարդության հայրենասիրական, ֆիզիկական ու մշակութային-քաղաքակրթական դաստիարակության կազմակերպումը` սեփական հայրենիքի և քրիստոնեական հնագույն քաղաքակրթության պատկանելու համար հպարտության ոգի սերմանելը,
- երիտասարդ ընտանիքներին բազմակողմանի աջակցության ապահովումը:
Մինչև պետական մակարդակով երիտասարդության ազգային ծրագրի ընդունումը, «Ազգային Միաբանությունը» կարևոր է համարում գործուն քայլեր ձեռնարկել, որոնք համահունչ կլինեն հասարակության զարգացման միջազգային նոր միտումներին և կհամապատասխանեն արդեն առաջիկա տասնամյակում երիտասարդությանը ներկայացվող գլոբալիզացիայի նոր մարտահրավերների պահանջներին:
Երիտասարդության հետ տարվող քաղաքականության մեջ «Ազգային Միաբանությունն» առաջնահերթ է համարում նրանց բնավորության այնպիսի գծերի ու մտածելակերպի ձևավորումը, որոնք կգնահատվեն քաղաքակրթության զարգացման վաղվա օրվա մարտահրավերների տեսանկյունից և որոնք լրջորեն կազդեն հասարակության տնտեսական ու սոցիալական զարգացումների վրա: Այս առումով ենք մենք դիտարկում երիտասարդությանը` որպես հիմնական ուժ, որն ունակ է հայկական լճացող հասարակությունը փոխակերպել հետինդուստրիալով, իսկ, այնուհետև, կարճ ժամանակում` նոր քաղաքակրթության, XXI դարի ինովացիոն հասարակությունով:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ երիտասարդության հետ տարվող քաղաքականության հիմքում պետք է դրվեն արտադրական և միջանձային նոր հարաբերություններ: Մենք կարևորում ենք, որ երիտասարդությունը հնարավորինս արագ կարողանա ադապտացվել և դիմակայել գլոբալիզացվող աշխարհի մարտահրավերներին, կենսագործունեության ապահովման շարժիչ ուժ դառնալ երկրի զարգացման ճանապարհին: Նպատակը մեկն է. կարճ ժամանակահատվածում ձևավորել երիտասարդ սերունդ, որն ընդունակ կլինի ինքնուրույն գործողությունների, արագորեն կընկալի առաջատարն ու նորը, և որին հատուկ կլինեն խիզախությունը, ձեռներեցությունը, հնարամտությունը:
Նոր քաղաքականության ձևավորման պայմաններում ավելի մեծ տեղ կհատկացվի երիտասարդության տնտեսական, արտադրական գործունեությանը, բիզնեսի արդիական` էլեկտրոնային և այլ բարձր տեխնոլոգիաներով հագեցված ոլորտներում նրանց ներգրավմանը: Հետևաբար, պատանիներն ու աղջիկները պետք է դեռևս վաղ տարիքից, լայնորեն ընտանեկան բիզնեսի մասնակիցը դառնան, իրենք էլ կարողանան ապահովել ընտանիքի եկամուտը: Այս ամենն արդիական կդարձնի երիտասարդության ազգային նախագծում առավել ընդգրկուն արտացոլելու խնդրո առարկա ռազմավարական մոտեցումները, որոնք թե՜ հոգեբանորեն և թե՜ մասնագիտորեն կնախապատրաստեն երիտասարդներին ու մեծահասակներին ժամանակի մարտահրավերների արժանապատիվ հաղթահարմանը:
«Ազգային Միաբանությունը» հատուկ նշանակություն է տալիս երրորդ հազարամյակի` տեղեկատվական և տեխնոլոգիական հեղափոխությունների դարաշրջանի նոր անձի ձևավորմանը: Հայաստանի` XXI դար սահուն մուտքի կարևորագույն պայման է հանդիսանում ինտերնետ կապի միջոցով դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների, ինժեներատեխնիկական աշխատողների հաղորդակցումը համաշխարհային գիտության, տեխնիկայի և մշակույթի նորություններին:
Նոր մարդու ձևավորման գործում «Ազգային Միաբանությունը» կարևոր նշանակություն է տալիս երիտասարդների սեփական ուժերի վրա հենվելու, նոր պայմաններին հարմարվելու, դժվարությունները հաղթահարելու, հմտություններ ձեռք բերելու ընդունակությունների ձևավորմանը: Միաժամանակ հրատապ ենք համարում երիտասարդության գիտակցության մեջ այն գաղափարի արմատավորումը, որ լավ սովորելով, գիտելիքներ և մասնագիտություն ձեռք բերելով, սկսած գործը ավարտին հասցնելու հաստատակամությունով է պայմանավորված ինքնուրույն կյանք մտնող մարդու վաղվա հաջողությունը, որի նախապայմանն է միջակության, անտարբերության, կյանքի նկատմամբ սպառողական վերաբերմունքի մերժումը:
Դպրոցական, ուսանողական և գիտական երիտասարդության միջավայրերում անհրաժեշտ է ապահովել.
- հանրակրթական համակարգի արտոնյալ ֆինանսավորում, մանկավարժական երիտասարդ կադրերի բարեկեցության երաշխիքների ստեղծում, կրթական ծրագրերի հարստացում նորերով, որոնք կնպաստեն ժամանակակից գիտելիքների յուրացմանը, երրորդ հազարամյակի մարդու, անձի և քաղաքացու ձևավորմանը,
- շուկայական հարաբերություններին, տնտեսական, սոցիալական և քաղաքական նոր պայմաններին համապատասխանող դաստիարակչական ծրագրերի մշակում, գործնական գիտելիքներ ապահովող, նոր կենսապայմաններին հարմարվելու ունակություն ձևավորող առարկաների ուսուցում,
- ուսումնական պլանի մեջ հոգևոր ու հայրենասիրական դաստիարակությանը նպաստող ծրագրերի մշակում և ներդրում,
- բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում նոր մասնագիտությունների ցանկի ներդրում, ինչպես նաև մասնագիտական կրթության կողմնորոշում դեպի համաշխարհային շուկայի պահանջները և Հայաստանի հնարավոր տեղը աշխատանքի միջազգային բաժանման մեջ,
- բուհական և դպրոցական լաբորատորիաների արդիականացում ժամանակակից սարքերով ու սարքավորումներով, աուդիովիզուալ ձեռնարկներով, գրադարանային ֆոնդերի համալրում, էլեկտրոնային գրադարանների ստեղծում և ապահովում ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական և համակարգչային տեխնիկայով, պարտադիր ինտերնետ կապով,
- ապագա մասնագետներին ինովացիոն գործունեությանը նախապատրաստող, գիտահետազոտական աշխատանքներում ուսանողներին ներգրավելու ծրագրերի մշակում և իրագործում,
- գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացում, երիտասարդության գիտական գործունեությանը հետևողական աջակցության ցուցաբերում,
- ուսման և գիտական գործունեության մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցների ու անվանական թոշակների համակարգի ընդլայնում, ուսման վարձավճարների չափերի և պետական ու այլ միջոցներով ուսման վարձի փոխհատուցման հստակ սահմանում` ապահովելով դրանց կիրառման թափանցիկությունը, ներդնելով պարտադիր արտոնություններն անապահով ուսանողների և գերազանցիկների համար, կիրառելով կրթություն ստանալու նպատակով պետական վարկավորման համակարգ,
- ուսանողների կյանքի և առողջության պահպանման ծրագրի մշակում և հետևողական իրականացում, ուսանողական հանրակացարանների վերանորոգում, դրանցում բնակկենցաղային պայմանների բարելավում:
Բանվոր, ծառայող, գյուղաբնակ և գործազուրկ երիտասարդության միջավայրում անհրաժեշտ է.
- զարգացնել մասնագիտական (արհեստակցական) սկզբնական կրթությունը, այդ հաստատություններում մշակել և իրականացնել հանրակրթական ծրագիր,
- ապահովել երիտասարդ ձեռներեցների, նրանց բիզնեսի և նախաձեռնությունների համար մշտական աջակցություն, որն ուղղված կլինի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- բյուջետային աջակցության ապահովում երիտասարդ ուսուցիչներին, բժիշկներին և այլ մասնագետներին, հատկապես` գյուղերում և սահմանամերձ բնակավայրերում,
- կազմակերպել գործազուրկ երիտասարդության վերապատրաստում, ապահովել նրանց` ժամանակակից մասնագիտությունների տիրապետումը, ստեղծել երիտասարդական զբաղվածության կենտրոններ,
- պետության լայն աջակցությամբ կարգավորել գյուղական երիտասարդության զբաղվածության խնդիրները, և առաջին հերթին` սահմանամերձ գյուղերում, հանրապետության գյուղական վայրերում կազմակերպել մշակութային կենտրոնների, մարզահրապարակների վերանորոգում ու նորերի կառուցում:

6.ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ներկա իրավիճակը:
Հայաստանի բնակչության առողջության վիճակը բնաթագրվում է ցածր ծնելիությամբ (11,7 ծնունդ` 1000 բնակչի կտրվածքով), մինչև 1 տարեկան երեխաների մահացության բարձր մակարդակով (13,8 դեպք` 1000 նորածնի կտրվածքով): Ավելին, 2006 թ. նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է մինչև 1 տարեկան երեխաների մահացության աճ` 13,0%-ով:
2006 թ. Հայաստանի բնակչության շրջանում արձանագրվել են 103127 տարբեր հիվանդություններ, որոնցից հիմնականն են, ինչպես արդեն նշել ենք, սուր աղիքային վարակներ` 5330 դեպք, շնչառական օրգանների սուր վարակներ` 87285 դեպք, գրիպ` 1985 դեպք, շնչառական օրգանների տուբերկուլյոզ` 1216 դեպք և ոջլոտություն` 4877 դեպք:
Ազգաբնակչության շրջանում առողջապահության գործում առկա չլուծված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի միջին տևողության վրա. 2006 թ. այն կազմել է կանանց մոտ 71-72, տղամարդկանց մոտ` 68-70 տարեկան:
Հայրենական առողջապահական համակարգի խնդիրներից հարկ է նշել հետևյալները.
- բժշկական սարքավորումների, սանիտարական ավտոտրանսպորտային փոխադրամիջոցների մաշվածություն,
- բժշկական հաստատությունների (հատկապես` մարզերում) ոչ բավարար հագեցվածություն ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով,
- թանկարժեք, բարձր տեխնոլոգիական տեսակների բժշկական օգնություն ստանալու հարցում բնակչության պահանջների ծայրահեղ ցածր բավարարում:
Ավելին, արմատական բարելավման կարիք ունի հիվանդությունների կանխարգելման համակարգը:
«Ազգային Միաբանությունն» իր աշխատանքի ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարում է աջակցությունը` ժամանակակից առողջապահական համակարգ ստեղծելուն, որը հետապնդում է հետևյալ նպատակները.
- ամրապնդել Հայաստանի բնակչության առողջությունը, իջեցնել հիվանդացման, հաշմանդամության, մահացության մակարդակները,
- բարձրացնել բժշկական օգնության մատչելիությունն ու որակը,
- ամրապնդել առողջապահության առաջնային օղակը, պայմաններ ստեղծել մինչհոսպիտալային փուլում արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու համար,
- զարգացնել առողջապահության կանխարգելիչ ուղղվածությունը,
- բավարարել բնակչության պահանջարկը բժշկական օգնության բարձր տեխնոլոգիական տեսակներում,
- լուծել պետական սոցիալական աջակցության կարոտ քաղաքացիների սոցիալական խնդիրները` բուժսպասարկման մասով:
«Ազգային Միաբանությունը» ժողովրդի առողջությունը համարում է նորմալ հասարակության և զորեղ պետության և՜ պայմանը, և՜ նպատակը: Իսկ առողջապահական ժամանակակից համակարգի ստեղծումը մեր գործունեության կարևորագույն գերակայություններից մեկն է: Այս մոտեցումը պետք է դրվի առողջապահության ոլորտում պետության քաղաքականության հիմքում, որն ուղղված կլինի մարդկանց առողջության պահպանության ապահովմանը: Գիտակցելով, որ ներկա փուլում առողջապահության գնահատման նախկին չափորոշիչները չեն գործում, անհրաժեշտ է որոշել բուժօգնության այն օպտիմալ հնարավորությունները, որոնք պարտավոր է երաշխավորել պետությունը:
Այս գործում կարևոր պայման է բժշկական ծառայությունների ստանդարտացման անհրաժեշտությունը, պետական և ապահովագրական բժշկությունների համամասնության օպտիմալացումը, ինչը նախատեսում է.
- առողջապահության զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունների որոշում,
- առողջապահության հիմնական սկզբունքների և զարգացման խնդիրների որոշում,
- առողջապահության համակարգի պահպանման պետական բնույթի ապահովում,
- առաջին բուժօգնություն ցուցաբերող առաջնահերթ օղակի գերակայության ապահովում,
- բժշկական գիտության զարգացման երաշխիքների ապահովում,
- առողջապահության օպտիմիլացմանը միտված միջոցառումների ապահովում,
- բնակչության բոլոր խավերի համար բժշկական օգնության մատչելիություն,
- ընտանեկան բժշկության ինստիտուտի և ցերեկային ստացիոնարների ցանցի հետագա զարգացման, բնակչության դիսպանսերիզացման ապահովում,
- բուժհիմնարկների սեփականաշնորհման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովում,
- մոր և մանկան առողջության, սանիտարահիգիենիկ ու հակահամաճրակային ծառայությունների գործունեության կտրուկ բարելավմանն ուղղված միջոցառումների ապահովում,
- բժշկական ապահովագրության օրենսդրական հիմքերի սահմանում և երաշխիքների ստեղծում,
- բնակչության առաջին անհրաժեշտության բուժօգնության անվճար կազմակերպում:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ ժամանակակից առողջապահության պետական համակարգը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ խնդիրների իրականացմանը.
- հասնել բուժական և սանիտարահիգիենիկ միջոցառումների համակարգմանը` ապահովելով կանխարգելիչ և բուժական բժշկության սինթեզը, օգտագործելով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակների բոլոր հնարավորությունները, ժամանակին կազմակերպելով բնակչության դիսպանսերիզացումը,
- բժշկական հիմնարկների ցանցի օպտիմալացման հիման վրա ապահովել դրանց մատչելիությունը,
- վերականգնել գյուղական առողջապահությունը,
- ապահովել հիվանդանոցներին կից ցերեկային ստացիոնարների գործունեությունը,
- ստացիոնար ծառայության օղակում զարգացնել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ բազմապրոֆիլ հիվանդությունների բուժմանն ուղղված պայմանների ապահովումը,
- ֆինանսական լրացուցիչ միջոցներ հատկացնել սրտանոթային, հոգեկան, նարկոլոգիական, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների կանխարգելմանը և բուժմանը,
- զարգացնել և եվրոպական չափանիշներին հասցնել ատամնաբուժական, մաշկավեներական, վիրաբուժական, թերապևտիկ և մյուս ծառայությունները,
- վերականգնել և խորհրդային վերջին տարիների մակարդակին հասցնել մոր ու մանկան պաշտպանությանն ուղղված միջոցառումների համալիր կազմակերպումը,
- ապահովել շտապբուժօգնության մատչելիությունը` ծառայությունը համալրելով բարձրակարգ մասնագետներով,
- ընդլայնել անվճար բուժօգնության ցուցաբերումը որոշակի հիվանդությունների դեպքում (սրտանոթային համակարգի, սուր վիրաբուժական, հոգեկան, նարկոլոգիական, վեներական, վարակիչ, չարորակ նորագոյացությունների, տուբերկուլյոզի, վնասվածքների, երիկամների), ինչպես նաև որոշակի ծառայությունների մատուցման ժամանակ (մոր ու մանկան, շտապօգնության, դիսպանսերիզացման, սանիտարահիգենիկ, ամբուլատոր): Այդ ծառայությունների մատուցումը օրենսդրորեն ամրագրել Մեծ հայրենական, աֆղանական, Ղարաբաղյան պատերազմների հաշմանդամների, մինչև 15 տարեկան երեխաների, միայնակ մայրերի, թոշակառուների և սպառողական նվազագույն զամբյուղից ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար,
- քաղաքացիների վերը նշված խմբին ապահովել անվճար դեղորայքով,
- բազմակողմանիորեն զարգացնել բժշկական գիտությունը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գիտական նվաճումները բժշկական պրակտիկայում ներդնելու համար,
- գործող ենթակառուցվածքներին համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, բուժկանխարգելիչ սպասարկումը:
Առողջապահության ոլորտում ռազմավարական հիմնական ուղղությունները «Ազգային Միաբանությունը» համարում է.
- բնակչության առողջության պահպանումը, խնդիր, որը պետք է դառնա պետության ամենօրյա հոգածության առարկան, և որի լուծումը կպահանջի նախարարությունների, գերատեսչությունների ու հասարակության գործունեության համակարգում,
- բնակչության անվճար բուժօգնության ծավալների զգալի աճ: Որոշակի հերթականությամբ` մշակված ծրագրերին համապատասխան, աստիճանական անցում ապահովագրական բժշկությանը,
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին,
- Հայաստանի բնակչությանը ընդգրկել համընդհանուր դիսպանսերիզացման ոլորտում:
Վերը նշված հիմնախնդիրների իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Առողջապահությունը շահութաբեր կառույց չէ և առանց պետական ֆինանսավորման ու արտաբյուջետային աղբյուրների աջակցության չի կարող գոյատևել: Առողջապահության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետք է լինեն.
- առողջապահության բյուջեն, որը պետք է ֆինանսավորի պետպատվերը,
- բուժհիմնարկների հարկային բեռի թեթևացումից առաջացած միջոցները,
- առողջապահության երկարաժամկետ զարգացման հիմնավոր ծրագրերի կենսագործմանն ուղղված նպատակային ներդրումները,
- ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքի ակցիզային հարկերի, ինչպես նաև դեղորայքի վաճառքից ստացված ավելացված արժեքի հարկի որոշակի միջոցների ուղղումը առողջապահության բյուջե,
- վճարովի բժշկական ծառայություններից մուտքագրվող միջոցների մի մասը,
- մարդասիրական օգնությունը,
- ներքին ռեզերվների արդյունավետ օգտագործումը:
Առողջապահության բնագավառում ձեռնարկվող քայլերը պետք է նախատեսեն պետպատվերի շրջանակներում անվճար բուժման ենթակա հիվանդությունների ցանկի ընդլայնում, ինչը ենթադրում է առողջապահության տարեկան բյուջեի զգալի աճ:
Առողջապահության բնագավառում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել բժշկական հիմնարկների հարկային բեռի թեթևացում, ինչը հզոր խթան կդառնա սեփական եկամուտներ ստեղծելու գործում:

7. ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

«Ազգային Միաբանությունը» Հայաստանում ազգամիջյան հարաբերությունների բնագավառում վարվելիք քաղաքականության մեջ ղեկավարվելու է հետևյալ սկզբունքով. կանխել առանձին անհատների, խմբավորումների, կուսակցությունների ազգային-մշակութային հնարավորությունների օգտագործումը` ի վնաս հասարակության և այլ անձանց շահերի:
Ազգային քաղաքականության առաջնահերթ խնդիրներն են.
- ճանաչել Հայաստանի Հանրապետության էթնոմշակութային բազմազանությունը, որը, որպես հասարակության սեփականություն, ենթակա է պետական պաշտպանության,
- տնտեսական վերափոխումներ կատարելիս հաշվի առնել էթնիկ փոքրամասնությունների (ռուսներ, քրդեր, եզդիներ, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ) տնտեսավարման ավանդական առանձնահատկությունները,
- խստիվ արգելել ազգային խտրականության դրսևորումները, ճիշտ նույն կերպ` բացառել արտոնություններ` ըստ ազգային հատկանիշների,
- անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու հետագա զարգացման համար:

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

«Ազգային Միաբանությունն» իր ծրագրային խնդիրները իրագործելիս հենվում է ազգային գաղափարախոսության վրա:
Ազգային գաղափարախոսությունը արժեքների գնահատման և վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև անցյալի ու ապագայի համար: Այն կոչված է համազգային շահերի տեսակետից հետազոտել պատմական իրողությունները, ի հայտ բերել սխալները` դրանց կրկնությունը կանխելու համար:
Ազգային գաղափարախոսությունը ինքնապահպանման հավաքական բնազդի գիտակցված աստիճանն է, հավաքական գոյատևման երաշխիքը:
Ազգային գաղափարախոսությունը հայերիս համար կենսական անհրաժեշտություն է, այն պանթուրքիզմի գաղափարական հակակշիռն է, մի գաղափարախոսություն, որը պարբերաբար ճգնաժամային իրավիճակներ է ստեղծում մեր ժողովրդի համար` վերջնական նպատակ ունենալով ոչնչացնել հայկական պետականությունը: Այս իրողությունը չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր ժխտում են ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը` այն նենգափոխելով պատեհապաշտ կոչերով, դրսից պարտադրված փորձարարական ծրագրերով:
«Ազգային Միաբանությունը» ազգային գաղափարախոսության հիմքը համարում է համազգային հավաքականությունը, որը պահանջում է մշտական պայքար պառակտման ամեն մի դրսևորման դեմ: Ազգային գաղափարախոսությունը պետք է վեր լինի բոլոր խավերից և կուսակցություններից, ելնի համազգային շահերից, քանզի ազգի կորուստը չի կարող կորուստ չլինել նաև նրանց համար:
Ազգային գաղափարախոսությունը հասարակական կյանքի բոլոր պրոցեսները գնահատում է ազգի համախմբման, ազգային դիմագծի, բարոյականության և ոգու պահպանման տեսակետից: Ազգային գաղափարախոսության իրականացման մեջ «Ազգային Միաբանությունը» հատուկ տեղ է հատկացնում Սփյուռքին: Առանց Հայրենիքի չկա Սփյուռքի ազգային կեցությունը և, ընդհակառակը, առանց Սփյուռքի քաղաքական, նյութական, բարոյական և մշակութային օժանդակության անհնար է հայկական պետականության առաջընթաց զարգացման ապահովումը:
Ազգային գաղափարախոսությունը պետության և ժողովրդի համար վճռական, պատմության բեկումնային ժամանակահատվածներում իշխանությունների, կուսակցությունների, լիդերների գործունեությունը արժևորում է կորուստները նվազագույնի հասցնելու, դրանց համար պատասխանատվություն ստանձնելու, ժողովրդավարությունը զարգացնելու նրանց կարողության տեսակետից, ինչպես նաև գլոբալացմանը հատուկ պրոցեսների մեջ ներդաշնակ ընդգրկվելու, աշխատանքի համաշխարհային բաժանման գործում սեփական երկրի արժանապատիվ դերակատարությունն ապահովելու ընդունակությամբ:
«Ազգային Միաբանությունը» ձգտում է ազգային գաղափարախոսությունը դարձնել հայկական պետականության հոգևոր հիմքը` հետևողականորեն աշխատելով, որ ազգային գաղափարախոսությունն իր դրոշի ներքո միավորի հայ հասարակության ազգային բոլոր ուժերը` հասնելով համայն հայության ընդհանուր նպատակի իրականացմանը, Ազգ-Պետության ստեղծմանը:
«Ազգային Միաբանությունը» ազգային գաղափարախոսության առանցքն է համարում`
- ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, ազգային անկախ պետականության, ազգային մշակույթի, կրոնի և եկեղեցու հիմնադրույթների ապահովությունը,
- իրավական և կազմակերպական համապատասխան այնպիսի կառուցվածքների ձևավորումը, որոնք աշխարհասփյուռ հայության համար կապահովեն անհրաժեշտ պայմաններ` համազգային խնդիրները լուծելու ճանապարհին:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ ազգային գաղափարախոսության հիմքում պետք է դրված լինի սոցիալական արդարությունը, վերջինիս բացակայությունն անհնար է դարձնում հասարակական համաձայնությունը: Ազգային գաղափարախոսությունը մերժում է ծայրահեղությունները, սոցիալական խիստ բևեռացումը, երբ դեռևս ամբողջովին չձևավորված միջին դասը փորձում են կապող օղակ դարձնել ազգի միավորման, ազգային կայուն համաձայնության և համերաշխության համար: Ազգային գաղափարախոսությունը վնասակար ու անընդունելի է համարում ամեն մի վերափոխություն և գործողություն, որոնք, թեկուզ ժամանակավորապես, թուլացնում են միջին դասը, քանի որ մենք դրանում դիտարկում ենք համազգային ուժի թուլացում:
Ազգային գաղափարախոսությունը կտրուկ սահմանափակում է իշխանությունների սխալ գործելու իրավունքը: Ոչ ոք, ոչ մի խումբ, ոչ մի կուսակցություն չպետք է իրավունք ունենա արդարացնելու այն սխալները, որոնք վտանգում են մի ամբողջ ժողովրդի անվտանգությունը, նրանց, ովքեր խաբված են:
Ազգային գաղափարախոսությունը տնտեսության ոլորտում առաջնային նշանակություն է տալիս արդյունաբերության և գյուղատնտեսության այն ճյուղերին, որոնք հնարավորություններ են ստեղծում Հայրենիքում մեծ թվով մարդկանց ապրուստի համար, նպաստում են շրջանների, հատկապես փոքր քաղաքների և գյուղական վայրերի համաչափ զարգացմանը, բնապահպանական ծրագրերի իրականացմանը:
Ազգային գաղափարախոսությունը հատուկ ուշադրություն է պահանջում գիտության այն բնագավառների նկատմամբ, որոնց զարգացման կենտրոնը օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետությունն է, իսկ կրողը` հայկական էթնոսը: Քանի որ կրթությունը, գիտությունը և մշակույթը բնութագրում են ազգի ինքնատիպությունը, որոշում նրա տեղը աշխարհում, ազգային գաղափարախոսությունն անթույլատրելի է համարում նահանջը` կենսագործունեության այդ ոլորտներում ձեռք բերած մակարդակից:
Ազգային գաղափարախոսությունը լեզվական և մշակութային ընդհանրության (հայկական էթնոսի) պահպանման պարտադիր պայման է համարում պետական լեզվամշակութային հետևողական քաղաքականության իրականացումը, քաղաքականություն, որը պետք է համախմբի ազգը:
Այսպիսով, «Ազգային Միաբանությունը» ազգային գաղափարախոսության գերակայությունն է համարում ազգային բոլոր ուժերի միավորումը մեկ գերխնդրի` Ազգ-Պետության ստեղծման շուրջ, միաժամանակ պահպանելով քաղաքական, սոցիալական, փիլիսոփայական և կազմակերպչական կառուցվածքները, որոնք համայն հայության համար կապահովեն անհրաժեշտ պայմաններ` գլոբալիզացիայի մարտահրավերները հաղթահարելու և XXI դարում համազգային խնդիրները լուծելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆ - ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդի պատմական, աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ողջ հայության առջև ծառանում են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր զարգացումները` համազգային համերաշխության և միասնության ոգով: Այս կտրվածքով էլ ներկայացնենք հարցի մասին մեր մոտեցումները:
1. Հարկ է շուտափույթ ստեղծել ոչ կառավարական կարգավիճակ ունեցող հեղինակավոր մի մարմին, որը կկանոնակարգի պետության տարբեր օղակների հարաբերությունները Սփյուռքի հետ: Հենց այդ մարմնի գործուն մասնակցությամբ և ազգային գաղափարախոսության հիման վրա պետք է մշակվեն Հայաստան-Սփյուռք միասնացմանն առնչվող բոլոր հարցերը` տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային և այլն:
2. Հայաստան-Սփյուռք ինտեգրացիայի նախապայմանը պետք է լինի վերջինիս միասնության ապահովումը թե՜ առանձին գաղթօջախներում, թե՜ համասփյուռքյան միասնական ղեկավար մարմիններ ստեղծելու միջոցով: Այսօր Սփյուռքում, կարծում ենք, միասնության հնարավորությունը հայտնի չափով կախված է նաև հայ առաքելական եկեղեցու միասնությունից:
3. Հարկ է գիտակցել, որ առանց Հայաստանի Հանրապետության գոյության կդադարի Սփյուռքը: Ուստի, Հայաստանի գոյության ու զարգացման պատասխանատվությունը պետք է բաժանել բոլոր հայերի վրա` անկախ նրանց բնակության վայրից:
4. Հայաստան-Սփյուռք միասնացումը հնարավոր է ապահովել միայն քաղաքական պատասխանատվության ինստիտուտով: Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնցով սփյուռքահայությունը կմասնակցի երկրի քաղաքականության գերակա հարցերի լուծմանը և քաղաքական համապատասխան պատասխանատվություն կվերցնի իր վրա: Մեխանիզմներ, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով ընձեռված հնարավորություններից, և որոնք կկանոնակարգվեն Սահմանադրությանը չհակասող օրենքներով:
5. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակի բարձրացման արդիական հիմնահարցը տնտեսական ինտեգրման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Սփյուռքահայերի դրամագլխի ներդրումները խրախուսող օրենքների ընդունմանը և դրանց պաշտպանվածության ապահովմանը զուգընթաց, երբ կապահովվի սփյուռքահայի սեփականատիրական իրավունքը, այդ թվում և հողի նկատմամբ, կսկսվի տնտեսական լիակատար միասնացման գործընթացը:
6. Սփյուռքահայի համար հայրենիքում արտոնություններ նախատեսող օրենսդրական որոշակի դաշտի ստեղծումը միասնացման պայմաններից մեկն է:
7. Հայ ժողովուրդն ունի համազգային քարոզչական կենտրոնացված մարմնի ստեղծման կարիք, որը կկարողանա համակարգել և ուղղություն տալ աշխարհասփյուռ հայության քաղաքական ու հասարակական կազմակերպությունների աշխատանքներին: Նման կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պետք է ստանձնի պետությունը:
8. Պետք է էլ ավելի աշխուժացնել Հայաստանի և Սփյուռքի միջև մշակութային համագործակցության, երաժշտական, թատերական խմբերի հյուրախաղերի, նկարչական ցուցահանդեսների փոխանակման, մարզական միջոցառումների կազմակերպման գործը:
9. Հարկ է ընդլայնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունները, նոր թափ հաղորդել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման պարբերական դասընթացներին:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային ներկա իրադրությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի, մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայությունների և դրա ռեսուրսային հնարավորությունների որոշման ու ապահովման վերաիմաստավորում և վերագնահատում:
ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծի առաջնային գերակայությունը պետք է լինի անձի, հասարակության և պետության անվտանգության ու շահերի պաշտպանությունը: Անվտանգություն ասելով` պետք է ելնենք այն բանից, թե ինչ իմաստ ենք դնում այդ հասկացության մեջ: Դա, նախևառաջ, ազգային էկոնոմիկայի կայուն գործունեության ապահովումն է, աղքատության հաղթահարումը, միջքաղաքակրթական երկխոսության նախաձեռնումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այդ գործընթացների շրջանակներում գլխավոր ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ հիմնական նպատակների իրագործմանը.
- տարածքային ամբողջականության և երկրի ինքնիշխանության ամրապնդում ու պահպանում,
- սահմանադրական կարգի հիմքերի ամրապնդում, ժողովրդավարական բարեփոխումների հաջող իրագործում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, Հայաստանի առաջընթաց զարգացման, տնտեսության վերելքի, մարդու իրավունքների և ազատությունների պահպանման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում,
- Հայաստանի Հանրապետությանը հարակից տարածաշրջաններում լարվածության և կոնֆլիկտների պոտենցիալ օջախների առաջացումը կանխելու ու եղածների վերացմանը ցույց տրվող աջակցություն, հայկական սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ձևավորում,
- Հայաստանի Հանրապետության ազգային գերակայությունները որոշելիս արտասահմանյան երկրների ու միջպետական միավորումների հետ խնդիրների լուծման գործառույթներում համաձայնության և ընդհանուր շահերի որոնում,
- Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքների ու շահերի համակողմանի պաշտպանություն:
Հայաստանի Հանրապետության շահերը շաղկապված են նաև այլ գործոնների հետ, այդ թվում`
- համաշխարհային տնտեսության գլոբալացում, ընդսմին, մարդկային փոխառնչությունների ընդլայնման, սոցիալ-տնտեսական առաջընթացի լրացուցիչ հնարավորությունների հետ կապված գլոբալացումը միաժամանակ առաջացնում է և նոր վտանգներ հատկապես տնտեսապես թույլ պետությունների համար,
- համաշխարհային էկոնոմիկայում և քաղաքականության մեջ միջազգային ինստիտուտների դերի ու կիրառվող մեխանիզմների ուժեղացում, որը պայմանավորված է երկրների փոխկապվածության բնականոն աճով, միջազգային համակարգի կառավարելիության ապահովման անհրաժեշտությամբ,
- տարածաշրջանային պետությունների ռազմաքաղաքական մրցակցություն (Հարավային Կովկասի տարածաշրջան):
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը վտանգավոր փակուղուց դուրս բերելու նպատակով «Ազգային Միաբանությունը» մեծապես պայմանավորում է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների արդյունքում օրենսդիր և գործադիր օրինական իշխանությունների ձևավորմամբ: Մենք վերստին հաստատում ենք հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմքում դրված անժխտելի հետևյալ իրողությունների արձանագրումը.
- Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը պետք է կայանա ազգերի ինքնորոշման մարդու իրավունքների պահպանման գերակայության ընդունման շրջանակում,
- հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը,
- հիմնահարցի խաղաղ կարգավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման և ոչ մի պայմանավորվածություն չի կարող օրինական համարվել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների լիարժեք մասնակցության,
- փոխզիջումների հիմքում պետք է դրվեն հակամարտող կողմերի` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունները,
- Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ,
- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող բանակցային գործընթացի ընդունելի համակարգող է շարունակում մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Վերը շարադրված սկզբունքների և իրողությունների ընդունումը կարագացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ողջ գործընթացը` նպաստելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:
«Ազգային Միաբանությունը» համոզված է, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունն ու զարգացումը պետք է մեծապես ամրապնդվի ոչ թե ի հաշիվ մյուս կողմի թուլացման, այլ հակառակը` այդ կողմի անվտանգության զուգահեռ ամրապնդման ու զարգացման:
Տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնարար սկզբունք պետք է դառնա` յուրաքանչյուր երկրի անվտանգությունը բոլորի անվտանգությունն է, իսկ դրա հիմքում էլ պետք է դրվի` Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հայտնի արտահայտությունը. «Որտեղ էլ որ խախտվի խաղաղությունը, աշխարհն ամենուր է վտանգված դառնում»: Հարավային Կովկասի երկրների անվտանգությունը ներառում է ոչ միայն պաշտպանությունը արտաքին վտանգներից, այլ նաև անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և հումանիտար զարգացումը:
Վերջին տարիներին ակնհայտ է դարձել հարևան երկրների (Թուրքիա և Ադրբեջան) կողմից վարվող քաղաքականության ուղղվածությունը, որի առանցքն է Հայաստանի Հանրապետության դուրսմղումը հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշորածավալ ծրագրերից: Խոսքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզերում գազամուղի և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման ու շահագործման մասին է: Դրան զուգահեռ արդեն իսկ ակնհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական ինտեգրացիան վերափոխվում է ռազմավարական նշանակության ռազմաքաղաքական դաշինքի: Ստեղծված նոր իրավիճակում մեր պետության հնարավորությունները հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու գործում օբյեկտիվորեն սահմանափակվում են: Դա էլ իր հերթին հրամայական է դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակայությունների հստակեցումը: Առաջնությունը պետք է տրվի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և հարստացմանը` ռազմավարական գործընկերության սկզբունքով` Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագիր Կազմակերպության շրջանակներում: Այս գործում կարևոր կռվան է երկու երկրների տնտեսական ինտեգրացիան և միասնական տնտեսական գոտի ստեղծելու համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը, որը ենթադրում է հարկային ու մաքսային օրենսդրության համապատասխանեցում: Դրա հետ մեկտեղ, չի կարող կասկածի ենթակա լինել այն փաստը, որ համակովկասյան կայունացման առանցքը պետք է լինեն միայն և բացառապես Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: Մյուս շահագրգիռ պետությունները կարող են ներգրավվել Կովկասում առկա վիճահարույց հարցերի կառուցողական, խաղաղ կարգավորման պրոցեսի մեջ` չհավակնելով, սակայն, թելադրել իրենց կամքը: Այս հիմքի վրա կարելի է և պետք է էլ ավելի խորացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, ինչպես նաև երկխոսություն վարել Թուրքիայի հետ` առանց նախնական պայմանների:
Հարավային Կովկասի տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգությամբ շահագրգռված ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են մեծապես նպաստել համագործակցության և շահավետ փոխգործողությունների, տնտեսական բարեփոխումների անցկացման, ժողովրդավարության զարգացման և ժողովրդավարական արժեքների ընդհանուր սկզբունքների հաստատմանը: Այդ գործում նրանց դերը և տեղը դժվար է գերագնահատել:
Առանձնահատուկ նշանակություն կտրվի այն երկրներին, որտեղ կան հայկական գաղթօջախներ` սփյուռքահայության իրավունքների պաշտպանությունը համարելով հայոց պետականության արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիրներից մեկը:
Արտաքին քաղաքականության մեջ լրջագույն քայլեր պետք է կատարել հատկապես ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերի, հումքի և սպառման շուկաների վերականգնման ուղղությամբ: Կարևորում ենք նաև Հայաստանի ներգրավումը տարածաշրջանում միջազգային տնտեսական նոր ծրագրերի մշակման գործում` այդ նպատակով լիարժեք օգտագործելով Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված ռուսական կապիտալի ներկայությունը` ի դեմս «Գազպրոմ» -ի և «ՌԱՕ-ԵԷՍ» -ի:
Հարավային Կովկասում ստեղծված արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում հայկական պետության համար խիստ անհրաժեշտություն է դառնում պատմության տված դասերի արագ յուրացումը, ի հաստատումն այն բանի, որ ազգային ինքնիշխանությունը պետք է գնահատել որպես ժողովրդի համար բարձրագույն նվաճում, աշխարհաքաղաքական խաղաղ միջավայրի հաստատմանն աջակցում` որպես մեզ համար կենսականորեն կարևոր ազգային շահ, ինչպես նաև բոլոր պետությունների հետ կապերի հաստատում և զարգացում, որպես ազգային անվտանգությանը նպաստող առավել արդյունավետ միջոց:
Կարևորում ենք նաև եվրոպական կառույցներին ինտեգրման ոլորտում խոսքից գործի անցնելը, ԱՄՆ-ի հետ թե՜ քաղաքական, թե՜ տնտեսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը, Մերձավոր արևելքում և Ասիայում փոխշահավետ կապերի աշխուժացումը:
Միաժամանակ կարևոր է, որ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը բարյացակամության մթնոլորտում սկսեն իրենց տարաձայնությունների կարգավորման գործընթացը` ելնելով ընթացիկ իրողություններից: Հայաստանի քաղաքացիները պետք է սթափ գիտակցեն, որ Հայ դատի արդարացի լուծումը պետք է ընթանա խաղաղ միջոցներով` հենվելով պատմական իրողությունների և համընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Ներկայումս հրատապ է դառնում վերոնշյալ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի իրագործումը, որը բաժանվում է բազմաթիվ բաղադրատարրերի և ուղղված է համընդհանուր ձևով լուծելու այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են` Ցեղասպանության ժառանգությունը, Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը և տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության միացյալ համակարգի ստեղծումն ու դրա գործունեությանը կողմերի հնարավոր մասնակցությունը: Նշված երկրների փոխադարձ անվտանգության ապահովման համար պայմանավորվածությունների ձեռքբերման լավագույն պայման պետք է լինեն վիճահարույց հարցերի համալիր լուծման վրա հիմնված իրական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, այլ ոչ թե դեկլարատիվ հայտարարությունները դրանք կարգավորելու վերաբերյալ:
Այսպիսին է մեզ երևում Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական ընտրությունն առաջիկա տարիներին:
Նման ընտրությունը կախված կլինի գավառամիտ մտածելակերպի հրաժարումից և իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության մեջ տիրող անվստահության մթնոլորտի հաղթահարումից, պետության մեջ ազնվության, պատասխանատվության մթնոլորտի հաստատումից ու ներքին համաձայնությունից` ազգի մարդկային բոլոր ռեսուրսները ժամանակակից շրջափուլում միաբանելու նպատակով: Դա հայ ժողովրդի միակ հնարավորությունն է իր կենսունակությունն ապացուցելու, երկար սպասված և իսկական ազատագրումը ձեռք բերելու, ապագա զարգացման ամուր հիմքերը դնելու համար:

ԱՄՓՈՓՈՒՄ

Համընդհանուր ճգնաժամի հաղթահարման Ծրագիրը կյանքում իրագործելիս «Ազգային Միաբանությունն» առաջնորդվելու է «Ազատություն, Արդարություն, Համերաշխություն» կարգախոսով:
«Ազգային Միաբանության» ըմբռնմամբ Ազատություն նշանակում է ազատ լինել պարտադրված կախվածությունից, որը մարդուն, հասարակությանը, երկիրը զրկում է ստեղծարար ուղիներ, կենսակերպ ընտրելու հնարավորությունից, ոտնահարում է անձնական և ազգային արժանապատվությունը:
«Ազգային Միաբանությունը» ձգտելու է, որպեսզի Հայաստանում Ազատությունը հասարակական իրողություն դառնա, երբ հանրապետության բոլոր քաղաքացիներին կընձեռվեն տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային ազատ զարգացման փաստացի հնարավորություններ:
«Ազգային Միաբանությունը» ձգտելու է Արդարության, որը օրենքի ուժով ամեն մի քաղաքացու հասարակության մեջ կերաշխավորի հավասար իրավունքներ և կենսագործունեության ոլորտում համարժեք հնարավորություններ` անկախ նրա զորությունից, իշխանությունից, դիրքից:
«Ազգային Միաբանությունը» ձգտելու է հասարակության մեջ հաստատել Համերաշխության սկզբունքը, որին հետևելով` դարեր ի վեր պետականությունից զրկված հայ ժողովուրդը կարողացել է տոկալ ու գոյատևել: Գլոբալացման մարտահրավերների պայմաններում հասարակության անդամները կարող են մարդավայել գոյակցել, համագործակցել միայն այն դեպքում, երբ պատասխանատվություն կզգան իրենց և այլոց համար ու կօգնեն միմյանց:
Համերաշխությունը, իբրև այդպիսին, իրականանում է այն դեպքում, երբ այդ սկզբունքը գործում է նաև ուժով անհավասարների, հակառակ շահեր հետապնդող մրցակիցների միջև: Բնավ չնշանակելով նահանջ հայացքներից ու սկզբունքներից, նման հայեցակարգը պարտադրում է ուժեղին` սատարել թույլերին, իսկ ամենքիս` համատեղ ջանքեր գործադրել` ի շահ յուրաքանչյուր մարդու, ի շահ ազգի, ի շահ Հայրենիքի:

* * *

Ի մի բերենք ներկայացված Ծրագրի հիմնական դրույթները.
Ծրագրի նպատակը համազգային համաձայնության կայացումն է, կենսականորեն անհրաժեշտ այն հարցերի արձանագրումը, որոնք հուզում են համայն հայությանը, Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացու, հասարակության բոլոր խավերին: Փորձ է արված պարզ ու հստակ ներկայացնել, թե ինչպիսի աղետալի վիճակում է գտնվում երկիրը, գլոբալ ինչպիսի մարտահրավերներ են ծառացած Հայաստանի առջև մեր օրերում: Ծրագրում առաջարկվում են հայոց պետականության հիմքերը ճարակած համընդհանուր ճգնաժամից դուրս գալու կոնկրետ, համակարգային ուղիներ:
Մեզ հարկավոր է կենսունակ ու հզոր Հայաստան, որն ի զորու կլինի դիմակայել մարտահրավերներին, այլ ոչ թե տկար ու հիվանդոտ հասարակական մի մարմին: Սեփական պատասխանատվության գիտակցումով հայ ժողովրդի և Հայաստանի ապագայի համար` «Ազգային Միաբանությունն» ի լուր ամենքի հայտարարում է, որ հանուն համազգային առաջընթացի պատրաստ է համագործակցել ազգային շահերը պաշտպանող բոլոր ուժերի հետ` հասարակության համախմբման նպատակով` Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար պատմականորեն բախտորոշ ներկա փուլն այսուհետ անկորուստ անցնելու, XXI դարի քաղաքակիրթ ազգերի շարքում իր արժանի տեղն ապահովելու համար:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՍՕՐՎԱ ԵՎ
ՎԱՂՎԱ, ՈՉ ԹԵ ԱՆՑՅԱԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է,
ԱՅՆ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՍՈ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

download English version (*.doc)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր