ՀՐԱՊԱՐԱԿ

Ներսես Երիցյանի ձեռքից երեկ «շունը հաց չէր վերցնի»

07.10.2015, Հրապարակ 

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին ՀՀԿ-ականները երեկ այն օրը գցեցին, որ, պատկերավոր ասած՝ «շունը ձեռքից հաց չէր վերցնի»: Նա ներկայացնում էր Կենտրոնական բանկի 2015 թ. հաշվետվությունը ու իրականությունից այնքան կտրված արտահայտություններ անում ՀՀ ԿԲ դրամավարկային ճիշտ քաղաքականության եւ նման այլ բաների մասին, որ հայտնվեց անգամ իշխանության գովքն անող Արտաշես Գեղամյանի ու Հայկ Բաբուխանյանի ռմբակոծության տակ: Բանը հասավ նրան, որ Գեղամյանն սկսեց մատ թափ տալ Երիցյանի ուղղությամբ: «Դուք Ձեր ելույթում հպարտացաք, որ դրամավարկային քաղաքականության արդյունքում ապահովել եք տնտեսական աճ, ինչի՞ հաշվին. գնաճի հաշվին... ո՞ւր ա կայուն զարգացումը: Ասում եք՝ 1 միլիարդ 900 միլիոնով ավելի եք վարկավորել տնտեսությունը: Դա զարգացման չի տարել, եթե զարգացման տաներ, գոնե էդքանի չափով ՀՆԱ-ի աճ պետք է ապահովվեր: Այսինքն՝ հազիվ պարտքերն են փակել, բանկերի տոկոսներն են փակել»,- Երիցյանին նեղել էր Գեղամյանը: ԿԲ փոխնախագահը մի պահ շվարեց, հետո անհասկանալի բառակույտ բաց թողեց. «Եթե շատ խորանանք, կգանք այն եզրահանգումների, որոնք փաստերի վրա են հիմնված: Տարբեր դրվագների համադրումը տնտեսագիտության մեջ հնարավոր չէ եզրահանգումների բերի: Բայց մի բան ակնհայտ կարող եմ հայտարարել, եւ երեւի կփարատի ձեր մտավախությունը. մեր անկախացումից ի վեր բոլոր տարիներին դրամական զանգվածն ավելի արագ է աճել, քան մեր արտադրողականությունը, եւ ավելի արագ է աճել, քան իրական ՀՆԱ-ն: Սա գոնե փաստ է»: Սա էլ ավելի գրգռեց Գեղամյանին, ով սկսեց մատ թափ տալ ու մեղադրել իր խոսքերն աղավաղելու մեջ. «Ձեզ գրել են-տվել են, կարդում եք՝ հասկացանք: Բայց կարդալուց էն կողմ բաներ էլ կան, չէ՞: Գիտություն կա: Սրտներս ցավում ա, չենք ուզում, որ այն վիթխարի աշխատանքը, որ երկրի իշխանությունները կատարում են ցանկացած ոլորտում, սխալ քաղաքականության արդյունքում չտապալվի»: 

 Երեկ խորհրդարանը հագեցած էր

05.12.2013, Հրապարակ

Երեկ խորհրդարանը հագեցած էր: Նշվում էր ՀՀԿ գեղանի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի 30-ամյակը:

Նրա սենյակը վերածվել էր պարտեզի, իսկ աջ ու ձախ կողմերում ֆուրշեթի շքեղ սեղաններ էին: ՀՀԿ կռվշտող կանայք առաջինը շնորհավորեցին հոբելյարին: Հետո եկան ՀՀԿ ջահելները, որոնք տղամարդկային մաղթանքների փաթեթով ներկայացան: Հոբելյանական սենյակում նստած էին Գալուստ Գրիգորիչը, Արտաշես Մամիկոնիչը,  Խոսրով Հարությունյանը, Մկրտիչ Մինասյանը: «Ի՞նչ եք նվեր բերել»- հարցրինք ՀՀԿ ծերակույտին: «Ես իմ գրքերն եմ նվեր բերել»,- ասաց  Արտաշես Մամիկոնիչը:

Չե՞ն ասել` գիրք մի նվիրեք, սառն են ընդունում, իսկ ճի՞շտ է, որ նախորդ օրը Ձեր գրքերը նվիրել եք «դարագոյ» Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա չի հասկացել դրանց «բարձր արժեքը»: Մամիկոնիչը «լուռ չարչարանքով մի քանի կոճղեր դրեց կրակին», ապա նայեց Գրիգորիչի կողմը, իմա` դու ասա, թող իմանան: Գրիգորիչը հանդիսավոր վայր դրեց ձեռքի կոնյակի բաժակն ու` «Ուղիղ 10 րոպե երկու նախագահներով` Ազատիչն ու Պուտինը նայում, թերթում էին այդ գրքերը, բարեմաղթանքներ հղում մեր Գեղամյանի հասցեին»: Գեղամյանը գոհ էր, բայց հայացքով հորդորում էր Սահակյանին` էլի ասա: «Էնքան, որ մտածեցի` հեսա Լենինն էլ կգա»,- ասաց Գրիգորիչը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր