Արտաշես Գեղամյան. «Հայաստանը չի հրաժարվում իր պատմությունից, բայց պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն»

(Արտաշես Գեղամյանի հարցազրույցը “Вечерний Новосибирск” թերթի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուզմենկինին)

23.12.2012, Вечерний Новосибирск

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների թեման շատ բարդ է։ Ով ինչ էլ ասելու լինի՝ միևնույն է, Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը երբեք չի մոռացվի։ Պատմությունը միշտ ազդում է քաղաքականության վրա, բայց, պարզվում է, անգամ ամենադժվար իրավիճակում կարելի է պրագմատիկ քաղաքականություն վարել՝ զանց չառնելով ազգային շահերը։ Այսօր երկու հարևան երկրների հարաբերությունների և դրանք պայմանավորող գործոնների մասին մեզ պատմեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության (www.amiab.am) նախագահ Արտաշես Գեղամյանը։

-  Եկեք սկսենք «ֆուտբոլային դիվանագիտությունից»։ Տեղեկությունը, թե Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպելու են իրենց ֆուտբոլի հավաքականների խաղերին, իսկական սենսացիա էր։ Հե՞շտ էր արդյոք Հայաստանի նախագահի համար նման քայլի գնալը։

 

- Դա չափազանց բարդ և չափազանց պատասխանատու որոշում էր։ Ես միշտ ջերմորեն եմ վերաբերվել Սերժ Սարգսյանին, թեև ժամանակին քիչ չենք վիճել, բայց պետք է ասեմ, որ Հայաստանի նախագահի այդ որոշումն ինձ վրա ուժեղ տպավորություն գործեց. դա իսկական պետական այրի արարք էր։ Դուք իրավացի եք, պատմական հիշողությունը միշտ ազդում է պետությունների քաղաքականությունների վրա, բայց պետական այրերի իմաստնությունն էլ հենց այն է, որ ճիշտ դասեր քաղեն սեփական պատմությունից և վարվող արտաքին քաղաքականությունը ծառայեցնեն ազգի և պետության բարօրությանը։ Նման մոտեցման դեպքում անգամ ամենաբարդ իրավիճակում, այո, կարելի է պրագմատիկ քաղաքականություն վարել՝ զանց չառնելով ազգային շահերը։ Մի խոսքով՝ բրիտանացի իմաստուն վարչապետ լորդ Փալմերսթոնի՝ «Դրա համար էլ ես հաստատում եմ, որ անհեռատեսություն է այս կամ այն երկիրն Անգլիայի անփոփոխ դաշնակից կամ հավերժական թշնամի համարելը։ Մենք չունենք անփոփոխ դաշնակիցներ, մենք չունենք հավերժական թշնամիներ։ Միայն մեր շահերն են անփոփոխ և հավերժական, և մեր պարտքն է հետևել դրանց» (1848թ. մարտի 1-ին Համայնքների պալատում արտասանած ճառից) թևավոր խոսքը չի կորցրել այժմեականությունը նաև մեր օրերում։

ՀՀ նախագահը կրակն իր վրա վերցրեց և սուր քննադատության ենթարկվեց՝ չէի ասի, թե ոչ հայրենասերների կողմից, բայց, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նրանք այնքան էլ հեռատես քաղաքական գործիչներ չէին։ Քննադատություն հնչեց նաև մեր սփյուռքի կողմից։ Բայց նախագահը գիտակցաբար իր վրա վերցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ պատասխանատվությունը։ Հետագայում նախագահի գործողությունները հարյուրապատիկ ծառայեցին հայկական պետության շահերին։ Այսօր Հայաստանն այս հարցում իրեն դրսևորել է որպես տարածաշրջանում խաղաղության ճակատագրի համար պատասխանատու վեհանձն պետություն, որը պետական իմաստնություն, համարձակություն և հեռատեսություն ունեցավ և չհրաժարվելով 20-րդ դարասկզբի իր ողբերգական պատմության և ոչ մի էջից՝ հանուն ապագա սերունդների ստանձնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական գիծ։

- Բայց կա այսպիսի մի տեսակետ, թե այդ նույն «ֆուտբոլային դիվանագիտությունը» ոչինչ չտվեց. շոշափելի ոչ մի արդյունք չկա...

- Նա, ով այդպես է պնդում, բացարձակապես չի հասկանում աշխարհաքաղաքականության հարցերը, արհեստականորեն մեկուսացնում է Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գլոբալ գործընթացներից։ Այսօր Հայաստանի նախագահը լրիվ բարոյական իրավունք ունի հանդես գալու ազգային առաջնորդի դիրքերից, որը ոչ թե խնդրում, այլ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների առաջնորդներից պահանջում է համարժեք ներգործություն թուրքական իշխանությունների վրա, որոնք, ինչպես ժամանակը ցույց տվեց, պատրաստ չեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա իրավունք ունի ասելու. ԱՄՆ մեր հարգարժան ընկերներ և գործընկերներ, դուք միշտ պնդում էիք, որ Հայաստանն անի անհնարինն ու գնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, և մենք այդ քայլն արեցինք։ Եվրամիությունը նույնպես հետևողականորեն Հայաստանին մղում էր կատարել այդ գործողությունները, և Ռուսաստանն էլ դեմ չէր։ Բայց ի՞նչ ենք տեսնում այսօր։ Ինչո՞ւ Թուրքիայի իշխանությունները ձեր լռության պայմաններում հետագայում անտեսեցին ձեր իսկ նախաձեռնած քաղաքականությունը։ Ինչո՞ւ դուք մեզ դավեցիք։

Ես, իհարկե, ժամանակին ձեռնպահ մնացի և չպատմեցի Հայաստանի նախագահին այն զրույցի մասին, որը հիմա կներկայացնեմ Ձեզ։ Բանն այն է, որ ես շատ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Մոնակոյի նստաշրջանում, նախագահ ընտրվելուց հետո, նա հրավիրեց ինձ, որպեսզի ծանոթանա ինձ հետ՝ որպես Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի։

Եվ երբ նրա նախաձեռնությամբ խոսք բացվեց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին, ես այսպիսի բան ասացի. Եվրամիությունը և ԱՄՆ-ը պետք է գլխի ընկնեին և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ ներկայացնեին երկու նախագահի՝ Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին և Աբդուլա Գյուլին։ Որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նրանց սկսած գործընթացը տղամարդկային արարք էր։ Չէ՞ որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո ոչ ոք չգիտեր, թե ինչի կարող է դա վերածվել և ինչի հանգեցնել... Ինչպես նման դեպքերում ասում են Ռուսաստանում՝ бабушка надвое сказала… Եթե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեին մեր երկրների նախագահներին, Գյուլը պարզապես այլ բան չեն ունենա անելու՝ թուրքական խորհրդարանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը հասնելուց և իբրև Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման ջատագով հանդես գալուց բացի։

Պարոն Միլյորին ի պատասխան ասաց, որ դա շատ հետաքրքիր գաղափար է, բայց հարկավոր էր, որ մենք ավելի վաղ հանդիպեինք։ Ես էլ ասացի, որ դեռ ուշ չէ...

- Այնուամենայնիվ, հուշարձանը Կարսում, թեկուզև ոչ այնքան գեղեցիկ, բայց քանդեցին։ Եվ բոլորը դրանում նշան տեսան։

- Այո, հուշարձանն, իհարկե, անտաղանդ էր, բայց այստեղ կարևոր է առաջին հերթին արարքի փիլիսոփայությունը։ Վանդալիզմի հերթական դրսևորումը թուրքական իշխանություններն, իհարկե, վերագրեցին սլաքավարին, որի դերում հայտնվեց Կարսի քաղաքապետը։ Բայց մենք հո հիանալի հասկանում ենք, թե ինչպես են նման բաներն արվում։ Էությունն այն է, որ Թուրքիան դրանով թե՛ իր քաղաքացիներին, թե՛ արտաքին քաղաքական գործընկերներին ցույց տվեց իր իսկական դիրքորոշումը։ Ընդ որում՝ դա այնպես արեց, որ ոչ մեկի մեջ որևէ կասկած չմնա։

Քանի որ խոսեցինք նշանների մասին, ուզում եմ այստեղ նշել այն ուրույն քայլի մասին, որ արեց Ռուսաստանը։ Այն նույն օրերին, երբ Վլադիմիր Պուտինը՝ այն ժամանակ դեռ ՌԴ վարչապետ, Թուրքիայում հանդիպում էր իր պաշտոնակցի՝ Ռեջեփ Էրդողանի հետ, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեր նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2010թ. Գյումրի քաղաքում մասնակցում էր «Պատվո բլրի» (Ռուսական կայսրության՝ ռուս-թուրքական պատերազմներում զոհված սպաների թաղման վայրում կառուցված հուշահամալիր, սբ. Միքայել հրեշտակապետի ժամատնով) բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ հուշահամալիրը գտնվում է հայ-թուրքական սահմանից ոչ հեռու։ Մարտական փառքի հուշարձանը դրվել է 1856թ., Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Մուրավյովի հրամանով։ Հետո այն շատ տարիներ գտնվել է ցավալի վիճակում, և ահա վերջապես վերականգնված է։ Հուշահամալիրը փառաբանում է ռուսական խիզախությունն ու հայ-ռուսական մարտական բարեկամությունը։ Մենք մշտապես միասին ենք խփել թուրքերին, իսկ ռուս-թուրքական պատերազմները, հիշեցնեմ, տասներկուսն են եղել։

- Տագնապալի իրադարձություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Խոսքն, առաջին հերթին, իհարկե, Սիրիայի մասին է։ Ձեզ չի՞ թվում արդյոք, որ Թուրքիան իրեն մի ինչ-որ ժանդարմի պես է պահում, որը չգիտես ումից ուրիշի երկրում կարգուկանոն հաստատելու լիազորություններ է ստացել։

- Բանն այն է, որ Էրդողանն ուզում է ներկայանալ որպես նեոօսմանիզմի մի ինչ-որ նորահայտ առաջնորդ։ Ըստ էության, նա ուժեղ առաջնորդ է Թուրքիայի համար։ Նրան կարելի է համեմատել Թուրղութ Օզալի հետ, որին թունավորեցին ցայսօր անհայտ հանգամանքներում։ Չէի ուզենա թերի ու կիսատ բաներ ասել, բայց Օզալը գրեթե պատրաստ էր ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, բայց դա կապված չէ նրա թունավորման վարկածների հետ։ Կա վարկած, թե նա ուզում էր պայմանավորվել քրդերի հետ՝ նրանց հոծ բնակեցման տարածքներին լայն ինքնավարություն տրամադրելու մասին, ինչին կտրականապես դեմ էին բարձրաստիճան շատ զինվորականներ և քաղաքական գործիչներ։ Այսօր հարկ է փաստել, որ Էրդողանն ակտիվորեն գործում է միջազգային ասպարեզում, նույնիսկ այնտեղ, որտեղ առաջ Թուրքիան ոչ մի կերպ չէր ազդում իրադարձությունների վրա։ Օրինակ, դարձավ Լիբիայի արյունալի իրադարձությունների ակտիվ հրահրիչը, միջամտեց Եգիպտոսում կատարվող իրադարձությունների ընթացքին։ Հիմա ողջ իսլամական Արևելքը, թվում է, քաոսի վիճակում է։ Բայց իրականում այդ քաոսը կառավարելի է և կառավարվում է Արևմուտքի կողմից։ Շատ հեղինակավոր փորձագետների կարծիքով՝ դրանում վճռական դեր են խաղում ԱՄՆ-ը, Անգլիան և Ֆրանսիան, որոնք, ըստ էության, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նոր աշխարհակարգի կայացման ուղեղային կենտրոնն են հանդիսանում։ Այնինչ, Թուրքիայի վարչապետը շատ լավ հասկանում է, որ այդ տարածաշրջանի մուսուլմանները հաշվի կնստեն միայն այն առաջնորդների հետ, ովքեր ուղղահավատ մահմեդականներ են։ Եվ ահա այստեղ օբյեկտիվորեն առաջ է գալիս նման առաջնորդի պահանջմունքը։ Ինչպես ասում են, դատարկ տեղը մի բանով պետք է լցվի, ու հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս նման քաղաքական գործիչ, որն իր վրա է վերցնում թե՛ կատարվածը բացատրելու պարտականությունը, թե՛ նոր կարգախոսներ է առաջադրում։ Հենց դա էլ անում է Էրդողանը։

Նրա ձայնը լսելի կլինի, չէ՞ որ նա տնտեսության առումով միանգամայն հաջող երկրի առաջնորդ է։ Անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիան շատ դինամիկ է զարգանում, տնտեսական աճ գրանցում։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի հետ հակամարտությանը՝ իսրայելական ՌԾՈՒ-ի կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավի զավթման հետ կապված, որը փորձում էր ճեղքել Գազայի շրջափակումը 2010թ. մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը, ապա մի շարք աղբյուրներ կարծում են, որ այդ հակամարտությունը հրահրվել էր հենց թուրք քաղաքական գործիչների կողմից և միտումնավոր բնույթ էր կրում, որի նպատակն էր սրել հարաբերություններն Իսրայելի հետ, որպեսզի իրենք հանդես գան պաղեստինցի ժողովրդի շահերի պաշտպանի դերում, իսկ հետագայում ստացած դիվիդենդներն օգտագործեն իրենց ազդեցությունն արյունահեղություններից քայքայվող Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ուժեղացնելու համար։ Ռեջեփ Էրդողանն արդեն ներկայանում է տարածաշրջանային առաջնորդի դերում, ավելին՝ իր ստահակությամբ ու լկտիությամբ այնտեղ է հասնում, որ հրապարակավ շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին այն բանի համար, որ վերջինը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Տեսեք՝ Էրդողանն արդեն շնորհակալություն է հայտնում նաև պաղեստինցի ժողովրդի անունից։ Արդյո՞ք սա նեոօսմանիզմի կրկնություն չէ։ Նա իրեն արդեն մի ինչ-որ մոդերատոր է զգում, այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ուղղորդող։ Նման բաները, պետք է Ձեզ ասեմ, շատ հեռուն գնացող նպատակ ունեն։ Սա հաշվի առնելով՝ այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և նրա շուրջ, հատուկ  իմաստ է ձեռք բերում։ Չէ՞ որ հիմա ինչ էլ որ ասելու լինեն Սիրիայի մասին, Բաշար Ասադն, այնուամենայնիվ, արդեն մի տարի ութ ամիս դիմակայում է ոչ թե զինված կազմավորումներին, որոնք, չգիտես ինչու, ընդդիմադիր են անվանվում, այլ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների բավական հզոր շրջանակներին, ինչպես նաև Թուրքիային։ Սիրիան նախավերջին հենակետն է նեոօսմանյան նկրտումների առաջմղման ճանապարհին։ Նրանք ուզում են հնազանդեցնել Սիրիան, ավելի ճիշտ՝ այնտեղ կառավարելի քաոս ստեղծել։ Օրինակի համար հեռուն գնալ պետք չէ. մեկ տարի առաջ Եգիպտոսում, Թահրիր հրապարակում պահանջում էին կախել Մուբարաքին, իսկ այսօր պահանջում են նույնն անել Մուրսիի հետ։ Արյունահեղության շարունակումը Սիրիայում, այդ երկրի հետագա փլուզումը կհանգեցնեն այն բանին, որ Իրանը կհայտնվի կատարյալ մեկուսացման մեջ։ Կուզենայի հիշեցնել, որ այդ դեպքում բացառիկ ռազմավարական կարևորություն կստանա հայ-իրանական 46 կիլոմետրանոց սահմանը Մեղրու շրջանում, ինչպես նաև մոտ 110 կիլոմետրանոց սահմանն ազատագրված տարածքի պարագծով, որը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ Այսպիսով, հասկանալի է դառնում, որ այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ վճռվում է ոչ թե մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման, այլ աշխարհի ճակատագիրը։

- Վերլուծաբաններ կան, որոնք գուշակում են, որ եթե Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, ապա դա տեղի կունենա հենց այստեղ...

- Երբ Վլադիմիր Պուտինը վերջերս աշխատանքային այցով Թուրքիայում էր, նա այնտեղ շատ կոշտ մի բան ասաց։ Նա, իրեն հատուկ հումորով և հանդարտությամբ, հասկանալ տվեց, որ ամերիկյան «Փեթրիոթ» հրթիռային համալիրներն արդի ռուսական տեխնիկայի համեմատ արդեն կարգին հնացել են... Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը հասկանալ տվեց, որ չարժե սահմանի մոտ «Փեթրիոթներ» տեղադրել. դա ամենևին էլ պատնեշ չի հանդիսանա, եթե հանկարծ հարկ լինի չեզոքացնել Թուրքիայի ՀՕՊ համակարգը։ Այնպես որ, կարծում եմ, Թուրքիան հիմա չի համարձակվի նոր ռազմական արկածախնդրությունների դիմել։ Չարժե մոռանալ նաև արդի Թուրքիայի համար խիստ սուր քրդական խնդրի մասին։ Ի՞նչ եք կարծում, պատահակա՞ն էր արդյոք, որ մեկ-երկու ամիս առաջ Մոսկվայում էին Իրաքի նախագահը և Իրաքյան Քրդստանի նախագահ, Քրդստանի Դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) առաջնորդ Մասուդ Բարզանին։ Այս բոլոր նրբությունները, և սրանում կասկածելու հարկ չկա, արդեն մանրամասն վերլուծվել են  թուրք քաղաքական գործիչների կողմից։ Մանավանդ որ ԱՄՆ-ը հիմա շատ ավելի զգույշ և շրջահայաց է գործում, քան Ջորջ Բուշ-կրտսերի օրոք էր՝ իր կովբոյական անխոհեմություններով հանդերձ։

-  Նման իրավիճակը Հայաստանի համար շատ բարդ է։

- Այո,  Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը բավական բարդ է։ Հարկավոր է պետական իմաստնություն ունենալ՝ Եվրամիության հետ գործընկերային, ԱՄՆ-ի հետ՝ շատ լավ, Վրաստանի հետ՝ նորմալ, Իրանի հետ՝ բարիդրացիական և, իհարկե, Ռուսաստանի հետ՝ դաշնակցային և եղբայրական հարաբերություններ ունենալու համար։ Այսօր հենց նման հարաբերություններ է հաստատել Հայաստանի Հանրապետությունը վերոնշյալ երկրների հետ։ Դե, իսկ Թուրքիայի մասին մենք արդեն խոսեցինք...

 

Արտաշես Գեղամյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ (www.amiab.am)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր