Արտաշես Գեղամյան. Առաքելությունն իրականանալի է

16:14, 13 Հունիս, 2017, Արմենպրես

15.06.2017, Հայոց աշխարհ

https://armenpress.am/arm/news/894731/artashes-gexamyan-araqelutyunn-irakananali-e.html

Նկարում՝ ՌԴ Պետական դումայի փոխնախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ Դաշնային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Պետական դումայի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 23.02.17թ.

 

ՀՀ VI գումարման Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ուղերձում (այսուհետ՝ Ուղերձ) հատկապես նշվել է արտաքին քաղաքականության հարցերում խորհրդարանի դերի էական բարձրացման կարևորության մասին, այն է. «Այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:

Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է»։ Հարցի նման առաջադրումն, անշուշտ, խիստ հրատապ է և պահանջում է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի խորհրդարանականների կատարելիք աշխատանքի լուրջ իմաստավորում։ Փորձենք վերլուծել, թե ինչ նոր մոտեցումներ, որակապես նոր խնդիրներ պետք է իրենց տեղն անպայմանորեն գտնեն, օրինակ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) օրակարգում, որն ստեղծվել է ՌԴ ԴԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև Միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրին (1998թ. փետրվարի 18) համապատասխան։ Չէ՞ որ Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգում, որը հաստատվել է 1998թ. մայիսի 22-ին, հստակ սահմանված է Հանձնաժողովի աշխատակարգը, որը, մասնավորապես, կոչված է աջակցելու երկկողմանի միջպետական հարաբերությունների, շփումների, խորհրդակցությունների և տեղեկատվության փոխանակման զարգացմանը համագործակցության բոլոր ոլորտներում, վերլուծելու Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական կապերի վիճակը։ Հանձնաժողովի աշխատանքում կարևոր տեղ է հատկացված օրենսդրությունների կոորդինացման կազմակերպմանն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, երկու պետությունների խորհրդարանների և նրանց մարմինների համար առաջարկությունների և հանձնարարականների պատրաստմանը։ Այս դրույթներից շատերն իրենց հետագա խորացված զարգացումն են ստացել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) մասին պայմանագրում, որն ուժի մեջ մտավ 2015թ. հունվարի 1-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փաստաթղթերում։

Նշենք, որ 2015թ. հունվարի 2-ից ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է։ Միևնույն ժամանակ, նշենք, որ Հանձնաժողովի ստեղծումից հետո անցած 19 տարիների ընթացքում տեղի են ունեցել, կարելի է առանց չափազանցելու ասել, արմատական գլոբալ փոփոխություններ աշխարհում, որոնք ակտուալացնում են միջխորհրդարանական կազմակերպությունների գործունեությունը։ Ավելին, ներկա աշխարհաքաղաքական իրողությունները պահանջում են օբյեկտիվ իմաստավորել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական դիվանագիտության նոր դերը։ Կարծում եմ, որ, առաջին հերթին, հարկ է էապես վերամշակել Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգը։ Եվ այստեղ առաջին պլան է մղվում հենքային այն պահանջների սահմանումը, որոնք չեն կորցնի իրենց նշանակալիությունը առնվազն առաջիկա 5 տարիներին։ Ըստ իս, Հայաստանի խորհրդարանականների համար մինչև 2040թ. հեռանկարով խնդիրները հստակ նշված են Ուղերձում, բնականաբար՝ ինչպես միջխորհրդարանական դիվանագիտության հարցերի, այնպես էլ մեր երկրի կարճաժամկետ, միջնա- և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված հրատապ խնդիրների վերաբերյալ։ Օրինակ, արդեն ակնհայտ է, որ Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգի նոր խմբագրությունում հատուկ տեղ պետք է հատկացվի օրենսդրությունների կոորդինացման հետագա խորացման հարցերին՝ արտաքին առևտրի ծավալների աճի խթանման, մեր երկրներում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացման նպատակով, ինչն էլ անմիջականորեն բխում է Ուղերձից. «Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը»:

Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, թե հայկական կողմը պայքարում է Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգում միայն այնպիսի փոփոխությունների համար, որոնք կօժանդակեն Հայաստանի արտահանական հնարավորությունների աճին, մեկ այլ կարևոր խնդիր նշեմ, որն առաջադրված է Ուղերձում. «Անհրաժեշտ է խրախուսել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, մասնավորապես ստեղծել գործարարության աջակցության այնպիսի համակարգ, որը կօժանդակի մեր գործարարներին ընտրելու, տեղափոխելու և հայաստանյան պայմաններին հարմարեցնելու իրենց պահանջներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաները»: Այս խնդրի իրագործման խորհրդարանական ապահովումն, անկասկած, բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի շահերից։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ՀՀ անկախության տարիներին հենց Ռուսաստանն է եղել մեր երկրի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն ու ամենախոշոր ներդրողը տնտեսությունում։

Մասնավորապես, համագործակցություն է հաստատվել էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տիեզերական հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում։ Այսպես, ներկայում Հայաստանում գործում են ավելի քան երկու հազար արտադրական ձեռնարկություններ և կազմակերպություններ ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, նշենք, որ դրանցից շատերը բավական ծանրակշիռ ավանդ են ներդնում ՀՀ տնտեսության զարգացման գործում։

Չէի ցանկանա չափից ավելի ակտիվ թվալ, բայց կարծում եմ, որ Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  Ուղերձի (1 դեկտեմբերի 2016թ.) 20 գլխավոր թեզերից շատերը 2017 թվականի համար հրատապ նշանակություն ունեն նաև Հայաստանի համար։ Օրինակ, աջակցություն տաղանդավոր երեխաներին, բժշկության վարկի բարձրացում, բժիշկների պրոֆեսիոնալ վերապատրաստման համակարգի կատարելագործում, նոր դրամաշնորհներ երիտասարդ գիտնականների համար, գիտության և արտադրության լայն կոոպերացում, արտադրության առանձին ճյուղերի, հատկապես IT-ընկերությունների աճի օժանդակում և աջակցություն արտոնություններով, պայքար կոռուպցիայի դեմ։

Բնական է, որ Հայաստանի համար ևս, որը վերջին տարիներին աճի լավ դինամիկա է ցուցաբերում տեղեկատվական, հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում, որոնց գերակա զարգացման կարևորության մասին բազմիցս ասվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում, շատ ընդունելի կլինի, եթե Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգում իրենց արտացոլումը գտնեն այն խնդիրները, որոնց լուծումը բավական հրատապ է մեր երկրների համար առաջիկա 5-10 տարիներին։

Կարծում եմ, որ ի թիվս այլ հարցերի՝ Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգի նոր խմբագրության մշակման բազիսային հիմքերից մեկն իրավամբ պետք է դառնան այն դրույթները, որոնք պարունակվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթում (Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով, 2017թ. հունիսի 2)։

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, որոշ մեջբերումներ կատարեմ նրա ելույթից, որոնք, անկասկած, պետք է դրվեն Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգի հիմքում։ Բնականաբար, խոսքն այդ դրույթների խորհրդարանական մեկնաբանման մասին է, այսինքն՝ դրանց իրագործումը երկու երկրների խորհրդարանների իրավասության մեջ է։

«Մեզ հարկավոր են իմաստություն և պատասխանատվություն, ոչ ստանդարտ լուծումների համատեղ որոնում, պետությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների, բիզնեսի, գիտական հանրույթի փոխգործակցության նոր ձևաչափեր... Առաջին՝ անհրաժեշտ է ձևակերպել սկզբունքորեն նոր, ճկուն նորմատիվ բազա կյանքի բոլոր ոլորտներում թվային տեխնոլոգիաների ներդրման համար։ Միևնույն ժամանակ, բոլոր որոշումները պետք է ընդունվեն պետության, բիզնեսի և քաղաքացիների տեղեկատվական անվտանգության ապահովման հաշվառմամբ։

Երկրորդ՝ պետությունն աջակցություն կցուցաբերի այն ընկերություններին, որոնք հանդիսանում են մշակումների կրողներ և խորագիտակ են թվային տեխնոլոգիաների ոլորտում, ունեն այսպես կոչված թափանցող միջճյուղային էֆեկտ։ Դրանք են՝ տվյալների մեծ զանգվածների մշակումը և վերլուծությունը, արհեստական ինտելեկտը, վիրտուալ և հավելյալ իրականության տեխնոլոգիաները և այլն»: Կարելի է այդ ցանկը լրացնել նաև այլ խնդիրներով, որոնք ներկայացված են Ռուսաստանի նախագահի ելույթում։ Բայց, համաձայնեք,   Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգի նոր խմբագրությունում պահանջված են նաև այլ հարցեր, որոնք ենթադրում են թվային տնտեսության հենակետային կառույցների ստեղծում պետության և մասնավոր բիզնեսի մասնակցությամբ, այդ թվում և կապի անվտանգ գծեր՝ տվյալների մշակման միավորված (միջպետական) կենտրոններով։ Այս բոլոր խնդիրները պետք է արտացոլված լինեն Կանոնակարգի նոր խմբագրությունում։

Ավելին, դրանք կոչված են դառնալու, ինչպես նշված է Հանձնաժողովի աշխատանքի գործող Կանոնակարգում, «երկու պետությունների խորհրդարանների և նրանց մարմինների համար առաջարկությւոնների և հանձնարարականների պատրաստման» կորիզը։ Իսկ նշված խնդիրների կոնկրետ իրագործումը կարելի է սկսել ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ հայաստանյան ձեռնարկություններում։ Դա միաժամանակ կբարձրացնի ինչպես ռուսաստանյան, այնպես էլ հայկական կողմերի պատասխանատվությունը։

Կարելի է շարունակել նշել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ոլորտները, բայց, որքան էլ մանրակրկիտ լինի մեր աշխատանքը, միևնույն է՝ դեռևս ոչ մեկին չի հաջողվել «գրկել անընդգրկելին», քանզի հայ-ռուսական հարաբերություններն իրենց արմատներով դարերի խորքն են գնում։ Սակայն կասկած չի հարուցում, որ մեր երկրների ղեկավարների ելույթներում առաջադրված դրույթների իրագործումը կունենա կարևոր նշանակություն ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև աշխարհի շատ պետությունների համար։ Այո, սա չափազանցություն չէ, քանի որ մեր երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքի հաջողություններն անհանգիստ աշխարհին ցույց կտան Ռուսական մեծ տերության և քրիստոնեական քաղաքակրթության օրրան հանդիսացող Հայաստանի՝ Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրի միջև եղբայրական միության ստեղծարարության ցայտուն օրինակ։

Հետգրության փոխարեն.

Ս.թ. հունիսի 11-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն ընդունելություն էր կազմակերպել Ռուսաստանի օրվա առիթով։ Մեզ բոլորիս՝ XX դարի ականավոր ճարտարապետներից մեկի՝ Ալեքսանդր Թամանյանի հանճարեղ նախագծով կառուցված վեհաշուք դահլիճ հրավիրվածներիս, հուզեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կիրիլովիչ Վոլինկինի ելույթը, չէ՞ որ նրա կարճ, բայց բովանդակալից ճառի առաջին նախադասություններն արտասանվեցին հայերեն։ Դրանք հնչեցին շատ անկեղծ և արտաբերվեցին առանձնակի խնամքով։

Հետո ավելի հետաքրքիր էր։ Կարելի է առանց չափազանցության ասել, որ դահլիճում ներկա գտնվող ավելի քան հազար հրավիրվածների հույզերը գագաթնակետին հասան, երբ համերգի ժամանակ, որը կազմակերպվել էր Ռուսաստանի օրվա առիթով, Ռուսաստանի դեսպանության դիվանագետ-աշխատակիցներից կազմված երգչախումբը կատարեց հայկական հայրենասիրական երգեր, որոնք արդեն ժողովրդական են դարձել, և նորից կատարումները հայերեն էին։ Չեմ թաքցնում, Հայաստանում լավ գիտեն, որ դրանում, անշուշտ, մեծ է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի տիկնոջ՝ հարգարժան Սվետլանա Մերաբովնա Ռամիշվիլու վաստակը, որը կարողացել է միավորել ընդհանուրը Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի երգեցողական կատարման ավանդույթներում։ Եվ այստեղ գենետիկան պակաս կարևոր դեր չի խաղացել. Սվետլանա Մերաբովնայի հայրական գծով նախապապը՝ Կոնդրատի Թաթարիշվիլին, գրող և ականավոր հասարակական գործիչ է եղել։ Նրան մեծ ճանաչում է բերել «Մամլյուք» վեպը, որը 1958թ. էկրանավորվել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում։

Հատկանշական է նաև, որ դեսպանի տիկնոջ մայրական գծով պապը ազգությամբ հայ է եղել, իսկ տատը՝ ռուս։ Եվ բնավ պատահական չէր այդ սքանչելի երեկոյին, համերգի ժամանակ զգալ եղբայր ժողովուրդների արվեստների փոխներթափանցման կենարար ուժը, որոնց մերձավորության մասին շատ դիպուկ նկատեց Ռուսաստանի դեսպան Ի.Կ. Վոլինկինը. «Մեր ժողովուրդների բարեկամության և հոգևոր մերձության բազմադարյա պատմությունն ամուր հիմք է փոխգործակցության համար, նոր ձեռքբերումների գրավական համագործակցության բոլոր ուղղություններում»։Եվ իհարկե, հրավիրվածների հիշողության մեջ երկար տարիներ կհնչեն մեր հայրերի և պապերի անմահ երգերը՝ «Կատյուշան», «Սմուգլյանկան», «Սլավոնուհու հրաժեշտը» և շատ ուրիշ երգեր Ալեքսանդրովի երգի ու պարի լեգենդար անսամբլի մենակատարների հիանալի կատարմամբ։

Ամփոփելով նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն առաջիկա տարիների համար ունի բոլոր հիմքերը, շնորհիվ համատեղ հարթ աշխատանքի, իր լիազորությունների շրջանակում, որը սահմանվել է Հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգի նոր խմբագրմամբ, լինել մեր պետությունների համար վճռորոշ խնդիրների լուծման ավանգարդում։ Խնդիրներ, որոնք առաջ են քաշվել մեր երկրների նախագահների՝ Սերժ Ազատի Սարգսյանի և Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կողմից։

Ես չեմ կասկածում այս առաքելության իրականանալիությանը թեկուզև այն պատճառով, որ Հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ է հանդիսանում Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության ականավոր պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր