ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Թբիլիսիի հռչակագիրն ու բանաձեւերը

05.07.2016թ., News.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հուլիսի 5-ին Թբիլիսում ընդունել է հռչակագիր եւ բանաձեւեր, որոնք համաձայնեցվել են Կազմակերպության երեք ընդհանուր հանձնաժողովներում՝ Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովում, Տնտեսական, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովում, Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ 122 պատվիրակներ կողմ են արտահայտվել Թբիլիսիի հռչակագրի ընդունմանը ընդհանուր առմամբ, 6-ը դեմ են եղել հռչակագրին եւ բանաձեւերին, իսկ 7 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։ Փաստաթղթի ընդունման դեմ է արտահայտվել ռուսական պատվիրակությունը, որի ներկայացուցիչ Իգոր Մորոզովն ասել է. «Կարծում ենք, որ ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանում մենք կարողացանք մասնակցել այդ երկխոսությանը, սակայն միաժամանակ կան մի շարք բանաձեւեր, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության ամրապնդմանը։ Մենք չենք կարող կողմ քվեարկել Թբիլիսիի հռչակագրի եւ բանաձեւերի ընդհանուր փաթեթին»։

Փաստաթղթի դեմ է քվեարկել նաեւ ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր