Պատրաստակամ ենք ապացուցել, որ չի կարելի դնել ու սեվացնել հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ–ի կողմից. Ա. Գեղամյանը` ընտրություններին մասնակցելու մասին

07.11.2018, tert.am

Առավել քան պատրաստակամ ենք հենց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ միասին մեր հանրությանը ապացուցել, որ չի կարելի հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ-ի, հատկապես` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, դնել ու սևացնել` անունը դնելով «հեղափոխություն»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես 2008 թվականից իմ գլխավորած կուսակցության հետ համատեղ դաշնակցային կապերի մեջ եմ ՀՀԿ-ի հետ, սերտորեն համագործակցում ենք, և երկու անգամ անընդմեջ պատգամավոր եմ դարձել շնորհիվ այն բանի, որ անդամագրված եմ եղել ՀՀԿ-ի միասնական ընտրացուցակին: Կարծում եմ, որ շատ ազնվորեն աշխատել եմ», – ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ցուցակի որ հորիզոնականում է իրեն տեսնում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Տեսնում եմ ինձ այն հորիզոնականում, որում տեսնում է ինձ Սերժ Սարգսյանը` իմանալով մի պարզ բան, որ հատկապես ընդդիմադիր քաղաքական միջավայրն ինձ շատ ավելի հոգեհարազատ է, քան իշխանականը, դա արդեն բնավորության գիծ է, չհաշված, որ նաև կենսագրական է»:

Արտաշես Գեղամյանն ասաց, որ բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հետ կապված, որոշողը ՀՀԿ-ն է լինելու. պատգամավորը հավելեց, որ իր սրտով կլինի Երևանի Դավթաշեն համայնքը:

Արտաշես Գեղամյանն ասաց, որ շատ քիչ ժամանակ կանցնի, և ՀՀԿ պատմական  դրական դերակատարումն ակնհայտ կդառնա:

«Այս փոթորկահույզ աշխարհում ՀՀԿ-ի նախագահի շնորհքն էր, որ ՀՀ-ը, դառնալով ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, կարողացավ Եվրամիության հետ կնքել համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր, և մենք ունեցանք ժամանակակից պատմության մեջ եզակի դեպք, երբ իրար պայմանական ասած հակադիր ճամբարներում` ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, նման համագործակցություն համաձայնագիր», – ասաց նա և նշեց, որ այս նվաճումը մոռացվել է:

«Մոռանում են նաև, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներում ասել է, որ ՀՀ ապագան ներառական էկոնոմիկայի հիման վրա հիմնված լինի, այսինքն` ուրվագծվել էր այն զարգացումը, որը թույլ չտվեց ի կատար ածել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ այն ուժերը, որոնք կանգնած էին համապատասխան հիշատակածս միավորի հետևում: Սա պետք է հասցնել ընտրողին», – ասաց նա և նշեց, որ նկատի ունի այն պետությունները, որոնք 86-ից ավելի հասարակական կազմակերպություններ ֆինանսավորում էին ու ֆինանսավորում են և «երբ նրանք օվկիանոսից անդին հրահանգը ստացան, կանգնեցին հրապարակում»:

Նա նշեց, որ այս ամենի մասին պատրաստ է անկաշկանդ ասել, քանի որ իրեն չեն կարող կոռուպցիայի, խարդավանքի մեջ մեղադրել: «Մի բան կարող եմ 100 տոկոսով ասել, որ այն վերլուծական քննադատական խոսքը, որ կարող եմ ես ասել և պաշտպանված լինել իմ կենսագրությամբ, ոչ մի խարդավանք, անազնիվ բան դեմս չեն կարող դնել, դրա համար լեզուս երկար է լինելու, ուղեղային հնարավորություններս էլ սակավ չեն»,- ասաց նա:

Ի դեպ, պատգամավորն ասաց, որ «զզվում է» մարդկային այն տե­սա­կից, ովքեր դուրս են գալիս քաղաքական թիմից նրանց վրա և ցեխ շպրտում և գտնում է, որ դա վտանգավոր տեսակ է: «Աստված մի արասցե, եթե թուրքն ու ազերին հանկարծ մի բան սկսեն, չլինի՞ քաղաքական ուժ, որի ղեկավարը Արցախի հերոս է և սկզբից մինչև վերջ այդ ամենի անա­տոմիան գիտի», – ասաց նա:

 

Լիանա Առաքելյան

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր