ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԼԻՆԻԱՆԳԱՄ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ «ՀԱՅԼՈՒՐ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ»-Ի ՀՅՈՒՐՆ Է «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ (12.06.2009 թ.)

ՍՈՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ - Բարի երեկո, եթերում «Հայլուր. Հարցազրույց»-ն է և մեր հյուրն է «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Բարի երեկո, պարոն Գեղամյան:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Բարև ձեզ:

Ս. Թ. - Պարոն Գեղամյան, նախ, խոսենք ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի որոշման մասին: Երկու օր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցավ ընկերության տնօրենների խորհրդի նիստ, որի ավարտին ընդունվեց եզրակացություն, համաձայն որի կորպորացիան չի վերսկսի մեր երկրի ճանապարհային և վերականգնողական աշխատանքների ֆինանսավորումը: Սա, իհարկե, ծրագրի մի մասն է միայն, առավել խոշոր հատվածը ոռոգման համակարգինն է, որը շարունակվում է: Բայց և այնպես, Դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը և ինչի՞ն էր այն ուղղված, եթե մեր երկրի ժողովրդավարացմանն եղած խնդիրների լուծմանը, ապա կարո՞ղ է արդյոք նման որոշումը նպաստել այդ նպատակներին:

Ա.Գ. - Ձեր հարցադրումը տեղին է: Այո, հունիսի 10-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը կայացրել է որոշում` դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինարարական ենթածրագրի ֆինանսավորումը, որը կյանքի կոչելու համար նախատեսվում էր հատկացնել շուրջ 68 մլն դոլար: Հիշեցնեմ, որ ՀՀ-ի հետ կնքած համաձայնագրով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան մեր երկրին պետք է տրամադրեր 235 մլն 600 հազար դոլար գումար, որից ճանապարհների ենթածրագրի համար նախատեսվում էր հատկացնել շուրջ 68 մլն դոլար և գյուղերում ոռոգման համակարգի արդիականացման ու նորոգման նպատակով ծրագրված էր հատկացնել 160 մլն դոլար: Այս ծրագիրը դեռ դադարեցված չէ, սակայն կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու ծրագիրն ամբողջությամբ կամ դրա առանձին ենթածրագրերը, եթե երկիրն անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում ժողովրդավարական մի շարք ցուցանիշներով: Դրանցից են` մամուլի ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական կառավարումը: Ահա այս մասին նիստից հետո հայտնել էր կորպորացիայի գործադիր տնօրենը` Ռոդնի Բենտը: Այսինքն` 160 մլն դոլարի տրամադրումը Հայաստանին նույնպես հարցականի տակ է: Հետաքրքրական է, որ տնօրենների խորհրդի հիշատակած նիստը նախագահում էր ԱՄՆ-ի պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը:

Հարկ է նշել, որ հունիսի 10-ին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին զեկույց, որում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Այս պարագայում ուշագրավ է, որ ս. թ. փետրվարի 25-ին հնչեցվել, իսկ 26-ին արդեն հրապարակվել էր ԱՄՆ Պետքարտուղարության «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մասին» ամենամյա զեկույցը: Ըստ որում, այդ զեկույցը նույնպես ընդունվել է ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո: Երրորդ ուշագրավ դիտարկումն այն է, որ հունիսի 11-ի Վիեննայում, ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Կայլ Սքոթը մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ տարածել էր հայտարարություն: Այնտեղ տրված էին, ընդհանուր առմամբ, կոռեկտ և հավասարակշռված գնահատականներ: Դրանք համահունչ էին Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության` ընտրություններին տված գնահատականներին:

Ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյո՞ք սա պարզապես զուգադիպություն է, երբ մեր բարեկամ երկիրը` ԱՄՆ-ն (Պետքարտուղարությունը, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը), մեկ-երկու օրերի ընթացքում երեք անգամ պաշտոնական նման բարձր մակարդակով անդրադառնում է մեր երկրի ներքին խնդիրներին:

 

Ահա, երբ փորձում ես այս երեք հարցերը վերլուծել, խնդիր ունենալով պարզել` մի՞թե ամերիկյան կողմը մտածում է, որ գյուղական քարուքանդ ճանապարհների վերակառուցումը դադարեցնելով «պատժում են» ՀՀ իշխանություններին և ոչ թե կոտրում հուսադրված գյուղացիների լավատեսությունը երկրի ապագայի հանդեպ, ապա հանգում ես հետևյալին: Այս հարցի պատասխանը, որքան էլ տարօրինակ հնչի, տվեց, ի՞նչ եք կարծում, ո՞վ` Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գյունելը 2009 թ. հունիսի 4-ին Վաշինգտոնում գումարված ամերիկաթուրքական խորհրդի 28-րդ նիստի ժամանակ: Ինչպես հայտնի է, ս. թ. հունիսի 1-ից 5-ը Միացյալ Նահանգներում իր առաջին պաշտոնական այցով էր գտնվում Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ահմետ Դավութօղլուն, այդ ընթացքում տեղի ունեցավ վերը հիշատակած նիստը: Այցի շրջանակում նա քանիցս հանդիպումներ է ունեցել Սպիտակ տանը, Պետական քարտուղարությունում, մասնավորապես, Հիլարի Քլինթոնի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարն իր ելույթում հայտարարել էր. պետք է ձգտել նրան, որպեսզի Հայաստանը մերձենա Արևմուտքին և ոչ թե Ռուսաստանին ու Իրանին: Թուրքիայի պաշտպանության նախարարի նման հարցադրումը մատնեց թուրքերի իրական քաղաքականության ուղղվածությունը մեր տարածաշրջանում, բացահայտեց դրա նպատակը: Կարծում եմ, ԱՄՆ-ի` մեզ համար բարեկամ երկրի, շեշտեմ դա, ընդունած վերջին որոշումներն անուղղակիորեն նպատակամղված են օժանդակելու Թուրքիային` իր առջև դրված այդ խնդրի լուծմանը: Պարզապես, ներկա ժամանակում Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև ողջ աշխարհում աշխարհաքաղաքական շատ բարդ խնդիրներ են հասունացել, որոնք սպասում են իրենց լուծմանը: Այդ խնդիրները նոր չեն ծագել, դրանց մասին հռչակվել է դեռ սրանից երկու տարի առաջ` 2007 թ. փետրվար ամսին Դաշնային Գերմանիայում, երբ Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինը Մյունխենի անվտանգության հարցերին նվիրված միջազգային վեհաժողովի ժամանակ շեշտել էր, որ աշխարհն այլևս չի կարող միաբևեռ մնալ, այն պետք է դառնա բազմաբևեռ, դա է ժամանակի հրամայականը: Ուժի միջազգային կենտրոններում մարդիկ կային, ովքեր կարծում էին, թե 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և ՌԴ-ի դիրքորոշումները կարող են փոփոխության ենթարկվել: Բայց, ահա, եկեք տեսեք, որ 2008 թ. հոկտեմբերի 8-ին արդեն իսկ Ֆրանսիայում` Էվիանում, Համաշխարհային քաղաքականության հարցերին նվիրված միջազգային համաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևը էլ ավելի խորացրեց տարիուկես առաջ Մյունխենում արված այդ հարցադրումները:

Այնուամենայնիվ, այս երկու-երեք ամիսների ընթացքում արմատական ի՞նչ փոփոխություններ եղան, որ Միացյալ Նահանգների պետական քարտուղարությունը 2 անգամ անդրադառնում է Հայաստանի նման փոքր Հանրապետությանը և արդյո՞ք այստեղ գերիշխող են ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչ խոսք, շատ կարևոր խնդիրները, թե կան աշխարհաքաղաքական ուրիշ հարցեր: Ահա այստեղ ավելորդ չեմ համարում հիշատակել նաև Եվրամիություն - Թուրքիա ընթացող զարգացումները: Այսպես, 2009 թ. մայիսի 10-ին Բեռլինում կայացած ֆրանսիացի և գերմանացի երիտասարդների համաժողովին մասնակցած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանդես էին եկել ելույթներով: Մասնավորապես, Անգելա Մերկելը, անդրադառնալով Եվրամիության հետագա ընդարձակմանը, հայտարարել էր, որ իմաստ չի տեսնում Եվրամիության շրջանակների հետագա ընդլայնման մեջ ավելի մեծ թվով երկրների ընդգրկմամբ և, որ դրանից Եվրամիությունն ավելի մարտունակ չի դառնա: Դրան հաջորդել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ելույթը, որտեղ նշել էր. «Եվրոպան առանց սահմանների` դա Եվրոպա է առանց արժեքների» և որ «մենք չպետք է Թուրքիային դատարկ խոստումներ շռայլենք»: Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը քննադատության էին ենթարկել Մերկելի և Սարկոզիի հայտարարությունները` կոչ անելով Եվրամիության անդամ երկրներին Անկարայի մուտքը Եվրամիություն չդարձնել «ներքին օգտագործման» հարց: Պատահական չէր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջղաձիգ այն հայտարարությունը, որում ասել էր. եթե դուք չեք ուզում Թուրքիային, այդպես էլ ասեք: Դուք մեզ չեք ընդունում Եվրամիություն, որովհետև Թուրքիայի ազգաբնակչության մեծամասնությունը մահմեդական է: Իսկ Թուրքիայի նախագահ Գյուլն էլ հայտարարել էր, որ իր երկիրը երկրորդ աշխարհամարտից սկսած կարևոր դեր է խաղացել Եվրոպայի համար. «Թուրքիան այն երկիրն է, որը մեծ զոհաբերությունների է գնացել սառը պատերազմի տարիներին եվրոպացիներին պաշտպանելու համար և հիմա այդպես վարվել Թուրքիայի հետ անարդարացի է»: Վերջապես, Թուրքիայի նման ակտիվությունն ի՞նչ էր նշանակում: Սա նշանակում էր, որ վերջին ամիսներին թուրքական իշխանությունների կատարած բոլոր աշխատանքները, ասես թե, ջուրն են լցվում: Թվում է, թե մեր հարցերի հետ այս ամենն ի՞նչ կապ ունի:

Անցած ժամանակաշրջանում Թուրքիան ամեն բան արեց, որպեսզի սիրաշահի և ուղղորդի Ադրբեջանին մասնակիցը դառնալ Թուրքիայի տարածքով, շրջանցելով Ռուսաստանը, տարեկան 26-ից 32 մլրդ խորանարդ մետր գազաթողունակությամբ «Nabucco» գազատարի շինարարությանը: Այդ գազատարով պետք է Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի գազային պաշարները տեղափոխեին դեպի եվրոպական երկրներ, մինչև Ավստրիա ներառյալ: Եվ այդ գազատարի անցկացումը միանշանակորեն ներդաշնակ է ԱՄՆ-ի կողմից մեր տարածաշրջանում հետապնդվող նպատակներին: Եթե այդ գազատարը շրջանցում է Ռուսաստանը, ապա վերջինիս տնտեսական ազդեցությունը Եվրամիության անդամ երկրների վրա կնվազի, կթուլանան նաև Ռուսաստանի հնարավորությունները Եվրոպայում սեփական երկրի համար տնտեսական ու քաղաքական առավելագույն բարենպաստ խնդիրների լուծման տեսակետից: Դրա հետ մեկտեղ, նշենք, որ ապրիլի 24-25-ին Սոֆիայում` Բուլղարիայում, կայացավ Հարավարևելյան Եվրոպայի, Կասպից ու Սև ծովերի տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, թվով 29 երկրների ղեկավարների և Եվրամիության մասնակցությամբ էներգետիկական գագաթաժողով: Գագաթաժողովի նշանաբանն էր` բնական գազ Եվրոպայի համար. անվտանգության համագործակցության ներքո: Էներգետիկական այդ գագաթաժողովի ժամանակ ընդունվեց եզրափակիչ փաստաթուղթ, որի համաձայն հավանության էին արժանացել իրարամերժ գազատարեր կառուցելու երկու ծրագիր. մեկը «Հարավային հոսքն» է, որով նախատեսվում է Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի գազային պաշարները մղել դեպի Եվրոպա Ռուսաստանի տարածքով` Սև ծովի հատակով: Հավանության արժանացավ նաև երկրորդ նախագիծը` հիշատակածս «Nabucco»-ն: Ներկայումս մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումները հիմնականում պայմանավորված են նրանով, թե այդ երկու նախագծերից, ո՞րը կհաջողվի կյանքի կոչել: Թուրքիան ամեն կերպ ձգտում է առաջնություն տալ «Nabucco» ծրագրի իրագործմանը: Այդ հարցում նրան անթաքույց սատարում է ԱՄՆ-ն, ինչպես նաև Եվրամիության մի շարք անդամ երկրներ: «Հարավային հոսք» գազատարի շինարարությանը կողմնակից է Ռուսաստանը, Իտալիան, ինչպես նաև Ղազախստանը, Ուզբեկստանը: Ահա, մրցակցության այս իրավիճակում Ադրբեջանը, գիտակցելով այս հարցում իր որոշակի դերակատարությունը, ժողովրդական լեզվով ասած, խաղեր է, որ տալիս է: Ինքնին հասկանալի է, որ Կենտրոնական Ասիայից ու Կասպից ծովից գազի տեղափոխման երեք ճանապարհ կա. մեկը` Ադրբեջանի վրայով, մյուսը` Ռուսաստանի տարածքով և երրորդը` Իրանի տարածքով, ինչն այսօր, հասկանալի պատճառներով, անիրականանալի է: Կրկնում եմ, Ադրբեջանը, գիտակցելով, որ այս խնդրի լուծման բանալին իր ձեռքում է, ամեն կերպ մանևրում է, այն է` Ռուսաստանին հուսադրում է, ասելով, որ ինքն անպայմանորեն կողմնակից կլինի, որ այդ գազատարը գնա Ռուսաստանի վրայով: Ավելին, վերջերս` հունիսի 4-ին, Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումից առաջ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, ասելով, որ «Nabuccon»-ն անիրականանալի ծրագիր է, և որ դա շահագործելու համար պարզապես անհրաժեշտ ծավալի գազ չի լինի: Իր հերթին Թուրքիան էլ հասկանում է, որ եթե զրկվի «Nabucco»-ի շահագործմամբ Եվրոպայի վրա ներազդելու այդ լծակից, ապա մեր տարածաշրջանում չի կարողանա կատարել այն դերակատարությունը, որը հռչակվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, այն է` մեր տարածաշրջանում դառնալ հեգեմոն ուժ: Նման զարգացումներով, երբ Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում մեծանում է, շատ ու շատ շահագրգռված է ԱՄՆ-ն: Եվ պատահականություն չէր, որ ստեղծված խորապատկերում մայիսի 7-ին Պրահայում Եվրամիության գագաթաժողովի օրերին, որը թեպետ նվիրված էր «Արևելյան գործընկերություն» ծրագրի վավերացմանը, այնուամենայնիվ կազմակերպվել էր Սարգսյան-Ալիև հանդիպումը: Դրա ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հստակ ձևակերպված հայանպաստ դիրքորոշումներով: Պրահյան հանդիպումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ հայկական կողմից հնչեցված կոշտ գնահատականներն ադրբեջանաթուրքակական քաղաքական ընտրանու մոտ լուրջ խուճապ առաջացրին: Նրանց համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանը խնդրո առարկայի շուրջ իր սկզբունքային դիրքորոշումներից մեկ քայլ անգամ չի նահանջի: Իսկ այդ սկզբունքների մասին մենք լավ գիտենք, այնպես որ, հարկ չկա դրանց անդրադառնալ: Եվ, ահա, այստեղ էր, որ բլիթի այն քաղաքականությունը, որը Հայաստանի հանդեպ իրականացնում էր Միացյալ Նահանգները, փոխարինվեց մտրակին անցնելու քաղաքականությամբ: Բլիթի քաղաքականության շրջանակում հիշո՞ւմ եք, վերջերս, գրեթե մեկ շաբաթվա ընթացքում, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկու անգամ հաղորդակցվել էր պարոն Սերժ Սարգսյանի հետ` մեկ անգամ հեռախոսազրույց էր տեղի ունեցել, մեկ անգամ էլ դիմել էր նամակով: Ս. թ. ապրիլի 7-ին ելույթ ունենալով Թուրքիայի պառլամենտում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել էր, որ շարունակում է մնալ 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածի վերաբերյալ նախկինում հայտնած իր տեսակետներին: Թուրքիայում Օբամայի կողմից կատարված այս հայտարությունը շատ նշանակալի է: Ապրիլի 7-ին այցելելով Թուրքիա` Բարաք Օբաման ավարտեց Եվրոպա կատարած իր առաջին պաշտոնական այցը: Դա մեկնարկել էր Լոնդոնում հրավիրված G-20 գագաթաժողովին մասնակցությամբ, այնուհետև շարունակվել էր Ստրասբուրգում և Կելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ու Պրահայում Եվրամիության գագաթաժողովին մասնակցությամբ: Թուրքիա կատարած իր պաշտոնական այցով Օբաման վերահաստատեց, որ Թուրքիային տեսնում է որպես ոչ միայն ՆԱՏՕ-ի իր հուսալի դաշնակցի, այլ նաև, իբր, Արևմուտքը իսլամական աշխարհին կապող կարևոր միջնորդի: Դրանից օրեր անց, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն իր ուղերձում, ճիշտ է, ցեղասպանություն բառը չէր օգտագործել, սակայն երկու անգամ ասել էր «Մեծ եղեռն» բառակապակցությունը: Հետագայում, երբ նրանք տեսան, որ Հայաստանի համար կան մայր այնպիսի սկզբունքներ և ճակատագրական հարցեր, որոնք անբեկանելի են, դրանց նկատմամբ և ոչ մի զիջում երբեք ու երբեք չի կարող լինել, լինի դա երկրի Նախագահը, լինի` արտգործնախարարը, այդ ժամանակ էլ անցան մտրակի քաղաքականության: Ի պատիվ մեր իշխանությունների, վերջիններիս քանիցս հայտարարել են, որ այդ հարցերում լինելու են անդրդվելի, անգամ իսկ եթե մյուս կողմը նախընտրի ճնշումներ գործադրելու ճանապարհը: Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու ճանապարհ է, օրինակ, այն իրողությունը, որ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան սկզբից 68 մլն դոլարից է մեզ զրկում, ապա նաև ակնարկում, որ 160 մլն դոլար ոռոգման համակարգի արդիականացման նպատակով հաստատված ծրագիրն էլ է հարցականի տակ: Եվ հետաքրքրականն այն է, որ երբ կարդում ես ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած զեկույցը, ուսումնասիրում այնտեղ առկա հարցադրումները, ապա տեսնում ես, որ ԱՄՆ-ի այսօրվա իրողությունների հետ մեր իրողությունները մի զարմանալի նմանություն ունեն: Այսպես, զեկույցում Հայաստանի Հանրապետությանը, ի թիվս այլ հարցերի, մեղադրում են նրանում, որ մեր երկրում «բանտային պայմանները շարունակել են մնալ անբավարար ու անառողջ»: Արդարացի քննադատություն է, իրոք, արդարացի է: Բայց, ի դեպ, բանտային պայմանների խայտառակ լինելու մասին խոսել էր նույն ինքը` Բարաք Օբաման, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ` մատնանշելով Կուբայի ամերիկյան Գուանտանամո ռազմական բազայում տիրող բարքերն ու պայմանները, նաև ասել էր, որ դրանք այնտեղ անմարդկային են: Եվ խիստ գովելի էր, որ 2009 թ. հունվարի 22-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հրամանագիր էր ստորագրել Գուանտանամոյի բանտը փակելու վերաբերյալ: Հայաստանին մեղադրում են նրանում, որ «ոստիկանությունը ծեծել է նախաքննության փուլում գտնվող կալանավորներին և որոշ դեպքերում չի ապահովել արդարացի քննություն»: Ավա՜ղ, նման դեպքեր նույնպես արձանագրվել են: Բայց մենք գիտենք, 2006 թ. Ջորջ Բուշը վավերացրել էր «Ռազմական հանձնաժողովների մասին» օրենքը, որը, ըստ էության, հատուկ ծառայություններին իրավունք էր վերապահում ահաբեկչության մեջ կասկածվող կալանավորվածների նկատմամբ խոշտանգումներ կիրառել: Բարաք Օբաման արգելել էր նաև այդ օրենքի կիրառումը: Համաձայն նրա մեկ այլ հրամանագրի, ցանկացած հետաքննություն պետք է համապատասխանի Ժնևի Կոնվենցիայի պահանջներին: Այսինքն` այս հարցում նույնպես մեր իշխանությունները, ասես թե, ժամանակին ընդօրինակել են այն, ինչ ամերիկացիները, ժողովրդավարության հարցերում լինելով առաջամարտիկ, կիրառել են իրենց երկրում: Եվ, վերջապես, այս շարքից երրորդ հարցադրումը, առ այն, որ «ՀՀ իշխանությունները ոչ միշտ են հարգել քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիությունը»: Այս կապակցությամբ նշենք, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի զարհուրելի ահաբեկչությունից հետո ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր «USA Patriot Act» օրենքը, որն արդեն հոկտեմբերի 20-ին ստորագրել էր նախագահ Ջորջ Բուշը: Այդ օրենքը մեծապես հեշտացրել էր իրավապահ մարմինների աշխատանքը` կիրառել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են` կասկածյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, արտաքին հսկողություն: Այս օրենքը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել իրավապաշտպան կազմակերպությունների միջավայրում, սակայն այն 2005 թ. հուլիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից երկարաձգվեց: Ավելին, 2006 թ. մարտի 10-ին Սպիտակ տանը հատուկ արարողակարգի պայմաններում Ջորջ Բուշը իր ստորագրությունը դրեց «USA Patriot Act» օրենքի կիրառումը երկարացնելու մասին Կոնգրեսի կողմից ընդունված որոշման տակ: Ի նկատի ունենալով, որ ամերիկյան կոմունիկացիոն կապ իրականացնող տեխնիկական միջոցները աշխարհի լավագույններից են, դա ԱՄՆ հատուկ ծառայություններին հնարավորություն էր ընձեռել անհապաղ գրանցել յուրաքանչյուր դեպք, երբ ցանկացած անձ բավական է հեռախոսով հիշատակեր Ալ Կաեդա կամ Օսամա Բեն Լադեն անունները, որպեսզի իսկույն կալանավորվեր: Ասվածից կարելի է գալ այն եզրակացության, որ Ամերիկայի Պետքարտուղարությունը մեղադրում է մեզ, միգուցե և արդարացի, ճիշտ այն հարցերում, որոնք հատուկ են նաև իրենց երկրին և որոնք խիստ քննադատվել են Բարաք Օբամայի կողմից իր նախընտրական քարոզարշավի շրջանակում: Կարծում եմ, այս պարագայում մեր Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր գործընկեր Բարաք Օբամայի հետ պետք է ընթանան այն ուղղությամբ, որի մասին իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ երկուսն էլ հայտարարել են` օրինականության հաստատման և այդ գործում իրենց վճռականության մասին: Այնպես որ, ԱՄՆ պետքարտուղարության կողմից մեզ տրված այդ կոշտ գնահատականները, կարծում եմ, նաև Միացյալ Նահանգներում ներքին օգտագործման համար են: ԱՄՆ վարչակազմը, ասես թե, ամերիկացիներին ասելիս լինի` տեսեք, եթե մենք Հայաստանին նախատում ենք այս արատների համար, ապա մենք պետք է բարի լինենք և բարոյական գտնվենք սեփական երկրում դրանք նույնպես վերացնել: Ինչո՞ւ չէ, մեր հասցեին հնչած քննադատությունը մեծ նվեր էր թուրք-ադրբեջանական կողմի համար: Եվ հակված եմ մտածելու, որ ամենևին էլ պատահական չէր այն, որ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող ԱՄՆ կողմից ընդունված այդ երեք փաստաթղթերը` ԱՄՆ-ի պետքարտուղարության տարեկան զեկույցը, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը և ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածած հայտարարությունը կայացվեցին ս. թ. հունիսի 10-11-ին: Այսինքն` Միացյալ Նահանգներից Ահմետ Դավութօղլու գլխավորությամբ թուրքական պատվիրակության Թուրքիա վերադարձից հաշված օրեր անց: Եվ թուրքերին հատուկ երկդիմությամբ` վերադառնալուց երկու օր անց նրանք տեղական լրատվամիջոցները ողողեցին արտգործնախարար պարոն Դավութօղլու հայտարարություններով` վերջ Հայաստանի և Թուրքիայի միջև սառը պատերազմին, դա այլևս ավարտված է և «մենք պատրաստակամություն ենք հայտնում Հայաստանի հետ նորովի կառուցել մեր հարաբերությունները»: Կարելի էր դրանց հեղինակին կողքից հուշել, որ իր հիշատակած անգամ իսկ սառը պատերազմի ամենածանր տարիներին Եվրոպայում բացարձակապես ոչ մի սահման փակ չի եղել, եվրոպական և ոչ մի երկիր Սովետական Միության կողմից շրջափակման չի ենթարկվել: Այո, երբ համատեքստում խոսում են ժողովրդավարությունից, երբ խոսում են մարդու իրավունքներից, ապա դրանք առավել ազդեցիկ դարձնելու նպատակով կարելի էր նաև ինքնաքննադատորեն անդրադառնալ այն հարցին, որ 1993 թ. սկսած Թուրքիայի իշխանությունները միակողմանի փակել են հայ-թուրքական սահմանը` կոպտորեն խախտելով ազատ տեղաշարժվելու մարդու իրավունքը: Որ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման, բլոկադայի արդյունքում մեր հանրապետությունը տարեկան կտրվածքով կրում է նվազագույնը 700-850 մլն դոլարի վնաս: Այդ վնասները կրում են ճիշտ այն նույն գյուղացիները, որոնց կոչված էր օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Մեր զրույցը փոքր-ինչ լիցքաթափելու համար ասեմ, գիտե՞ք, թե այդ ծրագիրը ինչպես է ծնվել: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, 1980-2000 թթ. Միացյալ Նահանգները 170 մլրդ դոլարի օգնություն է հատկացրել աշխարհի 150 երկրի: Հետագայում Համաշխարհային բանկն ուսումնասիրել է, թե ինչպիսին է եղել այդ օգնության արդյունավետությունը: Արդյունքում պարզվել է, որ 150 երկրներից 100-ում արձանագրվել է, որ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալը 1076 դոլարից կրճատվել է` հասնելով 994 դոլարի: Դրանից ելնելով էլ` Ջորջ Բուշ Կրտսերը, ԱՄՆ օգնության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, 2004 թ. հիմնեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որին առ այսօր, եթե չեմ սխալվում, անդամակցում է 23 երկիր:

Ամփոփելով այս ամենը, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բարոյական իրավունք ունի ռազմաքաղաքական իր դաշնակիցներին ասել, որ արտաքին քաղաքականություն իրականացնելիս մեր երկիրը հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորությունների կատարմանը: Սակայն, վերջին հաշվով, մեր տարածաշրջանում Թուրքիայի գերիշխանություն հաստատելու նպատակի իրականացմանը խոչընդոտ լինելու փաստով են պայմանավորված Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները: Եվ Թուրքիայի դերակատարության բարձրացումը, Հարավային Կովկասում գերիշխանություն հաստատելը, ավա՜ղ, բխում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից: Կրկնում եմ, այդ խնդրի լուծմանը, փաստերը դա են վկայում, խոչընդոտ է հանդիսանում մեր երկիրը: Վերջերս Հայաստանի Հանրապետությունը առավել կոշտ գնահատականների արժանացավ նաև այն պատճառով, որ հայկական իշխանությունները, իսկապես, հեռատեսություն դրսևորեցին` անդավաճան գտնվեցին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ականջալուր եղան պրեզիդենտ Դ. Մեդվեդևի հորդորներին և չմասնակցեցին ս. թ. մայիսի 6-ից հունիսի 10-ը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Cooperative Longbow 09/Cooperative Lancer» զորավարժություններին: Ի դեպ, նշեմ, որ բացի մեր երկրից, դրանց չմասնակցեցին նաև Մոլդովան, Սերբիան, Ղազախստանը, Էստոնիան և Լատվիան, 6 երկիր: Ծրագրված էր, որ զորավարժություններին մասնակից երկրների թիվը կազմելու էր 19-ը: Այսինքն` երկրին պատժում են դաշնակցային պարտավորություններին հավատարիմ մնալու և մեր դաշնակիցներին նվիրված մնալու համար: Եվ այս պարագայում, կարծում եմ, մեր գլխավոր ռազմավարական դաշնակից երկիրը` Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես և նախկինում, ցույց կտա իր բարոյական, ինչո՞ւ չէ, նաև տնտեսական աջակցությունը Հայաստանին և իր հնարավորության շրջանակներում անպայմանորեն կնպաստի, մասնավորապես, գյուղական ճանապարհաշինության ծրագրերի կենսագործմանը: Մեր ժողովուրդը պետք է ականատեսը դառնա, որ երբ Հայաստանի Հանրապետությունը մինչև վերջ պարկեշտություն, բարոյականություն է դրսևորում թե՛ իր դաշնակիցների և թե՛, ինչու ոչ, իր բարեկամների նկատմամբ, ապա դրա հետևանքով նա չպետք է կրի ոչ բարոյական և ոչ էլ նյութական կորուստներ: Մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կայացման գործում մեր իշխանությունները ԱՄՆ-ին այս հարցում երբեք ու երբեք խնդիրների առաջ չեն կանգնեցրել: Ավելին, նրանք ենթարկվել են կոշտ, երբեմն դաժան քննադատության, ծանր հարվածներ են ստացել սեփական երկրում և ոչ միայն ընդդիմության կողմից: Եվ տարածաշրջանային զարգացումները գալիս են համոզելու` այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ մեր երկրի քաղաքական ընտրանին կոնսոլիդացիայի ենթարկվի, համախմբվի ու հասկանա, որ մենք ապրում ենք բախտորոշ ժամանակաշրջանում և որ խնդիրն ամենևին Հայաստանի ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության հետ և ոչ մի աղերս չունի, այլ պայմանավորված է նրանով, ինչի մասին հրապարակավ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` Վեժդի Գյունելը. «Հայաստանին պետք է ամեն գնով կտրել Ռուսաստանից և Իրանից»: Ահա այս շղթայում է պետք նայել, թե «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը ինչո՞ւ ի վնաս Հայաստանի նման կողմնակալ որոշում ընդունեց, ինչո՞ւ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հանդես եկավ կոշտ զեկույցով, ինչո՞ւ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ընդունեց հատուկ որոշում: Չէ՞ որ ձեզ հետ մենք շատ լավ գիտենք, որ մայիսի 31-ի ընտրությունների հաջորդ իսկ օրը Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 15 հոգուց բաղկացած մասնագիտացված պատվիրակությունը հունիսի 1-ի առավոտյան հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ ասվել էր, որ Երևանի ավագանու ընտրությունները հիմնականում համահունչ են եվրոպական չափանիշներին:

Ս. Թ. - Պարոն Գեղամյան, եթե թույլ կտաք, հաջորդ հարցս հենց այդ ընտրություններին է վերաբերում: Եվ այսպես, Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, և հենց երեկ տեղի ունեցավ մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը, և, ինչպես Դուք նշեցիք, բոլորս էլ գիտենք, որ թե՛ ընտրարշավի, թե՛ բուն ընտրության ընթացքում միջազգային դիտորդներն իրենց գնահատականներում նշել են, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցան եվրոչափանիշներին համապատասխան: Եվ, այո, Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը հենց հաջորդ օրը մամուլի ասուլիսում նշեց և նույնիսկ ողջունեց, որ Հայաստանը սեփական ներուժով նպաստեց տեղական ժողովրդավարության ներդրմանը: Եվ, ինչպես Դուք արդեն հիշատակեցիք, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նույնպես հանդես եկավ զեկույցով, որտեղ ողջունվում էր լրատվական դաշտի ապահովումը, բայց միևնույն ժամանակ նշվում էր, որ ընտրությունների վրա ստվեր էին գցում ընտրակեղծիքները, որ տեղի է ունեցել լցոնում, նաև սպառնալիքներ են եղել դիտորդների ու վստահված անձանց նկատմամբ: Հիմա խոսենք այս ամենի մասին, Ձեր գնահատականները:

Ա.Գ. - Իմ գնահատականն այսպիսին է. ինչ խոսք, իդեալական ընտրություններ չեն եղել, բայց ընտրական պրոցեսը պետք է դիտարկել իր շարժընթացի, դինամիկայի մեջ: Եթե մենք նայում ենք դինամիկայի մեջ, ապա ձեզ հետ համոզվում ենք, որ ընտրական անցած գործառույթներում առաջխաղացում, այնուամենայնիվ, արձանագրվել է: Իսկ ինձ համար առավել կարևորն այն է, որ արձանագրված խախտումների կապակցությամբ շատ արագ միջոցներ ձեռնարկվեցին հանրապետության Գլխավոր դատախազության, ներքին գործերի մարմինների կողմից այն բոլոր դեպքերի առնչությամբ, որոնք գրանցված են եղել և՛ դիտորդական առաքելության կողմից և՛, ինչու չէ, նաև վստահված անձանց բողոքներում: Քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում վերահաստատեց, որ այն բոլոր անձինք, ովքեր զբաղված են եղել ընտրակեղծիքներով, անպայմանորեն խիստ պատասխանատվության կենթարկվեն: Այստեղ հարկ է նշել, որ Երևանի ավագանու ընտրություններն ընդամենը պատրվակ էր, որպեսզի դրսից կարողանան միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին` նպատակ ունենալով Հարավային Կովկասում հասնել աշխարհաքաղաքական որոշակի խնդիրների լուծման: Խնդիրը հենց այս է, և կան ուժեր, որոնք ցանկացած գնով փորձում են դա անել ու բացարձակապես պատահական չէ, որ դրան է նաև ուղղված այն դրսևորումը, որի ականատեսը եղանք ձեզ հետ: Խոսքը հետևյալի մասին է. երեկ չէ առաջին օրը, հունիսի 10-ին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից մեկը հանդես եկավ հայտարարությամբ (կարծում եմ, այդ ելույթը միայն և միայն հայրենասիրական մղումներով էր դրդված), որտեղ ասվում էր. Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ փաստի առաջ կկանգներ մեր երկիրը, եթե հանկարծ առաջնորդվեինք նման պարզունակ հայրենասիրությամբ: Դրա արդյունքում Ադրբեջանն արդեն իսկ բարոյական բոլոր հիմնավորումները կունենար հայտարարելու` բա, որ ես ասում էի` Հայաստանի հետ միայն ուժի դիրքերից պետք է խոսել: Մատնացույց կանեին, որ բանակցային գործընթացի վճռական փուլին, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հունիս 4-ի Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հայտարարեց, որ առաջընթաց քայլ է արձանագրվել, Հայաստանն ընդունում է միակողմանի որոշում, որը վիժեցնում է բանակցային ողջ գործընթացը: Առավել ևս, երբ հուլիսին չի բացառվում, որ կարող է տեղի ունենալ Ալիև-Սերժ Սարգսյան հերթական հանդիպումը: Ավելին, արդեն իսկ շրջանառվում և խոսվում է այն մասին, որ չի բացառվում հուլիսի 6-ից 8-ը Բարաք Օբամայի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի ժամանակ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ որում, վերլուծաբանները հնարավոր են համարում, որ այդ հանդիպմանը նաև հրավիրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր): Եվ նման պատասխանատու փուլից առաջ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հնչում են նման հայտարարություններ: Ես դավադրությունների տեսության կողմնակիցը չեմ, բայց սիրում եմ փաստերը հրապարակել և թող բոլորս, հատկապես քաղաքականության մեջ ներգրավված մարդիկ, մեկ անգամ ևս վերլուծեն` արդյո՞ք պատահականություն է, որ երեքշաբթի օրը առավոտյան Դենիել Ֆրիդին փոխարինած Ֆիլիպ Գորդոնը` ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալը, որը մայիսի 15-ին այդ պաշտոնում փոխարինեց Դենիել Ֆրիդին, հանդիպում է ունենում «Ժառանգություն» խմբակցության առաջնորդի հետ, իսկ նույն օրը երեկոյան հայտարարություն է հնչում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: Ես մեր գործընկերների հայրենասիրության մեջ չեմ կասկածում, պարզապես ցանկացած հայտարարություն անելիս պետք է անպայմանորեն մեզ հաշիվ տանք` հնարավոր ի՞նչ հետևանքների կարող է դա հանգեցնել և այդ հետևանքները այսօր որքանո՞վ են պահանջված Հայաստանի Հանրապետության համար: Չէ՞ որ ամենևին էլ պատահական չէր, որ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը ոչ թե պաշտոնական էր, որտեղ բանակցություններ վարեցին, այլ այն անցավ ընթրիքի սեղանի շուրջ և արդյունքում քաղաքակական ոչ մի հայտարարություն չարվեց: Կնշանակի, ռազմաքաղաքական մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ներկայումս ձեռնպահ է մնում մեր տարածաշրջանի հետ կապված որևէ կտրուկ գործողություն կատարելուց: Որովհետև նա շատ լավ հասկանում է, թե ի՞նչ խմորումներ կան և ի՞նչ ուժեր են կանգնած այս շատ բարդ թնջուկի հետևում: Խնդիրը, որ հետապնդում են մեր երկրի հակառակորդները, մեկն է` պատրանք ստեղծել, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ռուսաստանից նեղացածի կեցվածք է ընդունել, որն էլ պարարտ հող կստեղծի, որ այդ «Nabucco» կոչվածն անցնի Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա` շրջանցելով Ռուսաստանը: Ահա, հիմա, դրդելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, մենք նման վտանգավոր քայլ կատարելով` անկանխատեսելի ու անհուսալի գործընկերոջ համարում ձեռք կբերենք, կվանենք մեզնից Ռուսաստանին, որովհետև այդ պարագայում նույն Թուրքիան, Ադրբեջանը, նույն Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կեզրակացնեն, որ Հայաստանի Հանրապետությունն առանց իր ռազմաքաղաքական դաշնակցի` Ռուսաստանի հետ համաձայնեցնելու նման քայլ չէր կատարի: Ահա այս բարդ իրավիճակում որոշակի մարդկանց, քաղաքական որոշակի ուժերի կարելի էր խորհուրդ տալ` պետք է տասը անգամ մտածել, որից հետո նոր քաղաքական նման հայտարարությամբ հանդես գալ: Չնայած այդ հայտարարությունները, իրենց վտանգավորությամբ հանդերձ, իրենց մեջ նաև դրական լիցք էլ են կրում: Եվ գիտե՞ք, թե ինչու: Լսելով այդ բովանդակությամբ հայտարարություններ և իմանալով, թե քաղաքական յուրաքանչյուր ուժ աշխարհաքաղաքական ի՞նչ հայացքների կրող է, դու արդեն տրամաբանելով կարող ես որոշել, թե նման հարցադրումների, այդ հայացքների կրողների թիկունքում ուժի միջազգային որ կենտրոնն է կանգնած, ի՞նչ խաղ էր ուզում ձեռնարկել այդ ուժը մեր տարածաշրջանում` ներքաշելով դավադրության մեջ և Հայաստանի Հանրապետությունը: Մենք, հայերս, գոնե այս անգամ, ի սկզբանե, պետք է օգտվենք հայի վերջին իմաստության խորհրդանիշ դարձած հայի «հետին խելքի» գաղափարից:

Ս.Թ. - Պարոն Գեղամյան, տարածաշրջանային խնդիրներից դեռ անպայման կխոսենք, նորից դառնանք Երևանի ավագանու ընտրություններին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության գնահատականին, որը եզրափակվում է հետևյալ դիտարկմամբ. չնայած ընտրություններն անթերի չէին, սակայն Երևանի խորհրդում մի ընդդիմադիր կուսակցություն ստացել է զգալի ձայներ և կոչ էր արվում ընդդիմության առաջնորդներին «ընդունել խորհրդում իրենց մանդատներն և ներկայացնել իրենց ընտրողներին Երևանի ղեկավարման գործում իրենց ակտիվ և լիարժեք մասնակցությամբ»:

Ա.Գ. - Շատ ողջունելի կոչ է և ասեմ, որ նման մոտեցման պահանջված լինելն ինքս ինձ վրա եմ զգացել: Այսպես, 2003 թ. Ազգային ժողովի ընտրություններից հետո «Ազգային Միաբանություն» խմբակցությունը, պահանջելով անցկացնել Սահմանադրական դատարանի կողմից առաջարկված ՀՀ Նախագահի վստահության հանրաքվե, ինչպես հիշում եք, բոյկոտել էր Ազգային ժողովի նստաշրջանները: Սակայն այդ նույն ժամանակաշրջանում, ակտիվորեն մասնակցում էինք Ազգային ժողովի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Մասնավորապես, այդ շրջանում ես թուրքերի, ադրբեջանցիների համար մի քանի շատ ծանր ելույթներ եմ ունեցել Ստրասբուրգում, Վիեննայում, Եվրախորհրդում և ԵԱՀԿ-ում: Կրկնում եմ, բայց ԱԺ նիստերին չէինք մասնակցում: Հետո գործընկերներով քննարկեցինք, թե բոյկոտից մեր շահածը ո՞րն է: Մենք, փաստորեն, ԱԺ ամբիոնը կորցնում ենք, դրա ընձեռած հնարավորությունները չենք օգտագործում և մարդկանց, մեր ընտրողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ պարզապես ասելիք չունենք: Որոշվեց դադարեցնել բոյկոտը: Այսօրվա պես հիշում եմ` գնացինք, մասնակցեցինք նիստին, որի ժամանակ քննարկվում էր ամենածանր հարցը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանում Իրաք գործուղելու մասին: Խնդրո առարկայի շուրջ ես երկու անգամ ելույթ ունեցա, որովհետև ես դրա լրջությունն ու կարևորությունն էի հասկանում: Հասկանում էի, որ նման բարդ իրավիճակում ամենադյուրինը, թերևս, կլիներ մի կողմ քաշվել ու տեսնել, թե ի՞նչ կանեն իշխանական ուժերը, որովհետև ցանկացած որոշման դեպքում կարող էր մի դաշնակիցը նեղանար, մյուսը չհասկանար, երրորդ բարեկամը ողջուներ: Բայց մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտեցինք: Անցել է չորսուկես տարի, խոստովանեմ, որ ինձ համար անակնկալ էր, ըստ որում, դրական անակնկալ, երբ հիմնական զեկուցողը` այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իր եզրափակիչ ելույթում ասաց, որ, թերևս, Գեղամյանի ելույթից հետո կարելի էր ընդհանրապես այս քննարկումը սահմանափակել, որովհետև բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին: Արդյունքում` ԱԺ-ն ընդունեց երկրի համար հույժ կարևոր որոշում: Ասածս այն մասին է, որ տվյալ դեպքում Երևանի ավագանու այդ ամբիոնը, եթե ասելիք ունես, եթե սիրտդ ցավում է երկրիդ, քաղաքիդ համար, պետք է բոլոր հնարավորություններն օգտագործես: Ես գտնում եմ, որ «Ազգային Միաբանություն» խմբակցությունը, բոյկոտելով ԱԺ նիստերը, քաղաքական սխալ էր թույլ տվել և դրանում մեղքի մեծ բաժինը իմն էր, որովհետև ցանկացած որոշում կայացնելիս որոշիչը, այնուամենայնիվ, իմ ձայնն էր, և մենք մի քանի ամիս, ըստ էության, անարդյունավետ օգտագործեցինք: Հիմա, այս դեպքում, ընտրապայքարի ընթացքում հիասքանչ հարցադրումներ են եղել ավագանու թեկնածուների կողմից, ինչո՞ւ չէ, նաև Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում օգտակար առաջարկներ էլ կան: Գնացեք, պայքարեք, և եթե գործող մեծամասնությունը, տվյալ դեպքում` Հանրապետական կուսակցությունը, նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (ըստ որում, օգտվելով առիթից սրտանց շնորհավորում եմ նրան քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ) ժողովրդին տված խոստումները չկատարեն, ապա դիմեք ընտրողներին, ասեք` ժողովուրդ, տեսեք, այս մարդիկ անգամ իսկ այն, ինչը հնարավոր էր անել, այն, ինչն այսօր խիստ պահանջված է երևանցիների համար, անգամ իսկ դա չեն իրականացնում: Եվ ժողովուրդը, եթե նման դրսևորումների ականատեսը դարձավ, ապա, անշուշտ, կմտածի` միգուցե՞ սխալ է կատարել իր ընտրությունը, միգուցե՞ ճիշտ կլիներ ՀԱԿ-ին ավելի շատ քվեներ տրվեր և ոչ թե 70000 հազար: Կարծում եմ, այն մարտավարությունը, որն ընտրել է ՀԱԿ-ը, պայքարի պասիվ ձև է: Ուրիշ բան, որ ստեղծված իրավիճակում նրանք նույնպես պայքարում են, բայց պայքարում են ոչ թե հանուն Երևանի, ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ` ընդդեմ Հայաստանի պետականության: Ասվածի ամենավառ ապացույցն այն էր, որ հունիս 1-ի հանրահավաքում, երբ արդեն իսկ հրապարակվել էին Եվրախորհրդի ձեր հիշատակած կոնգրեսի դրական գնահատականները, այսինքն` պաշտոնական առաջին գնահատականն արդեն հնչել էր, մատենադարանամերձ հրապարակից հայտարարում էին, որ խայտառակ ընտրությունների արձագանքները մենք դեռ կտեսնեք և դրանք կլինեն ճնշումների տեսքով: Ասես թե` կոնգրեսը, նախօրոք, տեղեկացված էր, թե ի՞նչ խմորումներ են լինելու մեր տարածաշրջանում, թե նախանշված ի՞նչ սցենարներ կան: Եվ ես չեմ բացառում, որ, այո, նրանք տեղեկացված էին ընթացող զարգացումների մասին: Կրկնում եմ, այսօր մեր տարածաշրջանում ձևավորվում է աշխարհաքաղաքական մի նոր բևեռ, և դա բոլորից պահանջում է լինել ավելի խոհեմ ու հեռատես, որ սեփական երկրին վնաս չպատճառեն: Եվ այդ նոր բևեռի ձևավորման ճանապարհին Հայաստանի դերակատարությունը թերագնահատել կարող են միայն թերուսները: Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ և շատ է բարձրացել մեր երկրի կարևորությունը, շնորհիվ հաշվենկատ նախաձեռնողական արտաքին քաղաքականության մենք դարձել ենք աշխարհաքաղաքական բավականին դրական և մեծ դերակատություն ունեցող սուբյեկտ, որի հետ բոլորը հաշվի են նստում: Անցած 17 տարիների ընթացքում այդ ե՞րբ էր եղել, որ մեկ շաբաթվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը երկու անգամ հաղորդակցվեր Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ, ԱՄՆ նախագահը դիմեր մեր Հանրապետության Նախագահին: Դա խոսում է այն մասին, որ, կնշանակի, հաշվի են նստում մեզ հետ: Կնշանակի, ցանկանում են, թե չեն ցանկանում, բայց գոնե հասկանում են, որ Հայաստանի հետ պետք է խորհրդակցել: Ավելին, մեկ տարվա ընթացքում տասից ավելի հանդիպումներ են եղել մեր Նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև: Սա պատահականություն չէ, մեծ քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում: Եվ մենք, ահա, այս ամենը պետք է կարողանանք ձեզ հետ ծառայեցնել մեր պետության շահերին, դրա արդյունքում մեր երկրի, մեր պետության համար մաքսիմումը քաղած լինենք, առավելագույն օգուտը բերած լինենք: Չէ՞ որ մենք ձեզ հետ գիտակցում ենք, թե ի՞նչ վտանգավոր ժամանակաշրջանում է հայտնվել մեր տարածաշրջանը:

Ս.Թ. - Պարոն Գեղամյան, դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների մասով, ինչպե՞ս եք գնահատում վերջին զարգացումները, մասնավորապես, առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու փորձերի ֆոնին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները և ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին արտգործանարար Դավութօղլուի արած հայտարարությանը:

Ա.Գ. - Գիտեք, թուրքական դիվանագիտությունը հայտնվել է շատ անորոշ վիճակում: Իր դրած ծուղակի մեջ հենց ինքն է հայտնվել, և դրա ամենահամոզիչ ապացույցն այն է, որ Թուրքիայի առաջին երկու դեմքերը վերջերս հանդես են գալիս գրեթե իրարամերժ հայտարարություններով: Մասնավորապես, նախագահ Աբդուլլահ Գյուլը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասում է, որ, այո, մենք պետք է ամեն ինչ անենք այդ հարաբերությունները շտկելու համար, նաև անուղղակիորեն նշում է` առանց նախապայմանների: Ճիշտ այդ նույն ժամանակաշրջանում, վերջին 2-3 ամսվա պատմություններն եմ հիշատակում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում Գերհարդ Շրյոդերի ծննդյան արարողությունից հետո մամուլի ասուլիս է հրավիրում, որտեղ հայտարարում է` բացարձակապես հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցում, նորմալացում, եթե դրանց զուգահեռ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, եթե Հայաստանի Հանրապետության զորքերը դուրս չբերվեն այդ տարածաշրջանից: Իսկ ահա Ահմետ Դավութօղլուն, անցած երկու օրերին գրեթե հեղեղել էր թուրքական ողջ մամուլը, և, ինչու չէ, նաև արևմտաեվրոպական մամուլը իր հայտարարություններով, որոնց համաձայն, Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան նոր էջ է բացում, վերջ է դնում սառը պատերազմին: Ուշագրավ է, սրանից մոտ 20 օր առաջ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվելիս` Բաքվում Դավութօղլուն արել էր մեկ այլ հայտարարություն նույնպես. «Ես եկել եմ Ադրբեջան որպես իմ երկրորդ հայրենիք»: Կարծում եմ, հասկանալի է, որ եթե ձեզ հետ այդ ամենն արձանագրում ենք, ուրեմն, համոզված եղեք, որ միջպետական հարաբերություններին վերաբերող հարցերի մեջ խորացած էքսպերտները, փորձագետները նույնպես այդ ամենը գրանցում են: Եվ ոչ միայն գրանցում, այլև հասկանում են մի բան. այսօր Թուրքիան Հայաստանի նկատմամբ չի իրականացնի այնպիսի ճնշումներ, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման, նա նման քայլի չի գնա, չի դիմում այդ քայլին, որովհետև գիտակցում է, որ դրա արդյունքում կպարտվի: Նրանք հասկանում են, որ 2009 թ. Ռուսաստանը, չնայած ճգնաժամին, ելցինյան նախկին Ռուսաստանը չէ, որի էկոնոմիկան քայքայված էր, ռազմական հզորությունը` թուլացած, այսօր դա բացարձակապես ուրիշ երկիր է: Մյուս կողմից, թուրքերը նաև գիտակցում են, որ մեր տարածաշրջանում հզորանալու միայն մի ճանապարհ ունեն, սեփական դերակատարությունը բարձրացնելու եզակի ուղին մեկն է: Թուրքիան պետք է վարվի այնպես, ինչպես Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում, հունիսի 4-ին հրապարակավ հայտարարել էր Վեժդի Գյունելը, այն է` պետք է Հայաստանը կտրել Ռուսաստանից, Հայաստանը պետք է կտրել Իրանից:

Ես կարծում եմ, որ այս վճռական ժամանակաշրջանում եկել է ժամանակը, որ մեր արտաքին քաղաքականություն իրականացնող գերատեսչությունը հանդես գա համապարփակ հայտարարությամբ, ի մի բերելով, թեկուզ, վերջին մեկ տարվա կատարած աշխատանքը, իսկ աշխատանքը, պետք է ասել զգալի է, մատնանշելով նաև այն դժվարություններն ու վտանգները, որոնք, անտարակույս, դարանակալած են մեր երկրի առաջ նրա արտաքին քաղաքականության բնագավառում: Առավել ևս, որ հրապարակում կան բավականաչափ լուրջ վերլուծական նյութեր` կապված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարցերի հետ: Մասնավորապես, շատ հետաքրքիր վերլուծություններով էր հանդես եկել քաղաքագիտության դոկտոր, գեներալ Հայկ Քոթանջյանը, մեր ուրիշ քաղաքագետների մոտ նույնպես կան նյութեր: Գտնում եմ, որ անհրաժեշտ է հրապարակում եղած արժեքավոր բոլոր վերլուծություններն ի մի բերել, կազմել անալիտիկ լուրջ փաստաթուղթ և հրապարակել, որպեսզի մեր գլխավոր ռազմական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, բարեկամ երկրները, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղեկացված լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը պարկեշտ է և իր պայմանավորվածություններին հավատարիմ մնալու քաղաքականության իրականացման արդյունքում շոշափելի կորուստներ է կրել: Որ մեր բարեկամ Միացյալ Նահանգները նույնպես գիտակցեն, որ ՀՀ իշխանությունները, ականջալուր լինելով Միացյալ Նահանգների հորդորներին հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ընդառաջ գնալով, դրսևորեցին մեծ խոհեմություն, որի արդյունքում ուժգին հարվածներ ստացան թե՛ երկրի ներսում, թե՛ դրսից: Ըստ որում, այդ հարվածների հիմնական նշանակետը դարձավ Հանրապետության Նախագահը: Պետք է բոլորը հասկանան և գիտակցեն, որ պարկեշտությունը չպետք է դատապարտվի անգամ մեծ քաղաքականության մեջ: Պետք է բոլորին պարզ լինի, որ միակողմանի զիջումներ չեն լինում, ինչը, ըստ էության, ուզում են կորզել մեր երկրից: Եթե Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այդքան հարվածներ են ընդունել, ապա թող բարի լինեն կոմպենսացնել դրանք և ոչ թե դադարեցնեն 68 մլն դոլարի «Գյուղական ճանապարհներ» ենթածրագրի կատարումը: Այստեղ մի դիտարկում էլ անենք. ես շատ բարձր եմ գնահատում այն օգնությունը, որը ցույց է տվել Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը անկախության շրջանում, դա ավելի է, քան 2 մլրդ դոլարը, բայց դրա հետ մեկտեղ կան հարցեր, որոնք իրենց հերթին նոր հարցեր են առաջացնում: Մի ուշագրավ փաստի մասին էլ հիշեցնեմ. անցյալ տարի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան` «Millennium Challenge Corporation»-ը, դադարեցրել էր օգնությունը Նիկարագուային: Եվ դրա հիմնական պատճառը, ինչպես նշում են վերլուծաբանները, ոչ թե հայտարարվածը, այն էր, որ Նիկարագուայի կառավարությունը Դանիել Օրտեգայի գլխավորությամբ ճանաչել էր Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը: Ուրեմն, եթե մենք, իրոք, ժողովրդավարության և մարդու իրավունքների կողմնակիցներն ու ջատագովներն ենք, ապա եկեք դա չկապենք աշխարհաքաղաքական խնդիրների հետ: Պարզ և պարզ ասեք, որ, գիտեք ինչ, այսպես է, եթե դուք մեզ բարեկամ եք, ապա հաշիվ տվեք ձեզ, որ մեր հատկացված օգնությունը 235 մլն 600 հազար դոլարի չափով, որը նախատեսված է այդ ծրագրի շրջանակներում, պարտավորեցնում է ձեզ այս և այն հարցերում դրսևորել քաղաքական որոշակի վարքագիծ: Եթե նման մոտեցումն ընդունելի է, ապա շարունակում ենք ծրագրեր իրականացնել, եթե ոչ` դադարեցնում ենք: Այս մոտեցմանը չխառնենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Դրանք, ինչ խոսք, կարևոր հարցեր են, բայց տվյալ դեպքում եկեք տեսեք, որ հիմնական խնդիրներն այլ հարթության վրա են: Եվ մի դիտարկում էլ. 1776 թ. Ամերիկայի Միացյալ Նահանգները անկախացան, 200 տարուց ավել պահանջվեց, որ մարդու իրավունքների բնագավառում ամենակոպիտ խախտումներն այնտեղ հաղթահարվեն, որ ռասայական սեգրեգացիան վերացվի: Սակայն, ինչպես վկայեցին նույն Բարաք Օբամայի շատ ընդունելի վերջին ելույթները, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները դեռ մինչև վերջ չեն հաղթահարվել, որի ապացույցը Գուանտանամոյի բանտում տիրող բարքերն են, մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը չերաշխավորող գործառույթներն են, ֆիզիկական ուժի ներազդեցության կիրառման հետ պայմանավորված իրողությունները, և այլն, և այլն:

Ս.Թ. - Պարոն Գեղամյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին փուլը:

Ա.Գ. - Այն բոլոր հարցերը, որոնց շուրջ ձեզ հետ խոսեցինք, ահա այդտեղ պետք է փնտրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ես կարծում եմ, որ խնդրո առարկայի կապակցությամբ Նախագահի որդեգրած քաղաքականությունն արդարացված է: Ասեմ, թե ինչո՞ւ եմ այդպես մտածում: Հայերիս տեսակետից, Հայոց պետականության, Լեռնային Ղարաբաղի անկախության տեսանկյունից, եթե վարվող քաղաքականությունն արդարացված չլիներ, ապա ինչու պետք է Թուրքիայի մերձավոր դաշնակից ամերիկացիները այս ճգնաժամային վիճակում մեզ ճնշեին, էլ ինչու պիտի թուրքերն օրումեջ Լեռնային Ղարաբաղի հարցը կապեին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, սահմանի բացման հետ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունն այնպիսին է, որ չի գոհացնում թուրք-ադրբեջանական կողմին: Իսկ եթե չի գոհացնում հակառակ կողմին, բնականաբար, նշանակում է, որ այն հայանպաստ քաղաքականություն է: Այնպես որ, պետք է կարողանալ ընդունած գիծը պահել, իսկ դրան հասնելու կարևորագույն գործոններից մեկը, ինչպես ասացի, ազգի կոնսոլիդացիան է, իսկ երկրորդ, ոչ պակաս, եթե չասենք հավասարազոր գործոնն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դրսից ստացած 1.5 մլրդ դոլարից ավելի վարկերը կարողանա նպատակային օգտագործել: Եվ չստացվի այնպես, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամն իր հերթական զեկույցում կրկին նշի` Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 8 երկրներից տնտեսության առումով բոլորից անմխիթար վիճակն այսօր Հայաստանի Հանրապետությունում է: Եվ դա տեղադրված է իրենց պաշտոնական «International Monetary Fund» կայք-էջում: Առավել ևս, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոնե Վարուդակիսը հարկադրված չլինի հայտարարել, որ 2009 թ. Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կկրճատվի 9-9,5%-ով, որպեսզի 2009 թ. հունվար-մայիսին չարձանագրվի ՀՆԱ-ի ավելի քան 15%-ի անկում:

Ս. Թ. - Պարոն Գեղամյան, թերևս, վերջին հարցը, և որին Դուք մոտեցաք: Խոսենք նաև համաշխարհային տնտեսությունը ցնցած ճգնաժամի մասին, և եթե ճգնաժամի բացասական ազդեցության առաջին ալիքին Հայաստանը կարողացավ դիմակայել, ապա խուսափել ճգնաժամի ազդեցությունից մեզ, ինչպես և յուրաքանչյուր այլ երկրի չհաջողվեց: Բավարար համարո՞ւմ եք կառավարության քայլերը ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ և, ըստ ձեզ, հակաճգնաժամային քաղաքականության ո՞ր սկզբունքներն է անհրաժեշտ, պարտադիր է որդեգրել:

Ա.Գ. - Ցավոք, կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությունն անբավարար եմ գնահատում`անձնական շատ լավ հարաբերություններ ունենալով մեր ուսյալ և կիրթ վարչապետի` Տիգրան Սարգսյանի հետ: Եվ ապացույցն այն է, որ հիշատակածս 8 երկրներից` Ադրբեջան, Վրաստան, Տաջիկստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Հայաստան, Ղազախստան, բոլորից ցածր ցուցանիշ կանխատեսում են, որ կլինի Հայաստանում, և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկումը կկազմի 5 %: ՀՆԱ-ի անկման առումով մեզնից հետո գալիս է Ղազախստանը, որտեղ կանխատեսում են 2 %-ի հասնող անկում, մինչդեռ մնացած բոլոր երկրներում լինելու է դրական շարժընթաց, այսինքն` արձանագրվելու է համախառն ներքին արդյունքի աճի տեմպ: Այդ նույն զեկույցում 2010 թ. Հայաստանում կանխատեսվում է զրոյական աճի տեմպ, իսկ Ադրբեջանում` ՀՆԱ-ի 12,3%-ի աճի տեմպ: Եվ այդ ֆոնին մի ուշագրավ դիտարկման մասին ևս նշեմ. անցած չորս ամիսների ընթացքում մեզ հոգնեցրին Արժույթի Միջազգային Հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ամենատարբեր տրամաչափի չինովնիկների այցելությունները Հայաստանի Հանրապետություն, որոնք ուղեկցվում էին նրանց ամպագոռգոռ հաշվետվություններով առ այն, որ մեր երկրի կառավարությունը ձեռնարկում է խորաթափանց, անգամ իսկ ուսանելի միջոցառումներ ճգնաժամը հաղթահարելու համար: Եվ ի՞նչ, արդյունքում մեր էկոնոմիկան այդ 8 երկրների մեջ հայտնվեց վերջին տեղում: Եվ այստեղ ես կասկածում եմ` արդյո՞ք դա էլ մեր տարածաշրջանում իրականացվող գլոբալ քայքայիչ ծրագրի բաղկացուցիչ մաս չէր, այն է` Հայաստանի Հանրապետությունն այս ճգնաժամի արդյունքում հասցնել տնտեսական այնպիսի ծանր վիճակի, որ նա, կամա թե ակամա, ավելի հնազանդ լինի արտաքին քաղաքական ոլորտում զիջումներ կատարելու ուղղությամբ: Եվ պատահակա՞ն է, որ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի եռուն շրջանում մեզ դոլարով են պատժում, 68 մլն դոլարից զրկելով են պատժում: Այ, երբ այս բոլոր հարցերը համադրում ես, ապա կարծում ես, որ, այո, կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագիրը, ցավոք, անբավարար է եղել: Վերջերս, հունիսի 4-ից 6-ը, Սանկտ Պետերբուրգում Միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցների շրջանում շատ հետաքրքիր ուսումնասիրություն էին կատարել: Ըստ որում, մինչև կատարված հետազոտությանն անդրադառնալը նշեմ, որ ֆորումի աշխատանքներին մասնակցում էին 83 երկրներից ավելի քան 3500 պատվիրակներ, որոնց թվում կային էկոնոմիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տրանսազգային կորպորացիաների պրեզիդենտներ, երկրների նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Ֆորումի կազմակերպիչները տարածել էին հարցաթերթիկ և հարցախույզ էին անցկացրել, թե առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կառավարությունները ճգնաժամի հաղթահարման ճանապարհին: Արդյունքում` հարցվածների 39%-ը գտել էր, որ կառավարությունները առաջնահերթ կարգով պետք է «вкладываться в инфраструктуру», այսինքն` նախևառաջ անհրաժեշտ է ներդրումներ կատարել ինֆրակառուցվածքի մեջ: Խոսքը ճանապարհաշինության, բնակարանային շինարարության, կոմունիկացիաների այլ միջոցների, սպասարկման ենթակառուցվածքների մեջ լայնածավալ ներդրումներ կատարելու առաջնության մասին է: Եթե այս տեսանկյունից մոտենանք, ապա առաջին հայացքից կարող է թվալ, որ մեր կառավարությունը, մասնավորապես, ֆինանսավորելով էլիտար շինարարություն իրականացնող «Էլիտ Գրուպ» կազմակերպությանը, դրական գործ է կատարել: Սակայն դա միայն առաջին հայացքից կարող է այդպես երևալ: Ինչո՞ւ, որովհետև վերջերս, շուրջ երկու ամիս առաջ, երկրի վարչապետը իր հեռուստաելույթներից մեկում ասել էր, որ միայն Երևան քաղաքում այսօր 4000-ից ավել չբնակեցված բնակարան կա: Այդ բնակարանները պարզապես գնորդներ չունեն: Դրա պատճառը պարզ է` երկրում սպառողական պահանջարկը ընկած է, ժողովրդի ձեռքում փողը խիստ պակասել է: Հիմա այս պայմաններում, բանկերից վարկավորվելու նպատակով կառավարությունը պետական երաշխիքներ է տրամադրել շինարարական այդ կազմակերպությանը, որը շնորհաշատ կազմակերպություն է, սակայն դրանից ի՞նչ կշահի ճգնաժամում հայտնված ՀՀ տնտեսությունը: Լավ, թող լրացուցիչ ևս 500-1000 նոր էլիտար բնակարան էլ շահագործման հանձնվի, դրանով մենք ի՞նչ հարց ենք լուծում: Ընդունենք, մի քանի ամսով էլ շնչառություն հաղորդեցինք շինարարական ինդուստրիայի մի քանի ձեռնարկությունների: Բա դրանից հետո ի՞նչ ենք անելու: Չէ՞ որ եթե բացակայում է սպառողական պահանջարկը, ապա ազատական տնտեսության պայմաններում անհնարին է ընդլայնված վերարտադրություն կազմակերպել: Կնշանակի, ստեղծված իրավիճակում կառավարության կողմից որդեգրված նման մոտեցումն այնքան էլ արդարացված չէ: Եվ հաջորդ կարևորագույն գործողությունը, որը պետք է իրագործվի ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Համաձայն Սանկտ Պետերբուրգի ֆորումի մասնակիցների հարցման արդյունքների` դա «необходимость расчищать банковскую систему», այսինքն` պետք է լինի «բանկային համակարգը խոչընդոտներից ազատումը»: Այս տեսակետն էին հայտնել հարցվածների 38%-ը: Ինքնին հասկանալի է, որ բանկային համակարգը էկոնոմիկայի համար արյունատար անոթի դերակատարություն ունի` հանդիսանալով այն ֆինանսներով սնուցող միջոց: Ուստի, շատ կարևոր է, որ բանկերն ազատված լինեն իրենց այդ հիմնարար առաքելությունը կատարելու ճանապարհին եղած խոչընդոտներից: Արյունատար անոթ ասելով, կրկնում եմ, ի նկատի ունեմ այն, որ բանկային համակարգի միջոցով հարկ է դրամական միջոցները ժամանակին հասնեն հասցեատերերին, այն է` նյութական արտադրության, առևտրի, սպասարկման ոլորտները: Եվ ամենակարևորն է, որ դրանք` վարկերը դյուրին, մատչելի լինեն վարկառուների համար: Սրանք շատ լուրջ հարցեր են, դրանց վերաբերյալ որոշակի վերլուծություններ եմ արել, և այդ նյութը հանձնել եմ մեր հարգարժան Գագիկ Մկրտչյանին` «Հայոց Աշխարհի» խմբագրին: Կարծում եմ, եթե նա գտավ դրանց արդիականությունը, ապա նա դա կտպագրի և եթե Մեծն Շիրազն ասում էր` «Սերս գաղտնի թող մնա», այս պարագայում իմ կողմից ներկայացված հակաճգնաժամային առաջարկները թող գաղտնի չմնան: Եթե դրանք տպագրեն, կարծում եմ, դա կլինի իմ կողմից մեկնած օգնության ձեռք` կառավարության ֆինանսական և տնտեսական բլոկին:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր