Գեղամյանը բացատրեց, թե ինչու է ուզում, որ Ադրբեջանն ու ԼՂՀ-ն անդամակցեն ԵՏՄ-ին

03.07.2014, Yerkir.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Բաքվում ԵԱՀԿ ԽՎ 23-րդ նստաշրջանին մասնակցած հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը գտնում է, որ Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ իր հայտարարությունը ադրբեջանական haqqin.az ադրբեջանական լրատվական կայքը այլ կերպ է ներկայացրել, հետո իրենց սխալն ուղղել են: «Ես ասել եմ` ճիշտ կլինի, որ ԼՂՀ-ն, հանդիսանալով միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, անդամակցի ԵՏՄ-ին, ինչպես նաև` Ադրբեջանը: Դա հնարավորություն կընձեռի, որ աշխուժանան տնտեսական կապերը երեք պետությունների միջև, և, բնականաբար, կվերանան սահմանները: Դա կնպաստի տևական և կայուն խաղաղություն սահմանել մեր տարածաշրջանում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով` իր այդ դիրքորոշումը առաջին անգամ հնչել է դեռ ամիսներ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, սակայն այդ ժամանակ Հայաստանում քար լռություն էր իր այդ դիրքորոշման վերաբերյալ, բայց ամիսներ անց, երբ Բաքվում է հայտարարել նույն բանը, Հայաստանում ու Ադրբեջանում իրար են խառնվել, և դա միայն բացասական է անդրադառնում այդ իրար խառնվողների վրա: Մեր այն դիտարկմանը, որ այդ հակազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դա հայտարարվել է Բաքվում հայկական պատվիրակության ղեկավարի կողմից, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Առավել ևս, շատ ավելի լավ, այսինքն` ամբողջ հետխորհրդային երկրների դատին է դա հայտնվել, և, բացի գովասանքից, չի եղել ուրիշ կարծիք:

Կգա ժամանակ, կհասկանան այդ դիրքորոշումը: Թու, թու, թու, իմ հիմնավորումները բավականին լուրջ են ու անխոցելի»: Նա նշեց, որ դեռ ամիսներ առաջ ասել է, որ, իր կարծիքով, ԼՂ կոնֆլիկտը կարող է լուծվել Էլզասի և Լոթարինգիայի օրինակով, որի համար բազմաթիվ անգամ միմյանց հետ կռվել են Ֆրանսիան և Գերմանիան: Եվ որ ԵՄ-ն ստեղծած եվրոպացիները գտել են կոնֆլիկտի լուծման իմաստուն որոշում, և հիմա Էլզասի սիրտը` Ստրասբուրգը, միավորված Եվրոպայի երկրորդ մարաքաղաքն է: Ուստի, Գեղամյանի խոսքով, թող Ադրբեջանը մտնի ՄՄ, այդ դեպքում կբարձրացվի ԼՂ հարցը, որպեսզի մայրաքաղաք Ստեփանակերտը դառնա մշակութային, էկոլոգիական և քաղաքական մայրաքաղաք: «Հիմա թե ինչո՞ւ այսպես խառնվեցին, դա հասկանալի է, որովհետև ԼՂՀ մուտքը ԵՏՄ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հաստատումն այն փաստի, որ ԵՏՄ հիմնադիր անդամները, ի դեմս ԼՂՀ-ի, տեսնում են միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտի: Եվ դա խուճապ է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև այստեղ` բոլոր այն չակերտավոր կազմակերպությունների, քաղաքագետների մոտ, ովքեր տարիներ շարունակ դրսից գրանտներ են ստանում` նպատակ ունենալով անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում սերմանվեն հակառուսական տրամադրություններ, և որպեսզի դնեն խոչընդոտներ ԵՏՄ-ին Հայաստանի և ԼՂՀ-ի անդամակցության համար»,- ասաց Գեղամյանը:

Հարցին` արդյո՞ք Բաքվում հայտարարել է, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը կօգնի ԼՂ խնդրին, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Անտարակույս, ես հայտարարել եմ, որ միջազգային իրավունքի երեք ինքնուրույն սուբյեկտների անդամակցությունը նույն տնտեսական կազմակերպությանը, անշուշտ, կնպաստի բնականոն տնտեսական կապերի զարգացմանը, բլոկադայի վերացմանը»: Իսկ արդյո՞ք այդ հայտարարությունը հակասության մեջ չի մտնում երկրի նախագահի այն հայտարարության հետ, որ ԼՂ կոնֆլիկտը կապ չունի ԵՏՄ-ի հետ, և որ դրանով պետք է զբաղվի Մինսկի խումբը, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Իսկ ես չեմ ասել, որ կապ ունի, ես ցանկություն եմ հայտնել, որ ԼՂՀ-ն, որպես դե ֆակտո կայացած երկիր, անդամակցի ԵՏՄ-ին: Իմ ասածը բացարձակ չի հակասում հանրապետության նախագահի պնդմանը, որի հետ, ես, ինչ խոսք, համաձայն եմ»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր