ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 28 հունիսի 2006 թ.)

Հարգելի գործընկերներ, մենք ձեզ հետ ականատեսն ենք, երբեմն էլ մասնակիցները քրիստոնեական, մահմեդական և հրեական քաղաքակրթությունների աղափարական հակադրությունների: Մարդկության ճակատագրի համար մեծագույն չարիք կլինի, եթե սառը պատերազմի տխրահռչակ ժամանակները հիշեցնող այդ հակադրությունների փոխարեն բախումներ սկսվեն կրոնական, ազգային և մշակութային տարբեր արժեքներ կրող հանրությունների միջև: Նման բախման վտանգը իրավացիորեն նկատել է Սեմյուել Հանտինգտոնը. «Մահմեդականներն ավելի հաճախակի ասում են, որ Արևմուտքը ոչ թե պարզապես հետևում է անկատար կեղծ կրոնին, որը, այնուամենայնիվ, հանդիսանում է «Սուրբ գրքի կրոն», այլ որ այն ընդհանրապես ոչ մի կրոն չի դավանում: Մահմեդականների աչքերում Արևմուտքում եկեղեցու անջատումը պետությունից, անհավատությունը, իսկ, հետևաբար, և անբարոյականությունն ավելի վատ չարիք են, քան դրանք ծնած արևմտյան քրիստոնեությունը»:

Արևմտաքրիստոնեական բարոյականության նման ընկալումը, որը տեղ է գտել մահմեդականություն դավանող երկրների ազգաբնակչության բավականին լայն շերտերում, ինչպես նաև այդ երկրներում կրոնական հիմունքների ու քաղաքականության անխզելիության անհերքելի փաստը բացառիկ արդիականություն են հաղորդում կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությանը: Դա իր հերթին, ասես, հետին պլան է մղում խոսքի ազատության իրականացման համար հարկ եղած պայմանների ապահովումը, մինչդեռ դա ժողովրդավարության էական դրսևորումներից մեկն է:

Ահա թե ինչու ԵԽԽՎ-ում քննարկվող «Խոսքի ազատությունը և հարգանքը կրոնական համոզմունքների նկատմամբ» հարցը պետք է դառնա բազմակողմանի վերլուծության առարկա ինչպես մահմեդականության, այնպես էլ ժողովրդավարական հասարակությունների դիրքերից: Ներկայիս քննարկումն իր նպատակին կհասնի, եթե միասնականորեն կարողանանք մշակել միջքաղաքակրթական երկխոսության և համաձայնության ուղիներ:

Խոսքի ազատության գործնական իրականացումը` զուգորդված կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքով, գլոբալ մասշտաբով կարող է մեծ նշանակություն ունենալ հատկապես Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի համար: Այդ հարցերի հույժ կարևորությունը պայմանավորված է 301 թ. աշխարհի երկրներից առաջինը` Հայաստանի կողմից Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման պատմական փաստով: Դա մեծապես պայմանավորված է նաև ներկայիս սահմաններում հայոց պետության ունեցած աշխարհագրական դիրքից, որը չնայած զբաղեցնում է մեր պատմական հայրենիքի տարածքի միայն տասներորդ մասը, սակայն, այնուամենայնիվ, այսօր էլ շարունակում է գտնվել քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների ջրբաժան գծի վրա: Ստեղծված իրողությունների առանձնահատկությունը շատ բանով պայմանավորված է նաև հայկական բազմամիլիոնանոց սփյուռքով, որը պատմական ճակատագրի կամոք ձևավորվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրականացված հայոց ցեղասպանության հետևանքով: Հատկանշական է, որ հայկական սփյուռքի հիմնական օջախները մեր օրերում ևս կենտրոնացած են մահմեդական ու քրիստոնեական քաղաքակրթությունները ներկայացնող առաջատար երկրներում, ընդ որում աշխարհի բոլոր հինգ մայրցամաքներում:

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 11 ապրիլի 2006 թ.)

Հարգելի գործընկերներ, 2006թ. հունվարին «ՀԱՄԱՍ» շարժումը համոզիչ հաղթանակ տարավ Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում: Ուշագրավ է, որ «ՀԱՄԱՍ»-ի օգտին քվեարկել է նաև Պաղեստինի քրիստոնյա բնակչությունը, որը կազմում է ինքնավարության բնակիչների ընդհանուր քանակի 10%-ը: Իսկ մարտ ամսին, Արիել Շարոնի և Էհուդ Օլմերտի «Կադիմա» կուսակցությունը Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) ընտրություններում ստացել է ընտրողների ձայների առավելագույն քանակը` 29 մանդատ («Ավոդա» կուսակցությունը` 19 մանդատ):

«ՀԱՄԱՍ»-ի հաղթանակը հատուկ իմաստ ունի, քանի որ, ըստ էության, Պաղեստինի ժողովուրդը գերադասեց ազգային-կրոնական կուսակցությունը` իր համերաշխության, հավասարության, մերձավորի նկատմամբ հոգատարության գաղափարներով, և երես թեքեց մինչ այդ երկրում իշխող մատերիալիստական ազատական պարադիգմայից (տարիմաստ գաղափարից): «Կադիմա» կուսակցության հաղթանակը (ճիշտ է, ոչ այդչափ համոզիչ) վկայում է Իսրայելի ժողովրդի հակվածության մասին` հետևել «Ճանապարհային քարտեզ» պլանի իրականացմանը, որի էությունն է` «Անվտանգություն` տարածքների դիմաց»:

Կնեսետի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին իսկ ելույթում Էհուդ Օլմերտը հայտարարեց. «Ես ցանկանում եմ դիմել պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին: Մենք պատրաստ ենք հրաժարվել միասնական և անբաժանելի Իսրայել ունենալու մեր երազանքից: Ես կոչ եմ անում պաղեստինցիներին նույնպես հրաժարվել իրենց ցանկությունների և առասպելների մի մասից հանուն Իսրայելի հետ կողք կողքի խաղաղության մեջ ապրելու հնարավորության»:

Այդ նույն օրերին «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական ղեկավար Հալեդ Մաշաալը նշեց, որ «ՀԱՄԱՍ»-ը երբեք առևտրի առարկա չի դարձնի իր սկզբունքները և տեղի չի տա Իսրայելի հետ հաշտվելու հորդորներին` առանց իրենց հիմնական պահանջների կատարման. պաղեստինյան բոլոր տարածքների ազատագրում` ներառյալ Երուսաղեմը և պաղեստինցի փախստականների վերադարձը հայրենիք:

Ո՞րն է ելքը բռնության վերսկսմամբ հղի այս իրավիճակից և գոյություն ունի՞ արդյոք այն: Որտե՞ղ են թաքնված այս հակամարտության պատմական, աշխարհայացքային արմատները, հակամարտություն, որը չի դադարել Իսրայել պետության ստեղծման օրից` 1948 թվականից: Հիրավի, իրավացի էր հայտնի դիվանագետը` ասելով. միշտ էլ բարդ է եղել Երուսաղեմը, որ անգամ Տիրոջն անհրաժեշտ է եղել երեք մարգարեների ուղարկել տարբեր տեղեր: Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Վիեննա, 24 փետրվարի, 2006 թ.)

Հարգելի գործընկերներ, ցավում եմ, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորն այնքան ցածրացավ, որ այստեղ, այս հեղինակավոր լսարանում, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի 55 երկրների ներկայացուցիչների ու մահմեդական երկրներից հրավիրված բազմաթիվ հյուրերի ներկայությամբ վիրավորեց Եվրամիությանը և Եվրախորհրդարանին ըստ էության մեղադրելով նրանց զրպարտության մեջ: Կարծում եմ, որ Եվրամիության երկրների պատվիրակները պատշաճ ձևով կարձագանքեն այդ ծանր, բայցև անհիմն մեղադրանքին, ըստ որի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարների ոչնչացումը (որի մասին իր ելույթում անդրադարձավ հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը) հայկական քարոզչության հորինվածք է: Փաստորեն ադրբեջանցի խորհրդարանականը կշտամբեց Եվրախորհրդարանին 2006 թ. փետրվարի 16-ին «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա բանաձև ընդունելու համար:

Այժմ շարունակեմ ելույթս ըստ քննարկվող հարցի էության:

Հարգելի գործընկերներ: Այսօր խնդրո առարկա հարցը հույժ արդիական է աշխարհի ճակատագրի համար, և դա չափազանցություն չէ: Կարևոր է գտնել հետևյալ հարցի անկողմնակալ պատասխանը. ինչպիսի՞ արմատներ ունեն իրենց տակ իրադարձությունները, որոնք ցնցեցին մահմեդական աշխարհը դանիական օրաթերթում պատվելի Մուհամեդ մարգարեի հասցեին ծաղրանկարների տպագրումից երեք ամիս անց, ինչպիսի՞ երևույթի հետ մենք գործ ունենք:

Ի՞նչ է դա. խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ առկա համաշխարհային ճգնաժամ, թե՞ միջքաղաքակրթական բնույթի խոր հակասությունների արտացոլում: Միգուցե դա քրիստոնեական, հրեական և մահմեդական դավանանք կրող երկրների միջև խաղաղ համագործակցության ճգնաժամի հետևա՞նք է: Փորձենք համակողմանի վերլուծել ստեղծված իրավիճակը:

Այսպես, 1993 թ. «Foreign Affairs» ամսագիրը տպագրեց Սեմյուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» («The clash of civilizations») հոդվածը: Կարճ ժամանակ անց այն հրատարակվում է առանձին գրքով և դառնում քաղաքական բեսթսելլեր: 10 տարի անց, 2002 թ. նախագահներ Նիքսոնի և Ռեյգանի խորհրդական, 1992 և 1996 թթ. Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Պատրիկ Բյուքենենը հրատարակում է «Արևմուտքի մահը» («The Death of the West») գիրքը: Արդեն 1 տարի անց այն վերահրատարակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվս մեկ տարի անց ֆրանսիացի հեղինակ Էմանուել Թոդդը հրատարակում է «Կայսրությունից հետո. Pax Americana - վերջի սկիզբը» աշխատությունը, որը Եվրոպայում և ԱՄՆ-ում ամենաքննարկվող գրքերից մեկը դարձավ: Ճիշտ այդ նույն ժամանակ, Իրանի արդեն նախկին նախագահ Մոհամադ Խաթամին ելույթ է ունենում «Քաղաքակրթությունների երկխոսություն» բանավիճային մտահոգիչ հոդվածով:

Տարբեր աշխարհընկալումներ ունեցող տարբեր հեղինակներ իրենց վերլուծություններում աշխարհում վտանգավոր զարգացումներ են կանխատեսում:

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 26 հունվարի 2006 թ.)

Հումանիզմ, անձնական պատասխանատվության բարձր զգացում և եվրոպական մեր ընդհանուր տանը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ խոր ապրումներ` այսպիսին է հարգելի տիկին Ռոզմարի Զապֆլ - Հելբինգի ելույթից ստացած առաջին տպավորությունն ու ընկալումը:

Ելույթը մեզանից յուրաքանչյուրի մեջ ցանկություն է առաջացնում օբյեկտիվորեն ըմբռնել աֆրոարաբների, պակիստանցիների, թուրքերի զանգվածային ներգաղթի պատճառներն Արևմտյան Եվրոպայի երկրներ, հատկապես Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Արդիական է դառնում համաեվրոպական այնպիսի քաղաքականության մշակումը, որը նպատակ կունենա կանխել հարյուր հազարավոր ներգաղթյալների` իրենց սոցիալ-տնտեսական ծանր վիճակից առաջացած դժգոհության վերաճումը միջքաղաքակրթական վտանգավոր բախման:

2005 թ. նոյեմբեր, Ֆրանսիա: Հազարավոր այրված ավտոմեքենաներ, հարյուրավոր ավերված ու թալանված խանութներ, երկրի տարբեր քաղաքներում մոլեգնող հրդեհներ:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ «մարդու իրավունքների» գաղափարի հայրենիքը, որն ավելի քան 200 տարի առաջ հռչակել է, որ ցանկացած մարդ, ով ոտք է դրել իր հողի վրա, դառնում է ազատ քաղաքացի, ի պատասխան ստացավ վանդալիզմի դրսևորումներ:

Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերը սուր ցավով արձագանքեցին ողջ հայության սրտերում: Մեր ժողովրդի հիշողության մեջ երբեք չի խամրի քրիստոնեական Ֆրանսիայի, ինչպես և մահմեդական արաբական Արևելքի նկատմամբ տածած երախտագիտության խոր զգացումը, որոնք իրենց մոտ հանգրվանեցին Օսմանական կայսրությունում 1915թ. իրականացված ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ հարյուր հազարավոր հայ փախստականների:

Որո՞նք են վերոհիշյալ բախման ակունքները, դրանք ունեն արդյո՞ք քաղաքակրթական արմատներ: Եթե մենք սպառիչ պատասխաններ չտանք այս հարցերին, ապա վաղ, թե ուշ Եվրոպան կկանգնի ընտրության առջև. ենթարկվել «նոր բարբարոսների» աշխարհին կամ տրվել աջ ու ձախ ուղղվածության ծայրահեղ արմատականների, իսկ, ըստ էության, ֆաշիստների հովանավորությանը, դրանով իսկ ի հայտ բերելով սեփական բարբարոսության ուրվականը:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր