ԲԱՎ Է, ԼԵՎՈ՛Ն, ՕՏԱՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵՍ

08-09.12.2009

ՀԱԿ-ի գործունեությունն էլ դհոլների պարահանդեսի վերածես

Դեկտեմբերի 1-2-ին Աթենքում տեղի ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստը

Հայտնի է, որ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Դրա առանցքային դրույթներն են. «Նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Այս հայտարարությանը հաջորդեց ԵԱՀԿ-ի արտգործնախարարների նախարարական խորհրդի 56 երկրների կողմից նույնաբովանդակ պաշտոնական փաստաթղթի ընդունումը:

Հիշատակված նյութերի հրապարակումից երկու-երեք օր անց Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) խնդրո առարկայի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ, որում ՀՀ իշխանություններին ներկայացվում է ծանրագույն մեղադրանք` ազգային շահերի դավաճանություն:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, գրված է. «Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ավելին` երբ ուշադիր ընթերցում ես այդ հայտարարությունը, ակամայից գալիս ես այն եզրակացության, որ ՀԱԿ-ը, ասես թե, ստանձնում է Ալիև-Մամեդյարով զույգի և նրանց շահերը պաշտպանողների խորհրդատու-դատապաշտպանի դերակատարությունը: Լևոնականները ինչպես թուրք-ադրբեջանական կողմին, այնպես էլ միջազգային հանրությանը, ըստ էության, հրապարակավ հայտնում են, թե ինչպես են իրենք ընկալում Աթենքում ստորագրված փաստաթուղթն ամբողջությամբ և, մասնավորապես, այնտեղ ամրագրված հայկական կողմի համար բախտորոշ և դրական հեռանկարներ բացող ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման մասին դրույթը:

Ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի աղավաղումով են մեկնաբանում նրանք այդ առանցքային ձևակերպումը. «Տվյալ դեպքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որևէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը: Տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն, միևնույն է, իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն` Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու: Այսպիսով Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` երբևէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որևէ հեռանկար»:

Կարդալ ավելին...

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

13.10.2009

Հայաստանի Հանրապետությունում և աշխարհասփյուռ հայության գաղթօջախներում անցած մեկուկես ամսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ծավալված աննախադեպ շահագրգիռ և բուռն քննարկումներից ստացած առաջին տպավորությունն ու զգայական մոտեցումը գալիս է հաստատելու մի պարզ ճշմարտություն. հզոր է միացյալ հայությունն իր անկախ պետականությամբ, ազատագրված Արցախի Հանրապետությամբ և համայն աշխարհի հայերի միասնականությամբ: Հոդվածիս հիմնական նպատակն է` փորձել իմաստավորել հազարամյակների ընդերքում բյուրեղացած, ադամանդակուռ դարձած վիթխարի այն ներուժը, որն արթնացրեց նախագահ Սերժ Սարգսյանն իր համահայկական ուղևորության ժամանակ: Այսօր աշխարհասփյուռ հայության կուտակած հզորագույն էներգիան դառնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության լրջագույն գործոն, որի հետ չեն կարող այլևս հաշվի չնստել ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը: Համահայկական այս ուղևորությունը, համոզված եմ, իր շոշափելի, ըստ որում` դրական ազդեցությունը կունենա նաև ուժի միջազգային կենտրոնների վրա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած մոտեցումներում, ավելին` կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի կարգավորմանը: Ահա այս ելակետային դրույթներից ելնելով էլ փորձենք համակողմանիորեն վերլուծել Հարավային Կովկասում նոր փուլ թևակոխած Շախմատային Մեծ Պարտիան` խնդիր ունենալով գտնել մեր` քաղաքական գործիչներիս, թերացումները համահայկական կարևորություն ունեցող հարցերի լուծման ճանապարհին:

Արդյունքում` երկրի առողջ ուժերով կկարողանանք ձևակերպել 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության գործունեության օրակարգը` առկա արդիական մարտահրավերների ներառմամբ: Եվ այսպես, օրերս ավարտվեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական հանդիպումները: Դրանց հաջորդեցին (ասես թե որպես տրամաբանական շարունակություն) Քիշնևում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հերթական բանակցությունները, ինչպես նաև երկկողմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Եվ, վերջապես, հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն, Միշլին Քալմի Ռեյի` Շվեյցարիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ` Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի, Բեռնար Կուշների, Եվրամիության Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ինչպես նաև Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարարի մասնակցությամբ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում փակ դռների հետևում խորհրդավոր քննարկումներից հետո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանով իսկ ազդարարվեց հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկը: Առաջիկայում երկու երկրների հասարակության, ինչպես նաև ուժի միջազգային կենտրոնների ուշադրության կիզակետում են լինելու գործընթացներ` պայմանավորված ՀՀ Ազգային ժողովում և Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովում վերոգրյալ արձանագրությունների հաստատմանը նախորդող և վավերացմամբ ավարտվող բուռն զարգացումները:

Կարդալ ավելին...

«Ազգային Միաբանություն կուսակցության» տեսակետները «Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ

09.09.2009

Եվ այսպես, կարելի է առանց չափազանցության ասել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ից միջազգային հանրության, համաշխարհային քաղաքականության կենտրոնների ուշադրության կիզակետում են Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջնորդությամբ նախաստորագրած և օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակված հետևյալ երկու արձանագրությունները. «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», և «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների հաստատման մասին»:

Միջազգային այն բուռն արձագանքը, ըստ որում` ճնշող մեծամասնությամբ դրական երանգներ ունեցող, որին արժանացան վերը նշված արձանագրությունները, անտարակույս, վկայում են Հարավային Կովկասում ընթացող զարգացումների բացառիկ կարևորության մասին հատկապես  ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի համար:

Ի՞նչ է սա նշանակում: Երկու երկրների նկատմամբ հոգատարության, բարի կամքի դրսևորո՞ւմ: Անշուշտ, այո: Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացի մեկնա՞րկ: Անկասկած, այո: Եվ, վերջապես, արդյոք կարելի՞ է պնդել, որ Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացումն իրենց հիմքում ենթադրում են երկու կողմերից ակնկալվող նույնաբովանդակ հեռանկարային զարգացումներ, ինչպես դա ենթադրվում է արձանագրություններում: Իհարկե, այդպես մտածելը կլիներ անհուսալի և «ոչ»  հիմնավոր լավատեսության արտահայտում, եթե չասենք` աշխարհաքաղաքական զարգացումներին պարզունակ մոտեցման դասական դրսևորում: Ներկայիս ժամանակաշրջանում Հայաստան - Թուրքիա դիվանագիտական կապերի հաստատմամբ, երկկողմ հարաբերությունների զարգացմամբ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր վերադերաբաշխումների սկիզբ է դրվում, խաղարկվում է «Շախմատային Մեծ պարտիա»  համաշխարհային քաղաքականության` կենտրոնների անմիջական մասնակցությամբ: Եվ միանգամայն բնական էր և սպասելի, որ հայ ու թուրք հասարակությանը ներկայացված նախաստորագրված արձանագրությունները բազմաթիվ հարցեր առաջացրեցին երկու երկրների քաղաքական ուժերի, հանրության ամենալայն շրջաններում: Ըստ որում, երբ փոքր - ինչ խորանում ես առավել շատ քննարկվող հարցերի մեջ, ապա համոզվում ես, որ նախաստորագրված փաստաթղթերը լայն հնարավորություններ են ընձեռում այս գործընթացով շահագրգռված թե՛ Հայաստանի ու Թուրքիայի և թե՛ ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության դիվանագետներին` դրանք իրենց աշխարհաքաղաքական շահերին լավագույնս ծառայեցնելու համար: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ` փորձենք ավելի մանրակրկիտ վերլուծել արձանագրություններում տեղ գտած առավել վիճահարույց դրույթները: Կարդալ ավելին...

… ԵՎ ՈՒՐԵՄՆ ԱԶԳՈՎԻ ԳՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Հայոց Աշխարհ, 5-7.VIII.2008:

Եվ այսպես, ս.թ. հուլիսի 10-ին իտալական Ակվիլա քաղաքում Մեծ ութնյակի (G-8) մասնակից երեք երկրների նախագահները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության հիմքում դրված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների կողմից 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նախնական հիմնարար սկզբունքները: Ուշագրավ է, որ նախագահներն ընդգծում են, որ այդ փաստաթղթում արտացոլված է 1975 թ. Հելսինկիում Անվտանգության ու Համագործակցության Խորհրդի Եզրափակիչ Ակտում տեղ գտած երեք հիմնարար սկզբունքները. դրանք են` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման, հավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Սկզբունքներ, որոնց շրջանակում էլ պետք է գալ խելամիտ փոխզիջումների: Հարկ է նշել, որ նախագահներ Մեդվեդևը, Օբաման, Սարկոզին Մադրիդյան հիմնական սկզբունքներից, ի թիվս այլոց, կարևորել և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, վերջինիս անվտանգության ու ինքնակառավարման ապահովում, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի ստեղծում, ԼՂ-ի իրավունքը` իրավաբանական բնույթի կամարտահայտման միջոցով որոշելու իր վերջնական կարգավիճակը, բոլոր փախստականների և բռնի տեղահանվածների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ենթադրում են խաղաղարար առաքելություններ: Մեդվեդևի, Օբամայի, Սարկոզիի համատեղ հայտարարության մեջ ասված է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից Մադրիդյան հիմնական սկզբունքների ընդունումը հնարավորություն կընձեռի պատրաստել համընդհանուր կարգավորման նախագիծ, որը երկու երկրներին և ողջ տարածաշրջանին կապահովի խաղաղ ապագա, կայունություն ու բարգավաճում:

Մինչ այս հայտարարությանը գնահատական տալը փորձենք պարզաբանել, թե ինչո՞վ էր դրա ընդունումը պայմանավորված, ի՞նչ էր դա ազդարարում երկու երկրներին, ինչպես նաև մեր հարևաններին` Իրանին, Թուրքիային, Վրաստանին: Եվ, վերջապես, նշված սկզբունքների հիման վրա ընդունված խաղաղության պայմանագիրն աշխարհաքաղաքական հնարավոր ինչպիսի՞ զարգացումներ կարող է առաջացնել Հարավային Կովկասում:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր