ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100 ՕՐԸ
Երբ չիմացությունը մատուցվում է որպես ուժ կամ՝ ինչու անգիտակ մարդիկ չեն հասկանում իրենց անգիտակությունը
21.08.2018, Իրավունք
Լուսանկարում. Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի Նախագահ Վյաչեսլավ Վիկտորի Վոլոդինը և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արտաշես Մամիկոնի Գեղամյանը: Մոսկվա, 14 փետրվարի 2018 թվական:
Եվ այսպես, 2018թ. օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան։ Չեմ թաքցնի, լսելով վարչապետի ելույթը՝ խոր տագնապի զգացումով համակվեցի, նախ՝ Հայաստանի Հանրապետության ճակատագրի, և երկրորդ՝ հռետորի ձայնալարերի վիճակի համար (այս մասին ասում եմ առանց որևէ սարկազմի)։ Նման գնահատական տրվում է բնավ ոչ հանուն պերճախոսության։ Այս գնահատականը պայմանավորված է այն անվիճարկելի ճշմարտության գիտակցմամբ, որ Ն.Փաշինյանի կառավարությունն ապրում և աշխատում է իրենց իսկ հորինած ինչ-որ վիրտուալ աշխարհում՝ լիովին կտրված մեր օրերի դաժան աշխարհաքաղաքական իրողություններից։ Եվ այսպես, այդ իրողությունների իմաստավորումը, Հայաստանի տնտեսական և, առհասարակ՝ ազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հնչեցումը, դրանք հաղթահարելուն և չեզոքացնելուն ուղղված՝ ՀՀ կառավարության մոտեցումների սահմանումը, ցավոք, այդպես էլ չդարձան հանրահավաքի հատկանշական լեյթմոտիվը։ Ն.Փաշինյանի ելույթում հնչած վտանգավոր և անընդունելի ձևակերպումների մասին բավական համոզիչ և բանիմացորեն արդեն արտահայտվել են ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության իմ գործընկերները՝ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Կարծում եմ, Է.Շարմազանովի ս.թ. օգոստոսի 18-ի հայտարարությունն արժանի է, որպեսզի դրան ուշադիր ծանոթանան հանրահավաքի մասնակից մեր հազարավոր հայրենակիցները։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընթերցողների ուշադրությունը հրավիրել անցած 100 օրերի ընթացքում ՀՀ կառավարության վտանգավոր, մեր երկրի առջև կանգնած կենսական խնդիրների լուծումից լիովին կտրված գործողությունների վրա։ Ինչպես և պետք էր սպասել, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքներն այդպես էլ պատշաճ վերլուծության չենթարկվեցին վարչապետի ելույթում։ Ավելին, նրա ելույթի որոշ հատվածներ ափսոսանքից և հիասթափությունից բացի այլ բան չէին կարող առաջացնել քիչ թե շատ իրազեկ ունկնդիրների շրջանում։
Ի՞նչ նկատի ունեմ։ Ս.թ. օգոստոսի սկզբին ԱՄՆ Սենատ մտցվեց մի օրինագիծ, որով առաջարկվում էին նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, որոնք լուրջ միջոցներ են ներառում Ռուսաստանի ֆինանսական սեկտորի դեմ։ «Ռուսական արժույթը կարող է ընկնել 15 տոկոսով (մեկ դոլարը՝ մոտավորապես 72-73 ռուբլի), եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ մտցնի ռուսաստանյան պետպարտքի հանդեպ,- հայտարարեցին Citigroup-ի փորձագետները, որոնք կարծում են,- դա կարող է տեղի ունենալ «վատագույն սցենարի» պարագայում, երբ օտարերկրացիներին կարգելեն գնել և ունենալ Ռուսաստանի դաշնային փոխառության պարտատոմսեր (ԴՓՊ)»։ Նշենք, որ համաձայն ՀՀ ԿԲ հունիսի Տեղեկագրի հրապարակումների (էջ 14)՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով 2018թ. հունվար-հունիսին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան կատարված դրամական փոխանցումները կազմել են $461 մլն 97 հազ., ընդ որում՝ ֆինանսական միջոցների զուտ ներհոսքը (ֆինանսական միջոցներ, որոնք մնում են դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքից արտահոսքը հանելուց հետո) կազմել է $265 մլն 879 հազ.։ Հատկանշական է, որ ֆինանսական միջոցների միագումար ներհոսքը այդ նույն ժամանակամիջոցում կազմել է $787 մլն 587 հազ., այդ թվում՝ Ռուսաստանից - $461 մլն 97 հազ. (կամ 58,5%), իսկ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է $252 մլն 44 հազ., այն դեպքում, երբ Ռուսաստանից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է $265 մլն 879 հազ.։ Այսպիսով, ս.թ. առաջին կիսամյակում Ռուսաստանից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ընդհանուր առմամբ գերազանցել է ՀՀ-ում ֆինանսական միջոցների զուտ ներհոսքի հաշվեկշիռը։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանից կատարվող հենց այդ դրամական փոխանցումներն են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հայաստանցի աշխատանքային միգրանտների ընտանիքների հարյուր հազարավոր անդամների գոյության հիմնական միջոցը։ Այնինչ, անցած տարիների փորձից մենք հիշում ենք, որ ռուսական դրամական միավորի՝ ռուբլու արժեզրկման պարագայում էապես կրճատվում են շինարարական աշխատանքների ծավալները, նվազում են նաև առևտրի և սպասարկումների ոլորտի ծավալները մեր բարեկամ երկրում։ Եվ Ռուսաստանի տնտեսության հենց այդ ոլորտներում են հիմնականում զբաղված հայաստանցի աշխատանքային միգրանտները՝ այս հանգամանիքց բխող բոլոր ֆինանսական կորուստներով և, որպես հետևանք, նրանց կողմից դեպի ՀՀ կատարվող դրամական փոխանցումների էական կրճատումներով հանդերձ։ Ընթերցողն իրավամբ կարող է հարց տալ. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ հանրահավաքը։ Մանավանդ որ ս.թ. օգոստոսի 17-ի հանրահավաքում Ն.Փաշինյանն ասաց. «Մեր արտաքին քաղաքական խնդիրներից մեկը բարիդրացիական հարաբերությունների խորացումն է Ռուսաստանի հետ և այդ հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելը»։ Ըստ երևույթին, այս նպատակին հասնելուն պետք է ծառայեր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վերջերս կատարած այցը ԱՄՆ։ Այո, այո, ես չսխալվեցի՝ ԱՄՆ, որտեղ նրա համար «աննախադեպ բարձր ընդունելություն» էր կազմակերպվել ստորին պալատի կոնգրեսականների մակարդակով։ Այցի հաջորդ «նշանային ձեռքբերումը», հավանաբար, ԱՄՆ կոնգրեսականների ստորագրահավաքի նախաձեռնումն էր՝ ս.թ. սեպտեմբերին ՄԱԿ 73-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու համար։ ՀՀ առաջին փոխվարչապետի ինչի՞ն էր պետք այդպես վիրավորել Հայաստանի հպարտ քաղաքացիների (ինչպես Փաշինյանն է ասում) արժանապատվությունը, այդքան նսեմացնել և իջեցնել Հայոց պետության, Հայաստանի Հանրապետության ընկալման մակարդակը։ Իսկ գուցե այդ այցն ԱՄՆ ծառայելու է «հայ-ռուսական ակնկալվող հումանիտար նախաձեռնության» հաջողությա՞նը, որի մասին հանրահավաքում ասաց Ն.Փաշինյանը։ Ընդ որում՝ նշենք, որ Ն.Փաշինյանի ելույթում ոչ մի խոսք չի ասվում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին։ Էլ չենք ասում այն մասին, թե ինչպես Հայաստանի բարձր կառավարական պաշտոնյաների նման գործողությունները (նկատի ունեմ թեկուզև առաջին փոխվարչապետի այցը ԱՄՆ) կընկալվեն բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Չէ՞ որ Իրանը խիստ զգայուն է արձագանքում ԱՄՆ-ի առջև շողոքորթ-վասալական ցանկացած խոնարհման, առավել ևս՝ անմիջական հարևանների ղեկավարության կողմից։ Արտաքին քաղաքականության ոլորտի մեր նորահայտ լարախաղացներն օտարերկրյա, Իրանի հանդեպ թշնամանքով տրամադրված երկրներ կատարած իրենց անիմաստ, կրկնում եմ՝ անիմաստ ուղևորությունների ընթացքում մտածե՞լ են արդյոք «Մեղրի» Ազատ տնտեսական գոտու (այսուհետ՝ ԱՏԳ) ճակատագրի, ԱՏԳ-ն Եվրասիական տնտեսական միության մեջ ներգրավելու հեռանկարների մասին (ի դեպ, նաև Չինաստանի հետ)։ Խոսքը Հայաստանի ինքնամեկուսացման քաղաքականության մասին չէ, բնավ ոչ։ Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում արտաքին քաղաքականության ոլորտում կատարվող յուրաքանչյուր քայլ պետք է մանրակրկտորեն մտածված լինի՝ ամենայն մանրուքներով, պետք է կանխավ հստակեցվի նաև արտասահմանյան այցելությունների տնտեսական և քաղաքական նպատակահարմարությունը, դրանց հնարավոր ազդեցությունը հանրապետության ազգային անվտանգության վրա։ Ավաղ, կառավարության գործողություններում այս ամենն իսպառ բացակայում է։ Չինաստանի մասին հիշատակելով, որը նույնպես ենթարկվել է պատժամիջոցների ճնշման ԱՄՆ-ի կողմից, կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի տնտեսությունում չինացի պոտենցիալ ներդրողները հաստատ չեն խանդավառվի ՀՀ կառավարության բարձր պաշտոնյաների այդքան անզուսպ մղումից՝ ինչ գնով էլ լինի (կրկնում եմ՝ Հայոց պետության ընկալման զրոյացման գնով) կազմակերպել Թրամփ-Փաշինյան հանդիպումը։ Որպես հիշեցում նշենք նաև այն, որ Ն.Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրներից միակ ղեկավարն էր, որը ներկա էր ընթացիկ տարվա հուլիսի 11-13-ը Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ գագաթաժողովին։ Բայց առայժմ վերջնական եզրահանգումներ չենք անի Ն.Փաշինյանի գլխավորած կառավարության արտաքին քաղաքականության, մեղմ ասած, վնասակարության մասին։ Թանկագին ընթերցող, շարունակենք մեր դիտարկումները։
Եվ այսպես, օրերս ոչ անհայտ կառավարամետ Haqqin.az էլեկտրոնային պորտալը հանրային բանավեճ է ծավալել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին։ Եվ ահա, պատասխանելով Haqqin.az-ի հարցերին՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի միջխորհրդարանական համագործակցության ադրբեջանա-ռուսական խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին ասել է. «Կարծում եմ, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է դիտարկել Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Ուզում եմ հիշեցնել, որ այս կառույցի կայացման սկզբում՝ անցյալ դարի 90-ականների սկզբին, Ադրբեջանը միացել է Հավաքական անվտանգության պայմանագրին»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 1999թ. այդ նույն Ադրբեջանը չստորագրեց Հավաքական անվտանգության պայմանագիրը երկարացնելու համաձայնագիրը։ Նման բան ասելիս մուալիմ Հուսեյնլին մի՞թե չգիտեր ՀԱՊԿ Կանոնադրության մասին, որի 12-րդ հոդվածում հստակ գրված է, որ հարցերի վերաբերյալ Խորհրդի (Հավաքական անվտանգության խորհրդի- Ա.Գ.) որոշումները, ընթացակարգայիններից բացի, ընդունվում են կոնսենսուսով։ Իսկ այդ նույն Կանոնադրության 19-րդ հոդվածում գրված է. «Կազմակերպություն ընդունելու մասին որոշումն ընդունվում է Խորհրդի կողմից»։ Իհարկե, այս ամենի մասին նա քաջ գիտե և Էլնուր Մամեդովին տված այդ նույն հարցազրույցում նշում է, որ. «Պետք է հաշվի առնել նաև այն, որ ցանկացած երկիր ցանկացած պահի կարող է դուրս գալ այդ կազմակերպությունից, իսկ որոշումներն այնտեղ ընդունվում են կոնսենսուսով»։ Ուրեմն, եթե այս ամենի մասին նա գիտե, այդ դեպքում ինչի՞ համար է այս ողջ քարոզչահնարքը։ Գուցե նրան ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության բավարար հիմնավորում են թվում այս կարգի հայտարարությունները. «Որպեսզի հնարավորություն ունենանք մերկացնելու այդ ագրեսոր երկրի (ասել է թե՝ Հայաստանի- Ա.Գ.) օկուպացիոն դիրքորոշումը համաշխարհային բոլոր ամբիոններում, մենք պարզապես պետք է լինենք այնտեղ, որտեղ այն ներկայացված է»։ Գուցե նա հույս ունի, թե իր այս խոսքերը մոգական ազդեցություն կգործեն Հայաստանի կողմից դրական որոշում կայացնելու վրա՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանին ընդունելու հարցը քննարկելիս։ Իսկ գուցե նրա հուշարարների նպատակը շատ ավելի պարզունակ է, բայց դրանով հանդերձ՝ ոչ պակաս նենգ. այն է՝ երկպառակության սերմեր ցանել ՀԱՊԿ անդամների շրջանում։ Չէ՞ որ բնավ պատահական չէ, որ, պատասխանելով թղթակցի շինծու հարցին՝ «Արդյո՞ք ՀԱՊԿ-ում համագործակցությունը վտանգ չի պարունակում մեր ինքնիշխանության համար», նույնքան շողոքորթաբար, նույնքան խորամանկորեն նա հայտարարում է. «Մի՞թե մեր բարեկամ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելառուսը, երկար տարիներ գտնվելով այդ կազմակերպությունում, կորցրել են իրենց ինքնիշխանությունը։ Ընդհակառակը, նրանք ավելի են ամրապնդել իրենց անկախությունը»։ Դե ինչ, հավանաբար ափշերոնյան քաղաքական գործիչներին նման գործողությունների է ոգեկոչել վերջերս տեղի ունեցած՝ Հայաստանի ազգային շահերի համար թշնամական սադրանքը՝ կապված ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի հետ։ Նշենք, որ այն տեղեկատվական մեծ ճնշում առաջ բերեց (ինչպես ադրբեջանական, այնպես էլ նրանց կողմից հովանավորվող ԶԼՄ-ներում) Հայաստանի անհուսալիության մասին՝ որպես, առաջին հերթին՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ռազմավարական գործընկերոջ։
Կարելի է էլի շարունակել Ն.Փաշինյանի կառավարության, մեղմ ասած, խիստ չկշռադատված գործողությունների թվարկումը, բայց կարևորը նրանց գործունեության արդյունքում ի հայտ եկող անայլընտրանքային եզրակացությունն է. ՀՀ կառավարության «ջանքերի» շնորհիվ սպառնալիքի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը։ Ընդ որում՝ չարժե կասկածել, որ այսուհետ ևս Հայաստանի և ՀԱՊԿ անհամատեղելիության թեմայի շուրջ շահարկումները շարունակվելու են ինչպես արտաքին ուժերի, այնպես էլ Ջորջ Սորոսի՝ Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցներում հայտնված հայ սաների կողմից։
Այս պայմաններում, եթե Ն.Փաշինյանն անկեղծ է իր ցանկության մեջ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դուրս բերել ռազմավաական գործընկերության նոր մակարդակի, այլ ոչ թե սահմանափակվել լոկ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ, ապա թող հայտարարի Հայաստանի կառավարության պատրաստակամության մասին՝ ստորագրել նոր համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին։ Չէ՞ որ 2010թ. Ադրբեջանը և Թուրքիան կնքել են Պայմանագիր ռազմավարական գործընկերության և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև փոխադարձ օգնության մասին։ Ավելին, 2014թ. ապրիլին նոր պայմանագիր են կնքել Բաքվի և Անկարայի միջև, որում նախատեսվում է պարտավորություն՝ ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել, եթե մի երկիրը դիմի մյուսին։ Իսկ 2017թ. հոկտեմբերին ստորագրվեց «Համագործակցության համաձայնագիր պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև»։ Եթե ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիան «չեզոք» Ադրբեջանի հետ պայմանագրեր և համաձայնագրեր է կնքում, որոնք իրենց ամբողջության մեջ լիարժեք ռազմաքաղաքական դաշինքի իրավական բազա են հանդիսանում, և այս կատարված փաստին ըմբռնումով են վերաբերվում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունները, ապա Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը շատ ավելի օբյեկտիվ է պահանջված և ըմբռնումով կընդունվի ՀԱՊԿ մյուս անդամների կողմից։ Չէ՞ որ սկզբից ևեթ սա կկասեցնի մեր բարին չկամեցողների ցանկացած փորձ՝ պառակտման սեպ խրել ՀԱՊԿ-ում, այդ կազմակերպության թյուրքալեզու անդամ պետությունների քաղաքակրթական ընդհանրության վերաբերյալ շահարկումներով։ Նշեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր ստորագրելու գաղափարը ես փոխ եմ առել ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետ (նրա լիակատար հավանությամբ), հայրենասեր-դերժավնիկ Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովից։
Հետգրության փոխարեն. 1999թ. Քորնելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներ Ջասթին Կրյուգերը և Դևիդ Դանինգը մշակեցին մի տեսություն, որը հայտնի է նաև «Հիմարության սար» անվամբ։ Urban Dictionary բառարանի սահմանման համաձայն՝ «Հիմարության սարն» այն վայրն է, որտեղ դուք բավականաչափ գիտելիքներ ունեք առարկայի մասին, որպեսզի խոսեք դրա մասին, բայց իմաստնությունը չի բավականացնում՝ հավաքելու գիտական տեղեկատվություն կամ ընթերցելու թեմայի վերաբերյալ լրրացուցիչ գրականություն։ Ըստ էության, այս տեսությունը ցույց է տալիս, որ ցածր պրոֆեսիոնալ որակավորմամբ մարդիկ չեն կարողանում քննադատորեն մտածել և ի զորու չեն հասկանալ, թե որքան է նրանց որակավորումը ցածր։ Սա հանգեցնում է նրանց մեջ իրենց գիտելիքների լիարժեքության և բարձր խորագիտակության սխալական զգացման առաջացման։ Իրականության այս խեղաթյուրումը հայտնի է նաև Դանինգ-Կրյուգերի էֆեկտ անվանմամբ։ Վտանգն այն է, որ հաճախ այս չիմացությունը մատուցվում է որպես ուժ, և սա՝ այն պատճառով, որ, կրկնում եմ, անգիտակ մարդիկ չեն հասկանում իրենց անգիտակությունը։ Բավական տագնապալի է, որ Հայաստանի կառավարության աշխատանքի 100 օրը կարելի է բնութագրել որպես Դանինգ-Կրյուգերի էֆեկտի կենսագործում Հայաստանի Հանրապետության մասշտաբով։
Արտաշես Գեղամյան
Խորհրդարանի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,
Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
www.amiab.am