ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՄ ԸՆԿԵՐԸ ՉԷ, ԲԱՅՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է

03.08.2018, Իրավունք

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, 18 հունիսի 2017 թ.:

 

Եվ այսպես, ս.թ. հուլիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ ՀՔԾ) միջնորդությունը Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Նման հայտարարություն է արել ՀՔԾ մամլո ծառայությունը։ ՀՀ-ում ստեղծված լարված իրավիճակում բնավ ցանկալի չէր 14-15 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները փորփրելը։ Սակայն ստիպված եմ, և սա հարկադրյալ միջոց է, քանի որ այն թույլ կտա ընթերցողին չկասկածել իմ անկանխակալությանն առ այն, ինչի մասին կխոսվի ստորև։

Եվ ահա, 2004թ. ապրիլի 12-ին Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով։ Մեջբերում կատարեմ 2004թ. ապրիլի 21-ին REGNUM տեղեկատվական գործակալության հրապարակած «Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ներկա իրավիճակը ժամանակավոր երևույթի կոմբինացիա է՝ թյուրիմացությամբ. Հայաստանը մեկ շաբաթում» հոդվածից (https://regnum.ru/news/250417.html)։ Հոդվածում, մասնավորապես, գրված էր. «Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն», ընդդիմության հանրահավաքը, որն սկսվել էր ապրիլի 12-ին Ազատության հրապարակում, վերածվեց երթի դեպի Բաղրամյան պողոտա, Հայաստանի նախագահի նստավայր։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ հանրահավաքին մասնակցում էր մոտ ութ հազար մարդ, իսկ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մոտ 30 հազար։ Երթը գլխավորում էին ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները։ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կոչ արեց կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններին (նկատի էին առնվում կառավարություն ձևավորած կուսակցությունները- Ա.Գ.) «դուրս քշել իրենց միջից ստրուկին և միանալ ժողովրդին»։ Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իշխանությունը բաց է թողել քաղաքակիրթ ձևով հեռանալու հնարավորությունը վստահության հանրաքվեի միջոցով, և հիմա վճռորոշ խոսքը ժողովրդինն է։ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սրամ Սարգսյանն ասաց, որ «իշխանությունը չի կարող գոյություն ունենալ փշալարից այն կողմ, և դա հասկանում են բոլորը, որոնց համար այդ փշալարը դարձել է միակ պաշտպանությունը ժողովրդից»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը (1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ զոհված՝ Հայաստանի լեգենդար Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը- Ա.Գ.) հայտարարեց, որ ընդդիմությունը կարող է հաղթահարել պատնեշները. «Բայց մենք դա չենք անում ոչ նրա համար, որ վախենում ենք, այլ որովհետև փշալարից այն կողմ կանգնած են մեր եղբայրները, երեխաները, որդիները, և մենք չենք ուզում կռվել նրանց հետ»... Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոն, իրավապահ մարմինների հարձակման պահին փողոցում մնացել էր 2-3 հազար մարդ։ Ոմանք զրուցում էին, մյուսները երգում ու պարում էին։ Գիշերը մոտավորապես ժամը 12։30-ին անջատվեց փողոցային լուսավորությունը։ Գիշերվա ժամը 2-ին մոտ սկսվեցին հիմնական գործողությունները։ Նորից միացրին փողոցային լուսավորությունը, հանեցին փշալարն ու ճանապարհ բացեցին ջրնետ մեքենաների առջև, որոնք շարժվեցին դեպի ցուցարարները՝ նրանց վրա ուղղելով ջրի շիթերը։ Ոստիկանության շարքերից ամբոխի վրա նետվեցին պայթուցիկ ծրարներ և ծխանռնակներ։ Տարբեր կողմերից՝ Ազգային ժողովի դարպասներից, Սահմանադրական դատարանի շենքի կողմից, ցուցարարների վրա հարձակվեցին մահակներով զինված «հատուկջոկատայինները՝ աջուձախ հարվածներ հասցնելով։ Ըստ երևույթին, այդ օրվա իրադարձությունները և 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը համեմատելով՝ դրանց կազմակերպիչները կատարված պետական հեղաշրջումը «թավշյա հեղափոխություն» որակեցին։ Նշենք նաև, որ արդեն հաջորդ առավոտ՝ 2004թ. ապրիլի 13-ին, ընդդիմադիր երեք կուսակցությունների («Ազգային միաբանություն», «Հանրապետություն» և Հայաստանի Ժողովրդական կուսակցություն) գրասենյակներում ձերբակալեցին մոտ 30 մարդ... (Նոյան տապան)։ Մինչդեռ, տեղեկատվական գործակալությունները թաքցնում էին այն, որ մեր գրասենյակներում իսկական ջարդ կազմակերպեցին, որն այն ժամանակ խուզարկություն անվանվեց։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշեմ, որ մի երկու ժամ հետո իմ բնակարանում, կնոջս և հարևաններիս (ընթերակաների) ներկայությամբ, խուզարկություն կատարեցին։ Դրան հաջորդեցին հարցաքննությունները ՀՀ Գլխավոր դատախազությունում, մի քննիչի կողմից, որի միակ խնդիրն էր ինձ հավասարակշռությունից հանելը և տիեզերական աղմուկ բարձրացնելը։ Հիշատակեմ նաև, որ 2003թ. նախագահական ընտրություններում ձեր խոնարհ ծառան՝ տողերիս հեղինակը, հավաքել էր ընտրողների ձայների 17,6%-ը։ Այս իրադարձություններին հաջորդած տարիները ոչինչ չփոխեցին Ռոբերտ Քոչարյանի հետ իմ հարաբերություններում՝ այդպիսիք չլինելու պատճառով։ Հանուն արդարության նշեմ, որ ժամանակ առ ժամանակ Ռ.Քոչարյանին կամ նրա մերձավոր շրջապատին ենթակա ԶԼՄ-ները շարունակում էին տարատեսակ նողկալի հոդվածիկներ գրել իմ և կուսակիցներիս հասցեին։ Բնականաբար, մենք պարտքի տակ չէինք մնում։ Ընթերցողը կարող է տարակուսել և հարցնել. իսկ դա նրա ինչի՞ն էր պետք։ Պատասխանը պարզ է. վարկաբեկել «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որի ծրագրում միանշանակ ամրագրված է մեր անսասան աշխարհաքաղաքական ընտրությունը՝ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը։ Դրանով իսկ մենք, ըստ երևույթին, խարխլում էինք Ռոբերտ Քոչարյանի արեալը՝ որպես մեր երկրների միջև ռազմավարական դաշինքի խորացման միակ ջատագովի։ Սա մերկապարանոց պնդում չէ, այլ կայացած փաստ, երբ նրա ընկերներից մեկը, որն աշխատում էր բավական հարգարժան մի կազմակերպությունում, օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ կասեցրեց նոր-նոր գործունեությունն սկսած՝ իմ և գործընկերներիս ստեղծած «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպությունը։ Իսկ այդ կազմակերպության գլխավոր խնդիրը տարատեսակ խափանարար հասարակական կազմակերպությունների հակառուսական գործունեությունը չեզոքացնելն էր, կազմակերպություններ, որոնց ժողովուրդը քնքշանքով գրանտակերներ է անվանում, որոնք արդեն 2011թ. լուրջ վտանգ էին ներկայացնում հայկական պետականության կայունության պահպանման համար։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է։

Վերադառնալով հոդվածի թեմային՝ թվում է, թե մենք պետք է ուրախանայինք, որ Ռ.Քոչարյանին նույնպես բաժին հասավ «երկնային պատիժը», վերջապես եկավ հատուցման ժամը։ Ահա այստեղ ուզում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր մտածում էին, թե պատահածից կհրճվեն մեր հոգիները, ուրախությամբ կլցվեն մեր սրտերը (այս խոսքերն ասում եմ «Ազգային միաբանություն» կուսակցության ակտիվի անունից), քանի որ «բանտարկել են մեզ նեղացնողին»։ Ոչ, մեկ անգամ ևս՝ ոչ։ Այս իրավաբանական կամայականությունը լոկ տագնապի զգացողություն առաջացրեց հայոց պետականության, այն մարդու ճակատագրի համար, նաև որի անվան հետ է կապված հաղթանակը Արցախյան ազատագրական պատերազմում։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։

Ավելի վաղ արդեն գրել եմ այն մասին, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում բարձր վարպետությամբ բեմադրված և իրագործված գունավոր հեղափոխություն է՝ Ջին Շարփի «Դիկտատուրայից դեմոկրատիա» գրքի «Ոչ բռնի գործողությունների մեթոդներ» Հավելվածում ներկայացված հանձնարարականներին լիովին համապատասխան (տե՛ս «Արտաշես Գեղամյան. Հայաստանը չի՛ դառնա կույրերի կույր առաջնորդների զոհը» հոդվածը, «Аргументы недели в Армении», 18-24-ը մայիսի 2018թ.)։ Որքան էլ որ պետական հեղաշրջումը ղեկավարած գլխավոր գործող անձինք իրենց ելույթներում հրճվանքով նշեն, որ ս.թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածը «թավշյա հեղափոխություն» է և որ այն «աշխարհաքաղաքական ենթատեքստ» չունի, իրականում հետագա իրադարձությունները վկայեցին, որ կատարված պետական հեղաշրջմամբ տրվել է դեպի Արևմուտք մեր երկրի աշխարհաքաղաքական շրջադարձի մեկնարկը։ Սակայն Հայաստանում կատարվածի համապատկերում այլ կերպ, քան անհեթեթ չես անվանի Նիկոլ Փաշինյանի պնդումներն այն մասին, թե «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ, շատ և շատ կարևոր են։ Կասկած չկա, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են։ Բայց դա չի նշանակում, թե մեր հարաբերություններում խնդիրներ չկան։ Բայց մեր նպատակն այդ խնդիրները քննադատելը չէ, այլ դրանք լուծելը բանակցությունների ճանապարհով։ Ես համոզված եմ, որ այս խոսակցությունը Ռուսաստանի հետ կստացվի»։ Սա մեջբերում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ն.Փաշինյանի 2018թ. ապրիլի 24-ի մամուլի ասուլիսից։ Եվ ահա,  ՀՀ վարչապետի պաշտոնում Ն.Փաշինյանի նշանակվելուց մեկ ամիս անց նա թիմ է հավաքում՝ ասես հատուկ ընտրովի, կազմված հիմնականում կամ բացահայտ ռուսատյացներից, կամ այսպես կոչված «արևմտականներից», որոնք, որպես կանոն, Սորոսի հիմնադրամի կամ տարատեսակ այլ խափանարար ֆոնդերի, «գունավոր հեղափոխություններ» սերմանողների «ստիպենդիատներ» կամ «գրանտակերներ» են եղել։ Նրանց ընդհանուր առանձնահատկությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միանգամայն որոշակի կուրատորի առկայությունն է։ Այս մասին պարբերաբար գրում են մամուլում, ավելին՝ ոմանք հպարտանում են այն բանով, որ իրենց թիկունքում կանգնած է մեծ գերտերությունը։ Այս առնչությամբ ավելորդ եմ համարում թվարկել առանցքային պաշտոնները, մանավանդ մեր երկրի ներքին և արտաքին անվտանգության ոլորտում, որոնց ղեկավարությունը վստահված է Սորոսի ու նրա նմանների սաներին, հայ ռուսատյացների բոլորովին նոր մի տեսակի, որոնք, դատելով նրանց գործողություններից, շատ յուրովի են հասկանում իրենց շեֆի ասածն այն մասին, «որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ, շատ և շատ կարևոր են» և արտահայտում են իրենց վճռականությունը՝ անել ամեն ինչ, որպեսզի «չքննադատեն այդ խնդիրները (Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում- Ա.Գ.), այլ լուծեն դրանք երկխոսության ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»։ Պետք է կարծել, որ հենց այս մղումներից ելնելով արհեստականորեն հիստերիա բարձրացվեց ռուս զինվորականների հետ կապված միջադեպի շուրջ, որը տեղի ունեցավ ս.թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ վերջին զորավարժանքներն ընդգրկել էին գյուղի անմիջական տարածքն ու խուճապ առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Եվ չնայած այն բանին, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, որում նշված էր. «Սակայն, ուշադրության առնելով այն, որ զորավարժանքների անցկացման վայրն ընտրելիս հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է խնդրել և հավաստիացրել, որ այսուհետ ավելի հետևողական կլինի ռազմակայանի (խոսքը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի մասին է- Ա.Գ.) սահմաններից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և դրանց մասին տեղեկացնելու հարցերում»։ Թվում է՝ հարցը փակված է։ Բայց չէ՜։ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը ՀՀ կառավարության ս.թ. հուլիսի 19-ի նիստում այսպես է մեկնաբանել այս միջադեպը. «Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»։ Հատկանշական է, որ ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի միջոցով հանդես է եկել պարզաբանումներով, որոնցում ասված էր, որ ռուս զինվորականները կրակել են ոչ մարտական փամփուշտներով։ Այստեղ տեղին եմ համարում հիշատակել նաև Ն.Փաշինյանի մեկ այլ արտահայտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմ թույլ չտալու գործում Ռուսաստանի դերի մասին՝ արված ս.թ. հուլիսի 20-ին։ «Ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետևաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դարավոր բարեկամը, թույլ կտա վերսկսել պատերազմը տարածաշրջանում։ Չեմ կարող հավատալ նաև, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնի որևէ սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,- ասել է Ն.Փաշինյանը։ ՀՀ մամուլում այս հաշվով տարբեր դատողություններ արվեցին, բայց դրանք չեն փոխում ասվածի չարագուշակ, քողարկված ենթատեքստը, այն է. ըստ էության, Ն.Փաշինյանը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի (2016թ. ապրիլի 2-5) մեղքն անուղղակիորեն դնում է Ռուսաստանի վրա, քանի որ, Ն.Փաշինյանի տրամաբանությամբ, այն կարող էր սկսվել կամ Ռուսաստանի գիտությամբ, կամ նրա լռելյայն համաձայնությամբ։ Նման անպատասխանատու հայտարարությունն արվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ելույթից ուղիղ մեկ ամիս հետո։ Այսպես, ս.թ. հունիսի 20-ին ադրբեջանական բանակի կազմավորման 100-ամյակին նվիրված ճեպազրույցում նա ասել է. «Ադրբեջանական բանակը պատրաստ է ցանկացած պահի կատարել այդ խնդիրը (պատերազմ սկսել Արցախի Հանրապետության դեմ և նվաճել այն- Ա.Գ.)։ Այս խնդրի կատարման հրամանը քաղաքական հարց է, և նման հրաման կտրվի ամենահարմար պահին՝ միջազգային իրադրության հաշվառմամբ»։ Ի՞նչ է սա. «միջազգային քաղաքական իրադրության վրա» շեշտադրում անելու և մեկ ամիս անց հայկական կողմից «աշխարհաքաղաքական պայմանների առկայություն» արտահայտության նշանակության մասին համապատասխան պարզաբանում տալու պատահական զուգադիպությո՞ւն։

Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետը, նման անհեթեթություն արտաբերելով, հույս ուներ և հաշվարկում էր ստանալ պաշտոնական Մոսկվայի աջակցությունը և ամրության պաշար ձեռք բերել՝ պայմանավորված Բրյուսել կատարած իր այցով՝ մասնակցելու համար ՆԱՏՕ գագաթաժողովին, և Եվրամիության պաշտոնական դեմքերի հետ հանդիպմամբ։ Ընդ որում՝ բավական հատկանշական է, որ այցը կայացավ ս.թ. հուլիսի 5-ից ընդամենը մեկ շաբաթ հետո, երբ Եվրոպական խորհուրդը կես տարով, մինչև 2019թ. հունվարի 31-ը երկարացրեց ռուսական տնտեսության առանձին սեկտորների դեմ պատժամիջոցները։

Կարելի է էլի շարունակել Հայաստանի գործադիր իշխանության ներկա ղեկավարության այն գործողությունների թվարկումը, որոնք ուղղված են «երկխոսության ճանապարհով ռուս-հայկական առկա խնդիրների» լուծմանը, բայց, թերևս, կսահմանափակվենք ասվածով։ Կռահում եմ, որ ընթերցողը, բնականաբար, կարող է տեղին հարց հնչեցնել. իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որին Հայաստանի՝ արտասահմանից սնվող բոլոր մեդիա-ռեսուրսները (իսկ դրանք կազմում են ՀՀ մաս-մեդիայի ճնշող մեծամասնությունը) վատաբանում են՝ քափ-քրտինք մտած։ Ակամա հարց է ծագում. կոնկրետ ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում։ Կարծում եմ, որ պատասխաններն առաջանում են ինքնաբերաբար։ Նախ՝ 2008թ. մարտի 1-ի հանրահավաքը ցրելու ժամանակ ՀՀ 10 քաղաքացիների, այդ թվում երկու ոստիկանի զոհվելու և ավելի քան 200-ի վիրավորվելու պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա դնելով՝ Ն.Փաշինյանը դրանով իսկ իր վրայից հանում է պատասխանատվությունն այդ ողբերգական իրադարձությունների համար։ Չէ՞ որ այն ժամանակ նա կատարված ողբերգությանը հանցակցության համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նշենք նաև, որ Ն.Փաշինյանը 2011թ. մայիսին համաներմամբ ժամանակից շուտ ազատ է արձակվել։ Հավանաբար, այն տարիներին «հայրենասիրության» զգացումը թույլ չէր տվել նրան ու նրա զինակիցներին բողոքարկել հայրենական դատարանի վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իսկ Ռ.Քոչարյանի կալանավորման երկրորդ դրդապատճառը, ըստ իս, այն է, որ նա վերջին բոլոր տարիներին կանխակալ ԶԼՄ-ների օգնությամբ հայ հանրությանը մատուցվել է ոչ այլ կերպ, քան Հայաստանում այդ ժամանակաշրջանում կուտակված ամբողջ նեգատիվի հեղինակ։ Դիցուք՝ կոռուպցիայի, գանձագողության ոչ հազվադեպ դրսևորումները, որոնք հանգեցրել են նրա շրջապատի շատ չինովնիկների հարստացմանը, զուգորդվում են հենց նրա անվան հետ։ Եվ այսօր բավական հմտորեն այդ ծանրագույն մեղադրանքին է «կոճկվում» հետևյալ եզրահանգումը. իսկ ի՞նչ պետք էր սպասել մի մարդուց, ով «օգտվում է Կրեմլի հովանավորությունից»։ Նպատակը մեկն է՝ վերջնարդյունքում ցանկացած կեղծիքով վարկաբեկել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը, որի համոզված ջատագովն է, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը։ Նման պայմաններում, անգամ անմնացորդ Ռուսաստանն ու ռուսներին սիրող, Հայաստանի՝ կարիքից կամազուրկ դարձած քաղաքացիները տարակուսանքով հանգում են բավական տխուր եզրակացության. այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, պարզվում է՝ շատ ու շատ է սպառնում «նոր Հայաստանին»։

Իսկ ինչ վերաբերում է  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ արհեստականորեն հրահրվող մյուս հիստերիային, որի համաձայն՝ ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու մասին, ապա այստեղ փոքր-ինչ այլ նպատակ է հետապնդվում. նախ՝ վարկաբեկել հենց ՀԱՊԿ-ը, թեկուզև միջնորդավորված ձևով, երկրորդ՝ այդ պաշտոնին առաջադրել (մինչև 2020թ. այդ պաշտոնը զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը) իրենց յուրայիններից մեկին, ասել է թե՝ օրինակ, ՆԱՏՕ պոտենցիալ իրազեկիչին։ Չէ՞ որ նման գործելակերպ արդեն ձևավորվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին բացահայտ ռուսատյացի, մեղմ ասած՝ Սորոս պապիկի, իսկ գուցե և հայտնի երկրի հատուկ ծառայությունների նվիրյալի նշանակմամբ։ Միայն ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների ղեկավարների աշխատանքային հանդիպումների բովանդակության մասին իմանալը շատ և շատ թանկ արժե։

Հարգելի ընթերցող, կարելի է այլ օրինակներ էլ բերել, որոնց վերլուծությունը հաստատում է. Հայաստանը կանգնել է Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից դեպի Արևմուտք և ՆԱՏՕ աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու վտանգավոր ճանապարհին։ Արդյունքում՝ պետք է սպասել նոր սադրանքներ՝ դրանցում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի, բարեկամական Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահող ռուս սահմանապահների արհեստական ներգրավմամբ։ Կարծում եմ՝ բնավ պատահական չէ, որ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի տաք հետքերով ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարեց համապատասխան փաստաթղթերում, որոնք կանոնակարգում են Հայաստանի տարածքում ոչ միայն 102-րդ ռուսական ռազմակայանի, այլև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի՝ Հայաստանում ծառայող սահմանապահների գտնվելը, փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին...

Հոդվածը կցանկանայի ավարտել  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի խոսքերով, որը ս.թ. հուլիսի 31-ին, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները (մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը), ասել է, որ իրադարձությունները Հայաստանում հակասում են երկրի նոր ղեկավարության՝ քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին։ Մոսկվան, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել Հայաստանի կայունությամբ, ընդգծել է նախարարը։ «Ուստի, այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում և ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի խնդիրների տեսակետից, որոնց մասնակցում է Հայաստանը... Հայաստանում մայիսին քաղաքական ճգնաժամի ժամանակ (Մոսկվայում- Ա.Գ.) մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այդ ճգնաժամի լուծումը գտնվեց փոխզիջման հիման վրա՝ առաջատար բոլոր կուսակցությունների մասնակցությամբ... Բայց վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արած այն հայտարարություններին, թե վերջինը մտադրություն չունի կազմակերպել իր նախորդների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով»։ Ավելի պարզ չես ասի։ Եվ այստեղ, ի մեծ բավարարություն ադրբեջանական ինտերնետ-պորտալի (ru.axar.az/news/politika/296344.html), «Ռուսաստանը պատերազմով գնում է Հայաստանի վրա – Հայտարարություն» վերնագրի ներքո սկսեց խոսել ոմն քաղաքագետ Հայաստանի նոր իշխանությունների մեդիա-խոսափողից (որն իրեն անվանում է Առաջին տեղեկատվական և որը խմբագրվում է ԱՄՆ քաղաքացու կողմից, բնականաբար՝ այնտեղից էլ ֆինանսավորվելով)։

Ահա թե ինչ է պատմել սույն «քաղաքագետը»՝ տրտնջալով Սերգեյ Լավրովի հայտարարության հետ կապված. «Դեռևս մի քանի ժամ առաջ անհնար էր պատկերացնել, թե Մոսկվան կարող է նման ճակատագրական հայտարարություն անել Հայաստանի նոր կառավարության դեմ՝ ուղղակի կոպտորեն միջամտելով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին։ Առաջին տեղեկատվականը քանիցս  անդրադարձել է Մոսկվայի ապակառուցողական, վասալային քաղաքականությանը, բայց բոլոր դեպքերում մենք համարել ենք, որ Պուտինի իշխանությունները կգտնեն ավելի դիվանագիտական ձևակերպումներ՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելու կամ իրենց դժգոհությունը Հայաստանի կառավարությունից հայտնելու համար... Բայց Լավրովի հայտարարությունը ոչնչացրեց մեր բոլոր լավատեսական կանխատեսումները։ Եթե այնպիսի փորձառու դիվանագետն է (ինչպիսին Լավրովն է) իրեն թույլ տալիս նման ձևակերպումներով խոսել Հայաստանի, նրա ղեկավարության մասին, ապա դա մեր երկրի դեմ դեմարշի ակնհայտ դրսևորում է»։ Հիանալի է, չէ՞, երբ պետական հեղաշրջման միջոցով իշխանության եկած նոր ղեկավարությունն իրեն նույնացնում է ողջ Հայաստանի հետ։ Եվ հանկարծ այս պայմաններում ինչ-որ մեկը համարձակվում է կասկածի տակ դնել իշխանության եկածների անսխալականությունը։ Ի՜նչ սարսափ։ Ճի՛շտ արդի գունավոր հեղափոխությունների տանուլ տված դասականի հանգույն։ «Երիտասարդությունը Հայաստանում լայնորեն ուսումնասիրում է իմ գիրքը վրացական բարեփոխումների մասին և շատ բան կրկնում է։ Այդ թվում կրկնում են իմ հաջողությունները և փորձում չկրկնել իմ սխալները»,- ս.թ. հուլիսի 31-ին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Հատկանշական է, որ բատոնո Միխեիլն անցյալի իր գլխավոր սխալներից մեկը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլուն, որոնք, նրա գնահատմամբ, Ռուսաստանի գլխավոր հենարանն էին Վրաստանում։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։

 Հոդվածն ավարտելով՝ կցանկանայի համառոտ ընդհանրացնել նրա բովանդակությունը։ Եվ այստեղ ինձ օգնության եկավ բավական իմաստուն մի արտահայտություն. «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» (A mitus  Plato, sed magis  amica  veritas), որը վերագրվում է Սոկրատեսին. նա ասել է. «Ինձ հետևելով՝ ավելի քիչ մտածիր Սոկրատեսի և ավելի շատ՝ ճշմարտության մասին»։ Այս մասին մեզ պատմում է հին հույն փիլիսոփա Պլատոնը (մ.թ.ա. 427-347թթ.) «Ֆեդոն» աշխատությունում։ Դրանում Ֆեդոնը պատմում է Սոկրատեսի կյանքի վերջին ժամերի մասին, մահապատժից առաջ ընկերների հետ նրա խոսակցության մասին։ Վերափոխելով այս հանճարեղ միտքը՝ ասեմ. Ռոբերտ Քոչարյանն իմ ընկերը չէ, կրկնում եմ՝ ընկերս չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Քոչարյանի հանդեպ դատ ու դատաստան սարքելու մտադրությունը, ընդ որում՝ արհեստականորեն, «ականջից ձգելով» և այդ գործընթացում Ռուսաստանին ներքաշելով, հերթական քայլն է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական հարաբերությունների խզման տանող ճանապարհին։ Այլ խոսքերով՝ սա առաջին քայլն է դեպի հայոց պետականության կորուստ տանող ճանապարհին։ Եվ սա չափազանցություն չէ։ Սա ճշմարտություն է։                                                              

 

 Արտաշես Գեղամյան

ՀՀ խորհրդարանի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги