«Ձեզ գրել, տվել են, կարդում եք, բայց կարդալուց էն կողմ բաներ էլ կան, չէ՞». Գեղամյանը՝ Ներսես Երիցյանին
06.10.2015, Panorama.am
«2003-ին 1 դոլարի փոխարժեքն էր 578.8 դրամ: Ճիշտ այդ նույն տարի ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 269 մլն դոլար: 5 տարվա ընթացքում արհեստականորեն իջեցրեցին փոխարժեքը, դարձրեցին 305.97 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Ճիշտ այդ ժամանակ ներմուծման ծավալը 1 մլրդ 260 դոլարից հասավ 4 մլրդ 411 մլն դոլարի: Դա ի՞նչ է նշանակում, որ ներմուծումն ավելի ձեռնտու էր, քան երկրի ներսում տնտեսություն կազմակերպելը»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, երբ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացնում էր ԿԲ-ի 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
Արդյունքում, ըստ Գեղամյանի, հայկական ապրանքները դարձան ոչ մրցունակ, գործարանները փակվեցին, գործազրկության, աղքատության մակարդակը բարձրացավ: «Սրա՛ համար եմ ասում: Դուք ձեր ելույթում հպարտացաք, որ դրամավարկային քաղաքականության արդյունքում ապահովել եք կայուն տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ գնաճի: Ասեմ՝ ինչու. 2010-ին ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 9.3 էր, 2012-ին՝ 10.1. 2013-ին՝ 10.4, 2014-ին՝ 10 մլրդ 500 մլն դրամ, ո՞ւր է կայուն զարգացումը: Ասում եք՝ 1 մլրդ 900 մլն-ով ավելի եք վարկավորել տնտեսությունը: Եթե այդքան վարկավորել եք՝ զարգացմանը չի գնացել, զարգացմանը գնար՝ գոնե այդքանի չափով ՀՆԱ-ի աճ պետք է ապահովեիք: Այսինքն, հազիվ պարտքերն եք փակել, բանկերի տոկոսներն եք փակել: Ինչքան խորանանք, ավելի ծանր թվեր կլինեն»,- ասաց Ա.Գեղամյանը:
Նրա խոսքերով՝ եթե դրամական զանգվածի աճի տեմպը ավելի քիչ է, քան արտադրողականության աճի տեմպը և ՀՆԱ-ի աճի տեմպը, ոչ մի գնաճ չի լինում. «Ձեզ ասում ենք ապահովեք, որ տնտեսությունն ավելի առաջընթաց զարգացում ապրի»:
Ներսես Երիցյանն էլ ասաց, որ եթե շատ խորանան, կգան այն եզրահանգումների, որոնք փաստերի վրա են հիմնված:
«Տարբեր դրվագների համադրումը տնտեսագիտության մեջ հնարավոր չի եզրահանգումների բերի: Բայց մի բան կարող եմ հայտարարել, որը երևի կփարատի ձեր մտավախությունը՝ անկախացումից ի վեր բոլոր տարիներին դրամական զանգվածն ավելի արագ է աճել, քան մեր արտադրողականությունը և ավելի արագ է աճել, քան իրական ՀՆԱ-ն: Սա գոնե փաստ է»,- նշեց նա:
Այնուհետև ՀՀԿ-ական պատգամավորը զայրացավ Ներսես Երիցյանի վրա՝ ասելով, որ իր խոսքերն աղավաղում է. «Ձեզ գրել են, տվել են, կարդում եք՝ հասկացանք: Բայց կարդալուց էն կողմ բաներ էլ կան, չէ՞: Գիտություն կա: Սրտներս ցավում ա, չենք ուզում՝ այն վիթխարի աշխատանքը, որ երկրի իշխանությունները կատարում են ցանկացած ոլորտում, սխալ քաղաքական արդյունքում տապալվի»:
Ն.Երիցյանն էլ ասաց, որ ցանկացած կոնստրուկտիվ առաջարկի քննարկմանը բաց են, բայց ոչ միայն Հայաստանը, այլև ԵՏՄ-ն վարում է գնաճի նպատակադրման քաղաքականություն: