ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ

… ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄՇՏԱԿՐԱԿ…

Հարգելի գործընկերներ, մենք` ձեզ հետ ականատեսն ենք, երբեմն էլ մասնակիցները քրիստոնեական, մահմեդական և հրեական քաղաքակրթությունների գաղափարական հակադրությունների: Մարդկության ճակատագրի համար մեծագույն չարիք կլինի, եթե սառը պատերազմի տխրահռչակ ժամանակները հիշեցնող այդ հակադրությունների փոխարեն բախումներ սկսվեն կրոնական, ազգային և մշակութային տարբեր արժեքներ կրող հանրությունների միջև: Նման բախման վտանգը իրավացիորեն նկատել է Սեմյուել Հանտինգտոնը. «Մահմեդականներն ավելի հաճախակի ասում են, որ Արևմուտքը ոչ թե պարզապես հետևում է անկատար կեղծ կրոնին, որը, այնուամենայնիվ, հանդիսանում է «Սուրբ գրքի կրոն», այլ որ այն ընդհանրապես ոչ մի կրոն չի դավանում: Մահմեդականների աչքերում Արևմուտքում եկեղեցու անջատումը պետությունից, անհավատությունը, իսկ, հետևաբար, և անբարոյականությունն ավելի վատ չարիք են, քան դրանք ծնած արևմտյան քրիստոնեությունը»:

Արևմտաքրիստոնեական բարոյականության նման ընկալումը, որը տեղ է գտել մահմեդականություն դավանող երկրների ազգաբնակչության բավականին լայն շերտերում, ինչպես նաև այդ երկրներում կրոնական հիմունքների ու քաղաքականության անխզելիության անհերքելի փաստը բացառիկ արդիականություն են հաղորդում կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությանը: Դա իր հերթին, ասես, հետին պլան է մղում խոսքի ազատության իրականացման համար հարկ եղած պայմանների ապահովումը, մինչդեռ դա ժողովրդավարության էական դրսևորումներից մեկն է:

Ահա թե ինչու ԵԽԽՎ-ում քննարկվող «Խոսքի ազատությունը և հարգանքը կրոնական համոզմունքների նկատմամբ»  հարցը պետք է դառնա բազմակողմանի վերլուծության առարկա ինչպես մահմեդականության, այնպես էլ ժողովրդավարական հասարակությունների դիրքերից: Ներկայիս քննարկումն իր նպատակին կհասնի, եթե միասնականորեն կարողանանք մշակել միջքաղաքակրթական երկխոսության և համաձայնության ուղիներ:

Խոսքի ազատության գործնական իրականացումը` զուգորդված կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքով, գլոբալ մասշտաբով կարող է մեծ նշանակություն ունենալ հատկապես Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի համար: Այդ հարցերի հույժ կարևորությունը պայմանավորված է 301 թ. աշխարհի երկրներից առաջինը` Հայաստանի կողմից Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման պատմական փաստով: Դա մեծապես պայմանավորված է նաև ներկայիս սահմաններում հայոց պետության ունեցած աշխարհագրական դիրքից, որը չնայած զբաղեցնում է մեր պատմական հայրենիքի տարածքի միայն տասներորդ մասը, սակայն, այնուամենայնիվ, այսօր էլ շարունակում է գտնվել քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների ջրբաժան գծի վրա: Ստեղծված իրողությունների առանձնահատկությունը շատ բանով պայմանավորված է նաև հայկական բազմամիլիոնանոց սփյուռքով, որը պատմական ճակատագրի կամոք ձևավորվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրականացված հայոց ցեղասպանության հետևանքով: Հատկանշական է, որ հայկական սփյուռքի հիմնական օջախները մեր օրերում ևս կենտրոնացած են մահմեդական ու քրիստոնեական քաղաքակրթությունները ներկայացնող առաջատար երկրներում, ընդ որում աշխարհի բոլոր հինգ մայրցամաքներում:

Կրկին նշեմ, որ մենք բարձր ենք գնահատում նման հրատապ խնդիրների քննարկման փաստը ԵԽԽՎ-ում: Դա վկայում է, որ Եվրոպայի պատասխանատու քաղաքական գործիչներն արդեն այսօր մտածում են աշխարհում իրենց երկրների և իրենց ժողովուրդների տեղի մասին, անհանգստանում են միավորված Եվրոպայի և ողջ աշխարհի ճակատագրով, տագնապում են երկիր մոլորակի վաղվա օրվա, ցանկալի ապագայի համար և ուղիներ որոնում, որոնք տանում են այնտեղ:

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից յուրաքանչյուրը կանգնած է ընտրության առջև. կամ պահպանել սեփական ազգային առանձնահատկությունը` ազգայնականության հենքի վրա, ազգը և պետությունը մեկուսացնող մեխանիզմների ստեղծման գնով, կամ էլ գնալ ուրիշ ճանապարհով. քանի դեռ ուշ չէ, համաշխարհային մասշտաբով ձևավորել հանդուրժողականության և բազմակարծության սկզբունքներ ու գլոբալիզացման, բազմաթիվ մշակույթների աննախադեպ համագործակցության դարաշրջանում անշեղորեն առաջնորդվել դրանցով: Ընդ որում, ավելորդ չէ նշել, որ հատկապես խոսքի ազատության իրականացման և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի մեջ են փոքր պետությունները և ազգությունները տեսնում երաշխիք` իրենց ազգային յուրահատկությունները և ինքնուրույնությունը պահպանելու համար:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի առումով ժամանակակից աշխարհում և ինչպիսի՞ն են այդ համատեքստում մերօրյա քաղաքական ու հոգեբանական իրողությունները: Ի սկզբանե ասենք, որ դանիական թերթերում Մոհամմեդ մարգարեի վերաբերյալ տպագրված ծաղրանկարների շուրջ ծագած աղմկոտ վիճաբանությունն ամենևին վստահություն չավելացրեց մահմեդականների և քրիստոնյաների միջև: Վստահություն չավելացրին նաև այնպիսի իրադարձությունները, որոնցից են իրաքյան Աբու-Գրեյբ բանտում տեղի ունեցած արաբ կալանավորների խոշտանգումները, Կուբայում գտնվող ամերիկյան Գուանտանամո ռազմաբազայում բանտարկյալների նկատմամբ կիրառված բռնի գործողությունները:

Միջքաղաքակրթական օտարացման այդ մթնոլորտը էլ ավելի շիկացավ, երբ Ֆրանսիայում սկսվեցին խռովություններ, երբ արաբամահմեդական ծագմամբ հազարավոր երիտասարդներ դուրս եկան ֆրանսիական քաղաքների փողոցներ` բողոքելով սեփական կարգավիճակի դեմ, միևնույն ժամանակ ավերելով խանութներ, հրկիզելով ավտոմեքենաներ, հրահրելով անկարգություններ:

Հրապարակ եկած այս և բազմաթիվ նման իրադարձությունները իրենց ամբողջության մեջ մահմեդական շատ երկրներում մեկնաբանվեցին ոչ այլ կերպ, քան ահաբեկչության դեմ հայտարարված պայքարի նենգափոխում` ուղղված մահմեդականության, վերջիններիս կրոնական համոզմունքների դեմ:

Մյուս կողմից, այդ նույն ժամանակ ֆրանսիացիների հիշողության մեջ կատարվածը, կարծում եմ, կարթնացներ երկրի ոչ վաղ անցյալի իրադարձությունները, երբ XX դարի 50-60-ական թվականներին ֆրանսիական կառավարությունը փորձում էր թույլ չտալ ներգաղթողների անօրինական մուտքը Աֆրիկայից Մարսելի նավահանգիստ: Ասես թե նրանք մտովի տեղափոխվում էին այն նույն օրերը, երբ հարյուրավոր ֆրանսիացիներ հավաքվում էին նավահանգստի կառամատույցներում և ձեռքերով պահում էին ներգաղթողներով լի նավերն այնքան ժամանակ, մինչև վերջին փախստականը չէր իջնում նավից և ոտքը չէր դնում ֆրանսիական հողի վրա:

Կասկած չկա, որ ֆրանսիական հող ոտք դրած փախստականներն այդ օրերին մեծագույն երախտագիտության զգացմունքներ էին տածում ֆրանսիացիների և իրենց ապաստան տված Ֆրանսիայի հանդեպ: Բայց արդյոք նրանց որդիները չէի՞ն 2005 թ. նոյեմբերին հազարավոր ավտոմեքենաներ հրկիզում, խանութների ցուցափեղկեր ավերում, որոնք միգուցե և պատկանում էին հենց իրենց երբեմնի փրկարարների զավակներին:

Դրա համար էլ կարևոր է, որ քննարկելով այսպիսի հրատապ հարց` խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի մասին, ԵԽԽՎ-ն մշակի գործողությունների ծրագիր, որն ուղղված կլինի կրոնական տարբեր դավանանքներին և մշակույթներին պատկանող մարդկանց միջև վերջին տարիներին ծագած անվստահության ու օտարացման անջրպետի հաղթահարմանը: Համոզված եմ, այդ գործում հաջողության հասնելու համար պետք է ելնել այն բանից, որ բոլորին հոգու խորքում միավորում է համընդհանուր վտանգի գիտակցումը, այն է` միջազգային ահաբեկչության առջև իրար օգնության գալու պատրաստակամությունը: Վտանգ, որը հետզհետե ավելի սպառնալից է դառնում մարդկության համար` լինի դա ուղղահավատ մահմեդական, հրեա, բուդդայական, թե քրիստոնյա: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեղմենք մարդկային կորուստներից և իրար հասցրած վիրավորանքներից առաջացած դառնությունն ու ցավը, որոնք վերջին տարիներին բաժին են ընկել մեր ժամանակակիցներին:

Այս առումով բարձր ենք գնահատում Քաթար պետության նախաձեռնությունը, որը եռանդուն կերպով նպաստում է քրիստոնյա, մահմեդական և հրեական կրոնների միջև երկխոսության զարգացմանը: Քաթարցիները ղեկավարվում են այն դրույթով, որ աբրահամական այդ կրոնների հետնորդները կազմում են մարդկության շուրջ կեսը և ունեն ընդհանուր շատ կանխադրույթներ` հավատը Միասնական Աստծո նկատմամբ, ընդհանուր արժեքներ, որոնք արտացոլված են Աստծո պատվիրաններում: Նրանք նաև միասնական են այն ըմբռնման մեջ, որ կրոնի կարևորագույն խնդիրն է ծառայել մարդուն` ապահովելով նրա ավելի լավ ապրելու իրավունքը, տարածել խաղաղություն, համերաշխություն և սեր:

Հայաստանի համար հատկապես կարևոր է և իսպանա-թուրքական նախաձեռնությունը` «Քաղաքակրթությունների ալյանսը», որն աճող աջակցություն է ստանում աշխարհում և խոստանում է առաջ քաշել նոր գաղափարներ` թե ինչպես հասնել միջքաղաքակրթական համաձայնության:

Խորապես խորհրդանշական եմ համարում, որ ալյանսի համահիմնադիր է հանդիսանում Իսպանիան: Երկիր, որտեղ դարերով խաղաղ գոյակցել են քրիստոնյաները, մահմեդականները, հրեաները, որտեղ մինչ օրս իրենց կուսական գեղեցկությունն են պահպանել մահմեդական, մավրիտանական ճարտարապետության մի քանի տասնյակ վեհասքանչ հուշարձաններ: Հատկանշական է, որ Թուրքիան նույնպես հանդիսանում է «Քաղաքակրթությունների ալյանսի»  համահիմնադիր և դա սկզբունքորեն կարևոր է Հայաստանի համար: Քանի որ, կարծում ենք, որ «Քաղաքակրթությունների ալյանսի»  շրջանակներում Թուրքիան, որպես դրա համահիմնադիր երկիր, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, կհետաքննի հայկական քրիստոնեական տաճարների, եկեղեցիների և գերեզմանատների զանգվածային ավերման պատճառները ժամանակակից թուրքական հանրապետության վարչական սահմաններում գտնվող Արևմտյան Հայաստանի տարածքում: Այսպես, 1974 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալներով, առաջին համաշխարհային պատերազմից հետո այդտեղ կանգուն մնացած 913 եկեղեցական շինություններից 464-ը ամբողջովին ոչնչացվել են, 252 տաճարներ և եկեղեցիներ վերածվել են ավերակների, 197-ը վերականգնողական լուրջ աշխատանքների կարիք ունի:

Ցավ ու տագնապ է առաջացնում, որ ավերված եկեղեցիների և տաճարների թվում կան IV-XVII դդ. ճարտարապետական եզակի հուշարձաններ` Տեկորի եկեղեցի (V դար), Վասպուրականի սբ. Բարդուղիմեոսի եկեղեցի (IV դար), սբ. Կարապետի եկեղեցի (IV դար) և այլն: Քրիստոնեական այդ սրբությունները Թուրքիայում անցկացվող զորավարժությունների ժամանակ թուրքական հրետանու համար դառնում էին թիրախ:

Ցավոք, 1997 թ. թալանի և ավերածության ենթարկվեց նաև սբ. Մակարի հայկական եկեղեցին (VI դար), որը գտնվում է Նիկոսիայից 30 կմ հյուսիս-արևելք, այսպես կոչված, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության տարածքում: Վերջին 30 տարիներին հայկական եկեղեցիներ են ավերվել Ադրբեջանի Գեդաբեկի, Ջաբրաիլի, Դաշքեսանի, Շահումյանի շրջաններում, Գանձակ քաղաքում: Բարբարոսության բարձրակետը դարձավ 2005 թ. վերջին Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության Հին Ջուղայի հայկական նեկրոպոլի IX-XVII դդ. 2000-ից ավելի խաչքարերի` փոքր ճարտարապետության հուշարձանների ավերումը: Բարբարոսական նման գործողությունները չդատապարտվեցին աշխարհի ոչ քրիստոնյաների, ոչ էլ մահմեդականների կողմից: Այն ժամանակ լռեցին ինչպես դանիական թերթերը, այնպես էլ լռեց ծաղրանկարային աղմկահարույց վիճաբանությունից հետո նրանց սատարած արևմտյան մամուլը… Ավա՛ղ, մեր օրերում էլ լռեցին Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, Իսլամական Կոնֆերանս Կազմակերպությունը, երբ ս/թ հունիսի 21-ին Ստամբուլի օդանավակայանում թուրք ազգայնականները լկտի և անհարգալի վերաբերմունք դրսևորեցին Կոնստանդնուպոլսի Հունաց և Հայոց պատրիարքների հրավերքով այնտեղ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի նկատմամբ թուրք ազգայնամոլ խուժանի դրսևորած այս վրդովեցուցիչ փաստը լռության մատնեցին իրենց խոսքի ազատության ջատագով հորջորջող լրատվամիջոցները, լռեցին նաև վերջերս ի հայտ եկած կրոնական համոզմունքների հարգման բոլոր տեսակի պահապաններն ու պաշտպանները:

Եվ, վերջապես, այս պարագայում ովքե՞ր, եթե ոչ «Քաղաքակրթությունների ալյանսի»  հիմնադիր պետությունները պետք է հրապարակավ դատապարտեն վերոհիշյալ բոլոր վայրագությունների հեղինակներին: Դա կսառեցնի ավերածությունների կազմակերպիչների, ինչպես նաև այն մարդկանց խանդավառությունը, ովքեր մեր օրերում գրգռում են անհանդուրժողական մոտեցում ոչ մահմեդական կրոնական համոզմունքների և հատկապես քրիստոնեական սրբությունների հանդեպ:

Եվ, անշուշտ, դա եվրոպական հասարակությանը կհամոզի, որ ներկայիս Թուրքիայի ղեկավարությունը գործնականում վճռական է կարգավորել միջքաղաքակրթական երկխոսություն և առաջին հերթին էլ իր հարևանների հետ: Երկխոսություն, որի հիմքում պետք է ընկած լինի հարգալից վերաբերմունք նրա մասնակիցների կրոնական համոզմունքների նկատմամբ:

Մենք նաև հուսով ենք, որ աշխարհիկ Թուրքիան, որը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը, առանց պատասխանների չի թողնի Թուրքիայի հայ սփյուռքին հուզող լուսավորչական բնույթի հասունացած հարցերը: Կարծում ենք, որ գործնականում խոսքի ազատության իրագործման լայն կոնտեքստում Թուրքիայի փոքրաթիվ հայկական դպրոցներում կհանվի արգելքը հայ ժողովրդի պատմության, հայկական ազգային մշակույթի պատմության առարկաների դասավանդման վրայից: Եվրամիության լիարժեք անդամ դառնալու թեկնածու երկրի համար հարիր չէ հայ դպրոցականներին զրկել սեփական ժողովրդի պատմությունը և նրա մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու բնական իրավունքից: Ավելին, իմանալ ճշմարտությունը իրենց նախնիների ճակատագրի մասին, մանավանդ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Իմանալ օրինակ այն մասին, որ օսմանյան կայսրության արտակարգ զինվորական ատյանը` ստեղծված 1919 թ. մարտի 8-ին սուլթան Մոհամմեդ VI-րդ Վահիդեդդինի հրամանով, իր 1919 թ. մայիսի 25-ի որոշմամբ մահապատժի դատապարտեց երիտթուրքերի կառավարության պարագլուխներ Էնվերին, Ջեմալին, Թալեաթին, Նազըմին` «Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և Արևելյան վիլայեթներում հայերի զանգվածային կոտորած, կրկնում են հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար»: Եվ եթե այդ տարիների պատմական իրողությունների հրապարակային ընդունումից հետո կհետևի պաշտոնական Անկարայի ապաշխարությունը XX դարի սկզբին թուրքերի կողմից մարդկության հանդեպ իրականցված հանցագործությունների, այն է` մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության համար, այդժամ Թուրքիայում սովորող հազարավոր հայ դպրոցականներ միանգամայն այլ զգացմունքներ կտածեն թուրքերի հանդեպ, քան հիմա: Դիցուք, այդ ժամանակ, երբ հայ աշակերտը, մտնելով դպրոցական շենք, հարկադրված է տեսնել թուրքական հանրապետության հիմնադիր Աթաթուրքի խոսքը` «Ինչպիսի երջանկություն է ասել` ես թուրք եմ», հայկական դպրոցի շենքի վրա ծածանվող Թուրքիայի հանրապետության դրոշը, միգուցե՞ այդ ժամանակ սովորողների երիտասարդ հոգիները չեն լինի այլևս խռովքի և ալեկոծության մեջ ու նրանք Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի և Հորդանանի հայկական սփյուռքի իրենց բազմաթիվ հասակակիցների նման հարգանքի զգացումով կլցվեն իրենց բնակության երկրի հանդեպ: Ցանկանում եմ հույս հայտնել, որ այս դահլիճում ներկա գտնվող Թուրքիայի վարչապետ պրն Էրդողանը անձնական վերահսկողության տակ կվերցնի այս ողջ գործընթացը և իր գործողություններով կօժանդակի թուրքական հանրապետության նոր ընկալմանը` որպես իրականում եվրոպական արժեքներին հավատարիմ երկրի: Մենք սպասում ենք, թե երբ Թուրքիան կվերացնի Հայաստանի շրջափակումը, թե երբ Թուրքիան առանց որևիցէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ կհաստատի: Եվ վերջապես, թուրքական հանրապետությունը ուշադրությամբ կվերաբերվի և կվերաիմաստավորի Օսմանյան կայսրության արտակարգ զինվորական դատարանի 1919 թ. մայիսի 26-ի որոշումը, որով իրավաբանորեն ճանաչվեց հայերի ցեղասպանության փաստը` հենց սուլթանական զինվորական դատարանի կողմից: Հուսով ենք, որ «քաղաքակրթությունների ալյանսի»  համահիմնադիր Թուրքիան պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրությունում իրականացրած հայերի ցեղասպանությունը:

Հարգելի գործընկերներ, գաղտնիք չէ, որ խոսքի ազատությունը և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքն իրենց առանձնահատկություններն ունեն քրիստոնեական և մահմեդական ընկալումներում: Մոհամմեդ մարգարեի հետևորդների գիտակցության մեջ կրոնը և աշխարհիկ կյանքն անբաժանելի են: Այդ իսկ պատճառով մահմեդականությունը ոչ միայն արտահայտում է սեփական իդեալները, այլև մշտապես միջոցներ է փնտրում դրանք կյանքի կոչելու համար: Ահա թե ինչու Մոհամմեդ մարգարեն հասարակության մեջ հաստատեց կառավարման մահմեդական ձևը: Եվ այսօր Իսլամն առաջարկում է աշխարհակառուցվածքի սեփական մոդելը: Այսպես, Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարրաֆը վերջերս «Կոմերսանտ»  թերթին տված իր հարցազրույցում նշել էր. «Մահմեդականությունը դա կենսակերպ է: Եվ մենք պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի իրական Իսլամը: Մահմեդականությունը կարող է դառնալ երրորդ ճանապարհ, որը կտարբերվի և՜ արևմտյան ազատ շուկայից, և՜ սոցիալիզմից… Ազատ շուկայի պայմաններում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները` ավելի աղքատանում»:

Այսպիսով, Իսլամը իր երևելի հետևորդների շուրթերով, ըստ էության, առաջարկում է գլոբալացման սեփական տարբերակը, որը մահմեդական աշխարհի սահմաններում մրցակցում է նրա արևմտյան վարկածի հետ:

Հարգելի՜ գործընկերներ, արդեն ակնհայտ է, որ մարդկության մոտակա պատմությունը զարգանալու է աշխարհընկալման հակամարտող մոդելների հիմքի վրա, որոնք հիմնվում են արևմտյան` գլոբալիզացիոն և մահմեդական` կրոնական ավանդույթների վրա:

Գլոբալիզացվող աշխարհի պայմաններում միանգամայն պարզ է, որ գիտելիքները, տեղեկատվությունը դառնում են արտադրական գլխավոր ռեսուրսը: Դա առաջացնում է մարդկանց ինտելեկտուալ հնարավորությունների իրականացման նոր մոտեցումների համար օբյեկտիվ անհրաժեշտություն: Ինտելեկտուալ ներուժի վերածումը գլխավոր մարդկային արտադրական ռեսուրսի` իր հերթին արդիական է դարձնում անհատի և հասարակության հարաբերությունների ներդաշնակությունը: Դրա հետ մեկտեղ կասկածից վեր է և այն, որ խոսքի ազատությունը վերջին դերը չէ որ խաղում է անհատի կայացման գործում, իսկ հարգանքը կրոնական համոզմունքների նկատմամբ, անտարակույս, նպաստում է անձի և հասարակության արժեքային համակարգի բյուրեղացմանը: Դրանով իսկ, կարծում ենք, եվրոպական քաղաքակրթությունը տնտեսական և հոգևոր ծաղկունքի պտուղները կքաղի այնտեղ, որտեղ օպտիմալ կերպով կներդաշնակվեն ստեղծագործող անհատի ու հասարակության շահերը: Եվ առավել հուսալի է այն հասարակությունը, այն պետությունը, որը կենարար ուժեր է վերցնում հարյուրամյակների փորձությունների միջով անցած կրոնական համոզմունքներից:

Խոսքի ազատության հաստատումը, կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքը, մեր կարծիքով, հանդիսանում են Արիադնայի ուղեցույց թելը, որը թույլ կտա Եվրոպային արժանապատվորեն հաղթահարել ներկայիս երկպառակությունը և գլոբալիզացիայի մարտահրավերները:

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/ քրիստոնյա դեմոկրատներ

Ստրասբուրգ, 28 hունիսի 2006թ.

download English version (*.doc)