Օրակարգում հետճգնաժամային աշխարհակարգի ծրագրի մշակումն է

 

28.03.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/2898482.html

29.03.2020, Իրավունք

https://iravunk.com/news/108423

 

Անոտացիա

ՀԱՊԿ մասնակից պետությունները, ԵՏՄ անդամները պետք է ստեղծեն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման, նրա տնտեսական հետևանքների մեղմման համատեղ համալիր ծրագիր և այդ հիմքի վրա մշակեն հետճգնաժամային արդարացի աշխարհակարգի կայացման գիտականորեն հիմնավորված նպատակային ծրագիր։

Երբ գրվում էին այս տողերը, կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) 372 մարդու էր հասնում, նրանցից Երևանում կորոնավիրուսով վարակման 151, Կոտայքի մարզում՝ 57, Արարատի մարզում՝ 56 դեպքեր։ Հոդվածի նպատակը բնավ Հայաստանի առանց այդ էլ խիստ մտահոգ բնակչության կրքերի շիկացումը չէ, որի համար կորոնավիրուսի համավարակը լուրջ սպառնալիք է ոչ միայն մեր քաղաքացիների առողջության, այլ նաև հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության առումով, որոնք արդեն 30 տարի է՝ գտնվում են Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի վիճակում։ Սույն հոդվածը գրելու համար շարժառիթ է հանդիսացել երկու, առաջին հայացքից՝ միմյանց հետ կապ չունեցող հրապարակում 1in. am տխրահռչակ ռուսատյաց ինտերնետ-պարբերականում, որը շռայլորեն ֆինանսավորվում է օվկիանոսի այն կողմից։

ԶԼՄ-ներում իմ հրապարակումներին ծանոթ հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ, թե այդ ինչու եմ ամեն անգամ իմ հոդվածներում մեջբերումներ կատարում այդ ինտերնետ-պարբերականից կամ դրա թերթային «Ժամանակ» տարբերակից։ Ավելին, կարող է և կասկածել, որ իմ ընթերցողական հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է միայն այդ ռուսատյաց ԶԼՄ-ների հրապարակումներով, որոնց վերջնանպատակը ռուս-հայկական ռազմավարական դաշինքի վարկաբեկումն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար կենսականորեն կարևոր ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵՏՄ) զրպարտելը։ Իսկ տեղեկատվական պատերազմի՝ ՀՀ պետականության հիմքերը խարխլող անդրօվկիանոսյան այդ գործիքների հակազգային գործունեության գագաթնակետը պետք է դառնան 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերումը Գյումրիից (ՀՀ), Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության զորակազմի և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի «Էրեբունի» ավիաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Եվ ահա, հարգելի ընթերցող, իմ հղումները վերոնշյալ ԶԼՄ-ներին պայմանավորված են նրանով, որ հենց այդ մաս-մեդիաներն են իրենց ինտերնետ-հեռուստատեսությամբ ՀՀ տեղեկատվական տարածքում հիմնականում ձևավորում հակառուսական, ասել է թե՝ նաև հակահայկական օրակարգը, որը հետագայում գերիշխող տեղ է գրավում տարատեսակ տասնյակ ինտերնետ-պարբերականներում և ինտերնետ-հեռուստատեսությունում։ Ընդ որում՝ այդ աշխատանքը կատարվում է լավ մտածված, համակարգային հիմքով, Ջորջ Սորոսի և տարատեսակ անդրօվկիանոսյան դեմոկրատական ինստիտուտների կողմից այդ կազմակերպությունների շռայլ ֆինանսավորման պայմաններում։

Կարդալով այս տողերը՝ հարգելի ընթերցողը կարող է տարակուսել. մի կողմից՝ տողերիս հեղինակը գրում է Հայաստանում կորոնավիրուսի տարածման սարսափեցնող մասշտաբների մասին, մյուս կողմից՝ «կենտրոնանում» է Սորոսի և КО-ի վրա։ Ավաղ,  հակազգային այդ ԶԼՄ-ներից և գրանտակեր հասարակական կազմակերպություններից բխող վտանգը, եթե նրանց գործունեությունը չկասեցվի, կարող է դառնալ ինքնատիպ կորոնավիրուս, որը կքայքայի հայոց պետականության հիմքերը։ Հայոց պետականության, որը համավարակի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների անտաղանդության պատճառով դրանից դուրս կգա զգալիորեն թուլացած՝ տնտեսական առումով և բնավ էլ ոչ ավելի համախմբված։ Որպեսզի իմ պնդումները մերկապարանոց չհնչեն, մեջբերումներ կատարեմ 2020թ. մարտի 27-ին 1in. am-ում հրապարակված՝ «Մակրոնն ահազանգում է, Իտալիան մերժում. Հայաստանի դերը նոր Եվրոպայում» վերնագրով հոդվածից։ Ինչպես ասում են՝ ոչ ավելի, ոչ պակաս։ Այսքան հավակնոտ ու բազմախոստում վերնագրով հոդվածում, մասնավորապես, կարդում ենք. «Բանն այն է, որ Հայաստանը ևս պետք է վերագնահատի, թե ինչ ասել է Եվրոպա, Եվրամիություն, և ինչ է իրենից այն ներկայացնում որպես ուղենիշ և առաջին հերթին՝ որպես ապագայի գործընկեր: Կորոնավիրուսը Եվրոպան դնելու է էական վերանայումների օրակարգի առաջ, բերելու է նոր քննարկումներ ու գործընթացներ: Հայաստանի համար շատ կարևոր է դառնալ դրանց մասնակից, կարողանալ ներգրավվել դրանցում, ունենալ գաղափարներ, առաջարկներ, մոդելներ: Հնարավոր է, որ նաև այդ հանգամանքը նկատի ուներ Եվրոպական ժողովրդական կուսակցության (այսուհետ՝ ԵԺԿ) նախագահ Տուսկը, որը մարտի առաջին կեսին Բրյուսելում հանդիպելով Հայաստանի վարչապետի հետ՝ նրան իր աջակցությունն էր հայտնել Եվրոպայի ամենամեծ քաղաքական միավորման նախագահի իր դիրքից: Տուսկը գուցե ակնարկում էր, որ Հայաստանը կարող է և պետք է դիտարկի ԵԺԿ-ն իբրև ոչ միայն հայ-եվրոպական հարաբերության խորացման հարթակ, այլև այժմ արդեն դրանից առաջ նախ՝ եվրոպական արդիականացման անխուսափելի թվացող օրակարգին միանալու հարթակ»:

Զարմանալի է, չէ՞, նման բան կարդալ այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ելքի լիակատար անորոշության, առաջիկա ամիսներին ՀՀ տնտեսությանն սպասվող բավական տագնապալի անորոշության (հիմնականում պայմանավորված Հայաստանի կառավարության լիակատար անկարողությամբ՝ համարժեք արձագանքելու կորոնավիրուսի համավարակի մարտահրավերներին) պայմաններում։ Ի՞նչ է սա՝ Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը Եվրոպայի ապագա արդիականացման օրակարգ ձևավորելու փրկարար հեռանկարների ուղղությամբ շեղելու անհաջող փո՞րձ, իսկ գուցե այս հոդվածը դուրս է եկել նորահայտ հայ Ջովանի Դոմենիկոյի, այո, այո, հարգելի ընթերցող, ուշ Վերածննդի դարաշրջանի այդ նույն իտալացի նշանավոր մտածող Թոմազո Կամպանելայի գրչի տակի՞ց։ Չէ՞ որ վերոնշյալ հոդվածի հեղինակը պատմում է Հայաստան անունով նոր «Արևի քաղաքի» իր տեսլականի (ավելի շուտ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեսլականի) մասին։ Ամեն ինչ այդպես էլ կլիներ, եթե չլիներ մի նրբություն։

Այսպես, Հայաստանի «ժողվարչապետ»՝ իր իսկ սիրելի Նիկոլ Վովաևիչը ս.թ. մարտի 18-ին, այսինքն՝ կորոնավիրուսով ՀՀ քաղաքացիների վարակման դեպքերի հայտնաբերման էական աճի տագնապալի օրերին, ՀՀ հանրահայտ հեռուստաալիքներից մեկում Արամ Աբրահամյանի «Հեռանկար» հեղինակային ծրագրի հյուրն էր։ Միայն մի մեջբերում կատարեմ ՀՀ «ժողվարչապետի»՝ ուղիղ եթերում հնչեցրած մենախոսությունից. «Եվրամիություն սնունդ արտահանելու համար էդքան էլ հեշտ չի, մեր առաջ բաց չեն ճանապարհները, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո Եվրամիությունը ինքը մեզ չի խնդրելու սննդամթերք մատակարարել։ Այսինքն՝ մենք պետք է պատրաստ լինենք, և գուցե կորոնավիրուսից հետո, ոչ թե գուցե, ես գրեթե վստահ եմ, որ սկսվելու է հինգերորդ, եթե ոչ ինդուստրիալ, ապա համաշխարհային տնտեսական հեղափոխությունը։ Եվ լավ է, որ մենք առաջինն ենք, որ տնտեսական հեղափոխության մասին հայտարարել ենք, առնվազն մտադրման տրամաբանությունից մենք էլի էստեղ աշխարհում լիդեր լինելու հնարավորություն ունենք»։

Ես, հարգելի ընթերցող, ճիշտ նույնությամբ ներկայացրի Նիկոլ Վովաևիչի խոսքերը, որոնք, անկասկած, կենարար ազդեցություն կգործեն առնվազն աշխարհի լավագույն հոգեբուժական կլինիկաների՝ շվեյցարական LES ALPES-ի (Ժնևյան լիճ), Isra Clinic հոգեբուժական կլինիկայի (Իզրա Կլինիկ, Թել Ավիվ) պացիենտների մտքերի ու սրտերի վրա... Այնինչ, իրականություն դարձավ այլ բան. մեկ շաբաթ անց «ժողվարչապետի» այս անմիտ անհեթեթությունը որսաց ու տարածեց հայկական գրանցում ունեցող վերոնշյալ անդրօվկիանոսյան ինտերնետ-պարբերականը։ Այս տողերը գրում եմ սրտի ցավով՝ միևնույն ժամանակ գիտակցելով նաև սեփական մեղքիս բաժինը, որ, լինելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, իմ կողմից, ըստ երևույթին, սպառիչ միջոցներ չեմ ձեռնարկել Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը թույլ չտալու համար։ Մյուս կողմից՝ տագնապեցնում է նաև այլ բան. որքան մեծ պետք է լինի անդրօվկիանոսյան ստրատեգների ատելությունը Հայաստանի հանդեպ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի պատճառով, որ նրանք, այնուամենայնիվ, կարողացան իշխանության բերել իր խոսքի ու գործի համար պատասխան չտվող մեկին, որը պետական կառավարման ոլորտի նվազագույն գիտելիքներ անգամ չունի։ Չէ՞ որ անդրօվկիանոսյան տիկնիկավարների՝ Նիկոլ Վովաևիչի հետ կապված հաշվարկը բոլորովին պատահական, առավել ևս՝ այսրոպեական էլ չէր։ Ն.Փաշինյանին իշխանության բերելու համար կիրառված տեխնոլոգիաների մասին արդեն քանիցս գրել եմ։ Ավելին, 2020թ. փետրվարին լույս տեսավ հոդվածներիս, ելույթներիս և հարցազրույցներիս 890 էջանոց ժողովածուն, որոնք ընդգրկում են 2019թ. հունվար – 2020թ. հունվար ժամանակաշրջանը՝ «Հայաստանը և հայերը հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի կողքին» վերնագրով, որտեղ հանգամանալիորեն վերլուծված են Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջման տեխնոլոգիաները։ Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե իմ գնահատականները «ժողվարչապետի» խոսքերի վերաբերյալ կանխակալ են Եվրամիությանը սննդամթերք մատակարարելու հարցում Հայաստանին խնդրանքի հնարավորության մասով, որի մասին ուղիղ եթերում բարբառում էր Ն.Փաշինյանը, մեջբերեմ պաշտոնական, մամուլի համար բաց վիճակագրական տվյալներ, որոնք պերճախոս վկայում են մեր տնտեսության ոչ թե արտահանական հնարավորությունների, այլ «ժողվարչապետի» մոտ հայտնի կլինիկայի առկայության մասին։ Այսպես, համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրի (էջ 250)՝ ՀՀ-ում 2019թ. սպառվող հացահատիկի ողջ ռեսուրսի 68,8%-ը ներմուծվել է (հիմնականում Ռուսաստանից), ներմուծվել է նաև սպառվող բուսայուղի 98,5%-ը, կարագի 75,4%-ը, թռչնամսի 75,4%-ը, մարգարինի 100%-ը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից մրգերի և բանջարաբոստանային մշակաբույսերի արտահանմանը Եվրամիություն, ապա դա սկզբից ևեթ անհեթեթ է թվում։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ ԵՄ երկրներում գյուղտնտարտադրության ծավալներին և դրանց սպառման խնդիրներին։ Էլ չեմ ասում այն մասին, որ 2019թ. արդյունքներով ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է մինուս 2 մլրդ 873,5 մլն դոլար, ինչը միանգամայն իրականորեն է բնութագրում Հայաստանի արտահանական հնարավորությունները։

Երկրորդ հոդվածը (ռուսերեն թարգմանություն), որը սույն վերլուծության համար շարժառիթ հանդիսացավ, հրապարակվել է 2020թ. մարտի 27-ին, ժամը 16։00-ին այդ նույն 1in. am ինտերնետ-պարբերականում, «Քոչարյանիզմի ստվերն Արցախում. ընտրությունները հետաձգելն անթույլատրելի է» վերնագրով։ Մեջբերում կատարեմ այդ հոդվածից. «Փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր են լուծում Արցախի (Արցախի Հանրապետություն – Ա.Գ.) ընտրությունները, ու ինչքանով են մոտիվացված կամ անկեղծ Բալասանյանի (նկատի ունի գեներալ-մայոր, Արցախի հերոս, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, որը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով արտակարգ դրություն հայտարարել Արցախի Հանրապետությունում և տեղափոխել նախագահի ու խորհրդարանական ընտրությունների ժամկետն Արցախում – Ա.Գ.) փաստարկները։ Ավելորդ է ասել, որ Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները չի կարելի դիտարկել բացառապես ներքաղաքական համատեքստում, ավելին՝ այդ ընտրություններում, այսպես ասած, ներքին բաղադրիչը ամենաթույլն է արտահայտված, որովհետև՝ բացառությամբ մեկ թեկնածուի, որը հաղթելու շանս չունի, մյուսներն ըստ էության հանդես են գալիս գրեթե նույն ծրագրերով։ Ըստ այդմ՝ Արցախի ընտրություններն առաջին հերթին միտված են ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – Ա.Գ.) սուբյեկտության մեծացմանը, ընդ որում՝ դա պետք է կապիտալիզացվի ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլ նաև (ըստ երևույթին, դրա համար էր արծարծվում Նիկոլ Փաշինյանի՝ սկզբից ևեթ վնասակար կարգախոսը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», այն ժամանակ Հայաստանի իշխանավորների անդրօվկիանոսյան ուղեվարներին այդ կարգախոսը պետք էր – Ա.Գ.), այսպես ասած, ներհայկական հարաբերություններում։ Նախկին քսան տարիներին Արցախն իր սուբյեկտությունը կորցրել է ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաև Հայաստանի հետ հարաբերություններում։ Պատահական չէ, որ Արցախի իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, չունեին սուբյեկտություն ու դարձել էին Հայաստանում հաստատված հին համակարգի լոկալ ինստիտուցիոնալ դրսևորումը։ Ու այդ ամենը տեղի էր ունեցել Արցախի սուբյեկտության հաշվին։ Հիմա բացառիկ հնարավորություն է ստեղծվել օրինական ընտրությունների անցկացման շնորհիվ կարևոր քայլ կատարել հայկական երկրորդ պետության սուբյեկտությունը մեծացնելու ուղղությամբ»։ Բնականաբար, հարց է ծագում. իսկ այդ ինչո՞ւ են Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանի ընտրություններից չորս օր առաջ այդպես իրար խառնվել ազդեցության հայտնի գործակալները։ Չէ՞ որ ընտրություններն Արցախում տեղափոխել խնդրում է ոչ թե ընտրարշավի աուտսայդերներից մեկը, այլ նրա առաջատարը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ համաձայն հանրային կարծիքի վերջին հարցման, որն անցկացվել է «Хроники Армении» Телеграм-ալիքի կողմից, 2020թ. մարտի 24-ի դրությամբ նախագահական ընտրարշավի առաջին տեղում 31,8%-ով Վիտալի Բալասանյանն է, այն դեպքում, երբ ընտրարշավի նախկին առաջատար Արայիկ Հարությունյանը երկրորդ տեղում է և ունի քվեարկությանը մասնակցելու մտադրություն ունեցող հարցվածների ձայների 27,1%-ը, երրորդ տեղում սորոսյան ընտրյալ Մասիս Մայիլյանն է՝ 16,8%։ Չկողմնորոշվածների թիվը 12,1% է։

Այսինքն՝ ազդեցության գործակալների տրամաբանությամբ, ելնելով «շահադիտական» նկատառումներից՝ ընտրությունների ժամկետի տեղափոխմամբ ամենից շատ շահագրգռված էր ընտրարշավի առաջատար, գեներալ-մայոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Հատկանշական է, որ մի ինչ-որ պատահական զուգադիպությամբ ս.թ. մարտի 26-ին Հայաստանի ԶԼՄ-ներում ի հայտ եկավ տեղեկատվություն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը չեղարկել է Արցախում տարածքների ականազերծման NALO Trust ծրագրի ֆինանսավորումը։ Համաձայն Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հաղորդման՝ «Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների ակտիվ ջանքերին՝ չհաջողվեց պահպանել Արցախին ուղղակի ֆինանսական օգնությունը ԱՄՆ-ի կողմից»։ Ընդ որում՝ նշվում էր նաև, որ որոշումն ընդունել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը, որի հետ Ադրբեջանի իշխանություններն ակտիվ աշխատանք էին տանում՝ մեծ փողեր հատկացնելով։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ցանկանում եմ մեջբերում կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցներից և հայտարարություններից։ Այսպես, TV-5 հեռուստաալիքի 2019թ. հունիսի 25-ի հարցազրույցում, խոսելով Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հաղթանակ պետք է տանի այն թեկնածուն, որը կկարողանա պահպանել «Արցախի տեսքն ու թույլ չտա Հայաստանին կոտրել իրեն»։ Ռ.Քոչարյանը նաև հայտարարեց, որ Արցախի նախագահական ընտրություններում ինքն ունի իր նախընտրած թեկնածուն, բայց հրաժարվեց նշել նրա անունը։ Հանուն արդարության նշենք, որ Ռ.Քոչարյանի հաջորդ հոդվածներն ու հարցազրույցները կասկածներ չեն թողնում, որ Արցախի Հանրապետության կայանալիք նախագահական ընտրություններում Ռոբերտ Սեդրակովիչի համար նախագահի գերադասելի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է։

Բավական համոզիչ հնչեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի երեկ չէ առաջին օրվա ուղերձը արցախցիներին ընտրությունների նախօրեին. «Ընտրե՛ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը»։

Իսկ այժմ, հարգելի ընթերցողը թող խորհի այն բանի շուրջ, թե որոնք էին անդրօվկիանոսյան տիկնիկավարների դրդապատճառները, որոնք տագնապալի այս օրերին, երբ ողջ աշխարհն է համակված կորոնավիրուսային համավարակով, մոլորակային մասշտաբի այս չարիքի դեմ պայքարում ողջ հայության համախմբման վերաբերյալ հոդվածների փոխարեն նման ստոր սուտ է տարածում, դիցուք. «Պատահական չէ, որ Արցախի իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին չունեին սուբյեկտություն» և նման այլ անհեթեթություններ։ Հաշվարկը պարզ է՝ ցանկացած գնով հասնել Արցախում Հայաստանի ներկայիս ռեժիմի խամաճիկ-նախագահի ընտրության, պարզ ասած՝ խամաճիկի ընտրության Հայաստանի ներկայիս իշխանությունների, ՀՀ իշխանությունների համար, որոնք, իրենց հերթին, անդրօվկիանոսյան տիկնիկավարների խամաճիկներն են։ Կասկած չի հարուցում, որ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման սցենարիստները ճիշտ էին հաշվարկել, որ հակազգային «թավշյա հեղափոխության» (իմա՝ պետական հեղաշրջման) արտահանումը Արցախի Հանրապետություն անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքացիական պատերազմի սկսվելուն հայկական երկու պետություններում, իսկ դրա ելքը կկանխորոշի ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագիրը, այլև չափազանց վտանգավոր ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի ապակայունացման առումով։ Վտանգի կենթարկվի Հարավկովկասյան տարածաշրջանի ապագան, քանի որ ապակայունացումը Հայաստանում և Արցախում անխուսափելիորեն պարարտ հող կստեղծի նեոօսմանյան բազեների փայփայած՝ Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին «հայկական պատնեշի» վերացման երազանքի իրականացման համար։

Բնավ պատահական չէ, որ հիշատակեցի Մեծ Թուրանի մասին։ Դեռևս ХХ դարասկզբին էր Լեռնային Ղարաբաղը կանգնած Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին։ Հիշենք այդ ժամանակների ողբերգական դրվագներից մեկը։ Այսպես, հարյուր տարի առաջ՝ 1920թ. մարտին,  Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրի փաշան ու նրա մոլագար գլխակերները լիովին ոչնչացրին արցախյան (ղարաբաղյան) մշակութային կենտրոնի՝ Շուշի քաղաքի հայ բնակչությանը։ Ահա թե այդ սարսափների մասին հետագայում  ինչ է գրել իտալացի գրող և թարգմանիչ, Ժնևի և Հռոմի համալսարանների շրջանավարտ, Արևելյան քրիստոնեության հայտնի մասնագետ Ջովանի Գուայտան իր «Ճիչ Արարատից» գրքում։ «1920թ. մարտին թուրքերը և ադրբեջանցիները կատարում են նոր սարսափելի ջարդ Շուշի քաղաքում։ Շուշին Ղարաբաղում հայկական կյանքի շատ կարևոր մշակութային կենտրոն էր։ XIX դարից այն ուներ իր վանքը, իր եկեղեցին, թատրոնը, հիվանդանոցը, թեմական դպրոցը, լույս էին տեսնում հայերեն գրքեր և ամսագրեր։ XIX դարի վերջին հայերը կազմում էին քաղաքի բնակչության ավելի քան 60 տոկոսը։ Ընդամենը մեկ օրում՝ 1920թ. մարտի 22-ին, թյուրքական կատաղությունը քայքայեց հազարավոր հայկական տներ, ավերեց շատ եկեղեցիներ, գրադարաններ, տպարաններ. դրա զոհը դարձավ ավելի քան 30 000 մարդ։ Այդպես քեմալականները Շուշիում կրկնեցին այն, ինչ երիտթուրքերը կատարել էին Բաքվում»։ Երբ Շուշի այցելեց Օսիպ Մանդելշտամը կնոջ՝ Նադեժդայի հետ, իսկ դա տեղի է ունեցել 1920թ. մարտյան կոտորածից տասը տարի հետո, նա միայն ավերակներ գտավ։ Օսիպ Մանդելշտամը կոտորածի զոհերին նվիրեց «Ֆայտոնչին» բանաստեղծությունը։ Այնտեղ այսպիսի տողեր կան.

Так, в Нагорном Карабахе,

В хищном городе Шуше

Я изведал эти страхи,

Соприродные душе.

Сорок тысяч мертвых окон

Там видны со всех сторон

И труда бездушный кокон

На горах похоронен.

(Ես Ղարաբաղը տեսա լեռնային,

Տեսա գիշատիչ Շուշի քաղաքը,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի -

Հոգուս խռովքին համանվագ:

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ մութ, սնամեջ.

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ` լեռների մեջ

Թարգմ.՝ Հրաչյա Բեյլերյան)

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, մեջբերենք մի հատված հայտնի արևելագետ-քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության Արևելյան խմբագրության շեֆ-խմբագիր Ստանիսլավ Տարասովի 2017թ. հունիսի 5-ի «Ում և ինչպես էր ծառայում Նուրի փաշան. Ադրբեջանին առաջարկում են օտար հերոսների» հոդվածից, որը հրապարակվել է blognews. am/ru ինտերնետ-պորտալում. «Թուրքիայի ՌՕՈւ պաշտոնաթող գեներալ-մայոր, Ավիացիայի համալսարանի ռեկտոր Քուրշաթ Աթըլղանը հավատում է, «որ շուտով Ադրբեջանում կտեղադրվի Նուրի փաշային արժանի հուշարձան, ինչով կուրախացնի ողջ թյուրքական աշխարհը»։ Նրա խոսքով՝ «Նուրի փաշան Ադրբեջանի ամենակարևոր պատմական հերոսներից մեկն է»։ Ավելի վաղ՝ 2010թ., Բաքվում Նուրի փաշայի հուշարձանը տեղադրելու առաջարկով հանդես էր եկել Հուլուսի Քըլըչը՝ այդ պահին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը»։ Այնուհետև Ստանիսլավ Տարասովը միանգամայն իրավաչափորեն հարց է տալիս. «Ի՞նչ կա ժամանակակից Թուրքիայի ներկայացուցիչների նման համառամտության հետևում և ո՞ւմ են նրանք մտադիր հուշարձան կանգնեցնել ադրբեջանական հողում»։ Կարծում ենք, որ այս ֆոնին «ժողվարչապետի» քանիցս կրկնվող սևեռուն գաղափարն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) և Ադրբեջանի ժողովուրդների համար, նորից հայտնի զգացողություններ է առաջացնում, որոնք բնավ կապված չեն քաղաքականության հետ։ Այստեղ անպայման կցանկանայի տեղեկացնել ընթերցողներին այն մասին, որ Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Հայաստանի հետ բարեկամության Ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ տեղադրելու հայտնի քանդակագործ Լազար Գադաևի Օսիպ Մանդելշտամի կիսանդրին Շուշիում։ Արցախի Հանրապետության իշխանությունները հավանություն են տվել նախաձեռնությանը, իսկ հայ տաղանդավոր ճարտարապետ, դիզայներ Ռուբեն Մնացականյանն արդեն ավարտել է համապատասխան ճարտարապետական նախագծի աշխատանքը։

Հարգելի ընթերցողը, ուշադիր խորամուխ լինելով անցած շաբաթվա հրապարակումների մեջ, կրկին ու կրկին համոզվում է այն եզրահանգման անայլընտրանքայնության մեջ, որ կորոնավիրուսի համավարակը կարող է անճանաչելիորեն փոխել աշխարհը։ Այս մասին ամենայն համոզչությամբ վկայում են Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, ԱՄՆ ղեկավարության մոտեցումների վտանգավոր փոխակերպումը (ԱՄՆ իշխանությունները դատի են տվել Չինաստանի կառավարությանը՝ պահանջելով Չինաստանից գանձել բոլոր վնասների դիմաց, որոնք հասցվել են Ամերիկային կորոնավիրուսի համավարակի պատճառով) և Եվրամիության միասնական մոտեցման բացակայությունը Չինաստանի հանդեպ։ Եվ այս համատեքստում ցայտունորեն է առանձնանում Ռուսաստանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կշռադատված, խոր հարգանքի արժանի քաղաքականությունը, որն իրականացվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Քաղաքականություն, որը, անշուշտ, կստիպի Եվրամիության և ԱՄՆ սթափ դատող քաղաքական գործիչներին վերիմաստավորել ժամանակակից Ռուսաստանի բացառիկ տեղի ու դերի փաստը մեր չափազանց բարդ, երբեմն՝ անկանխատեսելի ժամանակներում։

Իմ նախորդ՝ 21.03.2020թ. հոդվածում, որը հրապարակվել է REGNUM տեղեկատվական գործակալությունում «Կորոնավիրուսը համաճարակային ագրեսիա է» վերնագրով, ես միտք եմ արտահայտել այն մասին, որ ՀԱՊԿ մասնակից պետությունների համակարգված աշխատանքը՝ Ռուսաստանի Դաշնության, նրա նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անվերապահ առաջատար դերով, օբյեկտիվորեն հնարավոր ամենակարճ ժամկետում կկանգնեցնի COVID-19-ի ագրեսիան։ Ընդ որում՝ կարծիք եմ հայտնել, որ դա կլինի ոչ միայն հաղթանակ համավարակի հանդեպ, այլ նաև պերճախոս ապացույց Երկիր մոլորակի բոլոր առողջ դատող ուժերի համախմբման անայլընտրանքայնության՝ նրա իսկ փրկության համար։ Կարծում եմ, որ նման գնահատականը էլ ավելի ակտուալ է դարձել։ Ուստի, մեկ անգամ ևս վստահություն եմ հայտնում, որ ՀԱՊԿ մասնակից պետությունները, ԵՏՄ անդամները պետք է ստեղծեն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման, նրա տնտեսական հետևանքների մեղմման համատեղ համալիր ծրագիր և այդ հիմքի վրա մշակեն հետճգնաժամային արդարացի աշխարհակարգի կայացման գիտականորեն հիմնավորված նպատակային ծրագիր։

Ռուսաստան, արձագանքի՛ր։

Հոդվածը ցանկանում եմ ավարտել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արցախցիներին ուղղված ուղերձի տողերով՝ 2020թ. մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների առիթով.

«Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, և որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու:

Աստված զորավիգ և պահապան լինի Արցախին և մեր ողջ ժողովրդին»։

           

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги