«ՆԱԽ ՀԱՐԿ Է ԼՈՒԾԱՐԵԼ ԱՆՈՐԾՈՒՆՅԱ ԴԱՐՁԱԾ ԱԺ-Ն»,- ՀԱՄՈԶՎԱԾ Է Ա.ԵՂԱՄՅԱՆԸ

15-21.10.2004

Ազգային ժողովի հերթական եռօրյան նախորդներից առանձնանում էր թերևս միայն նրանով, որ ներկայացված օրենքների նախագծերի քննարկումներն անցնում էին գրեթե դատարկ դահլիճում: Թե՛ նախասրահում ու միջանցքներում, թե՛ աշխատասենյակներում տիրող մեռյալ վիճակը նյարդայնացրել էր լրագրողներին, որոնց թիվը, առանց չափազանցության, գերազանցում էր ներկա պատգամավորների թվին: «Շա՜տ է տխուր»,- հոգոց էին հանում լրատվամիջոցների աշխատակիցներն ու մտաբերում նախորդ խորհրդարանները, ուր կարծիքների բախումներ կային, զարգացումներ, իսկ լրագրողների համար էլ ընթերցողներին ներկայացնելու հարուստ նյութ: Խորհրդարանում թևածող մեռյալությունն էլ հենց ավելի ամրապնդեց ԱԺ միջանցքներում երբեմն-երբեմն հնչող այն միտքը, թե առաջիկայում լուծարվելու է «օրենսդիր մարմնում հավաքված անբանների ժողովը»: Տիրող անհուսալի այս վիճակը «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ հիմք տվեց եզրակացնելու.

-Աժ աշխատանքներն այսօր բոյկոտում են կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը, Քոչարյանի նկատմամբ լոյալ դիրք գրաված պատգամավորները և ոչ թե ընդդիմությունը: Բոյկոտի ականատեսը եղանք հատկապես այն ժամանակ, երբ քննարկվում էր ընտրական օրենսգիրքը: Դահլիճում 15-16 մարդ կար: Նրանք էլ այն պատգամավորներն էին, ովքեր հերթագրվել էին կա՛մ ելույթի, կա՛մ հարցեր տալու համար: Իսկ մեծամասնությունը ներկայացնող մյուս «օրենսդիրները», եթե անգամ իսկ գտնվում են Ազգային Ժողովի շենքում, կարծում եմ, այնտեղ քննարկվող օրենքների հետ որևէ առնչություն չունեցող գործերով են զբաղվում: Ընտրական օրենսգրքի քննարկումների մթնոլորտը պատահական չէ, որ նշեցի. հիշու՞մ եք, ինչպիսի աղմուկ էին բարձրացրել կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները լրատվամիջոցներով` մեղադրելով ընդդիմությանն այդ օրինագծի քննարկումներին չմասնակցելու համար: Իսկ ինչու՞ իրենք այդ քննարկումները բոյկոտեցին...

- Ուրեմն, ինչպե՞ս հասկանալ կոալիցիայի այս բոյկոտը:

- Անխուսափելի էր դա, որովհետև ԱԺ աշխատանքները հիմնականում կառուցված էին ընդդիմության կողմից բարձրացվող հարցադրումների շուրջ ծավալվող քննարկումների վրա: Ընդդիմություն էր նոր մտքեր արտահայտում, սուր հարցադրումներ անում, որոնք պարզաբանման կարիք էին զգում: Սակայն երբ մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր անգամ իսկ անվիճելի առաջարկություններից ու փաստարկներից հետո էլ, ավա՜ղ օրակարգից հանվում էին հրատապ օրենքների նախագծերը, և ընդունվում էին այն օրենքները, որոնք մշակվում էին ոչ թե ԱԺ-ում քննարկումների արդյունքում, այլ նախագահի աշխատակազմում, բոյկոտեցինք նիստերը: Իսկ ստեղծված իրավիճակում դա արժեզրկեց ԱԺ-ում մեծամասնության գոյությունը, որն էլ դիմեց վերը հիշատակածս լռակյաց բոյկոտին:

- Արդյոք ճի՞շտ են այն ենթադրությունները, թե առաջիկայում այս ԱԺ-ն լուծարվելու է:

- Այդ ինֆորմացիան նախագահական նստավայրից է սպրդում լրատվամիջոցների էջեր և սփռվում հեռուստաեթերում: Քոչարյանը ցանկանում է ընտրական օրենսգիրքն անցկացնել այնպիսի տեսքով, որ հերթական անգամ հնարավորություն ընձեռվի նորից կեղծել ընտրությունների արդյունքները, որ իշխանությունը ծնի նոր, ավելի անպտուղ և ավելի անմակարդակ իշխանություն: Նա խնդիր ունի սահմանադրական բարեփոխումների (որոնք իրականում չարեփոխումներ են) փաթեթն անցկացնել ԱԺ- ում: ԵՎ ամենևին էլ պատահական չէ, որ ԱԺ մեծամասնությանը պարբերաբար հասկացնում է` եթե հլու-հնազանդ չկատարեք իմ թելադրանքները, ապա Դամոկլյան սրի նման ձեր առջև կծառանա ԱԺ-ն լուծարելու խնդիրը: Ավելացնեմ, որ իր հենարանը հանդիսացող տղաները 2003-ի թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ գումարներ են ծախսել: Շատերը, օգտվելով պատգամավորական մանդատից, շրջանցելով օրենքները, դեռևս չեն կարողացել հետ բերել դրանք և բնավ էլ նոր գումարներ ծախսելու ցանկություն ու մտադրություն չունեն: Կա մեկ խնդիր ևս. քաղաքական ուժերին հասկացնել, որ ԱԺ նոր ընտրությունների դեպքում խորհրդարանի ներկայիս ղեկավարությունը (որը մերթընդմերթ ամբիցիոզ նկրտումներ է դրսևորում, էլ չենք ասում, որ ընդդիմադիր է ձևանում), ինչպես նաև հանձնաժողովների ղեկավարներից շատերը նույնիսկ պատգամավոր չեն դառնա, եթե ընտրությունները լինեն թափանցիկ, ժողովրդավարական և առանց խախտումների: Այնպես որ` ԱԺ-ն լուծարելու մասին պնդումներն արհեստական խոսակցություններ են, որոնք հնարավորություն են ընձեռում պարոն Քոչարյանին սանձած պահել այս մեծամասնությանը:

- Նման իրավիճակում ո՞րն է ընդդիմության դերակատարությունը:

- Ընդդիմության որդեգրած քաղաքականությունը, այն է` բոյկոտել ԱԺ նիստերը, միանգամայն արդարացված է, որովհետև ընդդիմությունը պարզ ասում է, որ մասնակից չի դառնա հիշատակածս խարդավանքներին և դրանք օրինականացնելու մտադրություն ու ցանկություն չունի:

- Ընդդիմադիր գործիչներից ոմանք, ի դեպ, մտավախություն ունեն, թե սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթն ընդունելու պարագայում հող կնախապատրաստվի Քոչարյանի երրորդ անգամ ընտրվելու համար: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Այդ հարցադրումը ևս ծնունդ է առել նախագահի աշխատակազմում, որից հետո վարչակազմը կարողացել է ներազդել ընդդիմադիր այս կամ այն գործչի վրա, որպեսզի նրանք այդ տագնապալի և ժողովրդի համար անընդունելի լուրը հնչեցնեն, լսելի դարձնեն մարդկանց, թե հնարավոր է նաև այդպիսի տարբերակ: Դրանով իսկ փորձ է արվում Քոչարյանի հեռացման հրամայական պահանջից շեղել ժողովրդի ուշադրությունը: Սակայն ակնհայտ է, որ իրականացվող այս քաղաքականության պայմաններում Քոչարյանը, բնականաբար, մինչև սահմանադրորեն նախատեսված ժամկետի ավարտը չի կարողանա պաշտոնավարել: Ուստի, դա շինծու հարցադրում է. ցավն այն է, որ այդ հարցը արծարծվում է անգամ ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեցող թերթերում: Չեմ բացառում, որ մեր ընդդիմադիր գործընկերներից ոմանք գուցեև այդ հարցը հնչեցնում են՝ գիտակցելով, որ այս իշխանությունից ցանկացած անօրինականություն սպասելի է, թեպետ չեմ կարծում, թե նրանցից մեկը կամ երկուսը հենց այնպես, պատահականորեն, օրական 2-3 իշխանական հեռուստաեթերներից տարածում են այդ «ավետիսը», իբր, մտավախությունից դրդված:

- Այսօր ինչի մասին էլ զրուցենք, կարծում եմ, չենք կարող անտեսել Հայաստանի ակամա շրջափակումն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի կողմից: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այն պնդման առնչությամբ, թե Վլադիմիր Պուտինը, Քոչարյանից հիասթափված, պատժում է հայ ժողովրդին՝ փակելով Վերին Լարսը:

- Նման հարցադրում անողները դարձյալ փորձում են շրջանառության մեջ դնել Քոչարյանի աշխատակազմում եփված ապատեղեկատվությունը: Քոչարյանին երբեք ու երբեք չի կարելի նույնացնել հայ ժողովրդի հետ: Ինչպես կասեր ռուսը՝ «Դա երկու տարբեր բաներ են»: Հերյուրանքը տարածողներին՝ թե Վլադիմիր Պուտինը պատժում է հայ ժողովրդին, կոչ եմ անում մեկ անգամ ևս կարդալ Վլադիմիր Պուտինի այն ելույթը, որով նա հանդես եկավ Հայերի համաշխարհային կոնգրեսի անդրանիկ համագումարում: Ուրիշ հարց է, որ պարոն Քոչարյանի արտաքին քաղաքականությունն ապրում է լրջագույն ֆիասկո, որովհետև տարածաշրջանում որոշիչ դերակատարում ունեցող և ոչ մի պետություն (լինի ՌԴ-ն, ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը) ամենևին էլ չի կարող ՀՀ-ին վերաբերվել որպես լուրջ գործընկերոջ, քանզի իրարամերժ գործողություններով ու հայտարարություններով մեր իշխանությունները թողնում են քաղաքական անլուրջ գործընկերոջ տպավորություն: Նրանք այն աստիճանի դիլետանտ են, որ իրենց իրավունք են վերապահում արհամարհական կեցվածքով անտեսել Թերի Դևիսի զեկույցում տեղ գտած լրջագույն հարցադրումները կամ էլ հեծելազորայինին վայել եղանակով հայտարարել, թե Հայաստանը հարյուր տարի էլ կգոյատևի առանց կոմունիկացիաների ու տարածաշրջանային տնտեսական ինտեգրման (ակամա մտաբերում ես ոչ վաղ անցյալում ոմանց կողմից արվող այն թեթևամիտ հայտարարությունը, թե Հայաստանը կգոյատևի անգամ ջերմուկ արտահանելով): Ինչպես հիշում եք, այդ արտահայտությունը հնչեց որպես ՀՀ իշխանությունների պատասխան Սթիվեն Մանի միանգամայն տեղին և մեր երկրի ապագայի համար արդիական հարցադրումներին: Այստեղ կարելի էր բերել նման անհեռատես քայլերի բազմաթիվ այլ օրինակներ ևս, որոնց դրսևորումները չեն կարող լուրջ ընդունվել արտաքին աշխարհի կողմից: Այս իրողությունն էլ հենց ընդդիմության գործողությունների առանցքն է դարձնում այն հարամայականը, որ ժողովրդին ներարկվի սեփական ներուժի նկատմամբ հավատն ու գիտակցումը, ըստ որի միայն համախմբվածությամբ ու միաբան լինելով է պայմանավորված Հայաստանի լուսավոր ապագան: Նշեմ նաև, որ թե Վլադիմիր Պուտինը, թե Ջորջ Բուշը, թե Եվրամիության անդամ երկրների ղեկավարները խորը հարգանք են տածում հայ ժողովրդի ու մեր երկրի հանդեպ, ինչի մասին քանիցս հրապարակավ հայտարարել են: Այնպես որ իզուր են իշխանություններն իրենց գործողություններին հիշատակածս ղեկավարների տված համարժեք գնահատականները փորձում տարածել ողջ հայ ժողովրդի վրա: Աշխարհը շատ լավ էլ գիտակցում է, որ մի կողմից հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից՝ ներկայիս գործող իշխանությունների միջև հսկայական անջրպետ կա, ինչն էլ պատճառ է դառնում մեր արտաքին քաղաքականության մեջ գրանցվող ձախողումների: Ընդ որում, դրանք խիստ բացասաբար են անդրադառնում երկրի ներտնտեսական իրավիճակի վրա: Այլ կերպ ես չեմ կարող մեկնաբանել Վերին Լարսի հետ կապված իրադարձությունները:

- Ձեր նշած ձախողումներն արդյո՞ք ավելի չեն վտանգում մեր ապագան: Ըստ էության, տարածաշրջան է մուտք գործում ՆԱՏՕ-ն, Հարավային Կովկասի երկու երկրներում իրականացվում են շահավետ ու հեռահար նպատակ հետապնդող տնտեսական այնպիսի ծրագրեր, որոնցից Հայաստանը դուրս է մղված: Ու որքան էլ Վարդան Օսկանյանի շուրթերով մեր իշխանությունները պնդեն, թե Հայաստանը հարյուր և ավելի տարիներ կգոյատևի առանց այդ ծրագրերի, այնուամենայնիվ, արդյոք ՀՀ-ի մեկուսացվածությունը շատ մոտ ապագայում բումերանգի հարվածով չի՞ խփելու հենց մեր ճակատին:

- Ստեղծված ծայրաստիճան վտանգավոր զարգացումներով (որը, բնավ, պայմանավորված չէ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկաս գալով) հղի իրավիճակից դուրս գալու ելքը առաջարկել ենք ժամանակին: Աշխարհիս երեսին իրականա ժողովրդավարական և ոչ մի երկիր չեք գտնի, որի հանդեպ անպատիժ ոտնձգություններ իրականացվեն որևէ պետության կողմից: Ժողովրդավարություն որդեգրած երկրները իրականում պաշտպանված են հենց նույն ՆԱՏՕ-ի կողմից ևս, էլ չեմ խոսում ժողովրդավարության ուղին ընտրած պուտինյան Ռուսաստանի մասին: Ուստի, Հայաստանի փրկության եզակի ճանապարհը ոչ թե սեփական ժողովրդին ապակողմնորոշելը, աշխարհի հզորների դեմ լարելն է, այլ խոստովանելը, որ, այո, այս ձախողումներից ու վտանգավոր զարգացումներից հետո վարչակազմը սթափվել է ու ճիշտ եզրահանգում կատարել: Այն է՝ պետք է հայտարարի, որ գործնականում աշխատելու է քայլեր անել իրականժողովրդավարություն հաստատելու նպատակով: Իսկ դրա համար նախ հարկ է լուծարել անգործունյա դարձած ԱԺ-ն, որից հետո իրապես ժողովրդավարական չաափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնեն: Նոր խորհրդարանն էլ կձևավորի թե ԱԺ ղեկավարություն, թե կառավարություն, որոնց վրա արդեն խարանի նման դաջված չի լինի ոչ լեգիտիմության դրոշմը: Դրանից հետո, բնականաբար, միջազգային ատյաններում այլ վերաբերմունք կդրսևորվի ՀՀ իշխանությունների հանդեպ: Եվ այնպիսի հարցեր, ինչպիսիք են նույն Վերին Լարսի խնդիրը կամ տարածաշրջանային շահավետ ու հեռանկարային ծրագրերը, անշուշտ, կվերանայվեն:

Զրույցը՝ ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ