Մարդ էլ կա, մարդ էլ

10.12.2016, Իրավունք

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ նախօրեին Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթից: Կարծում ենք՝ այն կհետաքրքրի շատերին:

Հիմա հարցի երկրորդ մասը, որը պայմանավորված է շրջադարձային այն փուլով, որին մենք թևակոխել ենք, բառացիորեն, սեպտեմբերի 21-ից հետո, երբ որակապես նոր խնդիրներ դրվեցին թե՛ քաղաքական ինստիտուտների և թե՛ տնտեսության ինստիտուտների առջև: Մասնավորապես, ասվեց, որ մեր ազգաբնակչությունը, հատկապես Անկախության սերունդն ակնկալում է նոր պետության կերտում:

Նոր պետության, որտեղ հավասարությունը լինելու է դոմինանտ՝ թե՛ քաղաքական և թե՛ սոցիալական խնդիր: Ես ելույթ չէի ունենա (եթե պարոն Ջհանգիրյանը թույլ տա շարունակեմ), ելույթ չէի ունենա, եթե տեղի չունենար մի շատ տհաճ միջադեպ: Ինչի՞ մասին է խոսքը: Այսօր մեզ այստեղ բաժանվեց մեր հայրենակիցների՝ տաղանդավոր հայրենակիցների (բայց յուրաքանչյուրն իր ոլորտում) նամակը՝ «Արդարադատություն Հայաստանում» վերնագրով: Դրանում մասնավորապես արձանագրված է հետևյալը. «Ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին … »: Խոսքը էդ պասքվիլի մասին է: Ինչո՞ւ եմ անդրադառնում սրան: Հեղինակներից ոմանք, կրկնում եմ, յուրաքանչյուրն իր բնագավառում, մեր տաղանդավոր հայրենակիցներն են և մշտական բնակվում են Ամերիկայում: Ոստիկանության դաժանության մասին գրում են այն երկրի հպատակները, որտեղ միայն 2015 թ. ոստիկանության կամայականությունների արդյունքում զոհվել է 900 մարդ, ես չսխալվեցի, կարող է այդ թիվը լինել ավելին, բայց ոչ պակաս (http://forum.topwar.ru/topic/2497-politseyskiy-bespredel-v-ssha-okolo-1-tyisyachi-grazhdan-umerlo-ot-ruk-politseyskih/): Միայն  այս տարվա 6 ամիսների ընթացքում 500-ից ավելի մարդ է զոհվել ոստիկանության կամայականության արդյունքում: Հիմա էդ մարդիկ գալիս են ու մեզ դաս են տալիս, մեր ոստիկանության դաժանության մասին են ասում և այստեղ էլ մասսայականացնում են այդ կողմնակալ կարծիքը: Դե բաներ կա, չի կարելի չէ: Խոսում են կողմնակալության մասին: Այո՛, կողմնակալ վերաբերմունք է դրսևորվել երկրի իշխանությունների կողմից, երբ այդ դաժան դեպքերի ժամանակ՝ հուլիսյան («Սասնա Ծռեր» խմբի կողմից պարեկապահպանության ծառայության գնդի գրավումը), Հանրապետական խմբակցության պատգամավորներս, այո՛, զրկված ենք եղել ուղիղ եթերով ելույթ ունենալու հնարավորությունից: Մինչդեռ, ուղիղ եթերը հեղեղված է եղել հակառակ կողմի սին պատճառաբանություններով ու կատարվածի պարզաբանումներով: Բայց, բարեբախտաբար, մենք ունենք Սփյուռքի ուրիշ ներկայացուցիչներ ևս: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում ընթերցել Գալոյան գերդաստանի ներկայացուցիչների նամակն ուղղված Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հարգարժան առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Փոքր դրվագներ այդ նամակից. «Մեծարգո Սերժ Ազատի, հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ աշխարհաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման պայմաններում, որը, ըստ էության, ընդգրկել է աշխարհի բոլոր երկրները և տարածաշրջանները, Հայաստանը գտնվելով ռազմավարական մայրուղիների հատման կետում և առանձնակի դժվարություններ կրելով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ադրբեջանի հետ կապված չհայտարարված պատերազմում, տեղին է համարում հավերժացնել իր արժանավոր զավակների հիշատակը … Էլի մեկ բան. ստեղծված հանգամանքների բերումով, մեր ընտանիքի (Գալոյան եղբայրների ընտանիքների) շատ անդամներ ապրում և աշխատում են արտասահմանում: Այս առնչությամբ համարձակվում ենք հավաստիացնել Ձեզ, պարոն Նախագահ, որ մենք բոլորս շարունակում ենք մնալ Հայաստանի հայրենասերները և արժանավորապես ներկայացնել մեր երկիրը նրա սահմաններից դուրս»:

Նամակը, ի թիվս Գալոյան եղբայրների այլ արժանավոր ժառանգների, ստորագրել են նաև՝ Սամվել Գալոյան՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, Կարինե Գալոյան՝ Մայամիի համալսարանի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, Կարեն Գալոյան՝ Կալիֆորնիայի Webcor ամենախոշոր շինարարական ընկերության ծրագրի ղեկավար, Անահիտ Գալոյան-Սվասյան՝ փիլիսոփայության և հոգևորագիտության ֆորումի դոկտոր (Բազել, Ցյուրիխ): Տեսեք, արժանավոր հայեր են՝ թե՛ Գալոյանները, թե՛ «Արդարադատություն Հայաստանում» նամակի հեղինակները: Բայց այն տարբերությամբ, որ մարդ կա ամեն ինչ անում է արտասահմանում իր հայրենիքին սատար լինի, շատ լավ գիտակցելով առկա խնդիրները, իսկ մյուս հատվածը զենք է տալիս մեր դարավոր թշնամիներին՝ պախարակելու մեզ միջազգային ամբիոններից:

Ես ողջունում եմ, պարոն Արեյան, Ձեր նախաձեռնությունը և հուսամ, որ այն զարգացում կգտնի կառավարության ծրագրերում:

Շնորհակալություն:

Հ.Գ. Ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 13:30 -ինՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հարակից փողոցը Գալոյան եղբայրների անունով կոչելու արարողությանը մասնակցելու է նաև Ալեքսանդր Գալոյանի թոռնուհին՝ 26-ամյա Լուսինե Գալոյանը: Լուսինեն աշխատում է ԱՄՆ-ի Սպիտակ Տան Գիտությունների դեպարտամենտի նորագույն տեխնոլոգիաների բաժնում: Մինչ այդտեղ աշխատելը, նա՝ Բրաունի համալսարանի  փայլուն շրջանավարտը, աշխատանքի էր գործուղվել ՆԱՍԱ որպես Սպիտակ Տան ներկայացուցիչ: Ինչևէ,  իր պապիկների անունները հավերժացնող երևանյան արարողությանը մասնակցելու թույլտվության խնդրանքով նա զեկուցագիր էր գրել իր ղեկավարությունը և … Այդ առիթվ նրան գրավոր շնորհավորական խոսքեր ու մաղթանքներ են ուղղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման և Առաջին տիկին Միշել Օբաման:

Последние видеоматериалы

Новые книги