Միեւնույն ճակատագրով թելադրված
11.12.2014, Հայաստանի Հանրապետություն
Երեկ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հասարակական—քաղաքական գործիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է, հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այլք։
«Գիրքը ոչ այլ ինչ է, քան իմ մտորումները աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ»,–լրագրողներին ասաց քաղաքական գործիչը։ Նա իր մտորումները բարձրաձայնել է՝ մտավախություն ունենալով, որ Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների բախման կիզակետում. «Բարձրաձայնելու հնարավորություն ընձեռում է մեր երկրի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը հայտնվել է մի յուրօրինակ իրավիճակում, երբ ԵՏՄ անդամակցմանը զուգահեռ ԵՄ—ից հայտարարում են, որ պետք է գտնեն ձեւերը, որպեսզի համագործակցությունը ասոցացման համաձայնագրի շրջանակներում շարունակվի»։ Գեղամյանի խոսքով՝ Հայաստանը խաղում է ոչ թե պետությունների անհամաձայնությունների վրա, այլ փորձում է այդ ամենը բերել ընդհանուր հայտարարի, ապացուցելով, որ անհաղթահարելի խնդիրներ չկան, որ անհրաժեշտ է միայն բարի կամք։ Այդ ամենը Գեղամյանը հոդվածների, ելույթների տեսքով զետեղել է գրքում։
Գրքում հետաքրքիր հոդվածներ կան նաեւ հայ—իրանական հարաբերությունների վերաբերյալ։ «Այսօր աշխարհում փորձում են կրոնական երանգներ տալ տարբեր պատերազմական գործողությունների։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ասել եմ, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությամբ օրինակ է ծառայում համայն աշխարհին՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է խաղաղ համագործակցել իսլամական պետության՝ Իրանի հետ, նաեւ համագործակցել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, Բելառուսի եւ Ղազախստանի, Եվրամիության անդամ երկրների հետ»,–ասաց Գեղամյանը։
«Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՏՄ համաձայնագիրը վավերացնելուց հետո սա նմանատիպ առաջին միջոցառումն է։ Այս գիրքը, կարծում եմ, կարեւոր եւ հետաքրքրիր է։ Կցանկանայի Արտաշես Գեղամյանին նույնքան էներգիա իր ապագա աշխատությունների համար, այն ամենի համար, ինչ որ նա անում է, քանի որ դա մեծ ներդրում է մեր երկու երկրների համագործակցության ոլորտում»,–ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Միջոցառմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Բելառուսի եւ Ղազախստանի դեսպանները, հյուրեր։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ