ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ

19.09.2018, Հայոց աշխարհ

Ուշադիր վերլուծելով Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ վերջին կես տարում տեղի ունեցող իրադարձությունները՝ ակամա հարց է ծագում. ժողովրդական լայն զանգվածները ե՞րբ կգիտակցեն այն լուրջ վտանգը, որը կախվել է հայոց պետականության գլխին։ Մի՞թե չկա ըմբռնումն այն բանի, որ Ադրբեջանն արդեն հիբրիդային պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը (ՀՀ) և Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։ Օր օրի կրկնվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի գյուղերի և Արցախի Հանրապետության բնակավայրերի գնդակոծությունները, որոնք Ադրբեջանի առաջատար էլեկտրոնային ԶԼՄ-ներում իրենց բնակչությանն ու միջազգային կազմակերպություններին մատուցվում են որպես ՀՀ-ի և ԼՂՀ-ի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտում։ Այս համապատկերում մի՞թե համապատասխան ծառայությունները, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի ազգային անվտանգությունը, չեն վերլուծում ափշերոնյան հանրապետության կառավարամետ և իբր անկախ էլեկտրոնային պարբերականների հոդվածների վերնագրերն ու դրանց բովանդակությունը (հատկապես վերջին ամսին), դիցուք. «Ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակման Ղարաբաղում» (haqqin.az/news/136 004, 14 սեպտեմբերի 2018թ.), «Էրդողանը Բաքվում հաստատել է իր աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում» (www.kavkaz-uzel.eu/articles/325429, 15 սեպտեմբերի 2018թ.) և բազմաթիվ այլ հրապարակումներ։ Օրինակ, մեջբերում կատարենք Էրդողանի՝ «Кавказский Узел»-ում հրապարակված հայտարարությունից։

«Թուրքիան կսատարի Ադրբեջանի բոլոր ջանքերին։ Մենք ուզում ենք, որ դադարեն մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների տառապանքները», – հայտարարել է Էրդողանը Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ունեցած իր ելույթում, ըստ երևույթին՝ ոգեշնչվելով իրենից առաջ Ալիևի ունեցած ելույթից, որն ասել էր. «Տարածքային ամբողջականության վերականգնման հիմնական պայմանը ուժեղ բանակի առկայությունն է։ Եվ այսօր ադրբեջանական բանակի հզորությունը մեծանում է... Կգա օրը, երբ մեր դրոշները կփողփողան մեր բոլոր տարածքների վրա, որոնք այսօր օկուպացիայի մեջ են»։

Իսկ Էրդողանն այնուհետև ընդգծել էր, որ Թուրքիան հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ և չի բացի նրա հետ սահմանները, մինչև որ չկարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը։ «Մեր կողմից սահմանները բացելու նրանց ակնկալիքը, ովքեր մեղավոր են մեր եղբայրների տարածքի 20%-ի օկուպացիայի մեջ և թույլ չեն տալիս մեր ավելի քան մեկ միլիոն եղբայրներին վերադառնալ իրենց տները՝ ժամանակի իզուր վատնում է», – ասել է Էրդողանը։ Պատերազմի այս ուղղակի կոչերը ՆԱՏՕ անդամ երկրի նախագահի կողմից չարագուշակ են հնչում։ Տարակուսանք է առաջացնում այն, որ ՆԱՏՕ անդամ պետությունները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք միաժամանակ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ, չգիտես ինչու լռում են։ Ես դեռ հույս ունեի, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անպայման հանդես կգա համապատասխան դատապարտող հայտարարությամբ Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու ուղղակի սադրելուց հետո։ Մտաբերում եմ, երբ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն ասաց, թե Ռուսաստանին տագնապեցնում է, որ իրավիճակը Հայաստանում հիմա շարունակում է եռալ և, մասնավորապես, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, տեղի են ունենում կալանումներ, Ռ.Միլսը շատ օպերատիվորեն արձագանքել է դրան՝ ասելով. «Ես տեսել եմ նման գնահատականներ և մեկնաբանություններ։ Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի դրանց։ Մեր դիրքորոշումը եղել և մնում է այնպիսին, որ մարտի 1-ի իրադարձությունները պետք է մանրամասն և օբյեկտիվորեն հետաքննվեն։ Կարևոր է, որպեսզի քննությունը հենվի օրենքի գերակայության սկզբունքների վրա և պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»։ Ուզում եմ հուսալ, որ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հինգ հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պատրաստվել են օբյեկտիվ հետաքննության հիման վրա և կազմվել են ըստ Միջազգային իրավունքի գերակայության սկզբունքների ու համընդհանուր իրավական գործընթացների շրջանակներում։ Թեև ԱՄՆ դեսպանի լռությունը արդարացում ունի. պատերազմի այդ ռազմաշունչ կոչերը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից հնչել են անցած շաբաթ օրվա երեկոյան, իսկ հետո կիրակի էր, մի խոսքով՝ այսօր ամերիկյան դեսպանությունից սպասում ենք լուրերի այս հաշվով։ Ընթերցողը կարող է կասկածել ինձ կանխակալության մեջ. ինչո՞ւ, իբր, չեն հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները։ Այս առնչությամբ կուզենայի ընթերցողների ուշադրությունը հրավիրել որոշ փաստերի վրա։

Այսպես, ս.թ. սեպտեմբերի 14-ին տեղի ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Փարիզ և նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ի՞նչ արտասովոր բան կա այստեղ՝ կարող է հարցնել ընթերցողը։ Իսկ արտասովորն ահա թե ինչն է։ Բոլորովին վերջերս՝ ս.թ. հուլիսի 11-ին, Ն.Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Բրյուսելում, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ գագաթաժողովին։ Նշենք, որ այցի շրջանակներում նա հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հիշեցնենք նաև, որ ընդամենը մեկ ամիս հետո Է.Մակրոնը կժամանի Հայաստան՝ պետական այցով, մասնակցելու համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ Ուրեմն, ինչո՞վ էր պայմանավորված այս հանդիպման անհրաժեշտությունը։ Լուսաբանելով Ն.Փաշինյանի Փարիզ կատարած այցելությունը՝ Հայաստանի տեղեկատվական գործակալությունները, տարատեսակ արարողակարգային սիրալիրությունների հիշատակման կողքին, նաև տեղեկացրին, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հարցի վերաբերյալ և կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։ Հարկ չկա կասկածելու, որ հենց Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններն են տագնապեցրել բարեկամական Ֆրանսիայի նախագահին, որը ցանկացել է տեղեկացված լինել իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի տեսլականի մասին։

Իսկ ինչ վերաբերում է մեր ամենահուսալի դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության, անձամբ նրա մեծարգո առաջնորդի՝ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գործողություններին, ապա ընթերցողների ուշադրությունը հրավիրենք որոշ փաստերի վրա։ Եվ այսպես, ս.թ. սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Հատկանշական է, որ դեռևս հանդիպման նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները հանդես եկան մի շարք հրապարակումներով, որոնցում առանձնապես ընդգծվում էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը նշվել էր որպես երկու նախագահների հանդիպման թեմաներից մեկը։ Ավելին, Վ.Վ. Պուտինը, ընդունելով Ի.Ալիևին, ընդգծել էր տառացիորեն հետևյալը. «Ուրախ եմ ձեզ հետ թե՛ մեր երկկողմ հարաբերությունների, թե՛ այն մասին խոսելու հնարավորության համար, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում. Այն հասարակ չէ։ Բայց հույս ունեմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կնպաստի այն բանին, որպեսզի մենք փնտրենք բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիները, և հասկանալի է՝ կխոսենք այն մասին, թե ինչպես են զարգանում երկկողմ կապերը Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև»։

Կարծում եմ, որ որևէ մեկի կասկածը չի հարուցում այն հանգամանքը, որ ընդգծելով, թե «տարածաշրջանում հասարակ իրավիճակ չի ստեղծվում», Վլադիմիր Պուտինը նկատի է ունեցել ադրբեջանա-հայ-ղարաբաղյան հակամարտությունը։ Եվ տարածաշրջանում հենց խաղաղության պահպանմանը հավատարմությունն է մղել նախագահ Վ.Վ. Պուտինին մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում ընդունել նաև ՀՀ վարչապետին։ Չեմ ուզում խորանալ ղեկավարների այդ հանդիպման արդյունքների մասին Ն.Փաշինյանի հիացական գնահատականների օբյեկտիվության աստիճանի քննարկումների մեջ։ Իրադարձությունների հետագա զարգացումը կտա նաև այդ հարցի պատասխանը։ Ընդ որում, պետք է կարծել, որ հետևելով վարչապետի տրամաբանությանը՝ նա հավատացրել կամ համոզել է Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ իր մերձավոր շրջապատում՝ ղեկավար պաշտոններում բացահայտ ռուսատյացների կամ տոտալիտար կրոնական աղանդների հետևորդների առկայությունն է հենց «փայլուն» ռուս-հայկական հարաբերությունների նոր (ցայժմ քաղաքագիտությանն անհայտ) դրսևորումը։ «Փայլուն» հարաբերությունների այս շարքից նշենք նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վրա գիշերային հարձակումը, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100%-անոց դուստր ընկերությունն է՝ առկա բոլոր փաստաթղթերի առգրավմամբ, ավելին՝ ուղիղ $19 000 չվճարված հարկերի հայտնաբերմամբ։ Համաձայնեք, որ սա «պատկառելի» գումար է մի ընկերության համար, որի ներդրումները վերջին տարիներին գերազանցել են $300 մլն նշաձողը։

Եվ ահա, գլխավորից չշեղվելու համար նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 25-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի պետական այցը Ադրբեջան։ Սա համոզիչ վկայությունն է, առաջին հերթին, այն բանի, որ դաշնակցային Ռուսաստանը բացառիկ պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր, քան երբևէ վտանգավոր ռազմական թեժացում թույլ չտալու հարցին։ Կրկին ու կրկին համոզվում ես, մասնավորապես, այն հարցում, որ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության համար, օրինակ, իրենց ռազմատենչությամբ սադրիչ այդ նույն հրապարակումներն ադրբեջանական մամուլում, դիցուք՝ ս.թ. սեպտեմբերի 14-ի հրապարակումը haqqin. az-ում՝ «Ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակման Ղարաբաղում» վերնագրով կամ ս.թ. սեպտեմբերի 17-ին «Военное Обозрение» պարբերականում հրապարակված հոդվածը՝ «Բաքվի ԶԼՄ-ներ. Ադրբեջանական բանակը պատրաստվում է Ղարաբաղի ազատագրմանը» վերնագրով և էլի շատերը, հավանաբար մեր դաշնակցին հակում են այն մտքին, որ ափշերոնյան սուլթանը Ղարաբաղում պատերազմի է պատրաստվում։ Չէ՞ որ ռուսական այնպիսի լուրջ պարբերական, ինչպիսին է «Военное Обозрение»-ն, չէր հրապարակի հոդված վերոնշյալ վերնագրով, որում, օրինակ, նշվում է. «Այսօր Ադրբեջանի տարածքում մեկնարկել են տարբեր զորատեսակների՝ վերջին ժամանակների համար ամենախոշոր օպերատիվ-տակտիկական զորավարժանքները։ Զորավարժանքներին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, մասնակցում են ավելի քան 20 հազար զինծառայող, ավելի քան 200 տանկ և այլ զրահատեխնիկա, 100-ից ավելի հրթիռային համակարգ և սարքավորումներ, 30 միավոր ավիացիա, ներառյալ բանակայինը»։ Եվ սա, ինչպես ավելի վաղ նշվել էր, բավական սադրիչ վերնագրերով (ինչպիսին է «Ադրբեջանական բանակը պատրաստվում է պատերազմի», AZE. az տեղեկատվական պորտալ) հոդվածների համապատկերում։ Բնավ պատահականորեն չէ, որ այսքան մանրամասն կանգ առա այս հրապարակումների վրա, որոնք Ադրբեջանի հանրային, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կարծիքը նախապատրաստում են անխուսափելի պատերազմի մտքին։ Իսկ ինչպե՞ս է այս ամենին արձագանքում Հայաստանի բարձր ղեկավարությունը, ՀՀ Սահմանադրությամբ ամենալայն իրավասություններով օժտված «ժողովրդական» վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անմիջապես պատասխանեմ՝ շատ ինքնատիպ, ավելի ճիշտ՝ ոչ ադեկվատ։ Որպեսզի ճիշտ հասկացվեմ, ընդամենը նշեմ, որ նա դեռ շարունակում է գտնվել մի ինչ-որ վիրտուալ աշխարհում։ Բավական է ասել, որ, վերլուծելով նրա ելույթներն ու ճառերը, գալիս ես մի եզրահանգման. ակնհայտ է, որ երկրի ղեկավարը լիովին կտրված է իրականությունից։ Ընդ որում, հատկանշական է, որ մարդը, որը պետության առաջին դեմքն է երկրի համար այսքան բարդ ժամանակաշրջանում, երբ սպառնալիքի տակ է նրա անվտանգությունն ու Արցախի Հանրապետության անվտանգությունը, իր ելույթներն ու մտքերը նվիրում է հիմնականում ինչ-որ հակահեղափոխականների բացահայտմանը, որոնց արածը լոկ այն է, որ ՀՀ Ազգային ժողովի  նիստերի ժամանակ միաձայն քվեարկում են Ն.Փաշինյանի կառավարության ներկայացրած ցանկացած օրինագծի օգտին։ Ընդ որում, նրա ելույթները, որպես կանոն, լինում են ոչ թե ՀՀ կառավարության նիստերի ժամանակ, այլ հանրահավաքներում, նախընտրական քարոզարշավի ընթացքում, որոնք կազմակերպվում են ի պաշտպանություն Երևանի քաղաքապետի՝ նրա կուսակցության առաջադրած թեկնածուներից մեկի։ Հանուն արդարության նշենք, որ նրա ս.թ. սեպտեմբերի 16-ի ելույթը Երևանի համայնքներից մեկի ընտրողների առջև աչքի ընկավ նորարարությամբ, այն է. Նիկոլ Վովաևիչը մ.թ.ա. V և IV դարերի Հին Հունաստանի, թե XII—XV դարերի Վելիկի Նովգորոդի ուղղակի ժողովրդավարության լավագույն ավանդույթներով անմիջականորեն դիմեց... Ադրբեջանի քաղաքացիներին, այո, այո, ես չսխալվեցի՝ Ադրբեջանի քաղաքացիներին (ըստ երևույթին, մի ինչ-որ երկրի դեսպանությունից կամ ոչ անհայտ ռադիոընկերությունից նրան հավատացրել էին, որ ըստ հին ու բարի ավանդույթի՝ ինչպես այսպես կոչված «թավշյա հեղափոխության», իմա՝ պետական հեղաշրջման ընթացքում էր)։ Հիշում եմ, որ այն ժամանակ շուրջօրյա ուղիղ միացում էր վարվում Երևանի փողոցներից, և Ն.Փաշինյանը, հավանաբար, հույս էր փայփայում, թե նույնը կլինի նաև հիմա, և նրա ելույթները կհեռարձակվեն նաև Բաքվում, ընդ որում՝ ուղիղ եթերի ռեժիմով, առանց խմբագրման, նախագահ Ի.Ալիևի հասցեին միանգամայն օբյեկտիվ քննադատության պահպանմամբ, որը չէր «ֆայմել» հետևել Ն.Փաշինյանի օրինակին և որդուն չէր ուղարկել ծառայելու Ադրբեջանի Զինված ուժերում, Արցախի Հանրապետության հետ սահմանին։ Այստեղ Ն.Փաշինյանը, որպեսզի ավելի մեծ համոզչություն հաղորդեր իր խոսքերին, մանավանդ ադրբեջանական լսարանի համար, իմ կարծիքով, պետք է հավելեր, որ ճակատամերձ գոտում, որպես կանոն, ծառայում են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների և բնակչության ամենաչունևոր խավերի ներկայացուցիչները։ Ինչում մենք հերթական անգամ համոզվեցինք Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական քառօրյա (2016թ.) ռազմական ագրեսիայից հետո։

Ցավոք, հայկական պետականության  անվտանգության առկա սպառնալիքների բացարձակ ոչ ադեկվատ գնահատականը դոմինանտ դարձավ նաև համապատասխան կառավարական կառույցների համար։ Տարակուսելի է, երբ համապատասխան պատկան մարմինները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին յուրաքանչյուր ռազմական միջադեպից կամ ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի Հանրապետություն ադրբեջանական դիվերսանտների ոչ հազվադեպ սողոսկումներից հետո սահմանափակվում են լոկ ակադեմիական անատամ հայտարարություններով, որոնք հնչեցվում են նշված կազմակերպությունների մամուլի ծառայությունների պատասխանատուների կողմից։

Ցավոք,  ստիպված ենք նշել, որ նաև սթափ մտածող քաղաքական գործիչներն են, որոնք, գիտակցելով իրենց պատասխանատվությունը հանրապետության քաղաքացիների առջև ազգային անվտանգության ապահովման համար, ժամանակ առ ժամանակ սայթաքում-ընկնում իրենց համար պատրաստված դերերի մեջ. անընդհատ արձագանքում են ինչ-որ անհեթեթ, որպես կանոն՝ զրպարտչական մեղադրանքների ՀՀ ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավորների հասցեին, մեղադրանքներ, որոնք հորդում են ասես առատության եղջյուրից, «ժողովրդի» վարչապետի և ընկերակիցների կողմից։ Դրանով իսկ, ըստ էության, լիովին չի իրագործվում, ավելի շուտ՝ արգելակվում է հայ ժողովրդի համախմբման չափազանց պահանջված աշխատանքը։

Այս բոլոր հարցերի համախումբը համոզիչ հաստատումն է այն բանի, որ Ադրբեջանի՝ մեզ հայտարարված հիբրիդային պատերազմի կարևորագույն ուղղություններից մեկում իրականացվում է նրանց առաջադրած նպատակը՝ խարխլվում է հայ ժողովրդի, քաղաքական էլիտայի և քաղաքացիական հասարակության միասնությունը և խափանվում է նրանց համախմբվածությունը, դրանով իսկ ուժեղ հարված է հասցվում հայոց պետականության անվտանգությանը մեր պատմության այս ճակատագրական փուլում։ Այս լուրջ սպառնալիքը, ավաղ, պատշաճ հակազդեցություն չի գտնում։

Նորից և նորից իմաստավորելով Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրադրությունը՝ մտաբերում եմ գործարար և փիլիսոփա, մաթեմատիկոս Նասիմ Թալեբի «Սև կարապ. անկանխատեսելիության նշանի ներքո» գիրքը, որը լույս է տեսել 2007թ. և հենց հրապարակման թվականին էլ բեսթսելեր է դարձել։ Շատ կարևոր է, որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները ինձ համար անկանխատեսելի էին։ Այն օրվանից, երբ 2018թ. ապրիլի 14-ին «սիրո և համերաշխության սակավաթիվ հեղափոխականների» կողմից գրոհի ենթարկվեց Հանրային ռադիոյի շենքը՝ ապագա «ժողովրդի» վարչապետ Ն.Փաշինյանի կողմից, որևէ պատրանք չունեի, ավաղ, այդ գործընթացում գործի դրված առանձին գործող անձանց կողմից մինչև վերջ չհաշվարկված այս մտահղացման ավարտի մասին։ (Ն.Փաշինյանի կողմից) հայտարարվեց, որ ակցիան Հանրային ռադիոյի շենքում խաղաղ քաղաքացիական անհնազանդության օրինակ է։ Հավանաբար, նման եզրահանգման էր մղել ոստիկանության միանգամայն կրավորական վարքագիծը։ Մի խոսքով՝ այդ ժամանակ արդեն ամեն բան հասկանալի դարձավ։ Բայց սա առանձին վերլուծության թեմա է։ Ես այս մասին հիշեցի միայն այն բանի համար, որպեսզի ասեմ, որ այդ պետական հեղաշրջումը շատ կանխատեսելի էր իմ կողմից և ոչ մի կերպ չի տեղավորվում «Սև կարապի» տեսության չափանիշներից առաջինում, այն է. 1. Իրադարձությունն անսպասելի է։ Ի դեպ, այն լիովին տեղավորվում է երկրորդ և երրորդ չափանիշներում. 2. Իրադարձությունը զգալի հետևանքներ է թողնում և 3. Ռետրոսպեկտիվում, հարձակումից հետո իրադարձությունն ունի իրատեսական բացատրություն, ինչպես եթե իրադարձությունը սպասելի լիներ։ Ինչ վերաբերում է երկրորդ չափանիշի կանխատեսելիությանը, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրի վրա անխուսափելիորեն կախվում է պետականության կորստի սպառնալիքը, եթե իշխանության են գալիս հեղափոխականներ, որոնց համար արարումը և պետականակերտումը ի սկզբանե հակացուցված են։ Էլ չեմ ասում այն մասին, որ նրանք չգիտեն պետական կառավարման այբուբենը։ Երրորդ չափանիշի սպասելիության առումով ասենք, որ «սիրո և հանդուրժողության հեղափոխության» գլխավոր անդրկուլիսյան սցենարիստի համար տեղի ունեցածը, արդեն գրեթե 6 ամիս անց (գլխավոր սցենարիստի առաջադրած նպատակների առումով), տեղավորվում է նաև «Սև կարապի» տեսության երրորդ չափանիշում։ Ուրեմն, բանն ի՞նչ է։ Ինչո՞ւ եմ ՀՀ արդի իրավիճակը վերլուծելիս մտաբերում Նասիմ Նիկոլաս Թալեբի տեսությունը։ Իր գրքում Նասիմ Թալեբը նշում է, որ մարդկությունն ի զորու չէ հաջող կանխատեսել իր ապագան, եթե իր գիտելիքների հանդեպ վստահությունն առաջ է ընկնում գիտելիքներից և դրանով իսկ ծնում է գերվստահության ֆենոմենը։ «Ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններում մենք դառնում ենք գերվստահության երևույթի դասական օրինակի վկաները, ընդ որում՝ այն պատճառով, որ իր սեփական (Նիկոլի- Ա.Գ.) գիտելիքների հանդեպ վստահությունը առաջ է ընկնում (ընդ որում՝ բավական էականորեն) բուն գիտելիքներից։ Ավելին, մենք ականատեսն ենք դառնում այն բանի, երբ Ն.Փաշինյանի գերվստահությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ առկա իրողությունների խեղաթյուրում, որոնց դեպքում ՀՀ վարչապետի վստահությունն իր գործողությունների և որոշումների մեջ զգալիորեն ավելի բարձր է, քան նրա դատողությունների օբյեկտիվ ճշտությունը ՀՀ-ում և նրա շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար, այս գործընթացին, որի ականատեսներն են ոչ միայն մեր համաքաղաքացիները, այլ նաև արտասահմանի քիչ թե շատ տեղեկացված քաղաքական գործիչները, բնորոշ է սեփական՝ սիրելի անձի հանդեպ շողոմ պատկերացումը։ Նշենք, որ եթե ղեկավարի գերվստահության երևույթին բախվում է առանձին վերցրած կորպորացիան, ապա դա կարող է կորուստների, վատագույն դեպքում՝ սնանկացման պատճառ դառնալ կորպորացիայի համար։ Իսկ եթե պետության ղեկին հայտնվել է մեկը, ով ենթարկված է գերվստահության ֆենոմենին, ապա եզրահանգումը միանշանակ է. եկել է համազգային SOS (Save our Souls) հնչեցնելու ժամանակը, բայց ոչ թե մեր հոգիների, այլ հայոց պետականության փրկության առումով։

Հետգրության փոխարեն. Չէի ցանկանա տխուր նոտայով ավարտել հոդվածս։ Չգիտես ինչու, երբ հոգիս տագնապում է, մտաբերում եմ նրբաճաշակության օրենսդիր Գայոս Պետրոնիոսի նամակը կայսր Ներոնին։ Մի փոքրիկ մեջբերում կատարեմ դրանից. «...Տանջի՛ր հպատակներիդ, եթե այդպես ես ուզում, բայց աղաչում եմ քեզ՝ մի՛ այլանդակիր և և մի՛ հաշմիր Արվեստները։ Թախանձագին խնդրում եմ քեզ. ողջ եղի՛ր, բայց մի՛ երգիր, սպանի՛ր, բայց ոտանավորներ մի՛ գրիր, թունավորի՛ր, բայց մի՛ պարիր»։ Ահա, հիմա էլ կուզենայի գրել Ն.Փաշինյանին. «...Տանջի՛ր քո մոլեռանդ-երկրպագուներին, որոնց մեթոդաբար ներշնչում ես, թե հայ ժողովրդի մեջ կան «սևեր» և «սպիտակներ», եթե այդպես ես ուզում, բայց խնդրում եմ քեզ՝ մի՛ այլանդակիր և մի՛ հաշմիր մեր ավանդական ընտանեկան արժեքները՝ ակնհայտորեն և ծածուկ հովանավորելով ԼԳԲՏ ընկերակցությանը, որն անպատիժ, անպատկառ ձևով և ցինիկաբար գրոհում է Երևանի ոստիկանական բաժանմունքները; մի՛ հովանավորիր ագրեսիվ կրոնական աղանդներին, որոնք գրոհում են Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին; մի՛ հովանավորիր Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների տարատեսակ հերձվածողներին, որոնք մտադիր են ս.թ. նոյեմբերի 15-18-ին Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու սրբազան հողում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «ԼԳԲՏ-քրիստոնյաների համաժողով» անվանմամբ հերթական խառնաժողովն անցկացնել։ Խնդրում եմ քեզ՝ հեղափոխության և հակահեղափոխության մասին քո սրտաճմլիկ ճառերով էլ մի՛ տանջիր կարիքից կամազուրկ դարձած մարդկանց։ Գուցե դու չես էլ հասկանում, որ արդեն սպառնալիք ես դարձել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար»։

Որպեսզի ընթերցողի մեջ տպավորություն չստեղծվի, թե խոհերս ինքնատիպ «ձայն բարբառոյ յանապատի» են, վստահաբար հայտարարում եմ, որ հայ ժողովրդի կոլեկտիվ իմաստնությունը կհաղթանակի և Նիկոլ Փաշինյանի հակապետական հեղաշրջումը, ինչ բարի կարգախոսներով էլ որ քողարկվի, դատապարտված է ձախողման։ Սրանում է, անշուշտ, Հայոց պետականության և Արցախի Հանրապետության փրկությունը։ Ով որքան ավելի շուտ գիտակցի այս ճշմարտությունը, այնքան ավելի քիչ կլինեն մեր ազգային անվտանգության և Հայաստանի Հանրապետության պետականության սպառնալիքները։

Արտաշես Գեղամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում

ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, www.amiab.am