ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

10.04.2018, Հայոց աշխարհ

Նկարում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը, ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, ՀՀ Աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Երևան, 2 նոյեմբերի 2017թ.

 

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, որտեղ քննարկվեց «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագծի լրամշակված տարբերակը։

Ռազմավարության լայն քննարկումը դեռ առջեւում է, բայց արդեն, ըստ իս, շատ կարեւոր է իմաստավորել տեղի ունեցած քննարկման ընթացքում բարձրաձայնված առանձին սկզբունքային հարցերն ու դրույթները։ Այստեղ, առաջին հերթին, կուզենայի ուշադրություն հրավիրել Հայաստանի զարգացման հեռանկարային նպատակներին հասնելու ուղիների վերաբերյալ Սերժ Սարգսյանի որակապես նոր մոտեցման վրա։

«Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար»,- ասաց Ս.Սարգսյանը։ Այն, որ պետության ղեկավարը համազգային նպատակներին հասնելը կապում է ներառական տնտեսական աճի հետ, դրանց իրականացման հանդեպ վստահություն է ներշնչում։ Ուստի մի փոքր հանգամանորեն կանգ առնենք այն հարցի վրա, թե ինչ պետք է հասկանալ ներառական տնտեսական զարգացում ասելով։

   Այսպես. Համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվետվության մեջ, որը տեղի է ունեցել հունվարի 23-25-ը Դավոսում, փորձագետները հետեւյալ հարցն են բարձրացրել. որքանո՞վ է օբյեկտիվ «տնտեսության առողջությունը» որոշել լոկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշով, որն իրականում թաքցնում է սուր խնդիրները, այդ թվում՝ անհավասարությունը։ WEF հաշվետվության մեջ ոչ երկիմաստորեն ասվում է, որ ՀՆԱ-ն տնտեսական ձեռքբերումների բավարար ցուցանիշ չէ։ «Սոցիալական հավասարության հանդեպ պարզ տնտեսական աճը որպես գնահատման միջոց գերադասելու տասնամյակները հանգեցրին եկամուտների մեջ անհավասարության պատմականորեն ամենաբարձր մակարդակների»,- ասվում է WEF հաշվետվությունում։

   Այս առնչությամբ առաջարկվեցին մի շարք նոր ցուցիչներ, որոնք առավել օբյեկտիվ են բնութագրում տնտեսական դրությունը, ներառյալ, այսպես կոչված, զարգացման ներառական ինդեքսը (Inclusive development index, IDI)։ WEF այս մոտեցումը, իմ կարծիքով, օբյեկտիվորեն պահանջված է նաեւ մեզ համար, այսինքն՝ անհրաժեշտ է վերանայել տնտեսական զարգացման գնահատման մոտեցումները, քանի որ ՀՆԱ-ի՝ որպես հիմնական տնտեսական ցուցանիշի օգտագործումն արտացոլում է լոկ ապրանքների եւ ծառայությունների ընթացիկ արտադրությունը, այլ ոչ թե այն աստիճանը, որում տնտեսությունը նպաստում է ավելի լայն սոցիալ-տնտեսական առաջընթացին։

   Կարծում ենք, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին են իրական այն գործոնները, որոնցով որոշվում է Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության իրական աճը։ Այս հարցերը մեր երկրի համար հատուկ սրություն են ձեռք բերում թեկուզեւ այն պատճառով, որ սոցիալ-տնտեսական զարգացման բարձր ցուցանիշների պայմաններում (նկատի ունեմ ՀՆԱ աճը) ՀՀ-ն 2017թ., ինչպես նաեւ 2018թ. հունվար-փետրվարին (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, կազմել է 107,2%, իսկ 2018թ. հունվար-փետրվարին, 2017թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, համապատասխանաբար՝ 108,6%), այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության այնքան էլ փոքր մասը չէ, որ էական դրական փոփոխություններ չի զգում իր ամենօրյա կյանքում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նկատվել է զգալի աճ արդյունաբերության, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։

   Կրկնում եմ, ՀՀ-ում ՀՆԱ-ի աճի պատկառելի ցուցանիշների պարագայում դեռեւս պահպանվում է աղքատության բարձր մակարդակը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ., 2015թ. համեմատ, աղքատության մակարդակը Հայաստանում կրճատվել է սոսկ 0,4%-ով եւ կազմել է 29,4%։

   Կրկին դիմելով WEF-ին, որի ընթացքում ներկայացվեց աշխարհի երկրների տնտեսական զարգացման գնահատման այլընտրանքային համակարգը՝ մի շարք այնպիսի ցուցանիշների հիման վրա, որոնք հայտնի են, կրկնում եմ, որպես ներառական զարգացման ինդեքս (Inclusive Development Index, IDI), նշենք, որ IDI-ն հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ ցուցանիշը, այլեւ 11 բնութագրիչներ նույնպես, որոնք, այս մոտեցման հեղինակների կարծիքով, առավել լիովին են արտացոլում այս կամ այն երկրի իրական տնտեսական վիճակը։ IDI այդ 12 ցուցանիշները (բնութագրիչները) բաժանվում են երեք խմբի։

   Բնութագրիչների առաջին խումբը միավորված է «Աճ եւ զարգացում» խորագրի ներքո եւ ներառում է չորս ցուցանիշ, որոնք են. 1. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (ԱՄՆ դոլարը 2010թ. արժեքով), 2. աշխատանքի արտադրողականությունը՝ մեկ աշխատողին բաժին ընկնող ՀՆԱ-ն (ԱՄՆ դոլարով), 3. առողջ կյանքի ակնկալվող միջին տեւողությունը (տարի), 4. աշխատունակ տարիքի բնակչության զբաղվածությունը (նշվում է տոկոսներով)։

   Բնութագրիչների երկրորդ խմբում, որը վերնագրված է «Ներառականություն», նշվում են՝ 1. հասարակությունում եկամուտների շերտավորման (բաշխվածության) գործակիցը (0 - լիակատար հավասարություն, 100 - լիակատար անհավասարություն), 2. աղքատության մակարդակը, 3. հասարակության շերտատման գործակիցն ըստ հարստության բաշխման (0 - լիակատար հավասարություն, 100 - լիակատար անհավասարություն), 4. միջին եկամուտ (գնողունակության վրա հիմնված ցուցանիշը. սա եկամտի այն մակարդակն է, որը բնակչության ամբողջությունը բաժանում է երկու հավասար մասի. բնակչության կեսն ունի մեկ շնչին ընկնող միջինից ցածր, մյուս կեսը՝ միջինից բարձր եկամուտ)։

   Բնութագրիչների երրորդ՝ վերջին խմբում, որի ընդհանուր խորագիրն է «Սերունդների հաջորդականությունը եւ զարգացման կայունությունը», ներկայացված են. 1. բնակչության ճշգրտված զուտ խնայողությունները (հաշվարկվում են բնական հարստությունների պաշարներ՝ գումարած կրթության ծախսեր՝ հանած ռեսուրսների սպառում, էներգիայի պաշարների սպառում, վնասներ արտանետումներից սխեմայով, նշվում են համախառն ներքին արդյունքի տոկոսներով), 2. ՀՆԱ ջերմոցային էֆեկտը (CO2-ի արտանետումների ցուցանիշը ներքին համախառն արդյունքի յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց, որն արտադրում է երկրի տնտեսությունը), 3. պետական պարտքի չափը (ՀՆԱ տոկոսով), 4. ժողովրդագրական ծանրաբեռնվածությունը (1-15 եւ 64-ից բարձր տարիքի խնամառու քաղաքացիների հարաբերակցությունը աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակի հետ)։

   Վերոնշյալ 12 ցուցանիշներից սկզբում կազմվում են 3 խմբային բնութագրիչներ, եւ դրանց գումարումից հետո արդեն ստացվում է ամփոփ ցուցանիշը՝ որպես միջին թվաբանական։ Միանգամայն գիտակցված այսքան մանրամասն կանգ առա ներառական զարգացման ինդեքսի ցուցանիշների վրա, քանի որ, եթե վերլուծենք Հայաստանի տնտեսական դրությունը դրանց համատեքստում, ապա պետք է նշենք, որ ներառական զարգացման ինդեքսին համապատասխան՝ առանձին տնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր երկրի գործադիր իշխանության մարմինների կողմից բնորոշվում են որպես տնտեսական աճի գործոններ, փոքր-ինչ այլ, ավելի շուտ՝ բացասական, քան թե դրական նշանակություն են ստանում։

   Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է ներառական տնտեսական զարգացման անցնելու անհրաժեշտությունը, ինչը դրված էր Ռազմավարություն-2030-ի քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթում առաջադրված խնդիրների կիզակետում։ «Մենք պայմանավորվեցինք, որ մինչեւ 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, եւ ծրագրում (նկատի է առնվում Ռազմավարությունը- Ա.Գ.) պետք է ներառված լինի մինչեւ 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը՝ եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայն դեպս, զգալիորեն կրճատելու հարցը... Մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման»,- իր ելույթում ասաց Ս.Սարգսյանը:

   Փոքր-ինչ հանգամանորեն կանգ առնենք IDI-ի որոշ գործոնների վրա։ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը խոստացել էր 2017թ. մինչեւ 850 մլն դոլարի ներդրումներ ներգրավել։ Նշենք, որ հաշվարկի ինչ-որ մեթոդաբանություն «ներդրումներ» սյունակում, ի թիվս այլ կետերի, ներառում են նաեւ նպատակային օտարերկրյա վարկերը, որոնց մի մասը տրամադրվում է հիմնական կապիտալի ներդրումներին, ինչպես նաեւ կապիտալ ներդրումները (նոր ճանապարհներ, ոռոգման համակարգեր եւ այլն), վարկային ծրագրեր բիզնեսի համար (այսինքն՝ բանկերի ակտիվների համալրմանն ուղղվող)։

   Իր հերթին՝ պետությունը դրամական միջոցներ է ներդնում մարդկային կապիտալի զարգացման մեջ։ Եվ դա հասկանալի է։ Սրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ, ցավոք, դեռեւս չի մշակվել հիմնական կապիտալում եւ ենթակառուցվածքային նախագծերի իրագործման մեջ ներդրումների արդյունավետության որոշման համակարգը։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, 2007-2017թթ. որոշ տվյալներ ներկայացնենք՝ հրապարակված ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի կողմից։

   Ներկայացնենք նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի (ներքին եւ արտաքին) ցուցանիշների դինամիկան՝ հրապարակված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014, 2015, 2016, 2017թթ. հունվար-դեկտեմբերին» տեղեկատուներում։

   Աղյուսակ II

 

   Աղյուսակ 1-ից հետեւում է, որ ՀՆԱ-ն 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, ավելացել է 500,2 մլրդ դրամով։ Միաժամանակ, Աղյուսակ 2-ից երեւում է, որ դրա հետ մեկտեղ, ՀՀ պետական պարտքը այդ նույն ժամանակամիջոցում ավելացել է 407 մլրդ 510 մլն դրամով։ Այնուհետեւ, եթե 2016թ. ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 56,53%, ապա 2017թ.՝ համապատասխանաբար 58,77%։ Նշենք նաեւ, որ Աղյուսակ 1-ի համաձայն՝ ներդրումները հիմնական կապիտալում 2016 եւ 2017թթ. ամենացածրն են եղել վերջին 10 տարիների ընթացքում։ Այսպիսով, եթե գնահատելու լինենք գործադիր իշխանության գործունեությունը՝ հաշվի առնելով թեկուզեւ IDI-ում պարունակվող այս ցուցանիշները, ապա 2017թ. ՀՆԱ աճի եւ հիմնական կապիտալում ներդրումների ցուցանիշները, մեղմ ասած, ոչ թե հիացմունք, այլ խոր հուսալքություն են առաջացնում։

   Կարելի էր շարունակել վերլուծել IDI որոշ այլ ցուցանիշներ եւս Հայաստանի տնտեսության օրինակով, որպեսզի ամենայն համոզչությամբ պնդենք հենց ներառական տնտեսական զարգացման հիման վրա համազգային նպատակներին հասնելու անայլընտրանքայնության մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած խնդրի հրատապությունը։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   Ազգային ժողովի պատգամավոր

 

 

Последние видеоматериалы

Новые книги