ԱՍՎԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՍԵԼ

05.12.2017, Հայոց աշխարհ


Հարցազրույց ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

 
-Պարոն Գեղամյան, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք հակահայկական մեկնաբանություններ հնչեցին ռուսաստանյան հեռուստաեթերում: Դուք որպես հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության ջատագով ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը:

-Գիտեք, պետք է զանազանել Ռուսաստանի պաշտոնական հեռուստալրատվամիջոցները եւ մասնավոր հեռուստաընկերությունների հեռարձակած նյութերը: Նման հաղորդումները, ինչ խոսք, զազրելի են եւ դատապարտվեցին Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ դրանց հստակ գնահատական տվեց պաշտոնական Մոսկվան:

Ավելին, օրեր առաջ Երեւանում էր «Եդինայա Ռոսիայի» պատվիրակությունը` կուսակցության քաղաքական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի գլխավորությամբ, որը ճիշտ հակառակ գնահատական տվեց այդ երեւույթին:

Դրա հետ մեկտեղ արձանագրենք, որ մեր իսկ Ազգային ժողովում, այն է՝ թիվ մեկ քաղաքական մարմնում, կազմակերպվել էին լսումներ՝ կապված ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի հետ: Հնչեցին հակառուսական երանգներ պարունակող մի շարք ելույթներ, այնպես որ բոլորովին էլ զարմանալի չէր Ռուսաստանում հակահայկական ուղղվածություն ունեցող հաղորդումների հայտնվելը: Լսումները նախաձեռնողները պետք է որ հաշվարկեին հնարավոր հակադարձումը:

Ինչ խոսք, այստեղ առկա էր նաեւ մեկ այլ գործոն՝ Հայաստանի կողմից Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման փաստը, որն, ի դեպ, կատարելապես չեզոքացրեց ադրբեջանական լոբբիի, Ադրբեջանի վիթխարի ջանքերը, միլիարդավոր դոլարների հասնող ծախսերը, որոնց նպատակն էր եւ է սեպ խրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ, ինչպես նաեւ խոչընդոտել Հայաստանի կողմից որդեգրած «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությանը: Այնպես որ հակահայկական հաղորդումների հեղինակներն ըստ էության Ադրբեջանի քաղաքական պատվերն են կատարել: Ուստի եւ հիմա էլ արդեն եկել է հաշվետու լինելու ժամանակը:

Արդ, կարծում եմ, ավելի տեղին կլիներ, եթե ինքներս մեզ հարց տայինք՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է կնքում Եվրամիության հետ, այլեւ կնքման առիթով առանձնահատուկ կարեւորում է մեր երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ավելին, եվրոպական բարձրաստիճան հանձնակատարները հայտարարում են, թե համաձայնագիրը ամենեւին էլ չի հակասում հայկական կողմի ստանձնած այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին իր անդամակցության շնորհիվ:

Սա մեր քաղաքական իշխանության եւ, ինչու չէ, հանրապետության նախագահի աննախադեպ հաջողությունն է, որը, կրկնում եմ, հօդս ցնդեցրեց ադրբեջանա-թուրքական շատ հզոր լոբբինգը, ինչը գործում էր ոչ միայն Ռուսաստանում, այլեւ շարունակում է գործել նաեւ Եվրամիությունում: Եվ ի՞նչ էիք սպասում. տարիներ շարունակ այդ մարդիկ փող են ստացել թուրք-ադրբեջանցիների ձեռքից, սակայն հանձնարարությունը չեն կատարել եւ տապալվել են: Բնական էին նման ջղաձիգ, ես կասեի՝ գռեհիկ, հավասարապես հակառուսական եւ հակահայկական դրսեւորումները:

-Այնուամենայնիվ, դուք չե՞ք կարծում, որ պետք է արժանապատիվ պատասխան տալ վերոհիշյալ երեւույթին:

-Համաձայն եմ այն տեսակետին, որ արհեստական, երբեմն չարդարացված, ջղաձիգ դրսեւորումներով ջուր չլցնենք մեր չարակամների ջրաղացին, ակամայից չպրոպագանդենք դրանց, այլ, ընդհակառակն, մեր արձագանքով ցույց տանք, թե որքան թշվառ եւ ծախված են հակահայկական հեռուստահաղորդումների հեղինակները, այն աստիճան, որ ականջալուր չեն նույնիսկ սեփական երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովային խնդրո առարկայի կապակցությամբ։ Այնքան տգետ են քաղաքականապես, որ չեն էլ գիտակցում կատարվածի ողջ խորությունն ու լրջությունը, չեն էլ անդրադառնում այն փաստին, որ նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության համաձայնագրի ստորագրումից 10 օր առաջ տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի բարձր մակարդակով հանդիպումը Սոչիում, որն անցել էր փոխըմբռնման եւ բարեկամության ջերմ մթնոլորտում:

Արդյոք չարժե՞ր, որ մեր ախոյանները մտորեին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նոյեմբերի 13-ին, Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, թե մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ առանցքում ունենալով հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին, մինչդեռ, ի վերջո, ձեռնունայն վերադարձել էր Անկարա՝ խոստովանելով իր այդ նպատակի ձախողումը: Հետո, ճարահատյալ, 10 օր անց, էլի հարկադրված էր գալ Սոչի, բանակցել այս անգամ արդեն Սիրիայի կապակցությամբ՝ մոռանալով Լեռնային Ղարաբաղի հարցը: Իսկ որպեսզի մի կերպ փրկի դեմքը star.com.tr թուրքական կայքում ասել է, թե, այո, երկուստեք հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂՀ հարցը, միաժամանակ նշելով, որ, իր պատկերացմամբ, Պուտինը հակված չէ հիմա ճնշում գործադրելու իր դաշնակցի՝ Հայաստանի վրա, ինչը, իր կարծիքով, պայմանավորված է երկու երկրների բարեկամական կապերով:

-Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով իր հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին՝ իրեն պատկերացնո՞ւմ է երկրի ղեկավարի պաշտոնում 2018 թվականի ապրիլից հետո, նկատեց, որ դեռ չի պատկերացնում եւ եթե պատկերացնի՝ կասի:

-Սերժ Սարգսյանն այն քաղաքական եւ պետական գործիչն է, որը, համաձայնեք, մեծ ավանդ ունի անկախ Հայաստանի կայացման գործում: Էլ չեմ ասում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Իր անցած ճանապարհը հուշում է, որ ինքը պետք է լինի այնտեղ, ուր առավել շատ է պահանջված իր իսկ սկսած գործի տրամաբանական շարունակությունը ապահովելու իմաստով, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ մենք ականատեսն ենք տարածաշրջանային լուրջ, տեկտոնիկ փոփոխությունների՝ պայմանավորված Սիրիայի ճակատագրով, Թուրքիայի ներքին իրավիճակով՝ նկատի ունենալով քրդական գործոնը, Իրաքով, ինչպես նաեւ Ադրբեջանի չդադարող ոտնձգություններով:

Այս պարագայում, բնականաբար, ես պատկերացնում եմ, որ նման քաղաքական եւ պետական կենսագրություն ունեցող անձը պարտավոր է լինել հենց անվտանգության կազմակերպչի, ապահովողի դիրքում: Իրենից լավ, համաձայնեք, այս պահին մենք չունենք որեւէ այլ պետական կամ քաղաքական գործիչ, ում խոսքն ընդունվի ոչ միայն Հայաստանում, այլեւ, որ սակավ կարեւոր չէ, եթե չասենք՝ ստեղծված իրավիճակում առավել տրամաբանական, Արցախի Հանրապետությունում: Սա այն դեպքն է, երբ պետք է ելնել ոչ թե նախկինում արված ինչ-ինչ հայտարարություններից, այլ խնդրին մոտենալ ապագայում մեզ պարտադրվող մարտահրավերներին ամենագործուն կերպով հակազդելու հրամայականից:

Այսօրվա դրությամբ, այո՛, պահանջված է, որ Սերժ Սարգսյանը շարունակի զբաղեցնել այն պաշտոնը, ում վստահված են Գերագույն գլխավոր հրամանատարի լծակները:

Յուրաքանչյուր դիվանագետ, իսկ երկրի առաջին դեմքը նաեւ առաջին դիվանագետը պետք է լինի, երբեք ու երբեք իր ծրագրերի մասին անվերապահ չպետք է ասի մի պարզ պատճառով. անկախ նրանից, թե որքանով կարող է լինել ընդունելի կամ քննադատելի: Բանն այն է, որ երբեմն էլ նման «գաղտնազերծումը» կարող է զենք դառնալ հակառակորդների ձեռքում սեփական հաշվարկներն անելիս:

2018 թ. մարտին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններն են: Վլադիմիր Պուտինը եւս դեռ չի հայտարարել իր առաջադրման մասին եւ ինքն էլ է ասում՝ դեռ չի որոշել: Նույնն էլ՝ մեր նախագահը: Շատ էլ ճիշտ է անում: Ինքն ասել է այն, ինչ պարտավոր էր, կարելի էր ասել: Ես այդպես եմ գնահատում, որովհետեւ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ապրող երկրի առաջին դեմքը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը, որեւէ այլ պատասխան եթե տար, խոցելի կլիներ, գոնե թուրք-ադրբեջանցիների իրազեկումը չսնելու տեսանկյունից:

ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ