ԷՐԴՈՂԱՆԸ ԱԼԻԵՎԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌԵԼ

11.07.2017, Հայոց աշխարհ

 Օրերս Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման կողմնակիցների թուրք-ադրբեջանական քարոզչությունը անսպասելիորեն «նվեր» ստացավ Ռուսաստան-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւից:

   Չգիտես՝ շփոթվե՞ս, զմայլվե՞ս, թե՞ զայրանաս պատգամավորի բացարձակ քաղաքական անգրագիտությունից, որը, ինչպես ուրյուպինսկցի աշխատավորի մասին անեկդոտում էր՝ ոչ տեսել, ոչ էլ լսել էր ո՛չ ԽՄԿԿ-ի, ո՛չ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի մասին: Մի խոսքով՝ Ուրյուպինսկում ո՛չ թերթ էր հասնում, ո՛չ ամսագիր, դե, իսկ հեռուստատեսության մասին լսած անգամ չկային:

    Հենց այս կերպ մեր առջեւ «կանգնեց» Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը, նրա արտահայտությունները ողբերգության մասին, երբ ադրբեջանական զինված ուժերն առաջին անգամ 2016թ. ապրիլյան ագրեսիայից հետո գնդակոծեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը TR-107 համազարկային համակարգերից՝ տեղակայված Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղում: ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված էր ձեռնարկել պատասխան գործողություններ՝ ճնշելու համար ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը:

   Ադրբեջանական զինված ուժերի կրակակետի չեզոքացման արդյունքում զոհվեց Ալխանլու գյուղի երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկամյա մի աղջիկ, ինչն, իհարկե, մեծ ցավ առաջացրեց մեր սրտերում, բայց եւ ցասում ադրբեջանական իշխանությունների հանդեպ, որոնք արդեն առաջին անգամ չէ, որ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանն օգտագործում որպես կենդանի վահան: Ընդ որում՝ հատուկ գյուղերում, ավաններում տեղադրվում են համազարկային կրակի արդի համակարգեր եւ խոշոր տրամաչափի նռնականետներ:

   Բնականաբար, այդ ամենը ստույգ գրանցվել է համապատասխան ԱԹՍ-ների եւ հայտնաբերման այլ միջոցների կողմից եւ տեղադրվել համացանցում: Ցավոք, պատգամավոր Դ.Սավելեւն այդ մասին, կուզենայի հուսալ, չգիտեր, այլապես նրա արտահայտությունները նույնը կլինեն այն ամփոփագրերի հետ, որոնք ստացվում են ռազմական գործողությունների սիրիական թատերաբեմից, երբ ահաբեկիչներն իրենք են պայթեցնում քիմիական թունավոր նյութերով լցոնված արկերը, հետո իրենք էլ տեղադրում են համացանցում այդ ահասարսուռ կադրերը, որոնք «մերկացնում են սիրիական կառավարական զինված ուժերի վայրագությունները»:

   Մահու չափ ծանոթ ձեռագիր է: Թե ում է դա ձեռնտու՝ առանձին վերլուծության թեմա է: Նշենք միայն, որ իր եղբայրակից Ալիեւին Էրդողանի հղած ցավակցությունների հաջորդ օրը «սրտացավ» ԶԼՄ-ները ձայն ձայնի տվեցին: Այսպես, ս.թ. հուլիսի 7-ին, արդեն ժամը 10:47-ին, Ադրբեջանի կառավարամետ ոչ անհայտ haqqin.az կայքը հրապարակեց հոդված՝ «Խաղաղ բնակիչների սպանությունը Հայաստանի նոր ռազմական դոկտրինն է»:

   Դրանում, մասնավորապես, ասվում է. «Երբ ամերիկացիները Անկախության օրը ողջ երկրում հրավառություն էին անում, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանն օկուպացրած հայ զինվորներն օգտագործեցին իրենց պայթուցիկն ընդդեմ անմեղ քաղաքացիական անձանց» (ամերիկյան Washington Times պարբերականում իր «Խաղաղ բնակիչների սպանությունը Հայաստանի նոր ռազմական դոկտրինն է» հոդվածում գրել է Բեգին-Սադաթ կենտրոնի եւ Բար-Իլան համալսարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Մուրիսոնը):

   Այնուհետեւ նա շարունակել է. «Ադրբեջանը ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ Իսրայելի անփոխարինելի դաշնակիցն է: Ամերիկան պետք է նախաձեռնություն ցուցաբերի իր դաշնակիցներին աջակցելու գործում»: Արդեն հոդվածի վերնագիրն իսկ՝ «Հայաստանի նոր ռազմական դոկտրինի մասին», ի սկզբանե սադրիչ է: Չէ՞ որ ՀԱՊԿ ցանկացած անդամ պետության ռազմական դոկտրինը չի կարող հակասել այդ կազմակերպության կանոնադրությանը, ինչն էլ, մասնավորապես, սահմանված է սահմանադրությունում՝ ստորագրված միջազգային պայմանագրերի հանդեպ իր պարտավորությունների վերաբերյալ:

   Վերը նշվածի համատեքստում կարելի է մանրամասնել Դմիտրի Սավելեւի մտքերի հակառուսական բովանդակությունը, բայց դա ձեռնտու կլինի մեր՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ընդհանուր անբարյացակամներին, որոնք անպայման կօգտվեն նրա քաղաքական միամտությունի՞ց ասեմ, թե՞ քաղաքական կարճատեսությունից: Նրա խոսքերի չար մտայնությունն ուզում եմ ի սկզբանե բացառել:

   Ասեմ միայն, որ նրա արտահայտությունը՝ «Այդ սադրանքի գինը դարձավ անմեղ խաղաղ բնակիչների կյանքը. այդ թվում՝ երեխայի: Այս փաստը պետք է ստանա միջազգային հանրության համապատասխան գնահատականը, որը պետք է մեծ ջանքեր գործադրի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Միջազգային իրավունքի նորմերը պետք է աշխատեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի ամենակարճ ժամկետներում», ըստ էության ջնջում ու բովանդակազրկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների 5 հռչակագրերը (հայտարարությունները) ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

   Այն լիովին արհամարհում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հստակ դիրքորոշումը, որը Սերգեյ Լավրովն արտահայտել է Մոսկվայի մամուլի ասուլիսում առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արդեն Ադրբեջանի ներքին գործը չէ: Երկիր, որն այսօր թուրք նախագահի ազդանշանով աննախադեպ տեղեկատվական պատերազմ է սկսել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

   Ի՞նչ է սա՝ կանաչ լո՞ւյս, որն Էրդողանը վառել է Ալիեւի առջեւ պատերազմն սկսելու համար:

 

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   Աժ պատգամավոր

Последние видеоматериалы

Новые книги