Իրավականից բարոյական. Լապշինի արտահանձնման թեման՝ խորհրդարանում

08.02.2016, armradio.am

Բելառուսում Հայաստանի դեսպանի հետկանչի պահանջից մինչեւ հայտարարությունների ընդունում ու համարժեք քայլերի մշակում: Աժ բոլոր քաղաքական ուժերն առանց բացառության անտարբեր չմնացին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման փաստից: Քննարկումը խորհրդարանում կազմակերպվեց հանպատրաստի՝ հնչեցին անհրաժեշտ քայլեր անելու տարբեր առաջարկներ՝ իրավականից մինչեւ էմոցիոնալ:

Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքին Հայաստանն անպայման պետք է պատասխանի. այս կարծիքին են Աժ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը: Բայց ահա մեր դժգոհությունն արտահայտելու ձեւի առումով կա տարաձայնություն: Պատգամավորների մի մասը պահանջում են անհապաղ հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին, կա պատգամավորների մի խումբ, որոնք կարծում են՝ կարելի է օգտագործել այս պահը եւ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերոջ պահվածքից նեղանալով լքել կառույցները:

Կա ավելի կոշտ տարբերակ՝ գործընթաց նախաձեռնել՝ միջազգային իրավունքները խախտելու համար այդ կառույցներից հեռացնել հենց Բելառուսին: Ամենամեղմ տարբերակը, որ այսօր առաջարկվեց խորհրդարանում, համապատասխան հայտարարության ընդունումն էր, բայց այդ տարբերակին էլ համաձայն չէ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցի առնչությամբ ուղերձներից առաջինը հրապարակեց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ Հայաստանի ու Բելառուսի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է: Կատարվածի առիթով հրապարակեց հանձնաժողովի հայկական կողմի դիրքորոշումը:

Ընդհանրապես «գործարք» բառն այսօր խորհրդարանականները շատ օգտագործեցին: Ներքին համոզմունք ունեն, որ Լապշինը Ադրբեջանում չի դատապարտվի: Այդ պետությունն ինչ- որ տարբերակ կգտնի եւ բլոգերին կարտահանձնի կամ Ռուսաստանին, կամ Իսրայելին՝ որոշակի խոստումների դիմաց: Այս կարծիքն արտահայտողներից են, օրինակ հանրապետական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Ամեն ինչ ունի իր ժամանակը»,- ասում է Արտակ Զաքարյանը՝ չկիսելով գործընկերների կարծիքը, որ անհապաղ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: Բայց ամեն դեպքում պատգամավորներից շատերը կողմնակից էին կոշտ դիրքորոշում արտահայտելուն:

Իսկ վիճակից օգտվելու համար նախ պետք է հասկանալ գործի նրբությունները: Իրավական տեսանկյունից Լապշինի գործով Հայաստանը չէ, որ պետք է զբաղվի: Բլոգերը երկու այլ պետությունների քաղաքացի է եւ դիվանագիտական ու ներքին խողովակներով Հայաստանը պետք է աշխատի հենց այդ պետությունների հետ:

ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի հարթակներն այս հարցում արդեն օգտագործվել են: «ԵԽԽՎ-ում տարբեր հանդիպումներում Լապշինի խնդրին մշտապես անդրադարձ եղել է»,- տեղեկացրեցին եվրոպական այդ կառույցում մեր պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ու պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: ԵԱՀԿ-ի տարբերակն օգտագործելու հնարավորությունները մատնանշեց Արտաշես Գեղամյանը:

Պատգամավորները, ի դեպ, ավելորդ չեն համարում խորհրդարանական լսումներ կազմակերպելու տարբերակը: