Արտաշես Գեղամյան. Համազգային միաբանության ժամանակը

 

29.01.2017, 22:03, Արմենպրես

 

https://armenpress.am/arm/news/876542/artashes-gexamyan-hamazgayin-miabanutyan-zhamanaky.html

 

«Արտաշես Գեղամյան. Աղքատությունն աղքատները չեն ստեղծել» հոդվածում, որը ս.թ. հունվարի 19-ին սիրահոժար հրապարակել էր «Արմենպրես» <https://armenpress.am/> պետական լրատվական գործակալությունը, շոշափվել են մեր երկրի տնտեսության առջև ծառացած առավել հրատապ խնդիրներից ընդամենը մի քանիսը։ Դրանք աղքատության, գործազրկության հիմնախնդիրներն են և դրանց լուծման հնարավոր ուղիները։ Հոդվածում նաև նշվում էր, որ Հայաստանը մտնում է մեր պետության, չափազանցություն չի լինի պնդել՝ ողջ հայության համար վճռորոշ ժամանակաշրջան, որը պայմանավորված է Ազգային ժողովի նոր կազմի և նոր կառավարության ձևավորմամբ։ Գաղտնիք չէ, որ ՀՀ նորացված Սահմանադրության պայմաններում օրենսդիր և գործադիր իշխանություններն օժտվում են լայն լիազորություններով։ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններն, անշուշտ, բեկումնային կլինեն մեր երկրի համար, դրանք, անկասկած, ամենայն համոզչությամբ ցույց կտան մեր քաղաքական դասի հասունության աստիճանը, նրա համարժեքությունը հայոց պետականության մարտահրավերներին և սպառնալիքներին։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի ներկա նախընտրական փուլում քաղաքական օրակարգում գերակշռի այդ բավական վտանգավոր մարտահրավերներին, սպառնալիքներին դիմակայելու, դրանք հաղթահարելու ուղիների քննարկումը։ Ընդ որում, սկզբից ևեթ ընդգծենք, որ ընտրությունների գլխավոր նպատակը և ակնկալվող արդյունքը պետք է լինի ազգային անվտանգության ապահովումը, քանզի վերջնարդյունքում ամեն բան հարկ է ենթարկեցնել այդ նպատակի ձեռքբերմանը, ինչը հնարավոր է իրականացնել միայն ողջ քաղաքական դասի համատեղ, միավորված ջանքերով։ Դրա այլընտրանքը հայոց պետականության կորստի սպառնալիքն է։

 

 

Որպեսզի ընթերցողներն ավելորդ խուճապի և իմ կողմից մեր ապագայի հանդեպ դրսևորվող հոռետեսական տեսլական ունենալու տպավորություն չստանան, մի փոքր բացեմ այն գործոնները, որոնց վրա են հիմնված իմ տագնապները։

 

Եվ այսպես, 2017թ. հունվարի 8-ին ամերիկյան հեղինակավոր The Independent պարբերականը սոցիոլոգիական հարցում էր հրապարակել, որն անցկացրել էր You Gov ընկերությունը։ Հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիների 64%-ը համոզված է, թե աշխարհը մոտենում է մեծ զինված հակամարտության։ Հարցման համաձայն՝ խաղաղության պահպանման անխուսափելիությանը հավատում է հարցմանը մասնակից ամերիկացիների ընդամենը 15%-ը։

 

Մեծ Բրիտանիայում անցկացված համանման հարցումն, ըստ էության, նույն տագնապեցնող պատկերն ի հայտ բերեց. Միացյալ Թագավորության՝ հարցմանը մասնակցած բնակիչների 61%-ը համոզված է, որ երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է։ Եվ լոկ 19%-ն է հավատում, որ մեր մոլորակը պատերազմի ճիրանների մեջ չի գլորվի։ Ընդ որում, ուշագրավ է, որ հարցմանը մասնակցած ամերիկացիների 59%-ը և բրիտանացիների 71%-ը վախենում է Ռուսաստանից։

 

Հատկանշական է նաև այն, որ Ռուսաստանում նման սոցիոլոգիական հարցման արդյունքները պարզել են հետևյալը. հարցման մասնակիցների գրեթե կեսը երկյուղներ է հայտնել, թե վախենում է Արևմուտքի հետ հարաբերությունների սրացումից, ինչը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Լավ է, որ այս տողերը գրելու ժամանակ առաջատար բոլոր համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն աշխարհին տեղեկացրել էին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հուսադրող հեռախոսազրույցի մասին, որը Սպիտակ տունը բնութագրել է որպես «կարևոր սկիզբ»։ Նշենք, որ որպես երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման հնարավոր պատճառներից մեկը ամերիկացիները մատնանշում են ահաբեկչության սպառնալիքը, ինչպես նաև Սիրիայում և Մեծ Մերձավոր Արևելքում շարունակվող դիմակայությունը։

 

Խաղաղության ճակատագրի համար համընդհանուր այս տագնապների համատեքստում էլ մեջբերենք բավական վտանգավոր հատվածներ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի ելույթներից։ Եվ այսպես, ս.թ. հունվարի 10-ին, ելույթ ունենալով Ադրբեջանի նախարարների կաբինետի ընդլայնված նիստում, նա հերթական մի շարք ռազմաշունչ հայտարարություններն է արել, որոնք, ավաղ, պատշաճ արձագանքի չեն արժանացել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այնպես էլ համաշխարհային քաղաքականության առաջատար ուժի կենտրոնների կողմից։ Մեջբերենք միայն որոշ գոհարներ ափշերոնյան բազեի այդ ելույթից. «Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական պոտենցիալը, այդ թվում՝ ամենաարդիական զենքի մատակարարումները երկիր... Մենք տիրապետում ենք բարձր ճշգրտության և ավերիչ ուժ ունեցող ամենաարդիական զենքի։ Դրա մի մասը մենք ցուցադրել ենք, մյուս մասը ցույց չի տրվել։ Դրանք կցուցադրվեն այն ժամանակ, երբ պետք կլինեն և որտեղ պետք կլինեն... Մենք ցանկացած ժամանակ ի զորու ենք լուծել հարցը (Լեռնային Ղարաբաղի- Ա.Գ.) ռազմական ճանապարհով»։ Իր այս ելույթով Ալիևն, ըստ էության, ցուցադրաբար արտահայտում է իր քամահրական վերաբերմունքը և ուղղակի  արհամարհանքը Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների միասնական դիրքորոշման հանդեպ, դիրքորոշում, որը հինգ անգամ ներկայացվել է նրանց համատեղ հայտարարություններում։ Ավելին, Ալիևի խոսքերը լիովին արժեզրկում են ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որով 2016թ. դեկտեմբերի 8-ին հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն։ Մեջբերում կատարենք նրանց համատեղ ընդունած փաստաթղթից, որի ֆոնին էլ ավելի ակներև է դառնում ափշերոնյան սուլթանի ողջ անպատկառությունը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունում, մասնավորապես, ընդգծվում է. «Ուշադրության առնելով սույն թվականի ապրիլին շփման գծում բռնության սրացումը՝ մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման հետ կապված, և վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և չկա որևէ արդարացում քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու դեպքերին։

 

Մեզ հայտնի է նաև այն գազանությունների մասին (ինչն ադրբեջանական իշխանությունները գաղտնի չեն էլ պահում, ընդհակառակը, գազանությունների հեղինակները պետական շքանշաններ են ստացել Ալիևից, տեսախցիկների առջև կանգնել են հայ զինվորի կտրած գլուխը ձեռքներին, և այդ տեսարանները լայնորեն տարածվել են այդ երկրի ոչ անհայտ ինտերնետ-ռեսուրսների կողմից-Ա.Գ.), որոնք կատարվել են սույն թվականի ապրիլյան մարտերի ժամանակ, և որոնք մենք դատապարտում ենք ամենավճռական ձևով։ Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համաձայնության հաստատման միակ ճանապարհ։ Մենք նաև կոչ ենք անում նրանց խստորեն պահպանել 1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք կազմում են բռնության դադարեցման հիմքը հակամարտության գոտում»։ Ավելին, այդ նույն փաստաթղթում հստակ հորդոր կար. «Մենք Բաքվին և Երևանին հորդորում ենք հարգել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված և ամրագրված համատեղ հայտարարությունները»։            

 

Ի՞նչ ունենք մենք։ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց անսասան հավատարմության մասին, իսկ Ադրբեջանի նախագահն ի պատասխան հայտարարում է. «Մենք (Ադրբեջանը- Ա.Գ.) ցանկացած ժամանակ ի զորու ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով»։ Ալիևի նման պահվածքին չարձագանքելը ադրբեջանական իշխանությունների համար ընդամենը մարտով տեղեկատվական հետախուզություն դարձավ, որը, ի հեճուկս նրանց ակնկալիքների, խիստ անցանկալի հանգուցալուծում ստացավ հենց իրենց համար, երբ ս.թ. հունվարի 17-ին, ՌԴ դիվանագիտության 2016թ. արդյունքներն ամփոփելիս, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, արտահայտվելով ադրբեջանական տեղեկատվական Haqqin.az ռեսուրսի խոսքերով, կոշտ հայտարարություն արեց՝ ի պատասխան «ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցի»։ Այսպես, Ս.Վ. Լավրովը, ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, կոշտ հայտարարեց այն մասին, որ «որևէ ուժային գործողության և մարտական գործողության անցկացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի ներքին գործը չի հանդիսանում»։ Հիշեցնենք, որ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի դիրքորոշումը «զավթված տարածքներում հակաահաբեկչական գործողություն և օկուպացիոն ուժերի մաքրում սկսելու դեպքում, արդյո՞ք Մոսկվան աչք կփակի դրա վրա, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին», Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն ասել է. «Դա արդեն մի ինչ-որ աբստրակտ բան չէ, դա զուտ Ադրբեջանի ներքին գործերի թեմա չի հանդիսանում Ղարաբաղյան հակամարտության առումով»։ Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ «գոյություն ունի լուծումների մի ամբողջ հավաքածու, որոնք ընդունվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից հակամարտության ամենաթեժ պահին և պահանջում էին կրակի դադարեցում... Եթե դիմենք արխիվներին, ապա կարելի է տեսնել, թե ինչպես են կրակի անհապաղ դադարեցման պահանջները պահպանվել, և ում կողմից են դրանք պահպանվել, իսկ ում կողմից չեն պահպանվել»։ Բնավ պատահական չէ, որ հղում կատարեցի ադրբեջանական այս տեղեկատվական ռեսուրսին, որը ներկայանում է որպես ընդդիմադիր, բայց իրականում ադրբեջանական իշխանությունների խոսափողն է։ Այս առումով շատ կարևոր է, որ Haqqin.az-ը ադրբեջանցի լրագրողի հարցը բնութագրել է ոչ այլ կերպ, քան սադրիչ՝ դրանով իսկ անտաղանդ ձևով քողազերծելով ադրբեջանական իշխանությունների մեղսակցությունը տեղեկատվական այդ հետախուզությանը։ Հետագայում, ՌԴ ԱԳՆ-ի կողմից ստացած քաղաքական այս ապտակից հետո, Ալիևի ելույթներում ռազմաշունչ հռետորաբանությունը փոքր-ինչ նվազեց։ Այսպես, 2017թ. հունվարի 22-ին, ելույթ ունենալով ռազմական ավանի բացման արարողությանը, Ադրբեջանի նախագահն արեց հետևյալ հայտարարությունը. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա այն (կարգավիճակը) հնարավոր է միայն միասնական ադրբեջանական պետության շրջանակում»։ Ինչպես տեսնում ենք, Ս.Վ. Լավրովի խոսքերից հետո նախագահ Ի.Ալիևը մեզ հետ կռվելու պատրաստակամության մասին հայտարարելուց ժամանակավորապես ձեռնպահ է մնում։

 

Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանության լիակատար հակապատկերն են Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի պատասխանատու գնահատականները, որոնք նա հնչեցրել է ս.թ. հունվարի 20-ին ՀՀ Զինված ուժերի զորացրված զինծառայողների հետ հանդիպմանը։ Հաճելի է գիտակցել, որ Հայաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի մոտեցումները լիովին համահունչ են ինչպես մեր քրիստոնեական արժեքներին, այնպես էլ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների պատասխանատու առաջնորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարների գնահատականներին և մոտեցումներին։

 

Ես միտումնավոր այսքան մանրամասն ներկայացրի ադրբեջանական ղեկավարության դիրքորոշումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին, և կարծում եմ՝ անհիմն չէր, որ այս ամենը կապեցի ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի քաղաքացիների՝ ողջ աշխարհում խաղաղության ճակատագրի հետ կապված տագնապալի սպասումների հետ։ Ցավոք, մենք բավական բարդ ժամանակներում ենք ապրում և, իմ կարծիքով, աշխարհում ստեղծված իրադրության ողջ բարդության գիտակցումը պետք է պայմանավորի ցանկացած պատասխանատու քաղաքական ուժի կամ ուժերի դաշինքի նախընտրական օրակարգը։ Ընդ որում, նրանց համար կենսականորեն կարևոր խնդիրը, հաշվի առնելով վերոշարադրյալը, պետք է դառնան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համազգային պլատֆորմի ձևավորումն ու մշակումը։ Կասկածից վեր է, որ այդ պլատֆորմի գլխավոր բաժիններից պետք է դառնան տնտեսական անվտանգության ամրապնդման հարցերը, ինչն, իր հերթին, պետք է հենվի մեր երկրի տնտեսական զարգացման միասնական ռազմավարության մշակման և իրագործման վրա։ Այդ զարգացման գլխավոր գերակայությունները պետք է ոչ միայն ընկալվեն և հասկացվեն մեր քաղաքացիների կողմից, այլև կոչված են նրանց դարձնելու այդ զարգացումն ապահովող անմիջական մասնակիցներ։

 

Այս դիրքերից է անհրաժեշտ դիտարկել ձևավորումից հետո Հայաստանի կառավարության իրականացրած 100-օրյա աշխատանքը, ընդ որում՝ հարկ է վերլուծել այդ աշխատանքը ոչ թե քննադատողի կամ կողքից դիտողի դիրքերից, այլ նրա աշխատանքի հաջողության համար սեփական, անհատական պատասխանատվության գիտակցմամբ։ Աշխարհում ստեղծված տագնապալի իրադրությունում, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ չհայտարարված և շարունակվող պատերազմի պայմաններում, ՀՀ քաղաքական դաշտում պետք է ձևավորվի հայրենասիրական քաղաքական ուժերի միասնական ճակատ՝ լինեն դրանք կառավարող քաղաքական կուսակցության և նրա դաշնակիցների, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի շարքից։ Այդ միավորման այլընտրանքը, ինչ բարեհունչ կարգախոսներով էլ որ այն քողարկվի, հինգերորդ շարասյունն է, իսկ մնացածը՝ «մահացու մեղք» է։ Իմ այս պնդումն իդեալիստական, խաղաղասիրական կարգախոս չէ, այլ այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների խոր իմաստավորման արդյունք։ Էլ չեմ ասում այն մասին, որ հազիվ թե Հայաստանում գտնվի գոնե մեկ կուսակցություն, որը կհամարձակվի ժխտել, որ մեզ համար առաջնահերթ կարևորության խնդիրներ են պայքարն աղքատության դեմ, գործազրկության մակարդակի նվազեցումը, արտագաղթի զգալի կրճատումը։ Եվ ահա, տնտեսական զարգացման ենթադրվող ռազմավարությունը պետք է հենվի այնպիսի տնտեսական քաղաքականության վրա, որը մեծ մասամբ կնպաստի վերը նշված եռախնդրի լուծմանը՝ աղքատության, գործազրկության և արտագաղթի վերացմանը։ Հենց այս հարցերն էլ, իմ կարծիքով, նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է դրվեն քաղաքական բանավեճի հիմքում։

 

Թող ընդդիմախոսներս չշտապեն մեղադրել ինձ ինչ-որ միակողմանիության և, առավել ևս, գույները խտացնելու մեջ։ Դա օբյեկտիվ չի լինի նրանց կողմից, քանի որ փորձությունների դաժան օրերին՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, Հայաստանի քաղաքական դասը ցույց տվեց ինչպես իր բարձր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի, ուրեմն և Հայաստանի Հանրապետության ճակատագրի համար, այնպես էլ իր քաղաքական հասունության մակարդակը։ Ուստի, նկատի ունենալով քաղաքական հասունության հենց այս դրսևորումները, ինչը հպարտության զգացում է առաջացնում գործընկերներիս հանդեպ, մենք այժմ պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության զարգացման միասնական համազգային ռազմավարության շուտափույթ մշակման վրա, որի իրագործումը, ազգային անվտանգության ապահովման հետ մեկտեղ, կհամախմբի մեր ժողովրդին հանուն ողջ հայության ընդհանուր նպատակի ձեռքբերման՝ բարգավաճ Հայաստանի կերտման։

 

Կրկնում եմ, զարգացման առավել գործուն և օպտիմալ ռազմավարության ուղիների որոնումը պետք է դրվի առաջիկա բանավեճի հիմքում։ Դրա համար, փառք Աստծո, պարարտ հող կա. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը (2016թ. հոկտեմբերի 18) և ձևավորումից հետո Կառավարության 100-օրյա աշխատանքի հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն)։ Սրանք փաստաթղթեր են, որոնք մեր ապագայի հանդեպ լավատեսության զգացում են սերմանում, իհարկե, ՀՀ գործադիր իշխանության ղեկավարների լուրջ և պատասխանատու մոտեցման փաստի ամրագրման առումով։

 

Իսկ Հաշվետվության որոշ բաժինների իմ տեսլականը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական զարգացման հարցերի, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության վերաբերյալ, իհարկե, մոտ ապագայում կներկայացնեմ ընթերցողի դատին։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ սույն հոդվածի սկզբում նախանշած պատրաստակամությունիցս՝ դիտարկել զուտ տնտեսական ուղղվածության հարցեր, շեղվեցի միայն հայրենական որոշ գործիչների ելույթների և կոչերի վտանգավոր ուղղվածության պատճառով (այդ գործիչների կարծիքներին ծանոթացա հոդվածը գրելու ընթացքում)։ Չեմ թաքցնի, այդ ելույթները, որոնք ի հայտ եկան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի տոնակատարության օրը, ինձ դրդեցին փոքր-ինչ շեղվել իմ նախնական մտադրությունից՝ տնտեսական խնդիրների շուրջ հոդված գրելուց։ Մի խոսքով՝ տնտեսական թեմաների շուրջ իմ մտորումների շարունակությունը, հույս ունեմ, երկար սպասել չի տա։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

 

Հանրապետական կուսակցությունից,

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

 

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

 

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги