ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

7 ապրիլի 2005, Կինոյի տուն

ԻՆԵՍԱ ԱԴԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մեզ անհրաժեշտ են էական, արմատական փոփոխություններ (ազատ և արդար ընտրություններ, օրենքի գերիշխանություն, մարդու իրավունքների պաշտպանվածություն, առողջ մրցակցություն, խոսքի ազատություն և այլն): Քիչ թե շատ մտածող և ոչ մի մարդու մտքով անգամ չի անցնում, որ երկրի ներքաղաքական կյանքում պահպանելով առկա իրավիճակը, եղած «ստատուս քվոն», հնարավոր է ապահովել լուրջ առաջընթաց: Նույն այդ մտածող մարդը չի կարծում նաև, որ նման բարեփոխուներ կարող է իրականացնել իշխող վարչախումբը: Վերջինս դրա համար բավականաչափ ժամանակ ու հնարավորություն ունեցել է և բազմիցս ապացուցել է, որ ոչ միայն ունակ չէ, այլ նաև լուրջ խոչընդոտ է երկրի զարգացման ճանապարհին: Եվ դա բացատրելի է. հնարավոր չէ արձանագրել որևէ առաջընթաց, առաջնորդվելով ոչ թե պետության ու ժողովրդի, այլ անձնական և խմբակային շահերով:

Իշխող վարչախումբը հակված է սեփական ձախողումները բարդել ժողովրդի մենթալիտետի, անկազմակերպվածության, անգամ ոչ բավարար մտավոր կարողությունների վրա: Հարց է ծագում. արդյո՞ք ժողովրդի լյումպենացմանն ու զոմբիացմանը չէին ուղղված իշխանության հետևողական քայլերը երկարատև կառավարման ողջ ընթացքում: Չէ՞ որ պարզ հասարակություն ունենալը ձեռնտու է ավտորիտար ռեժիմին, իսկ բարդ և բաց հասարակությունն ունակ են կառավարելու միայն լայն մտահորիզոն ունեցող անձինք: Իսկ այդպիսիք Հայաստանում կան, նրանք մեր կողքին են: Պարզապես գործող խաղի կանոնները ենթադրում են անհանդուրժողականություն և ագրեսիվություն, երբ նպատակին հասնելու համար կիրառվում է ոչ թե առողջ մրցակցությունը, այլ հակառակորդին «ոչնչացնելու» ցանկացած միջոց, անգամ եթե գիտակցվում է, որ հակառակորդը հասարակության համար օգտակար անձ է:

Հաճախ դժգոհում են, որ մեր հասարակությունը միաբան չէ: Մինչդեռ միայն որոշակի իղձերի և նպատակների իրականացմանն ուղղված գիտակցված շարժումը կարող է խթան լինել երկրի ողջ հասարակության, ինչպես նաև Արցախի ու Սփյուռքի միավորման համար: Կասկածից վեր է, որ գործող վարչախումբն ունակ չէ հռչակել այնպիսի նպատակներ և առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնք կարող են միավորել ժողովրդին՝ լավագույնս օգտագործելով նրա ողջ ներուժը: Կա ահռելի անհամապատասխանություն մի կողմից մեր առջև ծառացած խնդիրների կարևորության և բազմազանության, մյուս կողմից` երկրի կառավարման լծակներին ապօրինաբար տիրացած մարդկանց մտածելակերպի ու կարողությունների միջև: Այստեղից էլ` ազգի քայքայման միտումը:

Ժողովրդի դիմանալու ռեսուրսն ամբողջովին սպառված է: Որքան էլ անհույս ու հիասթափված լինի հասարակությունը, այնուամենայնիվ, փաստ է, որ ճահճի մեջ ապրելն անհնար է: 10 տարուց ավելի է (արցախյան պատերազմում զինադադար հաստատվելուց ի վեր), ապրում ենք աննպատակ ու անկապ` հարաճուն կերպով նահանջելով մեր իսկ ընտրած անկախության ուղուց, մեր իսկ որդեգրած ժողովրդավարության սկզբունքներից: Հետևաբար, իշխող վարչախմբի հեռացումը քաղաքական ասպարեզից պարզապես անհրաժեշտ միջոց է հանրային կյանքը բարեփոխելու համար: Սա աքսիոմա է:

Հարց է ծագում. իսկ հնարավո՞ր է ներկայիս կիսաֆեոդալական-կիսաքրեական, կլանացեղային սկզբունքներով կառավարվող երկրից անցում կատարել դեպի արժանապատիվ կյանքով ապրող, քաղաքակիրթ հասարակություն ունեցող բարգավաճող, կայուն զարգացող երկիր: Այո՛: Գրագետ մոտեցման դեպքում, հաշվի առնելով երկրի աշխարհաքաղաքական դիրքը, տարածաշրջանային և այլ ծրագրերում ընդգրկվածությունը, ազգի ներուժը, տոկուն բանակի առկայությունը, էթնիկ հակասությունների բացակայությունը, Հայաստանը կարող է դառնալ գործոն ու որոշակի հետաքրքրություն ներկայացնել:

Հաջորդ տրամաբանական հարցը. հնարավո՞ր է վարչախմբի հեռացումը: Միանշանակ, այո՛: Ընդ որում, ստեղծված իրավիճակում ոչ միայն առավել հավանական է, քան երբևէ, այլ պարզապես անխուսափելի:

Այսօր աշխարհը չափազանց անհանգիստ է և անկայուն: Հաստատվում է «նոր աշխարհակարգ», տեղի է ունենում ուժերի վերաձևավորում: Հայաստանը, Հարավային Կովկասի մաս կազմելով, գտնվում է այս ամենի կիզակետում: ԽՍՀՄ փլուզումը դեռ ավարտին չի հասել. մինչ այսօր ԱՊՀ երկրների ռեժիմները ներքին կայունություն չունեն, նրանք կայուն են բացառապես արտաքին գործոնների, այսինքն՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերական չեզոքության շնորհիվ: Հենց որ ԱՄՆ հնարավոր համարեց ամրապնդել դիրքերը ԱՊՀ տարածքում, ռեժիմները սկսեցին փլուզվել թղթե տնակների պես, գործեց «դոմինոյի սկզբունքը»: Հեղափոխությունների մեխանիկան նույնն է, կոնվեյերային, ընդ որում ոչ միշտ կառավարվող: Այս ամենի պատճառը` այդ երկրների իմիտացիոն ժողովրդավարությունն է` առանց հզոր իմաստի և բովանդակության, իսկ «ընթացակարգային ժողովրդավարությունը», երեսպաշտությունը, կեղծիքը ոչ միայն չեն նպաստում ռեժիմի ուժեղացմանը, այլև թուլացնում են այն, դարձնելով թիվ 1 թիրախ: Հենց այստեղ էլ որպես ռեժիմի ճնշման միջոց կիրառվում է ժողովրդավարությունը: Եվ բնական է, որ Ասկար Ակաևին չփրկեց ոչ նրա հարաբերական լիբերալիզմը, ոչ ղրղզական ընդդիմության պառակտվածությունը, ոչ նրա երկրի ԱՊՀ անդամ լինելը, ոչ կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագիրը: Ավելին. Ռուսաստանն ինքն առաջիկայում ստիպված է լինելու պայքարել իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Իսկ Միավորված Եվրոպայի դիրքորոշումը գրեթե նույնն է, ինչ ԱՄՆ-ինը, մի քիչ ավելի մեղմ դրսևորումներով:

Հայաստանի նման փոքր երկիրը, բնականաբար, առանձնապես ընտրության հնարավորություն չունի: Մեր նպատակն այս տարածաշրջանում մեր պետության և ազգի անվտանգ գոյատևումն է: Խելամիտ էլ չէ փորձել դիմադրել այդ մարտահրավերներին, շարժվել հոսանքին հակառակ ուղղությամբ: Մոտեցումը պետք է լինի իրատեսական, պրագմատիկ: Մենք պարզապես պետք է կարողանանք մաքսիմալ դիվիդենտներ քաղել նման զարգացումներից: Առավել ևս, որ դա բխում է նաև մեր շահերից: Չէ՞ որ մեզ ձեռնտու է Հայաստանի և Արցախի իրական ժողովրդավարացումը, ավելին, սրանում է մեր ազգի համար կարևորագույն հարցի` արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման բանալին: Այս տեսակետից չափազանց կարևոր է, որ Հայաստանում և Արցախում իրական ժողովրդավարացումը տեղի ունենա ավելի շուտ, քան հարևան Ադրբեջանում, որտեղ այն նույնպես անխուսափելի է: Սա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է սպասենք, թե երբ են բարեհաճելու մեզ ժողովրդավարացնել, մենք ինքներս պետք է նախաձեռնենք այդ գործընթացը:

Այնպես որ միամիտ են թվում այն բոլոր պնդումները, թե Հայաստանում «գունավոր հեղափոխությունը» հնարավոր չէ: Ասում են՝ իշխանությունն ուժեղ է, կյանքը` ուրախ , ապագան` պայծառ, ընդդիմությունը թույլ է, պառակտված, չունի մեկ ընդհանուր առաջնորդ և այլն: Իրականում` Հայաստանում գործող վարչախումբը դատապարտված է և փոքր հարվածից անգամ կփլուզվի՝ անմիջապես զրկվելով իր բոլոր հենարաններից: Հաճախ հարց են տալիս կոնկրետ ժամկետների մասին: Ըստ էության, պատմական իրադարձությանը պատրաստ լինել հնարավոր չԷ: Որոշ լուրջ վերլուծաբանների կարծիքով դա օրերի, ժամերի հարց է, կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, որովհետև դրա համար երկրում կան բոլոր նախադրյալները:

Սակայն կա մի վտանգ: Այս ամենը հրաշալի հասկանում է նաև գործող վարչախումբը, և այսօր մեծ ջանքեր է գործադրում կյանքի կոչելու «հեղափոխության» մոլդովական մոդելը, այսինքն՝ պահպանելով իշխանությունը, արմատապես փոխել կողմնորոշումը, դառնալ բարեփոխումների դրոշակակիր, հագնելով « ֆանտոմասի» հերթական դիմակը: Հենց սա է, որ ոչ մի պարագայում թույլ տալ չի կարելի:

Ո՞րն է մեր խնդիրը ստեղծված իրավիճակում. ակտիվացնել գործողությունները: Կսատարի՞, արդյոք, ժողովուրդը: Անշուշտ: Համոզված եմ, որ 2 տարի առաջ ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի արհամարհումը, ուղիղ 1 տարի առաջ նրա դեմ ուժի գործադրումը, չեն կարող անպատասխան մնալ: Հայտնի է, որ որքան ուժեղ են սեղմում զսպանակը, այնքան ավելի հուժկու հակահարված է հասցնում այն:

Անցած մեկ տարվա ընթացքում «Ազգային Միաբանություն կուսակցության» ներսում կատարվել է լուրջ վերլուծական և նախապատրաստական համապատասխան աշխատանք: Ուզում եմ հավաստիացնել, որ գործընթացներն առաջնորդելու համար մենք ունենք բավականաչափ ներուժ, քաղաքական կամք, համակիրների ստվար բանակ և, ամենակարևորը, խոհեմ ու լրջմիտ առաջնորդ, որին կարող ենք վստահել մեր հայրենիքի ու ժողովրդի վաղվա օրը: Անցել են գավառամիտ արկածախնդիրների ժամանակները: Մենք հաղթելու ենք: