ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

12 նոյեմբերի 2005

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ ժամանակ գտաք գալու այս հանդիպմանը: Ձեզ հետ մենք փոթորկահույզ ժամանակներում ենք ապրում, հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ թվում է, թե ամբողջ աշխարհը կարող է գլուխ թեքել մեզնից, խռովել հայերիցս, եթե հանկարծ, ինչպես իշխանական քարոզչությունն է ասում, հանրաքվեն բոյկոտվի կամ «ՈՉ» ասվի:

Փորձենք Ձեզ հետ մանրակրկիտ վերլուծել, թե ինչու է «Ազգային Միաբանություն կուսակցությունը» գտնում, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ ուղին դա հանրաքվեն բոյկոտելն է կամ էլ «ՈՉ» ասելը: Եվ այսպես: Ի՞նչ իրավիճակում է հայտնվել այսօր Հայաստանի Հանրապետությունը: Ցանկացած հեռուստաալիք միացրեք, ցանկացած ռադիոկայան լսեք և դուք կտեսնեք ու կլսեք, թե, իբր, մեր ժողովուրդը սահմանադրական փոփոխություններին միահամուռ ասում է «այո», որ «այո»-ին այլընտրանք չկա: Ավելին, բոլորիս մեղադրում են անգամ իսկ մեր ապագայի վրա քար գցելու մեջ: Ընդդիմադիր գործիչներին ուղիղ եթեր բացարձակապես չեն տրամադրում: Եթե հանկարծ ելույթներս տեսագրում են, ապա երեկոյան, երբ տեսնում ես, թե սեփական խոսքդ ինչպես են աղավաղել, ինչ աստիճանի են խեղաթյուրել, մնում ես զարմացած: Ինչպե՞ս կարելի է մոլորության մեջ գցել մի ամբողջ ազգի, ինչպե՞ս կարելի է շփոթեցնել մի ժողովրդի, որն արդեն 15 տարի անընդմեջ տառապում է իրար հաջորդող, բայց էությամբ նույն իշխանությունների ձեռքին, կրում է անասելի կորուստներ, զրկվում հարազատներից, բարեկամներից, ում շուրջ 1,5 միլիոն ազգականներ հարկադրված են եղել արտագաղթել և այժմ էլ դեգերում են օտարության մեջ: Լսում ես կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների խոսքերը, ճառերը, բոլորը միաբերան ասում են, այո, մենք չենք հանդուրժի, որ ընտրակեղծիք լինի: Հրապարակավ դա են հռչակում, իսկ վարագույրի հետևում «ռազնարյադկաներ» են իջեցնում, որ 80% նկարեն «այո», 20 %՝ «ոչ»: Արդեն զավեշտի է հասնում քարոզարշավը, զավեշտի է հասնում այն աստիճան, որ հենց վերջերս թերթերից մեկում՝ «Առավոտում», առիթ եղավ կարդալու Երևանի կենդանաբանական այգու տնօրենի (մի շատ պարկեշտ անձնավորություն է, որովհետև կարողացավ ցուրտ ու մութ տարիներին փրկել գազանանոցը), ամենայն հավանականությամբ, հարկադրաբար տված հարցազրույցի հետևյալ փաստարկը. «Անգամ փիղն «այո» կասեր Սահմանադրության փոփոխություններին, քանզի Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ընտրովի»: Լավ է, հետո էլ չի ավելացրել, թե արջն էլ ճամփա է ընկել Դեբեդ գետով՝ «պառախոդով» է գալիս «այո» քարոզելու: (Ծիծաղ դահլիճում: Ծափահարություններ): Այ, «այո»-ի քարոզիչների հիմնավորումները այս մակարդակի վրա են: Ավելին, մարդկանց հուշում են, թե «այո»-ի ամենասպառիչ պատասխանը կարող եք լսել նաև մեր տաղանդավոր երգիչ-երգչուհիների համերգների ժամանակ: Մասնավորապես, շնորհալի երգիչ Արսեն Սաֆարյանը համերգի ընթացքում «Դլե յաման»-ը կատարելիս, ընդհատելով երգը և դիմելով դահլիճին ասելու է՝ «այո» կասեք, կշարունակեմ երգելը, որովհետև ինձ հասկացրել են՝ զուլում կբերենք գլխիդ, հետ կուղարկենք Ղարաբաղ, Ստեփանակերտում կերգես: Սիրուշոյին էլ արգելել են երգել «Ով սարեր, մով սարեր, մանկությունս հետ բերեք» երգը, որովհետև «այո»-ի գաղափարախոսները նրան գլխի են գցել՝ մանկությունդ անցել է հին Սահմանադրության տարիների ժամանակ, ուստի երգածդ հին Սահմանադրության քարոզ կընկալվի: Այս է այդ մարդկանց բռնած գործը: Ավելին, սուպերմարկետների տնօրենների հետ պայմանավորվել են, որ վաճառողներն էլ պետք է քարոզեն և հետն էլ հօգուտ Սահմանադրության բարեփոխումների՝ գնորդներին քարոզաթերթիկներ բաժանեն: Էն աստիճանի են ուղեղները հետ տվել, որ հեռուստատեսությամբ 550-551 հեռախոսահամարով գովազդ կա, հիմա էդ համարով, երբ զանգ եք տալիս՝ ծիածանափայլ իշխանն ու կարմրախայտն պատասխանում են՝ կասեք «այո», կգանք, ձեր ուրախության սեղանը մեզանով կզարդարենք, «այո» չեք ասի՝ չենք գա: Զավեշտ չի, բա ի՞նչ է:

Այս պարագայում եկեք մտովի վերհիշենք, թե ի՞նչ իրավիճակում ի հայտ եկավ սահմանադրական փոփոխությունների այս տարբերակը: Դեռ մայիսի վերջին հրապարակ էր իջեցվել սահմանադրական փոփոխությունների մի օրինագիծ, որի տակ իրենց ստորագրություններն էին դրել կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները: Ասեմ ավելին, առաջին ընթերցմամբ այդ տարբերակը միաձայն ընդունվեց: Խոսքս կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների մասին է: Ոչ միայն միաձայն ընդունվեց, այլ նաև հեռուստաեթերը հեղեղել էին քարոզով, որ պետք է քվեարկել ու «այո» ասել ընդունված նախագծին: Դրան հաջորդեց այն, որ երբ Վենետիկի փորձագիտական հանձնաժողովն այցելեց Հայաստան, խոտանեց Սահմանադրության փոփոխությունների այդ նախագիծը, ասելով, որ այն բացարձակապես ոչ մի պահանջ, ոչ մի առաջընթաց չի ապահովում ու չի երաշխավորում: Այնուհետև նրանք գնացին պարոն Քոչարյանի մոտ: Վերջինս ընդունեց Լյուդովիկոս XIV-ի կեցվածքը ու, ասես թե, բացականչեց. «Պետությունը դա ես եմ», ինչպես կասեմ, այնպես էլ կլինի: Եվ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից արմատապես տարբերվող նոր օրինագիծ դրվեց արդեն իսկ երկրորդ ընթերցման: Եվ իրականությունն այն է, որ ճիշտ այն նույն մարդիկ, ովքեր քարոզում էին 1-ին տարբերակի օգտին, հիմա տրամագծորեն հակառակ, նոր սկզբունքների վրա խարսխված փոփոխությունների օգտին են քարոզում, ավելին՝ ջանասիրաբար պնդում ու փորձում են հանրությանը համոզել, որ առաջարկվող տարբերակը կատարյալ է: Հայտարարում են, որ եթե այս օրինագիծը չընդունվի, ապա խաչ է դրվում երկրի ապագայի վրա, որ ամբողջ Եվրոպան ու քաղաքակիրթ աշխարհը կխռովեն մեզանից և առաջընթաց չի ապահովվի: Ավելին, հեգնում են, որ պետք է կույր լինել չտեսնելու համար, որ այդ տարբերակով հստակ տարանջատվում են նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների լիազորությունները, և որ ընդունվող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության զարգացմանը խոչընդոտող բոլոր արատները կվերացնի: Նաև՝ Երևանի պետական համալսարանի ուսանողության հետ կայացած հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը խոստովանեց, որ երկրում առկա արատները մեծապես պայմանավորված են նրանով, որ դատական համակարգը անկախ չի գործում, անկախ չէ: Հարց է ծագում, իսկ ո՞վ կարող է ներազդել դատական համակարգի վրա: Ի՞նչ, ընդդիմությունը, իհարկե, ոչ: Կոալիցիայի անդամ կուսակցությունները, իհարկե, ոչ, քանի որ նրանց Ազգային ժողովում պարզապես տրված է կոճակ սեղմելու, դակիչի դերակատարություն: Ապա ո՞վ, կնշանակի Քոչարյանը: Այսինքն՝ ակամայից գալիս ես տրամաբանական մի եզրահանգման, որ դատական իշխանությունների վրա ճնշում է գործադրում հենց ինքը՝ պարոն Քոչարյանը: Եվ, հավանաբար, այդ ճնշման ներքո է, որ բարև տալու համար մարդ են սպանում ու անգամ մեկ ժամ մեղադրյալի աթոռին չեն նստում: Ավելին, «ՏԷՑ-ի կռուգում» նույնպես մարդ են սպանում, և ընդամենը մեկուկես ամիս ձևի համար նստում, որից հետո որպես «պատիժ» 150000 դոլարանոց «Խամմեր» են ստանում, և դրանցով էլ իշխանությունների պատվերը կատարող կիլլերները թիկնապահներով այսօր շրջում են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանով մեկ:

Պարզապես զվարճալի էր պարոն Քոչարյանի հանդիպումը Երևանի պետական համալսարանի ուսանողության հետ: Հանդիպման 7-րդ, թե 8-րդ րոպեին պարոն Քոչարյանը հանեց մի փաստաթուղթ, որն էլ բարձրաձայն ընթերցեց՝ նշելով, որ այսօր սահմանադրական փոփոխությանը «ՈՉ» են ասում ճիշտ այն մարդիկ, ովքեր 2000 թ. մարտի 3-ին ստորագրել են Եվրախորհուրդ ուղարկված այս փաստաթուղթը, որում և հաստատում էին իրենց պատրաստակամությունը նոր Սահմանադրության ընդունման հարցում: Բնականաբար, հիշատակվեցին Վազգեն Մանուկյանի, Արտաշես Գեղամյանի, Խորեն Սարգսյանի և այն ժամանակվա վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի ազգանունները: Հետո էլ դիմեց դահլիճին՝ հարցնելով, թե ինչպես է ժողովուրդն անվանում այն մարդկանց, ովքեր խոստանում են և հետո չեն կատարում: Վարժեցված մի քանի հոգի իրենց կարծիքը հայտնեցին: Ես էլ՝ նվաստս, մտածեցի, թե մի վերհիշեմ, թե այդ ի՞նչ փաստաթղթի տակ եմ դրել իմ ստորագրությունը, որ այսօր երեսովս են տալիս: Բարեբախտաբար, «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը տպագրեց այդ գրությունը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դրա բովանդակությունը, որովհետև կարևոր եմ համարում, որ մեկ անգամ ևս Ձեզ հետ մտաբերենք այն: Փաստաթուղթը հասցեագրված է լորդ Ռասել-Ջոնսթոնին՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի այն ժամանակվա նախագահին. «Հարգելի նախագահ, առաջին հերթին թույլ տվեք հայտնել մեր բավարարվածությունը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացի առաջընթացի կապակցությամբ: Խնդրում եմ տեղյակ լինել, որ անդամակցությանը առնչվող պարտավորությունների ցանկը (կրկնում եմ՝ պարտավորությունների ցանկը և ոչ թե վերջիններիս բովանդակությունը.- Ա.Գ.) քննարկվել է խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների կողմից և պատիվ ունենք զեկուցելու, որ պարտավորությունները ամբողջությամբ ընդունելի են մեզ համար»: Այնուհետև շարունակվում է, որ «Հայաստանի միացումը Եվրոպայի խորհրդին ոչ միայն կուժեղացնի մեր համագործակցությունը, այլ նաև վստահորեն էլ ավելի կհամախմբի Հայաստանում ժողովրդավարացման գործընթացները»: Այո, այս փաստաթղթի տակ ստորագրել ենք 2000 թ. մարտի 3-ին: Բայց չէ՞ որ 2003 թ. փետրվարի 19-ի նախագահական խայտառակ ընտրություններն այդ փաստաթղթի հիման վրա ստանձնած պարտավորությունները բացառում էին: Բացառում էին նաև նույն թվականի մայիսի 25-ի խորհրդարանական խայտառակ ընտրությունների հնարավորությունը, որովհետև դրանք ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունեին: Բացառում էին նաև այն կամայականությունները, որոնց ականատեսը եղանք ձեզ հետ, երբ 2003 թ. ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանն ընդունեց որոշում, համաձայն որի ակնկալվում էր «Հանրաքվեի մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և Ազգային ժողովին ասվում էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացնել Նախագահի վստահության հանրաքվե: Սահմանադրական դատարանի որոշումն արհամարհվեց: Բա մեր ստանձնած պարտավորությունները, ստորագրած փաստաթուղթը դա ի նկատի ունե՞ր: Ասեմ ավելին, 2004 թ. ապրիլի 5-ին, երբ «Ազգային Միաբանություն» խմբակցությունը, համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի, հանդիպում էր կազմակերպել ընտրողների հետ, ճիշտ այդ նույն բիրտ ուժը, խուժանը, բառիս իսկական առումով, 250 ուսադիր կրող բարձրաստիճան ոստիկանների աչքի առաջ կռիվ սարքեց: Այնքան էլ վախկոտ, սրիկա և ստոր էին, որ կին լրագրողի ծեծեցին, ծնունդով վանաձորցի մեր Աննա Իսրայելյանին: Իսկ ի՞նչ է նշանակում ոստիկանների աչքի առաջ մարդ ծեծել, ոստիկանն էլ դա չտեսնելու տա: Ի՞նչ է նշանակում, որ ոստիկանների աչքի առաջ տեսախցիկներ կոտրեն, այդ թվում նաև «Հայլուրի» տեսախցիկը, և ոստիկանները բացարձակապես անտարբեր մնան այդ ամենին: Դրան հաջորդեցին ապրիլի 12-ի խայտառակ դեպքերը, երբ ամենա անամոթաբար կերպով ծեծի էին ենթարկում կանանց և տարեցներին: Դրա հետևանքն էր այն, որ ուղիղ մեկ տարի անց հենց այդ նույն խուժանն արդեն իսկ «ՏԷՑ-ի կռուգում» սպանություն կատարեց: Ինքնաձիգերով պատերազմում էին Երևան քաղաքում, չլինի թե թուրքերն էին վրա տվել, հա՞: Ի՞նչ, մենք փաստաթուղթը ստորագրողներս ա՞յս էինք ակնկալում: Իհարկե, ոչ: Մեր ստորագրած փաստաթուղթն ամենևին նման զարգացումներ ոչ միայն չէր ենթադրում, այլ նաև դրանք իսպառ վերացնելու ուղիներ էր սահմանում: Եվ փոխանակ այս ամենի մասին խոսվի, պարոն Քոչարյանը կանգնում ուսանողներին մոլորության մեջ է գցում ասելով՝ ստորագրել էին միջոցառումների ցանկը: Այո, ընդունում ենք, որ, ի թիվս այլ միջոցառումների, ընդգրկված էր նաև Սահմանադրության փոփոխությունը, բայց բովանդակային առումով ինչպիսի՞: Այնպիսի, որ էլ ավելի համախմբի Հայաստանի Հանրապետության հասարակությանը և ոչ թե խորացնի վիհը, անջրպետը, որ կա իշխանության ու ժողովրդի միջև:

Հիմա անդրադառնամ երդմնազանցության հարցին. տղամարդու համար ամենածանր մեղադրանքներից է, ըստ իս, երդմնազանցությունը, երբ մարդ երդվում է և իր վրա վերցրած պարտավորությունը չի կատարում: Մտածեցի, որ խոսքս լինի առավել հիմնավոր, չալարեցի (չնայած անգիր էլ հիշում էի), «պեղեցի» պարոն Քոչարյանի երդմնակալության արարողության ժամանակ նրա ելույթը, և այդ ելույթի մի քանի դրվագի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը: Եվ այսպես. Ռ. Քոչարյանի ճառը երդմնակալության արարողության ժամանակ, ապրիլի 9-ը 2003 թ. «Անհրաժեշտ է արդյունավետ և հասցեագրված սոցիալական քաղաքականություն, որ կպաշտպանի մեր հասարակության ամենախոցելի խավերին»: Երդման հիանալի խոսքեր են: Արդյունքում ի՞նչ ունենք: 540 հազար թոշակառուներից 445 հազարի ամսական թոշակները զգալիորեն պակաս են, քան պարենային նվազագույն զամբյուղը, որը 18 հազար դրամ է կազմում: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ եթե թոշակառուն անգամ իսկ իր ամբողջ թոշակը տանի տա սննդի, թերսնված է մնալու: Էլ չեմ թվարկում բոլոր այն ծախսերը, որոնց մասին յուրաքանչյուրդ էլ քաջատեղյակ եք, լինի դա ջուրը, լույսը, կենցաղային այլ խնդիրների լուծումը: Ահա թե ինչ է եղել: Ավելին ասեմ. վերջերս նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամից բարձրացրեցին, դարձրեցին 15 հազար դրամ, և աշխարհով մեկ «ծուղրուղու» կանչեցին: Ժողովուրդ ջան, փրկվում եք, 13 հազարը դարձել է 15 հազար: Ես էլ իրենց գիտցած միամիտը չեմ, ասացի՝ հլա մի հատ, այնուամենայնիվ, չնայած ամենօրյա կենցաղից գիտեմ, ստուգեմ, տեսնեմ այդ նույն ժամանակաշրջանում, վերջին երկու տարիների ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների սպառողական գների աճն ինչպիսի՞ն է եղել: Եվ ինձ օգնության հասան Ազգային վիճակագրական ծառայության տարեկան հաշվետվությունները: Եվ, այսպես, ըստ պարենային առանձին ապրանքախմբերի, կարդամ գների փոփոխությունները: Սիրելի ժողովուրդ, պարենային ապրանքների գները 2005 թ. սեպտեմբերի դրությամբ աճել են 109,6%-ով, սա 2003 թ. հունվարի համեմատ, հացամթերքինը՝ 120,5%, մսամթերքինը՝ 125,3%, ձկնամթերքինը՝ 127,9% և այլն, ոչ ոգելից խմիչքներինը՝ 117%, լիմոնադը, ջերմուկն ինչի՞ եք թանկացրել: Այ տնաշեններ, ջուրը գետնի տակից գալիս է, դոլարի կուրսն էլ գցում եք: 120%-ով հիմնական սննդամթերքի գների աճ կա: 13 հազարը դարձնում են 15 հազար և առանց անհարմար զգալու խոսում են առաջընթացի մասին: Ահա սա է իրական պատկերը: Ասեմ նաև, որ այս թվերը բերված են «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2005 թ. հունվար-սեպտեմբեր» տեղեկատվական ամսական զեկույցի էջ 73-ից, որ առավել թերահավատները, իշխանությունների նվաճումների գովքն անողները չծուլանան, գնան տանը բացեն կամ գնան Ազգային վիճակագրական ծառայություն՝ բողոքելով, թե էս ի՞նչ թվեր եք հրապարակել, որն էլ մեջ էր բերում Գեղամյանը: Ի՞նչ, կատարե՞լ է պարոն Քոչարյանը երդումը, որ թեթևացնի սոցիալական խավերի վիճակը, իհարկե, ոչ:

Հիմա հաջորդը, երդմնակալության ճառի հաջորդ «գոհարը». «Պայքարը կոռուպցիայի, կլանայնության և հովանավորչության դեմ պետք է առաջնահերթ դառնա մեր աշխատանքում: Այդ պայքարի արդյունավետությունը կախված է իշխանությունների քաղաքական կամքից և ժողովրդի քաղաքացիական ակտիվությունից»: Երդվել է պարոն Քոչարյանը, որ պայքարը ուժեղացնելու է կոռուպցիայի, կաշառակերության դեմ և դրսևորելու է քաղաքական կամք: Մի քանի օրինակներ բերեմ, որոնք ապացուցում են ճիշտ հակառակը: Ուրեմն, շուրջ 3 տարի առաջ սեփականաշնորհվեց «Բաշխիչ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն: 12 միլիոն դոլար կանխիկով պետությունը վերցրեց, 28 միլիոն էլ վարկ ձևակերպեցին: Անցնում են տարիներ, առանց մի լումա կապիտալ ներդրումների այդ նույն բաշխիչ ցանցերը վաճառում են 79 միլիոն դոլարով «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Չլինի՞ թե կարծում եք միամիտ ենք, չենք հասկանում, որ առաջին առքուվաճառքը թղթի վրա է եղել, վարկն էլ փակել են ճիշտ այդ նույն բաշխիչ էլեկտրացանցերի շահագործումից ստացած եկամուտներից: Այդ ո՞նց է լինում, այ մարդ, էս մեր երկիրը սրանց ձեռքում «Էլդորադո» է դարձել, մեր վրա էլ խաբար չկա, ժողովուրդ ջան: Երկու տարվա ընթացքում դրսից եկած տղերքն այնքան շնորհքով էին (խոսքս «Միդլենդ ռեսուրսիսի» տերերի մասին է, որը գրանցված է ինչ որ օֆշորային գոտում), որ մեկը երկուս են դարձրել՝ 40 միլիոն դոլարը դարձրել են 80 միլիոն դոլար: Պարզ չէ՞, ինչ է տեղի ունեցել: Դրածո մարդկանց միջոցով թղթերը ձևակերպել են, հետո էլ 2-3 տարվա ընթացքում առնվազն 60 միլիոն դոլար գրպանել: Սա ակնհայտ է, չէ՞: Այսպե՞ս է ընթանում պայքարը կաշառակերության դեմ, այսպե՞ս է պարոն Քոչարյանը պայքարում կոռուպցիայի դեմ: Բերեմ մեկ այլ օրինակ: Հայկական ատոմային էլեկտրակայանը, երբ վերջերս հանձնվեց Ռուսաստանին (նրանք են հիմա ատոմակայանի կառավարումն իրականացնում, մենեջմենթ կոչվածը), կուտակել էր 18 միլիոն դոլարի պարտք՝ միջուկային վառելիքի գնման և այլ կարիքների դիմաց: Ավելին, տարեկան 10-ից 12 միլիոն եվրո էր ստանում համապատասխանաբար Եվրամիությունից, որ կարողանա այդ գումարներով ապահովել ատոմակայանի անվտանգ շահագործումը: Այս պարագայում կառավարումը վերստին հանձնեցին այդ խնդիրներում մասնագիտացված Ռուսաստանի «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Ի՞նչ եք կարծում, նույն այդ ատոմակայանը, նույն աշխատակազմով, բացառությամբ մի երկու-երեք թալանչիների, նույն հզորություններով աշխատելու պարագայում, նույն սպառողները ունենալու պայմաններում արդեն իսկ իր կառավարման 1-2 տարվա ընթացքում մարեց 18 միլիոն դոլարի պարտքը, հրաժարվեց տարեկան 10-12 միլիոն եվրո վարկ ստանալուց, հետն էլ ապահովեց 20 միլիոն դոլարի մաքուր եկամուտ: Ի՞նչ երեխա ենք, չենք հասկանում ինչ է տեղի ունենում: Ո՛չ հզորությունն ավելացրեց, բացարձակապես ո՛չ սպառողներն են շատացել, ո՛չ էլեկտրաէներգիայի գներն են ավելացել. կնշանակի «մերոնք» պարզապես թալան էին անում ատոմակայանում: Պարոն Քոչարյան, է՞ս է ձեր պայքարը կաշառակերության, կոռուպցիայի դեմ, հետո էլ խոսում եք երդմնազանցությունից, բա եղա՞վ, բա սազե՞ց: Մի օրինակ էլ բերեմ: Երևանի կոնյակի գործարանը վաճառվեց «Պիեռնո Ռիկար» ֆրանսիական հայտնի ձեռնարկությանը 28 միլիոն դոլար գումարով. այդ գործարքը սկսվեց 1996 թ. վերջին և ավարտվեց 1997թ.: Անցան տարիներ, բացարձակապես ոչ մի լումայի կապիտալ ներդրում այնտեղ չի արվել: Ասեմ ավելին, եղած հնագույն, թանկ սպիրտների քանակը պակասել է, կիսվել է: Կարդում ես նրանց էլեկտրոնային կայքը և ի՞նչ ես տեսնում. գործարանի շուկայական գինն այսօր, որ հայտարարագրված է այնտեղ, ոչ ավել, ոչ պակաս 770 միլիոն դոլար է: Ի՞նչ, չենք հասկանում՝ ինչ է կատարվում, կարծում եք, մարդիկ անգրագե՞տ են: Ընդհակառակը ժամերով դասախոսություն կկարդանք ցանկացած նման թեմայով: Եվ այս թվերին կարելի էր ավելացնել «Հայկական ավիաուղիների» պարտադրված խայտառակ սնանկացումը. երբ ավիակեռասինի մեկ տոննայի գինը շուկայում 220-250 դոլար էր, պարտադրում էին 450 դոլարով գնել: Իշխանությունների գործելակերպը հետևյալն է. արհեստականորեն սնանկացրեցին, հետո էլ շան մսի գնով վաճառեցին ճիշտ այն նույն ընկերությանը, որը ավիակեռասինը վաճառում էր կրկնակի անգամ թանկ գներով:

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ անդրադառնալ մի շատ հետաքրքիր դրվագի, որից հետո Ձեզ հետ դրա պատասխանը կտանք: Խնդրում եմ ասեք, ընդհանրապես, եթե մեկը մի բան է պարտավորվում, հետո չի անում, ժողովրդի մեջ ինչպե՞ս են որակում նման երդմնազանցին: Այդ մարդը երդվել է, մենք չենք երդվել, նա երդվել է՝ մի ձեռքը դրած Սահմանադրության, մյուս ձեռքը՝ Աստվածաշնչի վրա: Ժողովուրդ ջան, մենք ավելի կիրթ կգտնվենք, բոլորդ գիտեք, թե երդմնազանցներին ինչպես են անվանում, բայց այս հանդիպման մասնակիցների անունից դիմենք պարոն Քոչարյանին, որ ինքն ասի, քանի որ նման դեպքերի համար գաղտնի պահած բառ ունի, որն առավել կբնութագրի իր իսկ երդմնազանցությունը, ինչը տեղի է ունեցել ապրիլի 9-ից հետո իր կառավարման ողջ ժամանակահատվածում: Այ սա է մեր պատասխանը: (Բուռն, երկարատև ծափահարություններ):

Կոռուպցիայի, կաշառակերության այս փաստերը պատահական չէ, որ ես հիշատակեցի: Հիմա ազգային ջոջերին հանդիպակաց հարց եմ ուզում Ձեզ հետ տալ. գործող Սահմանադրության այդ ո՞ր հոդվածն է խանգարում, որ այդ աղաղակող թալանի առաջն առնեք: Ոչ մի հոդված չեք գտնի: Եթե մարդն օրինազանց է, եթե մարդիկ Սահմանադրությունը խախտելով երկիրը փորձում են դարձնել իրենց բոստանը, նրանց համար ի՞նչ տարբերություն՝ Սահմանադրության գործող տարբերակն է, թե փոփոխվածը: Ո՞վ է խանգարում հիշատակածս փաստերին համապատասխան դատական ընթացք տալ: Իհարկե, ոչ ոք չի խանգարում և գործող Սահմանադրության ոչ մի հոդված չի կաշկանդում: Բայց ինչպե՞ս կարող է ձախ ձեռքը բռնել աջ ձեռքին և հակառակը: Քանիցս կրկնել եմ, եթե ասածներիցս որևէ մեկը իրականությանը չի համապատասխանում, թող հակափաստարկը բերեն, ավելին՝ թող զրպարտության համար ինձ տանեն դատեն: Չեն կարող: Ասածներս հատիկ-հատիկ ստույգ են, դեռ մի քանիսն էլ մտքումս եմ պահում: Բա ոնց:

Վերջերս ձեր համաքաղաքացին՝ իմ կողմից շատ հարգված Վիկտոր Դալլաքյանը, Ազգային ժողովի ամբիոնից հրապարակեց ՀՀ-ում կաշառակերությունը բնութագրող զարհուրելի թվեր: Հրապարակեց այն, ինչ տեղ է գտել Համաշխարհային բանկի զեկույցի մեջ: Եվ, այսպես, նավթ, բենզին ներկրողները զարտուղի ճանապարհներով յուրացնում են ոչ ավել, ոչ պակաս, քան մեր երկրի համախառն ներքին արդյունքի 1,4%-ը: Բա դա էլ հո ընդդիմությունը չի՞ ասում, Համաշխարհային բանկն է փաստում: Այդ բոլոր թվերը վերլուծում, համադրում ես, համապատասխան բանաձևերը կան, որոնք նվազագույն կողոպուտի չափն են հաշվարկում, որն էլ այս դեպքում 56 միլիոն դոլար է կազմում: Խա՞ղ եք անում այս ծավալի կողոպուտի հետ, և հետո էլ անամոթաբար, ասես թե, մի մեծ լավություն են անում, երբ մարդկանց հալալ քրտինքով վաստակած ավանդների դիմաց խոստանում են 1 միլիարդ դրամ գումար հետ վերադարձնել: Սա էլ հրամցնում են որպես մեծ հաղթանակ: Բա լավ, անհարմար չէ՞, ինչքա՞ն կարելի է տզրուկի նման մեր ժողովրդի արյունը խմել, ինչքա՞ն կարելի է սեփական անգրագիտությունը, որ արդեն ցցուն է դարձել, քողարկել և ժողովրդին անհասկացողի տեղ դնել:

Այժմ, անդրադառնանք Սահմանադրության հետ առնչվող հարցին: Պարոն Քոչարյանը, ինչպես հիշատակեցի, իր պահվածքով հռչակել էր, որ պետությունը դա ինքն է` մերօրյա Լյուդովիկոս XIV-ը: Բա լավ, էդ կոալիցիան ի՞նչ արեց: Կուրծք էր ծեծում, սահմանադրական փոփոխությունների 1-ին տարբերակն էր գովերգում, իրեն կոտորում էր, ասում էր սրա նման երկրորդը չկա: Հետո, երբ իրենց պարտադրեցին հրաժարվել 1-ին փաստաթղթից, ու դարձան ականատեսը, որ իրենց տերն ասում է՝ ինքը պետություն է, դրսևորելով մտքի ճկունություն, հավանաբար, հիշեցին ֆրանսիական պատմությունից մեկ այլ իրողություն: Այն է՝ Հենրիխ IV-ի (Հենրիկ Քոչինյանի մասին չէ խոսքը, այլ Նավարրայի թագավորի) երդմնազանցությունը հիշեցին. 1593 թ., լինելով բողոքականների՝ հուգենոտների առաջնորդը, մի գիշերվա մեջ դավաճանեց իր դավանանքին ու կաթոլիկ դարձավ և ավետեց թևավոր հետևյալ նախադասությունը՝ «Փարիզն արժե ժամերգության», կարգվելով Ֆրանսիայի թագավոր: Հիմա կոալիցիայի անդամ կուսակցությունները սեփական պաշտոնները պահելու համար, եթե իրենց ավագը՝ Քոչարյանը, Լյուդովիկոս XIV-ն է, իրենք էլ, նրա պապուպապի կեցվածքն ընդունելով, մի օրում դավաճանեցին դավանած սահմանադրական փոփոխությունների 1-ին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, սկսեցին նոր փաստաթղթի ընդունման համար պայքարը: Եվ այս պարագայում, երբ ամեն ինչ աչքիդ առաջ է տեղի ունենում, ակամայից մտքովդ պատմական զուգահեռներ ես անցկացնում, որ ավելի ցայտուն ու հատկանշական լինի համեմատությունը և տպավորվի լսարանի հիշողության մեջ: Անդրադառնանք արդեն մ.թ.ա. IV դարին, հայտնի Դիոգենեսին: Օրը ցերեկով փիլիսոփան ջահը վառած Էֆես քաղաքում փնտրտուքի մեջ էր: Համաքաղաքացիները հարցնում են՝ այ Դիոգենես, էդ ի՞նչ ես ման գալիս: Պատասխանում է՝ մարդ եմ փնտրում: Էֆեսացիները տարակուսում են՝ բա այսքանս մարդ չե՞նք: Անդրդվելի է Դիոգենեսը. այստեղ ես մարդ չեմ տեսնում, տեսնում եմ միայն սրիկաների: Եթե դուք հիմա օրը ցերեկով, ջահը վառած, գնաք կոալիցիայի պատգամավորների մեջ գտնեք այս հարցում սկզբունք դրսևորած մարդ, ուրեմն կխոստովանեմ՝ հալալ է ձեզ: (Ծափահարություններ):

Այս ամենը շատ ավելի տխուր է, քան իրականում մենք կարող ենք պատկերացնել, որովհետև ճիշտ այս պայմաններում մեր հարևան «դարավոր բարեկամները» անասելի առաջընթաց են արձանագրում իրենց տնտեսական զարգացման ճանապարհին: Մեր իշխանավորներն ամեն եռամսյակից հետո անդադար խոսում են տնտեսական աննախադեպ աճի մասին, բերում են համապատասխան փաստեր, թվեր և տեղեկություններ: Ձեր խոնարհ ծառան չալարեց, վերլուծեց, թե հարևան երկրներում վիճակն ինչպիսին է: Եվ պաշտոնական տեղեկագրից համապատասխանաբար դուրս եմ գրել հետևյալ փաստացի տվյալները: Խնդրում եմ ուշադրությամբ լսեք, որ համոզվեք, թե Հայաստանի համեմատ Ադրբեջանի տնտեսության ոլորտում ինչ զգալի աճ է արձանագրվել: Այդ ցուցանիշները, իհարկե, անգիր եմ հիշում, բայց անգամ իսկ 0,7 %-ի սխալ, որ անեմ, վաղը, մյուս օրը համապատասխան լրատվամիջոցները կհեգնեն՝ օդից թվեր էր ասում պարոն Գեղամյանը: Իսկ մինչ թվերի հրապարակումը, նշեմ, որ պարոն Քոչարյանը համալսարանում հանդիպման ժամանակ գոհունակությամբ ավետեց, որ ընդդիմությունը, եթե չի ուզում, որ իր լիազորությունները սահմանափակվեն, ապա կնշանակի ընդդիմությունը իրեն շատ է սիրում: Ցավոք, այս մարդկանց այդպես էլ չկարողացանք հասկացնել, որ Հայաստանում պարզապես ընդունված չէ, որ տղամարդը տղամարդուն սիրի, էլ չեմ ասում շատ սիրի: (Ծիծաղ, բուռն ծափահարություններ):

Հիմա անդրադառնանք վիճակագրությանը: «ԱՊՀ երկրների հիմնական ցուցանիշները 2005 թ. հունվար-օգոստոս» զեկույցի համաձայն, համախառն ներքին արդյունքը Հայաստանում 8 ամիսների կտրվածքով արձանագրել է 111% աճ, Ադրբեջանում` 121%: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի աճը Հայաստանում կազմել է 106,2%, Ադրբեջանում` 121%: Բնակչության դրամական եկամուտները Հայաստանում արձանագրել է 114% աճ, Ադրբջանում` 126%: Բնակչության կողմից ապրանքների գնման և ծառայությունների վճարման դրամական ծախսերը Հայաստանում կազմել է 110%, Ադրբեջանում` 121%: Հայաստանում բնակարանային շինարարությունում ներդրումները կազմել են ընդհանուր առմամբ 126,0 հազար քառ.մ (բնակմակերեսի կտրվածքով է գումար ներդրվել), Ադրբեջանում` 634 հազար քառ.մ (ՙՀայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2005 թ. հունվար-սեպտեմբերին», էջ 181): Այս պայմաններում հայրենյաց իշխանությունները էլ ի՞նչ աճից են զմայլված: Չէ՞ որ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 1% աճի տեսակարար կշիռը Հայաստանի համախառն ներքին արդյունքի առնվազն 5%-անոց աճին է համարժեք: Եվ աճն Ադրբեջանում, ցավոք, այնքան է, որ արդեն իսկ իրենք հայտարարել են, որ հաջորդ տարի ռազմական ծախսերը կազմելու են ոչ ավել, ոչ պակաս, քան 600 միլիոն ամերիկյան դոլլարին համարժեք: Իսկ մեր իշխանությունները զարմացած են իրենց 1միլիարդ դոլարանոց բյուջեի ծախսային մասով: Մինչդեռ, դա էլ, գիտեք չէ՞, ինչով է պայմանավորված. աճի հիմքում է նաև դրամի փոխարժեքի արհեստական իջեցումը: Դրան ես հետո կանդրադառնամ: Ահա սա է իրական վիճակը: Մեր բյուջեի 70%-ի չափով Ադրբեջանը միայն ռազմամթերք է գնելու, իր բանակի հոգսերն է հոգալու: Փոխանակ այս հարցերին լրջմիտ կերպով վերաբերվեն, ամենամեծ ուշադրությունը դարձնեն, առանց անհարմար զգալու Ազգային ժողովի ամբիոնից նախարարներից մեկը կանգնում և ասում է. բյուջետային համակարգի կատարելագործման և բյուջետային մուտքերի ապահովման հարցում Հայաստանը շատ մեծ առաջընթաց է արձանագրել: Ու նա հաղթականորեն շարունակում է. թող անհամեստություն չհնչի, բայց մեր մասնագետները գնացել են Սլովենիա և Լյուբլյանայում տեղի մասնագետների համար այս հարցերի շուրջ, ոչ ավել, ոչ պակաս, դասախոսություններ են կարդացել: Ա՜յ քեզ հաջողություն. ուրեմն՝ տղերքը գնացել են Եվրամիության անդամ երկրի` Սլովենիայի գիտնականներին և երկիրը կառավարողներին դասախոսություն կարդալու: Էն որ «Գրանդ քենդիի» կոնֆետները ուրիշ էին, գիտեինք, «մերն ուրիշ է», բայց որ Հայաստանի կառավարիչներն էլ են ուրիշ, դա էլ նախարարի ելույթից իմացանք: Ցնծա, ով հայ ժողովուրդ: Այնուամենայնիվ, միամիտս ասացի՝ Արտաշես, կարող է, հանկարծ, դու ևս սև ակնոց ես դրել ու չես ուզում էս բացահայտ առաջընթացը արձանագրած լինել, հլա մի հատ մի ալարի, Սլովենիայի տնտեսությունը բնութագրող թվերը բարձրացրու: Փառք Աստծո, գտա նաև Սլովենիային վերաբերող թվերը: Եվ դրանք ուզում եմ ձեզ ներկայացնել: Ըստ որում, համեմատական թվերը: Ուրեմն, Սլովենիայում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում է ոչ ավել, ոչ պակաս 19300 դոլար: Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 3607 դոլար, 6 անգամ պակաս: Սլովենիան այդ ցուցանիշով աշխարհում գրավում է 29-րդ տեղը, Հայաստանը՝ 95-րդ: Ավելին, ուրեմն, Սլովենիայում մեկ շնչին ընկնող եկամուտները կազմում են 10615 դոլար, Հայաստանում՝ 3130 դոլար: Աշխարհի միջինի հետ համեմատած Սլովենիայում այդ եկամուտները 214% են կազմում, Հայաստանում՝ ընդամենը 63%: Բա լավ, գլուխգովան իշխանավորներ, անհարմար չե՞ք զգում: Այստեղ են ասել՝ խելքներիդ ձյուն գա, էս գնացել եք, որ Սլովենիայի ղեկավարությանն ու գիտնականներին սովորեցնեք, թե ինչպես մեկ շնչին ընկած համախառն ներքին արդյունքը, որը կազմում է 19300 դոլար, բերեն դարձնեն 3607: Սա է հուշում ձեր լոպազության տրամաբանությունը: Այս ամենից մնում ես զարմացած: Եվ հետևությունը մեկն է, քանի որ մերօրյա իշխանությունների իրական հենարանը կամ ինքնասիրահարված սիրամարգ պաշտոնյաներն են, կամ գող-կաչաղակերներն են, կամ էլ կրիմինալին կաշառված չինովնիկները, ես էլ չեմ խոսում քրեածին մյուս տարրերի մասին, այլ բան այս մարդկանցից ակնկալել անհիմն կլիներ: Հիմա էլ, ինքնամաքրման համար, իրենց սատորղներին արդեն կենդանական աշխարհից են որոնում` փիղ, արջ, դա է սրանց հունարը: Մինչդեռ երկրի վիճակը ծայրաստիճան վտանգավոր և ծանր է: Կուրծք են ծեծում, երկքաղաքացիությունից են խոսում, միտումնավոր մոռանում են նշել այն մեծագույն վտանգները, որոնք դարանակալած կլինեն, եթե սահմանադրական փոփոխություններում առաջարկվող ձևակերպմամբ երկքաղաքացիության արգելքը հանվի: Հարցրեք, ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ այսօրվա դրությամբ առնվազն 2-2,5 միլիոն Հայաստանի քաղաքացիություն ունեցող հայեր բնակվում են Ռուսաստանում, առնվազն 1-1,5-ն էլ Կալիֆորնիայում: Պարոն Քոչարյանը համալսարանում ունեցած իր ելույթում ասաց, որ ի՞նչ, վատ կլինի, որ մեր քաղաքացիները, մշտական բնակություն հաստատելով արտասահմանում, չզրկվեն հայաստանյան քաղաքացիությունից: Վարդան Օսկանյանն էլ, էլ ավելի հեռուն գնաց և ասաց, իսկ ի՞նչ, վատ կլինի, որ մեր քաղաքացիները, որոնք դրսում են, իրավունք ունենան տվյալ երկրի քաղաքացիությունը ստանալ: Հիմա հարց եմ տալիս. Վարդան Մինասիչ, որ հայերը Ամերիկայում ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանան, Ռուսաստանում` Ռուսաստանի, պաշտպանված լինեն այդ պետությունների սահմանադրություններով, որոնք թշվառ վիճակի չեն հասցնում իրենց երկրների թոշակառուին, իրենց հիվանդին, իրենց նպաստառուին, նրանցից ո՞րն արդեն հայրենիք կվերադառնա: Ոչ ոք հետ չի գա: Գան այստեղ ի՞նչ անեն: Շարան-շարան «Խամմերները» տեսնեն, դրանց մեջ նստած լկտի մարդկանց տեսնեն, որ կարող են վրաերթի ենթարկել և բացարձակապես մեկ րոպե անգամ պատիժ չկրել: Բա հայրենիքի հետ կապող պորտալարը միթե՞ հայաստանյան քաղաքացիություն ունենալը չէ, եթե նա ուրիշ երկրի քաղաքացի դարձավ (ցավոք սրտի, ուրիշ երկրներում հայ մարդը շատ ավելի է պաշտպանված, քան սեփական երկրում), էլ նա հետ չի վերադառնա: Ես էլ չեմ խոսում ընտրությունների մասնակցության, բանակում ծառայելու մասին: Ամենաբարձր ամբիոններից առանց անհարմար զգալու կանգնում հայտարարում են, որ դա կարգավորվելու է առանձին օրենքով: Լսեք, հասկացանք, առանձին օրենքով: Ոչ մի օրենք չի կարող ավելի վեր դասվել, քան տվյալ երկրի Սահմանադրությունն է: Եվ եթե տվյալ երկրի Սահմանադրությամբ ինքն արդեն իսկ քաղաքացիություն է ձեռք բերում, կնշանակի ինքնաբերաբար նա կարող է ընտրել և ընտրվել: Այսինքն՝ մենք այստեղ նստած՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին ընտրելու են այլ երկրներում, ավաղ, ոչ միշտ ինքնուրույն: Չէ՞ որ յուրաքանչյուր երկիր ունի իր պետական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի Հանրապետության շահերին: Սա՞ էր մեր երազած անկախությունը, սա՞ է ժողովրդավարությունը: Բա, ինչպես կարելի է, երկիր, որը բազում չլուծված խնդիրներ ունի, երկիր, որը շրջափակված է, մեղմ ասած, ոչ բարեկամներով, այդ պետության իշխանություն ձևավորելու բանալին թույլ տալ, որ լինի մեր հանրապետությունից դուրս: Բա դա հանցագործություն չէ, ի՞նչ է: Կանգնում անամոթաբար դեռ մեզ են հաթաթա տալիս, մուննաթ գալիս մեզ վրա: Բա լավ, եթե ազնիվ եք, արդար եք, ի՞նչն է ձեզ խանգարում, քանիցս ասել եմ, մի ժամ եթերաժամ հատկացրեք: Ձեր «այո»-ի ամենազորեղ փաստարկները բերեք, դրանց բոլորին հանգիստ, հիմնավոր պատասխանեմ: Բացարձակապես մեկ րոպե եթեր չեն տալիս: Ինչո՞ւ չեն տալիս, որովհետև դրանց անհեթեթ և վտանգավոր լինելու մասին սպառիչ, մեկիկ-մեկիկ կասվի, չէ՞: Է, մեր ժողովուրդն էլ, փառք Աստծո, փաստերը շատ լավ մեկնաբանել կարող է, կնստի, կմտածի. լավ, սրանք, որ էսքան խառնվել են՝ ի՞նչն է պատճառը, այս իշխանություններն ինչի՞ են լեղապատառ ամեն տեղ փորձում արգելքներ դնել, որ ոչ մի դեպքում հանկարծ ընդդիմությանը, մասնավորապես ինձ հեռուստաեթեր չտրամադրվի: Զանգ են տալիս տեղակալներիս և ասում՝ Ձեզ հրավիրում ենք հեռուստաեթեր: Նրանք էլ պատասխանում են՝ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության որոշում կա, ըստ որի հեռուստաեթերով հանդես գալ մենք լիազորել ենք Արտաշես Գեղամյանին: Արձագանքը նույնն է. տաս րոպե հետո զանգ կտանք: Սիրելի ժողովուրդ, դեռ պիտի զանգ տան… Ցավն այն է, որ անցած երկու ամիսների ընթացքում Հայաստան այցելած եվրոպական, ամերիկյան հեղինակավոր բոլոր պաշտոնյաները մեկ մարդու պես հայտարարել էին, որ ամեն ինչ պետք է արվի, որ թե «այո» քարոզողները, թե բոյկոտ և «ՈՉ» քարոզողներն ունենան հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ՝ ելույթ ունենալու, իրենց տեսակետները էլեկտրոնային լրատվության միջոցներով հայտնելու համար: Վաղը, երեք րոպե ելույթ ունենալու հնարավորությունը կա, և ես Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Խորհրդարանական շաբաթ»-ով դիմելու եմ այդ երկրների դեսպաններին՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները անտեսում են իրենց հորդորները: Անձամբ ես, իմ որոշ գործընկերների հետ, հանդիպել և մանրամասն զրուցել եմ Եվրոպայի և Եվրասիայի գծով ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի, ինչպես նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էլսի Հաստինգսի հետ: Նրանք նույնպես զարմացած են և պատահական չէ, որ իրենց տված մամուլի ասուլիսների ժամանակ առանձնահատուկ շեշտել են այդ խնդիրը: Իշխանությունների կողմից բացարձակապես և ոչ մի դրական արձագանք:

Վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը՝ ակամայից գիտակցում ես վերահաս վտանգը: Իսկ ո՞րն է դա: Վտանգն այն է, որ մենք ինքներս, հանդուրժելով այս իշխանություններին, ստեղծում ենք բոլոր նախապայմանները, որոնք դյուրին են դարձնում մեր թշնամիների համար սասանել հայոց պետականությունը: Ընդամենը մի փաստ բերեմ: Չգիտես ինչու հայրենասիրությունից առավել կրքոտ և մշտապես խոսողները երբեք ու երբեք չեն հիշատակում, թե արտաքին առևտրաշրջանառությունը Հայաստանում ի՞նչ թվերով է բնութագրվում: Բնութագրվում է այն թվերով, որ այս տարվա 9 ամիսների կտրվածքով 561,3 միլիոն դոլարից ավել է եղել արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը: Իսկ սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ արտերկիր արտահանված և վաճառված ապրանքների գումարը ավելի քան 561,3 միլիոն դոլարով պակաս է եղել արտերկրներից գնված ապրանքների գումարից: Իսկ սա էլ նշանակում է, որ Հայաստան ներմուծված ապրանք արտադրողների համար մեր միջոցներով արտասահմանում աշխատատեղեր են ստեղծվել: Առևտրաշրջանառության բացասական հաշվեկշռում 40 միլիոն դոլար բաժին է ընկնում Թուրքիային, այն էլ այս տարվա միայն անցած 9 ամիսների ընթացքում: 3 միլիոնի չափով արտահանել ենք, 40 միլիոնի չափով ներկրել: 40 միլիոն դոլարի ապրանք ենք ներկրել Թուրքիայից 9 ամիսների ընթացքում: Մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում 30 միլիոնի չափով: Այսինքն՝ մենք բոլորս, մեր հարկատուները, մեր մարդիկ դրսից՝ հարազատներից, օգնության գումար ենք ստանում, որ կարողանանք մեր գոյությունը պահպանենք, հիմա այդ գումարների զգալի մասը գնում է Թուրքիա, այնտեղ աշխատատեղեր են ստեղծում: Չէ՞ որ դրանով մենք թուրքական ապրանք արտադրողին ենք խրախուսում: Բա ո՞ւր է կոալիցիայի կուսակցությունների հայրենասիրությունը, հայրենական արտադրողի շահերի պաշտպանությունը, ի՞նչ, հօդս ցնդե՞ց: Պարզապես կրկին նրանք իրենց գրպանի խնդիրն են լուծում, որովհետև այսօր Հայաստան հիմնական սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումն անում են միայն և միայն իշխանական կլանի ներկայացուցիչները: Լինի դա ցորենը, բենզինը, դիզելային վառելիքը, ավիակերասինը, լինի դա խմիչքը, շաքարավազը: Եվ այս տեսակետից ամենևին էլ պատահական չէ, որ դրամի հետ նման վայրիվերումներ են կատարվում: Ֆինանսական շուկայում, իսկ դրա ամենազգայուն կողմնորոշիչներն են Նյու Յորքի ֆոնդային բորսան, Լոնդոնի, ինչպես նաև աշխարհի մի քանի հեղինակավոր այլ բորսաներ, երբ ֆինանսական և ոչ մի շոշափելի տատանում չի արձանագրվում, մեկ էլ հանկարծ ճիշտ այդ նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում մի գիշերվա մեջ դոլարի կուրսը զգալիորեն, 30-40 մինչև 50 դրամով ընկնում է: Էլ չասեմ նախանցյալ տարվա արժույթային շուկայում իշխանությունների կողմից հրահրած խաբեության մասին: Պարզեցնեմ միտքս: Սիրելի ժողովուրդ, կարծում եմ, հիշում եք, որ երբ որոշում էին սակագները՝ էլեկտրաէներգիայի, ջրի, հանկարծ դոլարի գինը «պատալոկ» բարձրացրեցին` 570 դրամ, սակագները որոշեցին դոլար-դրամի այդ փոխարժեքով, ապա հետագայում 7 ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքը 120 դրամով իջեցրեցին: Դե հիմա պատկերացրեք՝ ինչ մեծ գերշահույթներ ստացան տղերքը: Իրենք էդ թվերը շատ լավ գիտեն: Բանկային փոխադրումներով բոլորիս հարազատները տարեկան կտրվածքով Հայաստան 1 միլիարդ դոլարի չափով փող են ուղարկում, որ ժողովրդի մեծամասնությունը, երկիրը սովից չմահանա, չհանգչի: Էդ մի միլիարդ դոլարը, որի փոխարժեքը 20%-ով արհեստականորեն իջեցնում են, իր գնողունակությամբ ստացվում է փաստացի 800 միլիոն դոլարին համաժեք: Երբ ազգաբնակչությունը հարկադրված է էժան գնով դոլարը փոխանակել դրամով, ապա ապրանք ներմուծողները դրանք առնում են, որով էլ նույն ցորենն են ներմուծում, նույն բենզինը, դիզելային վառելանյութը, շաքարավազը, արդեն իսկ Հայաստանում դոլարի փոխարժեքի արհեստական իջեցման պարագայում ապահովելով առնվազն 20% հավելյալ եկամուտ, որն էլ գրպանում են: Ի՞նչ, չենք հասկանում սա: Իհարկե, հասկանում ենք: Եվ ի՞նչ, այդ քաղաքականությունը պատահականությո՞ւն է: Ամենևին էլ ոչ: Իշխանությունների հաշվարկը պարզ է. նրանք քաջ գիտեն ճիզվիտական այն ճշմարտությունը, որ քաղցած մարդը, հոգսաշատ մարդը, բեռների տակ կքած մարդը, հյուծված լինելու պարագայում երբեք ու երբեք չի կարողանա իր քաղաքացիական շահերը պաշտպանել: Նա կխռովի թե՛ իշխանություններից, թե՛ հասարակությունից, կմեկուսանա և ինքն իրեն կդնի թշվառականի կացության մեջ: Դրա հետ մեկտեղ էլ, երկրի այս ծանր վիճակում, որ հեռուստաալիքը միացնում ես, իշխանությունները բանուգործները թողած կանգնում անամոթաբար ասում են՝ տեսնո՞ւմ եք, հանրաքվեի հարցում ընդդիմությունը միասնական չէ: Չհասկացա՝ նույն «ՈՉ»-ը ասելու կամ բոյկոտելու մեջ միասնական լինել կամ չլինելը ո՞րն է: Որը «այո» է ասում, դա ընդդիմություն չի, որը «ՈՉ» է ասում, բոյկոտում է, դա, բնականաբար, ընդդիմություն է: Իսկ ինչո՞ւ են այդպես անում. այդպես են անում, որ հանրաքվեին «ՈՉ» ասող կամ բոյկոտող բոլոր քաղաքական ուժերին մի տեղ հավաքեն, որից հետո նրանց սադրանքով և հերյուրանքներով վարկաբեկելը ավելի դյուրին կլինի: Հիմա խառնվել են, չգիտեն «18+8» ֆորմատի հետևից գնան, արգելքներ դնեն, «Արդարություն» դաշինքի հետևից գնան, նույնը անեն, թե «Ազգային Միաբանության» հետևից գնան ու մեր հանդիպումները խանգարեն: Դարդ են անում, որ բոլորս իրար հետ լինենք, որ բոլորը մի տեղ կուտակված լինեն, և իրենք էլ անեն այն, ինչ արեցին ապրիլի 12-ին: Այդ դասերը վաղուց յուրացրել ենք: Եվ մեկտեղ հավաքվելով չէ «այո»-ի և «ՈՉ»-ի քարոզի արդյունավետությունը: Դե, պատկերացրեք, իմ լավ գործընկերների, բարեկամների հետ 27 հոգով գայինք այստեղ՝ 18 կուսակցության ղեկավարներ, մտավորականների ֆորմատը, 8 հասարակական կազմակերպություններ և մենք: 27 հոգուց, որս խոսեր, որը չխոսեր: Կարո՞ղ է իշխանությունների երազանքն է, որ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի նման ընդդիմադիր լիդերները կողք կողքի կանգնեն «ՈՉ» կամ միասնաբար բոյկոտ վանկարկեն, որ գոհանան: Հիմա գոնե ես հնարավորություն եմ ունենում մտքերս արտահայտել, ավելին հնարավորություն կունենաք դուք հարցերով դիմել, իսկ ես հարցերին կպատասխանեմ: Մեր գործընկերներն էլ այսօր, ես գիտեմ, Աշտարակում են, վաղը, մյուս օրը կլինեն մեկ ուրիշ վայրում և հնարավորության սահմաններում ավելի շատ մարդկանց հետ մենք կկարողանանք հանդիպել: Ահա սա է խնդիրը: Եվ արհեստականորեն պետք չէ տարանջատել ընդդիմությանը: «Ոչ»-ը՝ ոչ է, բոյկոտը՝ բոյկոտ: Էս էլ չլինի, որ հայտնի երգի բառերով առաջնորդվենք՝ «իմ ջուրն, ուրիշ ջրեն է» ասելով: Հիշո՞ւմ եք, Սայաթ-Նովան երգ ունի, չէ՞: (Ծիծաղ դահլիճում, ծափահարություններ):

Ժողովուրդ ջան, ես կարող եմ բազմաթիվ փաստեր, թվեր բերել, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, որ Դուք հարցեր տաք, որպեսզի մենախոսություն չլինի:

Արտաշես Գեղամյանն այնուհետև հանգամանորեն պատասխանեց իրեն ուղղված հարցերին և հանդիպումն ավարտեց հետևյալ խոսքերով.

- Յուրաքանչյուր մարդ հպարտ է այն երկրով, որի քաղաքացին է նա: Կոռուպցիայի և կաշառակերության մեջ թաղված երկիրն աշխարհում հեղինակություն չի կարող վայելել, և այդ երկրի քաղաքացիները, ավա՜ղ, դատապարտված են չարքաշ կյանքով ապրելու: Ուստի, երբ թոթափենք այս իշխանությունների բեռը, երկիրը դարձնենք օրինակելի և աստվածապաշտ, համոզված կարող եմ ասել, որ հայ մարդը մոլորակի ցանկացած վայրում հպարտությամբ կբարձրացնի իր անձնագիրը և կասի՝ ես հինավուրց քաղաքակրթություն կրող, աշխարհում պետականորեն առաջինը քրիստոնեություն ընդունած և դավանող ազգի զավակն եմ, ուստի և իրավունք ունեմ ամենուր արժանապատվորեն հանդես գալ ու բացականչել. «Ես հայ եմ, դրանով էլ երջանիկ եմ»:

Շնորհակալություն, սիրելի վանաձորցիներ: (Բուռն, որոտընդոստ, երկարատև ծափահարություններ):

Հ.Գ. «Մենք ապաբարոյապա՛շտներս, առաքինությանն արդյո՞ք վնաս ենք հասցնում: -Նույնքան քիչ, ինչքան անարխիստները՝ թագավորներին: Միայն այն ժամանակվանից, երբ նրանց սկսեցին կրակել, նրանք կրկին պինդ նստած են իրենց գահերին: Առակս զի՞նչ ցուցանե՝ հարկավոր է կրակել բարոյականության վրա»,- այսպես կբնութագրեր մերօրյա իշխանություններին մեծ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն: