- ГЛАВНАЯ
- АРМЕНИЯ - НАВСТРЕЧУ ВЫБОРАМ
- КНИГИ
- ПРОГРАММНЫЕ ДОКУМЕНТЫ
- СТРУКТУРА ПАРТИИ "НАЦИОНАЛЬНОЕ ЕДИНЕНИЕ"
- ДЕЯТЕЛЬНОСТЬ В НАЦИОНАЛЬНОМ СОБРАНИИ
- ПАРТИЯ-СРЕДСТВА МАССОВОЙ ИНФОРМАЦИИ
- ЭКОНОМИКА РА
- ВНЕШНЯЯ ПОЛИТИКА
- ВЫСТУПЛЕНИЯ НА МЕЖДУНАРОДНЫХ ФОРУМАХ
- АРХИВ
- ДРУГИЕ МАТЕРИАЛЫ
«ԱԶԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ»
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
7 սեպտեմբերի 2007թ.
Վերջին շրջանում մամուլում և հեռուստատեսությամբ տարաբնույթ և մակերեսային մեկնաբանություններ են արվել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հայտնի առաջարկի վերաբերյալ՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հանդիպումներին մասնակից դարձնել նաև պարոններ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը վերահաստատում է Արտաշես Գեղամյանի այդ մոտեցումը: Ավելին, նպատակահարմար ենք գտնում ընդլայնել նման հանդիպումների շրջանակը՝ ընդգրկելով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր այլ կուսակցությունների առաջնորդներին: Մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները, առաջնորդվելով հայոց պետականության ամրապնդման ապահովման հրատապ դարձած գերխնդրի լուծման առաջնահերթությունով, նախընտրական շրջանում հանդես կգան համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման սկզբունքների շուրջ միասնական դիրքորոշման մասին:
Վերլուծելով Հարավային Կովկասի զարգացումներով շահագրգիռ երկրների ղեկավարների կողմից վերջին շրջանում արված հայտարարությունները, ինչպես նաև ուժի միջազգային կենտրոնների որդեգրած մոտեցումները, արձանագրենք. դրանք հղի են տարածաշրջանային խիստ վտանգավոր զարգացումներով: Այդ պարագայում մենք չենք բացառում վերջիններիս հնարավոր փորձերը, խնդրո առարկայի կապակցությամբ՝ ներազդելու ՀՀ նախագահի թեկնածուների վրա: Հաշվի առնելով նման զարգացումների հավանականությունը, «Ազգային Միաբանություն կուսակցությունը» կարևորում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների լիդերների հանդիպումներին նաև իշխանական կուսակցությունների առաջնորդներին և Ռ.Քոչարյանին մասնակից դարձնելը: Ստեղծված իրավիճակում մի կողմ քաշվել և ընդունել թվացյալ «արմատական» ընդդիմադիրի կեցվածք, խուսափելով երկրի ճակատագրի պատասխանատվությունը ստանձնելուց, անհեռատես քաղաքականություն է:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» այսուհետ էլ աջակցելու է երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերի պարբերական հանդիպումների կազմակերպմանը: Մենք առաջնորդվում ենք այն գիտակցությամբ, որ հանրապետության առաջ ծառացած օրեցօր ուժգնացող մարտահրավերներին դիմակայելու եզակի հնարավորությունը հանրապետությունում ազգային միաբանության հաստատումն է:
Հայոց պետականության համար ստեղծված այս տագնապահարույց իրավիճակում ցանկացած դրսևորում և գործողություններ, որոնք միտված կլինեն պառակտել ու մասնատել հասարակությունը, ժողովրդին, ում կողմից էլ դրանք հրահրվեն, խստորեն դատապարտվելու են «Ազգային Միաբանություն կուսակցության» կողմից:
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահություն
«ԱԶԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
15 հունվարի 2007թ.
Հայրենակիցներ, Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգի և նրանց սատարող ղարաբաղյան հանցավոր կլանի ջանքերով ջլատվել է մեր ազգային ներուժը, խորացել է ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը և ատելությունը վարչախմբի հանդեպ, վտանգավոր չափերի է հասել Հայաստանի Հանրապետության միջազգային մեկուսացումը:
«Ազգային Միաբանություն կուսակցության» պատգամավորները 2006 թ. Ազգային ժողովի ամբիոնից հասարակության ուշադրությունը սևեռեցին իշխանությունների, ղարաբաղյան կլանի կողմից երկրում իրականացվող ազգային հարստության խոշորածավալ կողոպուտի, հարկերից խուսափելու բազմաթիվ դեպքերի վրա: Մասնավորապես, արձանագրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թալանչիական սեփականաշնորհումը, երբ վաճառքի գինը կազմել էր այդ կոմբինատի ընդամենը մեկ տարում ստացած շահույթի չափը: Դոլարի արհեստական արժեզրկման արդյունքում ազգաբնակչությունից շորթվեց շուրջ 105 մլրդ դրամ գումար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բյուջեից թաքցվեց ու չհարկվեց 31 մլրդ 632 մլն դրամի գերշահույթը և «Արմենտելի» կողմից հարկումից թաքցվեց 10 մլրդ 35 մլն դրամի գերշահույթը: Նշված հանցագործությունները պարտակելու նպատակով ղարաբաղյան հանցավոր կլանը վերավաճառեց թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, թե՛ «Արմենտելը»:
Կողոպուտի մոլուցքը հանգեցրեց նրան, որ կենտրոնաբնակ հազարավոր երևանցիներ բռնի տեղահանվեցին իրենց սեփական տներից՝ ստանալով չնչին փոխհատուցում: «Ազգային Միաբանության» պատգամավորները բացահայտեցին նաև, որ վարչակազմի յուրայինները Երևան քաղաքի կենտրոնում, այսպես կոչված, էլիտար շենքերի շինարարությունից և վաճառքից միայն 2005 թ. հարկումից թաքցրել էին առնվազն 55 մլրդ դրամի գերշահույթ:
Ներկայացված մեղադրանքները հերքելու փաստարկներ չունենալով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը քրեածին-օլիգարխիկ տարրերի, ղարաբաղյան հանցավոր կլանի անմիջական գլխավորությամբ և վերջիններիս շահերը պաշտպանող հայաստանյան ծախու սպասավորների ու կամակատարների, ինչպես և նրանց հանցանքները քողարկող լրատվամիջոցների ներգրավմամբ, ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով, ձեռնարկել են «Ազգային Միաբանությանը» իր հաղթական պայքարից շեղելու անպտուղ փորձեր:
2006 թ. դեկտեմբերի 9-ին՝ շաբաթ օրը երեկոյան, իշխանությունների կողմից նախապես ծրագրված սցենարով, շինծու մեղադրանքով ձերբակալվեցին արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության գործիչ Վարդան Մալխասյանը: Դեռ դեկտեմբերի 12-ին «Առավոտ» օրաթերթին տված Արտաշես Գեղամյանի հարցազրույցում բացահայտվեցին իշխանությունների կատարած սադրանքի հեռահար ու ստոր նպատակները: Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգի հայտնի սպասավորի միջոցով հրապարակ իջեցվեց հայտարարություն, որը, ըստ էության, ուղղված էր ոչ թե անհիմն ձերբակալվածների ազատ արձակելու խնդրին, այլ հող էր ստեղծում վարչակազմի համար վտանգ հանդիսացող ընդդիմադիր կուսակցություններին ներքաշել իշխանությունների կողմից ծրագրված դավադրության ոլորտը. 2007 թ. Ազգային ժողովի ընտրություններից առաջ մոլորեցնել միջազգային հանրությանը՝ ներկայացնելով, որ, իբր, ընդդիմադիր քաղաքական ուժերը և Արցախի ազատամարտիկների մի հատվածը պատրաստվում են պետական հեղաշրջում իրականացնել՝ թույլ չտալով ՀՀ իշխանություններին վավերացնել ԼՂՀ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները: Հետապնդվող նպատակներից էր նաև մեկուսացնել ընտրություններն ազատ, արդար անցկացնելու համար պատասխանատվություն ստանձնած հայրենասիրական ուժերին և ժողովրդի հարգանքը վայելող «Ազգային Միաբանություն կուսակցությանը» ու ընդդիմադիր քաղաքական մյուս կուսակցություններին և գործիչներին: Դրան էր ուղղված նաև իշխանությունների կողմից նախօրոք ծրագրված զինապահեստի «հանկարծակի» հայտնաբերումը Արարատի մարզում:
«Ազգային Միաբանություն կուսակցության» հաշվարկված քայլերի արդյունքում փլուզվեց վարչախմբի կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու գործում մեզ մեղադրանք ներկայացնելու նենգ ծրագիրը, որը կրկին բացահայտվեց ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության դեռ դեկտեմբերի 20-ին ընդունած հայտարարության մեջ:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր համերաշխությունն է հայտնում քաղաքական բոլոր այն ուժերին, ովքեր պատրաստ են պայքարել երկրում վտանգավոր չափերի հասնող ալան-թալանի, բռնությունների, ծանր հանցագործությունների, գանձագողության դեմ, ովքեր չեն համակերպվել գյուղի դատարկման և գյուղատնտեսության քայքայման, գիտության, կրթության, մշակույթի ամլացման, մեր բարոյական արժեքների կորստյան, երկիրը լքած 1,5 միլիոն մեր հայրենակիցների արտագաղթի հետ:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքական այն ուժերին, ովքեր լի են վճռականությամբ պայքարելու Քոչարյան-Սարգսյան զույգի հենարան հանդիսացող և օրենքից դուրս գործող քրեածին-օլիգարխիկ ղարաբաղյան կլանի դեմ: Կլան, որի սանձարձակ գործողությունները սեպ են խրում Հայաստանի և Արցախի զավակների արյամբ, մեծագույն կորուստների գնով խարսխված Հայաստանի ու արցախահայության, Հայաստանի և Սփյուռքի միջև: Իրողություններ, որոնք խիստ վտանգավոր են Հայոց պետականության, Արցախի կայացման համար և մերժելի համայն հայության կողմից:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր նրանց, լինի դա Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, ովքեր լի են վճռականությամբ հետևողականորեն պայքարելու ապօրինի իշխանությունները վերարտադրելու գործունեություն ծավալած հանցավոր տարրերի դեմ: Մենք դատապարտում ենք ընդդիմությանը ժողովրդի հետ հեռուստատեսությամբ հաղորդակցվելու արգելք դնողներին, ովքեր Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումով հեռուստաեթերը ողողել են իշխանական կուսակցությունների կողմից «բարեգործության» անվան տակ ընտրակաշառքներ բաժանելու ամոթալի գործընթացով: Գործընթաց, որը հրապարակայնորեն խրախուսում է Ռ.Քոչարյանը:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» ոչ լեգիտիմ վարչակազմի վերարտադրությունը ֆինանսավորողներին, հովանավորողներին և աջակցողներին զգուշացնում է, որ նման գործելակերպով նրանք հանցանք են գործում մեր ազգի, մեր ժողովրդի ու Հայոց պետականության նկատմամբ և անխուսափելի իշխանափոխությունից հետո կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հայրենակիցներ, «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հայտնում է իր վճռականությունը և պատրաստակամությունը կատարելու ազգը միաբանելու կուսակցության առաքելությունը՝ պատասխանատվություն վերցնելով Սահմանադրությամբ ժողովրդին վերապահված իրավունքները վերականգնելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վերջին օրերին իրականացված ձերբակալությունները կրկին վկայում են առաջիկայում ներքաղաքական կյանքում համընդհանուր ճգնաժամի խորացման մասին: Կրիմինալի մեջ ամբողջովին թաթախված հանցավոր վարչախումբը իրենց խմբակային շահերը վեր դասելով հանրապետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից, անպտուղ փորձեր են անում ամեն գնով վերարտադրվելու: Հարկադրված լինելով ստանձնել Հայաստանի ռազմավարական շահերին հակասող աշխարհաքաղաքական տարաբնույթ պատվերներ կատարողի անփառունակ դերակատարությունը, դիմում են երկրի համար վտանգավոր արկածախնդրության:
Ներքաղաքական մոտալուտ արմատական փոփոխությունների հեռանկարից սարսափած՝ վարչակազմը քաղաքական տրամաբանությանը և ժողովրդավարությանը անհարիր, բիրտ կերպով հաշվեհարդար է տեսնում հանրապետության ընդդիմադիր լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, սփյուռքահայ նվիրյալների նկատմամբ և բոլոր նրանց հանդեպ, ովքեր առաջնորդվում են երկրի ազգային անվտանգության շահերով: Միանգամայն դատապարտելի են Վահագն Չախալյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, Արման Բաբաջանյանի դեմ հարուցված շինծու մեղադրանքները, Աշոտ Մանուչարյանի, Սուրեն Աբրահամյանի, Հարություն Առաքելյանի, Հովհաննես Գալաջյանի, Գագիկ Շամշյանի նկատմամբ իրականացված բռնությունները: Խիստ տագնապ են հարուցում Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության կենտրոնական գրասենյակի և «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան հրկիզման փորձերը:
ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծանր կացության, քաղաքական խոր ճգնաժամի, իրավական ամենաթողության, հասարակական կյանքի քրեականացման պայմաններում իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգը հետամուտ է լինում նախապես իրենց մշակած ազգակործան ծրագրից բխող հետևյալ նպատակների իրականացմանը.
- Ուժային և ստոր ճանապարհներով ձգտում է ահաբեկել թե՛ հասարակությանը և թե՛ քաղաքական գործիչներին՝ ռեժիմի հետագա անօրինականությունների անարգել իրագործումը բռնությամբ ապահովելու համար:
- Քոչարյան-Սարգսյան զույգը փորձում է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության շրջանում տպավորություն ստեղծել, թե ԼՂՀ հիմնահարցի կարգավորումը, իբր, հղի է ներքաղաքական լրջագույն հետևանքներով, անգամ՝ պետական հեղաշրջման վտանգով: Շիկացնելով երկրի ներքաղաքական իրավիճակը, փորձ է արվում միջազգային հանրությանը համոզել, թե ԼՂՀ հարցը, իբր, ի զորու է կարգավորել միմիայն Քոչարյան-Սարգսյան զույգը, որ միայն վերջիններիս սատարող կրիմինալ-օլիգարխիկ ուժերի մեծամասնության պայմաններում (նորընտիր ԱԺ-ի կազմում) հնարավոր կլինի վավերացնել Ռ. Քոչարյանի կողմից հավանության արժանացած ԼՂՀ հիմնահարցի կարգավորման փաստաթուղթը: Դրանով իսկ գործող իշխանությունները հայցում են միջազգային հանրության հանդուրժողականությունն ու թողտվությունը՝ խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրություններում արդեն ծրագրած կեղծիքների հաշվին վերարտադրվելու համար:
Վերոհիշյալ երկու նպատակների ձախողման դեպքում իշխանությունները ծրագրում են նաև հետևյալ տարբերակը.
* ՀՀ իշխանությունները, խուսափելով վավերացնել ԼՂՀ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում իրենց իսկ տված խոստումները, փորձում են միջազգային հանրությանը ապակողմնորոշել, թե, իբր, իրենք պատրաստ են ստորագրել համաձայնագիրը, սակայն երկրում կան ապակառուցողական ուժեր, որոնք կտրականապես դեմ են փաստաթղթի ընդունմանը: Փորձ է արվում հիմք նախապատրաստել՝ ԼՂՀ խնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը արհեստականորեն երկարաձգելու՝ այն տեղափոխելով համապետական ընտրություններին հաջորդող շրջան, խնդիր ունենալով վերարտադրել սեփական իշխանությունը:
Ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցությունը հայտարարում է.
- Ներքաղաքական սրացումների տրամաբանությունն ու բերված փաստարկները վկայում են, որ ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վարվում է ազգային շահերն ու երկրի անվտանգությունը խարխլող քաղաքականություն:
- ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններին թույլ չենք տա երկրում արմատավորել ահաբեկության և վախի մթնոլորտ: Խստագույնս դատապարտելով վարչախմբի ազգադավ գործելակերպն ու դրանից բխող սադրիչ քայլերը, համոզմունք ենք հայտնում, որ նրանց կողմից մշակված իշխանության անօրեն վերարտադրության ծրագիրն ի սկզբանե դատապարտված է ձախողման:
ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցություն
Արտաշես Գեղամյան
Ալեքսան Կարապետյան
Կորյուն Առաքելյան
Գագիկ Կոստանդյան
Սամվել Թումանյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(ընդունված է նոյեմբերի 28-ին կուսակցության նախագահության նիստում
Հայրենակիցներ, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը հայտնում է Ձեզ իր խորին երախտագիտությունը նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու համար: Ձեր դրսևորած քաղաքացիական բարձր դիրքորոշումը պատասխան է իշխանություններին` հանրաքվեի մասին օրենքի և ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումների, զանգվածային լցոնումների (թե՛ մինչև հանրաքվեն, թե՛ հանրաքվեի ընթացքում) համար: Դուք վերստին հաստատեցիք մեր ժողովրդի հակվածությունը իրական ժողովրդավարական նորմերին և արժեքներին, դարերից եկող մեր ազգին ներհատուկ իմաստությունը` բռունցքվելու ընդդեմ օտարամոլ իշխանությունների: Համատարած բոյկոտով աշխարհին ի ցույց դրեցիք հանրաքվեի ոչ լեգիտիմությունը, մերժեցիք սահմանադրական փոփոխությունների այն դրույթները, որոնք սպառնալիք են երկրի անվտանգությանը:
Բարձր ենք գնահատում «Ազգային Միաբանություն կուսակցության» կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովների անդամների կողմից հանրաքվեն բոյկոտելու դիրքորոշումը: Նրանք չընկրկեցին նախագահա-դատախազական սադրանքների և սպառնալիքների առջև, իրենց մասնակցությունը չբերեցին բեմականացված անօրինական այս խեղկատակությանը, ակտիվորեն կատարելով դիտորդական պարտականությունները: Օրենքի կոպիտ ոտնահարմամբ անցկացված հանրաքվեն ակնհայտ դարձրեց, որ դրա բուն նպատակն էր սահմանադրորեն պաշտպանել և փրկել իշխանություններին պատասխանատվություն կրելուց` երկրում նրանց հանցավոր թողտվությամբ կատարված բազում հանցագործությունների, համատարած կոռուպցիայի և կաշառակերության համար:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր գործընկերների հետ Ազգային ժողովում և միջազգային կառույցներում արեցին ամենը, որպեսզի երկրում հաստատվի վստահության մթնոլորտ, երկիրը դառնա ժողովրդավար: Իշխանությունները իրենց գործողություններով վերստին ցույց տվեցին, որ ազգային միաբանությունը և համերաշխությունը, երկրի բարոյահոգեբանական վիճակի առողջացումը սպառնալիք է հենց իրենց համար:
Հանրաքվեին նախորդող մեր տված գնահատականները և սպասվող զարգացումների մասին կանխատեսումները դառնում են իրականություն. նոր հնարավորություններ են ստեղծվում ազգի համախմբման համար` հանուն Հայաստանի արժանավոր ապագայի:
Հայրենակիցներ, ակնհայտ է, որ նոյեմբերի 27-ին իշխանությունները Հայաստանի Հանրապետությունում իրականացրեցին հակասահմանադրական հեղաշրջում: Սահմանադրական հանրաքվեն ակներև դարձրեց պարոն Քոչարյանի կամակատար կոալիցիայի անդամ կուսակցությունների իրական դեմքն ու վարքագիծը, որոնց գործողությունների հիմքում այսօր դրված է ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո օրինականացնել զանգվածային, համատարած կեղծիքներով ընդունված սահմանադրական փոփոխությունները: Հանրաքվեն էլ ավելի մոտեցրեց այս անօրեն իշխանությունների տապալումը, սակայն սա ուրախություն և ոգևորություն մեզանում չպետք է առաջացնի: Ստեղծված պայմաններում միջազգային հանրության ճնշումների ուժեղացման հետևանքով Հայաստանը կարող է ունենալ անդառնալի կորուստներ. դյուրին գործ է անօրենին, կեղծարարին, ժողովրդի կողմից մերժված և ատելի իշխանություններին պատժելը, ստիպել-պարտադրելը ընդունել ոչ հայանպաստ որոշում:
Նոյեմբերի 27-ին ժողովրդի դրսևորած համերաշխությունը և միաբանությունը հույս ու հավատ է ներշնչում, որ առաջիկայում անխուսափելի քաղաքական բարենպաստ պայմանների ժամանակ մենք Ձեզ հետ ճշգրիտ հաշվարկված, քաղաքակիրթ աշխարհին հասկանալի և ընդունելի մեր գործողություններով, հիմքում ունենալով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի սկզբունքներն ու պահանջները, կթոթափենք ապազգային այս իշխանությունների բեռը:
Հայրենակիցներ, ժամանակն աշխատում է մեր արդար պայքարի օգտին: Ստի և կեղծիքի հերթական նոր ապացույցների ականատեսը կդառնանք ամեն օր, երբ անօրեն անցկացված հանրաքվեի արդյունքում գովերգված սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո իրենց ավելի արտոնյալ կզգան իշխանությունների իրական հենարանը հանդիսացող օլիգարխները, հարկային և մաքսային օրենքները շրջանցող, բյուջեն թալանող քրեածին տարրերը, կամազուրկ, ստրուկի հոգեբանությամբ, կոռուպցիայի և կաշառակերության մեջ բազմիցս նկատված չինովնիկները: Այդ նրանց ջանքերի շնորհիվ ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները:
Համոզված ենք, 21-րդ դարում այն իշխանությունները, որոնց հենարանն են հանդիսանում ժողովրդի կողմից մերժված տարրերը, դատապարտված են կործանման:
«ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» 2005 թ. նոյեմբերի 27-ին անցկացվող հանրաքվեն բոյկոտելու վերաբերյալ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախածատրաստական աշխատանքները և քարոզչությունը կատարվել ու շարունակվում են իրականացվել ՀՀ գործող Սահմանադրության (հոդված 22, 24,26) ընտրական օրենսգրքի (հոդված 18) և հանրաքվեի մասին (հոդված 20) օրենքների պահանջների կոպիտ խախտումներով: «Ազգային Միաբանություն կուսակցության» ներակայցուցիչները զրկված են էլեկտրոնային լրատվական միջոցներով քարոզչություն իրականացնելու հնարավորությունից: Միակողմանի իրականացվում է «Այո»-ի քարոզչությանը, հիմնականում հիմնադրամից դուրս միջոցներով, փաստորեն վերածվելով պետական քարոզչության: Իսկ հեռուստաընկերությունները քարոզչական հաղորդումները հեռարձակում են առանց համապատասխան լուսագրի խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը: Իշխանությունները խոչընդոտում են հանդիպումների կազմակերպմանը բացահայտ, անթաքույց ճնշումներ գործադրում հանդիպումներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ: Եվ այս ամենը ամենաթողության պայմաններում, ըստ էության ոչ մի միջոց չի ձեռնարկվում օրինախախտումների կանխման և նրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Ավելին օրինախախտումների առաջին շարքերում նրանք են, ովքեր պարտավոր են ապահովել ազատ և արդար հանրաքվեի անցկացումը: «Ազգային Միաաբնություն կուսակցության» կողմից առաջադրված տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ, այսպես կոչված «զրույցների» ձևով, խոչընդոտվել է մի շարք տեղամասերում նրանց մասնակցությունը հանձնաժողովների անդրանիկ նիստերին:
Քարոզչության և նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ անգործության է մատնված նաև հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, որը չի կատարել իր օրենսդրական պարտականությունները, մասնավորապես չի սահմանվել քարոզչություն իրականացնելու որևէ կարգ, որի հետևանքով իշխանությունների կողմից աջակցվող «Այո» քարոզչությունը զբաղեցրել է ողջ հեռուստաեթերը:
Հանրաքվեի նախապատրաստական շրջանում կատարված և շարունակվող օրինախախտումները լրացուցիչ ապացույց են այն մասին, որ երկրում չի գործում ՀՀ օրենսդրությունը, որն էլ հնարվորություն չի տալիս ժողովրդին անմիջականորեն իրկանացբել իրենց իշխանությունը ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածքային կազմակերպությունների առաջարկությունները «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը
Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
Բոյկոտել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» 27 նոյեմբերի 2005 թ. անցկացվող հանրաքվեն:
Կոչ անել մեր կուսակցության անդամներին, համակիրներին, ընտրելու իրավունք ունեցող հանրապետության քաղաքացիներին բոյկոտել, չգնալ տեղամասեր, չմասնակցել այս անօրինական գործող օրենքների բազում խախտումներով ուղեկցվող ոչ լեգիտիմ հանրաքվեն:
Հանձնարարել «Ազգային Միաբանություն կուսակցության» կողմից առաջադրված տարածքային և տեղամասային հանձնաժողովների աշխատանքներին, ներառյալ հանրաքվեի անցկացման և արդյունքների ամփոփման գործընթացներին, դրանով մեկ անգամ ևս ընդգծելով անցկացվող հանրաքվեի ոչ լեգիտիմությունը: Սույն որոշումը խախտվող «Ազգային Միաբանություն կուսակցության» անդամների գործողությունները կդիտարկվեն, որպես նրանց վրա կիրառված բիրտ ուժի ճնշումների կամ նյութական շահագրգռվածության դրսևորման հետևանք, վերջիններս կենթարկվեն կուսակցական խստագույն պատասխանատվության:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» անօրինական է համարում տարածքային, տեղամասային հանձնաժողովների այն անդամների լիազորությունները, որոնք չեն կատարի սույն որոշման պահանջները և կփորձեն հանրաքվեի օրը և արդյունքների ամփոփման ժամանակ հանդես գալ կուսակցության անունից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացրել իր պարտականությունները, որոնք բխում են «ՀՀ ընտրական օրենսգրքի» և «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջներից գտնել ոչ նպատակահարմար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Պլուզյանի մասնակցությունը հանրաքվեի նախապատրաստական և ամփոփման ընթացքին:
Հանձնարարել կուսակցության տարածքային կազմակերպություններին ընտրական տեղամասերին կցված, ԱՄԿ կողմից առաջադրված և հավատարմագրված դիտորդների միջոցով նոյեմբերի 28-ին ամփոփել և համակարգող շտաբ ներկայացնել հանրաքվեին մասնակցած ընտրողների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները:
Հանձնարարել կուսակցության տարածքային կազմակերպություններին ապահովել սույն որոշման կատարման կազմակերպչական և գաղափարա-քաղաքական միջոցառումները:
Հանձնարարել «Ազգային Միաբանություն կուսակցությանՙ հանրաքվեի հետ կապված քարոզչությունը համակարգող շտաբին սույն որոշումը տարածել լրատվության միջոցներով:
«Ազգային Միաբանություն» կուսակցությունը
«Ազգային Միաբանությունը» որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն հիմնադրվել է 1996թ. հոմտեմբերի 27-ին կազմակերպության հիմնադիր ժողովում:
1997թ. ապրիլին տեղի է ունեցել «Ազգային Միաբանություն» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը ընդունել է կազմակերպության ծրագիրը և կանոնադրությունը:
Կազմակերպության նախագահ է ընտրվել Արտաշես Գեղամյանը, փոխնախագահ՝ Ալեքսան Կարապետյանը:
1998թ. մայիսի 5-ին լույս է տեսել «Միաբանություն» պաշտոնաթերթի առաջին համարը, որի խմբագիրն է Կորյուն Առաքելյանը:
1998թ. փետրվարին տեղի է ունեցել «Ազգային Միաբանություն» հասարակական քաղաքական կազմակերպության արտահերթ համագումարը, որը Արտաշես Գեղամյանին առաջադրել է ՀՀ նախագահի թեկնածու:
«Ազգային Միաբանությունը» «Սահմանադրական Իրավունք» միության, «Գարդմանք», «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպութ¬յուն¬ների հետ կազմել է քաղաքական դաշինք և մասնակցել 1999թ. մայիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններին:
Դաշինքը Ազգային Ժողովում որպես 3-րդ քաղաքական ուժ ԱԺ-ում ձևավորում է «Իրավունք և Միաբանություն» պատգամավորական խմբակցությունը:
2000թ. մայիսի 25-ին տեղի է ունեցել ԱՄ-ի հերթական համագումարը: Համագումարում «Ազգային Միաբանություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը վերանվանվեց «Ազգային Միաբանություն» կուսակցություն: Որպես կուսակցություն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2001թ. փետրվարի 6-ին: Համագումարը ընդունեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը:
Համագումարը կուսակցության նախագահ ընտրեց Արտաշես Գեղամյանին, առաջին փոխնախագահ՝ Ալեքսան Կարապետյանին, փոխնախագահ՝ Կորյուն Առաքելյանին:
2002թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպությունում անդամագրված են 47 հազար 102 անդամներ: Կուսակցության ներսում ստեղծվել են 436 տարածքային կազմակերպություններ:


