ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

21.03.2006թ.

Հարգելի գործընկերներ, օրերս հրապարակվել է թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ռազմավարության մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը: Զեկույցում, ըստ էության, Հայաստանի իշխանությունները, բացի կոռումպացված լինելուց, մեղադրվում են թմրաբիզնեսով զբաղվելու մեջ. «Հայ բարձրաստիճան պաշտոնյաները չեն մերկացվել թմրանյութերի ապօրինի իրացման գործում»: Զեկույցից բերված այս մեջբերումը շատ հետաքրքիր և նրբին դիտարկում է: Այն է, որ իշխանավորները ներգրավված են նարկոբիզնեսում, դա կասկածից վեր է, սակայն պարզապես դեռևս չեն բացահայտվել: Կարելի էր այս ամենը տարբեր տեսանկյուններից վերլուծել, բայց մտահոգիչ է այն, որ ճիշտ այս նույն հարցադրումն արդեն 8 տարի է շարունակ շահարկում են թե՜ ադրբեջանական մամուլը, թե՜ ադրբեջանական պաշտոնյաները Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի ամբիոններից: Խիստ մտահոգիչ է այն, որ ադրբեջանցիների այս տեսակետն արդեն տեղ է գտել պաշտոնական Վաշինգտոնի ամենահեղինակավոր զեկույցներից մեկում: Միթե՞ սա չի մտահոգում իշխանություններին: Եթե իշխանություններն են մասնակից թմրաբիզնեսի մեջ, կնշանակի նման վարչակարգին վստահել այլևս չի կարելի: Իսկ ի՞նչ է նշանակում լինել մեղսակից: Նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դարձել է նարկոտրաֆիկի տարանցիկ տարածք: Վաղը այդ խնդրով այստեղ կգան խաղարար կամ ուրիշ ուժեր, որ վերջ դնեն դրան: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Էս ո՞ւր եք հասցրել երկիրը պարոնայք իշխանավորներ:

Հաջորդ հարցը: Ճիշտ այդ օրերին մամուլում լրահոս եղավ, որ Հայաստան են բերվել 27 տեսաերիզ, որոնք ամենայն մանրամասներով ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնյաների, մեղմ ասած, անբարո վարքագիծը` Եվրոպայում և ԱՄՆ-ում հանգստանալիս: Սա են հասկացնում իշխանություններին. ինչ ասենք` աշակերտի պես խելոք կգնաք ու կկատարեք, թե չէ գիտեք ձեր արածները… Իսկ ի՞նչ պետք է ասեն, ի՞նչ պետք է պարտադրեն: Այսօր մի հարց է օրակարգում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ես էլ չեմ ասում, որ վաղը, մյուս օրը բանակցային արդեն ցանկացած գործընթացի ժամանակ մեր ախոյանները կասեն. լավ, վերջին հաշվով մենք ո՞ւմ հետ ենք բանակցում. ղումարբազնե՞րի, թմրաբիզնեսով զբաղվողնե՞րի, թե՞ կոռուպցիայի մեջ թաղվածների հետ: Եվ նման պայմաններում մենք տանուլ կտանք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Փոխանակ գան, խելացի կերպով ընդդիմությանը խնդրեն, թե եկեք, խելք-խելքի տանք, անցնցում իշխանափոխություն անենք: Որովհետև այսօր երկրին պետք են ու կան ուժեր, որոնք իրենց նման խոցելի չեն: Դրա փոխարեն քաղաքական դաշտն իրար դեմ են հանում: Պատահական չէր, որ Ալեքսան Կարապետյանն ասաց` սրանք այնքան են արդեն խճճվել հարաբերություններ պարզելու գործում, որ փորձում են մեզ ներքաշել այդ ճղճիմության մեջ: Մեկը մյուսին մեզ պաս է տալիս, որ ես իրենց փոխարեն անընդունելի մարդուն խիստ քննադատության ենթարկեմ, թե չէ կասեն` հետը կապված է:

Պարոն Քոչարյան, մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ հետ և քննարկել ձեր հրաժարականի հարցերը` նպատակ ունենալով, որ այն անցնցում անցնի: