ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

02.05.2006թ.

Հանգստյան օրերին մտածեցի ծանոթանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած Իլհամ Ալիևի պաշտոնական այցի արձագանքներին: Եվ, ի՞նչ եք կարծում, ազերիների համար, ավա՛ղ, ամենաոգևորող, բարենպաստ արձագանքների հանդիպեցի: Մասնավորապես, մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում Սկոտ Մակլելլանը, որը Սպիտակ տան մամուլի խոսնակն է, Ադրբեջանին բնութագրել է «որպես ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը մեծ կարևորություն ունեցող այդ տարածաշրջանում, դաշնակից, որն իր ներդրումն ունի Իրաքում, Աֆղանստանում և Կոսովոյում…»: Ուշադրություն դարձրեք` Ադրբեջանը ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է: Դրական արձագանքներ են տպագրել «Քրիսչեն սայենս մոնիտորը» (որը, իրոք, աշխարհահռչակ թերթ է), ինչպես նաև «Դալլաս մորնինգ նյուզը»: Ես էլ չեմ ասում, որ ապրիլի 28-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» հեղինակավոր թերթը, անդրադառնալով Բաքվում Իրանի պաշտպանության նախարար Մուստաֆա Մուհամմադ Նաջարի այցին, նշել էր, որ վերջինս Իլհամ Ալիևին խնդրել էր ԱՄՆ կատարելիք իր առաջիկա այցի ժամանակ նախագահ Բուշին ներկայացնել տարածաշրջանում ստեղծված իրական վիճակը: Ինչն էլ արվեց Ալիևի կողմից և հավաստիացում ստացվեց, որ ԱՄՆ-ն հակված է խաղաղ ճանապարհով կարգավորել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչվող հարցերը:

Այս ամենից սիրտս նեղվեց. որոշեցի հայկական թերթեր կարդալ, որ մի քիչ ոգևորվեմ: Սկսեցի դրանք կարդալ: Այ մարդ, չկարդայի ավելի լավ էր: Դարձյալ գրում են, որ պարոն Սերժ Սարգսյանը քավորն է մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքների, քավորն է կենտրոնացված կերպով կաշառքների ձեռբերման, մաքսային համակարգում ներդրված կոռուպցիոն մեխանիզմների: Անդրանիկ Մարգարյանին էլ հանգիստ չեն թողնում: Գրում են, որ սեփականաշնորհման արդյունքում անաշխատ եկամուտներով հարստություն է դիզել: Կողքից էլ կճմթում են Արթուր Բաղդասարյանին, գրելով, որ այս մարդն էլ կասկածելի գումարներով դղյակ է կառուցել: Տեսան, որ չեղավ, էդ ո՞նց կլինի, որ դաշնակցականների հասցեին բան չասեին: Սրանց վրա էլ իրենք ներսից սարքեցին: Ընտրությունների կեղծարար, տխրահռչակ Սպարտակ Եղիազարյանին մեջտեղ հանեցին, որը և ոչ մի տեղ դաշնակցության անունը բացարձակապես չէր տվել, հանկարծ սկսեց «երգել» ռադիոլուրով` դաշնակցական մարզպետին ներքաշելով:

Պարոն Քոչարյան, էս ի՞նչ շրջապատում եք հայտնվել, էս ի՞նչ «կուպե» եք ընկել: Այ մարդ, որտեղ ձեռ ես տալիս` լխկած, կաշառակեր, կոռուպցիոներ, մաքսանենգ է: Սա ողբ է, որ մենք պետք է գիտակցենք: Տեսնում ես, թե հարևան երկրի նախագահին ինչ մակարդակով են ընդունում և ինչ հարցեր են վստահում, իսկ այստեղ ականատեսն ես դառնում, որ սեփական պաշտոնը երկարաձգելու համար իր հենարանին կազմակերպված կերպով վարկաբեկում է աշխարհով մեկ: Պարոն Քոչարյան, ճիշտ կլինի Դուք հրաժարական տաք: Կոալիցիան էլ անհրաժեշտ հետևությունը կանի դրանից: