XXI ԴԱՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՀԱՍՆԵՆ...
«Հայոց Աշխարհ, 5 -8. V. 2009:
Հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ցանկացած վերլուծություն դատապարտված է լինել ոչ ամբողջական, եթե հաշվի չառնվեն արտաքին քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում, այլև մեր սահմաններից դուրս ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում: Եվ սա արդի պայմաններում արտացոլումն է աշխարհի երկրների գնալով ավելի սերտ փոխշաղկապվածության, գլոբալիզացիայի:
Ուստի վերհիշենք, թե ինչպիսի՞ք էին վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք ուղղակի անդրադարձ ունեցան Հարավային Կովկասի երկրների վրա: Եվ այդ համապատկերում փորձենք բացահայտել դրանց միջև եղած կապը, պարզենք, որոնք են այդ գործընթացներում ընդգրկված հիմնական խաղացող երկրները և ուժի միջազգային կենտրոնները: Իսկ ամենակարևորը` աշխատենք պարզորոշ ձևակերպել, թե ի՞նչ շահեր են հետապնդում Հարավային Կովկասում հիմնական խաղացողները` Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ռեգիոնալ տերությունները` Թուրքիան ու Իրանը:
Ահա այս խնդիրների լուսաբանումից հետո նոր կկարողանանք ոչ միայն անկողմնակալ գնահատել այդ ամենի հետևանք հանդիսացող հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» աշխարհ գալու հանգամանքները, այլև ճիշտ հետևություններ անել, թե ի՞նչ նպատակներ էին հետապնդում թուրքական իշխանությունները, երբ «Sabah» թերթում ս.թ. ապրիլի 24-ին տպագրում էին այն 5 հարցերը (ինչն ամենևին էլ պատահական չէր), որոնք կազմում են «Ճանապարհային քարտեզի» բուն բովանդակությունը:
Եթե նման մոտեցմամբ առաջնորդվենք, ապա մեզ համար ավելի հասկանալի կլինի, թե ինչո՞ւ այդ փաստաթուղթը լույս աշխարհ եկավ Մեծ եղեռնի 94-րդ տարելիցի նախօրեին: Դրա լույսի ներքո մեզ համար ավելի հասկանալի կդառնան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում առկա երանգները` հայերենով «Մեծ եղեռն» բառակապակցության երկու անգամ օգտագործմամբ:
Եթե մեր վերլուծությունը չկառուցենք այս տրամաբանության շրջանակում, ապա այդ դեպքում դա պարզապես կվերածվի պարապ դատողությունների շարադրման, ինչը, անտարակույս, ժամանակի անիմաստ կորուստ կդառնա և՛ հոդվածի հեղինակի, և՛ ընթերցողի համար:
Եվ այսպես, փաստենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասը հայտնվել է ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Թուրքիայի ու Իրանի դիվանագիտական աննախադեպ ակտիվացման կիզակետում: Դրա մեկնարկը դրվեց 2008 թ. մայիսի 26-ին, երբ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Եվրախորհրդարանի Շվեդիայի ներկայացուցչի մասնակցությամբ Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդում հանդես եկան առաջարկությամբ` նախաձեռնել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը` դրան հրավիրելով մասնակցելու Հայաստանին, Ադրբեջանին, Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային և Բելոռուսին: Ծրագրին վերջինիս մասնակցության հարցը դրական լուծում գտավ միայն 2009 թ. փետրվարի 23-ին Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարների Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ:
Հռչակվեց, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի նպատակներն են` առևտրի ազատ գոտիների ստեղծման շուրջ բանակցությունների դյուրին պայմանների ապահովումը, Եվրամիության անդամ երկրների հետ ծառայությունների և գյուղմթերքների ազատ առևտրի կազմակերպումը, ինչպես նաև գործընկերության մասին պայմանագրերի կնքման ու վիզային ռեժիմի հեշտացմանն ուղղված հարցերի կարգավորումը: Ի դեպ, այստեղ նշենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը կհայտարարվի ս. թ. մայիսի 7-ին` Պրահայում նախատեսված ԵՄ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ:
«Արևելյան գործընկերության» մասին հայտարարվելուց մեկ ամիս անց Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-25-ին, պաշտոնական այցով գտնվելով Մոսկվայում` հայ համայնքի գործարար շրջանների և մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հանդես եկավ շատ համարձակ առաջարկով` Երևան հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու: Հրավերը չմերժվեց, սեպտեմբերի 6-ին Գյուլը ժամանեց Երևան:
Շարունակենք տարածաշրջանային զարգացումների ժամանակագրական շարադրանքը: Ասես թե ամենքի համար ճշմարտության պահեր էին, թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային քաղաքական ընտրանու կտրվածքով, երբ օգոստոսի 9-13-ը բռնկվեց վրաց-հարավ-օսական պատերազմը ու դրան հաջորդած զարգացումները: Այստեղ հարկ է հիշատակել մի կարևոր իրադարձության մասին ևս. օգոստոսի 11-ին, երբ պատերազմական գործողությունները գնալով թեժանում էին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ «Կովկասյան ալյանսի»` «Խաղաղության պակտի» ձևավորման առաջարկով:
Կարճ ժամանակ անց նա պաշտոնական այցով եղավ Մոսկվայում: Թուրքիայի վարչապետի նախաձեռնությունն արժանացավ Ռուսաստանի իշխանությունների հավանությանը: Էրդողանն իր այս առաջարկը օգոստոսի 20-ին վերաձևակերպեց «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ» պաշտոնական անվանմամբ: Այդ համագործակցության շրջանակների մեջ Թուրքիան առաջարկում է ընդգրկել Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև ԱՄՆ-ին ու Ռուսաստանի Դաշնությանը:
Այս համատեքստում ուշագրավ է և այն, որ Հարավային Կովկասում արձանագրվեց երկու անկախ պետությունների հռչակում` 2008 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:
Առանձնահատուկ հիշատակության է արժանի 2008 թ. հուլիսի 3-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Ադրբեջան ու այնտեղ Իլհամ Ալիևի հետ «Ադրբեջանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին» հռչակագրի ընդունումը ու դրան հաջորդած հոկտեմբերի 20-22-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Ինչո՞ւ ենք առանձնապես կարևորում այս այցերը, որովհետև դրանք հնարավոր դարձրին նոյեմբերի 2-ին Մայենդորֆյան հռչակագրի ընդունումը: Հռչակագիր, որը, ըստ էության, զգալիորեն նվազեցրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծումը, որի վտանգն անտեսելը Հայաստանի կողմից կլիներ քաղաքական բախտախնդրություն: Չմոռանանք նաև, որ 2008 թ. դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին գործերի նախարարները, Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները ընդունեցին հայտարարություններ, որոնք միանգամայն համահունչ են Մայենդորֆյան հռչակագրին: Այստեղ հարկ է նաև հիշատակել վերջերս Մոսկվայում կայացած Ալիև-Մեդվեդև ու Սարգսյան-Մեդվեդև հանդիպումները:
Մեծ նշանակություն և կարևորություն են ներկայացնում Նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն և դրա ընթացքում ձեռքբերված տնտեսական ու ռազմավարական համագործակցության լուրջ երանգներ ունեցող պայմանավորվածություններն ու այն գնահատականները, որոնք տրվեցին Նախագահ Սարգսյանի կողմից մեր փորձության տարիների բարեկամ Իրանի իշխանություններին և ժողովրդին:
Եվ, վերջապես, խոր մտորումների տեղիք են տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաև դրան նախորդած Հիլարի Քլինթոնի մարտ-ապրիլյան պաշտոնական այցերը Թուրքիա:
Ահա, երբ այս աչքի զարնող դիվանագիտական ակտիվությամբ բոլոր փաստերը համադրում ես, ապա գալիս ես մի եզրակացության, այն է` մեր տարածաշրջանում խաչվել են աշխարհիս հզորներից ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրամիության շահերը: Եվ ստեղծված վիճակում տրամաբանական է ենթադրել, որ ռեգիոնալ խոշոր պետությունները` Իրանն ու Թուրքիան, կանեն ամենը, որ տարածաշրջանային հնարավոր զարգացումների պայմաններում պահպանվեն իրենց պետական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են, եթե չասենք, որ շատ դեպքերում մտնում են սուր հակասության մեջ վերոհիշյալ ուժի միջազգային կենտրոնների շահերի հետ:
Ինչո՞վ է պայմանավորված տարածաշրջանային աչքի զարնող վերջին շրջանի ակտիվությունը:
Վիճարկվող խնդիրը մեկն է` թե՛ Կասպից ծովի և թե՛ Կենտրոնական Ասիայի նավթային ու գազային պաշարները ի՞նչ ճանապարհով, ո՞ր երկրների տարածքով կհասցվեն Հարավային և Արևելյան Եվրոպա, Եվրամիության անդամ երկրներին: Այս հարցերն ամենայն սրությամբ դրվեցին, երբ 2005-2006 թթ. և 2008-2009 թթ. ջեռուցման ձմեռային սեզոնին ծագեցին ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտները, որ հրահրել էին երրորդ ուժերը: Գազային անհամաձայնությունների պատճառով եվրոպացիների համար հրամայական դարձավ գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու խնդիրը` նպատակ ունենալով թուլացնել Եվրամիության անդամ երկրների կախվածությունը ռուսաստանյան գազամատակարարումից:
Իսկ որո՞նք են էներգակիրների մատակարարման այլընտրանքային հնարավոր ճանապարհները: Դա նախևառաջ Ռուսաստանը շրջանցող «Nabucco» գազատարի շինարարությունն է: Ինչպես նաև մարտի 23-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ու վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ստորագրած հռչակագիրն է, համաձայն որի Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային տրամադրել 2,5 մլրդ դոլար (միջազգային երեք բանկերի մասնակցությամբ) երկրի գազատրանսպորտային համակարգը արդիականացնելու նպատակով: Ինքնին հասկանալի է, որ եթե այդ ծրագիրը իրագործվի, ապա զգալիորեն կաճի Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի թողունակությունը:
Ավելին` համաձայն այդ հռչակագրի, Ռուսաստանը պետք է սեփական գազը վաճառի Ուկրաինային Ռուսաստան - Ուկրաինա սահմանագծին: Այս ամենն իր հերթին խիստ հարցականի տակ կդնի Բալթիկ ծովի հատակով կառուցվող ռուս-գերմանական «Հյուսիսային հոսք» («Северный поток»- «Nord Stream») գազատարի նպատակահարմարությունը: Հիշեցնեմ, որ այդ գազատարը, որի կառուցումը կպահանջի շուրջ 7,4 մլրդ եվրո ներդրում, ունենալու է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր թողունակություն: Այսինքն` այդ ծավալի գազ է տեղափոխվելու Բալթիկ ծովի ՌԴ սահմանից Դաշնային Գերմանիա (ծովի հատակով)` ազատելով Ռուսաստանին Ուկրաինայի տարածքով գազային տրանզիտի գլխացավանքից: Նշենք, որ գազատարի շինարարությունը սկսվել է 2007 թ. նոյեմբերի 5-ին և շահագործման հաշվարկային ժամկետ է սահմանված 2010 թ. աշունը:
Բնական է, որ ՌԴ իշխանությունները չէին կարող անհետևանք թողնել գազային տրանզիտի շուրջ ծավալվող այդ զարգացումները: Եվ, ահա, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 20-21-ին, երբ պաշտոնական այցով Ֆինլանդիայում էր, հայտարարեց, որ ՌԴ-ն Եվրոպայի իր գործընկերներին առաջարկում է հիմնատար (բազային) փաստաթուղթ, որը կանոնակարգում է էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության հարցերը, այդ թվում՝ տրանզիտային համաձայնության վերաբերյալ առաջարկները: Համաձայն Ռուսաստանի ներկայացրած «Էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության նոր հիմնարար (բազային) իրավական հայեցակարգային մոտեցումներ» առաջարկի, գազ մատակարարող երկրներին իրավունք է վերապահվում մուտք գործել մինչև գազի վերջնական սպառողները: Ինչպես տեսնում ենք, մեր օրերում էլ էներգակիրների մատակարարման խնդիրները շարունակում են մնալ թեժ քննարկումների առարկա:
Այժմ անդրադառնանք եվրոպացիների առաջարկած այլընտրանքային գազատարին` «Nabucco»-ին: Դա 3,3 հազար կիլոմետր երկարությամբ նախագծվող գազատար է, որը հնարավորություն կընձեռի Կենտրոնական Ասիայից (Թուրքմենստան, Ուզբեկստան), ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրի գազը Թուրքիայի, ապա հարավ-եվրոպական երկրների տարածքներով հասցնել Ավստրիա ու Գերմանիա: Այդ գազատարի նախագծային հզորությունն է տարեկան 26-32 մլրդ խմ գազի թողունակություն: Գազատարի նախագծային արժեքը 7,9 մլրդ եվրո է: Դրա շինարարությանը մասնակցելու են ավստրիական, թուրքական, բուլղարական, ռումինական, հունգարական և գերմանական կազմակերպություններ: Գազատարը, համաձայն նախագծի, կառուցվելու է` շրջանցելով Ռուսաստանը:
Ի սկզբանե նախատեսված էր, որ այդ գազատարին պետք է գազ մատակարարեն նաև Իրանի «Հարավային Պարս» հանքավայրը (տարեկան հզորությունն է 15-25 մլրդ խմ), ադրբեջանական Շահ-Դենիզը (8 մլրդ խմ տարեկան հզորությամբ) և թուրքմենական Դովլեթաբադ ու այլ հանքավայրերը (տարեկան 20-30 մլրդ խմ հզորությամբ):
Հասկանալի է, որ Ռուսաստանն ամենևին էլ շահագրգռված չէ այդ նախագծի իրագործմամբ, քանի որ ինքն է հանդես գալիս «Nabucco»-ին այլընտրանքային` «Հարավային հոսք» («Южный поток»-»South Stream») գազատարի շինարարության նախաձեռնությամբ: Հիշեցնեմ, որ «Հարավային հոսքը» ռուս-իտալական նախագիծ է, որը ենթադրվում է, որ պետք է անցնի Սև ծովի հատակով` Նովոռոսիյսկից բուլղարական Վառնա, այնուհետև գազատարը ճյուղավորվելու է Բալկանյան թերակղզի, այնտեղից էլ Իտալիա և Ավստրիա: Ծովի հատակով գցված գազատարի 900 կմ երկարությամբ հատվածը հավասարապես (50% մասնաբաժիններով) պատկանելու է ռուսական «Գազպրոմին» և իտալական «Eni»-ին, տարեկան թողունակությունը կազմելու է 30 մլրդ խմ գազ: Նախագծի ներդրումային արժեքն է շուրջ 25 մլրդ եվրո:
Այստեղ հարկ է նաև հիշատակել «Երկնագույն հոսք» («Голубой поток»-«Blue Stream») գազատարի մասին, որը կապում է Ռուսաստանը (սևծովային Արխիպովո-Օսիպովկան) Թուրքիայի տարածքում գտնվող «Դուրուսու» տերմինալի հետ (Սամսուն քաղաքից 60 կմ հեռավորության վրա): Գազատարի երկարությունը 1213 կմ է, որի ծովային հատվածի երկարությունը կազմում է 396 կմ` տարեկան 16 մլրդ խմ գազի տեղափոխման թողունակությամբ: 3,2 մլրդ դոլար արժողությամբ այդ գազատարը շահագործման է հանձնվել 2003 թ. փետրվարին: Ուշագրավ է, որ գազի մատակարարման առավելագույն ծավալը դեպի Թուրքիա արձանագրվել է 2007թ.` 9,5 մլրդ խմ: Ծրագրված է, որ 2009 թ. այն տարեկան կազմելու է 14 մլրդ խմ, իսկ 2010 թ.` 16 մլրդ խմ գազ:
Հասկանալի է, որ թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը, գիտակցելով սեփական երկրների աշխարհագրական դիրքերի ակնհայտ առավելությունը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գազի տեղափոխման գործում, փորձում են առավելագույնը շահել դրանից: Արդեն իսկ Թուրքիան ավելի կարծրացած դիրքերից է խոսում Եվրամիությանն անդամակցելու իրեն ներկայացված առաջարկների կատարման շուրջ, չափազանցություն չի լինի ասել, որ շանտաժի է ենթարկում եվրոպացիներին` հայտարարելով, որ դուրս կգա «Nabucco» ծրագրից:
Իսկ Ադրբեջանի քեֆին էլ քեֆ չի հասնում, երևանյան բարբառով ասած, խաղեր է, որ տալիս է: Մասնավորապես, անցած օրերին, գտնվելով Մոսկվայում, Իլհամ Ալիևը հարցազրույց տալով «ԻՏԱՌ-ՏԱՍՍԻՆ» և «Վեստիին», նախ գլուխ գովեց, թե ներկայումս Ադրբեջանը տնօրինում է տարեկան ավելի քան 20 մլրդ խմ գազային ռեսուրս, իսկ Ադրբեջանի ապացուցված գազի պաշարները կազմում են 2 տրլն խմ, ավելին, հեռանկարում այդ ծավալը կարող է հասնել 5 տրլն խմ-ի: Այս տպավորիչ թվերը հիշատակելուց հետո նա հավելեց, որ կարևոր է Ռուսաստանի հետ գալ հնարավոր համաձայնության` տրանզիտի խնդիրները լուծելու նպատակով, պատրաստակամություն հայտնեց գազի գնում - վաճառքի հարցերը Ռուսաստանի Դաշնության հետ կարգավորելու գործում:
Ադրբեջանի նախագահի ակնարկն ինքնին հասկանալի էր` նկատի ունենալով Ռուսաստանի շահագրգռությունը Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի գազը սեփական երկրի տարածքով տեղափոխելու հարցում: Իսկ լրագրողների հարցին` արդյո՞ք ադրբեջանական նավթագազային ընկերությունները կմասնակցեն «Nabucco» ծրագրին, նա տվեց խուսափողական պատասխան: Իլհամ Ալիևն ասաց, որ այդ նախագիծը քննարկվում է և, իհարկե, ցանկացած երկրի համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: «Ինչքան մեծ է շուկան, այնքան մեծ է մրցակցությունը, այդքան լավն է գինը, այդքան շատ են երաշխիքները, որ մատակարարումները այս կամ այն պատճառով չեն ընդհատվի», - ահա այսպիսին էր Ի. Ալիևի պատասխանը: Դրա համար, չթաքցրեց նա, ադրբեջանցիները, անշուշտ, շահագրգռված են մասնակցել այդ նախագծին, եթե այն իրականանա: Ժողովրդական լեզվով ասած` հերթական անգամ ռուսներին թասիբի գցեց:
Նշենք, որ «Nabucco»-ի տարբերությունը և գրավչությունն այլ նախագծերից, ի մասնավորի նրանցից, որոնց Ադրբեջանը ներկայումս մասնակցում է, այն է, որ «Nabucco»-ի պարագայում նախագծի շինարարությունը ոչ թե մատակարարողի, այլ սպառողի խնդիրն է: Չնայած պաշտոնական այցի ժամանակ Ռուսաստանին հանգստացնող հավաստիացումներին ու խոստումներին` ՌԴ-ին դիտել գազամատակարարման և տրանզիտի գլխավոր գործընկեր, դա բացարձակապես չխանգարեց նույն Իլհամ Ալիևին 2009 թ. ապրիլի 24-25-ին Սոֆիայում մասնակցել «Բնական գազ Եվրոպայի համար: Անվտանգություն, հուսալիություն և գործընկերություն» համաժողովին: Դրա եզրափակիչ փաստաթղթում 29 մասնակից երկրների ղեկավարներ ընդունեցին փոխզիջումային որոշում` կարևորելով, թե՛ «Nabucco»-ի և թե՛ «Հարավային հոսք» իրար մրցակից հանդիսացող նախագծերի իրագործման արդիականությունը:
Այդ խորհրդաժողովի հետաքրքիր կողմերից էր նաև այն, որ ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը, որը ներկայացնում էր Միացյալ Նահանգները, մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ չեզոք դիրքերից` նշելով, որ «Հարավային հոսքը» շատ թանկ նախագիծ է և դրա ֆինանսական կառուցվածքի հետ կապված կան շատ հարցեր»: Խոսելով «Nabucco»-ի այլընտրանքային գազատարի մասին, ԱՄՆ ներկայացուցիչը նաև ասել էր, որ դրա իրագործումը, «շատ կարևոր» լինելով հանդերձ, չի կարող լինել բոլոր չարիքների համադարման:
Պարզից էլ պարզ է, որ պաշտոնական Բաքուն իր արտաքին քաղաքականության հիմքում դրել է ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության կողմից մեր տարածաշրջանում հետապնդվող իրարամերժ նպատակների շահարկման գաղափարը:
Դրան հակառակ, պաշտոնական Երևանը` վարելով կանխատեսելի ու հավասարակշռված քաղաքականություն, դիրքավորում է Հայաստանը Հարավային Կովկասում որպես լուրջ և կայուն աշխարհաքաղաքական օբյեկտի և ոչ երբեք սուբյեկտի: Ասվածի օգտին է աշխատում նաև (ի թիվս այլ գործոնների) հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հանգամանքը: Բոլոր շահագրգիռ երկրների համար էլ հասկանալի է, որ մեր տարածաշրջանում միլիարդավոր դոլարների հասնող նախագծերի իրականացումը մեծապես պայմանավորված է լինելու այստեղ կայուն խաղաղություն հաստատելու երաշխիքներով: Պարտադիր մի նախապայման, որի ապահովումն անհնարին կլինի առանց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարի կամքի դրսևորման:
Ահա այս բուռն զարգացումների ներքո հասկանալի են Էրդողանի և Ալիևի չափից դուրս ինքնավստահ լինելու դրդապատճառները: Ավելին՝ Թուրքիան քաջ գիտակցում է նաև, որ ԱՄՆ նոր նախագահը, որն իր նախընտրական ելույթներում քանիցս կրկնել էր, որ մեկ-մեկուկես տարվա ընթացքում Իրաքից հիմնականում դուրս կբերվեն ԱՄՆ զորքերը և զինտեխնիկան, կամա թե ակամա, կարևորեց թուրքական «Ինջիրլիկ» օդանավակայանը, ինչպես նաև Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստների նշանակությունը սպասվելիք գործընթացներում: Հասկանալի պատճառներով Իրաքից Սիրիայի և Իրանի վրայով ամերիկյան զինուժի դուրսբերումն այսօր իրական չէ: Այս հանգամանքը նույնպես շատ ոգևորեց թուրքական իշխանություններին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի «խռովելուն» Թուրքիայից` պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ, ապա սա շատ պարզ, երկուստեք շահավետ քաղաքականություն է: Թուրքիան դա կփորձի «թանկ ծախել» ԱՄՆ-ին և Եվրամիությանը, ներկայացնելով, թե ինչ «մեծ» կորուստներով է հղի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:
Մասնավորապես, թուրքական կողմը իր դժգոհությունն է հայտնում, որ հարվածի տակ են դրվում նրա և իր մերձավոր դաշնակցի` Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ադրբեջանն էլ «նեղացածի» կեցվածք ընդունելով` միաժամանակ հասկացնել է տալիս Ռուսաստանին, առ այն, թե ինչ աստիճանի է զգայուն Հայաստանի նկատմամբ դրական երանգներ ունեցող ցանկացած հարցի առնչությամբ, անգամ իսկ Թուրքիայի նման բարեկամ երկրի պարագայում: Այնպես որ, գործում է ժողովրդական բանահյուսության, այս դեպքում արդեն` քաղաքական դրսևորումը. Թուրքիա քեզ եմ ասում, Ռուսաստան հետևություն դու արա:
Կարծում եմ, որ ներկայիս ռուսական քաղաքական իշխանությունները շատ լավ ծանոթ են թուրք-ադրբեջանական, իրենց էությամբ բյուզանդական դիվանագիտությանը ներհատուկ նման հնարքին: Հաշվարկը պարզ է. փորձել գտնել սեփական երկրների համար առավել նպաստավոր հանգրվան մեր տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նոր բևեռում:
Այստեղ հարկ է հիշենք, որ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների անխուսափելիության մասին կանխատեսումներն արվել էին դեռ 2007 թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 10-ին Մյունխենում կայացած «Անվտանգության քաղաքականության հարցեր» միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում և հետագայում էլ դրանք գործնական, պրագմատիկ քաղաքական հարթության վրա են դրվել արդեն իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդևի 2008 թ. հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Էվիանում կայացած Համաշխարհային քաղաքականության հարցերին նվիրված կոնֆերանսում ունեցած ելույթում:
Այո, ժամանակները փոխվել են, այլևս Էրդողանը և Գյուլը «ռուսաց թագավորներին» մոլորության մեջ գցող նամակներ չեն գրի, ինչպես դա տեղի էր ունեցել 1920 թ. ապրիլի 26-ին, երբ Մուստաֆա Քեմալը նամակ էր հղում Լենինին` հայկական հողերին տիրելու ու տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը բարձրացնելու նպատակով: Այսօրվա Ռուսաստանի Դաշնության առաջնորդները` Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը պրագմատիկ, «դերժավնիկ» լիդերներ են, որոնք, կարծում եմ, լավ էլ գիտակցում են մեր տարածաշրջանում արդի Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող կայսերապաշտական քաղաքականության վտանգները: Վտանգներ, որոնք հմտորեն քողարկվում են խաղաղասիրական զանազան պլատֆորմների պատմուճաններով:
XXI դարում չեն կարող ստորագրվել 1921թ. Կարսի պայմանագրի ոգով գրված նոր պայմանագրեր: Ինչպես կասեր իմ լավ ուսուցիչներից Ալեքսան Կիրակոսյանը, «Ներկայիս ժամանակներն այլ են»: Կարծում եմ, ակնհայտ են դառնում Թուրքիայի նկրտումները, երբ նրանց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլկեր Բաշբուգը մամուլի ասուլիսում արդեն իսկ պահանջներ է ներկայացնում պաշտոնական Երևանին` մեր երկրի «Անկախության հռչակագրի» այն դրույթի վերաբերյալ, որտեղ հիշատակված է Արևմտյան Հայաստանը, պարզաբանումներ է պահանջում 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի առնչությամբ: Վերակենդանացնելով Կարսի պայմանագիրը, Թուրքիան հիմա էլ Ռուսաստանի Դաշնությանը փորձում է մոլորեցնել` առաջարկելով Հարավային Կովկասի, Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետ (ինչի մասին վկայում է Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Մարկովի վերջերս խնդրո առարկայի շուրջ հրապարակած հոդվածը) ձևավորել Եվրամիության նմանությամբ մի նոր միություն: Դրանով իսկ առաջ է տարվում Էրդողանի հեղինակած «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ» նախագծի տակ միջազգային իրավունքի իրավական բազայի հիմնավորումը, այն է` ՀՀ-ի կողմից Կարսի պայմանագրի ճանաչմամբ միջազգային իրավունքի տեսանկյունից, դրա լույսի ներքո պաշտոնական Երևանն այլևս և ոչ մի պահանջատիրական խնդիր չի կարող ունենալ Թուրքիայի նկատմամբ:
Թուրքերն իրենց հաշվարկում հաշվի չեն առել մի շատ կարևոր գործոն` Հարավային Կովկասում համագործակցության ու կայունության հաստատումն անհնարին է առանց Իրանի ամենաակտիվ մասնակցության: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությունը Թուրքիայի կողմից առաջարկվող Կովկասի այս ձևաչափին, առաջին հերթին, բխում է հենց Հայաստանի պետական շահերից: Հատկապես հաշվի առնելով այն համաձայնությունները, որ կայացել են Հայաստանի ու Իրանի միջև Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին պաշտոնական այցի ժամանակ: Մի դիտարկում ևս: Կարծում եմ, սխալ կլինի անտեսել Իրանի իշխանությունների հնարավոր վերաբերմունքը 1921թ. Կարսի պայմանագրի արդիականացման գործընթացի կապակցությամբ: Վերստին հիշենք, որ այդ պայմանագրի հոդված 5-ի համաձայն Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պարտավորվել էին ճանաչել Նախիջևանի մարզի հիման վրա ինքնավար հանրապետության հռչակումը Ադրբեջանի հովանավորության ներքո: Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք ու երբեք գոհունակություն չի հայտնի Հայաստանին Կարսի պայմանագրի ճանաչման կապակցությամբ թեկուզև այն պատճառով, որ Հյուսիսային Իրանի տարածքը, պատմական մեր Ատրպատականը, ամբողջությամբ բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով, որոնց անջատողական նկրտումները քանիցս հանգեցրել են արյունահեղության:
Ահա այս բոլոր մանրամասների համատեքստում անհրաժեշտ է հստակ կողմնորոշվել, թե ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն պետք է վարեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի տարածաշրջանում ընթացող զարգացումներից կարողանան պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը: Եվ այստեղ անհրաժեշտ է նշել, որ ճիշտ կողմնորոշվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համար լավ հեռանկարներ կարող են բացվել:
Առաջին պարտադիր պայմանն այն է, որ հարկ է կարողանալ պարզորոշ պատասխաններ գտնել այն հարցին, թե որո՞նք են Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետաքրքրությունները, ինչպիսի՞ն են Թուրքիայի ու Իրանի հեռահար նպատակները: Ապա այդ ամենից հետո անհրաժեշտ է ձևակերպել մեր երկրի դերակատարությունը, հնարավոր մասնակցությունն այդ գործընթացներին` գնահատելով դրանք ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից:
Արդարացված կլինի, եթե մենք մեր վերլուծությունների առանցքում նկատի ունենանք, որ Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին առավել ներգրավված են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, նաև, բնականաբար, Իրանն ու Թուրքիան:
Եվ այստեղ հարկ է նշել, որ ուժի միջազգային այդ երեք կենտրոնները մեր տարածաշրջանում հետապնդում են ոչ միշտ համընկնող, երբեմն էլ ուղղակի հակասող շահեր: Օրինակ, եթե Միացյալ Նահանգների ու Եվրամիության շահերը «Nabucco»-ի կառուցման հարցում համընկնում են, հաշվի առնելով, որ այդ գազատարը, շրջանցելով Ռուսաստանի Դաշնության տարածքը, կթուլացնի եվրոպական երկրների կախվածությունը Ռուսաստանից, ապա այդ նույն հեռանկարը խիստ հակասում է վերջինիս շահերին:
Ինքնին հասկանալի է, որ ներկայիս ՌԴ-ն, մեր տարածաշրջանում ունենալով շատ ավելի մեծ դերակատարություն, շահագրգռված է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը` Կենտրոնական Ասիայից և Կասպից ծովից արտահանվող գազը տեղափոխելով հենց իր տարածքով: Ըստ որում, Ռուսաստանի իշխանություններն արդեն հայտարարում են իրենց պատրաստակամության մասին` արտահանման ենթակա գազի ամբողջ քանակը գնել Ռուսաստանի սահմանին, այն էլ բավական բարձր սակագնով: Թեկուզ այս շահերի առկա հակասությունը, որն անմիջականորեն կապված է մեր հարևանների հետ, կարող է Հայաստանի համար լուրջ մարտահրավերի առաջացման պատճառ դառնալ: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս անպայման պետք է հաշվարկի, թե որոնք են Միացյալ Նահանգների կենսական շահերը մեր տարածաշրջանում և ոչ միայն գազատարի տրանզիտային ճանապարհներով պայմանավորված, որոնք են Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության շահերը:
Չափազանց կարևոր է, որ անպայմանորեն ընդունվի սկզբունքային այնպիսի մոտեցում, որը կբացառի ցանկացած փորձ կառուցելու սեփական արտաքին քաղաքականությունը` խարսխված մեր տարածաշրջանում գերտերությունների հակասությունների շուրջ մանևրելու վրա: Նման քաղաքականությունը շատ ու շատ վտանգավոր է, պարզապես բախտախնդրություն կլինի: Մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը փորձենք իրականացնել` համադրելով ուժի միջազգային այդ երեք կենտրոնների շահերը այս տարածաշրջանում:
Բնականաբար, հարց է ծագում` կա՞ն արդյոք ընդհանուր ելակետեր: Պարզվում է, որ կան: Հիշատակած երկրները, այո, շահագրգռված են (թեպետ տարբեր դրդապատճառներից ելնելով), որ Հարավային Կովկասում հաստատվի կայուն խաղաղություն: Արևմուտքը չի ցանկանա, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի տրանզիտային ճանապարհների հարևանությամբ ծավալվեն ռազմական գործողություններ, առավել ևս, երբ դեռ անկայուն է վիճակը Իրաքում, հանգիստ չեն էթնիկ քրդերով բնակեցված թուրքական գավառները, դեռ ծխում է Մերձավոր Արևելքի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:
Ռուսաստանի Դաշնությունը նույնպես չի ցանկանա, որ իր երկրի հարավային սահմանների մոտ վիճակը սրվի, առավել ևս, երբ այդտեղ դեռ վերջնականապես չեն հաղթահարվել Հյուսիսային Կովկասի ծայրահեղականների` զոհերով ուղեկցվող ոտնձգությունները: Էլ չասենք ռուս - վրացական լարված հարաբերությունների, նորանկախ Աբխազիայի, Հարավայի Օսիայի ու Վրաստանի միջև գոյություն ունեցող լարվածության մասին:
Այստեղ անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ սեփական արտաքին քաղաքականությունը իրագործելիս մենք հաշվարկենք, որ դա հանկարծ չհակասի Իրանի շահերին` հաշվի առնելով մեր երկրների բարիդրացիական կապերն ու հեռահար դրական նպատակներ հետապնդող պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջերս Նախագահ Ս. Սարգսյանի Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Ամփոփելով նշենք, որ Հարավային Կովկասում լուրջ դերակատարություն ունեցող բոլոր երկրներն էլ, տարբեր դրդապատճառներով, շահագրգռված են, որ Հարավային Կովկասում տևական ու ամուր խաղաղություն հաստատվի:
Ահա տարածաշրջանային զարգացումների այս համապատկերում ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը հրապարակ է գալիս Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից Շվեյցարիայում ընդունված «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը: Ուշագրավ է, որ դրա ընդունման հաջորդ իսկ օրը` ապրիլի 24-ին, թուրքական կառավարական շրջաններին մոտ կանգնած «Sabah» թերթում տպագրվում է (հայտնի ձևակերպմամբ` նախաբանում վկայակոչելով իրենց մոտ կանգնած արտգործնախարարության հավաստի աղբյուրները` պարզվեց, որ...) «Ճանապարհային քարտեզի» 5 կետից բաղկացած մի փաստաթուղթ:
Հրապարակված կետերից երկուսը մեզ լուրջ խորհելու տեղիք են տալիս: Առաջին կետի համաձայն` Հայաստանը պետք է ճանաչի Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև 1921թ. կնքված Կարսի պայմանագիրը: Համաձայն երկրորդ կետի` Հայաստանն ու Թուրքիան պետք է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծեն` «ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու համար»: ՀՀ-ի կողմից Կարսի պայմանագրի ռատիֆիկացիայի հնարավոր հետևանքների մասին արդեն իսկ ասվել է: Ինչ վերաբերում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին, ապա, կարծում եմ, խնդրո առարկայի շուրջ քաղաքականություն իրականացնելիս մեր դիվանագետները պետք է առանձնահատուկ շեշտադրեն, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են աշխարհի 20 երկրներ, այդ թվում` նաև Ռուսաստանի Դաշնությունն ու Ֆրանսիան:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա հարկ է որպես զորեղ կռվան օգտագործել հետևյալ հանգամանքը. 2007 թ. հունվարի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Շիֆը, Ռադանովիչը, Փալոնը, Նոլենբերգը, Շերմանը և Մակոտերը արտաքին հարաբերությունների կոմիտե էին ներկայացրել բանաձև, որը հաստատում էր ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա փաստաթղթերի ռեեստրը: Այդ փաստաթուղթն էլ կազմեց 110-րդ գումարման Կոնգրեսի և 106 բանաձևի առանցքը: Այդ բանաձևում բերված էին ԱՄՆ նախագահների, Կոնգրեսի նախկինում ընդունած բանաձևերից մեջբերումներ, որոնցում ուղղակիորեն հիշատակվում էին 1500000 հայերի ցեղասպանության կամ ոչնչացման փաստերը: Օրինակ, փաստաթուղթ, որտեղ մասնավորապես բերված են 1981թ. ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ուղերձից (ելույթ 4838) մեջբերում, ուր նա ասում է. «Ինչպես առաջներում իրագործված Հայերի ցեղասպանությունը, և ինչպես ուրիշ շատ այլ փաստեր ուրիշ շատ ժողովուրդների հետապնդման, «Հոլոքոստը» երբեք չպետք է մոռացվի»:
Խոսուն փաստ է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 148 համատեղ բանաձևը` ընդունված 1975 թ. ապրիլի 8-ին, որով որոշվել է` «Սույնով 1975 թ. ապրիլի 24-ը նշանակվել է որպես «Մարդու նկատմամբ մարդու կողմից անմարդկայնության Ազգային հիշատակի օր» և Միացյալ Նահանգների նախագահը լիազորված է ելույթ ունենալ պրոկլամացիայով` կոչ անելով ԱՄՆ-ի ժողովրդին դիտարկել այդ օրը որպես ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակի օր, հատկապես հայկական ծագում ունեցող՚:
Հիշատակման արժանի է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 1984 թ. ապրիլի 10-ին ընդունած համատեղ բանաձևը, որում ասվում է. «1985 թ. ապրիլի 24-ը սույնով ճանաչվում է որպես «Մարդու նկատմամբ մարդու կողմից անմարդկայնության Ազգային հիշատակի օր» և Միացյալ Նահանգների նախագահը լիազորված է ելույթ ունենալ հայտարարությամբ (պրոկլամացիայով)` կոչ անելով ԱՄՆ-ի ողջ ժողովրդին այդ օրը դիտարկել որպես ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակի օր, հատկապես մեկուկես միլիոն հայկական ծագում ունեցող մարդկանց»:
Այս և բազմաթիվ այլ երկրների կողմից ընդունված նման փաստաթղթերը պարտավորեցնում են հայ դիվանագիտությանը, բարձրագույն իշխանություններին լինել շատ զգոն: Մենք իրավունք չունենք վիրավորել Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկի` Ռոնալդ Ռեյգանի հիշատակը, նախագահ, որն առաջին անգամ հնչեցրեց Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև չենք կարող վիրավորել ԱՄՆ ավելի քան 40 նահանգների ժողովրդին, որոնք նույնպես պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը: Մենք չենք կարող ցավ պատճառել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կառավարություններին ու ժողովուրդներին, որոնք, ինչպես վերը նշվել էր, նույնպես պաշտոնապես ճանաչել են 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Էլ չեմ ասում, որ անարդար կլինի մեր կողմից վիրավորել ավստրալացիներին, որոնք մեկ շաբաթ առաջ պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:
Այնպես որ, մենք պետք է խնդիր դնենք վերաձևակերպել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի պահանջը` պատրաստակամություն հայտնելով թուրքական իշխանություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ գտնվող բոլոր փաստաթըղթերը, խնդիր ունենալով օգնել թուրք պետական գործիչներին ու պատմաբաններին` վերստին համոզվելու Հայոց ցեղասպանությունը հաստատող անհերքելի ապացույցների մեջ: Առավել ևս կան Հայոց ցեղասպանությանը վերաբերող ամերիկյան ու եվրոպական արխիվներում եղած փաստաթղթերի հիման վրա կատարված գիտական ֆունդամենտալ հետազոտություններ, մասնավորապես, անվանի գիտնականներ Մկրտիչ Ներսիսյանի, Ջոն Կիրակոսյանի, Ստեփան Ստեփանյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Վահագն Տատրյանի աշխատությունները:
Ավելին, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներին կարելի կլինի նաև հուշել եվրոպական երկրների արխիվներում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվող սկզբնաղբյուրների ճշգրիտ անվանումները, ականատեսների վկայությունների հասցեները: Կարծում եմ, այսպիսին պետք է լինի խնդրո առարկայի շուրջ մեր արտաքին գործերի նախարարության որդեգրելիք քաղաքականությունը:
Եվ վերջում անդրադառնանք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի
24-ի ուղերձին: Կարծում եմ, մեր խնդիրն է համապատասխան առիթի դեպքում, հրապարակային ելույթներ ունենալիս շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին, որ նա, այնուամենայնիվ, չդրժեց նախընտրական իր խոստումը և երկու անգամ օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը, որը միջազգային իրավունքի լեզվով նույնն է, ինչ ցեղասպանությունը, իսկ հրեա ժողովրդի մոտ «Հոլոքոստը»:
Ավելին, Բարաք Օբաման, ինչպես Թուրքիայում, այնպես էլ ուղերձում վերահաստատեց, որ չի փոխել մի քանի անգամ նախկինում հայտնած իր տեսակետը, այն է` 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործվել է Ցեղասպանություն: Յուրաքանչյուր առաջնորդի կողմից արված ցանկացած հայտարարություն պետք է գնահատել քաղաքական այն ֆոնի վրա, երբ դա արվել է:
Արդարացի կլիներ, որ մենք չմոռանանք նախագահ Օբամայի մեկ այլ նախընտրական խոստման մասին ևս: ԱՄՆ նորընտիր նախագահը, ինչպես վերն ասվեց, խոստացել էր մեկ-մեկուկես տարում Իրաքից դուրս բերել ամերիկյան զորքերը: Կրկնեմ, այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում զորքերի դուրսբերման եզակի ճանապարհը Թուրքիայի տարածքով է` օգտագործելով թե՛ Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստները և թե՛ «Ինջիրլիկ» ռազմական օդանավակայանը: Իրաքին սահմանամերձ Սիրիայի ու Իրանի տարածքներով հասկանալի է, որ ներկա պայմաններում ամերիկյան զորքերի դուրսբերումը բացառվում է: Ինչ վերաբերում է Իրաք-Հորդանան սահմանին, ապա տվյալ ճանապարհն էլ հարմար չէ այդ նպատակի համար: Գիտակցելով այս ամենը` եզրակացությունը մեկն է. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձն աննախադեպ ազնիվ և բարոյական քայլ էր: Եվ համայն աշխարհի հայերս դա չպետք է ուրանանք: Չէ՞ որ հայերս շնորհակալ քրիստոնյա ազգ ենք...
Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր նորագույն պատմության, թերևս, ամենաբախտորոշ ու ամենահետաքրքիր ժամանակաշրջանը: Հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում ձեռնարկվում են համարձակ, նախաձեռնողական քայլեր: Եվ ստեղծված այս բարդ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ ներքին մտահոգիչ, թե՛ արտաքին վտանգավոր զարգացումների պայմաններում Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, համոզված եմ, նոր շունչ կհաղորդի վարվող քաղաքականությանը` նկատի ունենալով բոլոր բնագավառներում բարձր պրոֆեսիոնալիզմի տեր մարդկանց դերակատարության զգալի բարձրացումը: Նման մոտեցումը առավել քան պահանջված է:
Դրան այլընտրանք կլինի այն, որ անգամ իսկ, օրինակ, նախաձեռնողական հայանպաստ արտաքին քաղաքականությունը կարող է չընկալվել, եթե երկրի ներսում չկազմավորվի պրոֆեսիոնալների կուռ բանակ, որն ի զորու կլինի այդ քաղաքականության նրբերանգները դարձնել ժողովրդական ամենալայն զանգվածների սեփականությունը, հպարտության առարկան:
Մյուս կողմից, երկրի ներսում անհրաժեշտ է Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում իրականացնել հակաճգնաժամային այնպիսի քաղաքականություն, որը հավատ կներշնչի մեր մարդկանց, հույս կարթնացնի սեփական ուժերի, ապագայի նկատմամբ:
XXI դարում հաջողության կհասնեն այն ազգերը, այն պետությունները, որտեղ կհաղթանակեն այս և այլ պարզ ճշմարտություններ: