Արտաշես Գեղամյանի ելույթը «Խորհրդարանական ժամ» ծրագրում

22 սեպտեմբերի 2002թ.

Հարգելի հայրենակիցներ.նախ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հարյուրավոր մեր համաքաղաքացիներին, որոնք իրենց շահագրգիռ վերաբերմունքը դրսևորեցին Ազգային Միաբանություն կուսակցության կողմից մշակված և համաժողովրդական դատին ներկայացված ծրագրի վերաբերյալ:

Մեզ ոգևորում է այն, որ ծրագրի հրապարակումը այդքան ջղաձգություն առաջացրեց թե քոչարյանական վարչակազմի մոտ և թե նախկին իշխանություններին սատարող լրատվամիջոցներում: Կնշանակի այո, իրենք այդ ծրագրում տեսնում են այն վտանգը, որը կապացուցի ամբողջ հայ ժողովրդին, որ անգամ իսկ այս անցումային շրջանում, կարելի էր Հայաստանի Հանրապետությունը վարդի պես պահել, մինչդեռ թշվառություն է ամեն տեղ տիրում: Մեզ ոգևորեց նաև այն, որ բացի խանդի տեսարաններից, ջղաձգությունից և ոչ մի սկզբունքային առաջարկություն, որը կվիճարկեր մեր ծրագրային հիմնադրույթները, այդպես էլ չհնչեցին: Ուստի առաջիկայում մեկ-երկու շաբաթվա ընթացքում, այդ ծրագիրը կդրվի մեր համագումարի քննարկմանը և հաստատմանը: Համագումարը կհաստատի նաև առաջիկա նախագահական ընտրություններում, թե ով պետք է ներկայացնի ԱՄ կուսակցությունը:

Համագումարից անմիջապես հետո առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մենք կմշակենք և ձեր քննարկմանը, դատին կներկայացնենք ծրագրային հիմնադրույթների կատարման մեխանիզմները և լծակները: Թե ինչ օրենքներ լրացուցիչ պետք է ընդունվեն,  ինչ կազմակերպական, տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն, իսկ որն ամենակարևորն է արդեն նախագահական ընտրությունների նախաշեմին, մենք կհրապարակենք համառոտ հիմնադրույթները, որը ընթերցելիս յուրքանչյուրը կհասկանա ի՞նչ կստանա ինքը, իր ընտանիքը, իր օջախի անդամները այս ծրագրային հիմնադրույթների կատարման պարագայում:

Մենք, բավականաչափ ամուր ենք և ոգևորված, որովհետև ամենուր զգում ենք ժողովրդի սատարումը, զգում ենք այն հավատը, որով կամաց-կամաց լցվում է ժողովուրդը առ մեր կուսակցություն, առ այն արարիչ գործողությունների, որը մենք ներկայացրել ենք  Ձեր դատին: Համոզված եղեք, մենք ամուր ենք, տոկուն ենք, մեր շուրջ համախմբված են, արդեն իսկ հազարավոր մարդիկ, ամենատարբեր խավերի, ամենատարբեր դասերի, ինչու չէ նաև կլինեն դաշնակից բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ: Ապագան մերն է, ապագան լուսավոր է: