ԳՐԻԳՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՆԱ ԵԿԱՎ, ՈՐ ԼԱ՛Վ ԱՆԻ ԻՐ ԳՈՐԾԸ

01.10.2011, Ազգային գաղափար

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան – ծնվել է 1918թ. նոյեմբերի 24-ին, վախճանվել 2001թ. մայիսի 10-ին: Հայ խորհրդային պետական և հասարակական գործիչ: 1942թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-շինարար: 1960 թվականից` Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1942-45թթ. աշխատել է որպես ինժեներ, 1945-50թթ.` Լենինյան շրջգործկոմի կոմունալ բաժնի պետ, 1950-52թթ.` Երևան քաղաքի Լենինյան շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1952-56թթ.` նույն շրջգործկոմի նախագահ: 1956-58թթ. Երևանի փոխքաղաքապետն էր, 1958-60թթ.` «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը: 1960-62թթ. Գրիգոր Հասրաթյանը Լենինականի քաղաքապետն էր, իսկ 1962-ից մինչև 1975 թվականը` Երևանի քաղաքապետը, 1979-85թթ.` Մինիստրների խորհրդին կից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության պետը: 1985-1990թթ.` Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրեն: Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշանի ասպետ: 1998թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչման:

 

Ես պատկանում եմ այն երևանցիների սերնդին, որոնք սրտի առանձնակի թրթիռով ու ջերմությամբ են հիշում իրենց պատանեկության և երիտասարդության տարիները: Մենք չենք պատկերացնում այդ ժամանակները հարազատ քաղաքից դուրս, հպարտանում ենք նրանով, և այսօր սիրում ու փայփայում ենք այն ամեն լուսավորը, մաքուրը, ինչը կառուցվել և ստեղծվել է արդեն անցյալ XX դարի 60-70-ական թվականներին: Ուրեմն, որտե՞ղ փնտրել Երևանի հանդեպ սիրո և կապվածության, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի և մեկս մյուսի հանդեպ մեր առանձնակի ակնածանքի ակունքները: Եվ մեր քաղաքով հպարտ լինելու այս վիճակը հիմա, ավա՜ղ, պահպանվել է ոչ առաջին երիտասարդության երևանցիների մեջ: Ակամա հիշողությանդ մեջ արթնանում են մեր քաղաքի պատմության առանձնապես նշանավոր իրադարձությունները: Եվ այն հեռավոր 60-70-ականների այդ պատմությունը, թվում է, ամեն օր հարստանում էր վառ, անմոռանալի իրադարձություններով: Դրանք իրենց միասնության մեջ երևանցիներին` լինեին նրանք հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր ու եզդիներ, ասորիներ, հույներ, ներկայացնում էին որպես մեկ միասնական ընտանիք, որպես մարդկանց հանրություն, որոնց միավորում էր սերն իրենց քաղաքի հանդեպ: Ի՞նչն էր այդպես համախմբում քաղաքացիներին, ո՞վ էր նրանց այդքան ուժգին մտերմացրել քաղաքի ու մեկը մյուսի հետ: Գուցե բեմի մեծագույն վարպետներ Հրաչյա Ներսիսյա՞նը, Վահրամ Փափազյա՞նը, Վաղարշ Վաղարշյա՞նը, Ավետ Ավետիսյա՞նը, թե՞ հիասքանչ Մետաքսյա Սիմոնյանը: Էլ չեմ խոսում Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի մասին... Իսկ գուցե Երևանի ձգողական ուժը թաքնված էր մեծ գեղանկարիչներից մեկի` Մարտիրոս Սարյանի անկրկնելի երանգներում, կամ Գոհար Գասպարյանի ու Տաթևիկ Սազանդարյանի թովիչ ձայներում:

 

Գուցե քաղաքին անկրկնելի ձգողականություն էին հաղորդում տաղանդաշատ մարդկանց` Արամ Մերանգուլյանի և Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կոլեկտիվների կենսուրախ երգն ու պա՞րը: Իսկ գուցե կարոտում ենք Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի ու Համո Սահյանի վեհ, միաժամանակ և՛ ողբերգականությամբ, և՛ կենսահաստատությամբ լի բանաստեղծություններին: Չէ՞ որ նրանց պոեզիան այն ժամանակ պարուրում էր երևանցիների, հատկապես` երիտասարդների սիրտն ու հոգին: Գուցե թախծում ենք Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Կոնստանտին Օրբելյանի (իր հռչակավոր ջազ-բենդով) հոգեթով, ջերմ քնարականությամբ, միևնույն ժամանակ էությունդ կլանող մեղեդիների կարոտով: Գուցե իրենց քաղաքով երևանցիների հրապուրվածությունը պայմանավորված էր քարի մեջ թաքնված այն սիմֆոնիայով, որը մեր վարդագույն քաղաքը տարբերում էր աշխարհի մյուս քաղաքներից ու մայրաքաղաքներից: Իրենց քաղաքին սիրահարված նշանավոր ճարտարապետներ Ռաֆո Իսրայելյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Արթուր Թարխանյան, Հրաչիկ Պողոսյան, Սպարտակ Խաչիկյան, շնորհաշատ գեղանկարիչներ Մինաս Ավետիսյան, Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Հենրիկ Սիրավյան, Սլավա Պարոնյան, ինքնատիպ, տաղանդավոր երևանցի Ռուդոլֆ Խաչատրյան... Երևանի այս և էլի շատ բնակիչներ` մարդիկ, որոնք արժանի են խորին ակնածանքի և պատիվ են բերում մեր ժողովրդին, բոլորը մեկ մարդու պես սիրահարված էին իրենց արևաշող Երևանին: Իրենց բազմակողմ ստեղծագործությամբ նրանք ոգի էին հաղորդում մեր քաղաքին, վեհություն տալիս նրան, լցնում այն ահռելի հոգևոր և մտավոր լիցքով: Այսօր, 40-50 տարի անց, ակամա հարց ես տալիս. գուցե սրանք զուտ անձնական տպավորություննե՞ր են դպրոցական և ուսանողական տարիներիս Երևանի մասին, երբ նոր-նոր մեծ կյանք էի մտնում այն տարիներին հսկայական, մեծ ու պաշտպանված մի երկրում, որի անունն էր Խորհրդային Միություն: Այս հարցերին պատասխանել օգնեցին մեր այդ նույն համաքաղաքացիները: Եվ այսպես, 1989թ. նոյեմբերին, Երևանի քաղաքապետի պաշտոնից Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյանին (ըստ իս` ժողովրդական դեպուտատների Երևանի քաղխորհրդի գործկոմի լավագույն նախագահը Հայկական ԽՍՀ ողջ պատմության ընթացքում) խիստ անտեղին հեռացնելուց 14 տարի հետո, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոն ինձ երաշխավորեց Երևանի քաղաքապետի պաշտոնի համար:

 

Առաջին ողջերթս ստացա Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, Հայրենիքի նվիրյալ Սուրեն Գուրգենի Հարությունյանից. «Արտաշես, եթե աշխատես նույնքան պրոֆեսիոնալ և հմտորեն, նույնքան նվիրվածությամբ ու սիրով, որքան Գրիգորի Իվանովիչը (աշխատանքային ընկերները հենց այդպես էին դիմում Գրիգոր Հովհաննեսովիչին), հաշվիր, որ արդարացրել ես իմ վստահությունը»,- մաղթանքի այս խոսքերով դուրս եկա Սուրեն Գուրգենովիչի աշխատասենյակից: Աշխատանքս Երևանի քաղաքապետի պաշտոնում սկսեցի այն մարդկանց հետ հանդիպումներից, որոնք ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլև Հայաստանի և ողջ հայության այցեքարտն էին: Հետագայում ինձ համար զարմանալիորեն բացահայտեցի, որ բոլորը կարծես թե խոսքները մեկ արած ինձ խորհուրդ էին տալիս հանդիպել Գրիգորի Իվանովիչ Հասրաթյանի հետ և նրա հետ խորհրդակցել, թե ինչից սկսել իմ աշխատանքն այդքան պատասխանատու պաշտոնում: Մտովի հարց էի տալիս ինքս ինձ. ինչո՞ւ Գրիգորի Իվանովիչը, Երևանի քաղաքապետ եղած ժամանակ, չի հասցրել կյանքի կոչել այդ ամենը: Անվանի երաժիշտները և գրողները, նկարիչներն ու դերասանները, գիտնականները, վաստակավոր ուսուցիչներն ու բժիշկները, հին երևանցիները, որոնց հետ մշտապես հանդիպում էի և խորհուրդ հարցնում, որպես կանոն, զրույցի ավարտին ինձ ուղարկում էին Գրիգոր Հասրաթյանի մոտ: Ընդ որում` նրանք շատ ուսյալ մարդիկ էին, հիանալի գիտեին եվրոպական մայրաքաղաքները, նրանցից շատերը որակավորում էին ստացել եվրոպական մայրաքաղաքներում, հանդես էին եկել համերգներով, իրենց աշխատանքների գեղարվեստական ցուցահանդեսներ բացել այդ քաղաքներում: Չեմ թաքցնում, նախքան Գրիգորի Իվանովիչի հետ հանդիպելը ես հանդիպումներ ունեցա Մուրադ Հովհաննեսի Մուրադյանի և Էդուարդ Փաշոյի Ավագյանի հետ, որոնք նույնպես փառահեղ էին աշխատել Երևանի քաղաքապետի պաշտոնում, և որոնց անունների հետ են կապված հիշարժան շատ գործեր` լինեն դրանք նորակառույցներ, զբոսայգիներ, թե եզակի շինություններ: Ինչո՞ւ եմ միավորում մեր երկու պատվարժան համաքաղաքացիներին` Մուրադ Մուրադյանին և Էդուարդ Ավագյանին (որն, ավա՜ղ, ժամանակից շուտ հեռացավ կյանքից): Որովհետև նրանք երկար տարիներ ղեկավարել են հանրապետության շինարարական համալիրը: Մ.Մուրադյանի և Է.Ավագյանի հետ հանդիպումներից հետո ինձ, առաջին հերթին, զարմացրեց այն, որ նրանք խորապես պարկեշտ մարդիկ էին: Նրանցից յուրաքանչյուրը, լավ աշխատանք մաղթելով ինձ, նշում էր Երևանի համար այն բարի գործերը, որոնք կատարվել էին Գրիգոր Հասրաթյանի քաղաքապետ եղած տարիներին: Նրանք ավելի շատ խոսում էին իրենց գործընկերոջ, այլ ոչ թե իրենց քաղաքապետ եղած ժամանակ կատարած գործերի մասին: Ամենահուզիչն այն էր, որ նրանցից յուրաքանչյուրն առանձնակի խանդավառությամբ էր նշում գործընկերների ձեռքբերումները և միայն վերջում խիստ նրբանկատորեն առաջարկում ինձ մտածել այն մտահղացումներն ու նախաձեռնություններն ավարտին հասցնելու հնարավորության մասին, որոնք իրենք ինչ-ինչ հանգամանքների պատճառով չեն կարողացել իրականացնել իրենց քաղաքապետության օրոք: Հիշողությանս մեջ տպավորվել են Մուրադ Հովհաննեսովիչի մաղթանքի վերջին բառերը. «Արտաշես, հանդիպե՞լ ես Գրիգորի Իվանովիչի հետ», ինչին պատասխանեցի, որ դեռ ոչ: «Անպայման խոսիր հետը, խորհրդակցիր: Նա խելացի և գիտակ մարդ է, ես գիտեմ, որ նա հիմա էլ հոգով-մտքով Երևանի հետ է»:

Թեև մանուկ և պատանեկան հասակից ոչ ոք չէր կարող կշտամբել ինձ մամայի կամ պապայի բալա լինելու համար, այնուամենայնիվ, ինչ վերաբերում է մարդկանց, մանավանդ ավագ սերնդին, ես խորհուրդ էի հարցնում հորիցս` վստահ նրա բացարձակ օբյեկտիվությանը: Պատմելով նրան տասնյակից ավելի մեր մեծ համաքաղաքացիների հետ հանդիպումներիս և այն մասին, որ նրանք բոլորն էլ խնդրել են ինձ խորհրդակցել Գրիգորի Իվանովիչի հետ Երքաղխորհրդի գործկոմում աշխատանքս ինչպես սկսելու և կազմակերպելու առնչությամբ, հայրս, ուշադիր լսելով ինձ, շատ հուզվեց: Մամիկոն Արտաշեսովիչի աչքերը փայլեցին, սկսեցին լույս արձակել: Եվ նա սկսեց ոգևորված պատմել Գրիգորի Իվանովիչի հետ իր համատեղ աշխատանքի մասին: Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմի առաջին նախագահ եղած ժամանակ Մամիկոն Գեղամյանն աշխատել է նրա հետ, և պատմում էր Գրիգորի Իվանովիչի զարմանալի աշխատունակության ու պրոֆեսիոնալիզմի մասին: 60-ական թվականներին դեռ նոր էր սկսվում Նոր Նորքի, Նորքի զանգվածների կառուցապատումը: Գաղափարը Գրիգոր Հասրաթյանինն էր և Երևաննախագիծ ինստիտուտի մի խումբ տաղանդավոր ճարտարապետներինը: Շինարարական աշխատանքները կառուցապատվող Նորքի զանգվածներում սկսվում էին վաղ առավոտից և շարունակվում մինչև ուշ գիշեր: Հաճախ շինարարների հետ դիսպետչերական խորհրդակցություններից հետո Գրիգորի Իվանովիչը տուն էր բերում նաև իմ հորը: Մենք ապրում էինք հարևանությամբ` Մաշտոցի պողոտայի վերջնամասում: Հայրս զարմացած էր մնում, որ հաճախ, լարված աշխատանքային օրվանից հետո, Գրիգորի Իվանովիչը խնդրում էր վարորդին, իրեն տուն տանելիս, անցնել Երևանի ամենահեռավոր շրջաններով: Նա ուզում էր անձամբ հավաստիանալ, թե ինչպես են կատարվել քաղաքապետարանի նիստերի ժամանակ իր տված հանձնարարությունները: Ընդ որում` քաղաքապետի սիրտը ցավում էր, երբ տեսնում էր, որ իր հանձնարարություններն անորակ են կատարվել, և իր բոլոր գնահատականներն ու հույզերը Գրիգորի Իվանովիչը բարձրաձայն էր ասում: Թվում է` դրանով նա նաև իմ հորն էր նրբանկատորեն հուշում իր պահանջկոտության մասին: Միևնույն ժամանակ, Գրիգորի Իվանովիչն ամենևին էլ պատահականորեն չէր անում դա` Նորքի զանգվածներից մինչև Մատենադարան (Գրիգորի Իվանովիչն ապրում էր անմիջապես Մատենադարանի հարևանությամբ, սովորական բնակելի շենքում) ամենաերկար ճանապարհով տուն վերադառնալուց հետո: Տուն վերադառնալով` հայրս մոտ մեկ ժամ զանգահարում էր գործընկերներին, քաղաքի տարբեր շրջանների ղեկավարներին, շինարարներին, քաղգործկոմի ծառայություններին` հիշեցնելով քաղաքապետի դեռևս չկատարված հանձնարարությունների մասին: Եվ հաճախ ապշեցուցիչ բաներ էին կատարվում: Տառացիորեն հաշվված ժամերի և օրերի ընթացքում Գրիգորի Իվանովիչի նկատած թերությունները վերացվում էին: Շրջխորհուրդների ղեկավարները հիանալի տեղեկացված էին, որ Գրիգոր Հասրաթյանի հոգին ցավում է, երբ քանդված ճանապարհ, անբարեկարգ փողոց, չվառվող լապտեր, կեղևահան արված ծառ է տեսնում: Նա չէր կարողանում համակերպվել, հաշտվել փողոցի չհավաքված աղբի հետ: Եվ նրա գործընկերները վատ էին զգում, երբ իրենց անբարեխղճությամբ նեղացնում, վիրավորում էին իրենց քաղաքապետին: Մարդիկ, տեսնելով, թե որքան նվիրված է նա իր աշխատանքին, իրենք նույնպես ոչ միայն ամենայն պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, այլև նրանց մեջ խորանում էր իրենց քաղաքապետի, իրենց մայրաքաղաքի առջև պարտքի զգացողությունը: Քանի՜ անգամ է պատահել, որ քաղաքապետի մոտ ամենշաբաթյա խորհրդակցությունների ժամանակ, գոհունակությամբ նշելով կատարված աշխատանքների մասին, Գրիգորի Իվանովիչը ժպիտը դեմքին դիմել է Մամիկոն Գեղամյանին հետևյալ խոսքերով. «Մամիկոն Արտաշեսովիչ, պարզվում է, որ ոչ միայն ես, այլ նաև դու ես աշխատանքից ուշ տուն գնում, իսկ մեր գործընկերներից ոմանք երբեմն մինչև առավոտ մնում են աշխատավայրում»: Քաղաքապետը նկատի ուներ նրանց, ովքեր տուն վերադառնալու ճանապարհին նրա գիշերային ստուգումներից հետո ստիպված էին լինում աշխատել, որպեսզի առավոտյան արդեն թերությունները վերացած լինեին: Այս հիշողություններից հետո հայրս արդեն կիսաձայն ուզում էր հիշեցնել ինձ իմ «հերոսական» ուսանողական տարիներից մի դրվագ, սակայն ես կռահեցի նրա մտքերը: Այսպես, 1970թ. մայիսի 9-ին ես հայտնվեցի օրթոպեդիկ հիվանդանոցում: Ընդհանուր թմրեցմամբ վիրահատությունն ավելի քան երեք ժամ տևեց: Ղարաբաղցի հիանալի վիրաբույժ Աբրահամ Արտաշեսի Շաքարյանն ինձ կյանք վերադարձրեց: Վիրահատությունից հետո, ինչպես հետո պատմում էին ներկա գտնվողները, անհրաժեշտ եղավ յոթ-ութ ապտակ, ավելի ճիշտ` շրպպոց, որ դուրս գամ թմրեցումից: Աչքերս բացեցի մի ինչ-որ լուսավոր մշուշում, և աչքերիս առջև, ինչպես ինձ թվաց, ծանոթ դեմքերով հրեշտակներ հայտնվեցին: Մշուշը ցրվեց, և ես գլխավերևումս տեսա վրաս հակված հորս, ինչպես նաև Ալեքսան Մաթևոսովիչ Կիրակոսյանին, Գրիգորի Իվանովիչ Հասրաթյանին և լայն ժպտացող վիրաբույժ Աբրահամ Արտաշեսովիչին: Նրանք խոսում էին իրար հետ, բայց կոնկրետ ինչի մասին` չեմ հիշում, սակայն երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին նրանք գրկում հորս, քաջալերում ու հանգստացնում նրան: Նրանցից մի փոքր հեռու կանգնած էր հորս ընկերն ու գործընկերը` Բորիս Էլոյանը: Հետագայում ես իմացա, որ կռվի լուրն օպերատիվորեն զեկուցվել է Երևանի քաղաքապետին, ինչը նրան անտարբեր չի թողել: Նա էլ այդ մասին տեղեկացրել է Ալեքսան Կիրակոսյանին: Նրանք երկուսն էլ այդ տոնական օրը` Մայիսի 9-ին, տոնական հատկապես Ալեքսան Մաթևոսովիչի` պատերազմի փառապանծ մասնակցի, դեսանտայինի և բազմաթիվ հոգսերով ծանրաբեռ Երևանի քաղաքապետի համար, չդիմեցին հեռախոսի օգնությանը և գերադասեցին գտնվել իրենց ընկերոջ կողքին: Այնինչ, 1970թ. հայրս արդեն չէր աշխատում Մյասնիկյանի շրջգործկոմում և գործի բերումով կապված չէր Երևանի քաղաքապետի հետ:

Զգացումների և հիշողությունների ահա այսպիսի պաշարով 1989թ. նոյեմբերին ես զանգահարեցի Գրիգորի Իվանովիչ Հասրաթյանին` հանդիպում խնդրելով: Այն ժամանակ այդ իմաստուն և մեր երկրի համար խիստ պահանջված վարչարարը, բարձրագույն կարգի պրոֆեսիոնալն աշխատում էր Սարդարապատի հուշահամալիրի տնօրենի պաշտոնում: Ինձ կանխելով` Գրիգորի Իվանովիչն ասաց, որ հաճույքով կշնորհավորեր ինձ քաղաքապետարանի շենքում, բայց... Ես շատ լավ հասկանում էի, իսկ հիմա էլ ավելի խորն եմ հասկանում, թե ինչ զգացումներ էին պատել Գրիգորի Իվանովիչին, որն այնքան շատ բան էր արել Երևանի համար, նրա քաղաքացիների համար, և որքան բան չթողեցին, որ անի: Ես` որպես նորաթուխ քաղաքապետ, շատ էի ուզում ողջունել Երևանի ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքապետին իր իսկ աշխատասենյակում: Ես ուզում էի նրա հետ հանդիպման հրավիրել Երքաղխորհրդի գործկոմի բոլոր ծառայությունների ղեկավարներին: Ես ցանկանում էի պատմել հավաքվածներին, որ Երևանի գիտական և ստեղծագործական մտավորականության լավագույն ներկայացուցիչները նրան Երևանի լավագույն քաղաքապետն են համարում: Ես չէի համբերում ասել նրանց, որ նույնիսկ անվանի պետական գործիչները, որոնք հետագայում զբաղեցրել են այդ նույն պաշտոնը, ինձ հետ հանդիպելիս անկեղծորեն նշում էին նրա առանձնահատուկ դերը մեր քաղաքի զարգացման որակապես նոր փիլիսոփայության հաստատման գործում:

Սարդարապատում Գրիգորի Իվանովիչն ինձ ընդունեց շատ բարյացակամորեն, մեր հանդիպումը, միևնույն ժամանակ, նաև խիստ ուսուցողական էր: Չեմ թաքցնում, ես մանրամասն պատմեցի Գրիգորի Իվանովիչին Երևան քաղաքի մտավորականության ներկայացուցիչների, նախկին քաղաքապետերի հետ իմ հանդիպումների մասին: Մանրամասն պատմեցի այն գնահատականների մասին, որոնք ասվել էին նրա հասցեին: Նա ինձ ուշադիր լսում էր, բայց ինձ ավելի ու ավելի շատ էր թվում, որ նա մտովի ճարտարապետական անսամբլների, հուշակոթողների, քանդակների, գեղանկարչական արվեստանոցների և թանգարանների հիասքանչ աշխարհում է, որոնք ծնվում էին երևանցիների մի ամբողջ սերնդի աչքերի առջև, երբ մայրաքաղաքի քաղաքապետն էր Գրիգոր Հասրաթյանը: Չեմ ծանրաբեռնի ձեզ իմ հուշերով, զուտ պրոֆեսիոնալ այն խորհուրդները հիշատակելով, որոնցով ինձ հետ կիսվեց մայրաքաղաքի մետրը: Նշեմ միայն նրա մաղթանքի վերջին բառերը. «Եթե կարողանաս քո սիրով, ի բարօրություն Երևանի քո ինքնազոհ աշխատանքով, համաքաղաքացիներիդ կարիքների նկատմամբ հոգատարությամբ, երևանցիներին անկաշառ ծառայությամբ նրանց մեջ վստահություն առաջացնել քո և քաղաքային իշխանությունների հանդեպ, ուրեմն քո գործն առաջ կգնա: Եթե շրջապատես քեզ համախոհներով, որոնցից յուրաքանչյուրն իր գործի պրոֆեսիոնալն է, ուրեմն հաջողությունն ավելի շուտ կգա,- սրտառուչ ասում էր Գրիգորի Ւվանովիչը:- Բայց, թերևս, ամենագլխավորն այն է, որ քեզ մշտապես պարտավորված զգաս քո համաքաղաքացիների, քո քաղաքի հանդեպ: Սովորիր սիրել քո քաղաքն այն սիրով, որով այն սիրում են մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնք ճակատագրի կամոք հայտնվել են ԱՄՆ-ում և Կանադայում, Արգենտինայում և Ուրուգվայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում և Սիրիայում, հեռավոր Ավստրալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում...»:

Գրիգորի Իվանովիչի հետ հանդիպումից հետո իմ առջև ծառացել էր, թերևս, ամենագլխավոր խնդիրը. հասկանալ, թե որն է Գրիգորի Իվանովիչ Հասրաթյանի ստեղծարար այն վիթխարի ուժը, որը նրան դարձրել է ամենահիշարժան և քաղաքացիների սիրելի քաղաքապետերից մեկը: Չէ՞ որ, ըստ էության, Հայկական ԽՍՀ-ում բոլոր քաղաքապետերը (խոսքը 50-80-ականների մասին է) գտնվում էին միևնույն մեկնարկային պայմաններում: Խոսքն այն մասին է, որ կառուցվող օբյեկտների (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, մշակութային հաստատություններ) ամեն տեսակ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կոշտ նորմատիվություն գոյություն ուներ, որն էլ առաջադրում էր շինարարության կառուցվածքը, միկրոշրջանների, ընդհանրապես քաղաքների կառուցապատման խտությունը: Ժողովրդական դեպուտատների քաղխորհուրդների և շրջխորհուրդների գործկոմները պարտավոր էին հետևել այդ նախագծերով իրականացվող բնակարանաշինության սահմանված դիրեկտիվներին: Այդ պայմաններում Երևանի քաղաքապետը հարկադրված էր մշակել և իրականացնել քաղաքաշինական այնպիսի քաղաքականություն, որը կներառեր այն բոլոր մոտեցումների, գիտելիքների, մեթոդների համակարգը, որոնք օրգանապես կհամադրեին բազմադարյան հայկական ճարտարապետության տարրերը խորհրդային ուրբանիզացիային բնորոշ տարրերի հետ: Այսօրինակ քաղաքաշինության առանձնահատկությունը, մասնավորապես, նախագծային այնպիսի փաստաթղթերի կազմումն էր, որը մշակվում էր պլանային տնտեսության դիրեկտիվներին համապատասխան` մի կողմից, սակայն պահպանելով ազգային ճարտարապետության առանձնահատկությունները: Բնականաբար, այդ դիրեկտիվները չէին նախատեսում այնպիսի համալիրների շինարարություն, ինչպիսին էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը, «Ռոսիա» կինոթատրոնի շենքը, չէին նախատեսում նաև Սայաթ-Նովայի պողոտայի նման գեղեցիկ պողոտաների, պուրակների, այգիների շինարարությունը... Բավական է նշել, որ Գրիգորի Իվանովիչի և Հայկական ԽՍՀ Պետշինի նախագահ Գ.Աղաբաբյանի սկզբունքայնության շնորհիվ ընդունվեց հանրապետության կառավարության հատուկ որոշում, որն ազատում էր Երևանի քաղաքային իշխանություններին քաղաքի կենտրոնի կառուցապատման ժամանակ տիպային երկաթբետոնե կոնստրուկցիաներ օգտագործելուց: Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և հանրապետության կառավարության ղեկավարությունը, որպես կանոն, աջակցում էին քաղաքապետի նախաձեռնություններին: Գրիգորի Իվանովիչի խոսքով` քաղաքային տնտեսության կարիքների հանդեպ առանձնապես ուշադիր էին հանրապետության այն տարիների ղեկավարներ Յակով Նիկիտիչ Զարոբյանը և Անտոն Երվանդովիչ Քոչինյանը: Այդ մասին նա ասաց` նրբանկատորեն ակնարկելով հանրապետության ղեկավարների հետ քաղաքային իշխանությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

Այն տարիների բարի գործերի մասին կարելի է գրել ու գրել, սակայն չափազանց քիչ կլիներ Գրիգոր Իվանովիչի աշխատանքը գնահատել միայն ճարտարապետական անսամբլներից, հուշարձաններից, կառուցված միկրոշրջաններից ելնելով, որոնք այսօր էլ զարդարում են մեր քաղաքը, ընդ որում` ամենևին չնվազեցնելով դրանց նշանակությունն ու արժեքը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը այսօր էլ կարող է զարդարել ցանկացած եվրոպական քաղաք: Խոսքն այն մասին է, որ ինքը` Գրիգոր Հասրաթյանը ևս հիանալի հասկանում էր, որ ցանկացած քաղաքի` ուրույնության և եզակիության, էլ չենք ասում` բացառիկության հավակնող անփոխարինելի զարդը պետք է լինեն նրա բնակիչները, քաղաքացիները, որոնք կոչված են դառնալու մեկ մեծ ընտանիք: Հենց այդպիսին ներկայացավ բազմահազար հյուրերին և զբոսաշրջիկներին մեր մայրաքաղաքը 1968թ. հոկտեմբերին, երբ Երևանի բոլոր բնակիչները` մեծից փոքր, նշեցին իրենց մայրաքաղաքի` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Այն հիշարժան օրերին մեր քաղաքը լուսավորվել էր իր հարյուր հազարավոր քաղաքացիների աչքերի փայլով, որոնց ուրախությունն անչափ էր թվում: Չկար խանութ, դպրոց, մշակութային հաստատություն, կենցաղի տուն, բնակարան, հիվանդանոց, որոնց շենքերի առջև, մայթերին, Երևանի բնակիչներն առանձնակի բերկրանքով չհյուրասիրեին անցորդներին, հյուրերին և բազմաթիվ զբոսաշրջիկներին, հատկապես սփյուռքահայերին: Իրենց երկրպագուների և մայրաքաղաքի հյուրերի հիացական ծափողջույնների ներքո արվեստի մարդիկ հենց փողոցներում ու հրապարակներում, այգիներում ու պուրակներում բեմականացված տեսարաններ էին ներկայացնում: Էրեբունի-Երևան տոնը Գրիգորի Իվանովիչ Հասրաթյանի հոգեզավակն էր: Քաղաքի տոնը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետին այդ պաշտոնում գտնվելու վեց տարիներին հաջողվել է հասնել գլխավորին, այն է` քրտնաջան, երբեք չգովազդվող աշխատանքով քաղաքապետի պաշտոնում գտնվելու հասարակածին ստեղծել քաղաքացիների միասնական հանրություն: Հանրություն, որը միավորված էր իր քաղաքի ու մեկը մյուսի հանդեպ սիրով: Բայց դա ինքնըստինքյան չստացվեց: Երևանի քաղաքապետը 1962թ. այդ պաշտոնին ընտրվելու առաջին իսկ օրվանից աշխատում էր այդ ուղղությամբ:

Ավագ սերունդը, առավել ևս` իմ հասակակիցները, իհարկե, հիշում են, թե ինչպես 60-70-ական թթ. երևանյան բակերում լավագույն ծաղկաթմբի, այգու բակային մրցույթներ էին անցկացվում: Երևանցի կանայք առանձնակի հպարտությամբ էին մասնակցում պատշգամբների լավագույն կանաչապատման մրցույթներին: Տղաներն իրենց համար պատվաբեր էին համարում ամառային մարզական (հատկապես` ֆուտբոլի) մրցություններին մասնակցելը, որոնք ամեն տարի անցկացվում էին Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում փռված այգում, որը երեխաների ամենասիրած հանգստավայրերից մեկն էր, որտեղ այն տարիներին մեծ ժողովրդականություն էր վայելում մանկական երկաթուղին: Էլ չեմ խոսում ամենամյա ստուգատեսների մասին, որոնք պետք է որոշեին, թե որն է լավագույն բակային պիոներական ճամբարը: Հաղթողներին որոշելու համար հաշվի էին առնվում տասնյակ ցուցանիշներ, ինչպիսիք էին երգել-պարել, արտասանել իմանալը, երաժշտական գործիք նվագելը, նկարելը, սպորտի տարբեր ձևերում մրցակցելը: Առանձնապես հիշում եմ ամենօրյա վաղորդյան լիցքային վարժությունները, որոնք անցկացվում էին պարապմունքներն սկսվելուց առաջ, դպրոցամերձ հրապարակներում, դպրոցական փողային նվագախմբերի հնչյունների ներքո: Այս բոլոր միջոցառումները քաղաքային իշխանությունների, անձամբ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի քաղաքականության բաղադրիչներն էին: Եվ արարիչ այդ հզոր էներգիան ամենևին էլ պատահական չէ, որ հորդաց քաղաքի փողոցներում` Էրեբունի-Երևան լուսավոր տոնի տեսքով: Դրվատանքի են արժանի նաև Գրիգորի Իվանովիչի այլ նախաձեռնությունները ևս, որոնք այսօր էլ արդիական հնչեղություն ունեն: Այսպես, 2009թ. փետրվարին իր հարցազրույցներից մեկում Հենրիկ Սուրենի Իգիթյանը, Երևանի ու Հայաստանի անվիճելի սիրահարը, գրում էր. «Եվս մեկ երջանիկ «կադր». իմ հանդիպումը Գրիգորի Իվանովիչ Հասրաթյանի` քաղաքապետի, այն ժամանակներում` քաղխորհրդի նախագահի հետ: Կյանքումս ավելի նպատակային, կազմակերպված և մարդկային խնդիրների հանդեպ ավելի ուշադիր մարդու չեմ հանդիպել: Նրան հետաքրքիր էր կտրականապես այն ամենը, ինչ վերաբերում էր Երևանի, Հայաստանի, մեր մշակույթի ճակատագրին... Նա կարողանում էր լսել, հետևություններ անել: Ինձնից նույնիսկ հատուկ ջանքեր չպահանջվեցին` նրան համոզելու ստեղծել աշխարհում առաջին Մանկական պատկերասրահը, որը հետո վերածվեց Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի: 1972թ. Գ.Հասրաթյանն ամեն կերպ օժանդակում էր ԽՍՀՄ-ում առաջին Ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծմանը, որը հաջողությամբ գործում է նաև այսօր»: Մեր օրերի երիտասարդ ընթերցողն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչ կա որ, առանձնապես ջանքեր չէին պահանջվում, չէ՞ որ, ըստ էության, մտադրությունը բարի գործ կատարելն էր: Պատահական չէ, որ վերը հիշատակեցի ամեն ինչ պլանավորելու կոշտ կենտրոնացված համակարգի մասին: Մանկական պատկերասրահը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Օսմանյան կայսրությունում 1915-23թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ճարտարապետական համալիրը, ավա՜ղ, իրենց գաղափարախոսական ուղղվածությամբ չէին տեղավորվում սոցիալիստական ուրբանիզացիայի շրջանակներում: Երևանի քաղաքապետն իր շատ այլ հիասքանչ մտահղացումներ կարողանում էր իրականացնել. այդ ամենը նախատեսված չէր կուսակցական դիրեկտիվներով և, բնականաբար, ֆորմալ մոտեցման պարագայում Երևանի քաղաքաշինական պլաններում ոչ մի կերպ չէր կարող արտացոլվել, ուր մնաց թե իրականանար: Սակայն Երևանի քաղաքապետի «քմահաճությունները» օստրակիզմի ենթակա չէին: Ավելին, բարեբախտաբար, ինչպես վերը նշեցինք, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և հանրապետության կառավարության ղեկավարությունում, իհարկե, հասկանում էին նորարար քաղաքապետի նախագծերի իրականացման ողջ դրականությունը, քաղաքապետ, որն աշխատանքի առաջին իսկ օրից «ազատագրեց» երևանյան այգիներն ու զբոսայգիները ծանրաշուք երկաթյա պարիսպներից: Հիշում եմ, այն ժամանակ երևանցիները քիչ էր մնում վախենային, երբ օրը ցերեկով, ուղիղ նրանց աչքերի առջև, ապամոնտաժվեցին հասարակության փակությունը մարմնավորող այդ պատնեշները: Քաղաքապետի այս քայլը, բացի նրանից, որ փոքր ճարտարապետության առումով ավելի էր բացահայտում կենդանի բնության ողջ գեղեցկությունը Երևանում, նաև մեծ հոգեբանական նշանակություն ունեցավ: Ենթագիտակցաբար քաղաքացիները դառնում էին այդ այգիների ու զբոսայգիների տերերը, նրանք այլևս ճաղերի հետևից չէին սքանչանալու վեհաշուք սոսիներով, ուռիներով, չինարիներով, հիրիկներով, գեորգինաներով, քրիզանթեմներով, վարդենիներով, զարմանահրաշ բույր ունեցող դաշտային մեխակներով զարդարուն ծաղկաթմբերով: Երևանցիների համար անմոռանալի դարձավ Սայաթ-Նովայի պողոտայի բացումը` լրիվ վերականգնումից հետո, նվիրված մեծ երաժշտի ծննդյան 250-ամյակին, որին հավասարապես երկրպագում էին ոչ միայն Հայրենիքում` Հայաստանում, այլև Վրաստանում, Ադրբեջանում և Պարսկաստանում: Հաշշված ամիսների ընթացքում Սայաթ-Նովայի պողոտան դարձավ Երևանի ինքնատիպ մարգարիտը: Մայրաքաղաքի և ոչ մի բնակիչ ու հյուր չէր կարող անտարբեր մնալ այս հոյակապ, երկու կողմից ծաղկուն բալենիներով շրջապատված պողոտան տեսնելիս, բալենիներ, որոնց ստվերի տակ կոկիկ տնկված էին «Գլորիա դեյ» վարդերի թփերը:

Նրա օրոք էր, որ դեկորատիվ տերևներով և գեղեցիկ ծաղիկներ ունեցող թփերը ոչ միայն զարդարեցին Երևանի այգիները, այլև դրանք օգտագործվեցին նաև կենդանի ցանկապարիսպներ ստեղծելու համար: Քաղաքապետի նախաձեռնությամբ է, որ Երքաղխորհրդի գործկոմում հիմնվեց բուսաբան-դիզայների ծառայությունը, որի շնորհիվ Երևանում ստեղծվեցին տասնյակ եզակի բակ-ծաղկանոցներ:

Գրիգորի Իվանովիչն արդեն XX դարի 60-ականների վերջին զգում էր, որ անհրաժեշտ է կատարելագործել մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքը: Երևանի քաղաքապետի անմիջական մասնակցությամբ մշակվեցին արագընթաց ստորգետնյա էլեկտրատրանսպորտի անհրաժեշտության հիմնավորումն ու նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Երևանցիների երիտասարդ սերնդին կուզենայի հիշեցնել, որ Երևան քաղաքում Մետրոպոլիտենն սկսել են կառուցել 1972թ., և 1981թ. մարտի 7-ին գործարկեցին չորս կայարաններից բաղկացած տեղամասը, այդ թվում` երեք ստորգետնյա` «Բարեկամություն», «Սարալանջի», «Երիտասարդական, և մեկ վերերկրյա կայարան` «Սասունցի Դավիթ»: Շինարարությունն սկսելը բավական շատ հոգսերի հետ էր կապված: Հստակ ստուգված հիմնավորումների և Երևանի քաղխորհրդի գրության հիման վրա ընդունվեց Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 04.08.1971թ. N481 որոշումը Երևանում արագընթաց ստորգետնյա տրանսպորտի ստեղծման մասին: Մոսկվայում այս նախագիծը պաշտպանել կարողանալու համար քաղաքային և հանրապետական իշխանություններն ընտրեցին գործող տրամվայների ցանցի վերակառուցման տարբերակը, ըստ որի` տրամվայները երթևեկելու էին Երևան քաղաքի կենտրոնով, քաղաքային տրանսպորտի համար նախատեսված մետրոպոլիտենի չափսի թունելներով: Արագընթաց ստորգետնյա տրամվայի շինարարությունը, ինչպես վերը նշեցինք, սկսվեց 1972թ. երկրորդ կեսին: Չլիներ Երևանի քաղաքապետարանի հետևողականությունն այս հարցի լուծման գործում, կարելի է վստահաբար ասել, որ չէր լինի նաև ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինխորհի 06.10.1977թ. N2221 P. որոշումը «Երևան քաղաքում մետրոպոլիտենի շինարարության մասին»: Իհարկե, այս հարցի լուծման հարցում հարկավոր է արժանին մատուցել նաև հանրապետության կուսակցական և խորհրդային մարմիններին:

Գրիգոր Հասրաթյան-հայրենասերի մարդկային կերպարը լիարժեք բացահայտելու և դրանով իսկ օբյեկտիվ մնալու համար անհրաժեշտ է վկայակոչել նաև նրա ամենօրյա հոգսերի ականատեսների հիշողությունները: Այսպես, պատմում են, որ մի անգամ, անցյալ դարի 60-ական թթ. սկզբին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի անցորդները վկան են դարձել հետևյալ տեսարանի. «Մոսկվա» կինոթատրոնի կողքի ցանկապատի ճաղաշարին փակցվել էին ճարտարապետական պլանշետներ, այդտեղ էլ Երքաղխորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանը լսում էր ոչ բարձրահասակ մի մարդու, հավանաբար` նախագծի հեղինակին: Այս փոքրիկ հատվածում նախատեսվում էր անսովոր մի շինություն կառուցել: Բնականաբար, Երևանի քաղաքապետը, իր իսկ սահմանած ավանդույթից ելնելով, տեղում պետք է համոզվեր, որ առաջարկվող շինարարությունը նպատակահարմար է: Քաղաքապետը տվեց իր համաձայնությունը, ընդունվեց որոշում եզակի օբյեկտի շինարարությունն սկսելու մասին, և 1966թ. Երևանը զարդարվեց ևս մեկ հոյակապ շենքով` «Մոսկվա» ամառային կինոթատրոնով: Այս դրվագի մասին պատկերավոր գրել է Պավել Ջանգիրովն իր «Նահանջելու տեղ չկա. հետևում Մոսկվան է» հոդվածում. «Դժվար է գերագնահատել ժամանակի եզակիությունն ու նշանակությունը ճարտարապետական շերտում: Միջավայրի սահմանափակությունը լրացվում էր ժլատ, բայց մտածված տարրերով` Հովհաննես Միրզոյանի խճանկարած դեկորատիվ պատով, թեթև շատրվաններով, ծառերով: Պատուհան-ջրհորներից դեպի երկինք ձգվող սանդղավանդակներ»: Ամառային դահլիճի նախագծի հեղինակներն էին Սպարտակ Կնթեղցյանը և Թելման Գևորգյանը: Այս տաղանդավոր ճարտարապետները և նրանց շատ արվեստակից եղբայրներ, հանձին քաղաքապետի, միշտ բարձր պրոֆեսիոնալի են տեսել, որը նրբորեն զգում էր կառույցի անհրաժեշտությունն ու այն մանրամասները, որոնք ավարտունություն էին հաղորդելու ճարտարապետական անսամբլին: Գրիգորի Իվանովիչը միշտ անսխալ կռահում էր, թե ինչպես կվերաբերվեն քաղաքացիներն ամեն մի նորակառույցի, նա թանկ էր գնահատում նրանց կարծիքը: Երևանցիները հիշում են, թե ինչպես նրա քաղաքապետ եղած ժամանակ խանութների ցուցափեղկերին կանոնավորապես ցուցադրվում էին նորակառույցների նախագծերը: Դա մարդկանց հնարավորություն էր տալիս ոչ միայն մտովի պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս կամ այն միկրոշրջանն ապագայում, այլև ճարտարապետների մտահղացման իրականացումը` երևանցիները կարող էին իրենց առաջարկություններն ու ցանկությունները հայտնել` դրանով իսկ դառնալով նորակառույցների և ընդհանրապես քաղաքի ճակատագրի մասնակիցը:

Ի՞նչն էր բնորոշ Երևանի քաղաքապետի քաղաքաշինական քաղաքականությանը: Շինարարության ամեն մի փուլում Գրիգորի Իվանովիչն անշեղորեն հասնում էր այն բանին, որ քաղաքի զարգացման հիմնական սյուժեներն օրգանապես ներդաշնակվեն թամանյանական Գլխավոր հատակագծի հիմնական գաղափարախոսությանը: Գրիգոր Հասրաթյանը շարունակեց Ալեքսանդր Թամանյանի գործը` կառուցել քաղաք, որը դառնար ամբողջ ազգի, յուրաքանչյուր հայի մայրաքաղաքը, անկախ այն բանից, թե որտեղ է ապրում նա` Փարիզում, թե Բուենոս Այրեսում, Բեյրութում, Աթենքում, թե Կահիրեում, Սալոնիկում, Կոստանդնուպոլսում, թե Մոսկվայում: Գրիգորի Իվանովիչի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հին ավանդույթների վերածնունդը, Խորհրդային Հայաստանում ապրողները ձևավորեցին բազմաթիվ նորերը, որոնք շատ բանով պայմանավորեցին հայ ազգի ժամանակակից դիմանկարը:

13 տարի Երևանի քաղաքապետ աշխատելով` Գրիգորի Իվանովիչն այդ պաշտոնին ազնվություն հաղորդեց, վսեմացրեց քաղաքապետի տեղը 60-70-ականների պաշտոնեական նոմենկլատուրայում: Նա գործով ցույց տվեց, որ ինքնամոռաց աշխատանքով Երևանի քաղաքապետ լինելը և՛ մեծ պարգև է, և՛ շատ մեծ պատասխանատվություն, որտեղ քո գործունեության պատճառներն ու հետևանքներն օրգանապես փոխկապակցված են, որտեղ ամեն օր դու կարող ես փոխել ամենատարբեր մարդկանց կյանքը:

Ամփոփելով` կուզենայի հիշեցնել մի սովորական ճշմարտություն. ամեն մի խոշոր քաղաք իր պատմությունն ունի, իր առանձնահատկություններն ու խնդիրները: Ունի և իր քաղաքապետը, որը կոչված է լուծելու այդ խնդիրները: Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանին պատվավոր առաքելություն բաժին ընկավ` երիտասարդացնել, ստեղծարար էներգիա, կենսուրախություն հաղորդել 2750-ամյա Էրեբունի-Երևանին, արևաշող այդ մարգարիտն Աստվածաշնչյան Արարատի փեշերին վերածել Ավետյաց երկրի ողջ հայության համար:

Նախքան գրիչ վերցնելս` գրելու համար հիշողություններս ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյանի մասին, ինձ մի հարց էր հետաքրքրում. որքանո՞վ ակտուալ կլիներ մեր սիրելի քաղաքապետը մեր օրերում: Պատասխանը փնտրելիս հետաքրքիր շատ հոդվածներ կարդացի XXI դարի առաջին տասնամյակի աշխարհի լավագույն քաղաքապետերի մասին: Ընդ որում` աշխարհի լավագույն քաղաքապետի կոչումը` World Mayor, շնորհվում է բավական հեղինակավոր ոչկառավարական City Mayors կազմակերպության կողմից, որն զբաղվում է քաղաքականության, մշակույթի, տնտեսության, կրթության, առողջապահության և քաղաքի կենսագործունեության այլ ոլորտների հետազոտություններով: Վերջին տասնամյակի լավագույն քաղաքապետերի թվում են Սեուլի քաղաքապետ Օհ Սե-Հունը, Քեյփթաունի քաղաքապետ Հելեն Զիլեն, Մելբուռնի քաղաքապետ Ջոն Սոն, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Ռուբենս Բլումբերգը: Ես ուշադիր ծանոթացա այն նյութերին, որոնք պատմում էին այս հարգարժան ու պատվելի մարդկանց` այդքան տարբեր մայրաքաղաքների քաղաքապետերի գործունեության մասին: Նրանց բազմաթիվ արտահայտությունները կարդալիս հիշողությանս մեջ առանձնապես տպավորվեց Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի բառերը, որն առաջին անգամ ԱՄՆ նորագույն պատմության մեջ 2009թ. երրորդ անգամ ընտրվեց շատերի կողմից աշխարհի մայրաքաղաք ճանաչված այդ քաղաքի քաղաքապետ: 2001թ. նոյեմբերի 6-ին Նյու Յորքի քաղաքապետ ընտրվելով` նա նույնիսկ անձնական աշխատասենյակից է հրաժարվել և նստել է կոնֆերանսների` հատվածների բաժանված հսկայական նախկին սրահում, իր ենթակաների հետ միասին: «Պատերը արգելապատնեշներ են, և իմ նպատակը դրանք հանելն է,- քաղաքապետ դառնալով հայտարարել է Բլումբերգը:- Ինձ չեն ընտրել նրա համար, որ լավ երևամ հանրային կարծիքի հարցախույզներում: Ինձ ընտրել են նրա համար, որ լա՛վ անեմ իմ գործը»:

Եվ ուրեմն, այո՛, Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյանը և՛ աշխատասենյակ ուներ, և՛ կոնֆերանսների դահլիճ, որտեղ անցկացվում էին Երքաղխորհրդի գործկոմի նիստերը, բայց նրա իսկական «աշխատասենյակը», աշխատավայրը, որտեղ անցկացնում էր ժամանակի մեծ մասը, Երևանի նորակառույցներն էին, շինհրապարակները, որտեղ անցկացվում էին ջրատարներ, կառուցվում էին քաղաքային բակերը, հանրակրթական դպրոցներն ու հիվանդանոցները, ճարտարապետների ու նկարիչների արվեստանոցները և, իհարկե, երևանյան փողոցները: Իր հարազատ քաղաքի փողոցները, որտեղ նրան հաճախ կարելի էր տեսնել ինչ-որ բանի շուրջ աշխույժ բանավիճելիս հայ պոեզիայի դասականներ Պարույր Սևակի ու Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի ու Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ, մարդիկ, որոնք շատ մտերիմ էին քաղաքապետի հետ: Այո, ավելի հաճախ նրան կարելի էր տեսնել պլանշետների առջև կանգնած և համախոհների` Ջիմ Թորոսյանի, Սպարտակ Խաչիկյանի, Արթուր Թարխանյանի, Հրաչիկ Պողոսյանի, Ֆելիքս Դարբինյանի, Լիպարիտ Սադոյանի, Գուրգեն Մուշեղյանի... հետ մեր քաղաքի համար ակտուալ ճարտարապետական նախագծերն աշխույժ քննարկելիս: Այդ բանավեճերում էլ ծնունդ էին առնում ապագա քարակերտ սիմֆոնիան, հանգստի յուրօրինակ գոտիները: Այսինքն` մենք իրավունք ունենք պնդելու, որ Մայքլ Բլումբերգից դեռ 40 տարի առաջ այդ աշխատաոճը բնորոշ էր Գրիգոր Հովհաննեսովիչին:

Երևանցիներն այսօր էլ երախտագիտությամբ են հիշում իրենց սիրելի քաղաքապետին` Գրիգոր Հասրաթյանին, նրանք նրան լավագույն քաղաքապետ են ճանաչել, որովհետև նա եկել էր` լա՛վ անելու համար իր գործը:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյանի մասշտաբի պետական գործիչների կյանքը համակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրություն և իմաստավորում է պահանջում: Այսօր, ինչպես երբեք, մեզ անհրաժեշտ է Խորհրդային Հայաստանի մեծ քաղաքացիների կյանքի օրինակով դաստիարակել մեր երիտասարդությանը: Խնդրեմ, խորամուխ եղեք այս հիանալի մարդու կենսագրության ժլատ տողերի մեջ: Եվ գուցե նրանք, ովքեր իրենց կենսագործունեության ինչ-որ հատվածում աշխատել են Գրիգոր Հասրաթյանի հետ, ցանկություն ունենան մեր քաղաքացիներին պատմել իրենց հիշողությունները նրա մասին: