Երկիր մոլորակի մարդիկ, կորոնավիրուսը ձեր մահն է գուժում

09.04.2020, Իրավունք

https://iravunk.com/news/109343

Անոտացիա

Վերահաս գլոբալ տնտեսական աղետին, որն իր մեջ է առնում ԵՏՄ և ՇՀԿ տնտեսական, ռազմական, ռեսուրսային, մտավոր և մարդկային ողջ պոտենցիալը, դիմակայելու միասնական կենտրոնի ստեղծումը աշխարհը ինքնաոչնչացումից փրկելու միակ համադարմանն է։ Եվ սա չափազանցություն չէ։

Որոշում կայացնելով հոդված գրել այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 881 մարդ, առաջինը, ինչը մտաբերեցի, տողերն էին Հիպոկրատի երդումից. «Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար՝ զերծ մնալով որևէ անարդար ու կործանարար գործից...»։ Եվ մեր տագնապալի օրերում միանգամայն հասկանալի է, որ ես, ինչպես և յուրաքանչյուր Homo Sapiens, սկսեցի մտածել Երկիր մոլորակում կատարվող անցուդարձերի մասին՝ ընթերցելով ու վերընթերցելով հնարավոր բոլոր հրապարակումները, դիտելով տեսահեռարձակումներն օրվա օրախնդիր թեմայի վերաբերյալ։ Ընդ որում՝ ես մտովի ջանում էի համեմատել այս օրերն անցյալի նման մոլորակային արհավիրքների հետ։ Պատմական ինչ-որ զուգահեռներ չեմ անցկացնի՝ զգուշանալով այն բանից, որ, գուցե, կորոնավիրուսի համավարակի նման ընկալումը վաղօրոք նախատեսված էր ժամանակակից աշխարհակարգի քայքայման ողբերգական, ահավոր տեխնոլոգիայի սցենարիստների կողմից։ Իսկ այն, որ կորոնավիրուսի համավարակը ձեռակերտ է, դա զուտ իմ անձնական կարծիքն է, որն առայժմ համոզմունքի չի փոխակերպվել։

Եվ այսպես, հարգելի ընթերցող, ս.թ. մարտի 29-ին cont.ws/@serfilatov ինտերնետ-պորտալում հրապարակվեց Սերգեյ Ֆիլատովի հոդվածը՝ «Զրոյացում...» վերնագրով։ Որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից։ «Եվ երբ գրում են, թե «կորոնավիրուսն արդեն այժմ ունի հաշված ամիսներում ողջ համաշխարհային տնտեսությունը ձևափոխելու բոլոր շանսերը», ապա խնդիրը գլխիվայր են շրջում։ Համաշխարհային տնտեսությունը ձևափոխելու համար էլ հենց ի հայտ է եկել այս՝ այո՛, ամենավտանգավոր, բայց և այնպես, փոքրիկ «քողածածկույթը» կորոնավիրուսի տեսքով,- գրում է հեղինակն ու այնուհետև շարունակում,- իսկ արդյո՞ք համավարակի հետ կապված, նախապես ծրագրված պատմությունը «չգործադրեցին» հենց այն պահին, երբ ֆինանսական փլուզումն արդեն կանգնեցնել հնարավոր չէր։ Զարմացա՞ծ եք։ Այդ դեպքում ծանոթացեք Ռոքֆելերի հիմնադրամի 2010թ. «Scenarios for the Future of Technology and International Development. The Rockefeller Foundation. May 2010» («Ապագա տեխնոլոգիական և միջազգային զարգացման սցենարներ», Ռոքֆելերի հիմնադրամ։ 2010 թվական) զեկույցին (այսուհետ՝ Զեկույց)։ Այնուհետև հոդվածի հեղինակը նշում է, որ այդ Զեկույցում միայն տարեթիվը ճիշտ չեն նշել, այնտեղ, ըստ կանխատեսման, վիրուսային վարակն աշխարհում պետք է սկսվեր 2012թ., 2008-2009թթ. ֆինանսական փլուզումից անմիջապես հետո։ Ըստ երևույթին, հենց 2012 թվականին էլ պատրաստվում էին, բայց ԱՄՆ ԴՊՀ (Դաշնային պահուստային համակարգ – Ա.Գ.) QE (Quantitative Easing) «քանակական մեղմման» ծրագրի՝ հարյուր միլիարդավոր դոլարներով շուկան լցնելուն ուղղված միջոցառումները հետաձգեցին համավարակի «բացթողումը»։ Կարելի է բավական հետաքրքիր այլ մեջբերումներ էլ կատարել Ռոքֆելերի հիմնադրամի վերոնշյալ զեկույցից, որոնք վկայակոչում է մեկ այլ հեղինակ՝ Վլադիմիր Պավլենկոն ս.թ. ապրիլի 1-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված «Որտեղի՞ց եկավ կորոնավիրուսը, և արդյո՞ք եկել է գլոբալիզմի վերջը» հոդվածում։ Հոդվածում հեղինակը հղում է կատարում Զեկույցը մշակողներին և հեղինակներին, որտեղ ապագայի իրենց տեսլականը նրանք նկարագրում են չորս սցենարով, որոնք հանգամանալիորեն ներկայացված են Վլադիմիր Պավլենկոյի հոդվածում։ Ամփոփելով վերոնշյալ հոդվածներում շոշափված հարցերի էությունը, որոնք, ըստ իս, արժանի են մանրակրկիտ վերլուծության, դժվար է չհամաձայնել հեղինակներից մեկի հետ, որը հավաստիացնում է, որ «աշխարհը հասել է մի կետի, երբ տեղի է ունենում, եթե արդեն տեղի չի ունեցել, ԶՐՈՅԱՑՈՒՄ.

1. Անպիտան դարձած համաշխարհային ֆինանսական համակարգի զրոյացում, որտեղ «փողը փող էր ստեղծում»՝ առանց մարդկանց և արտադրության մասնակցության;

2. Գլոբալացման զրոյացում;

3. Մայրցամաքից մայրցամաք հարյուր միլիոնավոր մարդկանց տեղաշարժի (ոմանք՝ աշխատանք գտնելու, ոմանք՝ զբոսաշրջությունից նոր տպավորություններ ստանալու համար) ազատության զրոյացում;

4. Տրանսպորտային միջոցների արտադրության զրոյացում, որոնց թվի աճն այժմ պարզապես պահանջված չէ;

5. Սոցիալական կյանքի բուն ձևաչափի զրոյացում»։

Այստեղ կցանկանայի արդեն մեջբերում կատարել Ֆյոդոր Պաշինի «Կորոնավիրուսը՝ խորքային պետության հրամանատարաշտաբային զորավարժություն» հոդվածից, որը հրապարակվել է ս.թ. ապրիլի 7-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում, որում, ըստ իս, ներկայացված է ողջ աշխարհին համակած ողբերգական իրադարձությունների սցենարիստների գլխավոր նպատակներից մեկը։ Այսպես, պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և նրա նախագահի դեմ խափանարար սցենարի ակտիվ իրականացման մասին օբյեկտիվորեն ակտուալ հարցին՝ Ֆյոդոր Պաշինը հնարավորինս հստակ պատասխանում է. «Հույս ունեմ, որ այստեղ ևս, ինչպես մեկ անգամ չէ, որ եղել է պատմության մեջ, «խոփը քարին դեմ կառնի»։ Եթե հաջողվի նաև վիշապի «ճանկերից» խլել Իտալիան և, առավել ևս՝ Գերմանիան, որտեղ առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու նկատմամբ, ի հայտ կգան Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ առևտրատնտեսական համագործակցության տարածքի ձևավորման, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» աշխարհառազմավարական նախաձեռնության և եվրասիական ԵՏՄ նախագծի ներդաշնակեցման լուրջ նախադրյալներ։ Այս համատեքստում աշխարհի ժողովուրդների անհապաղ համախմբումն ու մոբիլիզացումը իրենց պետական կազմավորումների շրջանակում, համակողմանի միջազգային փոխգործակցության կազմակերպումը, և, առաջին հերթին, համաշխարհային հեգեմոնիզմին դիմակայության առաջատար ուժերի, մասնավորապես՝ ՉԺՀ-ի, Ռուսաստանի, Իրանի և մյուսների միջև, անշուշտ, կարող են նպաստել խափանարար գլոբալ ուժերի մարդատյաց ծրագրերին դիմակայելու լայն ճակատի ստեղծմանը»։ Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե ես իմ առջև նպատակ եմ դրել անդրադառնալ միանգամայն հեղինակավոր ռուսաստանցի հեղինակների տագնապահարույց արտահայտություններին, այլ կարգի մտքեր էլ մեջբերեմ։

Կարծում եմ, որ ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ մեկ այլ «ֆուտուրոլոգ-նեոմալթուսական», ոչ անհայտ միլիարդատեր Բիլ Գեյթսի գաղափարներին։ Այսպես, դեռևս 2015թ., TED Talk հանրահայտ շոուում «Հաջորդ բռնկո՞ւմ. մենք պատրաստ չենք» զեկույցով հանդես գալով՝ Բիլ Գեյթսը գուշակեց համաճարակի բռնկում՝ ճշտելով, որ մարդկությունն անզոր կլինի համավարակի առջև, որն առաջ կգա վարակիչ վիրուսից։ Խորհենք նրա խոսքերի շուրջ. «Եթե հաջորդ մի քանի տասնամյակում որևէ բան սպանի ավելի քան 10 միլիոն մարդու, դա, ամենայն հավանականությամբ, կլինի վարակիչ վիրուսը, այլ ոչ թե պատերազմը»։ Այլևս մանրամասն չեմ ներկայացնի այս, անշուշտ, արտառոց մարդու կանխատեսումների ամենատարաբնույթ դատողությունները, որը ներկայում «Բիլ և Մելինդա Գեյթսեր հիմնադրամի» միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու վրա, մասնավորապես՝ ֆինանսավորելով Inovio Pharmaceuticais դեղագործական ընկերությանը, որն ստեղծել է պատվաստանյութ COVID-19-ի դեմ։ Այն այժմ կամավոր անձանց վրա կլինիկական փորձարկումների փուլում է՝ այն բանից հետո, երբ այդ ընկերության համապատասխան հայտը ԱՄՆ իրավասու մարմինների հավանությանն է արժանացել։

Կարծում եմ, որ իմաստ կա ընթերցողներին ծանոթացնել նաև կորոնավիրուսի համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանը ԱՄՆ դրամական իշխանությունների առաջին արձագանքին։ Այսպես, ս.թ. մարտի 24-ին «Journal of Economics and Business» հեղինակավոր պարբերականում հրապարակվեց Զաքարիա Էվանսի «Kudlow Projects Coronavirus Aid Package to Reach «Roughly' $6 Trillion» («Կուդլոուի նախագծով կորոնավիրուսի հաղթահարման օգնության փաթեթը $6 տրիլիոն կարժենա») հոդվածը։ Նշենք, որ Լարի Կուդլոուն (Larry Kudlow), որը ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն է, նշել է օգնության ընդհանուր գումարը, որը հատկացվում է ԱՄՆ իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար՝ $6 տրիլիոն։ Լ.Կուդլոուի խոսքով՝ երկու տրիլիոն դոլարն ուղղակի օգնություն է պետական բյուջեից, $4 տրիլիոն էլ կհատկացվի ԴՊՀ վարկերի հաշվին։ Նշենք նաև, որ երբ գրվում էին այս տողերը, ԱՄՆ պետական պարտքը իրական ժամանակում կազմում է $23 տրլն 925 մլրդ, ընթերցողներին նաև հիշեցնենք, որ 2019թ. արդյունքներով ԱՄՆ ՀՆԱ-ն կազմել է $21 տրլն 482 մլրդ, այսինքն՝ ԱՄՆ պետական պարտքը կազմել է ՀՆԱ 111,37%-ը։ Ընդ որում՝ պետք է ուշադրություն հատկացնել այն բանին, որ այդ $2 տրիլիոնը չի ենթադրվում ստանալ ԱՄՆ Կոնգրեսի կողմից արդեն ընդունված՝ ընթացիկ ֆինանսական տարվա (սկսվում է 2019թ. հոկտեմբերի 1-ից) Դաշնային բյուջեի մասին օրենքի շրջանակում դրամական միջոցների վերաբաշխման ճանապարհով։ Այդ գումարը կհանգեցնի ԱՄՆ բյուջեի հաստատված դեֆիցիտի եռակի ավելացման՝ $1 տրլն-ից մինչև $3 տրլն։ Կարևոր է նշել, որ ԱՄՆ պետական պարտքի այս վիթխարի գումարից՝ $6 տրլն, 590 մլրդ-ն բաժին էր ընկնում ԱՄՆ պետական փոխառությանն այնպիսի երկրներին, ինչպիսին են Չինաստանը (որի պետական փոխառությունը կազմել է $1 տրլն 110 մլրդ կամ ԱՄՆ պետական փոխառությունների ընդհանուր գումարի 16,8%-ը), Ճապոնիան ($1 տրլն 100 մլրդ, 16,7%), Մեծ Բրիտանիան ($640 մլրդ, 9,7%), ինչպես նաև Բրազիլիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան և այլն։ Սրանք 2019թ. օգոստոսի տվյալներն են։ Նշենք նաև, որ ԱՄՆ բյուջետային օգնության $2 տրիլիոնից $1 տրիլիոնը ծախսվելու է բնակչությանն ուղղակի փող բաժանելուն՝ մեկ մեծահասակին հազար և մեկ երեխային՝ 500 դոլար հաշվարկով։ Անվիճելի է, որ այդ օգնությունը կմեղմի սոցիալական լարվածությունը հասարակությունում, և որ պակաս կարևոր չէ՝ կբարձրացնի բնակչության վճարունակ պահանջարկը։ Բյուջետային միջոցների մյուս $1 տրլն-ը կուղղվի փոքր բիզնեսի աջակցությանը, այդ թվում հարկային արձակուրդ տրամադրելու ճանապարհով՝ $350 մլրդ-ի չափով, ինչպես նաև կհատկացվի $250 մլրդ՝ գործազրկության նպաստների ծրագրի ընդլայնմանը, նախատեսված է նաև հարկային արձակուրդի տրամադրում ֆիզիկական անձանց։ Հիշեցնենք, հարգելի ընթերցող, որ այս աստղաբաշխական, ապրանքով չամրապնդված տրիլիոն դոլարների ներարկումները համաշխարհային ֆինանսական համակարգում բնավ չեն նպաստի դրա առողջացմանը։ Այո, այո, համաշխարհային ֆինանսական համակարգի առողջացմանը, գոնե այն պատճառով, որ 2019թ. դրությամբ ԱՄՆ դոլարը կազմում էր աշխարհի երկրների կենտրոնական բանկերի ողջ ոսկու-արժույթի պահուստների 61,82%-ը, ընդ որում՝ համաշխարհային պարտքի ավելի քան 40%-ը նշված է ԱՄՆ դոլարի անվանական արժեքով։ Նշենք նաև, որ եվրոյին բաժին է ընկել համաշխարհային պահուստային արժույթների ընդհանուր գումարի 20,24%-ը ($2,21 տրլն), ճապոնական իենին՝ 5,25%-ը ($572 մլրդ.), բրիտանական ֆունտ սթեռլինգին՝ 4,54%-ը ($495 մլրդ) և չինական յուանին՝ 1,95%-ը ($213 մլրդ)։

Ընթերցողի մոտ միանգամայն օրինաչափորեն կարող են հարցեր առաջանալ. իսկ կորոնավիրուսի հետ կապված՝ տնտեսության աջակցման ի՞նչ միջոցներ են մտցրել համաշխարհային պահուստային արժույթների մյուս էմիտենտները, դիցուք՝ Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը։

Այսպես, ս.թ. մարտի 18-ին Եվրամիության Խորհուրդը համաձայնեցրեց €37 մլրդ-ի հատկացումը՝ ԵՄ տնտեսությունը կորոնավիրուսի ազդեցությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակում։ Մարտի 19-ին Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարիչների խորհուրդը որոշում ընդունեց գործարկել €750 մլրդ-ի արժեթղթերի գնման ծրագիրը՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում ֆինանսական կայունությանն աջակցելու համար։ Հատկանշական է նաև մեկ այլ որոշում. ս.թ. մարտի 23-ին ԵՄ տնտեսության և ֆինասների խորհուրդը հաստատեց Եվրահանձնաժողովի առաջարկությունը՝ պատմության մեջ առաջին անգամ դադարեցնել տնտեսության աջակցության համար Կայունության և աճի պակտի գործողությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ դրանով իսկ չեղարկելով ՀՆԱ 3%-ից ոչ ավելի բյուջետային դեֆիցիտի սահմանաչափը Եվրամիության երկրների համար։ Կայունության պակտի չեղարկումը թույլ կտա ԵՄ կառավարություններին առանց սահմանափակումների վարկեր վերցնել՝ բիզնեսին օգնություն ցուցաբերելու համար։ Այդ նույն օրը՝ մարտի 23-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն ընդունեց տրամադրել €750 մլրդ ծավալով օգնության փաթեթ մասնավոր գործարարներին և ընկերություններին, ինչպես նաև բնակչության տարբեր խմբերին, որոնք կարող են զգալիորեն տուժել կորոնավիրուսի համավարակի հետևանքներից։

Նշենք նաև, որ Ֆրանսիայի կառավարությունը մարտի 21-ին հայտարարեց €45 մլրդ հատկացնելու մասին՝ խոշոր վնասներ կրող ձեռնարկությունների օգնության, ինչպես նաև մասնակի գործազրկության ռեժիմի անցած աշխատավորներին նպաստներ վճարելու համար։ Իտալիայի կառավարությունը մարտի 11-ին ընդունեց որոշում՝ հատկացնել €25 մլրդ արտակարգ իրադրությունում ընտանիքներին և ընկերություններին աջակցելու համար։ Իսկ Իսպանիայի կառավարությունը մարտի 17-ին որոշում էր ընդունել հատկացնել €200 մլրդ կորոնավիրուսի և երկրում դրա հետևանքների դեմ պայքարի համար։ Այդ գումարը կազմում է Իսպանիայի ՀՆԱ 20%-ը։  Դրանից €117 մլրդ-ն պետական միջոցներ են, մնացածը՝ ներգրավված մասնավոր ռեսուրսներ։

Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային պահուստային արժույթի մյուս էմիտենտին՝ Մեծ Բրիտանիային, ապա մարտի 17-ին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարեց բիզնեսի աջակցման միջոցների մասին։ Մասնավորապես, ընկերություններին կտրամադրվեն £330 մլրդ-ի կամ $400 մլրդ-ի վարկային երաշխիքներ, ինչը, ֆինանսների նախարար Ռիշի Սունակի խոսքով, կազմում է երկրի ՀՆԱ 15%-ը։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (World Economic Outlook, April 2019) տվյալներով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական պարտքը կազմել է ՀՆԱ 55,75%-ը, Իտալիայինը՝ 133,4%, Ֆրանսիայինը՝ 99,2%, Մեծ Բրիտանիայինը՝ 85,7%, Իսպանիայինը՝ 96%։ Իսկ Ռուսաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ կազմել է ընդամենը 19,48%։ Ահա այսպիսի բաներ։

Ի՞նչ կլինի համաշխարհային ֆինանսական համակարգի հետ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո, ինչպիսի՞ն կլինի համաշխարհային պահուստային արժույթների նշանակալիությունը, ինչն ուղղակիորեն կախված է էմիտենտ երկրների տնտեսության վիճակից՝ արդեն հիմա չի կարող լուրջ տագնապ չառաջացնել։

Հարգելի ընթերցող, ես հատուկ այսպիսի մանրամասնությամբ որոշ տվյալներ ներկայացրի, որոնք բնութագրում են (բնականաբար, ողջ ամբողջովին) համաշխարհային ֆինանսական համակարգում ստեղծված իրավիճակը։ Պարզ է մի բան, որ կորոնավիրուսի համավարակն արագացրեց գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամի գալուստը, որն անխուսափելի էր այն պայմաններում, երբ համաշխարհային ֆինանսները, այլ ոչ թե կոնկրետ արտադրություն կամ մարդիկ են դարձել երևակայական տնտեսական զարգացման «շարժիչ ուժը»։ Ցավոք, հիմա էլ չի տրվում գլոբալ տնտեսության սպառնալիքների սպառիչ գնահատականը, որոնք կարող են վերածվել գլոբալ աղետի։ Մենք արդեն որերորդ անգամ դառնում ենք արատավոր գործելակերպի վկաները, որը հանգեցրել է համաշխարհային տնտեսության «գերտաքացմանը», ԱՄՆ և Եվրոպայի ֆոնդային ինդեքսների ուռճացված պղպջակներին, երբ ԴՊՀ-ն և Եվրոպական կենտրոնական բանկը շարունակում են ոչնչով չամրապնդված փողերի տպագրման գործառույթը, ինչն անխուսափելիորեն բերելու է լճացման և լուրջ սոցիալական ցնցումների՝ հղի աշխարհը չկառավարվող քաոսի մեջ ներքաշելու վտանգով։ Եվ դա արվում է նրա համար, որպեսզի, համավարակով արդարանալով, հերթական անգամ գլոբալ տնտեսության «հրդեհը ողողել» դոլարների, եվրոների ու ֆունտ սթեռլինգների աներևակայելի ծավալներով։

Ո՞րն է  ելքը ստեղծված չափազանց վտանգավոր իրավիճակից՝ միանգամայն սպասելի կերպով կարող է հարցնել մեր հարգելի ընթերցողը։ Ուշադիր վերլուծելով կորոնավիրուսի համավարակի հայտարարումից հետո աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ ավելի ու ավելի եմ համոզվում այն բանում, որ անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների միավորում՝ Իրանի ներգրավմամբ, համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի քաղաքականությանը դիմակայելու համար միասնական կենտրոնով, օլիգարխիա, որը, ինչպես քանիցս ցույց է տվել կյանքը, ԱՄՆ ԴՊՀ տպագրասարքի և Եվրոպական կենտրոնական բանկի տպագրասարքի (որը Մայնի Ֆրանկֆուրտում է) անխափան աշխատանքով, ռազմական հակամարտությունների հրահրմամբ, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ամեն տեսակ պատժամիջոցների կիրառմամբ, Չինաստանի հանդեպ տարատեսակ սադրանքների նախաձեռնմամբ պատրաստ է երկարացնել իր արտոնյալ դիրքն աշխարհում։ Իսկ դա, իր հերթին, թույլ է տալիս նրանց պահպանել իրենց երկրների բնակչության բարձր կենսամակարդակը, հիմնականում  տպագրասարքի շնորհիվ։ Կասկած չի հարուցում, որ Եվրոպայի առաջին տպագրիչ Յոհան Գութենբերգը, որը մեծ դեր է խաղացել Վերածննդի, Ռեֆորմացիայի, Լուսավորության դարաշրջաններում, եթե իմանար, թե ներկայում ինչ նպատակների համար է օգտագործվում դեռևս XV դարում իր հայտնաբերած տպագրասարքը, երիցս կպտտվեր դագաղում։

Նորից կցանկանայի ընդգծել, որ վերահաս գլոբալ տնտեսական աղետին դիմակայելու միասնական կենտրոնի ստեղծումը, որն իր մեջ կառնի ԵՏՄ և ՇՀԿ տնտեսական, ռազմական, ռեսուրսային, մտավոր և մարդկային ողջ պոտենցիալը, ինքնաոչնչացումից աշխարհը փրկելու միակ համադարմանն է։ Գրում եմ այս տողերը և մտաբերում XVI - XVIIդդ.  անգլիացի հիանալի բանաստեղծ Ջոն Դոնի բանաստեղծությունը, որը որպես բնաբան է ծառայել Էռնեստ Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» հիասքանչ վեպի համար. «Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իր համար ապրող կղզի չէ: Յուրաքանչյուր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ Ցամաքի: Եթե ծովը քշի-տանի մերձափնյա ժայռը, Եվրոպան կփոքրանա, ինչպես կփոքրանար, եթե տաներ մի Հրվանդան, տաներ քո ընկերների կամ քո սեփական կալվածքը: Յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ մեջ ամբողջ մարդկությունն է: Եվ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է գուժում զանգը: Քո՛ մահն է գուժում»։ Երկիր մոլորակի մարդիկ, կորոնավիրուսը ձեր մահն է գուժում։

Չեմ բացառում, որ հարգելի ընթերցողը կարող է հետաքրքրվել, թե այդ ինչու ոչ մի բառ չասացի իմ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Արցախի Հանրապետության այսօրվա տագնապալի առօրյայի մասին։ Ցավոք, իրավիճակը ՀՀ-ում բավական տագնապալի է։ Այո, Հայաստանի կառավարությունը հաստատել է ինը հակաճգնաժամային փաթեթ։ Սակայն չէի ցանկանա այս հոդվածում մեկնաբանել Հայաստանի կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների ակտուալությունն ու պահանջվածությունը։ Դրանց ակտուալության աստիճանը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, բավական պերճախոս երևում է «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի անվերջանալի ուղիղ եթերներում։ Չեմ թաքցնի, որ բավական ուժեղ ծանրաբեռնվածություն է քիչ թե շատ կրթված մարդու նյարդային համակարգի համար օրը մի քանի անգամ, non-stop ռեժիմով դիտել և լսել «ժողվարչապետի» զառանցանքները, որոնք, զբաղեցրած պաշտոնին նրա լիակատար անհամարժեքության պատճառով, բնավ չեն նպաստում այն բանին, որպեսզի ՀՀ քաղաքացիները հասկանան  երկրի, յուրաքանչյուր հայ ընտանիքի առջև ծառացած ակտուալ խնդիրները, էլ չեմ ասում դրանց լուծման ուղիների մասին ընկալելի բացատրությունների բացակայության մասին։ Նրա բոլոր live-երը պոպուլիզմի դասական նմուշիկներ են և ենթարկված են ինքնագովաբանմանը կամ, ինչպես կասեին «առաջադեմ» քաղաքագետները, իր իսկ սիրելի անձի PR-ակցիային։

Ի մխիթարություն հայ ժողովրդի՝ այժմ արդեն մեծամասնության, լիահույս եմ, որ հեռու չէ այն օրը, երբ, Աստվածաշնչի Հին Կտակարանի խոսքով. «Ամեն բանի ժամանակ կա. և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկության։ Կա և ծնվելու, և կա մեռնելու ժամանակը...» (Ժողովող, 3։2), հայ ժողովուրդը կհաղթահարի կորոնավիրուսի համավարակը և դրան զուգահեռ կազատվի անիրազեկ իշխանությունների՝ հայոց պետականության համար նույնքան վտանգավոր ճնշիչ տիրապետությունից, իշխանություններ, որոնք ավելի ու ավելի են հայտնվում Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին իրականացված պետական հեղաշրջման անդրօվկիանոսյան սցենարիստներից, ինչպես նաև սորոսյան տիկնիկավարներից ու նրանց տեղական լափակերներից կախման մեջ։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։

    Հետգրության փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ կան նաև լավ նորություններ։ Այսպես, դեռևս ս.թ. մարտի 30-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը Sputnik Armenia ինտերնետ-պարբերականի թղթակցի՝ «Մենք գիտենք, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում։ Օրինակ, ռուսական կողմը մեզ տրամադրել է 1500 հատուկ թեստ։ Նախատեսվո՞ւմ է արդյոք հետագա օգնության տրամադրում այս ոլորտում» հարցին պատասխանել է. «Հասկանալի է, ռուսական կողմն այս հարցում ելնում է հայկական իշխանությունների հայցադիմումից։ Համոզված եմ, որ, հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, նման ցանկացած հարցում կդիտարկվի առավելագույն ուշադրությամբ և կառուցողական մոտեցմամբ։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանին, որ Հայաստանում աշխատող՝ ռուսական կապիտալ ունեցող ընկերությունները նույնպես անտարբեր չեն մնում։ Օրինակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, «ՎՏԲ Արմենիա» բանկը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն միացել են հանրապետության ֆինանսների նախարարության նախաձեռնած դրամահավաքին կորոնավիրուսի կանխարգելման և դրա տարածումը հաղթահարելու նպատակով։ Այսօրվա ճգնաժամային իրավիճակը միջազգային հանրության հասունության և համերաշխության թեստ է։ Կցանկանայի մեզ բոլորիս բարեմաղթել, որպեսզի այդ թեստը հաջող հանձնվի»։ Համոզված եմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարության առաջին իսկ օրվանից Ռուսաստանի Դաշնությունը իր՝ Մեծ տերությանն արժանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ, գերազանցությամբ է հանձնում այդ թեստը։ Եվ այդ անվիճելի փաստը մեր ընդհանուր հպարտության, Երկիր մոլորակի բոլոր ազնիվ մարդկանց հպարտության առարկան է։

Առանց հուզմունքի չեմ կարող չտեղեկացնել ընթերցողներին, որ երեկ՝ ապրիլի 7-ի երեկոյան, Հայաստան ժամանեց Ռուսաստանի ՌՏՈւ ինքնաթիռը՝ ռազմական մասնագետների առաջին խմբով, որոնք աջակցություն կցուցաբերեն հայ գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու գործում։ Այսօր սպասվում է երկրորդ ինքնաթիռի ժամանումը։ Ռուսաստանցի մասնագետները բերել են վարակազերծման համակարգեր և շարժական լաբորատորիա կորոնավիրուսի թեստավորման համար, ինչը թույլ կտա օպերատիվ կարգով ստուգել վիրուսի առկայությունը հայ զինծառայողների, ինչպես նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զորակազմի մոտ, ավելի արդյունավետ պայքարել COVID-19-ի տարածման դեմ։ Նշենք նաև, որ աջակցության ցուցաբերման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների՝ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև, երկկողմ համագործակցության շրջանակում։

Հարգելի ընթերցող, ս.թ. մարտի 28-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ «Օրակարգում հետճգնաժամային աշխարհակարգի ծրագրի մշակումն է» հոդվածում այսպիսի տողեր կան. «...ՀԱՊԿ մասնակից պետությունները, ԵՏՄ անդամները պետք է ստեղծեն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման, նրա տնտեսական հետևանքների մեղմման համատեղ համալիր ծրագիր և այդ հիմքի վրա մշակեն հետճգնաժամային արդարացի աշխարհակարգի կայացման գիտականորեն հիմնավորված նպատակային ծրագիր», որոնց հաջորդում է «Ռուսաստան, արձագանքի՛ր» կոչը։  Իսկ հիմա ցանկանում եմ հոդվածս ավարտել «Ռուսաստան, շնորհակալություն» բառերով։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ