ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԳՆԱԼՈՒ Է ՄԱՆԴԵԼԱՅԻ ԿԱՄ ՄՈՒԳԱԲԵԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԳՈՒՇԱԿԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՌԻՉԱՐԴ ՄԻԼԶԸ
22.10.2018, Իրավունք
Եվ այսպես, ս.թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում իր դիվա¬նա-գիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը անգլալեզու EVNReport պորտալին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հրաժեշտի հոկտեմբերյան թեզիս-խրատներով։ Հատկանշական է, որ նախապես տեղեկացնելով դեսպանի հետ հարցազրույցի մասին՝ պորտալը մատնանշել է դեսպանի գործունեության գլխավոր արդյունքները (ուղենիշերը), դիցուք՝ «Հայաստանում ավելի քան երեք տարվա ծառայությունից հետո ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը պատ¬րաստ¬վում է թողնել երկիրը, որը խորապես փոխակերպվել է (իմա՝ նրա անմիջական ղեկավարությամբ – Ա.Գ.)։ Խոսելով Հայաստանում իր գտնվելու ժամանակի մասին՝ դեսպան Միլզը խորհրդածում է որոշ արմատական փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխությամբ (Velvet Revolution), Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու խնդիրների և այն մասին, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ապագայում Իրանի հետ բարդ հարաբե-րություններին («U.S. Ambassador Mills. I leave inspired and hopfull» կամ «ԱՄՆ դեսպան Միլզ. Ես հեռանում եմ Հայաստանից ոգեշնչված և լիահույս», www.evnreport. com, 15 հոկտեմբերի 2018թ.)։
Դե ինչ, բավական անկեղծ է հնչում. ծրագրված և տարիներ շարունակ մանրակրկիտ նախապատրաստվող Velvet Revolution-ը (այսինքն՝ պետական հեղաշրջումը) տեղի ունեցավ, իսկ դեսպանի լիահույսությունը պայմանավորված է նրանով, որ «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի ակտիվիստների, ԼԳՏԲ հանրույթի ագրեսիվ ներկայացուցիչների և սորոսյան հասարակական կազմակերպությունների «ինտելեկտուալ¬ների» և նրանց նմանների ուղղակի սպառնալիքների և շանտաժի միջոցով նվազագույնի է հասցվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) կողմից նոր վարչապետի ընտրության սահմանադրական իրավունքի իրականա¬ցումը գործող վարչապետի հրաժարականից հետո: Ավելին, այդ իրողությունը էլ ավելի է ամրապնդվել այսպես կոչված «Վենետիկի հանձնա¬ժողովի» (սահմանադրական իրավունքի խորհրդատվական մարմնի) կողմից ս.թ. դեկտեմ¬բերին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին անթաքույց աջակ¬ցության խորացող փաստով։ Եվ ահա, այդ հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն օրերս խփել է անսկզբունքայնության և երկակի չափորոշիչների վառ ցուցադրման բոլոր ռեկորդները՝ բայց և դրանով իսկ նվաճելով կանխակալության բոլոր դափնիները։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանի ընթացքում Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև քննարկումների արդյունքներով այդ գերատեսչության նախագահ Ջանի Բուկիկիոն հանդես է գալիս հայտարարությամբ, որում «ընդունում է կոնկրետ իրավիճակը Հայաստանում (հավանաբար, Վենետիկի ծովածոցի ափերից սույն «փաստը» հստակ է երևում – Ա.Գ.), որը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում; ողջունում է Հայաստանի իշխանությունների հավատարմությունը միջազգային չափորոշիչներին Ընտրական օրենսգիրքը վերանայելու գործում (ինչի օրինակը նա ցույց է տալիս անձամբ, երբ Ընտրական օրենսգրքի քննարկման համար սահմանված 6 ամսվա փոխարեն հանդես է գալիս մի փաստաթղթի մասին հայտարարությամբ, որն Ազգային ժողովի կողմից անգամ իսկ հաստատված չէ – Ա.Գ.); նշում է, որ առաջարկվող փոփոխությունները հետապնդում են լեգիտիմ նպատակներ և հիմնականում դրական են թվում; մասնավորապես, ողջունում է բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են ձայնի իրավունքի իրականացման պարզեցմանը, զանգվածային լրատվա¬մի¬ջոցների հասանելիության, դիտորդների իրավունքների և առհասարակ ընտրական օրենսգրքի թափանցիկությանը, ինչպես նաև ընտրակեղծիքների դեմ պայքարին նպաստելու համար; ողջունում է կոալիցիաների մասնակիցների թվի սահմանափակման չեղարկումը, որոնք կձևավորվեն առաջին ռաունդից հետո՝ Վենետիկի հանձնաժողովի և ԺԻՄԻԳ (Ժողովրդական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակ- Ա.Գ.) գլխավոր հանձնարարականի համապատասխան»։ Դե ինչ, հիանալի է՝ կմտածի ընթերցողը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Ընտրական օրենսգիրքը, որի մասին այդքան սրտա¬ցավությամբ է խոսում Ջ.Բուկիկիոն, կրկնում եմ, դեռևս չի քննարկվել ՀՀ ԱԺ նիստում և, բնականաբար, չի ընդունվել։ Երկրորդ աչք ծակող հանգամանքն այն է, որ ըստ առկա ընթացակարգի՝ Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվում է Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը ՀՀ ԱԺ-ում դրա հաստատումից հետո և պաշտոնապես ուղարկվում է երկրի խորհրդարանի կողմից, այլ ոչ թե գործադիր իշխանության ներկայացուցչի, թեկուզ նա լինի փոխվարչապետի պաշտոնակատարը, որն առավել ևս խորհրդարանում ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը Ն.Փաշինյանի պատկերավոր արտահայտությամբ՝ «երեք հուսալի պատգամավորական ձայն» ունի։ Էլ չենք ասում այն մասին, որ խոշոր փոփոխություններն ընտրական համակարգում՝ թեկնածուների շրջանային ցուցակների (ռեյթինգային համակարգի) չեղարկումը, որոնք պետք է իրականացվեն ընտրություններին նախորդող մեկ տարում, ինչպես դա սահմանված է հենց Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններով, Ջ.Բուկիկիոյի հայտարարությունում հիշատակվում է իմիջիայլոց, թեթևակի։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը միաժա¬մանակ նշում է, որ այդ թերացումները պակաս ակտուալ են, եթե քաղաքական ուժերի միջև կա կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ։ Նշենք, որ հայտարարության տեքստի հրապարակման պահին սույն հարցի վերաբերյալ ոչ մի կոնսենսուս ձեռք բերված չէր, մինչդեռ ձեռք բերված կոնսենսուսի վկայություն կարող է հանդիսանալ միայն Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից Ընտրական օրենսգրքի համախմբված ընդունման դեպքում: Մի խոսքով՝ արդեն ակնհայտ է դարձել, որ Արևմուտքի որոշ ազդեցիկ շրջանակներին չափից ավելի են անհրաժեշտ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում։
Վերադառնալով դեսպանի հարցազրույցին՝ հարց տանք. իսկ ինչո՞վ մեզ զարմացրեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։ Անկեղծ ասենք. նրա հարցազրույցում բավական վտանգավոր, իսկ որոշ դեպքերում՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար վիրավորական պասաժներ կան։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։ Կարևոր է նշել այլ բան. դեսպանի մտքի բոլոր գոհարները, որոնք կարելի է բնորոշել որպես բացահայտ միջամտություն ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին, ինչպես և պետք էր սպասել, մնացին առանց համարժեք արձագանքի գործող իշխանությունների կողմից։ Միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանն անատամ արձագանքեց Ռ.Միլզի բավական վտանգավոր հայտարարությանը, այն է. «Երբ ես եկել էի այստեղ (Հայաստան- Ա.Գ.), ինձ համար շատ անսպասելիորեն պարզեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը կտրականապես դեմ է գրավյալ տարածքները վերադարձնելուն՝ բանակցային գործընթացի շրջանակներում։ Բանակցային գործընթացը տարիներ շարունակ հասկացվում էր այնպես, որ այդ տարածքները սկզբում գրավվել էին, որպեսզի հետագայում օգտագործվեն «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում»։ Դեսպանի այս ուղղակի սուտ արտահայտությանը վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը պատասխանել է ոչինչ չասող նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը կարելի է համարել հեռացող դեսպանի մեսիջ»։ Այնինչ, չէր խանգարի, որպեսզի Ն.Փաշինյանը հետաքրքրվեր դեսպանից, թե ով է նրան լիազորել կոպտորեն խեղաթյուրել, ընդ որում՝ կոպտորեն խեղաթյուրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունների բովանդակությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի տակ դրված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրությունը։ Մի՞թե նա այդքան նեղացած է ԱՄՆ նախկին նախագահից, որն ինքն էր 2014թ. նրան՝ Ռիչարդ Միլզին դեսպան նշանակել Հայաստանում, որ կոպտորեն խեղաթյուրում է միանգամից հինգ փաստաթղթերի բովանդակությունը, որոնց տակ դրված է Օբամայի ստորագրությունը։ Չէ՞ որ իր «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» հայտարարությամբ Ռ.Միլզը նորից ու նորից, կրկնում եմ, կոպտորեն խեղաթյուրում է 2009թ. իտալական Աքվիլում, 2010թ. կանադական Մուսքոկում, 2011թ. ֆրանսիական Դովիլում, 2012թ. մեքսիկական Լոս Կաբոսում և, վերջապես, 2013թ. հյուսիսիռլանդական Էնիսկիլենում (Լոհ Էրն) արված հինգ համատեղ հայտարարությունների բովանդակությունը։ Տեղեկանքի համար նշենք, որ այդ բոլոր փաստաթղթերում դրված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրությունը, այն դեպքում, երբ տարբեր տարիների հայտարարությունները ստորագրել են ՌԴ գործող նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը։ Եվ ահա, հինգ համատեղ հայտարարություններից և ոչ մեկում նշված չէ «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» բանաձևը։ Ավելին, բոլոր հինգ հայտարարություններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հետևողականորեն և միանշանակորեն մերժում են հակամարտության ռազմական լուծումը։ Հատկանշական է, որ վերջին համատեղ՝ լոհէրնյան հայտարարության (2013թ. հուլիսի 18) տեքստում տրվել են ասես թե ընդհանրացնող գնահատականներ, որոնք բացառում են տարընթերցումների հնարավորությունը. «Մենք նախկինի պես խիստ համոզված ենք այն բանում, որ վերջին չորս տարիներին (ընդգծումն իմն է- Ա.Գ.) մեր երկրների արած հայտարարություններում պարունակվող դրույթները պետք է դառնան Ղարաբաղյան հակամարտության արդարացի և ամուր կարգավորման հիմքը։ Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ մյուսների հանդեպ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը (ընդգծումն իմն է – Ա.Գ.), – ասվում է նախագահների հայտարարությունում։ Նրանք նաև նշել են, որ «Ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում ստեղծվել է առճակատման և անկայունության ընթացիկ իրավիճակը, չի լուծի հակամարտությունը։ Ռազմական գործողությունների վերսկսումը կունենա աղետալի հետևանքներ տարածաշրջանի բնակչության համար և կհանգեցնի մարդկային զոհերի, հետագա ավերածությունների, հսկայական ֆինանսական ծախսերի։ Մենք վճռականապես կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին մեկ անգամ ևս հաստատել հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»։ Չենք ուզում հավատալ, որ այս՝ իր տեսակի մեջ ընդհանրացնող փաստաթղթի առկայության մասին չգիտեին ինչպես Ն.Փաշինյանը, այնպես էլ Ռ.Միլզը։ Այդ դեպքում միանգամայն տեղին է հարցնել. իսկ ինչո՞վ են պայմանավորված ամերիկյան դեսպանի այս ոչնչով չամրագրված մեսիջը և «ժողվարչապետ» Ն.Փաշինյանի բացարձակապես ոչինչ չասող անատամ պատասխանը։ Ակամա գալիս ես այն եզրահանգման, որ Ռ.Միլզը միանգամայն գիտակցված է արել նման հայտարարություն հենց հիմա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան այցի նախօրեին։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Վաշինգտոնը նոր քաղաքականություն է կառուցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը սահմանակից է ԱՄՆ երկու աշխարհաքաղաքական հակառակորդներին՝ Իրանին և Ռուսաստանին։ Մեր տարածաշրջանում քաղաքական գործընթացների վրա ազդեցությունը, բնականաբար, որոշակի նպատակ է հետապնդելու՝ անկայունություն ստեղծել Ռուսաստանի հարավային և Իրանի հյուսիսային սահմաններին։ Ուստի, բնավ պատահական չէ, որ Ռ.Միլզն իր հարցազրույցում բացահայտ հայտարարեց այն մասին, որ «հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի Իրանի հետ բարդ հարաբերություններին»։ Թե ինչի կարող են վերածվել դրանք Հայաստանի համար, որի չորս հարևաններից երկուսի հետ նրա սահմանները փակ են՝ դժվար չէ պատկերացնել։ Չէ՞ որ իր այս հայտարարությամբ Ռ.Միլզը, ըստ էության, սադրում է ոչ թե իրեն ենթակա Ն.Փաշինյանին, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրան և ադրբեջանական լսարանին փաստորեն հուշելով այն միտքը, որ, իբր, տեսեք, թե ինչ ապակառուցողական են հայերը, որոնք չեն ցանկանում վերադարձնել ադրբեջանական հողերը։ Այսինքն՝ մենք գործ ունենք Ադրբեջանին պատերազմ սկսելու քողարկված կոչի հետ։ Իսկ որպես պաշտոնական Երևանի վրա ճնշման գործիք դեսպանը հռչակեց նաև հանգամանքներին հարիր սադրիչ և անընդունելի «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» բանաձևը՝ քաջ իմանալով, որ ողջ բանակցային գործընթացում խոսքը եղել է «տարածքներ (հողեր) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձևի մասին։
Դեսպանի խոսքերը շատ ավելի չարագուշակ են հնչում, քան կարող են թվալ։ Չէ՞ որ նա հիանալի գիտի, որ ողջ բանակցային գործընթացում խոսքը եղել է «տարածքներ (հողեր) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձևի մասին»։ Սակայն հանուն արդարության նշենք, որ դեսպանի առաջարկած բանաձևն ամենայն հավանականությամբ այնքան էլ խորթ չէ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին։ Հիշենք, որ ՀՀ ԱԺ 2018թ. մայիսի 1-ի հատուկ նիստում, որի օրակարգում էր ՀՀ վարչապետի ընտրության հարցը, խորհրդարանի Հանրապետական կուսակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը և Միհրան Հակոբյանն իրենց ելույթներում հնչեցրին և գործընկերներին ներկայացրին «Հայկական ժամանակ» թերթի 2001թ. համարը, որում տպագրված էր հոդված այն ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Հոդվածը լույս է տեսել պաթետիկ «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով։ Հոդվածում Ն.Փաշինյանը, մասնավորապես, գրում է. «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին... Ախր էս երկիրը (նկատի ունի Հայաստանը- Ա.Գ.) տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին» (ընդգծումն իմն է- Ա.Գ.)։ Ահա այսպիսի հայտնություններ, և այս ֆոնին եթե Ն.Փաշինյանն առարկեր ամերիկյան դեսպանին, չէ՞ որ սա կարող էր նրան պատասխանել առնվազն նրա իսկ վերը բերված «պացիֆիստական» մտքերով։
Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե հեռացա Ռ.Միլզի հարցազրույցում պարունակվող՝ Հայաստանի հասցեին վերը նշված թաքուն վիրավորանքների պարզաբանումից, մի ոչ մեծ մեջբերում կատարեմ նրա հարցազրույցից. «Նա (դեսպան Միլզը- Ա.Գ.) նշեց, որ Հայաստանում տեղի ունեցողը կարող է ավարտվել ինչպես Մանդելայի կամ Մուգաբեի մոտ», և թեև նա զգում է, որ Հայաստանն ընթանում է Մանդելայի ճանապարհով, «դուք պետք է զգոն և ուշադիր լինեք այս անցումային շրջանում, փոփոխությւոնների ժամանակ, ինչպես ասաց վարչապետը»։ Այսպիսով, նման անհեթեթություն բարբաջելով դեսպան Ռ.Միլզը, ըստ էության, մինչև պետական հեղաշրջումը, իսկ նրա խոսքերով՝ մինչև 2018թ. ապրիլ-մայիսի իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունը համեմատում է 1948-1994թթ. Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ապարտեիդի ռեժիմի հետ, որի վերջը դրեց Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) առաջնորդ Նելսոն Մանդելան, որը 1994թ. մայիսի 10-ին ՀԱՀ խորհրդարանական ընտրություններում ԱԱԿ հաղթանակից հետո դարձավ այդ երկրի նախագահը։ Մեղմ ասած՝ առողջ բանականության շրջանակներում չտեղավորվող ինչ երևակայություն պետք է ունենալ նման համեմատություն անելու համար։ Այնինչ, եթե խոր մտածենք, ապա այս համեմատության մեջ է, առաջին հայացքից, քողարկված այլասացությունը, ավելի շուտ՝ ոչ երկիմաստ աջակցությունը իրենց իսկ ստեղծած «նոր Հայաստանին», որն արդեն երկիրը մոտեցրել է պետականության սասանման վտանգավոր գծին՝ իշխանության ինստիտուտների բացահայտ վարկաբեկման միջոցով։ Չէ՞ որ գրոշ չարժեն պետական ինստիտուտները, երբ կառավարության նախարարները զբաղեցրած պաշտոններից ազատվում են փողոցում, «հուզավառ» ամբոխի հայհոյախոսությունների ներքո, բնականաբար, նրանք պաշտոնից ազատվում են բնավ ոչ աշխատանքում ունեցած ձախողումների համար, այլ քաղաքական ուժերի հրապարակային «քոթակի» նպատակով, որոնք միամտաբար հավատացել էին «ժողվարչապետի» բարի մտադրություններին և աջակցել նրա ընտրությանը։
Իսկ ինչ վերաբերում է Ռ.Միլզի այն արտահայտությանը, թե «Հայաստանում տեղի ունեցողը կարող է ավարտվել ինչպես... Մուգաբեի մոտ», ապա դեսպանի այս մտահանգումը հնչում է նույնքան երկիմաստ, որքան և չարագուշակ։ Երկիմաստ այն առումով, որ Ն.Փաշինյանի հիվանդագին, անզուսպ ցանկությունը՝ ամեն գնով պահել ՀՀ վարչապետի պաշտոնը, դիցուք՝ ՀՀ ԱԺ հատուկ նիստում իր սեփական սիրելի անձից բացի այդ պաշտոնին որևէ այլ թեկնածուի ընտրության քննարկման ցանկացած հնարավորության արգելակվում և բախվում է բացահայտ շանտաժի և սպառնալիքի «ժողովրդի անունից», իսկ իրականում ագրեսիվ և արդեն ակնհայտ փոքրամասնության կողմից, ինչն արդեն ակնհայտ նկատվում է, այլ ոչ թե Հայաստանի ողջ ժողովրդի անունից։ Այս առնչությամբ հարկ է նաև նշել այս հակասահմանադրական գործողություններին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներքաշելու բացահայտ փաստը, որն ահա արդեն քսաներորդ օրն է՝ հայտնի հանգամանքների բերումով, չի ստորագրում «Ազգային ժողովի Կանոնակարգի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրենքը՝ ընդունված ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին։ Նշենք, որ նախագահին ՀՀ ԱԺ ընդունած օրենքների հաստատման համար տրվում է 21 օր, որն այս պարագայում լրանում է 2018թ. հոկտեմբերի 23-ին։ Չէի ցանկանա կանխատեսողի դերում հանդես գալ, բայց Հայաստանում կատարվող իրադարձությունների տրամաբանությունը հանգեցնում է այն մտքին, որ ՀՀ նախագահը այդ օրենքը կուղարկի Հայաստանի Սահմանադրական դատարանի քննարկմանը, թեև սահմանադրական իրավունքի որակյալ մասնագետների կարծիքով՝ դրա կարիքն ընդհանրապես չկա։ Անվիճելի է, որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ-ում, հետագայում կիմաստավորվի և համապատասխան ձևով որակավորում կստանա ու կգնահատվի։
Մինչդեռ մենք հիանալի հասկանում ենք, որ այդ օրենքի հաստատումը շատ կնպաստեր հնարավորությունների ստեղծմանը ՀՀ ԱԺ նիստի երաշխավորված անցկացման համար, հրաժարական տված Ն.Փաշինյանի փոխարեն դեմոկրատական ճանապարհով երկրի վարչապետի ընտրության նպատակով։ Ավելին, երկրի բնակչությունը, համենայն դեպս՝ նրա գիտակից հատվածը, որն այժմ լռություն է պահպանում, ավելի անաչառ կսկսեր գնահատել Ն.Փաշինյանի կողմից հրահրվող նրա երկրպագուների գործողությունները «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի, ագրեսիվ տրամադրված ԼԳՏԲ հանրույթի ներկայացուցիչների, սորոսյան և դրա նման այլ կազմակերպությունների հարյուրավոր գրանտակերների թվից։ Հավանաբար, այժմ լուռ մեր քաղաքացիների մեջ կարող էր արթնանալ ցանկություն՝ բացատրելու կարիքից կամազուրկ դարձած մեր հազարավոր հայրենակիցներին և ազնիվ, բոցավառ աչքերով երիտասարդներին (որոնք հավատացել են «ժողվարչապետի» կարգախոսներին) «ժողվարչապետի» քաղաքականության չափազանց վտանգավորությունը և արկածախնդրությունը, որն ինքն էլ, գուցե չիմանալով այդ մասին, դարձել է գործիք Հարավկովկասյան տարածաշրջանում գլոբալ խաղացողների հակամարտությունում։ Ընդ որում, արտասահմանյան հովանավորների հարցում «ժողվարչապետի» ընտրությունը սպառնում է ոչ միայն անձնական անխուսափելի ֆիասկոյով, այլև Հայաստանի պետականության և Արցախի Հանրապետության կորստով։ Եվ սա չափազանցություն չէ։ Վերադառնալով Ռ.Մուգաբեի հետ համեմատությանը՝ մենք իրավունք ունենք մտածելու նաև այն մասին, որ Ռ.Միլզը, թեև հավատս չի գալիս, բայց գուցե Ն.Փաշինյանի վարքագծում տեսել է, ինչպես և Մուգաբեի պարագայում, ամեն ընդունված ու չընդունված միջոցներով 30 տարի իշխանության ղեկին մնալու ձգտումը։ Իսկ ինչ վերաբերում է դեսպանի խոսքերում հնարավոր չարագուշակ իմաստին, ապա Ն.Փաշինյանի հնարավոր հեռացումը ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքի անխուսափելի ձախողման համար Ռ.Միլզին ներկայանում է որպես Հայաստանի վերադարձ մի այնպիսի վիճակի, որը նույնական կլինի Զիմբաբվեում այդ երկիրը կառավարող դիկտատոր Ռոբերտ Մուգաբեի օրոք տիրող վիճակին։ Ուստի, դեսպանը՝ ժպիտը դեմքին, որպեսզի սարսափ չհարուցի, հարցազրույց է տալիս, որում իր հայ սաներին խրատում է ինչ անել և ինչպես ապրել հետագայում։ Ինչպես ասում են՝ չմեռանք, էս էլ տեսանք, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երանությամբ և ստրկամտորեն լսում է Ռ.Միլզի խոսքերը, որը հայկական հնագույն քրիստոնեական քաղաքակրթությունը համեմատում է ապարտեիդի կամ վայրի դիկտատուրայի ռեժիմների հետ, միևնույն ժամանակ, կովբոյավարի՝ աներեսաբար միջամտում է Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան պետության ներքին գործերին։ Ի դեպ, Հայաստանում իշխանության ղեկին գտնվողների լռությունը միանգամայն բացատրելի է։ Այդ լռությունը պայմանավորված է կամ վերջինների՝ իրենց զբաղեցրած պաշտոններին բացարձակ անհամարժեքությամբ, կամ քեռի Սեմի կողմից սեփական կանխակալության գիտակցմամբ, իսկ ավելի շուտ՝ այդ երկու գործոնների միաժամանակյա առկայությամբ։ Դեսպանի նման աննրբանկատությունը հնարավոր է դարձել այն բանի հետևանքով, որ ս.թ. հոկտեմբերի 9-ին ելույթ ունենալով հայ-ամերիկյան առևտրային պալատում՝ ամերիկյան դեսպանը խրատել էր. «Ես մտահոգված եմ ինձ հասնող (հավանաբար, որպես միջնորդ դատավոր – Ա.Գ.) ահազանգերից, որ ինչ-որ մեկը Հայաստանի կառավարությունում անհրաժեշտ է համարում կառավարության սահմանափակ ռեսուրսները կենտրոնացնել բարձրտեխնոլոգիական սեկտորներում (տեսեք, թե ի՜նչ «աղաղակող լկտիություն» կառավարության կողմից՝ ինքնուրույն վերաբաշխել սահմանափակ ռեսուրսները- Ա.Գ.)։ Ինձ հայտնի է ռեսուրսների մասին, որոնք այդ պատճառով արդեն հանվել են այնպիսի ճյուղերից, ինչպիսին են գինեգործությունը, զբոսաշրջությունը և հանքարդյունահանումը»։ Եվ սա, կրկնում եմ, «ժողվարչապետի» և նրա ղեկավարած կառավարության ստրկամիտ լռության պայմաններում։ Այս պայմաններում միանգամայն սպասելի էր (իր ռազմավարական դաշնակցի շահերի հետևողական պաշտպանության տեսակետից), երբ ս.թ. հոկտեմբերի 17-ին ավանդական պաշտոնական ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առանց ակնարկների Հայաստանում տեղի ունեցող սույն իրողություններն անվանեց իրենց անուններով, այն է. «Ընդ որում, ինքնիշխան պետության (նկատի ունի Հայաստանը- Ա.Գ.) ներքին գործերին միջամտության մասին դեսպանը (Ռիչարդ Միլզը- Ա.Գ.) խոսում էր առանց շփոթմունքի ստվերի, ավելին՝ հպարտությամբ։ Չէ՞ որ իբր այդ ամենը արդարացված է և հարկավոր բարի նպատակի իրագործման համար՝ «Հայաստանը դարձնել ավելի արդար և թափանցիկ հասարակություն»»։
P.S. Հայ հասարակությունում Սորոսի հիմնադրամից և դրա նման խափանարար կառույցներից շռայլորեն ֆինանսավորվող ամեն տեսակ հասարակական կազմակերպությունների, տարատեսակ հիմնադրամների ճնշող մեծամասնության պայմաններում, որոնց գործունեությունն ուղղված է հայոց պետականության հիմքերի սասանմանն ու Ռուսաստանի Դաշնության հարավային սահմաններին անկայունության գոտու ստեղծմանը, սուր անհրաժեշտություն է առաջացել միավորելու Հայաստանի բոլոր հայրենասիրական ուժերին՝ ապակառուցողական այդ ուժերի գործողություններին համակարգային հակահարված կազմակերպելու նպատակով։ Եվ շատ լավ է, որ հայոց պետականությանը սպառնացող վտանգի գիտակցումն Ռուսաստանի մեր բարեկամների մոտ առաջ է բերել եղբայրական հայ ժողովրդին նրա նորագույն պատմության այս բարդ ժամանակաշրջանում օգնություն ցուցաբերելու ազնիվ մղումը: Խոսքը չափազանց պահանջված և խիստ հրատապ նախաձեռնության մասին է, որով օրերս հանդես եկավ հայտնի քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի I, V, VI և VII գումարումների պատգամավոր, Պետական դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Ֆեոդորովիչ Զատուլինը։ Եվ ահա, Կոնստանտին Ֆեոդորովիչը հանդես եկավ առաջարկությամբ՝ ստեղծել «Լազարյան ակումբ»։ Անգամ ակումբի անվանման ընտրությունը՝ Լազարյան, բավական մանրակրկտորեն է մտածված։ Չէ՞ որ հենց Իվան Լազարի Լազարևի անունն է խորհրդանշում Ռուսաստանի հատուկ վերաբերմունքը հայերի նկատմամբ, որոնց Ռուսական կայսրությունում հաստատվելուց հետո հնարավորություն է ընձեռվել Ռուսաստանում վերաբնակեցնել տասնյակ հազարավոր հայերի, ապահովել նրանց կեցությունը, պայմաններ ստեղծել նրանց լուսավորության, հոգևոր աշխարհի և մշակույթի զարգացման համար։ Չէ՞ որ այն տարիներին Հայաստանը զրկված էր պետականությունից, և նրա բնակչության զգալի հատվածն ապրում էր բուն հայկական հողերում, որոնք հայտնվել էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Իվան Լազարի Լազարևի ազնիվ գործունեությունը հայ ժողովրդի ճակատագրի համար անհնար է գերագնահատել։ Նա շատ բարի գործեր է արել նաև իր երկրորդ հայրենիքի՝ Ռուսաստանի համար, ինչն աննկատ չի մնացել։ 1774թ. կայսրուհի Եկատերինա II-ը Լազարևների գերդաստանին շնորհել է ազնվականություն, իսկ Իվան Լազարևին նշանակել արևելյան գործերի գծով խորհրդական և Ռուսաստանի Պետական բանկի խորհրդական։ Ես հատուկ անդրադարձա մեր մեծ հայրենակցի կյանքի որոշ ուղենշային պահերին, որոնք բարձր պատասխանատվություն են դնում «Լազարյան ակումբի» հիմնադիր հայրերի և անդամների վրա։ Չեմ թաքցնում, որ ակումբի ստեղծման գաղափարը, որը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների կամավոր միություն, ուղղված է շատ պահանջված խնդիրների լուծմանը, որոնք հստակ և պարզ ձևակերպված են Կոնստանտին Զատուլինի կողմից Ռուս և հայ հասարակություններին դիմումի նախագծում։ Վստահ եմ, որ Դիմումը կարժանանա Հայաստանի Հանրապետության իսկական հայրենասերների, ասել է թե՝ նաև եղբայրական Ռուսաստանի Դաշնության հայրենասերների հավանությանը։
Հոդվածն ամփոփելով՝ կցանկանայի Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին, որը Հայաստանի համար գուշակել է Մանդելայի կամ Մուգաբեի ճանապարհով ընթանալու ճակատագիր, բացահայտ ասել, որ Հայաստանում 3 տարուց փոքր-ինչ ավելի աշխատանքի տարիներին նա այդպես էլ չի հասկացել, թե ինչ երկրում է եղել։
Ցավալի է, ցավալի է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ այդ մեծ երկրի համար։
Արտաշես Գեղամյան
Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,
Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ