Արտաշես Գեղամյան. «Մեր նախագահը բացառապես հայամետ քաղաքական գործիչ է»

20.12.12, Вечерний Новосибирск”

(Արտաշես Գեղամյանի հարցազրույցը “Вечерний Новосибирск” թերթի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուզմենկինին)

Արտաշես Գեղամյանը հանրապետությունում հանրահայտ քաղաքական գործիչ է։ Եվ բանն այն չէ, որ նա խոսքի տակ մնացող չէ. քաղաքականության մեջ նա մեծ փորձառություն ունի։ Եղել է Երևանի քաղաքապետ դժվար ժամանակներում, ահա արդեն չորրորդ անգամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է։ Ստեղծել է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, յոթ տարի Եվրոպայի խորհրդրի Խորհրդարանական վեհաժողովում եղել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում, ներկայում գլխավորում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում։

Մեր զրույցը հանրապետությունում գալիք նախագահական ընտրությունների օրակարգի մասին է։

- Իմ կարծիքով՝ խնդրի էությունն այն է, որ ճակատագրի բերումով և իր աշխարհագրությամբ Հայաստանը հայտնվել է շատ բարդ տարածաշրջանում։ Պետական սահմանի ընդամենը մի փոքր հատվածն է մեծ կապում Իրանի՝ մեզ համար ավանդաբար բարեկամական այդ պետության հետ։ Կողքին Թուրքիան է՝ իր անչափ մեծ նեոօսմանյան նկրտումներով, և Ադրբեջանը, որն իր նախագահի բերանով հայտարարում է, թե ադրբեջանցի ժողովրդի թշնամին ոչ միայն մեր երկիրն է, այլև համայն հայությունը։ Մյուս հարևանը Վրաստանն է՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով պայմանավորված իր հայտնի արտաքին քաղաքական խնդիրներով ու դրանց բացասական հետևանքներով, որը մեր ռազմավարական գործընկերն է, ամենամերձավոր դաշնակիցը տարածաշրջանային քաղաքականությունում։

Եվ երբ նման պայմաններում հանկարծ ծանոթանում ես այնպիսի գործիչների կարծիքներին, որոնք, հավակնելով ծանրակշիռ լինել քաղաքականության մեջ, սկսում են զբաղվել պոլիտիկանությամբ, այն էլ՝ կտրված տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական առանձնահատկություններից, ապա պարզապես վհատվում ես։ Որովհետև կա ակնհայտ մի բան. արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանի ողջ ներքաղաքական կյանքը պետք է ծառայեցվի մի գլխավոր նպատակի՝ հայ ժողովրդի համախմբմանը։

- Այլապե՞ս։

- Այլապես տեղի կունենա քաղաքական էլիտայի և ընդհանրապես հայ հասարակության պառակտում, ինչը հետագայում անխուսափելիորեն կհանգեցնի պետականության կորստին։ Եթե քաղաքական գործիչը պատասխանատու է, ապա չի կարող չգիտակցել դա, ուստիև չի կարող չսատարել Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

- Ի՞նչ կարող եք ասել նրա մասին՝ որպես քաղաքական գործչի։

-  Դե, առաջին հերթին նա մեծ կենսափորձ ունեցող, և որ հատկապես կարևոր է՝ միևնույն ժամանակ հանդուրժող մարդ է։ Երկրի նախագահի պաշտոնում նրա գործողություններից դատելով՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. նա զգում է իր պատասխանատվությունը հայկական պետության և ժողովրդի առջև, Պատմության առջև... Հաճախ նրան հանիրավի քննադատում և անգամ վիրավորում են, բայց եթե նա, պետության ղեկավար լինելով, լիակատար իշխանության տիրապետելով, տեսնում է, որ իր միանգամայն օրինական գործողությունները վերջնարդյունքում չեն հանգեցնում հանրապետության առջև ծառացած գլխավոր խնդրի լուծմանը՝ մեր ժողովրդի և հանրության համախմբմանը, նա մի կողմ է նետում անձնական ամեն բան։ Սա՝ երկու։ Ինչն, անշուշտ, վկայում է այս առաջնորդի խոր ներաշխարհի և հոգևոր մեծ հարստության մասին։

Եթե որևէ մեկն իրեն քաղաքական գործիչ է համարում, նա պարտավոր է հասկանալ սա, և այդ դեպքում, բնականաբար, նա պարզապես չի կարող չսատարել Սերժ Սարգսյանին, քանի որ խոսքը ոչ թե կոնկրետ անձին սատարելու, այլ այն մասին է, որ արտաքին սպառնալիքներից վտանգազերծենք, պահպանենք և շարունակենք զարգացնել մեր պետությունը։

- Իսկ ո՞վ է քաղաքական ասպարեզում դիմակայում նախագահ Սարգսյանին։

- Բանն այն չէ, թե ով է դիմակայում, բանն այն է, որ մենք մարդկանց որոշակի տեսակ ունենք, որոնք, չգիտես ինչու, իրենց անվանում են քաղաքական գործիչներ, և որոնք իրենց գիտելիքները քաղում են լավագույն դեպքում թերթերից։ Եվ նրանք չունեն քաղաքական և պատմական գործընթացների խորքային ըմբռնում գլոբալացման արդի բարդ փուլում, ընդհանրապես չունեն արդի աշխարհի բոլոր ոլորտների գլոբալ փոփոխությունների մասին խիստ պահանջված գիտելիքներ։ Նրանք չգիտեն, թե ինչ են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները, չեն հասկանում, թե ինչպիսին է դրանց ազդեցությունն աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վրա։

Նրանք պարզապես պատկերացում չունեն, թե ինչ է Մեծ Մերձավոր Արևելքը, ինչ ռազմավարություն է այսօր իրականացվում այդ տարածաշրջանում համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների կողմից, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հարավային Կովկասի երկրների համար։ Ավելին, ես վստահ չեմ, թե նրանք գիտեն թվում է, թե այնպիսի պարզ ճշմարտություններ, որ, օրինակ, Հայաստանի ապրանքաշրջանառության 30%-ն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, իսկ 70%-ը՝ Վրաստանի։ Նրանք ի՞նչ կարող են ասել այս մասին։ Այնինչ, այս ամենն իմանալը շատ ու շատ անհրաժեշտ է։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, միայն մի փաստ ներկայացնեմ, որը շատ բանի մասին է վկայում։ Այսպես, 2008թ. օգոստոսին, արդեն վրաց-հարավօսական պատերազմի ավարտից հետո, Վրաստանի տարածքում «անհայտ ուժերի» կողմից պայթեցվեց միայն մի կամուրջ, և Հայաստանի ու Վրաստանի միջև հաղորդակցությունը կտրվեց, և 17 օր կամուրջը չնորոգվեց։ Դա ինքնատիպ նախազգուշացում էր հայկական կողմին առ այն, որ Հայաստանը չմտածի նույնիսկ հայաբնակ Ջավախքի անջատական տրամադրությունները պաշտպանելու մասին, թեև մենք երբեք մեր վրացի հարևաններին նման երկյուղներ ունենալու առիթ չենք տվել։ Կարծում եմ՝ այս օրինակը պերճախոս կերպով վկայում է այն մասին, թե աշխարհագրական առումով որքան խոցելի է Հայաստանը։ Ավաղ, սա փաստ է, բայց այդ փաստը չի նշանակում, թե, գտնվելով, մեղմ ասած, այդքան անհարմարավետ դրության մեջ, պետք է քաղաքական արկածախնդիր լինես՝ այնպիսի գործողություններ թույլ տալու, առավել ևս՝ երկրում ինչ-որ քաղաքական «ռազբորկաներ» կազմակերպելու համար, որոնք կարող են սասանել հայոց պետականությունը։ Դա և՛ անլուրջ է, և՛ չի սազում այն մարդուն, ով Հայաստանի համար այսքան բախտորոշ շրջանում իրեն նվիրել է քաղաքականությանը։

- Այսինքն՝ քաղաքական գործիչն իրեն պետք է պետական ա՞յր զգա։ Բայց արդյո՞ք շատ բան չեք ուզում։

- Բայց լուրջ քաղաքական գործիչը, եթե իսկապես հավակնում է այդպիսին լինել, պարտավոր է իր գործունեության անկյունաքարը դարձնել այն հարցերը, որոնց լուծումը կնպաստի պետականության ամրապնդմանը։ Հենց սա պետք է առաջ մղի նրան իր քաղաքական գործունեության մեջ։ Ի դեպ, սա ամենադժվարն է, բայց, միևնույն ժամանակ, այն ճանապարհը, որը երբեք տանուլ չի տալիս։ Իհարկե, խաղալով քաղաքացիների տրամադրությունների վրա՝ կարելի է հասնել ինչ-որ այսրոպեական հաջողությունների բնակչության որոշակի շերտերի շրջանում, կարելի է անգամ հանրահայտ դառնալ նրանց մեջ, բայց միևնույն ժամանակ հարկավոր է հասկանալ, որ, ի վերջո, պոպուլիզմը քեզ դեպի քաղաքական ծաղրածուի պատվանդան կմղի։ Ոչ մի պատահական բան հավերժ չէ և վաղ թե ուշ անպայման վերանալու է, իսկ պետության շահերը մշտական են։

- Ուրեմն, ի՞նչ պետք է անեն այսօր քաղաքական գործիչները Հայաստանում։

- Սկսենք նրանից, որ այս պարզ, այբբենական քաղաքական ճշմարտությունները, ցավոք, բոլորը չէ, որ հասկանում են. այստեղ ավելի շատ ինքնազմայլանք կա, չափից ավելի մեծ հավակնություններ, ցուցադրանք։ Դա մենք տեսնում ենք նաև մեր խորհրդարանում՝ լսելով առանձին հռետորների։ Սկսել պետք է նրանից, որ հարկավոր է հստակ որոշել պետության  գերակա նպատակները։ Որոշելով դրանք՝ անհրաժեշտ է ձևակերպել այն խնդիրները, որոնց լուծումը կերաշխավորի առաջադրված նպատակներին հասնելը։ Այնուհետև հարկավոր է հաշվարկել ռեսուրսները երկրի ներսում և երկրից դուրս, որոնք կպահանջվեն դրված խնդիրները լուծելու համար։ Միևնույն ժամանակ, իհարկե, հարկավոր է հաշվի առնել երկրի արտաքին քաղաքական և ռազմաստրատեգիական հնարավորությունների ողջ համախումբը, գնահատել դրանց համարժեքությունն առաջադրված նպատակներին։ Եվ երբ այս ամենն արված լինի, հարկավոր է համակարգել իշխանության բոլոր ճյուղերի (նախագահական, օրենսդիր, գործադիր և մամուլ) գործունեությունը՝ ողջ քաղաքականությունը ծառայեցնելով պետության առջև կանգնած գլխավոր խնդիրների իրագործմանը։

Հայ քաղաքական գործիչների իմաստնությունն այն կլինի, որ հասկանան Հայաստանի առջև կանգնած խնդիրների բարդության աստիճանը և կուռ համախմբվեն՝ դերերի հստակ բաշխմամբ։

- Դրա համար թիմ է հարկավոր...

- Շատ ճիշտ է։ Եվ այդ թիմը պետք է զբաղվի ոչ թե պոլիտիկանությամբ, այլ պետության շահերով պահանջված քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է բոլոր քաղաքական ուժերի առարկայական բաշխումը։ Օրինակ, ես խորհրդարան եմ անցել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով և, բնականաբար, ես պարտավոր եմ հետևել նրա նախընտրական ծրագրին։ Դրա հետ մեկտեղ, որպես «Ազգային միաբանություն» քաղաքական կուսակցության ղեկավար՝ ես կարող եմ թույլ տալ ինձ հնչեցնել այս կամ այն նախընտրական խնդրի լուծման իմ տեսլականը, ինքնուրույն գիծ վարել ընդհանուր մտահղացման պայմաններում։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ գիծ է։ Ամենագլխավորն այն է, որ ես կարող եմ իմ ձևակերպումներում և գնահատականներում ավելի կոշտ լինել, քան իմ գործընկերները, կրկնում եմ՝ նախընտրական խնդիրների իրագործման պայմաններում։

Դե, իսկ թիմն ընդհանուր առմամբ այնքան ուժեղ կլինի, որքան ավելի լուրջ կլինի պատմական պահի ընկալումը։

- Փետրվարին կայանալիք ընտրություններում «Ազգային միաբանությունը» սատարելու է Սերժ Սարգսյանի՞ն։

- Ես շատ լավ եմ հիշում Հին Կտակարանի հայտնի պատվիրանը. ուրիշ աստված չունենաս... Ես փորձում եմ հետևել դրան։ Բայց այսօր Հայաստանում միանգամայն չեզոք, բայցև կենսական իրողություններից չկտրված մարդը չի կարող իրեն հաշիվ չտալ այն բանում, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրությամբ լինելով երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, օբյեկտիվորեն պահանջված է հայկական պետության կողմից։ Պարզապես այսօրվա դրությամբ Հայաստանում չկա նման մեկ այլ քաղաքական գործիչ, ինչպես Ռուսաստանում են ասում՝ «քաղաքական ծանրքաշային», որն ի վիճակի լինի համախմբել քաղաքական էլիտան ու ազգը։

- Նախագահ Սարգսյանի քաղաքական գծի այլընտրանքը արևմտամետ գի՞ծն է։

- Ես այլ կերպ կասեի. մեր նախագահը բացառապես հայամետ քաղաքական գործիչ է։ Անգամ նրանք, ովքեր չգիտես ինչու իրենց քաղաքական գործիչ են համարում, որոնց փողի քանակությունը զգալիորեն գերազանցում է նրանց «գորշ նյութի» քանակությունը, մտավոր կարողությունները, չեն կարող չհասկանալ դա։ Իսկ առանձին գործիչների՝ Հայաստանի քաղաքական դաշտում սեփական բացառիկությունը հռչակելու փորձերի առումով նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ անեմ. լա՞մ, թե՞ խնդամ։


Արտաշես Գեղամյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ (www.amiab.am)