Ի՟նչն էր խանգարում Քոչարյանին 2003 թ. ընտրությունների ժամանակ այդ ֆեոդալիզմի ողնաշարը կոտրելուն.Արտաշես Գեղամյան

14.11.2012, replik.am

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով մեծամասնական ընտրակարգի մասին, իր տարածած հայտարարությունում ասել է հետևյալը, մեջբերում եմ.«Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան»: Այս մասին այսօր Replik.am-ի լրագրողը խոսեց Արտաշես Գեղամյանի հետ.

-Պարոն Գեղամյան երեկ Ռոբերտ Քոչարյանը իր տարածած հայտարարությունում մեծամասնական ընտրակարգը համեմատել է ֆեոդալիզմի հետ, իսկ ավելի կոնկրետ ասել է, որ  Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին: Դուք ևս այդպես ե՟ք մտածում:

 

-Ամեն քաղաքական գործիչ ունի իր գնահատականները, դա պարոն Քոչարյանի գնահատականներն են: Իմ գնահատականները փոքր ինչ այլ են: Դա շատ լուրջ քննարկման առարկա է: Ուղղակի այստեղ կարող է հարց առաջանալ.իսկ ինչն էր խանգարում 2003 թ. ընտրությունների ժամանակ այդ  ֆեոդալիզմի ողնաշարը կոտրելուն, կամ դա 2007 թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անելուն` այն է անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրությունների:

-Ինչ ե՟ք կարծում պարոն Քոչարյանը այդ հայտարարությունը տարածեց նրա համար, որպեսզի հերքի իր և ԲՀԿ-ի կապը, թե սրանք առաջին  քայլերն են` քաղաքականություն վերադառնալու:

-Թե ինչ էր մտածում, թե ինչու էր դա անում…Նա ունի գրասենյակ, գրասենյակից մանրամասները կարող եք իմանալ: Իմ խնդիրների շրջանակի մեջ չի մտնում երկրորդ նախագահի ասուլիսների մեկնաբանությունը:

-Պարոն Գեղամյան, ինչպես ե՟ք գնահատում Ռոբերտ Քոչարյանի շանսերը, եթե նա որոշի իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում:

-Եթե-ների շուրջ վերլուծություններ անելուց ձեռնպահ եմ մնում: