ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՄՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱ. ԲԱՑԱՌԵ՞Լ ԱՐԴՅՈՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

07-08.07.2010

Վերջին օրերին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին երկրի քաղաքական ուժերի, փորձագիտական հանրության արձագանքները 2010 թվականի հունիսի 26-ին Կանադայում՝ G8 գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված Հայտարարության վերաբերյալ:

Եթե դրանցում չլինեին ծայրահեղ վտանգավոր գնահատականներ և եզրակացություններ, որոնք մեր պետականության համար հղի են արտաքին և ներքաղաքական անցանկալի հետևանքներով, ապա կարելի էր այլևս չանդրադառնալ այդ թեմային: Առավել ևս, որ Հայտարարության տեքստը համարյա թե կրկնում է նույնատիպ փաստաթղթի բովանդակությունը, որն ընդունվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների կողմից 2009 թ. հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա):

Ես չսխալվեցի՝ օգտագործելով համարյա բառը, քանի որ, ինչպես ասվում է, սատանան մանրուքներում է: Հենց դրանք էլ շահարկվեցին Հայ ազգային կոնգրեսի կողմից:

Ըստ որում, կոնգրեսը դա արեց միայն մի նպատակով. հերթական անգամ ծառայել արտերկրի իրենց հովանավորներին, վերստին հաստատել աշխարհաքաղաքական սեփական նախասիրությունները, որոնք, ի վերջո, հանգեցվեցին էժանագին ռուսաստանատյացությամբ:

Հանուն արդարության նշենք, որ կոնգրեսականները, որպես սկզբունքային և անկողմնակալ քաղաքական ուժ դիրքավորվելու և հանդես գալու համար, Ռուսաստանի հասցեին կոպիտ մեղադրանքներ հարուցելուց զատ նաև թեթևակի քննադատեցին ԱՄՆ-ին և Եվրամիությանը:

Հատկանշական է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագրերի համար այսչափ կարևոր իրադարձության վերաբերյալ, ինչպիսին ընդունված Հայտարարությունն է, ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետը հնչեցվեց ոչ թե նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ կոնգրեսի միջազգային հարաբերությունների գծով ներկայացուցչի կողմից: Հետաքրքրական է նաև այն, որ այդ տեսակետը չտիրաժավորվեց նրանց վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով, այլ ընդամենը տպագրվեց «Հայկական ժամանակ» թերթի 2010թ. հունիսի 29-ի համարի վերջին էջում՝ «Սթափվելու ժամանակը կամ Լ. Տեր-Պետրոսյանի՝ սկուտեղի վրա տարածքները հանձնելու պնդումը հաստատող ևս մեկ լրջագույն քայլ» հավակնոտ վերնագրով:

Ճիշտ է, սույն հրապարակման կարևորությունն ընդգծելու համար այնտեղ տեղադրված է ոչ թե հոդվածի հեղինակի, այլ հենց Տեր-Պետրոսյանի լուսանկարը: Մի՞թե դա պատահականություն է, և ինչպե՞ս գնահատել այն փաստը, որ կոնգրեսը, ասես թե, չուզենալով և ալարելով է արձագանքում Հայտարարությանը: Թե՞ դա մանրակրկիտ մտածված գործողություն է: Իսկ միգուցե ՀԱԿ-ին իր արտաքին հովանավորողնե՞րն էին հանձնարարել նման կերպ արձագանքել: Փորձենք այս ամենը հասկանալ:

Եվ այսպես, առաջին եզրահանգումը, որ ՀԱԿ-ը անում է Հայտարարության մասին իր պաշտոնական արձագանքում, այն է, որ Ռուսաստանը, ի դեմս նախագահ Դ.Մեդվեդևի, իր ստորագրությունը դնելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայտարարության ներքո, չպաշտպանեց Հայաստանին, քանի որ այդ փաստաթղթում, ի տարբերություն մեկ տարի առաջ ընդունվածի, «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ» ձևակերպմանն ավելացվել է օկուպացված բառը: Դրա հետ մեկտեղ ՀԱԿ-ը միտումնավոր լռության է մատնում բավական էական և ամենևին էլ ոչ պատահական այն փաստը, որ Կրեմլի մամուլի ծառայության Հայտարարության տեքստի պաշտոնական թարգմանության մեջ սևով սպիտակի վրա գրված է՝ «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ», իսկ տխրահռչակ և վտանգավոր օկուպացված սահմանումը հանված է տեքստից:

Բնական է ենթադրել, որ ռուսաստանյան ղեկավարությունն իր այս քայլով հասկացնել է տալիս, որ ընդունում է այս փաստաթղթի պաշտոնական թարգմանությունը, որը շարադրված է ՌԴ-ի պետական լեզվով, հաշվի չառնելով, թե դրանից որքան կնեղանան ադրբեջանական և թուրքական կողմերը: Իսկ թե ինչպիսի՞ն կարող են լինել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեսակետները տվյալ փաստի առթիվ, միայն ենթադրություններ անելու ոլորտից է, որը, ի սկզբանե, անշնորհակալ զբաղմունք է:

Վերն ասվածով կարելի կլիներ սահմանափակվել, եթե ՀԱԿ-ը օկուպացված տարածքներ ձևակերպման շուրջ չզարգացներ մի ամբողջ վարկած, այն է՝ «Ռուսաստանի դավադրության մասին», որն ուղղված է իր ռազմավարական դաշնակից Հայաստանի դեմ: Նրանք ոգևորվեցին այն աստիճանի, որ սկսեցին անվերապահորեն մեղադրել Ռուսաստանին, որը իր համաձայնությունն է տվել «օկուպացված տարածքներ» բառակապակցության օգտագործման համար, ինչն էլ հիմք դարձավ հանդես գալ հեռուն գնացող հայտարարություններով:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը զայրացած հայտարարում է. «ՌԴ վարչապետի՝ օրերս Ստամբուլում, մամուլի ասուլիսի ընթացքում արած հայտարարություններին՝ կողմերի վրա ճնշելու աննպատակահարմարության վերաբերյալ, ...այլևս այլ բովանդակություն են ստանում: Այսքանից հետո արի ու հավատա ՌԴ վարչապետի հայտարարություններին՝ մի բան, որ Հայաստանի 99 տոկոսն էր արել»:

Այս որակումներով, սակայն, ՀԱԿ-ը չի սահմանափակվում և հոդվածի շարունակության մեջ ասում է. «Ռուսաստանին շատ բան պետք էլ չէր անել արդար միջնորդի դիրքերի վրա մնալու համար, հարկավոր էր պարզապես պնդել անցած տարվա հուլիսի 10-ի Աքվիլայի հայտարարության կետերը: Ո՛չ, այլևս Ռուսաստանն էլ է միացել ադրբեջանական պնդումներին, որ տարածքները զավթված են»: Մինչդեռ ուշագրավ է, որ փաստաթղթի տակ եղած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ստորագրությունները ՀԱԿ-ի զայրույթին չեն արժանանում և ընդունվում են շատ անտարբեր, անգամ իսկ դրանց չի տրվում քաղաքական գնահատական: Մի խոսքով, համատարած մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին՝ «Եվ դու, Բրուտո՛ս» ժանրի շրջանակում:

Չի կարող մտահոգիչ չլինել նաև այն հանգամանքը, որ իր այս հրապարակմամբ ՀԱԿ-ը հրահրում է հակառուսաստանյան տրամադրություններ, շեշտը անվերջ դնելով Հայտարարության տեքստում «Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքների վերադարձ» ձևակերպման վրա: Այս հարցում նրանց համառությունն առավել հետաքրքիր է, քանզի, կրկնեմ, Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական թարգմանության մեջ օկուպացված բառը իսպառ բացակայում է: Իսկ եթե այդ իրողությունն ունի մեկ այլ նպատակ, որը պայմանավորված չէ վերը արված մեր պարզաբանումներով, ապա բոլոր դեպքերում եզրակացությունը մեկն է. Կրեմլը, տեքստից հանելով օկուպացված եզրույթը, այնուամենայնիվ, ի ցույց է դնում խնդրո առարկայի նկատմամբ իր վերաբերմունքը:

Տպավորություն է ստեղծվում, որ արտերկրյա խամաճիկ խաղացնողները կոնգրեսականներին հուշել են, որպեսզի նրանք համայն հայության համար կենսահույզ այնպիսի հարցում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին ներկայացնեն ոչ հայանպաստ գործողություն կատարած երկրի դիրքում: Ավա՜ղ, նման հանձնարարություն կատարելիս նրանք փոքր-ինչ շտապել են հղումներ անելով Հայտարարության անգլերեն լեզվով հրապարակված տարբերակին՝ չհասցնելով անգամ ծանոթանալ Կրեմլի մամլո ծառայության պաշտոնական թարգմանության հետ: Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Դրանով իսկ նրանք հերթական անգամ ինքնաբացահայտվեցին, հրապարակավ ի ցույց դնելով իրենց իրական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ:

Եվ ՀԱԿ-ի համակարգողի վերջին 10 օրվա բոլոր ջանքերը, որոնք նպատակ ունեին վկայակոչել կոնգրեսականների և Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների, իբրև թե, հատուկ ջերմ հարաբերությունները, հօդս ցնդեցին: Այսպիսով, Ռուսաստանի հանդեպ անգուշակելի և անսպասելի սիրով բոցավառված լևոնականները հերթական անգամ վրիպեցին և մատնեցին իրենց երկերեսանիությունն ու կեղծությունը:

ՀԱԿ-ը, որպեսզի վերջնականապես չբացահայտի դրսից կառավարվող ուժ լինելու իրողությունը և լիովին չկորցնի դեմքը, ինչպես ասվեց, թեթևակի «նախատում» է նաև ԱՄՆ-ին: Նրանք չեն կարող «ներել» ամերիկյան ղեկավարությանն այն բանի համար, որ վերջինս «հանդես չեկավ հայ-թուրքական արձանագրությունների իրականացման ապահովման համար արժանապատիվ հեղինակության դերում, որոնք, ի դեպ, ստորագրվել էին իրենց իսկ պետքարտուղարի ներկայությամբ և միջնորդությամբ»:

Ահա այսպես վրդովվել էին մեր արմատական ընդդիմադիրները, ընդ որում կոնգրեսականները, չգիտես ինչու, մոռանում են, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առաջին իսկ օրվանից իրենք ցասումով մեղադրում էին Հայաստանի նախագահին և արտգործնախարարին՝ ազգային շահերին դավաճանելու, Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը ուրանալու, Սփյուռքի տարրալուծման և այլ ծանր մեղքերի համար: Բայց այժմ ո՞վ նրանց այդ մասին կհիշեցնի:

Մինչդեռ իրենց իրական վերաբերմունքն ընդունված Հայտարարության հանդեպ բացահայտվում է անմիջապես, երբ մեկ նախադասություն հետո տարակուսում են. «Բնականաբար է միանշանակ, այո նոր փաստաթուղթն էլ է մնալու անարձագանք»: Հետևելով ասվածի տրամաբանությանը, կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ը անհանգստանում է ոչ թե Հայտարարության ընդունման փաստով, որն իրենց իսկ խոսքերով հանդիսանում է «Լ.Տեր-Պետրոսյանի՝ սկուտեղի վրա տարածքները հանձնելու պնդումը հաստատող ևս մեկ լրջագույն քայլ», այլ բոլորովին ուրիշ բանով:

ՀԱԿ-ը տագնապում է, որ ԱՄՆ-ն «անարձագանք կթողնի այս փաստաթուղթը», դրա կատարումը չի հասցնի մինչև վերջ: Տղերքը վախենում են, որ Հայտարարությունը կարող է պարզապես թղթի կտոր դառնալ: Միաժամանակ նրանք պատրանք են ստեղծում, թե, իբր, մտահոգված են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «Հայաստանին ճնշելու և խեղդելու ևս մեկ հզոր լծակի» ձեռքբերման փաստով: Եվ այստեղ ՀԱԿ-ը նորից վերադառնում է իր հին գործելակերպին՝ իր վրա վերցնելով հուշարարի դերը, որը մտադրվել է թուրքական և ադրբեջանական իշխանություններին անթաքույց հուշել՝ իրենց ռասիստական, հակահայկական քաղաքականությունն իրականացնելիս հատկապես ինչի վրա շեշտը դնել:

Հայտարարության ընդունման կապակցությամբ ՀԱԿ-ը բնականաբար չէր կարող լռության մատնել և առանց քննադատության թողնել Եվրամիությանը, որի խորհրդարանականները 2010թ. մայիսի 20-ին ընդունեցին Հարավային Կովկասի մասին N 2216 տխրահռչակ բանաձևը, որտեղ կա հետևյալ եզրույթը. «Դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Համեմատաբար թեթև քննադատության է արժանացել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽ ԽՎ), որ համաձայն ՀԱԿ-ի՝ «թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը միջազգային հանրությանը կուլիսային դիվանագիտության միջոցով համոզեց (ԵԽ ԽՎ-ին. - Ա.Գ.) որ համաձայնեն Գորան Լինդբլադի նշանակմանը որպես համազեկուցող»:

Ի՞նչ է ստացվում: ՀԱԿ-ը վերջին երկուսուկես տարում անխնա քննադատության էր ենթարկում Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին և Ջոն Պրեսկոտին այն բանի համար, որ մեր երկրի վերաբերյալ նրանց զեկույցները պատշաճ լիցք չէին հաղորդում Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու համար: Բնականաբար մեր երկրի մշտադիտարկման խմբի այդպիսի աշխատանքը ոչ մի կերպ չէր կարող բավարարել ոչ միայն ՀԱԿ-ին, այլև ԵԽ ԽՎ-ում ներկայացված թուրք և ադրբեջանական պատվիրակություններին: Լիագումար նիստերի ընթացքում Հայաստանի հարցը լսելիս նրանք քանիցս հանդես էին գալիս «կրակոտ» ճառերով, որոնք «պսակազերծում» էին հայկական պետության «հակաժողովրդավարական» էությունը: Եվ նման գնահատականներ տվողներն այն երկրների ներկայացուցիչներն էին, որոնք համարյա երկու տասնամյակ իրականացնում են Հայաստանի շրջափակումը:

Նրանց ցինիկությունը հասնում էր այն աստիճանի, որ ԵԽ ԽՎ-ի ամբիոնից հանդես էին գալիս կոչերով, թե չպետք է հաշտվել այն մտքի հետ, որ ՀՀ-ում ոտնահարվում են մարդու իրավունքները, կաղում է ժողովրդավարությունը, որ Արցախն ազատագրողներն այժմ քաղբանտարկյալ են: Մի խոսքով, նրանք էլ ՀԱԿ-ի նմանությամբ դժգոհ էին համազեկուցողների աշխատանքից: Եվ հիմա վերջիններիս համար հարմար առիթ է ստեղծվել: Լրացել է մշտադիտարկման խմբում Ժորժ Կոլոմբիեի պաշտոնավարման ժամկետը: Ինչպե՞ս չօգտվել դրանից և նրա տեղում առաջ չքաշել իրենց համար սրտամոտ Գորան Լինդբլադին, որը հայտնի է մեր երկրի նկատմամբ իր կողմնակալ, բացասական վերաբերմունքով:

Տարակուսելի է, որ ներկայումս ՀԱԿ-ը հայտարարում է, թե «այս նշանակման ղարաբաղյան կոնտեքստն էլ բացահայտ թափանցիկ է»: Իսկ այդ ինչի՞ց է, որ նրանք զարմանում են: Նրանց զարմանքն առնվազն տարօրինակ է, ինչպես ասում են՝ ինչի համար պայքարում էիք, դրան էլ հասաք:

Հանրագումարի բերելով վերը շարադրվածը, կարելի է հավաստել, որ երբ ուշադիր վերլուծում ես արտաքին և ներքաղաքական հարցերին ՀԱԿ-ի կողմից տրված գնահատականները, ապա պարզ են դառնում նրանց իսկ հովանավորող արտաքին ուժերի իրական մտադրությունները: Կարծում ենք, որ եթե դրանով հմտորեն զբաղվեն, կարելի կլինի վտանգազերծել ժամանակավորապես թաքնված, բայց ամենևին էլ չքնած հինգերորդ շարասյունը, որն արդեն առաջին տարին չէ, որ գործում է մեր երկրում: Այս կարևոր գործառույթներից չպետք է ինքնաբացարկվեն քաղաքական ուժերը, լինեն նրանք թե՛ կոալիցիայում ներառված, թե՛ ԵԽ ԽՎ-ի տեղեկանքի հիման վրա որպես ընդդիմադիր հանդես եկողները, ինչպես նաև արտախորհրդարանական առողջ, ոչ մարգինալ կուսակցությունները:

Եվ որ առավել քան կարևոր է՝ Հայաստանի համար այս տագնապալի օրերին անհրաժեշտ է դադարեցնել անիմաստ զրույցները արտգործնախարարին անվստահություն հայտնելու թեմայով տեղին-անտեղի օրումեջ կազմակերպվող աչք ու ականջ ցավեցրած մամուլի ասուլիսները: Եվ բավ է զբաղվել միջկուսակցական գզվռտոցով՝ իրական ընդդիմադիր լինելը ցույց տալու նպատակով:

Էլ չեմ խոսում առանձին իշխանավորների մասին, որոնք հովանավորում են քաղաքական զանազան շրջմոլիկներին և կուսակցություններ փոխած շառլատաններին, օգնում նրանց, որպեսզի իրենց դասալիք-փեսաների նկատմամբ ընդունելի դատական որոշումներ կայացվեն կամ սեփական անձին աշխատանքի տեղավորման դիմաց ճգնում են պատվիրատուին գոհացնել՝ զրպարտելով ներիշխանական գզվռտոցներից հեռու կանգնած քաղաքական գործիչներին: Գործիչներ, որոնք այսօր էլ են պաշտպանում հանրապետության նախագահին:

Հայաստանի քաղաքական ընտրանին պարտավոր է համախմբել իր ինտելեկտուալ և կազմակերպական ողջ ներուժը, որպեսզի երկիրը կարողանա դիմակայել մեր պետականության առջև ծառացած մարտահրավերներին: Մարտահրավերներ, որոնցով, ավա՜ղ, ներծծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կողմից ընդունված Հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների կողմից ընդունված հայտարարության մեջ (համաձայն Կրեմլի մամլո ծառայության պաշտոնական թարգմանության) կարգավորման միջոցառումների թվում գրառված են՝ «Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքները, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունք իրենց նախկին բնակության վայրը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ՝ ներառյալ՝ խաղաղարար օպերացիա»:

Ի՞նչ կհետևի Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձին:

Տեղահանված անձինք և փախստականները, օգտվելով Հայտարարության մեջ նշված իրենց վերապահվող իրավունքից, հայերի նկատմամբ ատելության զգացումով լի (որն առ այսօր ուժգնորեն հրահրվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից), կվերադառնան իրենց նախկին բնակության վայրերը: Ընդ որում, ցավոք, նրանք հայերի նկատմամբ այնպիսի խոր թշնամությամբ են լցված, որ նույնիսկ Ադրբեջանի օմբուդսմենը ազգային հերոսի աստիճանի է արժանացրել բացահայտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին:

Մեր սպան հրավիրված էր ՆԱՏՕ-ի հովանու ներքո Բուդապեշտում անցկացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գումարված միջոցառմանը: Ադրբեջանցին նրան կացնահարել էր նենգորեն, երբ մեր սպան գիշերը քնած է եղել: Այս իրողություններից ելնելով, տարակարծություն չի առաջացնում այն, որ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձը ենթադրում է ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով խաղաղարար ուժերի տեղադրում՝ ներկայիս անվտանգության գոտում: Իսկ եթե այդտեղ հանկարծ հայտնվեն ադրբեջանական զինված ուժեր, ապա դրան կհետևեն նրանց կողմից կազմակերպված արյունալի զարգացումներ՝ ռազմական գործողությունների հետագա ուժգնացմամբ, որոնք, ի վերջո, կվերածվեն լայնածավալ պատերազմի սանձազերծման: Եվ նման զարգացումներից հնարավոր չի լինի խուսափել:

Ու ամենևին էլ պատահական չէր, որ վերջերս Իլհամ Ալիևը, հանդես գալով ադրբեջանական զինծառայողների առջև, պարծենում էր նրանով, թե անցած մի քանի տարիներին (նրա նախագահության օրոք) Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 13 անգամ և ներկայումս 2 մլրդ 150 մլն դոլար է, որը, ըստ նրա, հավասար է Հայաստանի պետական բյուջեին: Հարցն այն չէ, որ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման դեպքում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը անտարակույս կտա կործանիչ հակահարված, սակայն չէ՞ որ երկու կողմերն էլ կունենան մարդկային զոհեր, կթափվի մեծ արյուն:

Իրադարձությունների նման զարգացումները, ցավոք, անխուսափելի են լինելու և օրինակների հետևից հեռու գնալ պետք չէ: Նույնիսկ այսօր ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ունենալով անվտանգության էական գոտի (որը, չգիտես ինչու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անվանել են «օկուպացված տարածքներ»), չի լինում գեթ մի օր, որ ադրբեջանական կողմը չխախտի զինադադարը և չգնդակոծի Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Էլ չենք խոսում այն մասին, որ երբ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի էր ունենում Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը, այդ նույն օրվա գիշերը ադրբեջանական զինուժի կողմից սահմանի վրա իրականացվեց հերթական դիվերսիան, որի հետևանքով չորս հայ զինծառայող զոհվեց:

Ապշերոնյան քաղաքագետների կողմից սանձազերծված արյունահեղությունը դրա նախաձեռնողների վրայից մաքրվեց ինչպես սագի վրայից ջուրը: Ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ո՛չ Եվրախորհրդարանը, ո՛չ ԵԽ ԽՎ-ն տեղի ունեցածի մեղավորների նկատմամբ այդպես էլ հանդես չեկան հասցեական դատապարտմամբ: Դա անտարակույս համապատասխան հետք է թողնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների գիտակցության մեջ և ձևավորում որոշակի վերաբերմունք Հայտարարության մեջ խոստացված «անվտանգության միջազգային երաշխիքների» վերաբերյալ:

Թեման զարգացնելով, նշենք, որ իրենց նախկին բնակության վայրերում ադրբեջանական ընտանիքների վերաբնակեցվելուց հետո Ադրբեջանը (ոչ առանց Թուրքիայի հրամայական խորհուրդների), հղում կատարելով իրենց սահմանադրության վրա, հարց կբարձրացնի Ադրբեջանին վերադարձված տարածքներից Հայտարարությամբ նախատեսված խաղաղարար ուժերի դուրսբերման մասին: Այդ պահանջը բնականաբար կուղեկցվի համապատասխան տեղեկատվական ապահովմամբ: Ադրբեջանա-թուրքական վերլուծաբանների հաշվարկով ճիշտ այդ ժամանակ արդեն կաշխատի NABUCCO գազատարը, և այդ նախագծում ներգրավված ուժի միջազգային կենտրոնները ներկայացնող երկրները, պետք է ենթադրել, ըմբռնումով կմոտենան իրենց ադրբեջանական գործընկերների պահանջներին և հավանաբար խաղաղարարներին կդրդեն ավարտել իրենց առաքելությունը:

Ընդ որում, վերջնական արդյունքի վրա դեր չի խաղա նույնիսկ այն, թե հատկապես ո՞ր երկրների խաղաղարար ուժերն են ներգրավված: Անգամ իսկ այն դեպքում, եթե ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի որևէ տեղամասում տեղակայված լինեն ռուսաստանյան խաղաղարար ուժերը, դա էլ ոչինչ չի փոխի: Միգուցե ի հայտ գան լրացուցիչ պրոբլեմներ, բայց, կրկնում եմ, դրանք չեն խաթարի ադրբեջանա-թուրքական կողմի մտահղացման իրագործումը: Եվ ինչքան շատ բարդություններ լինեն ռուսական խաղաղարարների դուրսբերման հետ կապված, այնքան Ադրբեջանում ավելի շատ կուժգնանան հակառուսաստանյան տրամադրությունները:

Խաղաղարարների դուրսբերումից հետո ադրբեջանական կողմը, կարելի է չկասկածել, մի քանի զինված միջադեպ կհրահրի սահմանի վրա: Եվ հենց այդ ժամանակ կհիշեն, որ 2010թ. հունիսի 8-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը ռազմական նոր դոկտրինա է հաստատել, ըստ որի եղբայրական Թուրքիան հենց այդ փաստաթղթի հիման վրա արդեն իսկ իր ռազմական զգալի ներկայությունը կունենա Նախիջևանում՝ դրանից բխող հետևանքներով: Եթե ասվածին ավելացնենք Իրանի ծայրաստիճան բացասական, ավելի ճիշտ՝ թշնամական վերաբերմունքն իր սահմաններին խաղաղարար ցանկացած ուժի տեղակայման հնարավորության վերաբերյալ, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչի կհանգեցնի խաղաղարար ուժերի մուտքը այդ տարածաշրջան:

Այսպիսով, ստեղծված պայմաններում, եթե մեր ղեկավարությունը համաձայնի խաղաղարարներին տեղակայել Արցախի ինքնապաշտպանության բանակի կողմից Իրանին հարող ազատագրված տարածքներում, կարելի է չտարակուսել, որ մեր մերձավոր գործընկեր հարևանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս դրսևորման մեջ կտեսնի իր հանդեպ թշնամանք Հայաստանի կողմից: Ի պատասխան, Իրանը նվազագույնը կդադարեցնի Իրան-Հայաստան գազատարով մեր հանրապետություն գազի մատակարարումը, ինչպես նաև կփակի իր սահմանը մեր երկրի հետ: Եվ, Աստված մի արասցե, որ ժամանակային առումով դա համընկնի այն «ճակատագրական պատահականության հետ», երբ մեզ համար «անտեսանելի» մութ ուժերը հանկարծ պայթեցնեն Վրաստանի տարածքում այն կամուրջը, որով Հայաստան է գալիս հիմնական բեռնահոսքը (ինչպես դա տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին վրաց-հարավօսական պատերազմի ավարտից 2 շաբաթ անց): Կամ էլ չի կարելի բացառել, որ Վրաստանում կգտնվեն ուժեր, որոնք շարքից կհանեն նաև գազատարը, որով իրականացվում է Հայաստանի գազամատակարարումը Ռուսաստանից:

Ադրբեջանը, անշուշտ, կօգտվի նման հնարավոր հանգամանքներից, որոնց իրականացման արդյունքում մեր երկիրը կարող է հայտնվել շատ բարդ կացության մեջ: Դեպքերի նման զարգացման պարագայում Ադրբեջանի համար զինված ընդհարում ստեղծելը կլինի տեխնիկայի գործ: Դրան կհետևի սահմանի վրա կազմակերպված հերթական սադրանքը, որը հետագայում կվերաճի ռազմական մեծ հակամարտության՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Եվ դա պետք է ընկալվի որպես իրական հեռանկար, քանի որ Հայտարարության համաձայն նախատեսվող լուծումը՝ «Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ», չունի և միջազգայնորեն ճանաչված որևէ իրավական ուժ:

Դժվար է պատկերացնել, թե անվտանգության ի՞նչ երաշխիքներ են լինելու դրանք՝ ամրապնդված չլինելով միջազգային լիազոր որևէ մարմնի կողմից, որի որոշումները հակամարտող կողմերի համար կունենան գերակա կատարման բնույթ: Մի՞թե Ադրբեջանին կմեղադրեն նրա համար, որ նա իր զորքերը մտցնի Լեռնային Ղարաբաղ, որի պատկանելությունը Ադրբեջանին չի վիճարկվում, հարցականի տակ չի առնվում երեք նախագահների կողմից ընդունված Հայտարարության մեջ, ավելին՝ ճանաչվում է որպես օկուպացված տարածք:

Ասվածից հետևում է, որ առանց «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման՝ նրա բնակչության կողմից իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության» դրույթի իրագործման՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման այլ փուլերի իրականացման ուղղությամբ կատարված ցանկացած քայլ անխուսափելիորեն մեր տարածաշրջանը կնետի լայնածավալ պատերազմի հորձանուտը:

Ահա այսպիսին են այսօրվա իրողությունները մեր տարածաշրջանում: Խնդրո առարկայի շուրջ իմ մտորումները, սակայն, չէի ուզենա ավարտել նման մտահոգիչ եզրահանգումներով և կցանկանայի հավատալ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ի վերջո, միակամ են գլխավոր հարցում. Լեռնային Ղարաբաղում պատերազմը պետք է բացառել:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ