- ԳԼԽԱՎՈՐ
- ՀԱՅԱՍՏԱՆ - ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
- ԳՐՔԵՐ
- ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
- ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ում
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ-ԶԼՄ-ՆԵՐԸ
- ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
- ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԵԼՈՒՅԹՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
- ԱՐԽԻՎ
- ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ
ԲԱՐԴ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ, ԵՎ ՍՊԱՍԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ...
02-03.09.2010
Այս տապին մակրոտնտեսական վերլուծություն կատարելը բնավ էլ ամենահաճելի զբաղմունքներից չէ: Սակայն դրա անհրաժեշտությունը ծագեց, երբ օգոստոսի 2-ին եւ 5-ին Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ու Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակեցին 2010 թ. առաջին կիսամյակում հանրապետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական վիճակը բնութագրող տեղեկագրերը:
Երկրի էկոնոմիկայում ստեղծված իրավիճակի վերլուծությունը դարձավ էլ ավելի արդիական, քանի որ հանրապետության գործադիր եւ ֆինանսական իշխանություններն այդ հրապարակումներից հետո փոխանակ լուրջ մեկնաբանություններ անելու, հանդես եկան ելույթներով, ուր ՀՆԱ-ի 6,7% աճի կապակցությամբ հիացական գնահատականներ հնչեցրին, թե «մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում: Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում...ե:
Իհարկե, կարելի էր այս եւ նույնաբովանդակ մյուս գնահատականներին, որոնց պակասը վերջերս չի զգացվում, վերաբերվել ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ձգտում, սակայն առկա զարգացումները, որոնք կարող են իրենց ազդեցությունը թողնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, հրամայաբար պահանջում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դրությանը մոտենալ ազգային անվտանգության ապահովության տեսանկյունից:
Եվ սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ վերջերս՝ հուլիսի 22-ին, Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց իր խորհրդակցական եզրակացությունը առ այն, որ 2008-ին Սերբիայից Կոսովոյի անկախացման միակողմանի ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքին:
Դրան հաջորդեցին ուժի միջազգային կենտրոնների՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության հայտարարությունները, թե ընդունված բանաձեւը բնավ չի կարելի նախադեպ ճանաչել չկարգավորված այլ հակամարտությունների համար: Անշուշտ, դա չէր կարող անհետեւանք մնալ ադրբեջանական իշխանությունների համար, որոնք ավելի ու ավելի բացահայտ են հայտարարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրենց վճռականության մասին:
Հաշվի առնելով այս ամենը, անհրաժեշտ ենք համարում, որ երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական յուրաքանչյուր ուժ իր սրբազան պարտքը համարի մեր երկրի էկոնոմիկայում, ֆինանսական, սոցիալական ոլորտներում առկա այն բոլոր խնդիրների վերհանումը, որոնց լուծումների ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ապահովման վրա: Ըստ որում, կարեւոր է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի վերլուծումը դիտարկվի դրա շարժընթացի մեջ՝ անհրաժեշտ պարզաբանումներ տալով վերջին երկուսուկես տարում երկրի տնտեսական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական ոլորտների վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների փոփոխությունների կապակցությամբ:


